Էդիտա Ղարիբյան Featured

(0 votes)
There is no translation available.

«Հայ կանանց հորդորում եմ` հետևեն իրենց առողջությանը, քանզի կինն է ընտանիքի հենասյունը»

Մայրանալը կնոջ կյանքում կարևոր և հուզական շրջան է, որը համարվում է նորմալ ֆիզիոլոգիական վիճակ: Սակայն բժշկական տեսանկյունից այն դիտվում է որպես սահմանային դրություն, քանի որ այդ շրջանում կարող են գլուխ բարձրացնել մինչ հղիությունը կնոջ կյանքում հանդիպած հիվանդությունները, կամ ի հայտ գալ նոր խնդիրներ: Առհասարակ, եթե հղիությունը նույնիսկ հարթ է ընթանում, միևնույնն է, օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ հորմոնալ, նյարդային և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք, բնականաբար, կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Մեր զրուցակից, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կենտրոնի հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության» ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջազգային փորձագետ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս Էդիտա Ղարիբյանն իր մեջ կրում է բժշկին բնորոշ մարդկային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են շարունակաբար կատարելագործվելու, զարգանալու և կրթվելու ձիրքը` անկախ փորձից ու տարիքից, մարդ, ով ապրում է իր հիվանդների հոգսերով, ում համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը, և ով ջանք ու եռանդ չի խնայում ընտանիքներին նվիրելու ծնող դառնալու բերկրանքը: Բանիմաց, կարեկցող բժշկուհին տարիների ընթացքում ստացած մասնագիտական հմտությունները պատասխանատվության մեծ զգացումով արհեստավարժորեն ներդնում է աշխատանքում:

-Բժշկուհի, ի՞նչ նորարարություններ կամ ժամանակակից մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում։

–Մեր բաժանմունքը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բարձր ռիսկային խմբի հղիների պաթոլոգիայի բաժանմունքն է, որտեղ իրականացվում են նշված խմբում գտնվող հղիների հետազոտություն, բուժօգնություն և հսկողություն։ Հաշվի առնելով, որ մենք գործունեության ենք ծավալում բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում, ունենք հնարավորություն կիրառելու ժամանակակից գրեթե բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու բուժմոտեցումները՝ լիարժեք ախտորոշում և բուժում իրականացնելու համար։ Մեր կենտրոնում օգտագործվում են նոր սերնդի ուլտրաձայնային սարքեր, իրականացվում են MRT, 3D և 4D սոնոգրաֆիկ հետազոտություններ, դոպլեր հետազոտություն, պտղի նեյրոսոնոգրաֆիա, պտղի էխոկարդիոգրաֆիա, ամնիոցենտեզ՝ նախածննդյան ախտորոշիչ թեստ, կորդոցենտեզ՝ պորտալարի արյան նմուշառում, խորիոնի՝ թավկենու) բիոպսիա, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր հետազոտությունները։ Անգամ 2024 թվականին մեր բաժանմունքում, և երևի թե միակը Հայաստանում, ունեցել ենք դեպք, կատարել ենք պտղի ներարգանդային արյան փոխներարկում, երբ ռեզուս բացասական պատկանելիությամբ հղիի պտղի մոտ առկա էր ռեզուս-կոնֆլիկտ:

–Ինչպե՞ս է կազմակերպվում բարձր ռիսկային հղիների հսկողությունը ձեր բժշկական կենտրոնում։

–Սկզբնական շրջանում հղիները դիմում են մեր կենտրոնի առաջնային օղակ՝ կանանց առողջության կենտրոն, որտեղ կատարվում է կնոջ վիճակի առաջնային գնահատում՝ հաշվի առնելով տարիքը, բժշկական անամնեզը, գինեկոլոգիական, մանկաբարձական անամնեզների ծանրաբեռնվածությունը և ուղեկցող քրոնիկ հիվանդությունները։ Այնուհետև նրանք դասակարգվում են ցածր կամ բարձր ռիսկային խմբերի։ Եվ արդեն բարձր ռիսկային խմբի հղիները հսկվում են կանանց մասնագիտացված կենտրոնում, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է հոսպիտալացում մեր բաժանմունքում։

–Ինչպե՞ս կգնահատեք մայրական և նորածնային առողջության ընդհանուր վիճակը այսօր մեր երկրում։

–Վերջին տարիներին նկատվում է մայրական և նորածնային առողջության ցուցանիշների բարելավման զգալի առաջընթաց, ինչը թույլ էր տալիս ավելի առողջ սերունդ ունենալ։ Այս առաջընթացի հիմնական պատճառներից է պետպատվերի շրջանակում սքրինինգային ծրագրերի ներդրումը։ Այսօր արդեն բարձր ռիսկային հղիների համար իրականացվում են պարտադիր սքրինինգային հետազոտություններ․ Դրանց թվում են բարձր ռիսկի խմբում գտնվող հղիների առաջին եռամսյակի սքրինինգը, պարտադիր բոլորին կատարվում է վահանաձև գեղձի և կրծքագեղձի հետազոտությունը, գլյուկոզայի տոլերանտության թեստը, ինչպես նաև β-հեմոլիտիկ ստրեպտոկոկի պարտադիր հետազոտությունը 35-37 շաբաթականում, վերջինս թույլ է է տալիս անհրաժեշտության դեպքում ծննդաբերության ընթացքում պրոֆիլակտիկ հակաբիոտիկոթերապիա անցկացնել, որպեսզի պտուղը չծնվի ներարգանդային ինֆեկցիայով։ 2025 թվականից պետպատվերի շրջանակներում այս բոլոր սքրինինգային հետազոտությունները պարտադիր են։ Այս ամենը թույլ է տալիս վաղ փուլերում հայտնաբերել պաթոլոգիաները` թե՛ արատների և թե՛ քրոմոսոմային անոմալիաների. ունեցել ենք դեպք, երբ կրծքագեղձի սքրինիգային հետազոտության ժամանակ կնոջ մոտ հայտնաբերվել էր կրծքագեղձի վաղ փուլի քաղցկեղ: Եվ այդ հետազոտությունները թույլ են տալիս բարելավել ինչպես մայրական, այնպես էլ նորածնային առողջության ցուցանիշները։ Այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի հատկապես բարձր ռիսկային խմբի հղիները պետպատվերի շրջանակում հետազոտվեն և ստանան անհրաժեշտ բուժումը։ Ծրագրերի ընդլայնումը հնարավորություն է տալիս ավելի լայն ծավալով իրականացնել ախտորոշումները։

–Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել ձեր ոլորտում առաջիկա տարիներին։

–Իհարկե ցանկությունները շատ են. կցանկանայի, որ մեր ոլորտում ներդրվեն ավելի բարձր տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ ներարգանդային վիրահատությունները։ Օրինակ՝ մոնոխորիալ երկվորյակների դեպքում, երբ առկա է ֆետո-ֆետալ տրանսֆուզիայի համախտանիշ, որի բուժման համար կիրառվում է շատ բարձր տեխնոլոգիաներ, ֆետոսկոպիկ երակ-զարկերակային բերանակցումների լազերային այրում՝ աբլյացիան՝ պտուղների միջև արյան փոխանակումը դադարեցնելու նպատակով, որոնք դեռ, ցավոք սրտի, մեզ հասանելի չեն: Այդ ներդրումը ապագայում կնպաստի բուժօգնության որակի բարձրացմանը։ Վիրահատություններ որոնք թույլ են տալիս զարգացման արատների շտկում պտղի ներարգանդային կյանքում:

–Ինչպե՞ս կբացատրեք Հայաստանում կեսարյան հատումների աճի միտումը։

–Ցավոք, այո, այսօր կեսարյան հատումների տոկոսը բավական բարձր է՝ մոտ 50%։ Կարծում եմ` դա պայմանավորված է նաև մի շարք գործոններով՝ բարձր ռիսկի խմբի հղիների թվի աճով, ուշ մայրացող՝ 40 տարեկանից բարձր տարիքային շեմում ծննդաբերող կանանցով, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված ցանկալի` արդեն տարիքով մեծ կանանց մոտ հղիությունների թվի ավելացումով: Դրանք այն դեպքերն են, երբ կանայք շատ երկար տարիներ անպտղություն են ունեցել, որն էլ իր հերթին բերում է կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման թվի ավելացմանը։ Նախկինում, եթե կային ծանր սրտային պաթոլոգիաներով, շաքարային դիաբետով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների պաթոլոգիայիով տառապող կանայք, որոնց թույլ չէր տրվում հղիություն, այսօր մեր բժշկությունն այն զարգացման մակարդակի վրա է, որ ունենք անգամ քաղցկեղով տառապող հղի կանայք, որոնց հղիության ընթացքում կատարել են քիմիոթերապիա: Իհարկե կա կեսարյան հատման նաև վատ կողմը, որ շատ հաճախ հոգեհուզական, հոգեբանական գործոններով է պայմանավորված. շատ կանայք այդ առումով են նախընտրում դիմել կեսարյան հատման։ Բայց, հուրախություն մեզ, կցանկանայի նշել, որ այդ դեպքերի թիվը գնալով ավելի է նվազում, քանի որ մեր՝ բժիշկների հոգեբանորեն տրամադրելու և ճիշտ տարված աշխատանքի շնորհիվ, հետագա բարդություններից խուսափելու համար մենք հասնել ենք նրան, որ խրախուսվում է բնական ճանապարհով ծննդալուծմանը։

–Ի՞նչ է հիպոքսիան՝ պտղի թթվածնային քաղցը, ինչպե՞ս է այն արտահայտվում։

–Դա այն պաթոլոգիան է, երբ պտուղը չի ստանում բավարար քանակի թթվածին, որն էլ բերում է թթվածնային քաղցի։ Այն կարող է արտահայտվել պտղի մոտ որոշ կլինիկայով, երբ հղին գանգատվում էր պտղի շատ արագ խաղից կամ հակառակը` շարժումների փոփոխությամբ, կանայք պտղի խաղը չեն զգում, ունենում են սրտի աշխատանքի արագացում կամ դանդաղում, ինչպես նաև կարդիոտոկոգրաֆիկ փոփոխություններ, որոնք բնորոշ են պտղի ներարգանդային թթվածնային քաղցին: Հաստատվում են փոփոխությունները դոպլեր և ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, երբ նկատվում էր պտղի շարժերի և պտղաջրերի նվազում, վիճակներ, որը մեզանից պահանջում էր ավելի զգուշավորություն, որպեսզի պտղի հետ խնդիր չլինի։

–Ինչպե՞ս կանխարգելել թթվածնային քաղցը։

–Առաջին հերթին կարևոր է առողջ ապրելակերպը՝ ճիշտ սնունդ, բավարար հեղուկի ընդունում, մաքուր օդ։ Հղիության ավելի մեծ ժամկետում` կապված պտղի դիրքի հետ, հղիներին խորհուրդ է տրվում նաև պառկել ձախ կողքի վրա, քանի որ աջ կողմով անցնում է ստորին սիներակը, երբ կինը պառկում է մեջքի կամ աջ կողքի, լինում է ստորին սիներակի սեղմման համախտանիշ, արդյունքում լինում է ճնշման անկում։ Այդ դեպքում դեղորայքային բուժման կարիք չկա, միայն անհրաժեշտության դեպքերում կիրառվում է բժշկական հսկողություն և օժանդակ թերապիա։ – Կան արդյո՞ք հղիանալու բացարձակ հակացուցումներ։ – Այո, դրանք հիմնականում ծանր սոմատիկ հիվանդություններն են, օրինակ՝ ծանր սրտային կամ երիկամային անբավարարություն, ինչպես նաև քաղցկեղի 4-րդ փուլ։ Այս դեպքերում արգելվում է կնոջը հղիությունը, քանի որ այդ դեպքերոմ հղիությունը կարող է վտանգավոր լինել մոր կյանքի համար։ Բայց, բարեբախտաբար, այդ պաթոլոգիաների թիվն այսօր բավականին կրճատվել է։ -Որոն՞ք են արյունահոսության պատճառները։ -Դրանք հղիության փոքր ժամկետում սպառնացող վիժումներն են, կարող է լինել թերի կամ լրիվ վիժում, մեծ ժամկետում դա ընկերքի շերտազատումներ են,առաջադիր պլացենտան, ինչպես նաև կարող են պատճառ լինել կնոջ մոտ առկա առողջական խնդիրները՝ պոլիպները, արգանդի վզիկի քաղցկեղը կամ դիսպլաստիկ փոփոխությունները, նաև վարիկոզ լայնացմամբ երակների վնասումը։

-Բժշկուհի, կվերհիշե՞ք Ձեր պրակտիկայում հանդիպած բարդ դեպքերից։

-Քանի որ մեր բաժանմունք հիմնականում դիմում են հղիության պաթոլոգիաներով և բարձր ռիսկի խմբում գտնվող հղիները, և ես, հանդիսանալով այդ բաժանմունքի ղեկավարը, բնականաբար, հանդիպում եմ բարդացած դեպքերի։ Լինում են ծանր սոմատիկ պաթոլոգիաներով հղիներ. ունեցել ենք ծանր սրտի արատով, շաքարային դիաբետով, քաղցկեղով, ծանր երիկամային անբավարարության դեպքեր, որոնք հնարավոր չէ մոռանալ ամբողջ կյանքում: Կատարելով գրագետ ծննդալուծում` նրանց պարգևել ենք առողջ բալիկ ունենալու բերկրանքը։ Բայց, ցավոք սրտի, եղել են նաև դեպքեր, որ այդ պահին մենք անզոր ենք եղել` ստիպված լինելով ընդհատել կյանքին վտանգ սպառնացող հղիությունը։

–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին անգամ մայրանալու պատրաստվող կանանց։

–Շատ ակտուալ հարց, և կրկին հուրախություն մեզ, դրական առումով շատ է փոխվել երիտասարդների մոտեցումը և գիտակցումը: Շատ են զույգերի դիմելիության դեպքերը, ովքեր նախապատրաստրվում են ծնող դառնալ և կարևորում են գրագետ նախապատրաստվել հղիությանը։ Նախկինում շատ էին դեպքերը, երբ առանց նախնական հետազոտություններ անցնելու հղիություններ էինք գրանցում, հետազոտությունների արդյունքում պարզվում էր, որ ունեն բազմաթիվ խնդիրներ։ Այժմ խորհուրդ է տրվում բոլորին 25 տարեկանից հետո պետպատվերի շրջանակներում պարտադիր անցնել անհրաժեշտ սքրինինգային հետազոտությունները՝ պապիլոմավիրուսի սքրինինգ,ՊԱՊ թեստ, քանի որ 85 տոկոս դեպքերում արգանդի պարանոցի քաղցկեղի պատճառը պապիլոմավիրուսի առկայություն է: Խորհուրդ է տրվում նաև անցնել վահանաձև գեղձի ֆունկցիայի հետազոտում, քանի որ մենք, գտնվելով էնդեմիկ գոտում, մեծ է այդ խնդրի հավանականությունը, և շատ դեպքերում աղջիկները կարիք են ունենում հորմոնալ թերապիայի, քանի որ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը նաև կարող է բերել անպտղության կամ վիժումների հղիության փոքր ժամկետներում։ Ինչպես նաև շատ կարևոր է TORCH ինֆեկցիաների հետազոտությունը. դա ցիտոմեգալովիրուսի և տոկսոպլազմոզի հետազոտություններ են, քանի որ դրանք երկու ինֆեկցիաներ են, որոնց առաջնակի վարակ հղիության ժամանակ պտղի զարգացման արատների է հանգեցնում: Եվ իհարկե, եթե կան գանգատներ, կարող է ընդլայնվել հետազոտությունների սպեկտրը։ Իսկ եթե կան քրոնիկ հիվանդություններ, պետք է իրենք պարտադիր վերահսկվեն իրենց բուժող բժիշկների կողմից, որպեսզի մինչև հղիության պլանավորումը լինեն առողջական կայուն վիճակում։

–Որքանո՞վ է կարևոր հոգեբանական պատրաստվածությունը հղիներին ծննդաբերության ընթացքում։

–Կարելի է ասել` թերևս ամենակարևորն է, քանի որ բոլոր կանայք ունեն դրա կարիքը հղիության և ծննդաբերության ընթացքում։ Հղիությունը պետք է դիտարկել որպես գործընթաց, երբ հղիության առաջին օրվանից կինը պետք է լինի հոգեբանորեն պատրաստ։ Այս հարցում այսօր բավականին աջակցում են գործող մայրության դպրոցները, ունենք հոգեբաններ, անհրաժեշտության դեպքում ուղղորդում ենք հոգեբանի մոտ, ունենք նաև Լամազի դասընթացներ, ինչպես նաև անհրաժեշտ դեպքում զուգընկերոջ ներգրավվածություն, նրա աջակցությունը ծննդաբերության ընթացքում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ երբ այդ պահին ամուսինները իրենց կողքին են լինում, ծննդաբերող կնոջ համար դա բավականին մեծ հոգեբանական աջակցություն է։

–Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին, հատկապես` կանանց։

-Մեր հայ կանանց հորդորում եմ, որ սիրեն իրենք իրենց, հետևեն իրենց առողջությանը, քանզի կինն է ընտանիքի հենասյունը: Այսօր մենք ունենք բավականին լուրջ խնդիր, քանի որ ունեցանք մեծ կորուստներ` մեր գենոֆոնդի դեմոգրաֆիկ աճի բացասական սանդղակ, իսկ առողջ կինը ապագա առողջ մայրն է, երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվողը: Ճիշտ է ասված` առողջ մարմնում առողջ հոգի։ Կինը պետք թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես առողջ լինի, քանզի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան տկարությունը խանգարում է առողջ սերունդ ունենալուն։ Ցանկանում եմ, որ կանայք իրենք իրենց հետ ներդաշնակ լինեն, գեղեցիկ ժպիտը երբեք չբացակայի նրանց դեմքերից: Իսկ առողջ սերունդը առողջ կնոջ շնորհիվ է, և կինը պետք է ճիշտ նախապատրաստվի հղիությանը: Մեր երկրին էլ կցանկանամ խաղաղ և անպատերազմ երկինք: Բոլորս պետք է մեծ հավատքով, ուժով ու եռանդով, նվիրվածությամբ և անշահախնդրությամբ աշխատենք մեր բնագավառում, փորձենք զարգացնել, շենացնել մեր երկիրը: Ինձ թվում է՝ միայն այդ պարագայում կկարողանանք այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալ: Բոլորին մաղթում եմ մարդասիրություն, սեր, ներողամտություն և համբերություն:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր