There is no translation available.
Կարապետ Անտոնյան. «Բժշկության գլխավոր նպատակը միայն հիվանդության դեմ պայքարը չէ, այլ` վերադարձը լիարժեք կյանքին»
Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը:
Վերջին տարիներին ողնաշարային վիրաբուժությունն ու նեյրոօնկոլոգիան զարգանում են աննախադեպ արագությամբ։ Արդի ախտորոշիչ տեխնոլոգիաները, նվազ ինվազիվ վիրահատական մեթոդները, թվային լուծումներն ու միջազգային բուժական ուղեցույցները հնարավորություն են տալիս ոչ միայն ավելի վաղ հայտնաբերել հիվանդությունները, այլև ապահովել առավել արդյունավետ բուժում և հիվանդների կյանքի որակի էական բարելավում։
Ոլորտի արդի միտումների, ողնաշարի ուռուցքային հիվանդությունների ախտորոշման ու բուժման, ինչպես նաև ապագայի հեռանկարների մասին զրուցեցինք Վ.Ա. Ֆանարջյանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի Նեյրոօնկոլոգիական բաժանմունքի վնասվածքաբան-օրթոպեդ, ողնաշարի վիրաբույժ Կարապետ Անտոնյանի հետ: Բժիշկը, չնայած երիտասարդ տարիքին, վաղուց համարձակորեն մուտք է գործել բժշկության բարդ ճյուղերից մեկը՝ ողնաշարային վիրաբուժության դժվարագույն աշխարհը և անվարան ընթանում է արդեն իսկ ակնհայտորեն հաջողված ճանապարհով:Իր գրագետ կազմակերպված աշխատանքի, ինչպես նաև վերապատրաստումների միջոցով մասնագիտական գիտելիքներն անվերջ համալրելու ու կատարելագործելու շնորհիվ նրան հաջողվում է վերականգնել շատերի առողջությունը: Բժիշկն արդեն հասցրել է տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ գնալ՝ իրականացնելով լայնածավալ ու առանձնակի բարդության վիրահատություններ: Հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող բժիշկ, որը ոչ միայն ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ, այլև մասնագիտական մեծ փորձ, գործնական և տեսական բարձր պատրաստականություն: Բժիշկ, որի համար տարիների փորձը մեծ նշանակություն ունի, և այդ փորձառությունն է, որ նրան դարձնում է առավել ճանաչված ու վստահելի։ Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, ինչպիսի բարդություններով կարող է այն ուղեկցվել, և որ դեպքում է անհրաժեշտ կիրառել նորագույն այլ բուժման մոտեցումներ:
Այս ամենին լրացնում է նրա մարդասիրությունը՝ յուրաքանչյուր հիվանդի վերաբերվել յուրովի՝ հանուն նրա առողջության պատրաստ լինելով սեփական ուժերի գերլարման:
-Պարոն Անտոնյան, վերջին տարիներին ողնաշարի օնկոլոգիան զգալի առաջընթաց է գրանցել։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են ժամանակակից ախտորոշիչ տեխնոլոգիաներն ու բուժական ուղեցույցները նպաստում հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, բուժման արդյունավետության կանխատեսմանը և հետագա բուժական գործընթացի ճիշտ կազմակերպմանը։
-Ընդհանրապես, ժամանակակից աշխարհում բժշկությունը զարգանում է բավականին մեծ քայլերով, արագ տեմպերով և յուրաքանչյուր նոր տեխնոլոգիա, նոր հետազոտական մեթոդ և միջազգային փորձի ներդրում ուղղված են ի բարօրություն բուժառուի և բուժօգնության առավել ճիշտ կազմակերպմանը՝ միջազգային չափանիշներին համապատասխան։
Բնականաբար այս զարգացումները զգալիորեն հեշտացնում են ինչպես ախտորոշումը, այնպես էլ բուժման գործընթացը: Եվ եթե բուժառուն համապատասխան գանգատների դեպքում ժամանակին դիմում է նեղ մասնագետի, ապա ժամանակակից նեյրովիզուալիզացիոն մեթոդները՝ համակարգչային շերտագրությունը (CT), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (MRI) և ըստ անհրաժեշտության այլ հետազոտությունները հնարավորություն են տալիս վաղ հայտնաբերելու հիվանդությունը։ Իսկ վաղ ախտորոշումն իր հերթին բերում է բուժման ավելի լավ և գրագետ արդյունքների։
-Բժիշկ, ողնաշարի ի՞նչ խնդիրների դեպքում կարող են Ձեզ դիմել բուժառուները։
-Մեր ողնաշարային վիրաբուժության կլինիկան զբաղվում է ողնաշարի բոլոր պաթոլոգիաներով` սկսած նվազ ինվազիվ պերկուտան վերտեբրոպլաստիկայից, միջողային ճողվածքների միկրովիրաբուժական և մոտ ապագայում նաև էնդոսկոպիկ հեռացումից՝ ընդհուպ լայնածավալ ռեկոնստրուկցիաները, նաև վերականգնողական վիրահատություններ ողնաշարի ուռուցքային ախտահարումների, ինֆեկցիոն հիվանդությունների և տարբեր դեֆորմացիաների դեպքում։
-Ողնաշարի ուռուցքները կարող են լինել ինչպես բարորակ, այնպես էլ` չարորակ։ Ի՞նչ ախտանշաններով են դրանք դրսևորվում, և ինչպե՞ս կարելի է տարբերակել դրանք։
- Ողնաշարի ուռուցքները համեմատաբար հազվադեպ են հանդիպում։
Ողնաշարի չարորակ ուռուցքների մեծ մասը մետաստատիկ բնույթ են կրում։ Այսինքն՝ մեծ մասամբ ուռուցքային գործընթացն առաջանում է որևէ այլ օրգան համակարգում և մետաստազավորվում է դեպի ողնաշար։
Իսկ բարորակ գոյացություններից, թերևս ամենահայտնիներից առավել հաճախ հանդիպում են հեմանգիոմաները, որոնք սովորաբար շատ հաճախ հայտնաբերվում են պատահական՝ այլ նպատակով կատարված համակարգչային շերտագրության կամ ՄՌՏ հետազոտությունների ժամանակ և հաճախ կարող են որևէ կլինիկական դրսևորում չունենալ։
Չարորակ ուռուցքների դեպքում բնորոշ են մշտական ցավերը, եթե որևէ հատվածից առկա են որևէ նյարդի կամ ողնուղեղի ճնշում, համապատասխան նյարդաբանական դեֆիցիտ և գանգատներ, երկարատև բնույթ կրող ցավեր` շարժումներից անկախ, որոնք չեն մեղմանում սովորական ցավազրկող դեղամիջոցներից։ Սրանք համարվում են, այսպես ասած, «կարմիր դրոշակներ», որոնք պետք է հիմք հանդիսանան` նեղ մասնագետին վաղ դիմելու և պատշաճ հետազոտվելու։
-Բժիշկ, որո՞նք են ողնաշարի ուռուցքների բուժման հիմնական սահմանափակումներն ու հակացուցումները։
-Ինչպես վերը նշեցի, շատ դեպքերում մենք գործ ունենք մետաստատիկ հիվանդության հետ, և հակացուցումների ու սահմանափակումների մեջ շատ կարևոր է գնահատել հիվանդի ընդհանուր վիճակը։
Եթե ուռուցքային գործընթացը տարածվել է մինչև ողնաշար ապա հիվանդությունը գնահատվում է որպես չորրորդ փուլի ուռուցք հետևաբար անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատել նաև մյուս օրգան-համակարգերի վիճակը, հիվանդության ընդհանուր կանխատեսումը և կյանքի սպասվող տևողությունը։
Ոչ բոլոր դեպքերում է վիրահատությունը որպես լավագույն տարբերակ։ Յուրաքանչյուր բուժառուի դեպքում անհրաժեշտ է անհատական մոտեցում և շատ մանրակրկիտ ընտրություն՝ հասկանալու համար, թե որ բուժական մարտավարությունն է առավել արդյունավետ։
-Միջազգային ուղեցույցների և մասնագիտական չափորոշիչների շարունակական կատարելագործման պայմաններում ի՞նչ նոր մոտեցումներ են այսօր կիրառվում ողնաշարի ուռուցքային հիվանդությունների կառավարման գործում։
-Վերջին տարիներին բժշկության զարգացմանը զուգահեռ ողնաշարային վիրաբուժությունը շատ արագ է արձագանքել բժշկության ընդհանուր առաջընթացին։ Այսօր իրականացվում են այնպիսի վիրահատություններ և ռեկոնստրուկտիվ միջամտություններ, որոնք տարիներ առաջ նույնիսկ դժվար էր պատկերացնել, իսկ այժմ դրանք իրականություն են։ Ողնաշարային վիրաբուժությունը արագ տեմպերով է զարգանում, և մենք մեր ոլորտում մշտապես մեր ձեռքը պահում ենք նորարարությունների զարկերակին: Շատ պաթոլոգիաներ, եթե 3-5 տարի առաջ համարվում էին շատ վատ կանխատեսվող հիվանդություններ, ապա այսօր ուռուցքաբանության կտրուկ զարգացման շնորհիվ ենթարկվում են իմունոթերապիայի կամ տարբեր թիրախային բուժումների, որոնց կիրառումն էլ իրենց հերթին զգալիորեն փոխել են բազմաթիվ հիվանդների կանխատեսումները։ Կան հիվանդներ, որոնց դեպքում մի քանի տարի առաջ կանխատեսումները բավականին սահմանափակ էին, իսկ այսօր նրանք ստանում են արդյունավետ բուժում և ունեն կյանքի երկարացման իրական հնարավորություն։
Այս պայմանները մեզ` մասնագետներիս ստիպում են հիվանդների հետ աշխատել ավելի ինտենսիվ, քանի որ մեր նպատակը ոչ միայն հիվանդության դեմ պայքարելն է, այլև հիվանդին վերադարձնել շարժունակությունը, քայլելու ազատությունը, նվազեցնել ցավը, քանի որ նրանք մեզ դիմում են ցավային սինդրոմով կամ որևէ վերջույթի թուլությամբ: Եվ կարևոր է բարելավել հիվանդի կյանքի որակը` վերականգնելով ողնաշարի հենաշարժիչ համակարգի ֆունկցիան: Դրանով նա կարողանում է շարունակել հետագա բուժումը առավել արդյունավետ պայմաններում։
-Ողնաշարի ուռուցքային ախտահարումների դեպքում ինչպե՞ս է ձևավորվում բուժման ռազմավարությունը՝ հաշվի առնելով ուռուցքի հյուսվածքաբանական առանձնահատկություններն ու տեղակայումը։
-Ընդհանրապես ողնաշարի ուռուցքների դեպքում ամբողջ աշխարհում ընդունված է բուժման ռազմավարությունը որոշել բազմամասնագիտական՝ մուլտիդիսցիպլինար մոտեցմամբ։ Այսինքն` բուժման պլանավորման գործընթացում ներգրավված է լինում մեծ թիմ, որտեղ ընդգրկված են լինում ուռուցքաբաններ, ճառագայթային թերապևտներ, ռադիոլոգներ, վիրաբույժներ և, անհրաժեշտության դեպքում, հյուսվածքաբաններ։ Տարբեր երկրներում տարբեր ընդունված ցանկ գոյություն ունի։ Ես թվարկեցի մեր երկրում ընդունված կարգը, և այդպիսի բազմամասնագիտական հանձնաժողովի կողմից քննարկվում են ուռուցքի տարատեսակը, ագրեսիվությունը, տիպավորումը, տեղակայումը, հիվանդության տարածվածությունը և ուռուցքաբանական պայքարի բուժման հնարավոր տարբերակներն ու մեթոդները։ Միայն այս համապարփակ գնահատումից հետո է որոշվում՝ արդյոք անհրաժեշտ է ողնաշարի վիրահատություն, թե ավելի նպատակահարմար են ճառագայթային կամ թերապևտիկ բուժման տարբերակները։
-Ինչպե՞ս է վերջին տարիներին զարգացել նվազ ինվազիվ վիրաբուժության կիրառումը ողնաշարային վիրաբուժության մեջ, և որո՞նք են այդ մոտեցումների հիմնական առավելություններն ու սահմանափակումները։
-Ամբողջ աշխարհում նվազ ինվազիվ վիրաբուժությունը ներկայումս գրավել է բժշկության բոլոր ուղղությունները և համաշխարհային թրենդ է դարձել: Ողնաշարային վիրաբուժությունը բացառություն չէ, և քիչ ինվազիվ մեթոդները շատ արագ ներդրվել են ամբողջ աշխարհում, և Հայաստանն էլ այս առումով նույնպես հետ չի մնում միջազգային զարգացումներից։ Այսօր բազմաթիվ միջամտություններ իրականացվում են նվազ ինվազիվ տեխնոլոգիաներով, ինչը թույլ է տալիս նվազեցնել հյուսվածքների վնասվածքները` նախկին դասական բաց մեթոդների փոփոխությամբ, և արագացնել վերականգնումը։
Բնականաբար առավելությունները բազմաթիվ են՝ փոքր կտրվածքներ, ավելի քիչ ցավ, հատկապես տարեց բուժառուների խմբում, և բնականաբար վերքային փոքր մակերեսներ են լինում քիչ ինվազիվ վիրահատության դեպքում, կլինիկայում կարճատև մնալու արդյունքում ներհիվանդանոցային վարակների ռիսկը նվազում կամ ընդհանրապես բացառվում է, և ավելի արագ են վերադառնում առօրյա կյանք։
Յուրաքանչյուր մեթոդ ունի նաև իր սահմանափակումները։ Կան դեպքեր, երբ քիչ ինվազիվ վիրահատության դեպքում ոչ լիարժեք տեսանելիություն կա, և այն ապահովելու կամ առավել մեծ ծավալի աշխատանք իրականացնելու համար նախընտրելի է բաց վիրահատական մոտեցումը։
Իրականում կան ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներ, նվազ ինվազիվ տեխնոլոգիաները սովորաբար ավելի բարձր արժեք ունեն, և անհրաժեշտ է հաշվի առնել նաև դրանց հասանելիությունը մեր ազգաբնակչության համար։
-Որքանո՞վ եք կարևորում միջազգային համագումարները, վերապատրաստումները և ստացած գիտելիքները, և արդյո՞ք հնարավոր է դրանք կիրառել Հայաստանում։
-Բժիշկների շարունակական կրթությունը մասնագիտական զարգացման հիմնասյուներից է: Մայր բուհում և կլինիկական օրդինատուրայի կամ ռեզիդենտուրայի ուսուցման ընթացքում մենք ստանում ենք որոշակի բազային հիմնարար գիտելիքներ, սակայն մենք պետք է հաշվի առնենք, որ բժշկությունն անընդմեջ զարգացում է ապրում, և պետք է համահունչ քայլել և լինել այդ փոփոխությունների մասնիկը։ Այդ համատեքստում շատ կարևոր են միջազգային համագումարներն ու վերապատրաստումները, որոնք հնարավորություն են տալիս ծանոթանալ առաջատար փորձին և այն կիրառել Հայաստանում: Համար մեկ խնդիրներից մեկն այն է, որ պետք է փորձել ստացած գիտելիքները ներդնել Հայաստանում: Իմ օրինակով ասեմ՝ մարտին մեկամսյա վերապատրաստում եմ անցել Շվեյցարիայում՝ Բեռնի համալսարանական հիվանդանոցում։ Ես ինձ համար փաստեցի, որ տեսական գիտելիքների մակարդակով մենք հիմնականում համահունչ ենք միջազգային չափանիշներին, սակայն տեխնիկական և նյութական հնարավորությունների առումով դեռևս զարգացման տեղ ունենք։ Այդուհանդերձ մենք որոշակի մոդիֆիկացիաներ ենք իրականացնում մեր ոլորտում, որպեսզի կարողանանք կատարել զարգացած երկրների փորձի տեղայնացում մեր երկրում և ձգտել հասնել առավելագույն ցուցանիշների: Եվ, ցավոք սրտի միշտ չէ, որ հնարավոր է հասնել այդ արդյունքին, քանի որ ֆինանսական գործոնի խնդիրն էլ առկա է մեր երկրում, բայց իրականում տեսականորեն հնարավոր են շատ մեթոդներ տեղայնացնել ու եղած գիտելիքները փոխանցել հաջորդ սերունդներին։
-Ինչպե՞ս են ժամանակակից թվային տեխնոլոգիաները փոխում ախտորոշման, վիրահատական պլանավորման և բուժման գործընթացները։
- Ընդհանրապես 21-րդ դարը թվային տեխնոլոգիաների շատ բուռն զարգացման դարաշրջան է, և բժշկությունն անմասն չի մնացել այս թվային տեխնոլոգիաների հեղափոխությունից։
Եվ ներկայումս, թեկուզ արհեստական բանականության միջոցով, թվային վերլուծական համակարգերը, վիրտուալ իրականության տեխնոլոգիաները և նավիգացիոն համակարգերը զգալիորեն հեշտացնում են թե՛ ուսուցման, թե՛ բուժման գործընթացները։
Այսօր աշխարհում լայն տարածում են ստանում վիրտուալ իրականության հարթակները, որտեղ երիտասարդ մասնագետները կարող են անվտանգ միջավայրում կատարել վիրահատական միջամտություններ և կուտակել փորձ, որը հետագայում իրական կյանքում կկիրառեն հիվանդների վրա: Իսկ սա ապագա ուսանողների համար բավականին մեծ առաջընթաց է։ Ինչու ոչ, նաև ժամանակակից պատկերային հետազոտությունները, ներվիրահատական նեյրոմոնիթորինգը և նավիգացիոն համակարգերը թույլ են տալիս բարձրացնել վիրահատությունների ճշգրտությունը, որն էլ իր հերթին կնվազեցնի ապագա բժիշկների համար հնարավոր սխալների հավանականությունը։
-Եթե ամփոփենք ոլորտի ներկայիս զարգացումները, ապա ո՞ր ուղղություններն են, ըստ Ձեզ, առաջիկա տարիներին առավելապես փոխելու հիվանդների բուժման հնարավորություններն ու կանխատեսումները։
-Կարծում եմ՝ մոտակա տարիներին թվային տեխնոլոգիաների առավել լայն ներդրումը, վիրտուալ իրականության համակարգերի զարգացումը և նվազ ինվազիվ վիրաբուժության շարունակական կատարելագործումը մեր իրականության մեջ էական ազդեցություն կունենան, և կխթանեն շատ արագ տեմպերով ողնաշարային վիրաբուժության թե՛ զարգացման և թե՛ քիչ ինվազիվ վիրահատության հնարավորությունները: Մենք ձգտում ենք այնպիսի բժշկության, որտեղ ավելի փոքր կտրվածքներով, ավելի քիչ տրավմատիզացիայով, և ավելի կարճ վերականգնողական շրջանով հնարավոր կլինի կատարել շատ ավելի մեծ ծավալի և բարդ միջամտություններ։
-Եվ վերջում՝ ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը և ընթերցողներին։
-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմ, որ հոգ տանեն իրենց առողջության մասին, քանզի ինչպես ասել է հույն փիլիսոփա Սոկրատը. <<Առողջությունը ամեն ինչ չէ, սակայն ամեն ինչ ոչինչ է առանց առողջության>>։ Հետևաբար, յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի, որ առողջությունն իր ամենաթանկ կապիտալն է, որն ի վերուստ է տրված: Պարզապես պետք է ավելի ուշադիր լինել սեփական օրգանիզմի նկատմամբ, ժամանակին դիմել մասնագետների, չանտեսելով ախտանիշները։
Ժամանակակից ողնաշարային վիրաբուժությունը գտնվում է զարգացման նոր փուլում, որտեղ գիտությունը, տեխնոլոգիաներն ու բժշկական փորձը միավորվում են՝ հիվանդներին ավելի արդյունավետ և անվտանգ բուժում ապահովելու համար։ Վաղ ախտորոշումը, բազմամասնագիտական մոտեցումը, նվազ ինվազիվ միջամտությունները և թվային տեխնոլոգիաների ինտեգրումը ոչ միայն բարելավում են բուժման արդյունքները, այլև հնարավորություն են տալիս հազարավոր մարդկանց վերադառնալ լիարժեք կյանքի։ Առողջ եղեք: