«Մանկական ակնաբուժության մեջ նորագույն բուժմոտեցումները հնարավորություն են տալիս կանխարգելելու եւ բուժելու աչքի հիվանդությունները»
ժամանակակից բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում տեսողությունը պահպանելու, աչքերի զարգացող հիվանդությունները կանխարգելելու եւ բուժելու համար: Ժամանակակից ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Սակայն, ինչպես ցանկացած այլ օրգան-համակարգերի, այնպես էլ աչքի հիվանդությունների պարագայում առաջին հերթին կարեւորվում է ճիշտ
ժամանակին մասնագետներին դիմելու հանգամանքը:
Այսօր մանկական ակնաբուժության մեջ նորագույն բուժմոտեցումները հնարավորություն են տալիս վաղ հայտնաբերելու, կանխարգելելու եւ բուժելու աչքի հիվանդությունները: Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց ավելանում է տեսողական ծանրաբեռնվածությունը: Մեր օրերում աչքի հիվանդությունները գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ձեռք բերում:
Համակարգիչը, բջջային հեռախոսը բնության կողմից առօրյայում չնախատեսված լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում: Այս ամենի հետեւանքով տեսողական խնդիրներն ավելացել են եւ սկսել են դրսեւորվել ավելի վաղ մանկական տարիքից:
Մեր զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ակնաբույժ ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ։
Երիտասարդ բժշկուհին համարձակորեն մուտք է գործել բժշկության անկանխատեսելի, դժվարություններով ու բարդություններով լի աշխարհ եւ ընթանում է այդ դժվարին, սակայն հաջողությունների ճանապարհով: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ գրագետ կազմակերպված աշխատանքի շնորհիվ իրականացնում է ճշգրիտ ախտորոշում եւ հետագա բուժում` երեխաներին վերադարձնելով կյանքի լավագույն պարգեւներից մեկը` աչքի լույսը:
Բժշկուհին իր գործի գիտակն է, բազում մանուկների աչքերի լույսն է վերադարձրել: Իր աշխատանքում առաջնորդվում է այն հստակ գիտակցությամբ, որ առողջ երեխաները մեր ազգի գոյության պատվարն են, ամուր հասարակության գրավականը:
-Բժշկուհի, ավելի հաճախ ակնային ի՞նչ խնդիրներով են երեխաները Ձեզ դիմում։
- Մանկական բաժանմունքը բազմապրոֆիլային է։ Մեր բաժանմունքում հսկվում և բուժում են ստանում ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի խնդիրներով երեխաներ։ Մեզ դիմում են հիմնականում կատարակտայի, գլաուկոմայի, շլության, ռեֆրակցիոն շեղումների՝ կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի, բորբոքային հիվանդությունների, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի խնդիրների, վնասվածքների, արցունքային համակարգի, կոպերի խնդիրների դեպքում։ Յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում։ Անկասկած, շատ կարևոր է, որ խնդիրը հայտնաբերվի հնարավորինս շուտ՝ ճիշտ և ժամանակին բուժում նշանակելու և երեխային օգնելու նպատակով։
- Ինչպե՞ս ծնողը հասկանա, որ երեխան ունի տեսողության խնդիր։
- Շատ հաճախ երեխաները չեն գանգատվում ցածր տեսողությունից։ Լինում են դեպքեր, երբ լռում են դրա մասին վախից, որ ծնողները կզրկեն իրենց սիրելի գաջեթներից։ Եթե ծնողը նկատում է երեխայի աչքերի հետ կապված որևէ խնդիր, ապա պետք է հնարավորինս շուտ դիմի մանկական ակնաբույժի, որպեսզի մասնագետը հաստատի կամ ժխտի խնդրի առկայությունը։ Ծնողները պետք է ուշադիր լինեն հետևյալ նշանների դեպքում. երեխան հեռավորության վրա առարկաները վատ է տեսնում, գրել-կարդալիս ունենում է դժվարություններ, շուտ է հոգնում, հաճախակի թարթում, կկոցում է աչքերը, տեսողական ծանրաբեռնվածությունից հետո ունենում է գլխացավեր, գլխապտույտ, ընդունում է գլխի հարկադրական դիրք, առարկաները մոտեցնում է աչքերին:
Եթե կա նախատրամադրվածություն ցածր տեսողության հանդեպ (օրինակ՝ ծնողների մոտ կա կարճատեսություն կամ այլ ակնային հիվանդություններ ), անհրաժեշտ է պարբերաբար այցելել ակնաբույժի՝ հնարավոր խնդիրների սկրինինգի նպատակով։
-Ռեֆրակցիոն ախտահարումներ։ Կմանրամասնե՞ք։
- Ռեֆրակցիոն շեղումների դեպքում լույսի ճառագայթները, թափանցելով աչք, չեն ֆոկուսավորվում ցանցաթաղանթի վրա, ինչն էլ բերում է ոչ հստակ տեսողության։ Երեխաների մոտ կարող է հանդիպել կարճատեսություն՝ լույսի ճառագայթները բեկվելուց հետո գտնվում են ցանցաթաղանթից առաջ։ Երեխան տեսնում է մոտ տարածության վրա, սակայն հեռուն լավ չի տեսնում։ Իսկ հեռատեսության դեպքում լույսի ճառագայթները ֆոկուսավորվում են ցանցաթաղանթից հետ։ Կախված հեռատեսության աստիճանից` առարկաների տեսանելիությունը իջնում է և՛ մոտիկ, և ՛ հեռու տարածության վրա։ Նորմայում նորածինների մոտ առկա է հեռատեսություն, որն աստիճանաբար նվազում է աչքի աճին զուգահեռ և վերանում 7-8 տարեկանում։ Աստիգմատիզմը պայմանավորված է եղջրաթաղանթի կամ ոսպնյակի ոչ սֆերիկ կորությամբ, որը լույսի ճառագայթները միաժամանակ ֆոկուսավորում է տարբեր կետերում, և պացիենտը պատկերը տեսնում է աղավաղված ցանկացած հեռավորության վրա։
- Բջջային հեռախոսների ազդեցությունը տեսողության վրա։Կպարզաբանե՞ք։
Մեր օրերում երեխաները շատ վաղ են սկսում իրենց շփումը գաջեթների հետ։ Պետք է խուսափել վաղ տարիքից երեխային հեռախոսներ և պլանշետներ տրամադրելուց։ Մինչև երեք տարեկանը ցանկալի չէ, հետագայում պետք է սահմանափակել ժամանակը՝ օրական մինչև 15 րոպե։ Շատ դպրոցահասակ երեխաների հանձնարարություններ լինում են համակարգչով։ Այս դեպքում նույնպես պետք է լինի դոզավորված՝ հետևելով 20-20-20 կանոնին, որի համաձայն էկրանի հետ աշխատելիս՝ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ պետք է տալ 20 վայրկյան դադար և նայել 20 ֆուտ կամ մոտ 6մ հեռավորության վրա գտնվող ինչ-որ առարկայի։ Այս գործոնները կարող են ազդել կարճատեսության զարգացման վրա, ինչպես նաև կարող են բերել ակոմոդացիայի սպազմի(կեղծ կարճատեսություն)։ Ծնողները պետք է ուշադիր լինեն, որպեսզի երեխան չչարաշահի հեռախոսների և պլանշետների օգտագործումը։ Եվ հատկապես, եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա պետք է ավելի աչալուրջ լինել։
-Ի՞նչ ակնային խնդիր կարող է կրել երեխան, եթե ժամանակին չգնա ստուգման, բայց ունենալով կարճատեսություն կամ հեռատեսություն` չկրի ակնոց։
-Բոլոր երեխաները պետք է անցնեն կանխարգելիչ ստուգումներ, որը թույլ կտա ժամանակին հայտնաբերել շեղումները, տալ ակնոցային շտկում։ Հեռատեսության առավել տարածված հետևանքներն են համամիտվող շլությունը (ակնագնդի դիրքի շեղում դեպի ներս) և ամբլիօպիան (ծույլ աչքի համախտանիշ)։
Ամբլիօպիան կամ ծույլ աչքի համախտանիշը տեսողության իջեցումն է մեկ, հազվադեպ երկու աչքերում, որը զարգանում է տեսողական անալիզատորի նեյրոնների անբավարար գրգռման հետևանքով։ Ամբլիօպիայի դեպքում ուղեղը, ստանալով 2 տարբեր պատկերներ, չի կարողանում դրանք միաձուլել և ժամանակի ընթացքում սկսում է անտեսել վատ որակի պատկերը, իսկ այն ուղարկող աչքը դադարում է զարգանալ։ Անհրաժեշտ է ժամանակին կատարել ճիշտ ակնոցային շտկում, անհրաժեշտության դեպքում նշանակել օկլյուզիա՝ աչքի փակում, ապարատային բուժումներ։
Պրոգրեսիվ կարճատեսությունը կարող է բերել ցանցաթաղանթի անատոմիական փոփոխությունների` ընդհուպ ցանցաթաղանթի շերտազատման։ Մանկական տարիքում ձևավորվում է երկաչյա տեսողություն՝ հաստատվում են կապեր տեսողական օրգանի և գլխուղեղի միջև, որի շնորհիվ կատարվում է առարկաների ստերեոսկոպիկ ընկալում։ Այն հատկապես ակտիվ է ընթանում կյանքի առաջին տարիներին և շարունակվում է հիմնականում մինչև 7-8 տարեկանը։ Եթե այս ընթացքում տեսողական անալիզատորը չի ստանում հստակ պատկերներ, այս գործընթացները խախտվում են, և զարգանում են բարդություններ, որոնք ավելի դժվար են ենթարկվում բուժումների։
-Շլությունն ուղղելի՞ է։
-Հնարավո՞ր է արդյոք ազատվել շլությունից՝ կախված է նրա տեսակից, պատճառից, ակնաշարժ մկանների ֆունկցիայից, ակնային հիվանդություններից, որոնք բերում են տեսողության զգալի իջեցման, նույնիսկ բացակայության, ինչպես նաև երկաչյա տեսողության մեխանիզմի զարգացման խանգարումներից։ Կախված տեսակից՝ շլությունը կարող է շտկվել վիրահատական և ոչ վիրահատական մոտեցումներով, ինչպես նաև դրանց զուգակցումով։ Հիմանական նպատակը աչքերի սիմետրիկ դիրքի, երկաչյա տեսողության վերականգնումն է։ Վիրահատական միջոցով հնարավոր է ազատվել կոսմետիկ դեֆեկտից, սակայն երկաչյա տեսողության վերականգնումը պահանջում է երկարատև բուժում։ Այդ պատճառով ցանկալի է խնդիրը հայտնաբերել և բուժել մանկական տարիքում։ Այս շրջանում հիվանդությունն ավելի հեշտ է ենթարկվում բուժման։
- Կատարակտան միայն տարեցների՞ մոտ հանդիպող հիվանդություն է, թե նաև երեխաների մոտ է հանդիպում։
- Կատարակտան հանդիպում է նաև երեխաների շրջանում։ Մանկական կատարակտաները լինում են բնածին և ձեռքբերովի։ Դրանք կարող են զուգակցվել մի շարք համախտանիշների և հիվանդությունների հետ։ Կարևոր է ժամանակին ախտորոշել և կատարել վիրահատական միջամտություն, որպեսզի մաքրվի տեսողական առանցքը, ինֆորմացիան հասնի ակնահատակ, հնարավորինս կանխվի ամբլիօպիան, երկաչյա տեսողության խանգարումը։ Կախված երեխայի տարիքից՝ օպտիկական շտկումը ներառում է ակնոցային կորեկցիան, կոնտակտային լինզաները և ներակնային ոսպնյակների տեղադրումը։ Ցանկանում եմ նշել՝ ինչպես բոլոր ակնային հիվանդությունների դեպքում, այս պարագայում նույնպես շատ կարևոր է պացիենտների, նրանց ծնողների համագործակցությունը բժշկի հետ։ Այն նպաստում է հնարավորինս լավ արդյունքների ստացմանը։
- Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը և հորդորը մեր հասարակությանը, մեր ընթերցողներին։
-Պայմանավորված երեխաների շրջանում ակնային խնդիրների առաջացման հաճախակիությամբ՝ խորհուրդ կտամ ծնողներին պարբերաբար կատարել պլանային ստուգումներ։
Ցանկանում եմ մեր փոքրիկներին և իրենց ծնողներին առողջություն և երջանկությունից փայլող աչքեր, որն ամենից շատն է ոգեշնչում բժշկին։