Նանա Նահապետյան Featured

(0 votes)
There is no translation available.

«Ակնաբուժությունը բժշկության ամենագեղեցիկ, նուրբ և շնորհակալ ոլորտներից մեկն է». ակնաբույժ-վիրաբույժ Նանա Նահապետյան

Տեսողությունն աշխարհն ընկալելու, նրա գույներն ու գեղեցկությունը վայելելու ամենաարժեքավոր հնարավորություններից է։ Աչքերի առողջության պահպանումը պահանջում է ոչ միայն ժամանակակից բժշկության ընձեռած հնարավորությունների կիրառում, այլև մասնագիտական բարձր պատրաստվածություն, ճշգրտություն և պատասխանատվություն։ Ակնաբուժությունը բժշկության այն նուրբ ու կարևոր ոլորտներից է, որտեղ գիտելիքը, նորագույն տեխնոլոգիաներն ու մարդկային հոգատարությունը միավորվում են մեկ նպատակի շուրջ՝ պահպանել և վերականգնել մարդու տեսողությունը։ Այսօր ակնաբուժությունը արագընթաց քայլերով առաջարկում է ախտորոշման և բուժման ավելի կատարելագործված մեթոդներ։ Այդուհանդերձ, ոլորտի հիմքում շարունակում է մնալ բժիշկը՝ իր գիտելիքներով, փորձով, հետևողականությամբ և մասնագիտական նվիրումով։                                   

Մեր զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր լազերային վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի ակնաբույժ-վիրաբույժ Նանա Նահապետյանը՝ երիտասարդ, գրագետ ու նպատակասլաց մասնագետ, ով իր մասնագիտական ուղին անցնում է հաստատուն քայլերով՝ շարունակելով ակնաբուժության հանդեպ իր ընտանիքում սերնդեսերունդ փոխանցվող սերը։ Նա ակնաբույժների նշանավոր գերդաստանի ութերորդ ներկայացուցիչն է։ Մալայանների ընտանիքը մեծ ավանդ ունի հայկական ակնաբուժության զարգացման գործում, և այս ժառանգության շարունակումը ոչ միայն հպարտություն է, այլև՝ մեծ պատասխանատվություն։ Չնայած երիտասարդ տարիքին՝ Նանա Նահապետյանն իր մասնագիտական ուղին կառուցում է գիտելիքի, աշխատասիրության և շարունակական կատարելագործման ձգտման հիման վրա։ Լինելով ընտանիքի ութերորդ ակնաբույժը՝ նա պատվով է կրում ոչ միայն մասնագիտական, այլև սերունդներին փոխանցած արժեքավոր ժառանգությունը։ Երիտասարդ տարիքում այսպիսի պատասխանատվություն ստանձնելն ու մասնագիտական հաստատուն քայլերով առաջ շարժվելը վկայում են ընտրած գործի հանդեպ սիրո, գիտելիքի կարևորության գիտակցման մասին։

Մեր զրույցի ընթացքում անդրադարձել ենք ակնաբուժության արդիական խնդիրներին, առավել տարածված աչքի հիվանդություններին, տեսողության լազերային շտկման հնարավորություններին ու ռիսկերին, ինչպես նաև աչքերի առողջության պահպանման կարևորությանը։

— Բժշկուհի՛, ընտրել եք բավականին ռիսկային և պատասխանատու աշխատանք։ Ինչո՞ւ հենց նեղ մասնագիտացում ընտրեցիք ակնաբուժության ոլորտը։

— Նախ՝ համարում եմ, որ ակնաբուժությունը բժշկության ամենագեղեցիկ, ամենանուրբ, ամենամաքուր և ամենաշնորհակալ ոլորտներից մեկն է։ Վստահ եմ՝ ինձ հետ շատերը կհամաձայնեն։ Դրա մասին է վկայում նաև ակնաբուժության նկատմամբ բարձր պահանջարկը։ Ամեն տարի ոլորտում օրդինատուրա են ընդունվում բազմաթիվ երիտասարդներ, ինչը ևս խոսում է մասնագիտության պահանջվածության մասին։

— Կխոսե՞ք ձեր արմատների, բժշկությունը ժառանգելու մասին։

— Այո՛, իհարկե։ Ես մեր ընտանիքի ութերորդ ակնաբույժն եմ։ Ակնաբուժության հանդեպ սերն ինձ, այսպես ասած, գենետիկորեն է փոխանցվել։ Շատ մեծ պատասխանատվությամբ և հպարտությամբ շարունակում եմ իմ նախնիների՝ մեծերիս գործը։

— Ըստ Ձեր աշխատանքային փորձի՝ այսօր ո՞ր ակնային հիվանդություններն են առավել հաճախ հանդիպում։

— Ըստ հաճախականության՝ հիվանդությունները նախ պետք է դիտարկել ըստ տարիքային խմբերի։ Մինչև միջին տարիքի մարդկանց շրջանում տեսողության հիմնական խնդիրներն են ռեֆրակցիոն շեղումները՝ կարճատեսությունը, աստիգմատիզմը և հեռատեսությունը։ Մեր կենսակերպով պայմանավորված՝ գնալով ավելի հաճախ է հանդիպում նաև չոր աչքի համախտանիշը։

Ավելի տարեց մարդկանց շրջանում հիմնական ակնային խնդիրներից են գլաուկոման և կատարակտը։ Դրանք շատ կարևոր է ժամանակին ախտորոշել և բուժել, քանի որ կարող են հաճախ հանգեցնել տեսողության վատթարացման՝ ընդհուպ անդառնալի կորստի։

— Ի՞նչ է կատարակտը, և կա՞ն արդյոք կատարակտի վիրահատության նորագույն մեթոդներ։

— Կատարակտը մեր աչքի ներսում գտնվող ոսպնյակի պղտորումն է, որը հիմնականում տեղի է ունենում տարիքային փոփոխությունների հետևանքով։ Այսինքն՝ այն աչքի ծերացման բնականոն գործընթացի դրսևորումներից է։

Կատարակտը բուժվում է միմիայն վիրահատական եղանակով․ բուժման այլ արդյունավետ տարբերակներ գոյություն չունեն: Վիրահատության ստանդարտ մեթոդը ֆակոէմուլսիֆիկացիան է։ Այն տարեցտարի կատարելագործվում է, արդիականացվում են նաև կիրառվող սարքավորումները։ Այս ամենի հետ մեկտեղ շատ կարևոր է, որ բժիշկը լավ տեղեկացված լինի ներակնային ոսպնյակների հնարավորությունների մասին, քանի որ դրանք նույնպես շարունակաբար կատարելագործվում են՝ ապահովելով փայլուն տեսողություն։ Հաճախ պացիենտի հետվիրահատական տեսողության որակը պայմանավորված է ոչ այնքան բուն վիրահատական ընթացքով, որքան ճիշտ ներակնային ոսպնյակի ընտրությամբ։

— Կմանրամասնե՞ք չոր աչքի համախտանիշի մասին։ Որո՞նք են դրա առաջացման հիմնական պատճառներն ու բնորոշ ախտանշանները։

— Չոր աչքի համախտանիշի դեպքում փոխվում է արցունքային հեղուկի քանակը կամ որակը։ Այսինքն՝ արցունքների արտադրությունը կարող է նվազել, կամ դրանց որակը կարող է բավարար չլինել աչքի մակերեսի բնականոն խոնավությունն ապահովելու համար։ Պատճառները բազմաթիվ են։ Թյուր կարծիք է, թե այս խնդիրը բուժվում է միայն կաթիլների միջոցով։ Բուժումը պետք է ընտրվի՝ ըստ համախտանիշի առաջացման պատճառի։

Հիմնական պատճառներից կարող եմ նշել մեր կենսակերպի փոփոխությունը՝ էկրանների առջև երկարատև աշխատանքը, փակ տարածքներում գտնվելը, չոր և աղտոտված օդը, ինչպես նաև կոնտակտային ոսպնյակների կրումը։ Բայց այժմ, ժամանակակից բժշկության տվյալներով, չոր աչքի համախտանիշի դեպքերի 80 տոկոսում կարևոր դեր ունի նաև կոպերի ճարպագեղձերի՝ մեյբոմյան գեղձերի ոչ լիարժեք աշխատանքը։ Հետևաբար խնդիրը միշտ չէ, որ հնարավոր է լուծել միայն կաթիլներով։ Որոշ դեպքերում անհրաժեշտ են հատուկ մեթոդներ և բուժական միջամտություններ։ Մենք նույնպես առաջարկում ենք նման ծառայություններ։

— Շատերը աչքերի չորությունը փորձում են ինքնուրույն բուժել՝ օգտագործելով արհեստական արցունքներ։ Ի՞նչ վտանգների կարող է հանգեցնել աչքի կաթիլների ինքնուրույն և երկարատև օգտագործումը։

— Շատ դեպքերում մենք նույնպես նշանակում ենք արհեստական արցունքի կաթիլներ, սակայն այստեղ շատ կարևոր է ճիշտ բաղադրությամբ միջոց ընտրելը։ Դրանք ևս տարբեր են լինում։ Եթե ընտրվում են որակյալ խոնավացնող կաթիլներ, որոնք կոնսերվանտներ չեն պարունակում, դրանց երկարատև օգտագործումը սովորաբար վտանգ չի ներկայացնում։ Հիմնական խնդիրները կարող են առաջանալ կաթիլներում առկա կոնսերվանտների ազդեցության հետևանքով։ Հետևաբար կարևոր է ընտրել ճիշտ միջոցը՝ բժշկի խորհրդով։

— Ի՞նչն է ավելի արդյունավետ՝ կոնտակտային ոսպնյակնե՞րը, թե՝ ակնոցը։

— Երկուսն էլ հավասարապես արդյունավետ միջոցներ են տեսողության շտկման համար։ Այստեղ պացիենտն ինքն է ընտրում իրեն առավել հարմար տարբերակը, քանի որ և՛ կոնտակտային ոսպնյակները, և՛ ակնոցներն ունեն իրենց առավելություններն, նաև ցուցումներն ու հակացուցումները

Կոնտակտային ոսպնյակներով կյանքի որակը մի փոքր այլ է, քան ակնոցով։ Սակայն ոսպնյակները հատուկ խնամք են պահանջում, մինչդեռ ակնոցը նման խնամքի կարիք չունի։

Մեր՝ ակնաբույժներիս պարտականությունն է բացատրել յուրաքանչյուր տարբերակի առավելություններն ու թերությունները, իսկ վերջնական որոշումը հիմնականում կայացնում է պացիենտը։

— Եթե մարդը կոնտակտային ոսպնյակներ է օգտագործում, պարտադի՞ր է զուգահեռ ակնոց կրել։

— Այո՛, ցանկալի է։ Խորհուրդ ենք տալիս օրվա ընթացքում կոնտակտային ոսպնյակները չկրել ավելի քան 8–9 ժամ և զուգահեռ ունենալ նաև ակնոց։

Ցավոք, շատերը չեն հետևում այս կանոններին, բայց մենք միշտ խորհուրդ ենք տալիս երեկոյան՝ տուն վերադառնալուց հետո, հանել ոսպնյակները և մի քանի ժամ ակնոց կրել։ Ցանկալի է նաև շաբաթվա ընթացքում մեկ կամ երկու օր ընդհանրապես չօգտագործել կոնտակտային ոսպնյակներ և նախապատվությունը տալ ակնոցին։

— Տեղյակ ենք, որ երկար ժամանակ կոնտակտային ոսպնյակներ օգտագործելուց հետո կարող է վնասվելե եղջրաթաղանթը, և հետագայում հնարավոր չլինի դիմել տեսողության լազերային շտկման։ Դա մի՞ֆ է, թե՝ իրականություն։

 — Այո՛, նման խնդիրներ հնարավոր են, սակայն հիմնականում դրանք կապված են ոսպնյակների օգտագործման կանոնների կոպիտ խախտումների հետ։ Օրինակ՝ կեղտոտ ձեռքերով ոսպնյակներին դիպչելը, դրանց օգտագործման ժամկետը լրանալուց հետո շարունակելը, ոսպնյակներով քնելը կամ դրանցով լողանալը կարող են լուրջ բարդությունների հանգեցնել։ Հատկապես վտանգավոր է ոսպնյակներով լողավազան մտնելը, քանի որ դա մեծացնում է աչքի վարակման վտանգը։ Այսօր կոնտակտային ոսպնյակների ընտրությունը բավականին լայն է․ դրանք տարեցտարի կատարելագործվում են՝ դառնալով ավելի շնչող և որակյալ։ Այնուամենայնիվ, դրանց հետ կապված բարդություններից շատերը՝ 99 տոկոս դեպքերում, պայմանավորված են հիգիենայի կանոնների չպահպանմամբ։

— Տեսողության լազերային շտկման շուրջ բազմաթիվ կարծիքներ և միֆեր կան։ Ո՞ր դեպքերում է այս միջամտությունը ցուցված, և ե՞րբ է հակացուցված։

— Լազերային շտկումը կարող է ցուցված լինել այն պացիենտներին, ովքեր ցանկանում են ազատվել ակնոցից կամ կոնտակտային ոսպնյակներից, եթե հետազոտության արդյունքում հակացուցումներ չեն հայտնաբերվում։

Հիմնական հակացուցումներից մեկը կերատոկոնուսն է, որը Հայաստանում նույնպես շատ է հանդիպում։ Հետևաբար կարճատեսություն ունեցող պացիենտների համար շատ կարևոր է և պարտադիր համապատասխան հետազոտություն անցնել՝ այս հիվանդությունը բացառելու նպատակով։

Մյուս կարևոր և ամենատարածված հարցը հղիության և կրծքով կերակրման շրջանն է։ Այդ ժամանակահատվածում լազերային շտկում խորհուրդ չենք տալիս, քանի որ այն պլանային միջամտություն է, և ավելի ճիշտ է հետաձգել այն մինչև համապատասխան ժամանակահատվածի ավարտը։

— Լազերային տեսողության շտկումից առաջ ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ, և ի՞նչ չափանիշներով է որոշվում՝ պացիենտին այդ միջամտությունը ցուցվա՞ծ է, թե՝ ոչ։

— Լազերային շտկումից առաջ կատարում ենք խորացված ակնաբանական հետազոտություն։ Այն ներառում է ակնահատակի զննում, տեսողության սրության և ռեֆրակցիոն շեղումների գնահատում, ակնոցային շտկման ճշգրիտ որոշում, ինչպես նաև աչքի հատակի զննում։ Շատ կարևոր է նաև եղջերաթաղանթի խորացված հետազոտությունը՝ պարզելու համար՝ արդյոք առկա է կերատոկոնուս, և եղջերաթաղանթի հաստությունը բավարար է լազերային շտկում կատարելու համար։ Կան նաև եզակի դեպքեր, երբ լազերային շտկումը կարող է հատկապես նպատակահարմար լինել։ Օրինակ՝ երբ երկու աչքերի ռեֆրակցիոն շեղումների միջև մեծ տարբերություն կա։ Եթե մի աչքում կարճատեսությունը մինուս 1 է, իսկ մյուսում՝ մինուս 5, պացիենտը կարող է սուբյեկտիվորեն դժվարությամբ հարմարվել ակնոցին կամ կոնտակտային ոսպնյակներին։ Նման դեպքերում լազերային շտկումը կարող է դիտարկվել որպես լուծման գրագետ տարբերակ։ Նույնը վերաբերում է այն դեպքերին, երբ խնդիրն առկա է միայն մեկ աչքում, իսկ մյուսն առողջ է։ Իհարկե, վերջնական որոշումը կայացվում է հետազոտության արդյունքների հիման վրա։

— Որքանո՞վ է անվտանգ տեսողության լազերային շտկումը, և ի՞նչ հնարավոր ռիսկերի մասին պետք է իմանա պացիենտը միջամտությունից առաջ։

— Լազերային շտկումը համարվում է համեմատաբար ցածր ռիսկայնությամբ վիրահատական միջամտություն։ Դրա անվտանգությունը կարևոր չափանիշ է, և որոշ տեսակի լազերային միջամտություններ թույլատրված են նաև ՆԱՍԱ-ի տիեզերագնացների համար։

Միջամտությունը կատարվում է արագ, իսկ լուրջ բարդությունները համեմատաբար հազվադեպ են։ Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած վիրահատության դեպքում, այստեղ նույնպես հնարավոր են որոշակի բարդություններ։ Դրանցից մեկը տեսողական շեղումների մասնակի՝ փոքր տոկոս դեպքերում խնդրի կրկնման հավանականությունն է։ Որոշ դեպքերում հնարավոր է կրկնակի շտկում կատարել։ Մյուս հնարավոր խնդիրը չոր աչքի համախտանիշն է, որը լազերային շտկումից հետո կարող է որոշ ժամանակ պահպանվել։ Ըստ վիճակագրության՝ մեր երկրի կլիմայական պայմաններում այդ գանգատները երբեմն կարող են ավելի երկար պահպանվել։ Սակայն շատ դեպքերում դրանք հնարավոր է վերահսկել համապատասխան խոնավացնող կաթիլների միջոցով։ Ամենակարևորն այն է, որ պացիենտը նախապես տեղեկացված լինի հնարավոր ռիսկերի մասին, իսկ միջամտությունը կատարվի մանրակրկիտ հետազոտությունից հետո։

— Աչքերի հոգնածությունն ու այրոցը ակնային ի՞նչ խնդիրների հետ կարող են կապված լինել։

— Դրանք հիմնականում կարող են վկայել չոր աչքի համախտանիշի մասին։ Սակայն աչքերի հոգնածության զգացողությունը կարող է պայմանավորված լինել նաև տեսողության չշտկված խնդիրներով։ Նույնիսկ փոքր շեղումը, որը առօրյայում կարող է չանհանգստացնել, տեսողական ծանրաբեռնվածության ժամանակ կարող է անհարմարություն առաջացնել։ Որոշ դեպքերում նման գանգատները կարող են ուղեկցել նաև այլ ակնային հիվանդությունների, օրինակ՝ գլաուկոմայի։ Հետևաբար չի կարելի ցանկացած նման ախտանշան վերագրել միայն չոր աչքի համախտանիշին։ Հաճախ մարդիկ կարծում են, թե աչքերի անհարմարությունը պարզապես չորության հետևանք է, օգտագործում են կաթիլներ, բայց գանգատները չեն անցնում։ Արդյունքում երբեմն բժշկի են դիմում արդեն հիվանդության ավելի ուշ փուլերում։ Ոչ մի գանգատ չպետք է անտեսել։ Կարևոր է ժամանակին դիմել ակնաբույժի և պարզել դրա իրական պատճառը։

— Հասցնո՞ւմ եք աշխատանքային ծանրաբեռնված գրաֆիկին զուգահեռ մասնակցել վերապատրաստումների։

— Այո՛, իհարկե։ Դա հնարավոր է հիմնականում ընտանիքիս աջակցության շնորհիվ, որովհետև աշխատանքից բացի ունեմ նաև ընտանիք և դպրոցական տարիքի երեխաներ։ Այս ամենը համատեղելը հեշտ չէ, բայց ընտանիքիս աջակցությունն ինձ շատ է օգնում։

— Եվ որպես վերջաբան, բժշկուհի՛, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին և հասարակությանը։

— Մաղթում եմ, իհարկե, առողջություն։ Միաժամանակ հորդորում եմ երբեք չանտեսել տեսողության հետ կապված որևէ գանգատ։ Ժամանակակից բժշկության շնորհիվ այսօր հնարավոր է բազմաթիվ հիվանդություններ վաղ հայտնաբերել, կանխարգելել կամ ժամանակին բուժել։

Երբեմն, ցավոք, ափսոսանքով ենք արձանագրում, որ պացիենտը ժամանակին չի դիմել բժշկի, և մենք այլևս չենք կարողանում օգնել այնքան, որքան կցանկանայինք։ Այդ պատճառով բոլորին հորդորում եմ լինել հետևողական սեփական առողջության նկատմամբ։

Խորհուրդ եմ տալիս առնվազն տարին մեկ անգամ անցնել ակնաբուժական կանխարգելիչ զննում, նույնիսկ եթե տեսողության հետ կապված որևէ գանգատ չունեք։ Շատ հիվանդություններ վաղ փուլերում կարող են ընթանալ առանց ակնհայտ ախտանշանների։ Հիշե՛ք՝ հիվանդությունը կանխարգելելը կամ վաղ փուլում հայտնաբերելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքները բուժելը։ Աչքերի առողջությունը հաճախ գնահատում ենք այն ժամանակ, երբ արդեն բախվում ենք խնդիրների, մինչդեռ կանխարգելումն ու վաղ ախտորոշումը կարող են վճռորոշ նշանակություն ունենալ դրանց հաղթահարման գործում։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր