Սրբուհի Բաբաջանյան

(0 votes)
There is no translation available.

ԲԺՇԿԻ  ՀԱՄԱՐ,  ԹԵՐԵՎՍ, ԱՄԵՆԱՄԵԾ  ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ` ԴԱ ԻՐ ԱՊԱՔԻՆՎԱԾ ՀԻՎԱՆԴՆ Է 

Մարդկային ուղեղը հնարավորություն ունի տեղեկատվություն ստանալու տեսողության, լսողության և շոշափելիքի միջոցով: Սակայն տեղեկատվության գերակշիռ մասը՝ շուրջ 90%-ը, մենք  ստանում ենք տեսողության շնորհիվ: Աչքերն ապահովում են ճիշտ կողմնորոշումը, կենցաղային և աշխատանքային առաջադրանքների արագ և որակյալ կատարումը, նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերումը:

Տեսողական ծանրաբեռնվածությունը, որը ստանում է աչքն այսօր, չի համապատասխանում այն ծանրաբեռնվածությանը, որը բնությունը <<ենթադրել>> է մեր աչքի համար։ Եթե առանձնացնեք այն ըստ վտանգավորության աստիճանի, ապա արդի տեղեկատվության դարաշրջանում լայն տարածում գտած հեռախոս, մոնիտոր՝ էկրան վտանգավորության առումով ամենավտանգավորը սմարտֆոն հեռախոսի էկրանն է, պլանշետը, համակարգիչը, հեռուստացույցը, այդ իսկ պատճառով խորհուրդ ենք տալիս առավելագույնս նվազեցնել ինֆորմացիայի ծավալը, որը ստանում ենք մենք հեռախոսի միջոցով, քանզի սովորաբար հեռախոսի տառատեսակը շատ մանր է, և միաժամանակ մոտ տարածության և շատ մանր օբյեկտների վրա կենտրոնանալիս և աշխատելիս շատ պայծառ լույսը աչքերը ծանրաբեռնում է։

Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալը, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման կամ վիրահատման ճանապարհով: 

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ Սրբուհի Բաբաջանյանը։ Նրա հետ զրույցը մեզ առիթ տվեց խորհելու բժշկի կոչման ու առաքելության մասին: Բժիշկ՝ Հիպոկրատի երդվյալներ, կարող են կոչվել նրանք, ովքեր դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին՝ նրան առողջանալու հույս են ներշնչում, սատարում ոչ միայն մասնագիտական միջամտությամբ, այլև հոգեպես՝ հաճախ հնարավոր դարձնելով անհնարինը: Մեր զրուցակիցն այսօրինակ բժիշկներից է: Նրա կատարած աշխատանքը  անգնահատելի ու անուրանալի է: Դրա հետ մեկտեղ նա սիրում է իր երկիրը, նրա համար կարևոր է իր հայրենակիցների առողջությունը: Այստեղ է, որ միահյուսվում են մասնագիտական ու մարդկային որակները՝ այն հստակ գիտակցությամբ, որ իրենից՝ բժշկից է կախված իր բուժառուների հետագա կյանքի որակը: Եվ այդ երկուսը փայլուն կերպով զուգակցել բժշկուհուն օգնում են երկար տարիների նրա մասնագիտական փորձը, վստահությունը սեփական գիտելիքների նկատմամբ, և, ինչու՞ ոչ, նաև մարդկային բարձր արժեքները՝ հոգատարությունը, պատասխանատվությունը:

 -Բժշուհի, մեր զրույցը սկսենք այսպիսի հարցով. ի՞նչ ասել է տեսողության հիգիենա:

 -Տեսողության հիգիենայի մասին կարելի է շատ երկար խոսել: Այն օգնում է մեզ հնարավորինս երկար պահպանել լավ տեսողությունը։ Հիգիենան միջոցառումերի համալիր է՝ ուղղված տեսողական գործառույթների պահպանմանն ու լավացմանը։

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները`

․ Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը։ Լուսավորման պայմաններում լույսն անպայման պետք է լինի հետևից։  Ընդ որում, աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից: Գրել կարդալիս լույսը պետք է ընկնի այնպես, որ  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա:

․ Չի կարելի գրել կամ կարդալ՝ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի մոտ  35-40 սմ, դա մոտավոր արմունկից մատներ հեռավորությունն է, իսկ եթե մոնիտորով ենք աշխատում, ապա՝ մոտավորապես 50-60 սմ հեռավորությունից։

․ Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ տրանսպորտի ընթացքի ժամանակ, քանզի տատանումներ են առաջանում, որ աչքի համար, որպես օպտիկական համակարգ, դժվար տանելի է և առաջացնում է լարվածություն։

․ Աչքը պետք է խոնավ լինի, աչքը բնական խոնավություն ստանում է թարթելուց։ Ուշադիր հետևելով էկրանին՝ մենք հազվադեպ ենք աչքը թարթում, ինչը չորացնում է աչքի առաջնային մակերեսը: Չոր աչքի ժամանակ դժվար է օպտիկական աշխատանք կատարել, միկրոբները ավելի հեշտ են ախտահարում աչքը, ուստի եթե երկար ենք աշխատում, ապա պետք է օգտագործել արհեստական խոնավեցնող կաթիլներ։

․ Համակարգչով աշխատելիս հայացքը կենտրոնացնում ենք որոշակի օբյեկտի վրա և այլևս  այլ ուղղության վրա չենք կենտրոնանում։ Նման դեպքերում 40-50 րոպեն մեկ պետք է ընդմիջել աշխատանքը։ Այդ ժամանակը անհատական է. եթե շուտ են հոգնում աչքերը ՝ ընդմիջել 30 րոոպե անց, պարզապես մի քանի րոպե նայել հեռու։ Կան նաև հատուկ մշակված վարժություններ, ամերիկյան ակնաբույժների ասոցիացիան խորհուրդ է տալիս հետևել, 20/20/20/20 օրենքին՝ 20 րոպե աշխատանք, 20 րոպե ընդմիջում, 20 անգամ արագ թարթել, նայել 20 ֆուտ հեռավորության վրա /6մ/ , սակայն դրանք յուրաքանչյուրի համար անհատական են։

․ Քնելուց, երկու ժամ առաջ չօգտվել հեռախոսից, կամ օգտվել հեռախոսի մեջ առկա <<տաք լույսի>> ռեժիմից, հեռախոսի կապույտ լույսը իջեցնում է մելատոնինի արտադրումը։

․Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելու համար օգտվել արևապաշտպան ակնոցներից։

․ Իսկ ինչ վերաբերում է կոսմետիկայի օգտագործմանը, ապա, որ ընդհանրապես խորհուրդ չի տրվում քնել դիմահարդարված, քնելուց առաջ հատուկ հիգիենիկ միջոցներով անպայման պետք է ազատվել դրանից: Կոպի աճառի մեջ կան մանր գեղձեր, որոնց արտածորանները կոսմետիկայի կիրառմամբ կարող են փակվել՝ հանգեցնելով բորբոքման, ալերգիկ երևույթների։ Միանշանակ չպետք է օգտվել այլոց կոսմետիկ միջոցներից:

-Ի՞նչ կասեք արևային ակնոցների, դրանց կիրառության օգտակարության մասին:

-Արևային ակնոցները ոչ միայն նորաձևության պարագաներ են, այլև (որ ավելի կարևոր է) աչքերի պաշտպանություն են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Ցանցաթաղանթը, ինչպես և մարդու մաշկը, ունի պաշտպանիչ պիգմենտ, որը կոչվում է մելանին: Այն պաշտպանում է աչքերը ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Որքան շատ է մելանինը, այնքան ուժեղ է աչքերի բնական պաշտպանությունը: Ինչքան բարձր է մելանինի քանակը, այնքան մուգ է աչքերի գույնը և այդքան էլ մաշկը թուխ է: Մելանինի ցածր քանակի դեպքում մաշկը բաց գույնի է, իսկ աչքերը` կապույտ:

Մեր աչքերը պետք է պաշտպանված լինեն արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
Սա նշանակում է, որ աչքերի պաշտպանության համար անհրաժեշտ է լրացուցիչ արտաքին պաշտպանություն՝ արևային ակնոցի տեսքով:

Մեր աչքերն ունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու մեկ միջոց ևս. դա բիբն է: Որքան ուժեղ է լուսավորությունը, այնքան նեղանում է բիբը` կրճատելով աչք ներթափանցող լուսային հոսքի ինտեսիվությունը: Եվ հակառակը, որքան թույլ է լուսավորվածությունը, այնքան բիբը մեծանում է` դրանով իսկ ապահովելով քիչ լուսավորության պայմաններում առավելագույն հստակ տեսողություն։ Արհեստականորեն մգեցված ակնոցները, որոնք չունեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից աչքերը պաշտպանելու հատկություն, նպաստում են բբի լայնացմանը և, հետևաբար, նաև մեծ լուսային հոսքի (ՈՒՃ) ներթափանցմանը դեպի ցանցաթաղանթ, որի հետևանքով ցանցաթաղանթը վնասվում է:

Աչքերը անհրաժեշտ է առավել պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից բարձրադիր գոտիներում, սարերում, քանի որ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթումը ավելի ինտենսիվ է, վտանգավոր է նաև ձյան պայմաններում, քանի որ արևի ճառագայթները նույնիսկ ամպամած եղանակին կրկնակի են անդրադառնում ձյան վրա։

- LED լույսերի մասին ի՞նչ կասեք:

- LED լամպերի զանգվածային կիրառության հետ կապված՝ տարատեսակ հարցեր են առաջանում բնակչության շրջանում: LED-ի կիրառությունը տնտեսապես նպատակահարմար է, արտադրողները հայտարարում են դրա էներգետիկ ցուցանիշների խնայողական և հզորության մասին, հետազոտողներն էլ իրենց հերթին փաստեր են բերում դրանց վնասակար ազդեցության մասին։ LED լամպերի, հատկապես ցածր որակի, կիրառությունն այնքան էլ ցանկալի չէ, որովհետև  նրանց սպիտակ, շլացնող լույսի տակ աշխատելը շատ արագ հոգնեցնում է։ Այդ լույսը անբնական է աչքի համար և երկարատև օգտագործման դեպքում կարող է առաջացնել մի շարք խնդիրներ: Ցանկալի է այդ լամպերի լույսի տակ աշխատել ընդմիջումներով:

Ցանկացած արհեստական լույսի աղբյուրից եկող պուլսացիան վնասակար ներգործություն է ունենում նյարդային համակարգի վրա, ինչպես տեսանելի, այնպես և ոչ տեսանելի պուլսացիաները տեսողական օրգանի միջոցով անցնում են գլխուղեղ՝ թողնելով վնասակար ազդեցություն: Այս լամպերը ևս այդ առումով բացառություն չեն, սակայն ժամանակակից բարձրորակ լամպերը պուլսացիա չեն առաջացնում, նրանցում կան հատուկ ֆիլտրացիաներ, որոնք այդ տատանումները վերածում են ուղիղ գծի։

 -Որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները, և որո՞նք են այսօր երիտասարդացել։

-Ամենից հաճախ հանդիպող աչքի հիվանդություններն են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը, կատարակտան, գլաուկոման, ցանցաթաղանթի խնդիրները:

Նորածինների աչքերը, որպես կանոն, հեռատես են: Երեխայի աճմանն համընթաց՝ հեռատեսությունը վերանում է։

Կարճատեսությունը տեսողության խանգարում է, որի ժամանակ մարդը վատ է տեսնում հեռուն:

Երբ լույսի ճառագայթները մուտք են գործում աչք, անցնում են թափանցիկ, բեկող միջավայրերով՝ եղջերաթաղանթ, ոսպնյակ և նորմայում հավաքվում են, կիզակետվում են ցանցենու վրա։ Սակայն կարճատեսների մոտ կիզակետը գտնվում է ոչ թե ցանցենու վրա, այլ նրանից ավելի առաջ տարածությունում, դրա պատճառով առարկաները մարդը տեսնում է ոչ հստակ։ Դա առաջանում է աչքի օպտիկական համակարգի բեկող ուժի և աչքի առանցքի երկարության անհամապատասխանության պատճառով: Կարճատեսների աչքի առանցքը ավելի երկար է լինում, կամ օպտիկական համակարգի բեկող ուժը մեծ է։

Տարբերում են կարճատեսության երեք աստիճան` ցածր, միջին և բարձր: Կարճատեսները հեռուն տեսնելու համար սովորաբար կարիք ունեն կրել օպտիկական ակնոց, սակայն բարձր կարճատեսները /8-9 և ավել դիոպտրիա/ երբեմն կրում են ակնոց նաև մոտիկը տեսելու համար, ցավոք, երբեմն ակնոցները բարձր տեսողություն չեն ապահովում կապված ցանցաթաղանթի դիստրոֆիկ փոփոխությունների հետ։ Կարճատեսությունը կարող է լինել բնածին կամ զարգանալ ժամանակի ընթացքում, որոշ դեպքերում կարող է նաև պրոգրեսիվել։ Հիմնական պատճառը կարճատեսության առաջացման ժառանգական նախատրամադրվածությունն է։

Կան կարճատեսության ուղղման թերապևտիկ և վիրաբուժական մեթոդներ, թերապևտիկ մեթոդները ապարատային բուժումներն են, օպտիկական ակնոցների, լինզաների օգտագործումը: Ժամանակակից բժշկությունն առաջարկում է վիրահատական   և լազերային միջամտություններ, որոնք կարող են բարձրացնել տեսողությունը առանց ակնոցների և լինզաների մինչև 100% /տեսողության լազերային շտկում, ֆակիկ լինզաների իմպլանտացիա, ոսպնյակի ռեֆրակցիոն փոխարինում/։

Ես մասնագիտացած եմ կատարակտա հիվանդության բուժման մեջ։ Կատարակտան աչքի ոսպնյակի մասնակի կամ ամբողջական մթագնումն է, որի հետևանքով տեղի է ունենում տեսողության սրության նվազում կամ նույնիսկ՝ կուրացում: Ոսպնյակը աչքի առաջնային հատվածում, ծիածանաթաղանթից հետ գտնվող թափանցիկ լինզա է, որի շնորհիվ լույսի ճառագայթները բեկվում են և կիզակետվում ցանցաթաղանթի վրա: Առողջ աչքում ոսպնյակը թափանցիկ է և լույսի ճառագայթներն ուղղում է ցանցենու վրա՝ ապահովելով նորմալ տեսողությունը։ Երբ այն պղտորվում է, հիվանդը պատկերները տեսնում է մշուշոտված։

Կատարակտան կարող է լինել բնածին, ձեռքբերովի /տարիքային, տրավմատիկ , ճառագայթային, և այլն: Ժամանակակից բժշկությունը հնարավորություն է տալիս ոսպնյակը հեռացնել և փոխարենը տեղադրել ներակնային  արհեստական ոսպնյակ (IOL): Վերջինս ոչ միայն վերականգնում է տեսողությունը, այլև շտկում է նախկինում ունեցած ռեֆրակցիոն շեղումներն ու աստիգմատիզմը։ 

Կատարակտայի բուժումը վիրահատական է, ժամանակակից ամենատարածված վիրահատական բուժումը դա կատարակտի ուլտրաձայնային ֆակոէմուլսիֆիկացիան է, որը կատարվում է հատուկ ուլտրաձայնային ապարատով, որի ծայրակալը աչքի մեջ մտնում է մոտ 2-3 մմ կտրվածքով, ուլտրաձայնային տատանումներով բնական   ոսպնյակը կիսվում է մանր կտորների և վերածվում էմուլսիայի, այդ էմուլսիֆիկացված ոսպնյակային մասսաները դուրս են գալիս աչքից բարակ խողովակով, աչքի մեջ հատուկ ինժեկտորի օգնությամբ տեղադրվում է տվյալ աչքին համապատասխան օպտիկական ուժով ներակնային արհեստական ոսպնյակ /IOL/։ Վիրահատության այս մեթոդի առավելությունը հետվիրահատական շրջանի արագ վերականգնումն է, որի դեպքում բացակայում են կարերը, հետվիրահատական աստիգմատիզմի առաջացման հնարավոր նվազումը կամ գրեթե բացակայությունը, վիրահատությունն անցավ է, և այլն։ Կան արհեստական ոսպնյակների տարբեր տեսակներ՝ <<ստանդարտ>> կամ <<շարքային>>, մուլտիֆոկալ, տորիկ, տորիկ-մուլտիֆոկալ, որոնք կարող են շտկել ինչպես եղջրենու աստիգմատիզմը այնպես էլ ապահովել բարձր տեսողության սրություն տարբեր տարածություններում։

Մալայանի անվան ակնաբուժական կլինիկան հագեցած է համաշխարհային առաջատար արտադրողների ժամանակակից բուժախտորոշիչ սարքերով, որոնք ամբողջ աշխարհում կիրառվում են որպես ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդներ: Մեր կլինիկայում կատարվում են ակնաբուժական գրեթե բոլոր տեսակի վիրահատական միջամտությունները, որոնք ընդունված են համաշխարհային ակնաբուժական բժշկության մեջ: Ժամանակակից մեթոդները շատ ավելի հեշտացրել են մեր աշխատանքը, դրանք հնարավորություն են տալիս կիրառել աչքի հետազոտության բոլոր նորագույն տեխնոլոգիաները և մեթոդները, հայտնաբերել և բուժել աչքի գրեթե բոլոր հիվանդությունները: Մի խոսքով՝ մեզ մոտ արվում է ամեն հնարավորը՝ ինչպես ժողովուրդն է ասում, աչքի լույսի պես պահպանելու մեր օգնության կարիքն ունեցողների աչքի լույսը:

 -Ամփոփենք մեր զրույցը: Թե՛ մասնագիտական, և թե՛ մարդկային առումով ի՞նչ մաղթանք ու հորդոր կհղեք մեր ընթերցողներին:

-Կցանկանամ, որ մարդիկ հետևեն իրենց առողջությանը, չխնայեն ժամանակը՝ ժամանակին դիմելու բժշկի, ինքնաբուժությամբ չզբաղվեն, գիտակցեն պարբերաբար կանխարգելիչ նպատակով հետազոտություններ անցնելու կարևորությունը՝ խուսափելու համար հետագա բարդություններից։ Հորդորում եմ մեր հայրենակիցներին՝ չխնայել ֆինանսական միջոցները,՝ անհրաժեշտորեն ծառայեցնելով իրենց առողջական խնդիրների բարելավմանը, երկրորդային պլան չմղել այդ ամենաթանկը՝ առողջությունը, միշտ հիշել, որ այն առաջնային խնդիր է՝ կյանքի խնդիր: Ավելորդ չի հիշեցնել՝ կյանք, որ տրվում է մեկ, միայն մե՛կ անգամ, և այն պետք է առողջ ապրել:

Չմոռանանք նաև, որ մենք ենք ապրում պատերազմող երկրում, և, ուրեմն, բոլորիս մաղթում եմ լինել ավելի ուժեղ և համբերատար, ավելի զգոն և պատրաստակամ՝ յուրաքանչյուր պահին կանգնելու հայրենիքի ու պետության կողքին։ Հանո՛ւն մեր պետականության:

Առո՛ղջ եղեք, առողջությունը հարստություն է ու վայելք։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր