
Lusine
Արմինե Մարտիրոսյան
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը արդիական խնդիր է օտորինոլարինգոլոգիայում:Չնայած օտովիրաբուժության հաջողություններին, ժամանակակից դիագնոստիկ սարքավորումների, լսողական սարքերի ներդրումներին, լսողության խանգարումներով հիվանդները բավականին շատ են` հատկապես մանկական տարիքի երեխաները և դեռահասները:
Մեր տարածաշրջանում քիթ-կոկորդ-ականջաբանության ճյուղի ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը: Ժամանակին և ճշգրիտ ախտորոշման շնորհիվ հնարավոր է խուսափել ինչպես չհիմնավորված վիրահատական միջամտություններից, այնպես էլ հետվիրահատական բարդություններից:
Մեր զրուցակիցն է «Աստղիկ» և «Շենգավիթ» բժշկական կենտրոնների քիթ-կոկորդ-ականջաբանական (ՔԿԱ) բաժանմունքի ԼՕՌ-բժիշկ, աուդիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ: Չնայած իր երիտասարդ տարիքին` վաղուց է համարձակորեն մուտք գործել բժշկության բարդ և միաժամանակ հետաքրքիր աշխարհը, և անվարան ընթանում է արդեն իսկ ակնհայտորեն հաջողված ճանապարհով:
Հոգատար ու բանիմաց բժշկուհին իր աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր գրագետ աշխատանքի, ինչպես նաև վերապատրաստումների միջոցով մասնագիտական գիտելիքներն անվերջ համալրելու ու կատարելագործելու շնորհիվ նրան հաջողվում է շատերին երջանկացնել՝ վերականգնելով և կայունացնելով իր օգնությանը ապավինողների առողջությունը:
-Բժշկուհի, կխնդրենք մանրամասնել` ո՞ր դեպքում են իրականացնում կոխլեար իմպլանտացիան։
- Կոխլեար իմպլանտացիան բարձր տեխնոլոգիական վիրահատություն է, որը լսողության բնածին կամ ձեռքբերովի կորուստ ունեցող բուժառուներին հնարավորություն է տալիս վերականգնել լսողությունը: Այն իրականացնում են 4-րդ աստիճանի ծանրալսության դեպքում, և իմպլանտացիայի իրականացման համար ցանկալի տարիքը մինչև 3 տարեկանն է՝ պրոլինգվալ, երբ երեխայի խոսքը դեռ զարգացած չէ, և պոստլինգվալ, այսինքն` կյանքի ընթացքում կորցրած, եթե լսողական նյարդը ակտիվ է, այսինքն` լսողական սարքերի կրելը, կիրառումը ընդունելի է, և ուղեղի այդ հատվածը ակտիվ է։
-Լսողական սարքը ո՞ր դեպքերում են կիրառում։
-Լսողական սարքը կիրառելի է ծանրալսության բոլոր աստիճանների դեպքում, սկսած առաջինից մինչև չորրորդ աստիճան։ Լսողական սարքերը լինում են տարբեր երկրների արտադրության և տարբեր տեսակների։ Այսօր ցանկալի է նորարական թվային լսողական սարքերի կիրառությունը, որոնք արդեն արդի տեխնոլոգիաներով են պատրաստված: Այսօր առկա են սարքեր, որոնք արհեստական ինտելեկտով են աշխատում և ամբողջությամբ մոտեցված են բնական ականջի գործառույթներին։
-Իսկ որո՞նք են աուդիոլոգիական հետազոտության տեսակները, և որ դեպքերում են դրանք կիրառվում։
-Աուդիոմետրիան (լատիներենից ` audīre - լսել և metria - չափել) աուդիոլոգիայի ճյուղ է: Այն ձայնի ինտենսիվության և տատանումների, ինչպես նաև տոնային մաքրության տատանումների համար լսելիության չափման գիտություն է, որը ներառում է շեմեր և տարբեր հաճախականություններ: Աուդիոմետրիկ թեստերը սովորաբար սահմանում են լսողության մակարդակները աուդիո-չափագրիչների օգնությամբ, բայց կարող են չափել նաև տարբեր ձայնային ինտենսիվությունների միջև ընկալման ունակությունը, ճանաչել հնչյունը կամ տարբերակել խոսքը ֆոնային աղմուկից: Հնարավոր է չափել նաև ակուստիկ ռեֆլեքսը և օտոակուստիկ արտանետումները: Աուդիոմետրիկ թեստերի արդյունքներն օգտագործվում են լսողության կորստի կամ ականջի հիվանդությունների ախտորոշման համար:
Աուդիոլոգիական հետազոտությունները լինում են օբյեկտիվ և սուբյեկտիվ։
Սուբյեկտիվ լսողության ախտորոշումը հիմնված է բուժառուի սուբյեկտիվ զգացողության վրա, որոնք են` տոնալ, խոսքային, լսողական զգայունության հետազոտում: Սուբյեկտիվն այն է, երբ բուժառուի մասնակցությունը հետազոտման գործընթացին առկա է: Մեծահասակների մոտ դա տոնալ շեմքային աուդիոմետրիան է: Վերշեմքայինը հայտնաբերում է ձայնի բարձրության արագացված աճի ֆենոմենը, որը վկայում է լսողական անալիզատորի կոխլեար ախտահարման մասին:
Խոսքային աուդիոմետրիան իրականացվում է ձայնամեկուսացված սենյակում՝ լսողության խոսքային ընկալման հետազոտման համար: Այն գնահատվում է տոկոսներով:
Երեխաների մոտ լսողության հետազոտությունն անցկացվում է խաղային ձևով: Ամենաժամանակակից մեթոդը առաջացած լսողական ներուժի գրանցումն է: Մեթոդի իմաստը ներուժի ազդանշանների նկատմամբ գլխուղեղի կեղևի ռեակցիայի դրդումն է: Արդյունքը գրանցվում է էլեկտրոէնցեֆալոգրամայով:
-Ականջներում ծանրության և աղմուկի զգացումը ինչի՞ պատճառահետևանք է։
-Ականջներում աղմուկի առկայությունը մի շարք հիվանդությունների դեպքում կարող է ի հայտ գալ, օրինակ` օտոսկրելոզի, որն աղմուկ է առաջացնում ականջներում, կարող է լինել նաև ներքին ականջի վնասման կամ անոթային հիվանդությունների դեպքում, երբ գլխուղեղի անոթներում առկա է որոշակի պաթոլոգիա:
-Օտիտները և դրանց տեսակները, կմանրամասնե՞ք։
- Վիրուսային կամ ինֆեկցիոն օտիտները սուր օտիտներն են, որոնք հաճախ հանդիպում են մանկական տարիքում` նրանց մանկական անատոմիական կառուցվածքի առանձնահատկություններից կախված: Սուր օտիտների դեպքում սկզբնական շրջանում պետք է ճիշտ և գրագետ բուժմոտեցում ցուցաբերվի, քանզի բարձիթողի վիճակից այն կարող է քրոնիկ դառնալ:
-Արդյո՞ք համագործակցում եք արտերկրի նեղ մասնագետների հետ։
-Այո, համագործակցում ենք Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի և այլ երկրների մասնագետների հետ: «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իրականացվեց ականջի կոխլեար իմպլանտացիա հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալիի և «Շենգավիթ» բժշկական կենտրոնի գիտական գծով գլխավոր տնօրենի տեղակալ, պրոֆեսոր, ԼՕՌ վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբանության գծով ՀՀ ԱՆ խորհրդատու Արթուր Շուքուրյանի կողմից։ Առաջին անգամ Հայաստանում կատարվեց արտաքին ականջի բացակայության վերականգնում և արտաքին լսողական անցուղու` ատրեզիայի վերականգնողական վիրահատություն: Այսինքն` երեխան ունեցավ և՛ արտաքին ականջ, և՛ լսողական անցուղին բացվեց` վերականգնելով լսողությունը: Վիրահատություն, որը Հայաստանում մինչ օրս չէր կատարվել: Պրոֆեսոր Շուքուրյանի շնորհիվ այդ մասնագետը համաձայնեց մեզ հետ համագործակցել, և այսօր մեր թիմային աշխատանքի շնորհիվ կարողանում ենք մեր ոլորտում գրանցել լրջագույն վիրահատություններ։
-Ո՞րն է բնածին հարականջային խուղակի առաջացման պատճառը:
-Այս արատն առաջանում է որոշ բացասական գործոնների ազդեցությամբ ներարգանդային կյանքի 9-11 շաբաթականում, քանի որ այդ շրջանում է առաջնային և երկրորդային խռիկային ճեղքերից հետագայում ձևավորվում ականջախեցին: Խուղակը ձևավորվում է առաջնային և երկրորդային խռիկային ճեղքերի ոչ լրիվ փակվելու հետևանքով:
Բնածին հարականջային խուղակը հանդիպում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ:
Խուղակը բնածին արատ է, երբ լսողական անալիզատորի ձևավորման ընթացքում այդ խուղակը չի փակվում, որն առանձնապես իրենից սիմպտոմներ չի ցուցաբերում, անհանգստություն չի պատճառում, բայց եթե բորբոքվեց, կարող է կրել շարունակական բնույթ, որից հետո թարախային արտադրությունը վերածվում է կիստայի, որը վիրահատական բուժում է պահանջում։
-Ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Ցավոք, ծանրալսությամբ տառապող բուժառուների թիվն այսօր բարձր է, որին նպասեց նաև կովիդը: Բացի դրանից, խնդրին նպաստում են նաև կենսակերպը, քիմիական նյութերի առկայությունը սննդում:
-Ամեն դեպքում բուժառուն ինչպես հասկանա` խնդրահարույց օջախը որտեղ է, քանի որ գործ ունենք երեք փոխհամաձայնեցված օրգանների հետ` քիթ-կոկորդ-ականջ։
-Մենք ընդհանուր ԼՕՌ բժիշկներ ենք համարվում, բայց կա նաև նեղ մասնագիտացում. ես աուդիոլոգ եմ, բայց դա չի նշանակում, որ չեմ հետազոտում այլ խնդիրներով բուժառուների: Մեր ոլորտը պահանջում է թիմային աշխատանք։
Այսօր, հուրախություն մեզ, մեր հասարակությունը բավականին տեղեկացված է, բավական լավ ուսումնասիրում է բժշկության` իրեն հետաքրքրող ոլորտը, գիտի որ նեղ մասնագետին դիմի, ինչ բարդություններ են իրեն սպասվում։ Շատ հաճախ էլ ինտերնետ հարթակը ողողված է թերի ինֆորմացիայով, այսինքն` բժիշկը, չլինելով նեղ մասագետ, չտիրապետելով ոլորտի վերջին նորարարություններին, ոչ լիարժեք ինֆորմացիա է փոխանցում հանրությանը, որը կարող է շատերին երկմտանքի առջև կանգնեցնել, թե որպես նեղ մասագետ ում դիմի: Բուժառուին ճիշտ ուղղորդելը շատ կարևոր է: Երբեմն ոչ ճիշտ ընտրության դեպքում այն կրում է շղթայաձև բնույթ` մի բժշկից մյուսի մոտ, որը բուժառուի մոտ կարող է թերահավատություն ստեղծել ոլորտի նեղ մասնագետների հանդեպ, և ինչու չէ նաև ֆինանսապես տուժեն: Ասեմ, որ պետպատվերի շրջանակներում շահառուները բավականին մեծ աջակցություն են ստանում, բայց ամեն դեպքում շատ բուժառուներ, ուղղակի ոչ կայուն ֆինանսական վիճակից ելնելով, շատ ժամանակ չեն դիմում բժշկի: Կցանկանամ, որ պետպատվերի շահառուների շրջանակը մեծանա, որպեսզի մեր հասարակությունն իրեն հուզող առողջական խնդիրների դեպքում վստահ դիմի բուժօգնության։ Դիմելիության մշակույթից խոսելով` կասեմ, որ մեր հասարակությունը, չգիտես ինչու, դարձել է շատ ստրեսային, և շատ դեպքերում մենք` բժիշկներս պետք է հոգեբանորեն մոտենանք բուժառուներին, հասցնենք այն գիտակից մակարդակին, որ վստահեն ու հավատան բժշկին: Իսկ մենք է լիարժեք կզգանք մեր ոլորտում, եթե մեզ դիմած յուրաքանչյուր բուժառուն առողջացած հեռանա։
- Քանի որ Ձեր ոլորտը պահանջում է թիմային աշխատանք, ապա ներգրավված են նաև վիրաբույժներ, սուրդոմանկավարժներ, աուդիոլոգներ:
- Այո՛, մեր աշխատանքին պարտադիր մասնակցում են սուրդոմանկավարժները: Չպետք է մոռանալ, որ վիրահատված երեխաները և բժիշկներս պետք է հաղթահարենք դրանից հետո մեր և երեխայի առջև դրված շատ ծանր ճանապարհը:
-Տեղյակ ենք, որ ծննդատներում գործում է սքրինինգային ծրագիր։
-Այո, Հայաստանում 2008 թվականից գործում է պետական ծրագիր, որի շրջանակներում բացի մի քանի այլ սքրինինգներից, նորածիններին արվում է լսողության սքրինինգ, որի միջոցով որոշվում է՝ արդյո՞ք նրանք ունեն լսողության խանգարումներ, և եթե` այո, հատկապես` ինչպիսի: Սքրինինգային ծրագրի օգնությամբ հենց ծննդատնից աշխատում ենք երեխաներին հետազոտել, որպեսզի հետագայում երեխան հաշմանդամ չմնա։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է:
-Եթե համեմատենք մեր ուսանելու տարիներին հետ, ապա կասեմ, որ այսօր ինտերնետ հարթակը օգնում է երիտասարդ կադրերին իրենց բուժառուներն իրազեկված պահել հիվանդությունների և դրանց նորարական բուժմոտեցումերի մասին, որն իրականում բավականին դրական արդյունք է տալիս։
Իրականում նոր սերունդը բավականին պրպտող է, ձգտող, ճկուն միտք ունի, արագ է ընկալում ուսանածը։
-Բժշկուհի, հասցնո՞ւմ եք վերապատրաստման դասընթացներ անցնել` Ձեր գերլարված աշխատանքային ռեժիմին համադրելով։
-Այո, բնականաբար, պարտադիր մասնակցում ենք ինչպես մեր երկրում կազմակերպվելիք սեմինարների և կոնֆերանսերի. արտերկրից ժամանած բժիշկների կողմից մեզ մեծ ինֆորմացիա է փոխանցվում մեր ոլորտում իրակացվող նորարարական բուժմոտեցումների մասին` մշտապես մեզ պահելով նորարարությունների զարկերակի վրա, այնպես էլ արտերկրում տարին 2 և ավելի անգամ վերապատրաստման դասընթացներին: Եթե չզբաղվենք ինքնակրթությամբ, դոփենք տեղում, բժշկությունը մի օր կվերջանա մեզ համար:
-Իսկ ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին։
-Ասոցիացիաները բժիշկներին հնարավորություն են տալիս հենց մեր երկրում անցնել վերապրաստումներ, նոր գիտելիքների ձեռք բերել, փորձի փոխանակություն իրականացնել ոլորտի մասնագետների հետ, արտերկրի բուժմոտեցումների տարբերակները համեմատել մեր բուժմոտեցումների հետ: Մեր քիթ-կոկորդ-ականջաբանության ասոցիացիան ամեն ամիս կազմակերպում է նիստ, որտեղ ներկայացվում են թե՛ նոր դեղորայքները, թե՛ մեր ոլորտի նեղ մասնագետների կողմից ներդրված բուժմոտեցման տարբերակները:
-Բժշկուհի, նախ շնորհավորում ենք, վերջերս «Որակի նշան» ընկերության կողմից արժանացել եք «Տարվա բժիշկ-2025» մրցանակի։ Ըստ Ձեզ` ինչ են տալիս նման մրցանակները բժիշկներին։
-Իրականում լիահույս եմ, որ նման մրցանակները մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, մասնագետներ, որոնք հանրության կողմից արդեն ճանաչված են և վստահություն են ձեռք բերել:
- Իսկ որպես վերջաբան` ի՞նչ կցանկանաք հասարակությանը:
- Առաջնահերթ մեր հասարակությանը խորհուրդ կտամ, որ փոխեն իրենց կենսակերպը, հոգեբանորեն հավասարակշիռ լինեն, միմյանց հանդեպ սիրով լցվեն, դրական տրամադրվեն և մեծացնեն հավատն առ Աստված: Մենք պետք է գիտակցենք, որ քրիստոնյա ենք ոչ թե զուտ անունով, այլ մեր ապրած կյանքով, մեր ազգի ճակատագիրը միասնական կերտելու դեգերումներով: Մաղթում եմ, որ առողջ լինեն, քանզի առողջությունը ինքդ քո նկատմամբ սիրո արդյունք է: Կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին, որ տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ բժշկական հետազոտություն, քանի որ որքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան դյուրին կլինի նրա բուժումը:
Իսկ մեր երկրին մաղթում եմ խաղաղ և անամպ երկինք. խաղաղության պայմաններում, ըստ իս, բոլոր հարցերն արդեն լուծելի են: Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք տարել ենք դառը պարտություն, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա, ու ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Հույս ունեմ, որ այդ կորուստը մեզ կմիավորի, ու մեր երկիրը իր ծաղկունքը դեռ կապրի, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: Մենք դեռ պիտի հասնենք մեր նվիրական երազանքների երկրին:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Էդիտա Ղարիբյան
Էդիտա Ղարիբյան. «Առողջ կինը ապագա առողջ մայրն է, երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվողը»
21-րդ դարում բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում զարգացող հիվանդությունը կանխարգելելու և բուժելու համար: Սակայն ինչպես առողջապահական մյուս ոլորտներում, այնպես էլ մանկաբարձության ու գինեկոլոգիայի մեջ կարևորվում է բանիմաց մասնագետներին ժամանակին դիմելը: Ընդհանրապես բժիշկը պետք է վստահություն նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու եթե բուժառուի և բժշկի միջև ստեղծվում է լուրջ համագործակցություն, կապ, աստիճանաբար լուծում են ստանում խնդիրները:
Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կենտրոնի հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության» ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջազգային փորձագետ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս Էդիտա Ղարիբյանը: Երկար տարիների վաստակ ունեցող և մեծ հեղինակություն վայելող բժշկուհու համար հաջողության գաղտնիքը ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելն է: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում և վազք` ժամանակին համընթաց: Մարդկային բարձր առաքինություններով օժտված բժշկուհին վստահ կանգնած է իրեն ապավինած յուրաքանչյուր բուժառուի կողքին։ Եվ ամենակարևորը` ամեն վայրկյան բժշկուհին հոգածությամբ պայքարում է ամենաարժեքավորի` կնոջ առողջության պահպանման համար: Բժշկուհին ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը, և երբեք չի զղջացել` մշտապես բարձր դիրքերում պահելով ամենօրյա տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Եվ իզուր չեն ասում՝ հիվանդի համար բժշկի հոգատար ու մարդկային վերաբերմունքը բուժման կեսն է։
-Բժշկուհի, կխնդրենք խոսել պոլիպներից, մասնավորապես` էնդոմետրիումի պոլիպը ի՞նչ պաթոլոգիա է։
-Էնդոմետրիումի պոլիպը լորձաթաղանթի տեղային գերաճն է, այն բարորակ գոյացություն է, որն առաջանում է էնդոմետրիումի բազալ շերտից: Պոլիպները լինում են մի քանի տեսակ՝ ֆիբրոզ, գեղձային, գեղձաֆիբրոզ և ադենոմատոզ:
Դրանք կարող է լինել տարբեր չափերի, սիմպտոմատիկ և ասիմպտոմատիկ։ Սիմպտոմատիկ են այն պոլիպները, որոնք առաջացնում են արյունահոսություն, դաշտանային ցիկլի խանգարում։ Ասիմպտոմատիկները ոչ մի կլինիկայով ի հայտ չեն գալիս, ուղղակի հերթական ստուգման ժամանակ բացահայտվում են։ Պոլիպները պահանջում են բժշկի և պացիենտի կողմից մշտապես հսկողություն, կարող են լինել նաև ատիպիկ պոլիպներ, որոնք, ցավոք սրտի, կարող են հանգեցնել քաղցկեղի։ Պոլիպների բուժումը կախված է դրանց չափերից, տեսակից, էխոսկոպիկ անոթավորումից, հսկողության ընթացքում փոփոխություններից: Բուժումը վիրահատական է, կատարվում է հիստերոսկոպիա, պոլիպի հեռացում, իսկ հետագայում` պարտադիր հյուսվածքաբանական հետազոտություն: Իսկ, եթե ոչ մի խնդիր առկա չէ, և հետագայում բուժում չի պահանջվում, ուղղակի պետք է լինեն բժշկի հսկողության տակ։
Պոլիպները կարող են ի հայտ գալ ինչպես ռեպրոդուկտիվ տարիքի կանանց մոտ, այնպես էլ օրիորդների մոտ, քանի որ այն ի հայտ է գալիս հորմոնալ դիսբալանսի փոփոխությունների ֆոնի վրա: Հազվադեպ կարող են ի հայտ գալ պրեմենոպաուզալ և պոստմենոպաուզալ տարիքի կանանց մոտ։ Բուժմոտեցումները անհատական է` կախված տարիքային խմբից, պոլիպի չափից. եթե մինչև 1սմ փոքրիկ պոլիպներ են, ուղղակի հսկողություն ենք սահմանում, եթե չեն արյունահոսում, չի արձանագրվում հեմոգլոբինի իջեցում արյան մեջ, կամ ռեպրոդուկտիվ տարիքի կանայք չեն, որոնք ունեն վերարտադրողական ֆունկցիայի խանգարում, անպտղություն, չզարգացող հղիության կրելախախտ, այդ դեպքում կատարվում է դիագնոստիկ հիստերոսկոպիա և պոլիպի պարտադիր հեռացում, իսկ հետագայում` պարտադիր հյուսվածքաբանական հետազոտություն:
- Ներարգանդային կպումներ (սինեխիաներ). կմանրամասնե՞ք։
-Այն պաթոլոգիա է, որի դեպքում արգանդի խոռոչում մասնակի կամ ամբողջական կպումներ են ի հայտ գալիս, կոչվում է ներարգանգային սինեխիաներ կամ Աշերմանի համախտանիշ։ Դրանք արտահայտվում են դաշտանի բացակայությամբ, անպտղությամբ կամ սակավարյունությամբ` կախված ինչ չափի են սինեխիաները։ Հանդիպում է ցանկացած տարիքում, այն կյանքին վտանգ չի սպառնում, սակայն կարող է հանգեցնել այլ պաթոլոգիաների՝ ինչպիսիք են՝ դաշտանային ֆունկցիայի խանգարումը, անպտղությունը, հղիության կրելախախտը և այլն։
Հաճախակի սինեխիաներն առաջանում են ներարգանդային միջամտություններից հետո. դրանք հղիության արհեստական ընդհատումների, չզարգացող հղիությունների գործիքային ընդհատումների, և շատ հաճախ սինեխիաներն առաջանում են հետծննդյան շրջանում, երբ կատարվում է արգանդի խոռոչի գործիքային քերում: Հետծննդյան 2-6 շաբաթները ռիսկային շաբաթներն են, և երբ կատարվում է միջամտություն, այդ ժամանակ կարող են առաջանալ սինեխիաներ։ Բուժումը վիրահատական է՝ հիստերոսկոպիա, կատարվում է կպումների անջատում, բալոնի տեղադրում, հետագայում ուղեկցվող հորմոնալ բուժմամբ, որը նպաստում է լորձաթաղանթի ֆունկցիոնալ շերտի վերականգնմանը, քանի որ սինեխիաների ժամանակ մենք ունենք ֆունկցիոնալ և բազալ շերտի վնասում։
Նշեմ նաև, որ սինեխիաները կարող են լինել արգանդի մի մասում, որի դեպքում հնարավոր է չանհանգստացնեն, բայց կարող են լինել շատ կոպիտ սինեխիաներ, որոնք ամբողջությամբ տեղակայվում են արգանդի խոռոչում, և այդ դեպքում ունենում ենք ծանր կլինիկական պատկեր՝ Աշերմանի համախտանիշ: Աշերմանն այն գիտնականն է, որն առաջին անգամ բացահայտեց այդ պաթոլոգիան: Երբեմն այս համախտանիշը պահանջում մի քանի վիրահատական միջամտություն, անգամ` 4-5, քանի որ այն ունի կրկնվելու միտում` կախված օրգանիզմի առաձնահատկություններից:
-Վիժում։ Ինչի՞ արդյունքում է առաջանում:
- Վիժումը հղիության ընդհատումն է մինչև հղիության 21 շաբաթ 6 օր ժամկետը, տարբերակվում է վաղ վիժում` առաջին եռամսյակի, և ուշ վիժումներ, որոնք լինում են մինչև 22-րդ շաբաթը։ 22 շաբաթից հետո արդեն համարվում է ծննդաբերություն։ Վիժման պատճառները կարող են լինել ինֆեկցիաների կրումը, էնդոկրին համակարգի, արյան մակարդելիության, իմունային համակարգի և գենետիկ ֆոնի խանգարումները, քրոմոսոմային անոմալիաները, շատ հաճախ նաև արգանդի զարգացման արատները։
-Բժշկուհի, հղիության բացարձակ հակացուցումները որոնք են։
-Ուրախությամբ կարելի է ասել, որ արդի բժշկությունը հասել է զարգացվածության այն աստիճանի, որ պակասել է հղիության համար բացարձակ հակացուցումներ համարվող հիվանդություննի ցանկը: Իհարկե, խոսք չի կարող լինել շատ ծանր սոմատիկ դեպքերի մասին: Հակացուցում կարող է լինել երիկամային կամ սրտային ծանր անբավարարությունը: Շնորհիվ ժամանակակից բժշկության, անգամ այն կանայք, որոնք նախկինում կրել են լյարդի կամ երիկամի փոխպատվաստում, ինչպես նաև չարորակ ուռուցք, և որոնք հղիության ընթացքում անգամ անցնել են քիմիաթերապիա, զգացել են մայրության բերկրանքը:
-Արգանդի հեռացումը ո՞ր դեպքում է ցուցված:
-Արգանդի հեռացման ցուցումները կարող են լինել տարբեր պատճառներով. արգանդի միոմաներ, ադենոմատիոզներ, ատիպիաներ, քաղցկեղ, արյունահոսություններ, որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժման: Սակայն այսօր բուժմոտեցումները փոփոխման են ենթարկվել, և այսօր բավականին մեծ տեղ է տրվում օրգան պահպանող վիրահատություններին, որը թույլ է տալիս հնարավորության դեպքում արգանդը պահպանել։
-Բժշկուհի, վերը նշեցիք միոմաների մասին, հետաքրքիր է, երիտասարդ աղջիկների մոտ հնարավո՞ր է զարգանան միոմաներ։
-Այո, հնարավոր է, քանզի միոմաները հորմոնալ կախյալ գոյացությունները են, կարող է լինել ինչպես երիտասարդ աղջիկների, այնպես էլ ռեպրոդուտիվ տարիքի կանանց մոտ, ավելի քիչ հանդիպում են մենոպաուզայի ժամանակ: Միոմաները բարորակ գոյացություններ են, որոնց կազմաբանությունը մկանային շերտից է։ Շատ ժամանակ ուղղակի պահանջում են հսկողություն, սակայն հնարավոր են գրանցվեն նաև դեպքեր, երբ պահանջվում է վիրահատական միջամտություն:
-Մանկաբարձագինեկոլոգիական ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Ցավոք սրտի, ես կասեմ` բոլոր։ Եվ ցավալի է, որ երիտասարդացում է ապրել քաղցկեղը, բայց ժամանակին դիմելու դեպքում հնարավոր է այն կանխարգելել։ Դա արգանդի պարանոցի քաղցկեղն է, որի համար պետության կողմից ներդրվեց սքրինինգային ծրագիր, և գնալով դա ավելի զարգացում է ապրում: Նաև պապիլոմավիրուսի սքրինինգն է արդեն մտնում կիրառության մեջ:
Քաղցկեղն այսօր կանխարգելվող հիվանդություն է, և հուրախություն մեզ, նվազել է պարանոցի քաղցկեղի թիվը սքրինգային ծրագրերի և պատվաստումների շնորհիվ։ Նույնը վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղին, քանզի մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ հետազոտություններն արդեն պարտադիր պայման են 40 և ավելի տարիքային շեմը հաղթահարած կանանց համար։
Ասեմ նաև, որ շատացել են վիժումները, չզարգացող հղիությունները, պտղի զարգացման անոմալիաները, այսինքն` բարձր ռիսկի խմբում գտնվող հղիների քանակը։ Կախված է նաև նրանից, որ մեծ տարիքային շեմում են հղիություն գրանցում` դիմելով օժանդակ ռեպրոդուտիվ տեխնոլոգիաների օգնությանը։
-Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների ուղին։ Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է։
-Ասեմ, որ ունեմ երեք երեխա: Երեխաներս ընտրել են բժշկագիտության ոլորտը. մեծ աղջիկս երկրորդ կուրսի օրդինատոր է քիթ-կոկորդ-ականջաբանության մասնագիտացման մեջ։ Տղաս Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող է և երևի թե ընտրի վնասվածքաբանության ոլորտը, որն, ի դեպ, հայրիկիս մասնագիտացումն էր: Հայրս եղել է բավականին հայտնի ակադեմիկոս, վնասվածքաբան-օրթոպեդ։
Փոքր դուստրս դեռ սովորում է 5-րդ դասարանում, և ժամանակը ցույց կտա, թե ինչ մասնագիտություն կընտրի։
Իրականում բժշկությունը բարդ ոլորտ է, մանավանդ` մանկաբարձություն-գինեկոլոգիան,և որքան էլ բարդ է, միևնույնն է, ապրում եմ իմ աշխատանքով, և եթե կրկին հնարավորություն ընձեռվի մասնագիտություն ընտրել, միանշանակ կընտրեմ մանկաբարձություն-գինեկոլոգիան, որը չնայած իր բարդությանը, բավականին հետաքրքիր և գեղեցիկ ուղղվածություն է։
-Բժշկուհի, խոսեցիք Ձեր հայրիկից: Մի փոքր կպատմե՞ք նրա գործունության մասին:
-Հայրս շատ լուսավոր մարդ էր, ում խորհուրդները միշտ ուղեկցել են ինձ: Մինչ օրս բոլորը հիշում են հորս` Էդուարդ Սարգիսի Ղարիբյանին, ով ուներ մի նշանաբան` կրթեք ապագա սերնդին արժանվույնս, քանզի նրանց ձեռքերում է ապագա բժշկությունը:
Հայրս շատ մեծ դեր էր տալիս կրթությանը, մեր ընտանիքում կրթությունը եղել է առաջնահերթություն։ Հայրս մահացել է 2012 թվականին և մինչև կյանքի վերջին օրն աշխատել է, եղել է բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր։ Հիմնադրել է Հայաստանում առաջին հետտրավմատիկ ինֆեկցիոն բարդությունների բաժանմունքը, որը մի ժամանակ «Էրեբունի» բժշկական կենտրոնում էր, բայց 1994 թվականից տեղափոխվեց 6-րդ կլինիկական հիվանդանոց` այժմյան` «Երևան» բուժկենտրոն։ Նա Ռուսաստանի Դաշնության բնական գիտությունների ակադեմիայի անդամ էր, եղել է Երևան քաղաքի գլխավոր վնասվածքաբանը, կրթել է բազմաթիվ սերունդներ, ովքեր այսօր արդեն բավականին հայտնի բժիշկներ են:
-Բժշկուհի, ըստ Ձեզ, բժշկությունը առաքելությունն է, թե` կոչում։
- Կարծում եմ` առաքելություն, քանզի արդի բժշկության մեջ բժիշկների առաքելությունը բավականին մեծ է, բայց եթե չլինես կոչումով բժիշկ, չես կարող այդ առաքելությունը պատվով կրել։ Ինքս բժիշկների տոհմից եմ, հայրիկիցս բացի, հորաքույրս եղել է հայտնի մանկաբարձ-գինեկոլոգ և երկար տարիներ եղել թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի ծննարանի վարիչը, և ինքն էլ ինձ ուղղորդել է մասնագիտության ընտրության հարցում։ Հորաքրոջս 3 երեխաները նույնպես բժիշկներ են, մենք երեք երեխաներով բժիշկներ ենք, քույրս սրտաբան է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Վաղամեռիկ եղբայրս ատամնաբույժ էր, եղբորս աղջիկը նույնպես բժիշկ է, իմ երկու երեխաները, ինչպես վերը նշեցի, կրկին ընտրել են բժշկության ոլորտը. Եվ պետք է ուրախությամբ նշեմ, որ Ղարիբյանների տոհմածառը կրում է բժիշկների բարդագույն, բայց միաժամանակ հետաքրքիր ոլորտը։ Ղարիբյանների գերդաստանի արյան մեջ է բժշկությունը, և բոլորս` որպես Հիպոկրատի երդվյալներ, աշխատում ենք պատվով կրել մեր առջև դրված պատվաբեր առաքելությունը:
-Իսկ որպես վերջաբան` ձեր հորդորը և խորհուրդը մեր հանրությանը, մեր ընթերցողներին:
- Մեր հայ կանանց հորդորում եմ, որ սիրեն իրենք իրենց, հետևեն իրենց առողջությանը, քանզի կինն է ընտանիքի հենասյունը: Այսօր մենք ունենք բավականին լուրջ խնդիր, քանի որ ունեցանք մեծ կորուստներ` մեր գենոֆոնդի դեմոգրաֆիկ աճի բացասական սանդղակ, իսկ առողջ կինը ապագա առողջ մայրն է, երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվողը: Ճիշտ է ասված` առողջ մարմնում առողջ հոգի։ Կինը պետք թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես առողջ լինի, քանզի ոչ միայն ֆիզիկական, այև հոգեկան տկարությունը խանգարում է առողջ սերունդ ունենալուն։ Ցանկանում եմ, որ կանայք իրենք իրենց հետ ներդաշնակ լինեն, գեղեցիկ ժպիտը երբեք չբացակայի նրանց դեմքերից: Իսկ առողջ սերունդը առողջ կնոջ շնորհիվ է, և կինը պետք է ճիշտ նախապատրաստվի հղիությանը: Մեր հասարակության մեջ պիտի կարևորվի բժշկին դիմելության կուլտուրան:
Մեր երկրին էլ կցանկանամ խաղաղ և անպատերազմ երկինք: Բոլորս պետք է մեծ հավատքով, ուժով ու եռանդով, նվիրվածությամբ և անշահախնդրությամբ աշխատենք մեր բնագավառում, փորձենք զարգացնել, շենացնել մեր երկիրը: Ինձ թվում է՝ միայն այդ պարագայում կկարողանանք այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալ: Բոլորին մաղթում եմ մարդասիրություն, սեր, ներողամտություն և համբերություն:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ
Ցավոք, ինչպես դասական երաժշտությունը, այնպես էլ հոմեոպաթիան ամեն անհատի համար ընկալելի չէ
Հոմեոպաթիան միջազգայնորեն ճանաչված բուժման այլընտրանքային մոտեցում է, որն օգնում է վերականգնել մարմնի ներդաշնակությունը և ակտիվացնել հիվանդությունների դեմ պայքարելու օրգանիզմի ներքին ռեսուրսները:
Հոմեոպաթիան առաջնորդվում է ամբողջական մոտեցմամբ, որի շնորհիվ այն ազդում է ոչ միայն օրգանի կամ համակարգի, այլ ամբողջ օրգանիզմի, այդ թվում` նաև հոգեկան համակարգի վրա: Այսինքն` բուժում է ոչ թե առանձին հիվանդությունը, այլ՝ մարդուն։
Բուժման այս մեթոդը կիրառողներն առաջին հերթին համոզված են, որ մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն հաղթահարել հիվանդությունը, պարզապես հարկավոր է ակտիվացնել անհրաժեշտ պաշտպանական մեխանիզմը՝ օգտագործելով բույսերն ու բնական նյութերը: Որոշ լավատես հոմեոպաթներ կանխատեսել են, որ 21-րդ դարում այս մեթոդը կարող է դառնալ թերապևտիկ բուժման հիմնական ուղղություն, չնայած որ իր ողջ պատմության ընթացքում այն երբեմն իսպառ մոռացության է մատնվել, երբեմն էլ՝ ապրել վերելքի ժամանակաշրջան: Ցանկացած ոք, խորապես ծանոթանալով հոմեոպաթիային, չի կարող հակադրվել բժշկության այդ ճյուղին:
Մեր զրուցակիցն է բժշկական գիտությունների թեկնածու, «Ֆենիքս Մեդ» բժշկական կենտրոնի գինեկոլոգ-հոմեոպաթ ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Ընտրելով բժշկի մասնագիտությունը՝ բժշկուհին իր կենսակերպով ու աշխատաոճով փաստեց, որ հոգնությունն ու դժվարությունները հաղթահարելի են, եթե հավատարիմ ես Հիպոկրատի երդմանը: Աշխատանքում մասնագիտության հանդեպ սերն ու փորձառությունը ներդաշնակվել են նրա մարդկային արժանիքների հետ: Ինչպես նրա բուժառուներն են վկայում, բժշկուհին անսահման
բարություն ու լավատեսությունն է սփռում իր շուրջը: Լինելով համարձակ և գիտակ մասնագետ` միևնույն ժամանակ բժշկուհին պահպանում է հայ կնոջը բնորոշ նուրբ ու փխրուն հատկությունները:
-Բժշկուհի, հոմեոպաթիան դասական բժշկությանը այլընտրա՞նք է, թե` լրացում։
-Այսօր, հուրախություն մեզ, տենդենցը գնում է նրան, որ ավելի շատ խոսում ենք ինտեգրատիվ բժշկության մասին, այսինքն` մենք փորձում ենք մարդու օրգանիզմի առողջացմանը գնալ բոլոր հնարավոր միջոցներով։ Ինքս դրա ջատագովն եմ, երբ դասական բժշկությանը, հնարավոր և անհրաժեշտության դեպքում, զուգորդվում է հոմեոպաթիայով, որն այլընտրանքային բժշկության լավագույն տեսակն է։
-Արդյո՞ք հոմեպաթիկ դեղամիջոցներն ունեն ցուցումներ և հակացուցումներ։
-Նոր դեղորայքային միջոցների ցուցումների և հակացուցումների լայն սպեկտր է գրանցվում, և համարձակ կարող եմ ասել, որ հոմեոպաթիայի դեպքում չկան հակացուցումներ։ Եթե փորձված հոմեոպաթ է, ապա նա կգտնի` ինչ դեղամիջոցներով և ինչպես օգնել բուժառուին։ Այստեղ կարևոր է ինչպես դոզան, այնպես էլ դեղամիջոցների ճիշտ նշանակումները։ Այո, վստահորեն կարող եմ ասել, որ հոմեոպաթիկ դեղամիջոցների կիրառելիությունը հակացուցումներ չունի։
-Հոմեոպաթիկ դեղամիջոցներն ունե՞ն պատրաստման հատուկ տեխնոլոգիաներ։
-Այո, դրանք համարվում են պոտենցավորված, այսինքն` նյութը, որից պատրաստվում է դեղամիջոցը, լավ նոսրացվում է և բազմակի պոտենցավորվում։ Պոտենցավորել՝ նկատի ունենք պինդ նյութի դեպքում տրորումը, իսկ հեղուկ նյութերի դեպքում՝ թափահարումը, մի քիչ էլ մեթաֆիզիկորեն ասած` նյութի «հոգին ենք հանում» այդ պահին, քանզի մենք գործ ունենք նյութի ատոմական, մոլեկուլային կառուցվածքի հետ, և այդ նյութի ֆիզիկական ուժը վերածվում է թրթիռի, և արդեն գործ ունենք էներգետիկ թրթիռ-վիբրացիա հասկացության հետ, ոչ թե միայն նյութական արժեքի։
-Արդի բժշկության մեջ մեծ տարածում ունի՞ հոմեոպաթիան։
-Եվրոպական բժշկության մեջ, ինչպես այս մեթոդի սկզբնավորման ծննդավայրում՝ Գերմանիայում, այնպես էլ Անգլիայում, ինչպես նաև Հնդկաստանում, այո, բավականին մեծ տարածում ունի։ Անգամ մի դեպք պատմեմ, որն ինձ համար շատ հաճելի էր, երբ իմ բուժառուն, երբ տեղափոխվեց Բելգիա` բնակություն հաստատելու, և այնտեղ լույս աշխարհ բերեց իր բալիկին, նա մեր հետագա զրույցի ընթացքում նշեց, որ Շվեյցարիայի, Բելգիայի կլինիկաներում ցանկացած մանկաբույժ նաև հոմեոպաթ է։ Այդ աստիճան ընդգրկված է հոմեոպաթիան պաշտոնական բժշկության մեջ։ Նույն պատկերը նաև Ֆրանսիայում է։ Անգամ մեծ Բրիտանիայի թագավորական պալատի բժիշկը հոմեոպաթ է, և թագավորական ընտանիքը այդ ֆոնդը ղեկավարում է և սատարում հոմեոպաթիայի պահպանմանը։ Արաբական Միացյալ Էմիրությունների սուֆիստական ընկերությունները նույնպես փորձում են այդ ուղղությունը զարգացնել։
-Բժշկուհի տեղյակ ենք, որ Դուք Հայաստանի միակ գինեկոլոգ-հոմեոպաթն եք։
-Այո, իրավացի եք, որպես գինեկոլոգ, որը զբաղվում է հոմեոպաթիայով, ցավով կնշեմ, որ ես միակն եմ, քանզի կցանկանամ, որ այս ոլորտը զարգացնողներ շատ լինեն, բոլորը տիրապետեն և կիրառեն հոմեոպաթիայի բուժմոտեցումները։
-Բժշկուհի, ցավոք, հասարակության մեջ հոմեոպաթիայի հանդեպ վստահությունը քիչ է, ի՞նչ կասեք այդ առումով։
-Այո, ցավոք, ինչպես դասական երաժշտությունը, այնպես էլ հոմեոպաթիան ամեն անհատի համար ընկալելի չէ, և մենք էլ` նեղ մասնագետներս չենք էլ դնում այդ նպատակը: Ինչպես իմ փառահեղ ուսուցիչներն էին ասել, մի ձգտեք բոլորին համոզել կամ ապացուցել` ինչ է իրենից ներկայացնում հոմեոպաթիան։ Իրականում այն անձը, որը հասնում է այն գիտակցությանը, որ պետք է գնահատի իր օրգանիզմը, նա չի նայում միջին վիճակագրական տվյալներին, և ընտրում է անհատական, կոնկրետ իր համար բժշկության տեսակ։ Ճիշտ եք, իրականում լայն տարածում չունի, և ոչ բոլորի կողմից է այն ընկալելի որպես բժշկության ուղղվածություն։ Մենք պետք է իրականում աշխատենք տարբեր մակարդակների վրա, եթե բուժառուն կրում է քրոնիկ հիվանդություն, ունի ցածր «կենսուժ», մենք աշխատանք ենք տանում նրա ներքին օրգանների հետ. օրգանոտրոպ դեղամիջոցներ ենք նշանակում` լյարդին, երիկամներին <<օգնող>> միջոցներ: Պաշտոնական բժշկության մեջ էլ ընդունված է պալիատիվ մեթոդը, այսինքն` մեղմել մարդու տառապանքը, երբ դու չես կարող հիվանդությունը օրգանիզմից ամբողջովին հեռացնել, ամոքել։ Այդ իսկ պատճառով մեր ոլորտում էլ, երբ բուժառուն դիմում է ուշացած դեպքերում կամ ծերունական տարիքում, կամ այնպիսի հիվանդություն ունի, որն անհնար է բուժել, այդ դեպքերում մենք օգնում ենք, որ ընթացքը մեղմանա և գանգատները թեթևանան։ Այն ընտանիքները, ովքեր առնչվել են հոմեոպաթ բժշկի հետ, որտեղ տեսել են հոմեոպաթիայի հրաշք արդյունքները, իրենք շարունակում են մնալ հավատարիմ բուժառուներ։
-Բժշկուհի, մի գրառման մեջ նկատեցի, որ հոմեոպաթիայի սկզբունք է «Նմանը բուժում է նմանին» արտահայտությունը։
-Դա նույն վիբրացիան է, որը նշեցի վերևում, այդ սկզբունքի մեջ է մտնում «կենսուժը», որը փորձում է լինել մաքսիմալ ներդաշնակ։ Իսկ եթե այդ մաքսիմալ ներդաշնակության ճանապարհին առկա են խոչընդոտներ, օրգանիզմը դրսևորում է գանգատներ` փռշտոց, հազ, լուծ և մի շարք այլ սիմպտոմներ։ Նույն բնության մեջ գոյություն ունեն բույսեր և նյութեր, որոնք առողջ մարդը եթե կիրառում է, առաջանում է գերզգայունություն: Ամենապարզ օրինակը. դա մեր առօրյա կիրառության մեջ մտած սոխի հանդեպ մեր գերզգայունություն է. արցունքահոսություն, շնչառական ուղիների գրգռվածություն և այլն, և եթե կոնկրետ բուժառուն մեզ դիմում է ալերգիկ բնույթի նման սիմպտոմներով, սոխի դեղամիջոցը պետք է նշանակել, որից հետո իր մոտից գանգատները կանցնեն։ Եվ հիմա, փառք Աստծո, շատ մարդիկ գիտակից են, որ գոյություն ունի աշխարհ, որը մեր 5 զգայարաններով չէ, որ կարելի է ընկալել, կա նաև, այսպես ասած, ավելի նուրբ աշխարհ։ Միջնադարից առաջ և դրանից տարիներ հետո եղել են մարդիկ, որոնք ունեցել են գերզգայունություն։ Մեր հնագույն բժշկության մեջ նույնպես կիրառելի է եղել բնաբուժությունը, այսինքն` կիրառվել է այն ամենը, ինչը եղել է իրենց շրջապատում, հարյուրամյակներ առաջ սինթետիկ դեղամիջոցներ չեն եղել։ Եվ այդ գիտելիքն էլ կիրառելով և փորձարկելով` արդեն դրվում են նորագույն հոմեոպաթիայի հիմունքները։ Այսինքն` զրոյից չի կառուցվել հոմեոպաթիան, այն հիմնվել է հին բուսաբուժության և բնաբուժության հիմքի վրա: Եվ այդ ձևը, որով առավելագույնը նոսրացնելով և թափահարելով պոտենցավորելը և առողջ մարդկանց վրա փորձարկումներ իրականացնելով դուրս է բերվում, թե ինչ էներգիաներ, ինչ ռեակցիաներ են ի վիճակի առաջացնել կոնկրետ այդ նյութերը։
Հոմեոպաթիայի ոսկե դարում շատերի փորձարկումների շնորհիվ մեթոդը ավելի լայն տարածում ձեռք բերեց, և մինչ օրս, փորձարկումներ անելով, ավելի է բարձրանում այդ դեղամիջոցների արդյունավետությունը։
-Բժշկուհի, ինչո՞ւ հենց նեղ մասնագիտացում ընտրեցինք հոմեոպաթիայի ոլորտը, տեղյակ ենք, որ նաև բժիշկ- գինեկոլոգ եք։
-Կյանքը բերեց դրան, քանզի անքննելի են մարդու ճակատագրի ճանապարհները։ Ուղղակի հանգամանքների բերումով հանդիպեցի հոմեոպաթ-բժշկի հետ, և այդ ոլորտը շատ հետաքրքրեց ինձ։ Ես շարունակում եմ մնալ բժիշկ-գինեկոլոգ, բայց հնարավորությունների շրջանակը բավականին մեծանում է, երբ իմ բուժմանը զուգակցվում է հոմեոպաթիան։ Իրականում իմ կյանքի տարբեր էտապներում ինձ ուսանել է լավագույն բժիշկների բանակ, նախ` մեր հայ հոմեոպաթները, ինչպես նաև հնդիկ, ֆրանսիացի, անգլիացի, գերմանացի բժիշկներ, որոնցից ես անսահման շնորհակալ եմ և երախտապարտ, և իրենցից ուսանածը համադրելով իմ փորձառության եւ գիտելիքների հետ, այսօր մեծ սիրով օգնում եմ ինձ դիմած բուժառուներին։
-Հոմեոպաթիայի բուժմոտեցումները եր՞բ ներդրվեցին Հայաստանում։
-Մենք այս ոլորտում ունեցանք լուրջ ձեռքբերում, երբ հոմեոպաթիայի բուժման մեթոդը 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո հայ բարերարների շնորհիվ ներթափանցեց Հայաստան, որպես օգնություն սթրեսի մեջ գտնվող, պատերազմող հայ ժողովրդին, և հիմնադրվեց հոմեոպաթիայի դպրոցը։ Սփյուռքը Հայաստանի հայերին այդ հոգեկան ծանր վիճակից հանելու համար նախաձեռնեց հոմեոպաթիայի դպրոցի ստեղծումը։ Ինչպես ուսուցիչներս էին նշում, Հայաստանը պարարտ հող էր հոմեոպաթիայի կիրառելիության համար, եւ իրենք շատ գոհ էին գրանցված արդյունքներից։ Նաև Հայաստանը իր աշխարհաքաղաքական դիրքով հետաքրքիր կամուրջ էր. Հնդկաստանից, Գերմանիայից, Ռուսաստանի Դաշնությունից պատվիրակությունները մինչ օրս համախմբվում են մեր երկրում գիտաժողովների շրջանակներում։ Մենք շարունակում ենք համագործակցել, և մինչ օրս ասոցիացիայի նախագահ Մարիամ Աշիկի Ղարաբաղցյանի և գերմանացի ուսուցիչ Սաբինա Ցիմերվանի ջանքերով գիտաժողովները շարունակական բնույթ են կրում, և լիահույս եմ, որ այդ հունով էլ կշարունակվի, քանզի կովիդը ցույց տվեց, որ հոմեոպաթիան շատ արդյունավետ բուժմոտեցման տարբերակ է։ Հոմեոպաթներն ահռելի ներդրում ունեցան այդ պահին, և Առողջության համաշխարհային կազմակերպությունը նշեց, որ ալտերնատիվ բժշկությունը պետք է շարունակի իր գործառույթներն իրականացնել, քանզի խոսակցություններ էին շրջանառվում, որ պետք է այդ ոլորտը այլևս չգործի: Բայց, հուրախություն մեզ, այն դեռ օր օրի զարգացում է ապրում, և կարծում եմ, որ մարդու ազատության ճիշտ դրսևորումն է, թե ինքն ինչ բուժմեթոդով է ցանկանում իր առողջությունը վերականգնել, և չի կարելի մարդուն զրկել իրեն ընձեռված այդ հնարավորությունից։
-Ընդունված ավանդույթ է, որը երեխաները ընտրում են իրենց ծնողների ուղին։ Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս է։
-Նախ նշեմ, որ ինքս մեր տոհմի առաջին բժիշկն եմ եղել, հետո քույրս, եղբայրս… Իմ երեխաների դեպքում, անկեղծ կլինեմ, շատ կցանկանայի, որ նրանք նախընտրեին բժշկության դժվարին, բայց միաժամանակ հետաքրքիր աշխարհը, հատկապես հոմեոպաթիայի ոլորտի իմ փորձը ես փոխանցեի իմ երեխաներին, բայց նրանք ընտրեցին իրենց ուղին: Իհարկե, ես ամեն անհրաժեշտ պարագայում իմ տան անդամներին սիրով բացատրում եմ հոմեոպաթիայի դեղամիջոցների հրաշք ազդեցության մասին, հատկապես հարսիկիս՝ Սոնա Փափազյանին, ով ատամնաբույժ է և երեք երեխաների մայր:
Իրականում ես անընդմեջ փորձում եմ ինձ շրջապատող մարդկանց համար բացահայտել այս դեղամիջոցների դրական ազդեցությունը, որն, ըստ իս, ձեռքբերված հարստություն է, որը պետք է փոխանցել մեզանից հետո եկող սերնդին։ Չգիտեմ, միգուցե թոռնիկներս ընտրեն իմ ուղին. ապագան ցույց կտա։
-Բժշկուհի, տեղյակ ենք, որ Քաշմիրի Շաիվիզմի միջազգային որակավորմամբ յոգայի մարզիչ եք: Կմանրամասնե՞ք:
-Այո, յոգայի մարզիչ եմ, ուղղակի ժամանակի սղության պատճառով յոգայի պարապմունքները տեղափոխվեցին առցանց հարթակ, որտեղ ես մեծ սիրով աշխատում եմ և հիմնականում իմ ծննդավայր Գավառի բուժառուների հետ, որտեղ էլ ամռան ամիսներին՝ շաբաթ և կիրակի օրերին հանդիպում ենք և անցկացնում առողջարար յոգայի դասեր, մեթոդ, որը բերում է մտքի խաղաղություն, ֆիզիկական առողջության վերականգնում, որի կարիքը տարիքի հետ ավելի է զգացվում: Իրականում յոգան լայն ճյուղ է և ընդգրկուն, որի օգնությամբ հոդերը կսկսեն ավելի ուշ ծերանալ, էներգիան կավելանա, լիմֆատիկ ուղիներում հոսքը կկարգավորվի, իսկ ներքին օրգանների որոշ խնդիրների դեպքում միտված տարվում են կոնկրետ ասաններ: Պետք է ինտեգրվել այս ամենի մեջ, մարդուն տանել առողջության, այսպես ասած «առ ողջություն», և միայն քիմիական դեղամիջոցներով ճիշտ չէ բուժօգնություն ցուցաբերել, քանզի ամեն մարդ յուրահատուկ է, պետք է յուրահատուկ բուժմոտեցում ցուցաբերել։ Կա միջին ստատիստիկ մարդ, կա գիտական բժշկություն, կան փորձարկումներ, բայց ամեն ոք իր խնդիրներն ունի, անձնական և հոգեկան զարգացումը, գենետիկ ծանրաբեռնվածությունը, ի վերջո տրավմաները, և այս բոլորի հետ համակցված պետք է հաշվի նստել և կարողանալ անհատապես օգնել, այս դեպքում հոմեոպաթիայից ավելի լավ միջոց ես չգիտեմ։
-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հանրությանը, մեր ընթերցողներին:
-Առաջանահերթ կցանկանամ, և ինչու չէ, մեր երիտասարդներին կոչ կանեմ, որ շատ երեխաներ ունենան, քանի որ մեր ազգի համար այսօր շատ կարևոր գենոֆոնդի դեմոգրաֆիկ աճի խնդիր կա: Մենք ունենք Աստվածատուր բացառիկ գենետիկ հատիկ, որն պետք է ծլարծակի, արարի և շատանա։ Եղեք առողջ, ինքներդ ձեր հանդեպ ներդաշնակ:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆ
Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան
Այսօր մեր երկրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտը համալրված է ախտորոշման և բուժման համար նախատեսված վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս բարձր որակավորում ու փորձ ունեցող մեր մասնագետներին իրականացնել նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունները:
Մեր զրուցակիցն է վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Հոգատար ու բանիմաց բժիշկն իր ծով գիտելիքների և սեփական աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ հիվանդների առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր ու իր թիմի կատարած բարդ վիրահատությունների մասին վկայում են օրհասական վիճակում հայտնված, բայց բժիշկների արհեստավարժության շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները` շնորհակալության խոսքեր շռայլելով իրենց իրապես առողջություն պարգևած բժշկին:
-Պարոն Մոմջյան, ո՞ր դեպքերում են ցուցվում ողնաշարի ռեկոնստրուկտիվ և ֆիքսացիոն վիրահատությունները:
-Իրականում տարատեսակ դեպքերում ենք դիմում այդ վիրահատական միջամտություններին. օրինակ` նեղացումների, տեղաշարժների, սկոլիոզների, կոտրվածքների, ողեր փոխելու կամ ողը հեռացնելու դեպքերում։ Մեր տարածաշրջանում համեմատական կարգով քիչ դեպքերում են դիմում այդպիսի վիրահատությունների, քանի որ դրանք բավականին բարդ միջամտություններ են:
Ռեկոնստրուկտիվ և ֆիքսակցիոն վիրահատությունները ցուցված են ողնաշարի այն ուռուցքների դեպքում, որոնք առաջացնում են ողնաշարի հենաշարժիչ գործառույթի զգալի խանգարումներ: Նշյալները ցուցված են նաև պրոգրեսիվող սպոնդիլոլիստեզի դեպքում, երբ ողի մարմինը տեղաշարժված է լինում իր առանցքից առաջ կամ հետ: Կարևոր է իմանալ, որ հիվանդության ի հայտ գալուց հետո բուժառուն որքան շուտ է դիմում մասնագիտացված բուժօգնության, այնքան իրականացվող բուժումն առավել արդյունավետ է լինում:
Կան նաև բուժման այլընտրանքային միջոցներ:
-Բեխտերևի հիվանդությունը կարո՞ղ ենք համարել դատավճիռ։
- Այո, ցավոք սրտի, այդ հիվանդությունը կարող ենք համարել դատավճիռ, քանզի արդի տեխնիկական հագեցվածության և նոր ուղեցույցների առկայության դեպքում, անգամ բուժումից հետո այդ հիվանդությունը կարող է կրկնվել: Ողնաշարի ամբողջական ֆիքսացիայի, այսինքն` սերտացման դեպքում մենք ուղղում ենք ծռվածությունը: Այն ողնաշարի բորբոքային հիվանդությունների շարքին է դասվում։ Բուժման տարբերությունը լինում է այն, որ մեղմանում են ցավերը։ Սինդրոմը մշտական բնույթի ցավերն են մարմնի տարբեր հատվածներում, հիմնականում` ողնաշարում։
-Կրծքային ցավեր ողնաշարի հատվածում: Ինչի՞ պատճառահետևանք է:
-Մեծ մասամբ դա չշարժվելու, հիպոդինամիայի ցավեր են` կախված մշտական մի դիրքից, երկարատև նստակյաց աշխատանք ունեցողների մոտ: Պետք է աշխատեն ֆիզիկական ծանրաբեռնվածություն կրել, զբաղվեն սպորտային շեյպինգով, կարատեով, բոքսով, և ակտիվ շարժումներից հետո ցավերն անցնում են։ Կամ դիմեն մանուրալ թերապիայի, մասաժների, որոնք նույնպես կանցկացնեն ցավերը։
-Ողնաշարի ուռուցքային հիվանդություններ։ Հաճա՞խ են հադիպում Ձեր աշխատանքային պրակտիկայում:
-Դրանք բուն ուռուցքային հիվանդություններ չեն, այլ առաջանում են տարբեր հիվանդություններից: Երբեմն կարիք է լինում միջամտելու, ողնուղեղը դրանցից ազատելու, ցավերի պատճառը ֆիքսելու համար, բայց դրանք համեմատաբար քիչ ենք կիրառում` կապված թե՛ ֆինանսների , թե հիվանդության ընդհանուր ծանրության հետ։
-Պարանոցային հատվածի ստենոզը ինչի՞ արդյունք է։
-Ստենոզները հիմնականում դեգեներատիվ փոփոխությունների արդյունքում են զարգանում։ Դիսկերը փոփոխվում են, հաստանում են կապանները, հոդերը մեծանում են, որի արդյունքում անցքը նեղանում է, և ողնուղեղը սկսում է տուժել, ձեռքերի և ոտքերի թուլություն է լինում։ Պարանոցային հատվածի ստենոզը ավելի ծանր ընթացք ունի, իրենից վտանգ է ներկայացնում, քանզի այն բերում է պարեզի, պարալիչի։
-Բժիշկ, ի՞նչ է իրենից ներկայացնում սպոնդիլոլիսթեզը:
-Սպոնդիլոլիսթեզը ողնաշարային սյան դեգեներատիվ փոփոխություններն են, որոնք ուղեկցվում են ուժեղ ցավային համախտանիշով: Ավելին, հաճախ նկատվում է գոտկային 5-րդ ողի տեղաշարժ սրբոսկրի նկատմամբ: Թեև հիվանդությունը զարգանում է դանդաղ՝ մի քանի տարվա ընթացքում, այնուհանդերձ, կարող է առաջանալ նաև հանկարծակի՝ վնասվածքի դեպքում։ Արտահայտվում է ցավով, ողնաշարի համապատասխան հատվածի շարժումների զգալի սահմանափակմամբ: Այն ողնաշարի պաթոլոգիա է, որի ժամանակ տեղի են ունենում ողերի տեղաշարժ դեպի առաջ կամ միջողնային սկավառակի կազմափոխական փոփոխություններ։ Այն հանդիպում է մանկական հասակում, երբ բնածին թերություն է լինում ողնաշարում։ Դրա առաջացմանը նպաստում են ողնաշարի այլ հիվանդությունները, ինչպես նաև ֆիզիկական ծանր աշխատանքը, գիրանալը: Այն առաջացնում է ողնաշարի հոդերի բորբոքում, ինչի հետևանքով կաշկանդվում է շարժումների ծավալը ողնաշարում, առաջ է գալիս մշտական լարվածություն, ցավի զգացում, այն միշտ ուղեկցվում է դեգեներատիվ փոփոխություններով: Հոդերի դեֆորմացիան ընդգրկում է պարանոցային և գոտկային հատվածը: Պարանոցի շրջանում ախտահարումների ժամանակ հիվանդները նշում են մշտական լարվածություն և ցավի զգացում: Նման դեպքերում վիրահատարանում՝ ռենտգեն հսկողության տակ, դեպի ախտահարված հոդագլխիկները տեղադրվում են հատուկ էլեկտրական սարքեր, որոնց ճիշտ դիրքը որոշվում է ստիմուլյացիայի փորձով, ապա կատարվում է դեներվացիա, ինչի հետևանքով վերանում է ցավի զգացումը: Որպես կանոն, միաժամանակ կատարվում է չորս հոդերի դեներվացիա: Հիմնական արդյունքը զգացվում առաջիկա ամիսների ընթացքում, որից հետո այն ամրապնդելու համար ցուցված են բուժական ֆիզկուլտուրա և որոշ ֆիզիոթերապևտիկ գործողություններ (պրոցեդուրաներ):
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է:
-Իրականում այսօր կան լավագույն երիտասարդ կադրեր, որոնք ձգտող են, պրպտող, մենք՝ ավագ սերունդս, իրենց օգնում ենք գիտելիքների ամրապնդման հարցում, ուղղորդում ճիշտ ճանապարհով: Ընդ որում, ինտերնետ պորտալի շնորհիվ նրանց հնարավորությունները շատ ավելի մեծ են, քան մեր տարիներին էին: Նրանք ավելի շատ են շփվում արտերկրի տարբեր մշակույթների, բարքերի հետ, նրանց հնարավորություններն ավելի լայն են, քանի որ դրսից էլ են բժիշկներ գալիս Հայաստան, և տեղի է ունենում փորձի փոխանակում: Մեր ստեղծած հիմքերը երիտասարդ կադրերին հնարավորություն են տալիս ավելի շատ վերելք ապրել ոլորտում։ Իմ ասիստենտները բավականին վիրահություններ են անում. 15-20 տարի առաջ միայն ես էի Երևանում այս վիրահությունները կատարում։ Հիմա Հայաստանում բավականին մեծ քանակով մարդիկ աշխատում են իմ բուժմոտեցումներին համապատասխան:
-Իսկ որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաև կանխարգելիչ ստուգումների: Ախտաբանական բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում մենք կարողանում ենք օգնել բուժառուին, մեր կլինիկայում ներդրված վիրահատական միջամտության ձևերը Հայաստանի այլ կլինիկաներում ներդրված չեն: Եվ միայն մեզանից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա այդ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել ու վերադարձնել ողնաշարի առողջությունը: Ուղիղ և առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է: Ամենայն բարիք, Աստված բոլորիդ հետ:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Բժշկությունը օր օրի զարգանում է, և պետք է մշտապես զգանք նորարարության զարկերակը
Ակնաբուժությունն առողջապահական այն ճյուղերից է, որից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, և այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն: Չնայած տարեցտարի կատարելագործվում են բուժման մեթոդները, տեխնիկական հագեցվածությունը, նորարարական մոտեցումները, սակայն, ցավոք, տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն անընդհատ մեծանում է:
Արդի ակնաբուժության մեջ աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, և դրանց ախտանշանները կարող են շատ նման լինել միմյանց, ուստի ոչ բոլորն են տարանջատում դրանք:
Այսօր Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ունի բոլոր անհրաժեշտ նախապայմանները բանիմաց և գրագետ բժիշկների բանակով և արդիական սարքավորումներով որակյալ բուժօգնություն ցուցաբերելու համար:
Այս անգամ մեր զրուցակիցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Աչքի հյուսվածքների բանկի ղեկավար ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆ է: Անկաբուժությանը նվիրյալ մասնագետ, ով իր գործում պրոֆեսիոնալ, բարձր արժեքներ կրող բժիշկ է: Մեր զրույցը բժշկուհու հետ ծավալվեց Աչքի հյուսվածքների բանկի ստեղծման շուրջ:
Անի Համբարձումյանը 2004թ. մինչ օրս «Աչքի հյուսվածքների բանկ»-ի ղեկավարն է:
2004թ. բժշկուհին անցել է ֆելլոուշիփ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի «The Central Florida Lions Eye and Tissue Bank»-ում՝ ձեռք բերելով սերտիֆիկատ` աչքի բանկի ճիշտ գործունեությունը կազմակերպելու վերաբերյալ: 2005 թվականին առաջին անգամ Հայաստանում ներդել է ամնիոտիկ (սաղմնապարկի) թաղանթի մշակման ձևը և կիրառումը ակնաբուժության մեջ:
2010թ. անցել է Կլինիկական ֆելլոշիփ, Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա, (Mahatme Աչքի բանկ և աչքի հիվանդանոց, Նագպուր, Հնդկաստան): Բժշկուհին 2010թ. պաշտպանել է թեզ «Ամնիոտիկ (սաղմնապարկի) թաղանթի ներդրման սկբունքները, մշակման ու պահածոյացման հիմունքները և դրա կիրառումը ակնաբուժական պրակտիկայում» թեմայով:
2023 թվականին անցել է ֆելլոուշիփ «Lions World Vision» աչքի բանկում:
1996 թվականից Ակնաբույժների հայկական ասոցիացիայի անդամ է: Մասնակցել է մի շարք սեմինարների և կոնֆերանսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Մոտ 30 հրատարակությունների հեղինակ է և համահեղինակ:
Մեծ է բժշկուհու առաքելությունը և անփոխարինելի, քանի որ գործ ունի մարդու այնպիսի կարեւոր օրգանի հետ, ինչպիսին աչքն է, որի բուժման մեկ աննշան շեղումը բավական է, որ այն ճակատագրական եւ անդառնալի լինի հիվանդի համար:
Բանիմաց և իր գործին նվիրյալ բժշկուհի, իր գործի գիտակ, ով բազմաթիվ մարդկանց աչքի լույսն է փրկել եւ դեռ շարունակելու է փրկել: Նա փորձում է իր աշխատանքին մշտապես թարմ շունչ հաղորդել՝ պահպանելով մալայանական ընտանիքի ավանդույթները, բարձր պահելով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վաստակած կոչումը:
Բժշկուհու խոսքերով. «Աչքի հյուսվածքների պահպանման տեխնիկայի հիմնադիրը եղել է ուկրաինացի ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը, իսկ գաղափարն ինքնին մշակվել է դոկտոր Թոնվի Պատոնի կողմից, ով 1944 թվականին բացել է առաջին Աչքի հյուսվածքների բանկը ԱՄՆ-ում: Ֆիլատովը սկսել է եղջերաթաղանթի փոխպատվաստման նոր դարաշրջան՝ սահմանելով եղջերաթաղանթի պահպանման համար հստակ ջերմաստիճան:
Հայաստանում առաջին «Աչքի հյուսվածքների բանկը» ստեղծվել է 1979թ. (Հայաստանի ՍՍՀ-ի ԱՆ հրաման N 991 06.06 1979) Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում (այդ պահին կոչվում էր «Աչքի ռեսպուբլիկական դիսպանսեր»), որը ղեկավարել է Լիլիա Գալստյանը և զբաղվել է էմբրիոնալ եղջերաթաղանթի երկարատև պահածոյացմամբ: Իսկ Հայաստանում եղջերաթաղանթի առաջին փոխպատվաստումը (թափանցող կերատոպլաստիկա) մեծահասակ հիվանդին կատարվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Ալեքսանդր Մալայանի կողմից:
Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Աչքի հյուսվածքների բանկը» զբաղվում է փոխպատվաստման համար բարձրորակ աչքի հյուսվածքի որոնմամբ, հավաքագրմամբ, պահածոյացմամբ և առաքմամբ: «Բանկ» սահմանումը ի հայտ է եկել կուտակման և պահեստավորման հետ կապված գործառնությունների անալոգիայով:
Այժմ Ս.Վ. Մալայանի ակնաբուժական կենտրոնում տարեկան կատարվում է մոտ 100-ից ավելի տարբեր տեսակի կերատոպլաստիկա վիրահատություն (թափանցող, շերտավոր)։ Սակայն եթե լինի դոնորական եղջերաթազանթի տրանսպլանտատի հիմնական աղբյուր և չլինի դրա դեֆիցիտ, կերատոպլաստիկա վիրահատության թիվը կաճի, քանի որ ունենք փոխպատավաստմանը սպասող մեծ թվով հիվանդներ։
Աչքի հյուսվածքների բանկը զբաղվել է նաև գիտական աշխատանքներով, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվել է երկու թեզ։
2004թ. Աչքի հյուսվածքների բանկը նաև մշակել է Ռացիոնալիզատորական առաջարկ «Եղջերեթաղանթի տրանսպլանտատի վերցման եղանակ», որտեղ նկարագրված է դոնորական եղջերենու ճիշտ անջատելու ձևը` պահպանելով վերջինիս շերտերի կառուցվածքը, որը պիտանի կլինի փոխպատվաստման համար։
Մյուս հյուսվածքներից է սկլերան, որը նույնպես վերցվում է մահացած մարդուց: Ինչ վերաբերում է մյուս հյուսվածքին` ամիոտիկ թաղանթին, ապա Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը պայմանագիր է կնքել Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի հետ, և այնտեղից հատկացնում են հարպտղային թաղանթ, այսինքն` ամբողջական թաղանթը, որը պարունակում է և՛ ամիոն, և՛ խորիոն ու հատուկ մշակում անցնելուց հետո ենթակա է օգտագործման: Այն ունի հակավիրուսային և հակաբակտերիալ հատկություններ, լավացնում է ռեգեներացիան, նվազեցնում բորբոքումը և նպաստում նորագոյացած անոթավորման հետզարգացմանը, նաև պարունակում է աճման ֆակտորներ: Եղջերենու 0,5-1,0մմ թափածակումների դեպքում կատարվում է ամիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիա` աչքը փրկելու, միգուցե նաև հետագայում տեսողություն ստանալու նպատակով:
Կցանկանայի, որ Հայաստանում, մեր բնագավառում էլ գործեր այդ դպրոց ասվածը, որպեսզի այդ ամենի մասին մեր ազգաբնակչությունը տեղեկացվեր և ավելի թեթև վերաբերվեր դոնոր հանդիսանալու հանգամանքին:
Իրականում մենք տվել ենք մեր ողջ ներուժը, տարիներ շարունակ կատարել ենք անհնարն ու հնարավորը, հաճախ` առանց հանգստի:
Բժշկությունը օր օրի զարգանում է, և պետք է մշտապես զգանք նորարարության զարկերակը։
Այո, վստահորեն կարող եմ ասել, որ մենք բարեխղճորեն կատարում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ մարդկանց վերադարձնում եք հավատ ու հույս՝ նպաստելով կյանքի որակի բարձրացմանն ու վերաիմաստավորմանը, և, կցանկանամ Արարչի կողմից պարգևած ամենամեծ պարգևը` օրվա լույսը մշտապես փայլի մարդկանց աչքերում։
Այսօր բուժաշխատողների ուսերին դրված է ինչպես մասնագիտական, այնպես էլ մարդասիրական շատ մեծ ծանրաբեռնվածություն: Նրանց կարեկցանքը, ինքնազոհությունը, սրտացավությունը, պատասխանատվության բարձր զգացումը, անմնացորդ նվիրումը, մարդասիրությունն ու հայրենասիրությունը մշտապես նպաստել են հազարավոր մարդկանց ցանկացած իրավիճակում արժևորվել և բարձր գնահատել բուժաշխատողների աշխատանքն ու դերը։ Վստահ եմ, մեր անձնվեր աշխատանքը միշտ, բոլոր ժամանակներում բարձր է գնահատվելու: Այսօր այդ ամենը վերապրելու ու մեր անցած ճանապարհը վերագնահատելու ժամանակներն են:
Իսկ, որպես վերջաբան ասեմ, որ մոտ ապագայում Աչքի հյուսվածքների բանկը կունենա նոր ասելիք: Սպասեք նորարական բուժմոտուցումների: Առողջ եղեք»:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Իրականում գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ
Տեսողության տարբեր խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, եւ Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժական կլինիկաներում կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից եւ կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը:
Բժշկական երկարամյա դարբնոցում մշտապես արծարծվում են այն մարդկանց անունները, ովքեր տարբեր տարիների ընթացքում կարևոր ներդրում են ունեցել բժշկագիտության զարգացման, սերունդների կրթման, գիտական և կրթության համակարգի կայացման գործում:
Մեր զրուցակիցն է ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, կենտրոնի անմնացորդ և նվիրյալ զավակ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, ում երկար տարիների նվիրյալ աշխատանքն իսկապես մեծագույն սխրանք է: Նրա բազմամյա վաստակը բժշկության մեջ պարզապես անգնահատելի է, իսկ ավյունն ու ջանասիրությունն օրինակ կարող են լինել շատ-շատերի համար:
Այդ ամենը նրան հաջողվել է շնորհիվ տարիների քրտնաջան աշխատանքի, հայրենասիրության, ակնաբուժության հանդեպ անսահման սիրո, մասնագիտական ճիշտ ու արդյունավետ մոտեցումների, որոնցից մեկը կրթության և գիտության հավերժ կապի պահպանումն է, ինչը իր ղեկավարած բաժանմունքի հիմնաքարն է: Ի դեպ, «Որակի նշան» ընկերությունը, ամփոփելով տարին, ընկերության կողմից կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Գեորգի Գրիգորյանին ճանաչեց «Որակի նշան-Տարվա բժիշկ-2025»-ի մրցանակակիր։
-Պարոն Գրիգորյան, ո՞ր դեպքում է ցուցված վիտրեկտոմիան:
-Վիտրեկտոմիան վիրահատական միջամտություն է, որի ժամանակ աչքի ապակենման մարմինը ամբողջությամբ կամ մասնակի հեռացվում է:
Վիտրեկտոմիայի հիմնական նպատակը աչքի ներսի անոմալիաների կամ վնասվածքների շտկումն է, որոնց միջոցով հնարավոր է բարելավել տեսողությունը կամ նվազեցնել աչքի հետագա վնասումը: Այն ցուցված է ցանցաթաղանթի շերտազատման, շաքարային դիաբետի հետևանքով ակնահատակում առաջացած փոփոխությունների, աչքի վնասվածքների, ինչպես նաև ապակենման մարմնում արյունազեղումների առկայության դեպքում:
Այս թեմայի շուրջ ես վաղուց գիտական թեզ եմ պաշտպանել, և արդի բժշկության մեջ կան այդ մեթոդը լիրաժեք տիրապետողներ, որոնցից մեկը, հպարտորեն կարող եմ նշել, որ իմ տղան է` մեր կենտրոնի ակնաբույժ Լեւոն Գրիգորյանը: Իրականում գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Բժշկագիտության մեջ ամենակարևորը անձնվիրումն ու գաղափարն է՝ կա գաղափար, լուծում գտնելն արդեն դառնում է տեխնիկական գործընթաց։
-Շաքարային դիաբետը աչքերի ի՞նչ խնդրի կարող է հանգեցնել։
-Կարող է հանգեցնել դիաբետիկ ռետինոպաթիայի, որի դեպքում ախտահարվում է աչքի ցանցաթաղանթը: Զարգացող երկրներում այն կուրության հիմնական պատճառն է: Շաքարային դիաբետով (և՛ առաջին, և՛ երկրորդ տիպի) բոլոր հիվանդները ռիսկի խմբում են։ Որքան երկար մարդն ունի շաքարային դիաբետ, այնքան որևէ ակնային հիվանդության առաջացման հավանականությունն ավելի մեծ է։ Առաջին հերթին այն կարող է բերել կուրության։
Առաջնահերթ տուժում են աչքերն ու երիկամները։ Իհարկե, դրան հասնում են բարդացած, բարձիթողի իրավիճակներում։ Հայկական մտածելակերպ է` մինչև դանակը ոսկորին չի հասնում, չեն դիմում բժշկի օգնությանը։ Մենք անում ենք հնարավորն ու անհնարը` պայքարելով այդ դարի չարիք համարվող հիվանդության պատճառահետեւանքների դեմ։ Բայց եթե բարձիթողի վիճակում են, լինում են դեպքեր, երբ կորցնում են մեկ, հետո երկրորդ աչքը: Ցավոք, մեր պրակտիկայում դեռ հանդիպում են նման դեպքերը։ Արդի զարգացում ապրող դարում դրա դեմ պայքարելու միջոցները բավականին շատ են, եթե իհարկե ժամանակին դիմեն բժշկի։
-Իսկ ինչի՞ց է առաջանում կատարակտը:
-Կատարակտը պաթոլոգիա է, որը բնութագրվում է աչքի ոսպնյակի դանդաղ մթագնմամբ (թափանցիկության խանգարմամբ): Այն լինում է միակողմանի եւ երկկողմանի: Առավել հաճախ հանդիպում է երկրորդ տեսակը: Դրա առաջացմանը կարող են նպաստել 2-րդ կամ 1-ին տիպի շաքարային դիաբետը, աչքի վնասվածքների կամ բորբոքային պրոցեսների առկայությունը, աչքի վիրահատական փոփոխությունները, գլյուկոկորտիկոիդների բավականին երկարատեւ ընդունումը, ինչպես նաեւ ծխելը, իոնացնող ճառագայթումը, ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատեւ ազդեցությունը: Հղիության ընթացքում վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների կամ ուժեղ դեղամիջոցների ընդունման հետեւանքով նույնպես պտղի մոտ կարող է նկատվել բնածին կատարակտ:
Կատարակտը վիրահատում են ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով, որի ընթացքում աչքի մեջ տեղադրվում է արհեստական ոսպնյակ:
-Ի՞նչ պաթոլոգիա է կերատիտը:
-Կերատիտը եղջերաթաղանթի բորբոքումն է, վերջին շրջանում, ցավոք, բավականին մեծ տարածում ունի, և շատացել են վիրուսային, թարախային, տրավմատիկ կերատիտները, եւ այսօր արդի ակնաբուժության զինվածությունը թույլ է տալիս ստանալ բուժման լավագույն արդյունքներ։ Լինում են վիրուսային, բակտերիալ և սնկային ծագման: Վերջին երկուսը եղջերաթաղանթը ախտահարում են՝ հաճախ ներթափանցելով մեխանիկական վնասման ժամանակ:
- Ի՞նչ է չոր աչքի համախտանիշը:
-Չոր աչքի համախտանիշը կարող է պայմանավորված լինել բազում պատճառներով: Դրանց շարքին են դասվում որոշ աուտոիմունային եւ այլ լուրջ հիվանդությունները, ինչպես նաեւ որոշակի դեղորայքի ընդունումը, համակարգչի եւ պլանշետների չարաշահումը, օդի աղտոտվածությունը, ալերգիաները, ծխախոտի չարաշահումը, կոնտակտային լինզաներ կրելը եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը:
-Ցանկացած կայացած տղամարդու թիկունքում սիրող և գիտակից կին է կանգնած։ Տեղյակ ենք, որ Ձեր կին էլ է առողջապահության ոլորտից։ Մի փոքր կպատմեն՞ք ձեր ընտանիքից:
-Այո, իրավացի եք, իմ կինը նույնպես ակնաբույժ է` մանկական: Նա միշտ իմ թիկունքին ամուր կանգնած է եւ մինչ օրս օգնում է ցանկացած իրավիճակում, եւ մենք միշտ խորհրդակցում ենք ցանկացած հարցի շուրջ: Իրականում իմ ընտանիքի բոլոր անդամները բժիշկներ են, աղջիկս ավելի շատ ընդգրկված է առողջության ոլորտում մենեջմենթի ուղղվածությամբ, տղաս՝ Լեւոն Գրիգորյանը, ինչպես վերը նշեցի, կայացած բարձր մակարդակի ակնաբույժ է, եւ թող ամպագոռգոռ չթվա, ես իմ աչքերի լույսը վստահել եմ իրեն. վիրահատել է աչքս, և բավականին լավ արդյունք է գրանցվել։
Իրականում այսօր երիտասարդ կադրերի համար ստեղծված են բոլոր պայմանները` վերազինվելու արդի գիտելիքներով և վերապատրաստվելու: Իսկ մեր ուսանելու խորհրդային տարիներին այդ հնարավորությունները քիչ էին։ Իմ տղան մի քանի անգամ է անցել վերապատրաստումներ կատարակտի թեմայով, վիտրեկտոմիայի կատարելագործման մեջ Հնդկաստանի Բիխար նահանգում եւ կրկին անցնելով այլ վերապատրաստումներ` այսօր Հայաստանում վիտրեկտոմիա կատարող լավագույն մասնագետներից մեկն է: Լեւոնի կինը՝ Աիդա Աբովյանը «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ակնաբույժ է։ Նա բազմիցս է անցում վերապատրաստումներ, նաեւ անցել է ֆելլոուշիփ Հնդկաստանում։ Իրականում ես իմ երեխաներին երբեք չեմ ուղղորդել մասնագիտության ընտրության հարցում, ուղղակի իրենց մեջ դեռ մանկուց սերմանվել է բժշկությունը: Լեւոնը դեռ մանկուց ինձ հետ գալիս էր հիվանդանոց, ուսանելու տարիներին 3-րդ կուրսից սկսեց աշխատել հիվանդանոցում։ Ինքը սիրեց իր մասնագիտությունը։ Եվ այսօր ուրախալի փաստ է, որ միջին տարիքի ակնաբույժների երեխաները կրկին ցանկանում են ընտրել իրենց ծնողների ուղին։ Ես գովելի եմ դա համարում։ Ասացվածք կա` պտուղը ծառից հեռու չի ընկնի։
- Եվ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Այսօր բուժառուն իրականում շատ պահանջատեր է, եւ բժշկին առաջվա գոհունակությունը հայտնողներն այսօր ավելի քիչ են, ամեն քայլափոխի դժգոհում են`չնայած իրականում ունենում են բուժման փայլուն արդյունք։ Փոխվել է մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, որն իրականում ազդում է նրանց մտածելակերպի վրա: Բոլորին մաղթում եմ առողջություն, հանդուրժողականություն, համբերություն։ Ես ունեմ մի մոդուս` երբեք հիվանդին չվնասել, բուժել, օգնել հիվանդին` հնարավորության դեպքում` անգամ անվճար: Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և հավատացեք, հաջողությունը մշտապես կժպտա:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Երանուհի Վարագյան
Առողջությունը ետք է վստահել բանիմաց մասնագետներին, որպեսզի հետագայում չբախվեն բարդացած իրավիճակների
Քիթ-կոկորդ-ականջաբանությունը այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ և պահանջարկված ուղղություններից մեկը: Մասնագետների հավաստմամբ՝ մեր տարածաշրջանում բժշկության քիթ-կոկորդ- ականջաբանության ճյուղում ժամանակակից մոտեցումները, ախտորոշման և բուժման նորագույն մեթոդներն ու բժիշկների գիտելիքների բազայի շարունակական ընդլայնումը հնարավորություն են տալիս բուժման գործընթացում ընդգրկել ՔԿԱ հիվանդությունների ամբողջ սպեկտորը:
Մեր զրուցակից «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» քիթ-կոկորդ-ականջաբան Երանուհի Վարագյանն իրականացնում է քիթ-կոկորդ-ականջաբանական ծառայությունների լայն սպեկտր՝ մասնավորապես ԼՕՌ հիվանդությունների կոնսերվատիվ բուժում, ԼՕՌ հիվանդությունների և բարդությունների պլանային և շտապ վիրաբուժական միջամտություններ: Վերապատրաստման եւ վարպետության դասեր է անցել Բելգիայի Բրյուսել, Ֆրանսիայի Փարիզ, Իսպանիայի Բարսելոնա քաղաքներում, ինչպես նաեւ Ալեքսանդրիայում, ԱՄՆ (Սան Ֆրանցիսկո), Գերմանիայում, Սինգապուրում, երկու անգամ Ավստրիայում, այնուհետեւ Զազբուրգում, Վիեննայում եւ Դուբայում։
Բժշկուհին ընտրել է դժվարներից դժվարը՝ բժշկի մասնագիտությունը և երբեք չի զղջացել: Առաջնորդվել է իր և այլոց նկատմամբ պահանջկոտությամբ՝ խիստ կարևորելով ամենօրյա ուսուցումը, տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Նա հանրության շրջանում ճանաչված է որպես իր մասնագիտական պատասխանատվությունը լավագույնս գիտակցող, իր գործին այդ պարտքի խորը կարևորությամբ վերաբերվող բժիշկ: Այս ամենը լրացնում է նրա մարդասիրությունը՝ յուրաքանչյուր հիվանդի վերաբերվել յուրովի՝ պատրաստ լինելով հանուն նրա առողջության սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը:
-Բժշկուհի, Ձեր կարծիքով քիթ-կոկորդ-ականջաբանությունը զարգացա՞ծ է Հայաստանում:
-Իհարկե, Հայաստանում քիթ-կոկորդ-ականջաբանությունը առաջատար դիրքերում է, որի վկայությունն է միջազգային ֆորումներում մեր մասնագետների բարձրակարգ մասնակցությունները, փորձի փոխանակումները և վերջապես, մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացումը։
-Բուժառուն ինչպե՞ս հասկանա՝ որտե՞ղ է խնդրահարույց օջախը. չէ՞ որ նա երեք փոխհամակցված օրգանի հետ խնդիր ունի:
-Իրոք, այս երեք փոխհամակցված օրգաններից որևէ մեկի ախտահարումը անպայման ազդում է մյուս երկու օրգանների վրա, ուստի բուժառուն շատ հաճախ չի կարող հստակ կողմնորոշվել, թե որտեղ է տեղակայված առաջնային խնդիրը, այդ իսկ պատճառով պետք է վաղ դիմել նեղ մասնագետի օգնությանը, այլապես բուժումը երկարատև կլինի` ուղեկցվող սրացումներով և բարդություններով։
-Ի՞նչ է օտիտը։
-Օտիտը ականջաբորբն է. մեր լսողական օրգանն ունի երեք բաժիններ` արտաքին, միջին և ներքին։ Այս բոլոր երեք բաժիններից մեկի ախտահարումը առաջացնում է օտիտ, որի տեսակներն են` արտաքին օտիտ, միջին օտիտ և ներքին օտիտ։ Լինում են սուր, ենթասուր, խրոնիկական օտիտներ, ինչպես նաև կարող են հանդիպել չոր կատարալ, էքսուդատիվ օտիտներ։ Եթե մենք փորձենք խոսել օտիտների ծագումնաբանության, առաջացման պատճառների, ախտահարման, բուժման և կանխարգելման մասին, մեր ժամանակը հավանաբար չի բավարարի։
-Խոսենք հարքթային խոռոչների բորբոքային խնդիրներից. մանրամասնեք, խնդրեմ, դրանք։
-Հայտնի է, որ քթի յուրաքանչյուր կողմում կան օդակիր խորշիկներ, որոնք ապահովում են թե քթային նորմալ շնչառությունը, դրա ֆունկցիան, օդի արիացիան, հետևաբար բավականին մեծ նշանակություն ունեցող տարածքներ են դրանք, որոնք մասնակցում են օդի մաքրմանը և հոսքին։ Շատ հաճախ, քանի որ քթի լորձաթաղանթը կապ ունի նաև քթի խոռոչների լորձաթաղանթի հետ, երկարատև, ձգձգվող, քթային վերքերի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսը կարող է տարածվել նաև այս խոռոչների վրա` առաջացնելով խոռոչի լորձաթաղանթի այտուց, և բնական ուղիների սաուստիաների փակվածություն։ Խոռոչի ներսում զարգանում են ճնշման բարձրացում և արտադրության կուտակումներ, որն էլ իր հերթին բերում է ծանրության զգացում, ցավ, ջերմության բարձրացում։ Ուստի` նախ պետք է ապահովել վերը նշված խոռոչների արիացիան, օդի մուտքը խոռոչ, հոսքը դեպի քթի անցուղիները` քչացնելով այտուցվելու հավանականությունը։ Այս խոռոչների բորբոքումը կարող է տարածվել դեպի քթի անցուղիները` հետևաբար պակասեցնելով այտուցը։ Այն կարող է առաջանալ ինչպես ինֆեկցիոն, այնպես էլ ալերգիկ հիվանդությունների պատճառով, հատկապես վերծնոտային խոռոչների բորբոքումն առաջանում է ստոմատոլոգիական ծառայությունների արդյունքում պլոմբանյութերի ներթափանցումից: Արյան համակարգի հիվանդությունները, ինչպես նաև ուռուցքային հիվանդությունները նույնպես կարող են խոռոչների բորբոքման պատճառ դառնալ։
-Պոլիպոզ ռինիտ, ի՞նչ հիվանդություն է այն և ինչպե՞ս է արտահայտվում։
-Պոլիպոզ ռինիտը քթի լորձաթաղանթի ալերգիկ հիվանդությունն է, առաջանում է լորձաթաղանթի` ալերգենի նկատմամբ տևական կոնֆլիկտի հետևանքով, և արդյունքում տեղի է ունենում լորձաթաղանթի դիմադրողականության անկում, այտուց, լորձաթաղանթի հյուսվածքի գերաճ, ինչպես նաև բարորակ գոյացության` պոլիպի առաջացում։
- Ի՞նչ խնդիրների հետևանք է քթի չորությունը։
-Հայտնի է, որ քթի ֆունկցիայի նորմալ աշխատանքը կարգավորելու համար պետք է քթի լորձաթաղանթը լինի խոնավ: Քթի չորության պատճառ կարող է առաջանալ շնչուղիների տևական ինֆեկցիոն հիվանդությունների, լորձաթաղանթի վնասման, սկլերոտիկ փոփոխությունների, ինչպես նաև խեցիների բացակայության պատճառով։ Լորձաթաղանթը արտադրում է պաշտպանողական նյութ՝ մուտին, որն ապահովում է լորձաթաղանթի դիմադրողականությունը։ Ուստի երբ բացակայում են խեցիները, որ լինում է հետվիրահատական շրջանում կամ հիվանդություններից հետո սկլերոտիկ փոփոխությունների ժամանակ, երբ բջիջը չի կարող արտադրել մուտին, ինչպես նաև տևական քիմիական նյութերի առկայությունը, քթի անոթասեղմիչ կաթիլները նպաստում են քթի լորձաթաղանթի վնասմանը և լորձի արտադրությանը։ Ի վերջո, արդյունքում քիթը մնում է անպաշտպան և չոր:
-Այժմ էլ կոկորդի նորագոյացություններից խոսենք։
-Կոկորդի նորագոյացությունները կարող են լինել բարորակ, չարորակ, որոնց առաջացման պատճառ կարող են հանդիսանալ տևական ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպես նաև քիմիական նյութերի բացասական ազդեցությունները, ծխախոտը, ալկոհոլը, իմունային համակարգի խաթարումը, նաև դեղորայքի երկարատև ընդունումը։ Գոյացությունների առաջացման պատճառ կարող են հանդիսանալ նաև մասնագիտությունները, օրինակ` հռետորները, երգիչները, որոնց մոտ առաջանում են ձայնալարերի բարորակ գոյացություններ, այսպես կոչված` երգեցիկ հանգույցներ, որոնք ձայնալարի մշտական և բարձր ամպլիտուդով շփման պատճառով են զարգանում։ Կարող են այլ օրգան համակարգերի ուռուցքային գոյացություններից արյան միջոցով թափանցել կոկորդ։ Էթալոգիայի, բուժման և կանխարգելման նպատակով պետք է անպայման ախտորոշվի, թե ինչ տեսակի ուռուցք է, որտեղից է արմատապես ի հայտ գալիս, և ինչ դեղամիջոցներով կարել է կազմակերպել բուժմոտեցումները, որը կարող է լինել խիստ անհատական բնույթի։
-Ո՞ր ԼՕՌ հիվանդություններն են երիտասարդացում ապրել։
-Երիտասարդացել են ալերգիկ բնույթի, պոլիպոզ, ուռուցքային հիվանդությունները` կապված շրջակա միջավայրի և օդի աղտոտվածության հետ, ինչպես նաև տարաբնույթ դեղորայքների անկառավարելի օգտագործման և անորակ սննդի օգտագործման հետևանքով։
-Ֆարինգիտը և դրա տեսակները։
-Ֆարիգիտը ըմպանի հետին պատի լորձաթաղանթի բորբոքումով ուղեկցվող հիվանդություն է, որն առաջանում է քթային դժվարաշնչության պատճառով, բերանային շնչառության հետևանքով, որի արդյունքում առաջանում է լորձաթաղանթի տեղային սառեցում, իմունիտետի տեղային իջեցում, որը հանգեցնում է լորձաթաղանթի այտուցի և բորբոքման: Պատճառ կարող են հանդիսանալ հաճախակի և քրոնիկական տոնզիլիտները, բերանի լորձաթաղանթի և ատամների բորբոքումները, քրոնիկական այլ հիվանդությունները, որոնք տեղակայված են բերանում։ Լորձաթաղանթը չորանում է, սկսում է լորձաթաղանթի մեջ ֆոլիկուլների մեծացում՝ սկլերոզացիա, հաճախակի այտուց, որն ուղեկցվում է նաև տեղային ցավային զգացողությամբ, կլման ակտի դժվարացմամբ, ջերմության տատանումներով և կյանքի որակի իջեցմամբ:
-Արդյո՞ք ճիշտ է, որ քթի խեցիները հեռացվեն ամբողջությամբ։
-Քթի խոռոչում ամեն կողմից ունենք խեցիներ, որոնք մասնակցում են քթի խոռոչում լորձային արտադրության` մուցինի առաջացմանը, որի պատճառով քթի մեջ զարգանում է պաշտպանական ֆունկցիա` խոնավացնելով խոռոչը։ Երբ ախտահարվում են խեցիները, խեցիների հյուսվածքի փափարային մարմինը վերածվում է սկլերոտիկ օջախների, և խեցին դժվարությամբ է կրճատվում, կամ չի կրճատվում` առաջացնելով խիստ դժվարաշնչություն։ Քանի որ խեցիները մեր քթի խոռոչում 90 տոկոսով ապահովում են խոնավությունը, ցանկալի չէ խեցիները լիովին հեռացնել, կատարել կոնխոտոմիա։ Ներկայումս խեցիների բուժմոտեցումների մեջ կան տարբեր տեսակներ, երբ հիպերտրոֆիայի ենթարկված խեցիներում կատարում ենք վազոտոմիա, անոթներն ենք հատում, կոագուլացիա կամ ռադիոալիքային ձայնային ալիքով դեզինգրետացիա՝ կրճատում։ Եթե այս մեթոդները չեն օգնում, և արդեն խնդրի լուծումը խեցիների հեռացմամբ է լուծվում, ուստի ցանկալի չէ կատարել ամբողջական հեռացում, այլ` մասնակի կամ առաջային բևեռի կամ հետին բևեռի մասնակի կոնխոտոմիա։
-Նշիկները հեռացնելուց հետո հետագայում արդյո՞ք կա հետվիրահատական բարդությունների առնչվելու հավանականություն։
-Նշիկների հեռացման հետվիրահատական շրջանի բարդություններից առաջնայինը համարվում են արյունահոսությունները, որոնք կարող են լինել սուր և ուշացած։ Սուր, երբ հետվիրահատական առաջին մինչև 5 օրերին տեղի է ունենում ֆիբրոզ փառերի անջատում, և ուշացած, որը կարող է լինել 14-րդ օրից հետո: Լինում են նաև դեպքեր, երբ 20-րդ օրը ռեգեներացիայի արդյունքում նոր անոթներ են ձևավորվում, սակայն լորձաթաղանթը բավականին փխրուն և բարակ է, և կարող են թափանցելիության բարձրացման հաշվին զարգանալ արյունահոսություններ։ Նշիկների հեռացման մյուս բարդությունը ֆարինգիտների զարգացումն է, այսինքն` երբ նշիկը բացակայում է, ըմպանի հետին պատի լորձաթաղանթում եղած նույն գեղձային հյուսվածքը իր վրա է վերցնում ըմպանի պաշտպանական ֆունկցիան և կարող է հիպերտրոֆիայի ենթարկվել ինֆեկցիաներից, մրսածությունից իմունտիտի անկման հետ և զարգանալ ֆարինգիտներ։
-Ի՞նչ է բնածին հարականջային խուղակը։
-Խուղակները ականջի տարբեր բաժիններում ոչ անատոմիական համակցումներ են, որոնք լինում են արտարգանդային կյանքում տարած հիվանդությունների, ինչպես նաև ժառանգական հիվանդությունների արդյունքում։ Հաճախ հանդիպող խուղակներից են ականջի պարույրի առաջնային հատվածում գտնվող խուղակները, որոնք կամ բացվում են դեպի արտաքին աշխարհ կամ լսողական անցուղու մեջ։ Այս խուղակների պատը հարուստ է ճարպային բջիջներով, ինչպես նաև ծծումբ արտադրող բջիջներով ճարպային բջիջները հարուստ միջավայր են ինֆեկցվելու համար, որոնք էլ հաճախակի պատճառ են հանդիսանում թարախակալման: Երբեմն նաև խուղակի բնական ուղին փակվում է, և զարգանում են թարախապալարներ։ Խիստ ցավոտ են և պատճառ են հանդիսանում ջերմության բարձրացման, ինքնազգացողության վատացման։ Խուղակների բուժման միակ եղանակը վիրահատական ճանապարհն է։
-Ականջների աղմուկը, հատկապես տարեցների շրջանում, մեծ տարածում ունի: Որո՞նք են դրա տեսակներն ու առաջացման պատճառները։
-Վերը նշեցինք, թե որ հիվանդություններն են երիտասարդացում ապրել, միանշանակ կարող եմ ասել, որ` նաև ականջի աղմուկը։ Եթե նախկինում ականջի աղմուկը համարվում էր տարեցների հիվանդություն, այսինքն` լսողական անալիզատորի սկլերոտիկ փոփոխությունների արդյունքում զարգացած հիվանդություն, ապա այսօր այն ավելի երիտասարդացում է ապրել: Պատճառը կարող են լինել ինչպես սուր, քրոնիկական, ինֆեկցիոն հիվանդությունները, այնպես էլ գլխուղեղի փորոքներում տեղի ունեցող ախտահարումները, քիմիական նյութերի արդյունքում առաջացած ախտահարումները։ Կարող է նաև հիվանդության պատճառ լինել ողնուղեղի պարանոցային ողերի արանքում աղերի բյուրեղների ճնշումը նյարդային վերջույթների վրա: Արդյունքում զարգանում է կորտյան օրգանի լսողական նյարդի ինչպես սուր, այնպես էլ քրոնիկական ախտահարում։ Սուր ախտահարման ժամանակ վերականգնման հնարավորությունները ավելի շատ են, իսկ քրոնիկականի դեպքում կարող են անդառնալի փոփոխություններ զարգանալ։ Այսինքն` կարող է հիվանդությունը հաջորդ փուլում վերածվել տինուտուսի, մի հիվանդություն, որի ընթացքում լսողական անալիզատորի սկլերոտիկ ախտահարումը անդառնալի է, այսինքն` ամբողջ կյանքի ընթացքում ականջի աղմուկը չի անցնում։ Նման դեպքերում հիվանդների հետ աշխատում են հոգեբանները` եղած աղմուկի հետ ընտելացնելու և նյարդային վիճակից հանելու համար։ Այս հիվանդության պատճառ կարող է լինել բարձր աղմուկը, վերջին ժամանակներում պատերազմի դաշտում դեպքերի հետ կապված ականների պայթյուններից մեր երիտասարդների մոտ շատ հաճախ հանդիպող այս հիվանդությունը, որը, ցավոք սրտի, կամ չի բուժվում, կամ շատ դժվարությամբ է հիվանդության ընթացքը թեթևանում։
-Ի՞նչ կասեք այս ասպարեզում ներգրավված երիտասարդ կադրերի մասին: Եվ առհասարակ, ապագայում բժշկությունը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ մասնագետների ձեռքերում է լինելու։
- Ես կասեի` բժշկությունը բավականին հուսալի ձեռքերում է, ունենք խելացի, ձգտող, պրպտող, աշխատասեր նեղ մասնագետներ, որը հուսադրող է և հպարտացնող։
-Մեր ընթերցողները ԼՕՌ հիվանդությունների և դրանց բուժման վերաբերյալ շատ կարևոր տեղեկություններ ու գիտելիքներ ստացան: Սակայն մասնագիտական խոսքից զատ, մարդիկ կարևորություն են տալիս բժշկի խորհուրդ-հորդորներին: Արդ, Ձեր ուղերձը մեր հասարակությանը. ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին:
-Չնայած մեր հասարակությունը բավականին զարգացած է և տեղեկացված, սակայն չլինելով մասնագետ` շատ հաճախ նույնականացնում են հիվանդությունները և հետևաբար` բուժմոտեցումները։ Բժիշկը բազմակողմանի է մոտենում յուրաքանչյուր բուժառուի խնդրին, անհատական բուժմոտեցում է ցուցաբերում, հետևաբար բուժումն իրականացնում է անհատական։ Իրականում լավ է, որ տեղեկացված են, բայց պետք է առողջությունը վստահել բանիմաց մասնագետներին, որպեսզի հետագայում չբախվեն բարդացած իրավիճակների։ Առողջ եղեք։
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Սոնա Ջիլավյան
Կրծքագեղձի քաղցկեղը դատավճիռ չէ
Այսօր անհերքելի իրողություն են ժամանակակից ճառագայթաբանության մեջ իրականացվող նորարարություններն ու նվաճումները, որոնց շնորհիվ նախկինում անբուժելի թվացող բազում հիվանդություններ, ճշգրիտ և գրագետ ախտորոշվելով, ոչ միայն բուժվում են, այլեւ` կանխարգելվում:
Մեր զրուցակիցը Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության բժիշկ-ռադիոլոգ Սոնա Ջիլավյանն է, ով շատ լավ պատկերացնում է իր մասնագիտության բարդ, պատասխանատու լինելը և աշխատում մեծ սիրով ու նվիրումով: Բժշկուհին նաև լավ հոգեբան է և կարողանում է ստեղծել փոխադարձ կապ բուժառուների հետ, և ամենօրյա տքնաջան աշխատանքն իր դրական արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Իսկ ստացված աշխատանքն ու կայացած արդյունքները բժշկուհուն էլ ավելի մեծ եռանդ ու նոր ուժ են հաղորդում: Աշխատանքային դժվարությունների լավագույն գնահատականը բուժառուների երախտագիտության շռայլ խոսքերն են, որոնք բժշկուհու համար թանկ են ու նվիրական:
-Բժշկուհի, մասնագիտության ընտրության հարցում, վստահ ենք, չեք երկմտել, քանզի տեղյակ ենք, որ ծնվել և մեծացել եք բժիշկների գերդաստանում։
-Այո, իրավացի եք, մասնագիտության ընտրության հարցում երբեք երկմտանքի առջև չեմ կանգնել, քանզի, ինչպես նշեցինք, ծնվել եմ բժիշկների գերդաստանում և դեռևս մանկուց հստակ գիտեի, որ իմ մասնագիտական ուղին լինելու է բժշկության բարդագույն և միաժամանակ շատ գեղեցիկ ու հետաքրքիր աշխարհը, և այլ մասնագիտությունների ընտրություն չեմ էլ դիտարկել։ Ավարտել եմ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո ճառագայթային ախտորոշման օրդինատուրան և այն ավարտելուց հետո անմիջապես անցել եմ աշխատանքի` որպես` բժիշկ ճառագայթաբան՝ կրծքագեղձերի ռադիոլոգ և սոնոգրաֆիստ։
-Ինչո՞ւ հենց նեղ մասնագիտացում ընտրեցինք ճառագայթաբանության ոլորտը։
- Ասեմ, որ ի սկզբանե ընտրել էի քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտը, բայց մի քանի ամիս աշխատելուց հետո հասկացա, որ այդ ոլորտում ես ինձ լիրաժեք չեմ զգում, այսպես ասած` իմը չէր, ընտրեցի արդեն իսկ ինձ սիրելի ոլորտը` ռադիոլոգիան, և մինչ օրս վստահ եմ իմ ընտրության մեջ և ոչ մի վայրկյան չեմ զղջացել, և եթե կրկին ինձ հնարավորություն ընձեռվեր մասնագիտություն ընտրել, ապա առանց վարանելու, կընտրեի իմ սիրելի ռադիոլոգիայի ոլորտը։
-Բժշկուհի, բոլորն էլ իրենց կայանալու ճանապարհին ունենում են ուսուցիչներ։ Ձեր նեղ մասնագիտացման մեջ ո՞ւմ կարող եք համարել Ձեր ուսուցիչը։
-Միանշանակ`Հասմիկ Դավթյանին։ Իհարկե անցել եմ մի շարք վերապատրաստումներ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում, բայց իրականում իմ նեղ մասնագիտացման մեջ ինձ «կերտել» է Հասմիկ Դավթյանը, որին զուգակցվել է նաև իմ աշխատասիրությունը: Երբեք չեմ դոփել տեղում և աշխատում եմ միշտապես լինել բժշկության նորարարությունների զարկերակին։
-Ըստ Ձեզ` ախտորոշման մեջ նոր տեխնոլոգիաները եկան փոխարինելո՞ւ, թե` լրացնելու։
-Միանշանակ` լրացնելու, իրականում որքան շատ լինեն ախտորոշման մեթոդները, այնքան ախտորոշման ավելի ստույգ արդյունք կստանանք, այսինքն` տվյալ պարագայից ելնելով` կընտրենք` որ հետազոտման մեթոդը կլինի ավելի ինֆորմատիվ, քանզի յուրաքանչյուր բուժառուի հանդեպ անհատական մոտեցում է պահանջվում։ Եթե մեր ընտրած մեթոդը ինչ-որ տեղ, այսպես ասած, այդ պահին թերանա, դրան լրացնելու կգան մյուս մեթոդները։ Իրականում կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ոսկե ստանարտը դեռևս համարվում է մամոգրաֆիան։
-Ի՞նչ ասել է թվային մամոգրաֆիա։
-Թվային մամոգրաֆիան, և հատկապես 3D-ն, մեր ոլորտում ներգրավելուց հետո բեկումնային եղավ, քանզի այն մեզ` մասնագետներիս, հնարավորություն ընձեռեց հայտնաբերել գոյացությունները վաղ փուլերում և ավելի մանրակրկիտ հետազոտել կրծքագեղձերը: Անգամ փոքր գոյացությունները, որոնք նախկինում կարող էին տեսանելի չլինել, այսօր ուսումնասիրվում են և ստանում ճշգրիտ պատասխաններ։
-Արդյո՞ք մամոգրաֆիան ունի հակացուցումներ։
-Ցանկացած ախտորոշման մեթոդ ունի իր ցուցումներն ու հակացուցումները, որոնք կարող են լինել բացարձակ կամ հարաբերական։ Բոլորս էլ գիտենք, որ մամոգրաֆիայի դիմում են արդեն 40 տարեկանի շեմը հաղթահարած բուժառուները կանխարգելման նկատառումներով, իսկ մինչ 40 տարեկանը կատարվում է ուլտրաձայնային հետազոտություն։ Բայց եթե ուլտրաձայնային հետազոտության արդյունքում նկատվում է որեւէ կասկածելի օջախ կամ գոյացություն, ապա անկախ տարիքային շեմից, դիմում ենք մամոգրաֆիայի։ Քանի որ մամոգրաֆիան համարվում է ռենտգեն ախտորոշման մեթոդ, հակացուցումներ կարող եմ նշել հղիությունը, կրծքով կերակրման շրջանը։ Նշեմ, որ ներկայումս կրծքերի իմպլանտների կրման դեպքում մամոգրաֆիայով հետազոտման մեջ կան հատուկ ռեժիմներ, որոնք թույլ են տալիս նաև իմպլանտներով կրծքագեղձերը հետազոտել։ Սակայն այստեղ մեզ կարող է օգնության գալ նաև ՄՌՏ հետազոտման մեթոդը, և իմպլանտների առկայության պարագայում որոշակի խոչընդոտների դեպքում ՄՌՏ-ն մեզ կօգնի ավելի ճշգրիտ պատկեր ստանալ։
-Տեղյակ ենք, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը համագործակցում է Առողջապահության նախարարության հետ։ Ի՞նչ ծրագրերի շրջանակներում է այդ համագործակցությունը։
-2021 թվականից Առողջապահության նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ներդրվել է պիլոտային սքրինինգային ծրագիր, որի նպատակն է հետազոտել առողջ, գանգատներ չունեցող կանանց և հնարավորություն ընձեռել հայտնաբերել քաղցկեղը վաղ փուլերում։ Տվյալ ծրագիրը իր գործառույթն իրականացնում է դեռևս մարզերում, սակայն գնալով իր շրջանակներն ընդլայնում է, և նպատակ կա, ու լիահույս ենք, որ այն առավել տարածուն բնույթ կկրի, և ամբողջ հանրապետությունը կընդգրկվի այդ սքրինինգային ծրագրի մեջ։ Կրծքագեղձն այն օրգանն է, որտեղ խնդիրը կանխարգելիչ հետազոտություններով կարող ենք հայտնաբերել դեռևս նախաքաղցկեղային փուլում։ Իրականում կան օրգան-համակարգեր, որոնք կարող են թաքնված կրել ուռուցքը և դժվարություն ներկայացնեն հայտնաբերման առումով, բայց կրծքագեղձի քաղցկեղի նախաքաղցկեղային փուլերում հայտաբերման համար մենք ունենք ախտորոշման հրաշալի մեթոդներ: Ցավալին իրականում այն է, երբ կրծքագեղձի քաղցկեղը ուշ փուլերում է հայտնաբերվում: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ վաղ փուլերում հայտնաբերումը եթե ոչ 100, ապա 99 տոկոսով ապահովում է ապաքինում բարեհաջող ելքով։
-Բժշկուհի, մարզերում ի՞նչ պատկեր է։
-Սքրինինգային ծրագրի ներդրումից հետո կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ նախնական փուլերում կրծքագեձի քաղցկեղի հայտնաբերումը 1,2 անգամ ավելացավ` համեմատ մինչ սքրինինգային ծրագրի ներդումը: Այսինքն` ծրագիրն իրեն լրջագույնս արդարացրեց։ Որքան էլ մենք հորդորենք, որ գոնե տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ հետազոտություններ, շատերը տարբեր պատճառներով չեն հետազոտվի: Սքրինինգային ծրագիրն անվճար է, և կանայք հնարավորություն ունեն իրենց իսկ բնակավայրում հետազոտվել շարժական մամոգրաֆիկ սարքով։ Եվ երբ զրուցում ենք իրենց հետ, հասկանում ենք, որ իրենց մեջ կա չհիմնավորված վախ, որ միգուցե հետազոտման արդյունքում հայտնաբերվի ուռուցք: Պետք է գիտակցել, որ ոչ բոլոր հայտնաբերված գոյացությունները են չարորակ: Իսկ եթե կրծքագեղձում չարորակ ուռուցքն արդեն առկա, ապա այն մի օր իր գոյության մասին զգացնել է տալու։ Գանգատներն առաջանում են քաղցկեղի արդեն ուշացած փուլերում։ Իրականում այս ծրագիրը վաղուց կիրառելի է ամբողջ աշխարհում, որն իրենից ենթադրում է մահացության թվերի կրճատում: Բոլորը պետք է գիտակից մոտենան իրենց առողջությանը։ Հասկանան, որ եթե արդեն կրում են չարաբաստիկ գոյացությունը, երբեք մենակ չեն, իրենց աջակից են ընտանիքը, բժիշկներն ու հոգեբանները։
-Արդյո՞ք ժառանգական նախատրամադրվածություն ունի քաղցկեղը:
-Ինչպես բոլոր քաղցկեղները, կրծքագեղձի քաղցկեղը նույնպես ունի ժառանգական նախատրամադրվածություն, բայց իրականում շատ պետք չէ կենտրոնանալ այդ ուղղվածությամբ, և այն շատ բարձր տոկոս չի կազմում` 10-12 տոկոս, բայց միևնույնն է, այն կանայք, ում ընտանիքում գենետիկորեն առկա է այդ խնդիրը, պետք է ավելի զգոն լինեն և պարտադիր վեց ամիսը մեկ հետազոտվեն։ Քաղցկեղի առաջացման բուն պատճառագիտությունը դեռևս մինչ օրս լիովին բացահայտված չէ։
-Հասարակության մեջ տարածված է այն կարծիքը, որ բիոպսիան արագացնում է քաղցկեղի ընթացքը։ Բժշկուհի, իրականում դա մի՞ֆ է, թե՞ իրականություն։
-Իրականում դա թյուր կարծիք է, բիոպսիայից պետք չէ ընդհանրապես վախենալ, ընդհակառակը` գոյացության հայտնաբերման դեպքում պարտադիր պետք է կատարել բիոպսիան։ Միայն այդ հետազոտման մեթոդն է թույլ տալիս հյուսվածքաբանորեն ճիշտ ախտորոշում ստանալ և քաղցկեղի մոլեկուլային ենթատիպը որոշել և համակարգել բուժման հետագա ընթացքը:
-Իսկ չարորակ գոյացություն բացահայտվելուց հետո Դուք բուժառուին պարզ ասո՞ւմ եք, որ իր մոտ կասկածելի գոյացություն է հայտնաբերվել:
- Նախևառաջ կախված է, թե ում հետ գործ ունենք, հոգեբանորեն ինչ վիճակում է բուժառուն. կան բուժառուներ, որ գիտակից են մոտենում իրենց խնդրին, ցանկանում են տեղեկանալ, որպեսզի բժշկի հետ հավասար անցնեն այդ ճանապարհը։ Բայց կան դեպքեր էլ, երբ բուժառուն շատ էմոցիոնալ է, աշխատում ենք հոգեբանորեն աջակցել նրան, աստիճանաբար բացատրել իրողությունը, ճիշտ ուղղորդել, որպեսզի հետագայում ավելի զգոն, գիտակից և հետևողական լինի և բարձիթողի չվերաբերվի կյանքին վտանգ սպառնացող իրավիճակին։
-Քաղցկեղը հայտնաբերվեց. վիրահատությո՞ւն, թե՞ քիմիոթերապիա։
-Կրկին կախված է մոլեկուլային ենթատիպից, բայց ինչքան քաղցկեղը ուշացած փուլերում է հայտնաբերվում, այնքան հավանականությունը մեծ է, որ քիմիոթերապիա կիրականացվի։ Երբեմն քիմիոթերապիան լինում է վիրահատություններից առաջ, օրինակ, երբ քաղցկեղը մեծ չափերի է լինում, քիմիոթերապիայի միջոցով փոքրացվում է, և դեպքեր են լինում, երբ վիրահատությունից հետո, միևնույնն է, պետք է շարունակել քիմիոթերապիայի կուրսը։ Եթե հայտնաբերվի նախաքաղցկեղային փուլում, հնարավոր է, որ միայն վիրահատությամբ կարող ենք ունենալ ցանկալի բուժման ելք։
Տարին մեկ անգամ յուրաքանչյուր կին պետք է անցնի կանխարգելիչ բուժզննում, քանի որ ուշացած փուլերում բուժման արդյունավետությունը կարող է նվազել։
-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը, մեր ընթերցողին:
-Որպես մաղթանք` կցանկանամ, որ մեր կանայք գնահատեն իրենց առողջությունը։ Պետք է գիտակցեն, որ իրենք ընտանիքի հենասյունն են։ Մեր կանայք միշտ սիրում են առաջին տեղում պահել երեխաներին և ամուսնուն, բայց չեն գիտակցում, որ իրենք նույնչափ կարևոր են ընտանիքի համար։ 21-րդ դարում քաղցկեղը բուժելի է, այն դատավճիռ չենք կարող համարել։ Արդի տեխնիկական հագեցվածությունը, տարատեսակ ախտորոշման մեթոդները և միջազգային ուղեցույցները տալիս են քաղցկեղի բուժման բավականին լավ արդյունքներ, մանավանդ` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում։ Կինը պետք է պատասխանատու լինի առաջինը ինքն իր հանդեպ, սիրի իրեն ու իր օրգանիզմը` գիտակցելով, որ իր առողջ լինելով`երջանիկ ու ամուր է իր ընտանիքը:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը
Սոնա Արմենի Ջիլավյան
Ճառագայթաբան
Կրթություն
2012թ ավարտել եմ Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի ճառագայթային ախտորոշման օրդինատուրան և մինչև այժմ աշխատում են որպես բժիշկ-ռադիոլոգ (ճառագայթաբան)՝ կրծքագեղձերի ռադիոլոգ մասնագիտությամբ։
Հանդիսանում եմ ռադիոլոգների հայկական ասոցացիայի, ռադիոլոգների եվրոպական ասոցացիայի ինչպես նաև կրծքագեղձի պատկերավորման եվրոպական հասարակության անդամ (EUSOBI)։ 2017թ-ին վերապատրաստվել եմ ԱՄՆ-ի կրծքագեղձերի հիվանդություններով զբաղվող առաջատար կենտրոններից մեկում (ORANGE COAST MEMORIAL CENTER )։
Մասնակցում եմ ինչպես 2023թ․-ի փետրվար ամսվա ՈՒԱԿ-ում և դեկտեմբեր ամսվա Աստղիկ ԲԿ-ում տեղի ունեցած ուռուցքաբանական գիտաժողովներին ընտրվել եմ որպես լավագույն զեկուցող։
2021թ․ից մինչ այժմ հանդիսանում եմ ՀՀ-ում առաջին անգամ ներդրված և միակը հանդիսացող կրծքագեղձի քաղցկեղի պիլոտային սկրինինգային ծրագրի առաջատար մամոգրաֆիստ,որի նպատակն է հայտնաբերեկ կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում՝ փրկելով բազմաթիվ կանանց կյանքեր։
Ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա։
Նաիրի Մարգարյան
Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես
«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքն իրականացնում է նյարդավիրաբուժական խնդիրների վիրահատական բուժում և խորհրդատվություններ։ Թիմը համալրված է առաջնակարգ մասնագետներով, որոնք մասնագիտական երկարաժամկետ վերապատրաստումներ են անցել արտերկրի առաջատար կլինիկաներում։
Վերջին տարիներին էապես ընդլայելով մատուցվող վիրահատական ծառայությունների ցանկը` բաժանմունքը մի շարք վիրահատությունների առումով այսօր տարածաշրջանում առաջատարների շարքում է:
Մեր զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի բժիշկ-նյարդավիրաբույժ Նաիրի Մարգարյանը: Բժիշկ, ում համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Մարդ, ով դժվարին պահերին կանգնելով հիվանդի կողքին, կիսում է նրա դժվարությունները` հաճախ անհնարինը դարձնելով հնարավոր:
Ի դեպ, «Որակի նշան» ընկերությունը, ամփոփելով տարին, ընկերության կողմից կազմակերպած ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում Նաիրի Մարգարյանին ճանաչեց «Որակի նշան-Տարվա նվիրյալ բժիշկ-2025»-ի մրցանակակիր։
-Պարոն Մարգարյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում Ձեր բաժանմունքում, և ի՞նչ խնդիրների դեպքում մարդիկ կարող են դիմել Ձեզ:
-Մեզ հիմնականում դիմում են գլխուղեղի տարբեր հիվանդությունների և ողնաշարի ախտահարումների (վնասվածքային հեմատոմաներ, ողնաշարի վնասվածքներ և կոտրվածքներ, գլխուղեղի և ողնուղեղի ծավալային գոյացություններ), ինչպես նաև ծայրամասային նյարդերի և նյարդային հյուսակների, գլխուղեղի անոթների ախտահարումների դեպքում (գլխուղեղի անոթների հիվանդությունների ժամանակ իրականացվում է ներանոթային բուժում): Կատարվում են ողնաշարի դեգեներատիվ փոփոխություններով պայմանավորված հիվանդությունների` միջողնաշարային խողովակի ճողվածքների, սպոնդիլոլիստեզի, ողնաշարային խողովակի ստենոզի վիրահատություններ:
-Ըստ Ձեզ` որ հիվանդություններն են երիտասարդացում
ապրել։
-Ողնաշարի հիվանդություններն ավելի հաճախ են հանդիպում, օրինակ՝ ողնաշարի ճողվածքները, ստենոզները, տրավմաները։ Լինում են տրավմաներ, որի դեպքում չեն վերականգնվում նյարդերը` օրինակ, երբ անդառնալի վնասվում է ողնուղեղը: Իսկ մնացած խնդիրների դեպքում նյարդերը վերականգնման մեծ հավանականություն ունեն։
-Ինսուլտների դեպքում ի՞նչ վիրահական միջամտություն է կատարվում։
-Կա վիրահատական միջամտության երկու տարբերակ՝ էնդովասկուլյար, որը անոթային խնդիր է, մեր բաժնում այդ պաթոլոգիայով զբաղվում են այլ բժիշկներ, իսկ մյուսը` բաց եղանակով, որի ժամանակ ուղեղը ճնշված է լինում, և մենք միջամտում ենք, որպեսզի վերացնենք սեղմման զգացումը։
- Ճողվածքները վիրահատելուց հետո կա՞ կրկնվելու հավանականություն։
-Գրեթե բոլոր հիվանդություններն էլ կրկնվելու հավանականություն ունեն, որոշ դեպքերում բժշկի ոչ պրոֆեսիոնալ մոտեցումից է հնարավոր, որ այն կրկնվի, բայց նաև լինում են դեպքեր, որ ինչքան էլ վիրահատության բարեհաջող արդյունք արձանագրվի, հիվանդությունը կրկնվում է: Յուրաքանչյուր օրգանիզմ առանձնահատուկ է արձագանքում միջամտություններին։ Ճողվածքների դեպքում էլ կա կրկնվելու հավանականություն, քանի որ ճողվածքը հեռացնելուց հետո առողջ մասում կարող է խնդիր առաջանալ։
- Ի՞նչ պաթոլոգիա է հիդրոցեֆալիան:
-Պատճառը ողնուղեղային հեղուկի քանակի ավելացման հետևանքով գլխուղեղի հեղուկ պարունակող տարածությունների մեծացումն է։ Վարակային հիվանդությունների շարքում, որոնք բնածին հիդրոցեֆալիայի առաջացման ամենահաճախակի պատճառներն են, կարելի է թվարկել սիֆիլիսը, տոքսոպլազմոզը, ցիտոմեգալիան։ Հետծննդաբերական շրջանում հիդրոցեֆալիա կարող է զարգանալ մենինգիտի հետևանքով։ Հիդրոցեֆալիան կարող է զարգանալ երեք պրոցեսների հետևանքով՝ հեղուկի ավելցուկային արտադրումից (գերարտազատական կամ հիպերսեկրետոր հիդրոցեֆալիա), հեղուկի ներծծման արատից (առեզորբտիվ հիդրոցեֆալիա), հեղուկի հոսքային ուղիների խցանումից (օկլյուզիոն հիդրոցեֆալիա)։ Վերջինս հիդրոցեֆալիայի զարգացման մեխանիզմում ամենից հաճախ է հանդիպում:
Օկլյուզիոն հիդրոցեֆալիայի դեպքում կարող են առաջ գալ հիպերտենզիվ կրիզներ, որոնք արտահայտվում են գլխացավով, փսխումով, շնչառության խանգարումով։
Բնածին դեկոմպենսացված ձևի հիդրոցեֆալիայի դեպքում, որը պայմանավորված է հեղուկի շարժման ուղիների մեխանիկական արգելքով, ցուցված է վիրահատական բուժում։ Տարածում է գտել հատուկ փականային կառուցվածքի ստեղծման վիրահատությունը, որով գլխուղեղի փորոքների հեղուկն ուղղվում է արյան հունը կամ որովայնի խոռոչը։ Վիրահատությունը կատարվում է նյարդաբանական ախտանիշների անընդմեջ սաստկանալու դեպքում։ Ուշացած դեպքերում վիրահատությունը ցուցված չէ։
Առաջացման պատճառները բազմազան են, հնարավոր է տարբերակել տեսակները, երբ որ գոյացություն է լինում, անցքեր կան, որոնք որ ճնշվում են, փակվում, արյան շրջանառությունը խանգարվում է, սկսում է գլուխը ուռչել, առաջանում է համապատասխան կլինիկան, այդ դեպքում անհրաժեշտ է միջամտել։ Մյուս դեպքում, երբ որ ոչ մի ախտանիշ չկա, օրվա մեջ այն արտադրվում է շատ, կամ` ներծծվում քիչ:
-Ըստ Ձեզ` Հայաստանում զարգացա՞ծ է նյարդավիրաբուժությունը:
-Հայաստանում նյարդավիրաբուժությունը բարձր մակարդակի վրա է, գրեթե բոլոր վիրահատությունները մեր երկրում իրականացվում են: Բայց կան հիվանդություններ, որոնք մեր պրակտիկայում քիչ են հանդիպում, և պետք է ունենանք ստատիստիկա և ըստ դրա զարգացնենք կոնկրետ հիվանդությունների վիրահատությունները, որպեսզի զարգացում ապրի նաև այդ ուղղությունը։ Մեկ-երկու վիրահատություն կատարելով` չենք կարող համարել, որ այդ ուղղությունը զարգացում է ապրում։
- Բժի´շկ, ինչպե՞ս կգնահատեք բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները:
- Ինձ համար շատ ցավալի փաստ է, որ այսօր, կարծես թե, բժիշկների վարկանիշի վրա ազդում են բացասականորեն, որի պատճառներից մեկը մեր հասարակության ծանր սոցիալ-հոգեբանական վիճակն է: Երբ հերթը հասնում է իրենց առողջական վիճակին, գլուխ է բարձրացնում ֆինանսի բացակայությունը, որից մարդիկ լարվում են, դառնում են ագրեսիվ և պահանջատեր: Դա ցավալի երևույթ է, որը հաղթահարելու համար առկա են բավականին գերակա խնդիրներ: Ամեն դեպքում պետք է հուսանք, որ մի օր ավելի բարձր վստահություն կլինի դեպի բժշկությունը: Շատ դեպքերում պացիենտը տեղեկացված չէ, թե որ խնդրի դեպքում որ նեղ մասնագետին դիմի։ Տեղեկատվական դաշտը ողողված է տարատեսակ ինֆորմացիայով, պետք է մարդիկ լավ ուսումնասիրեն դաշտը` հասկանալու համար` ում դիմեն, իրականում կան լուրջ մասնագետներ, որոնք չկան ոչ մի սոցիալական հարթակներում, ուղղակի լուռումունջ նվիրված են իրենց աշխատանքին։
Իսկ ինչ վերաբերում է դիմելիության կուլտուրային՝ բժիշկ-պացիենտ փոխհարաբերակցությանը, ցավոք սրտի, ըստ իս, դրական տեղաշարժ չկա։ Իրականում մարդիկ շատ պահանջատեր են, բայց պետք է գիտակցեն, որ ցանկացած բժիշկ ուզում է իրեն դիմած հիվանդին առողջացնել։ Պետք է պետության կողմից լիարժեք աջակցություն, որպեսզի հիվանդը երբեք չմտածի, թե որտեղից պետք է վճարում կատարի։ Պետք է լինի աջակցության այնպիսի մակարդակ, որ ոչ պացիենտը տուժի, ոչ էլ` բժիշկը։
-Իսկ հասցնո՞ւմ եք աշխատանքային գերլարված գրաֆիկը համատեղել վերապատրաստումների հետ:
-Այո, հասցնում ենք, քանի որ պետք է բժիշկը միշտ ձգտի լինել նորարարությունների զարկերակի վրա, չդոփի տեղում։ Եթե բժիշկը կարծի, որ ինքն արդեն կայանալու կարիք չունի, ուրեմն ինքն վերջացած մասնագետ է։ Վերջերս Մոսկվայում մասնակցել եմ միկրովիրաբուժության մասնագիտացման վերապատրաստումներին։
Կցանկանամ դիմել մեր բոլոր նյարդավիրաբույժներին` լինեն ազնիվ իրենք իրենց իսկ խղճի առջև, մեկը մյուսի և պացիենտի հանդեպ, լինեն աշխատասեր, նեղ մասնագիտացման մեջ ձգտեն աջակցել մեկը մյուսին։ Պետք է ավագ սերունդը մշտապես իր գիտելիքները փոխանցի երիտասարդ սերնդին: Ես ստացել եմ 10 սերունդ ապրած բժիշկների ջիղն ու աշխատասիրությունը: Շատ բան է փոխանցվել մեզ, մենք դրանք ընկալել ենք, փոխանցված փորձը գնահատել ու պրպտել:
-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:
-Եղեք առողջ, ձեր առողջությունը թանկ գնահատեք, ժամանակին դիմեք բժշկի: Կոչ եմ անում տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել կանխարգելիչ նպատակով, առաջին իսկ գանգատների դեպքում դիմել բժշկի՝ հիվանդության վաղաժամ ախտորոշման և հետագա բուժման արդյունավետ ընթացքի համար։ Ցանկանում եմ, որ մեր հասարակությունը առողջ լինի թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Իսկ բժիշկներին մաղթում եմ համբերություն, հավատ սեփական ուժերի նկատմամբ և հաստատուն կամք։
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը