Atoyan2007

Atoyan2007

There is no translation available.

Ծնողների կրթվածությունն ու իրազեկվածությունը կարևորագույն դեր ունեն երեխայի առողջության պահպանման հարցում

Մանկական վիրաբուժությունն առողջապահության բնագավառի չափազանց կարևոր ուղղություններից է, որը միավորում է մանկաբուժությունն ու վիրաբուժությունը: «Արաբկիր» բժշկական համալիրի կոնքի խոռոչի օրգանների գործառույթի խանգարման ծառայությունը այսօր իրականացնում է ամենալայն սպեկտրի անհետաձգելի և պլանային վիրաբուժական միջամտություններ՝ բաց և մինիմալ ինվազիվ եղանակներով։ Աշխարհում գոյություն ունեցող ապացուցահեն բժշկության լավագույն ստանդարտներով առաջնորդվելով՝ ծառայության ղեկավարի գլխավորությամբ փորձառու և պրոֆեսիոնալ թիմն իրականացնում է մանկական վիրաբուժական հիվանդությունների ախտորոշում և բուժում՝ կոնսերվատիվ և վիրահատական եղանակներով։ Մեր զրուցակիցը մանկական վիրաբույժ, ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի կոնքի խոռոչի օրգանների գործառույթի խանգարման ծառայության ղեկավար ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆՆ է: Պարոն Լալազարյանը իր նորարար բուժմոտեցումներով, հարուստ գիտագործնական փորձով և մարդակենտրոն վերաբերմունքով մեծ ներդրում ունի մանկական ուռոլոգիայի և վիրաբուժության զարգացման գործում, բժիշկ, ով նորարարական մոտեցումները համադրում է տարիների փորձի և պատասխանատու աշխատանքի հետ։ Նա այն եզակի մասնագետներից է, ում կյանքն ու գործը լիովին նվիրված են բժշկությանը, ով իր գործունեությամբ ձևավորում է ոչ միայն առողջապահության համակարգի ներկան, այլև ապագան, ում ներդրումը՝ բժշկության ոլորտում շարունակում է զարկ պարգևել տվյալ ոլորտի զարգացման մեջ։

-Պարոն Լալազարյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ մակարդակի վրա է այսօր Հայաստանում մանկական ուրոլոգիան։

-Միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանում մանկական ուրոլոգիան բավականին զարգացած է, ըստ իս` տարածաշրջանում ամենազարգացածը: Այն մեծապես համապատասխանում է եվրոպական և ամերիկյան ստանդարտներին, Ռուսաստանի Դաշնության բազմաթիվ բժշկական կենտրոնների համեմատ հաճախ ավելի բարձր մակարդակ ունի, և մենք ետ չենք մնում աշխարհի լավագույն մանկական ուրոլոգիական կլինիկաներից։

-Բժիշկ, ի՞նչ պաթոլոգիա է կրիպտորխիզմը։

-Կրիպտորխիզմը կամ ամորձու էկտրոպիան ընդհանրացված են մեկտեղ, բայց իրարից տարբերվում են պաթոգենեզով` ծագումով։ Դա ձվիկի բնական իջեցման ճանապարհին ինչ-որ մի տեղ կանգ առնելն է։ Գիտենք, որ ամորձիները սաղմադրվում են գոտկային շրջանում, այնուհետև զարգացման ընթացքում գալիս է դեպի փոշտ, որտեղ էլ ավարտվում է իջեցումը ներարգանդային կյանքի 8-րդ ամսին։ Եթե երեխան ծնվում է 7-րդ ամսին, և ձվիկները տեղում չեն, դա նորմայի սահմաններում է, հիվանդություն չէ, պետք է ուղղակի սպասել, որ նորածինը զարգացում ապրի։ Սերմ արտադրող բջիջները կամաց-կամաց կարող են ատրոֆիայի ենթարկվել, իսկ մարմնի ներսում և դրսում, բնականաբար, ջերմաստիճանը տարբեր է։ Եվ այս օրգանը, որը չի սիրում տաք պայմաններ, և, բնականաբար, այս դեպքում բնությունը հոգացել է այս օրգանի համար հարմար պայմաններ ստեղծելը։ Երբ իջնելու ճանապարհին ձվիկը կանգ է առնում, դա կոչվում է կրիպտորխիզմ։ Նայած, թե որտեղ է այն կանգ առնում. եթե աճուկային հատվածում է, կոչվում է աճուկային ռետենցիա: Լինում է որովայնային, գոտկային ռետենցիա: Ի տարբերության դրա՝ էկտոպիայի ժամանակ ձվիկը բնական իջեցման ճանապարհից շեղվում է, դուրս է գալիս, գնում ուրիշ ուղղությամբ։ Ըստ նրա, թե որտեղ է տեղակայվում, այդպես էլ կրում է իր անունը։ Կարող է լինել աճուկային, կարող է գնալ դեպի հետանցք, և այլ ուղղվածություն ունենալ։ Կարող է լինել ազդրի վրա` կոչվել ազդրային էկտոպիա: Էկտոպիայի դեպքում ձվիկները սովորաբար լինում են նորմալ ձևավորված, իսկ կրիպտորխիզմի ժամանակ՝ ձվիկները միշտ թերզարգացած են լինում, և ինչքան ավելի վերև են տեղակայված, այնքան ավելի թերզարգացած են լինում։ Կրիպտորխիզմի դեպքում ցուցված է վիրահատական բուժում։ Եթե խոսքը ժամանակին ծնված հասուն երեխայի մասին է, ապա վիրահատության լավագույն ժամանակահատվածը ցանկալի է 6 ամսականից մինչև 12 ամսական տարիքային շեմը։ Երբեմն, եթե կան ուղեկցող հիվանդություններ, որոնք կխանգարեն վիրահատության բնականոն ընթացքին կամ անեսթեզիայի հետ կապված ռիսկերին, այդ դեպքում կարող է հետաձգվել մինչև 18 ամսական։ Դրանից ավելի ուշ հետաձգել խորհուրդ չի տրվում, քանի որ ամորձու երկարատև ոչ բնական դիրքը կարող է խանգարել դրա աճին և զարգացմանը։ Իրականում մեր խնդիրն է այդ պահին փորձել պահպանել գոնե այն, ինչ ունենք, որպեսզի ավելի բարդացումներ չլինեն, անգամ մնացած 20 տոկոսն էլ կարող է որոշիչ լինել ապագա սերունդ թողելու հավանականության մեջ։

-Որո՞նք են մեզի հետհոսքի հիմնական պատճառները և ժամանակակից բուժման մոտեցումները։

-Մեզի հետհոսքը կամ ռեֆլյուքսը ունի երկու տարբեր հիմնական պատճառային խումբ։ Առաջինը կառուցվածքային է, երբ միզածորանը սխալ անկյան տակ է մտնում միզապարկի պատի մեջ։ Այս դեպքում բուժումը միմիայն վիրահատական է. կիրառվում են երկու հիմնական մեթոդներ՝ էնդոսկոպիկ եղանակով ծավալ առաջացնող նյութի ներարկում միզածորանի բացվածքի շրջանում, բաց կամ լապարոսկոպիկ տարբեր տեխնիկայով վիրահատական միջամտություններ (ներմիզապարկային կամ արտամիզապարկային տեխնիկայով)։ Երկրորդ խումբը հիվանդության ֆունկցիոնալ պատճառներն են (միզապարկի սխալ աշխատանք), որոնք առաջացնում են հետհոսք, նաև ինֆրավեզիկալ օբստրուկցիա (մեզի արտահոսքի խանգարում), այսինքն, երբ մեզի արտահոսքը միզապարկից դեպի դուրս խանգարված է լինում ինչ-ինչ պատճառներով, այս դեպքում առաջնահերթ է սկզբնապատճառի վերացումը։ Վիրահատել, չվիրահատել, միևնույն է, այն կրկնվելու հակում ունի։ Շատ դեպքերում (մոտ 80%) ռեֆլյուքսը անցնում է ինքնուրույն, միզապարկի ֆունկցիայի կարգավորումից հետո:

-Ե՞րբ է հանդիպում հիդրոնեֆրոզը։

-Հիդրոնեֆրոզը երիկամի բաժակավազանային համակարգի լայնացումն է` պաներխիմայի վնասումով, որը շատ անգամ բերում երիկամի ֆունկցիայի կորստի: Այն երեխաների մոտ հիմնականում բնածին զարգացման արատ է։ Ունի մի խումբ պատճառահետևանքներ։ Ամենահաճախ հանդիպող պատճառներն են բնածին ստենոզները, երկրորդը, ըստ հավանականության, ստորին բևեռային աբերանտ (ավելորդ) անոթների սեղմումը։ Մնացյալ տեսակները ավելի հազվադեպ հանդիպող են: Բուժումը վիրահատական է, և որքան շուտ կատարվի, այնքան լավ, քանի որ հակառակ դեպքում երկարատև խանգարումը վնասում է երիկամի պարենխիման, մեզ արտադրող հատվածը տուժում է, որը, ցավոք սրտի, վնասումից հետո վերականգնման չի ենթարկվում։

-Միզապարկի դիսֆունկցիան ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել։

-Ժամանակակից դասակարգմամբ միզապարկային դիսֆունկցիան միզապարկի բնականոն աշխատանքի խանգարումն է։ Այն կարող է արտահայտվել միզարձակման խանգարումների, ցավի, միզապարկի ոչ լիարժեք դատարկման կամ հաճախակի միզարձակման ցանկությունների ձևով։ Միզապարկային դիսֆունկցիան կարող է ունենալ տարբեր պատճառներ, ինչպիսիք են՝ նեյրոգեն խանգարումներ, միզապարկի բորբոքում կամ ինֆեկցիաներ, աթրոֆիկ փոփոխություններ, ֆիզիկական վնասվածքներ: Միզապարկային դիսֆունկցիան կարող է նաև կապված լինել այլ խնդիրների հետ, ինչպիսիք են՝ նյութափոխանակության խանգարումներ, դեղորայքային ազդեցություններ կամ միզապարկի կառուցվածքային խանգարումներ։ Տարբերակում ենք միզապարկի ֆունկցիաների խանգարումների երկու տեսակ, միզապարկի դիսֆունկցիա (դետրուզոր մկանի աշխատանքի խանգարում) և միզարձակության դիսֆունկցիա, երբ մեզի արտահոսքի հետ կապված խանգարումներ են։ Երկու պաթոլոգիաների չբուժվելու՝ 70-75% դեպքերում կարող է ինքնուրույն կարգավորվել մինչև 18 տարեկանը, բայց կա երիկամների վնասման ռիսկ (8–15%): Այդ պատճառով սպասողական բուժմոտեցումը միշտ չէ, որ գրագետ է։

-Որքա՞ն հաճախ է հանդիպում միզաքարային հիվանդությունը երեխաների մոտ։ 

-Միզաքարային հիվանդությունները երեխաների մոտ նախկինում բավականին հազվադեպ էր հանդիպում, սակայն այսօր հանդիպման հաճախությունը աճել է։ Այն կարող է պայմանավորված լինել ինչպես հիվանդության իրական աճով, այնպես էլ ավելի վաղ ախտորոշմամբ։ Կոնկրետ ստաստիտիկ թվեր նշել չեմ կարող, տարբեր երկրներում տարբեր են, բայց բավականին հաճախ է հանդիպում, մեր բժշկական կենտրոնում միջինում շաբաթական մեկ նոր դեպք է գրանցվում:

-Ի՞նչ է օբստրուկտիվ ուռոպատիան և ինչպե՞ս է այն ախտորոշվում։

- Այդ հասկացությունը` որպես այդպիսին, այսօր կիրառելի չէ։ Այն ընդհանրական հասկացությունն է, որի ժամանակ մեզի հոսքի ճանապարհին ինչ-որ տեղ խոչընդոտ կա։ Ավելի հաճախ լինում է կամ երիկամի ավազանից դեպի միզածորան անցող կամ միզածորանից միզապարկ անցնող տեղերում, երբեմն էլ` միզապարկից ներքև։ Այն ներառում է հիդրոնեֆրոզը և օբստրուկտիվ ուրետերոհիդրոնեֆրոզը՝ որպես առանձին հիվանդություններ։ Պատճառները հիդրոնեֆրոզների բազմազան են՝ ստենոզներ կամ ֆունկցիոնալ խանգարումներ։ Բուժումը հիմնականում վիրահատական է, ինչքան վաղ այնքան արդյունավետ։

- Ե՞րբ են առաջանում աճուկային և պորտային ճողվածքները երեխաների մոտ։

-Մանկական տարիքում, գերակշռող մեծամասնության դեպքում հանդիպում են բնածին ճողվածքները։ Աճուկային ճողվածքը բնութագրվում է տվյալ շրջանում արտափքվածության առաջացմամբ։ Վերջինս տարբերակվում է աճուկային և աճուկափոշտային, տեսքով լինում է գնդանման կամ օվալ կառուցվածքի։ Ճողվածքապարկն իրենից ներկայացնում է բունոցային ելունը, որի պարունակության մեջ հաճախ լինում է աղեգալարը, իսկ աղջիկների դեպքում ձվարանը։ Հղիության 5-րդ ամսին առպատային որովայնամիզը աճուկային խողովակով արտափքում է տալիս տղաների մոտ և իջնում դեպի փոշտ, իսկ աղջիկների մոտ մեծ սեռական շուրթեր։ Այնուհետև հղիության 7-8 ամիսներից հետո պետք է փակվի։ Ինքնուրույն փակվելու հավանականությունը գրեթե զրոյական է, եթե փակվում է անհաս նորածինների մոտ մինչև 3 ամսական տարիքային շեմը մաքսիմում, որից հետո չի փակվում։ Բուժումը վիրահատական է և իրականացվում է պլանային կարգով։ Ուստի անհրաժեշտ է վիրահատել հնարավորինս շուտ՝ նորածնային տարիքից սկսած, քանզի բարդությունների առաջացմանը հավանականությունն է մեծ, և ինչքան փոքր է երեխան, հավանականությունն ավելի մեծ է, սպասել, որ առաջանա ճողվածքի օղակում (ճողվածքի օղակում նշանակում է ճողվածքապարկի պարունակության սեղմում ճողվածքային օղում), հետո նոր վիրահատել, ընդհանրապես ցանկալի չէ։ Սովորաբար օղակումը լինում էր այլ սոմատիկ հիվանդության ժամանակ։ Եվ, մեծամասամբ դեպքերում աղիքային ինֆեկցիա, վիրուսային վարակ և այլ հիվանդությունների ժամանակ անեսթեզիոլոգիայի և վիրահատության հետ կապված բարդությունների առաջացման հավանականությունը կտրուկ մեծանում է։ Պորտային ճողվածքները նույնպես կրում են բնածին բնույթ, կրկին հանդիպում են բավականին հաճախ, սակայն մոտ 80% դեպքերում փակվում են ինքնուրույն մինչև 5–6 տարեկանը մկանների տոնուսի զարգացմանը զուգընթաց։ Եթե այդ տարիքից հետո չեն փակվում, կատարվում է պլանային վիրահատություն, բայց ի տարբերություն աճուկային ճողվածքի այս դեպքում շտապելու ցուցում չունենք, քանզի պորտային ճողվածքների օղակում համապատասխան բարդություններ առաջանում են ճողվածքների ունեցողներից 5000-ից 1-ի մոտ։ Բնականաբար ինչքան վաղ կատարվի, ավելի թեթև է անցնում։ Խնդրահարույց դառնալու հավանականությունը բավականին ցածր է, իսկ աճուկային դեպքում 100 տոկոս է։ Ճողվածքի օղակվելու դեպքում վիրահատությունը իրականացվում է շտապ կարգով։

- Ի՞նչ է դոլիխոսիգման և ինչպե՞ս է այն դրսևորվում։

-Դոլիխոսիգման հաստաղիքի ավելորդ, երկարացված գալարն է, որը լինում է բնածին կամ ձեռքբերովի։ Ավելի հավանական է, որ այն փորկապության հետևանք է, ոչ թե պատճառ։ Բնածին արատի ժամանակ հաստաղու վերջնամասի, սիգմայաձև աղիքն ունի ավելի երկար հատված, որը, հավելյալ գալար առաջացնելով, բերում է փորկապության։ Քանի որ այդ մասում կարող է կղանքի կուտակում առաջանալ, այն սեղմում է նաև միզապարկին: Եթե սովորույթային փորկապության հետևանքով է զարգացում, երբ երեխան երկար ժամանակ` ամիսներ և տարիներ, ինչ-որ պատճառով զսպում է զուգարանից օգտվելու անհրաժեշտությունը, օրինակ` զզվում է դպրոցի զուգարանից, չի ցանկանում խաղից կտրվել, վախենում է մենակ գնալուց` առանց ծնողների օգնության կամ ինչ-ինչ պատճառներով, բայց ընդամենը մեկ անգամ պահելով որևէ բան չի փոխվում։ Աստիճանաբար ուղիղ աղին սկսում է լայնանալ, աղու պատի մկանները սկսում են թուլանալ, և երբ գալիս է պահը գնալու, նորմալ չի կարողանում դատարկել աղին, և երկար մնալով սկսում է աստիճանաբար աղիքը երկարել, որը իր հերթին ևս բարդացնում է փորկապության վիճակը։ Ավելի փոքր՝ մանկական տարիքում արտահայտման ձևը փորկապության տեսքով է, իսկ ավելի մեծ տարիքում, սովորաբար 20-25 տարեկանից հետո եթե պահպանողական դիրք է գրավում, իրենց հնարավոր բարդություններով: Բուժումը մանկական տարիքում կոնսերվատիվ է՝ սննդակարգի, ֆիզիկական ակտիվության և աղիքների աշխատանքի կարգավորման միջոցով։ Եթե երկար ժամանակ պահում ենք աղիքների ֆունկցիան կարգավորված նորմալ վիճակում երեխայի աճի հետ, հավելյալ երկարացված աղիքը աստիճանաբար հետաճ է լինում, գալիս է իրեն նորմային։ Վիրահատություն սովորաբար խորհուրդ չի տրվում, քանի որ արդյունքները գոհացուցիչ չեն լինում։ Եթե 20 տարեկանից հետո երկար պահպանված մնում է քրոնիկ փորկապություն, ապա համապատասխան տարիքային խմբի նեղ մասնագետները խորհուրդ են տալիս մասնահատում կատարել։

-Որո՞նք են փորկապության հիմնական պատճառները։

-Փորկապության պատճառահետևանքները բավականին շատ են, էնդոկրին համակարգի ֆունկցիաների, նյարդային համակարգի խանգարման դեպքում, և այլն, բայց հիմնական երեք պատճառները 99 տոկոս դեպքերում. առաջինը՝ սխալ սննդակարգն է ավելի շատ օսլա պարունակող և քիչ բջջանյութ պարունակող սնունդի ընդունում, երկրորդը՝ սովորույթային, կղազատման ցանկությունը զսպել և երկար պահել, և երրորդը՝ ֆիզիկական ակտիվության բացակայություն։ Այսօրվա երեխան գրեթե ֆիզիկական ակտիվություն չունի, անընդմեջ նստած կամ պառկած դիրքում է, իսկ ֆիզիկական ակտիվությունը և որովայնի առաջային պատի մասնակցությունը աղիների պերստատիկային բավականին մեծ է: Պետք է ֆիզիկական ակտիվությունը կարգավորել։ Ինչքան օրվա ընթացքում երեխայի ֆիզիկական ակտիվությունը բարձր լինի, այնքան աղիների պերեստաստիկան ակտիվ կլինի, և այնքան աղիների գործելը հեշտ կլինի։

-Որո՞նք են ապենդիցիտի հիմնական ախտանիշները։

-Ապենդիցիտը (կույրաղիքի որդանման ելունի բորբոքում) հիմնականում արտահայտվում է ցավով որովայնի աջ ստորին հատվածում, ջերմությամբ, հասուն մարդկանց ջերմաստիճանը սովորաբար քիչ է բարձրանում (37,5-38,5° C), երեխաներինը՝ շատ, իսկ տարեցներինը, նույնիսկ շատ ծանր ձևերի դեպքում, մնում է բնականոնի սահմաններում։ Այն ուղեկցվում է սրտխառնոցով և փսխումով։ Մնացած ախտանիշները հայտնաբերվում են բժշկական զննման ընթացքում, որոնք ինքնուրույն զգալ չեն կարող։

-Որպես մեր զրույցի վերջաբան՝ խնդրեմ Ձեր մաղթանքը ձեզ դիմող երեխաների ծնողներին և հասարակությանը։

-Ցավոք սրտի պետք է ասեմ, որ աստիճանաբար ավելի են հանդիպում դեպքերը, երբ որ ծնողների կրթվածության մակարդակը բավականին ցածր է, ես չեմ խոսում կրթական աստիճանի ինչ որ փաստաթուղթ ունենալու մասին: Մեր հասարակության գիտակից զանգվածին դիմում եմ խնդրանքով և հորդորով, կոչով, որ ինչքան հնարավոր է փոքր տարիքից սկսած կրթվեք։ Ծնողների կրթվածությունն ու իրազեկվածությունը կարևորագույն դեր ունեն երեխայի առողջության պահպանման հարցում։ Խոսքը ոչ թե միայն դիպլոմ ունենալու, այլ գիտակցված և տեղեկացված լինելու մասին է։ Որքան վաղ սկսվի ինքնակրթությունը, այնքան ավելի ճիշտ և ժամանակին որոշումներ կկայացվեն։ Առողջ եղեք։

There is no translation available.

«Կյանքը  ամենաթանկ պարգևն է, առողջությունը`ամենամեծ արժեքը, հարգենք կյանքը, պահպանենք առողջությունը»

Այսօր տեսողության խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, և Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժության մեջ կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Եվ բնական է, որ ցանկացած երկրում անչափ կարևորվում են տեսողության հետ կապված խնդիրները, և ակնաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ ու պահանջված ուղղություններից մեկը: Ոլորտ, որտեղ բարձրակարգ և սրտացավ բժիշկ-մասնագետներն իրենց գործի նվիրյալներն են: Մեծատառով բժիշկ կարելի է համարել այն մասնագետին, ով մարդուն կարող է վերադարձնել աչքի լույսը, աշխարհն իր բոլոր երանգներով տեսնելու երջանկությունը:

Եվ այդ ոլորտի նվիրյալներից մեկն էլ այսօր մեր զրուցակից ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ում երկար  տարիների նվիրյալ աշխատանքն իսկապես մեծագույն սխրանք է: Նրա բազմամյա վաստակը բժշկության մեջ պարզապես անգնահատելի է, իսկ եռանդն ու ջանասիրությունը օրինակ կարող են լինել շատ-շատերի համար: Այդ ամենը նրան հաջողվել է շնորհիվ տարիների քրտնաջան աշխատանքի, հայրենասիրության, ակնաբուժության հանդեպ անսահման սիրո, մասնագիտական ճիշտ ու արդյունավետ մոտեցումների, որոնցից մեկը կրթության և գիտության հավերժ կապի պահպանումն է, ինչը  իր ղեկավարած բաժանմունքի հիմնաքարն է: Բժիշկ Գրիգորյանը տեսողության մասին գիտելիքը վերածում է հույսի: Նրա համար բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև` առաքելություն։ Մարդ, որը, հավատարիմ մնալով իր կոչմանը, մարդասիրական առաքելությամբ ծառայում է իր  հայրենիքին:

–Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում կարևոր և առանցքային փոփոխություններ են կատարվել Ձեր բաժանմունքում, որը վերաբացվեց վերազինված և վերանորոգված պայմաններով։ Կպատմե՞ք այդ փոփոխությունների կարևորության մասին։

–Մեր բաժանմունքը վերաբացվել է <<Աչքի վնասվածքների բաժանմունք>> անվամբ։ Եվ, դա պատահական չէ, որ կրում է այդ անունը, քանի որ մեր բժիշկներն անցել են երեք պատերազմ և ունեն մեծ փորձ տարբեր աստիճանի, առավել ևս՝ ռազմական վնասվածքների բուժման մեջ։

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ բուժառուների հետազոտման, նախապատրաստման և վիրահատությունների իրականացման համար։ Կարելի է ասել՝ ունենք բոլոր հնարավորությունները` լիարժեք բուժօգնություն մատուցելու համար։ Մեր բաժանմունքում շարունակվում են իրականացվել միջազգային չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ վիրահատական միջամտություններ, եւ օր օրի զարգացում ենք ապրում` հետ չմնալով ակնաբուժության նորարարությունների զարկերակից։ Ունենք երիտասարդ բժիշկներ, որոնք կրթվում են մեր ծրագրերով և կատարելագործում իրենց հմտությունները։ Մեր միջազգային կապերը եղել են մշտապես և այսօր էլ զգալիորեն ընդլայնվում են։ Իրականում այսօր վերապատրաստվելն ավելի դյուրին է դարձել և բավականին տարբերակներ կան զարգանալու համար: Այն դարձել է ավելի հասանելի՝ ոչ այնքան ֆինանսական, որքան կամքի և նպատակասլացության առումով։ Եթե նախկինում վերապատրաստման հիմնական ուղղությունը մեզ համար Ռուսաստանի Դաշնությունն էր, ապա այսօր մեր մասնագետները վերապատրաստվում են նաև Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Սա, բնականաբար, նպաստում է ընդհանուր մակարդակի բարձրացմանը։

-Բժիշկ, այսօր աչքի  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։ Ըստ Ձեր աշխատանքային փորձի` որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։

–Եթե նախկինում գերակշռում էին արտադրական վնասվածքները, ապա այսօր առավել հաճախ հանդիպում են կենցաղային և գյուղատնտեսական վնասվածքները։ Փառք Աստծո, այսօր ապրում ենք խաղաղ պայմաններում. ռազմական վնասվածքների չենք հանդիպում։ Բայց պետք է  նշեմ, որ ցավոք սրտի, վերջին շրջանում մեր պրակտիկայում ավելացել են ծանր վնասվածքների դեպքերը։ Իրականում մենք աշխատում ենք ցանկացած բարդության դեպքերի հետ՝ կիրառելով ժամանակակից մոտեցումներ և անհատական բուժման ռազմավարություններ։

Վերջին տարիների մեզ համար ձեռքբերում  կարող եմ նաեւ համարել, որ մշակել և վերանայել ենք ներակնային օտար մարմինների հեռացման մեթոդները։ Եթե նախկինում կատարվում էր կտրվածք, որը հետագայում կարող էր բարդություններ առաջացնել, ապա այսօր անցել ենք ժամանակակից վիրաբուժության մեթոդի, որն գրեթե բացառում է հետվիրահատական բարդությունները։

Նաև բարելավել ենք առաջնային հատվածի  այրվածքների և բութ վնասվածքների բուժման մոտեցումները։ Այսօր ավելի համակարգված, խորը և արդյունավետ ենք դարձրել մեր բուժմոտեցումները։

–Բժիշկ, ո՞ր դեպքում է ցուցված լազերային վիրահատությունը։

–Լազերային տեխնոլոգիաները շատ բազմազան են։ Տեսողության լազերային կորեկցիան ժամանակակից միջամտություն է, որի դեպքում հատուկ լազերի միջոցով փոփոխության ենք ենթարկում աչքի արտաքին բեկող միջավայրը, այսինքն՝ եղջերաթաղանթը։ Փոխելով եղջերաթաղանթը՝ մենք կարողանում ենք շտկել ռեֆլեքսային բնույթի խանգարումները, որոնցից են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը։

Կան նաև լազերներ, որոնք թույլ են տալիս ճեղքել աչքի որոշ հյուսվածքների մեջ, որոնք կիրառվում են հյուսվածքների վրա ազդեցություն գործելու համար։

Քանի որ ռեֆլեքսային բնույթի խանգարումները կարող ենք շտկել ակնոցներով և կոնտակտային լինզաներով, լազերային կորեկցիայի մեթոդը հանդիսանում է որպես այլընտրանքային մեթոդ։ Այսինքն` ունի ալտերնատիվ, որոնք ակնոցներն ու կոնտակտային լինզաներն են։ Միջամտություններն ունեն իրենց ցուցումներն ու հակացուցումները: Այսինքն՝ մեթոդները տարբեր են և կիրառվում են տարբեր նպատակների համար։ Բարեբախտաբար, Հայաստանում այս ոլորտում նաև զարգացման և բուժմոտեցման խնդիրներ չունենք։

–Ե՞րբ է առաջանում էկզոֆտալմը:

–Էկզոֆտալմը 90% դեպքերում զարգանում է էնդոկրին համակարգի խաթարման արդյունքում, այսպես ասած, այն էնդոկրին օֆթալմոպաթիան է: Ակնակապիճից դուրս ցցված աչքերը կոչվում է էկզոֆտալմ։ Այն ախտորոշվում է Գրեյվ-Բազեդի հիվանդության ժամանակ, որը կապված է վահանագեղձի գերակտիվության հետ։ Սկզբնական փուլերում աչքերը ակնակապիճից դուրս ցցված են լինում, աչքերը կարմրում են, առաջանում է աչքի չորություն: Ծանր դեպքերում կարող են լուրջ բարդություններ լինել՝ անգամ կարող են կորցնել աչքը։

–Ինչի՞ կարող է հանգեցնել ապակենման մարմնի արյունազեղումը։

–Ներակնային արյունազեղումը, արյան կուտակում է ակնագնդի խոռոչում։ Արյունահոսությունը կարող է առաջանալ աչքի ցանկացած անոթավորված կառուցվածքից։ Արյունազեղումը կարող է հետևանք լինել ֆիզիկական վնասվածքի, ակնաբուժական վիրահատությունների կամ այլ հիվանդությունների ու խանգարումների, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը։ Այն բավականին հաճախ հանդիպող հիվանդություններից է, 99% դեպքերում հանդիպում է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ, երբ որ անոթները ախտահարված են, արդյունքում արյունը կարող է թափանցել ապակենման մարմին։  Պետք է կողմնորոշվել բուժման փուլերի մեջ. սկզբնական շրջանում բուժումը սկսվում է դեղորայքային և ներակնային ներարկումներով, թույլ չտալով հասնել արյունազեղման, որը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ ներառյալ ցանցաթաղանթի տարբեր պաթոլոգիաների, ընդհուպ՝ շերտազատման։ Ծանր արյունահոսությունը կարող է առաջացնել ներակնային ճնշման կտրուկ բարձրացում, ինչը հանգեցնում է տեսողական նյարդի վնասման։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է վիրահատություն։ Կարևոր է ժամանակին միջամտելը՝ բարդություններից խուսափելու համար։

–Ի՞նչ կասեք գունային տեսողության խանգարումների` գունակուրության մասին։

-Գունազգացողությունը կամ գունային տեսողությունը շրջակա միջավայրի գունային բազմազանությունն ընկալելու ունակությունն է: Գունակուրությունը հիմնականում ֆիզիոլոգիական խնդիր է։ Այն կարևոր նշանակություն ունի որոշ մասնագիտությունների համար՝ օրինակ՝ վարորդների, մեքենավարների, գնացքավարների, նավավարների, որոնք պետք է ունենան 100% գունազգացողություն։
Գույնազգացողության թեստի օբյեկտիվ մեթոդ չկա, ստուգումը կատարվում է հատուկ աղյուսակների միջոցով, և եթե ի հայտ է գալիս ինչ-որ փոփոխություն, այսինքն` խնդրի առկայության դեպքում անձը չի կարող աշխատել տվյալ ոլորտներում։

– Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ն է եղել Ձեր մասնագիտական զարգացման ուղին:

-Իմ մասնագիտական գործունեությունը սկսվել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։ Ակնաբուժական գիտելիքներն ու հմտությունները խորացրել եմ Ռուսաստանի Դաշնության աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտներում՝ անցնելով կլինիկական օրդինատուրա։ Վերադառնալով հայրենիք` մինչ օրս շարունակում եմ իմ գործունեությունը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում' 1992 թ.-ից ղեկավարելով Աչքի վնասվածքների բաժանմունքը։

Նշեմ նաև, որ պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն՝  Ապակենման մարմնի հետվնասվածքային և դիաբետիկ ախտահարումների ժամանակ հետին վիտրէկտոմիայի արդյունավետության թեմայով։

Մասնակցել եմ միջազգային վերապատրաստումների՝ որպես կլինիկական դիտորդ՝ Լոս Անջելեսի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Doheny Eye Institute-ում, ինչպես նաև՝ Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանում՝ ուսումնասիրելով ակնավիրաբուժության ու ռեֆրակցիոն մեթոդների արդի փորձը։ Համահեղինակ եմ 43 գիտական հոդվածների, հեղինակել եմ 2 մեթոդական ուղեցույց։

–Բժիշկ, Ձեր երկարամյա աշխատանքային կենսագրության մեջ  ի՞նչն է Ձեզ համար այդ պահին ամենահիշարժանը։

–Հիշում եմ իմ կողմից կատարված առաջին հաջողված վիրահատությունները և միևնույն ժամանակ` անհաջողությունները, որոնք միշտ դժվար եմ ընդունում մինչ այսօր, որոնց հետ, ցավոք սրտի, չենք կարող չբախվել, քանի որ բժշկության մեջ էլ չենք կարող մշտապես 100%-ոց արդյունք գրանցել։ Եվ, հուրախություն ինձ, այսօր էլ հանդիպում եմ իմ բուժառուներին, որոնց վիրահատել եմ 30 տարի առաջ, որոնք մինչ օրս լավ տեսողություն ունեն։ Միթե՞ դա իսկական հրաշք չէ։

- Եվ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:                      
- Բոլորին առաջին հերթին առողջություն եմ մաղթում: Կհորդորեմ իմ հայրենակիցներին հետևել իրենց առողջությանը՝  չանտեսելով առողջական ամենաչնչին խնդիրն իսկ: Միշտ պետք է հիշել, որ փոքր խնդիրը ժամանակ անց կարող է մեծ չարիք դառնալ, որից ազատվելը հարյուրապատիկ ավելի դժվար է լինելու: Ցավոք, այսօր մեր հանրությունը չունի աշխատանքային կուլտուրա։ Այսինքն՝ կցանկանայի, որ մարդիկ ավելի մեծ ուշադրություն դարձնեն անվտանգության կանոններին։ Շատերը չեն օգտագործում պաշտպանիչ ակնոցներ, ինչի հետևանքով բավականին շատ են հանդիպում կենցաղային վնասվածքները։ 

Այսօր, երբ տեխնոլոգիաները գերզարգացած են, նման դեպքերը պետք է նվազեն, բայց, ցավոք, դեռ հաճախ ենք բախվում  նման դեպքերի հետ։ Ցավոք, սրտի փոխվել է նաեւ մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, որն իրականում ազդում է նրանց մտածելակերպի վրա: Ես ունեմ մի մոդուս`  երբեք հիվանդին չվնասել, բուժել, օգնել հիվանդին` հնարավորության դեպքում` անգամ անվճար:

Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և հավատացեք, հաջողությունը մշտապես կժպտա: Սա մեր հայրենիքն է, և ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու և  սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի:

There is no translation available.

«Բժշկության մեջ փոխվում են մոտեցումները և բուժման մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ սկզբունք՝ մասնագիտական պատասխանատվությունը մարդու առողջության հանդեպ»

Ժամանակակից բժշկությունն այսօր շարունակական կրթության, տեխնոլոգիական զարգացման, թիմային աշխատանքի և կյանքի որակի բարելավման ուղղությամբ մեծ զարգացում է ապրում։
Հայաստանում օրթոպեդիայի և էնդոպրոթեզավորման ոլորտում վերջին տասնամյակում նկատելի առաջընթաց է արձանագրվել, և այդ ճանապարհին իր կարևոր տեղն ունի «Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոկսա» կլինիկան, որն այս տարի նշում է իր գործունեության 10-ամյակը։
Տարիների ընթացքում կենտրոնը ձևավորել է ժամանակակից օրթոպեդիկ ծառայությունների նոր մշակույթ՝ համադրելով միջազգային փորձը, նորագույն տեխնոլոգիաներն ու բազմապրոֆիլ մասնագիտական մոտեցումը։
Մեր զրուցակիցն է օրթոպեդիայի և վնասվածքաբանության ոլորտում փորձառու օրթոպեդ-վնասվածքաբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի «Կոկսա» կլինիկայի ղեկավար Հրաչյա Հարությունյանը։ Փորձառու բժշկի հետ զրույցից բավական է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Բժշկի գործունեության արդյունքում բազմաթիվ մարդիկ են առողջացել, ներդրվել են բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներ: Մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, և հիվանդները հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ: Բժշկի մասնագիտությունը սրընթաց զարգացող մասնագիտություն է, յուրաքանչյուր բժիշկ պարտավոր է իր մասնագիտական գործունեության ողջ ընթացքում հետևել միջազգային փորձին, կիրառել և յուրացնել վերջինիս ձեռքբերումները։ Յուրաքանչյուր մարդ, մասնագետ կյանքի տարբեր ժամանակահատվածներում իր աշխատանքի վերագնահատում է կատարում: Եվ գալիս է մի պահ, երբ զգում ես, որ տվյալ ոլորտում հնարավոր ամեն բան արել ես ու նոր բան ասելու, անելու, ստեղծելու կարիք ունես: Կարծում եմ` այս մոտեցումը բնորոշ է բոլոր ոլորտներում աշխատող ստեղծագործ մարդկանց, ավելին` այն կենսական անհրաժեշտություն է:

-Պարոն Հարությունյան, նախ ցանկանում ենք շնորհավորել Ձեր կենտրոնի 10-ամյակը՝ մաղթելով շարունակական զարգացում, նոր ձեռքբերումներ և երկար մասնագիտական ճանապարհ։ Կպատմ՞եք, թե ինչպես սկսվեց «Կոկսա» կլինիկայի պատմությունը, և որո՞նք էին դրա զարգացման առանցքային փուլերը։
-Շատ շնորհակալ եմ բարեմաղթանքների և շնորհավորանքի համար։
Եթե վերադառնանք տասը տարի առաջ մեր անցած հետագծին, ամեն ինչ սկսվեց մեկ գաղափարից՝ ստեղծել օրթոպեդիկ կենտրոն, որը կգործի միջազգային չափանիշներին համապատասխան և կմասնագիտանա էնդոպրոթեզավորման ու բարդ հոդային վիրաբուժության ոլորտում։
Այդ գաղափարը ձևավորվեց մեր բժշկական կենտրոնի ղեկավարության նախաձեռնությամբ։ Մենք համագործակցեցինք ֆիննական մասնագիտացված կլինիկայի հետ, մեկնեցինք  այնտեղ, մասնակցեցինք վերապատրաստումների, ուսումնասիրեցինք եվրոպական փորձը և փորձեցինք այն ներդնել Հայաստանում։
Իհարկե, սկզբնական շրջանում մեզ համար կարևոր էր հասկանալ, որ հաջող վիրահատությունը միայն վիրաբույժի աշխատանքի արդյունքը չէ։ Ոչ պակաս կարևոր են բուժքույրական ծառայությունը, հետվիրահատական խնամքը, վերականգնողական բուժումն ու կինեզոթերապիան։ Այդ պատճառով վերապատրաստում անցան ոչ միայն բժիշկները, այլ մեր ամբողջ թիմը։
Տարիների ընթացքում կենտրոնը զարգացավ թե՛ տեխնիկական հնարավորությունների, թե՛ մասնագիտական ներուժի տեսանկյունից։
Այսօր արդեն վստահ կարող ենք ասել, որ «Կոկսա» կլինիկան  Հայաստանի ճանաչված և վստահելի օրթոպեդիկ կենտրոններից մեկն է։
Մեր գործունեության տիրույթում մենք կիրառում ենք օրթոպեդիայի և վնասվածքաբանության մեջ առկա բոլոր նորագույն և ժամանակակից մեթոդները։ Իրականացնելով մի շարք բացառիկ վիրահատություններ՝ մենք փորձում ենք առավելագույնս ներդնել էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումները Հայաստանում։ Խոշոր հոդերի՝ ծնկահոդ, կոնքազդրային հոդ, էնդոպրոթեզավորում, ռեվիզիոն էնդոպրոթեզավորում՝ հնացած, ախտահարված պրոթեզների փոխարինում, արթրոսկոպիա, ուղղիչ օսթեոտոմիաներ՝ դեֆորմացված ոսկրերի և վերջույթների շտկում։
Մենք մշտապես զարկը պահում ենք ոլորտի նորարարություններին, իսկ անդրադառնալով կիրառվող մեթոդներին՝ հարկ է նշել, որ բազմաթիվ են և հիմնականում կապված են վիրահատական մուտքերի, մկանաջիլային պլաստիկաների, էնդոպրոթեզների տեսակների ճիշտ տեղադրման հետ։
Մեր կլինիկայում միայն էնդոպրտեզավորմամբ չենք զբաղվում․ մենք բավականին առաջատարներից մեկն ենք այս ոլորտում, էնդոսկոպիկ, աթրոսկոպիկ վիրաբուժության մեջ կատարվում է սկսած թեթև վիրահատական միջամտություններից, այլ նաև մեծ ջլային պլաստիկաներով, ոսկրային դեֆորմացիներով և բավականին մեծ փորձ և առաջընթաց ունենք օստրոսկոպիկ բժշկության մեջ նույնպես։ Ծառայությունն իրականացնում է օրգանապահպան վիրահատություներ: Ունենք մեր բաժանմունքում գրանցված բավականին լուրջ հաջողություններ և բնականաբար տարբեր տեսակի կոտրվածքների բուժում աշխարհի առաջատար կլինիկաների ստանդարտներին համապատասխան չափորոշիչներին համահունչ մակարդակի, բնականաբար, մեր հպարտություն է ունենալ էնդոպորտեզավորման մասնագիտացված կենտրոն և տարիներ շարունակ աշխատելով ապացուցել, որ իրավունքը ունենք կրելու նման կենտրոնի համբավը և կոչումը, որի նպատակն է էնդոպրոթեզավորման ոլորտի համաշխարհային ձեռքբերումների ներդնումը Հայաստանում:

-Այս տարիների ընթացքում ո՞ր մեթոդներն ու մոտեցումներն են դարձել Ձեր կենտրոնի այցեքարտը։
-Վերջին տարիներին առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում կոնքազդրային հոդի դիմային մոտեցմամբ վիրահատություններին, ինչպես նաև ծնկի և կոնքազդրային հոդերի միաժամանակյա երկկողմանի էնդոպրոթեզավորմանը։
Սրանք տեխնիկապես բարդ միջամտություններ են, որոնք պահանջում են բարձր մասնագիտական պատրաստվածություն և մեծ փորձ։ Այս ուղղությամբ երկար տարիներ աշխատելու արդյունքում այսօր արդեն ունենք զգալի փորձառություն և կայացած արդյունքներ։
Այնուամենայնիվ, վստահ կարող եմ ասել, որ ժամանակակից նվազ ինվազիվ մեթոդները մեր կենտրոնում կիրառվում են լայն ծավալով և բարձր կլինիկական արդյունավետությամբ։
Բացի այդ, զբաղվում ենք նաև բարդագույն դեպքերով՝ ռևիզիոն էնդոպրոթեզավորումներով, ծանր հոդախախտերով և բազմակի վիրահատությունների ենթարկված հոդերի վերականգնմամբ։ Դա դարձել էր մեր բաժանմունքի այցեքարտը, քավ լիցի, չեմ ցանկանում ամպագոռգոռ բառեր ասել, թե մենք մեր տարածաշրջանում միակն ենք ու անկրկնելի։ Բժշկությունը մրցակցային ցուցադրություն չէ։ Այն ամենը, ինչ այսօր անում ենք, ստեղծվել է աշխարհի առաջատար մասնագետների կողմից, իսկ մեր խնդիրը լավագույն փորձը ճիշտ յուրացնելն ու կիրառելն է։
Բայց վստահ եմ, որ մենք բավականին լավ արդյունքներ ենք ապահովում մեր ոլորտում։ Եթե համեմատական վերլուծություն կատարվի 2 տարի առաջ և այսօր, ասեմ, որ բավական մեծ, եթե ոչ կեսից ավելին օր օրի գնում ենք ավելի նորարարության մեթոդների։

-Ինչպե՞ս է հաջողվել ձևավորել վստահելի հեղինակություն և պահպանել բժշկական ծառայությունների բարձր որակը։
-Կարծում եմ՝ հաջողության հիմքում առաջին հերթին համակարգված աշխատանքն ու մասնագիտական կարգապահությունն են։ Բարձր արդյունքի հնարավոր չէ հասնել, եթե ամբողջ թիմը չի աշխատում նույն սկզբունքներով։
Եթե չունես համապատասխան միջավայր, տեխնիկական հագեցվածություն և լավ վիրաբուժական պատրաստված թիմ, նույնիսկ ամենափորձառու վիրաբույժը չի կարող ապահովել ցանկալի արդյունք։
Կարծում եմ՝ լավ վերազինված և կայացած կլինիկայում կարող ես տալ բարդ վիրահատություններին դրական և արդյունավետ արդյունքներ. այս մոտեցումն է ձևավորել մեր կենտրոնի հեղինակությունը։

-Այսօր պացիենտներն ավելի տեղեկացված և պահանջկոտ են։ Ի՞նչ ռազմավարական նպատակներ ունեք առաջիկա տարիների համար։
-Այո, այսօր բուժառուներն լրատվական մեդիա դաշտի շնորհիվ դառնում են ավելի տեղեկացված, ուսումնասիրում, համեմատում և ընտրություն են կատարում։ Եվ դա, իմ կարծիքով, շատ դրական փոփոխություն է, որովհետև բժիշկներին ևս ստիպում է մշտապես զարգանալ։
Մեր գլխավոր նպատակը նույնն է՝ շարունակել առաջ շարժվել։ Դա նշանակում է անընդհատ սովորել, վերապատրաստվել, հետևել նոր տեխնոլոգիաներին և երբեք չբավարարվել արդեն ունեցած արդյունքներով։ Կարգապահությունը չթուլացնելով ավելի ավելացնել։
Այսօր աշխարհում մեծ զարգացում է ապրում ռոբոտիկ վիրաբուժությունը։ Համոզված եմ և լիահույս, որ մենք ետ չենք մնա նորարարությունների մրցակցային զարկերակիից և ապագան հենց այդ ուղղությամբ է շարժվում, և մենք ևս անում ենք ամեն ինչ ժամանակակից զարգացումներին համընթաց շարժվելու համար։

-Ձեր կարծիքով՝ այս 10 տարիների ընթացքում ի՞նչ ազդեցություն է ունեցել կենտրոնը Հայաստանի օրթոպեդիկ ոլորտի զարգացման վրա։
-Հույս ունեմ, որ կարողացել ենք որոշ չափով նպաստել մասնագիտական մշակույթի և բժշկական եվրոպական ստանդարտների զարգացմանը մեր պարագայում, որը մեր կլինիկայի դեպքում ֆիննական կլինիկայից էր այդ ամեն ինչը ընդունվել և կիրառվել մեր կլինիկայում, և հույսով եմ, որ մեր երկրում էնդոպրոթեզավորման վիրահատական բուժումը մեկ քայլ առաջ է, և խելացի վիրաբույժը բնականաբար տեսնելով լավ արդյունքներ այս ոլորտում ինքն էլ կկիրառի իր պրակտիկայում։
Մենք փորձել ենք Հայաստանում ներդնել եվրոպական բժշկական մոտեցումները՝ հատկապես այն փորձը, որը ստացել ենք ֆիննական գործընկերներից։ Եվ կարծում եմ՝ լավ օրինակը միշտ ունենում է իր ազդեցությունը։
Եթե օրթոպեդիկ ծառայությունների ընդհանուր մակարդակը Հայաստանում թեկուզ փոքր քայլով բարձրացել է, ուրեմն մեր աշխատանքն արդեն արժեք ունի։ Ինչ արդյունավետ բուժմոտեցումներ, որ մենք ավագ սերնդից ժառանգել ենք, հպարտ եմ, որ կիրառում ենք մեր պրակտիկայում: «Կոկսա» կլինիկայի անցած ճանապարհը ցույց է տալիս, թե ինչպես կարող են շարունակական կրթությունը, միջազգային փորձի ներդրումը և թիմային աշխատանքը ձևավորել ժամանակակից բժշկական մշակույթ։

-Բժիշկ, արդյո՞ք սոցիալական որոշ խմբեր պետության կողմից ստանում են բժշկական աջակցություն։
-Իհարկե ինչպես մյուս բժշկական կենտրոնները, այնպես էլ մեր կլինիկայում պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերն առկա են, և համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

-Մի փոքր խոսենք հիվանդությունների մասին։ Ի՞նչ է պոդագրան և արդյո՞ք այն տարիքային շեմ ունի։

-Պոդագրան նյութափոխանակային հիվանդություն է, որի հիմքում միզաթթվի բարձր մակարդակն է։ Սկզբնական փուլերում հիմնականում ախտահարում է մանր հոդերը՝ սկսվելով ոտնաթաթից, որն հետագայում կարող են ընդգրկվել նաև խոշոր հոդերը։ Երկարատև ընթացքի դեպքում զարգանում են հոդերի մաշվածություններ և դեֆորմացիաներ, և այդ փուլում արդեն անհրաժեշտ է օրթոպեդիկ միջամտություն։ Ցավոք սրտի, այսօր նկատելի է, որ նման խնդիրներն էլ են երիտասարդացում  ապրում։

-Ի՞նչ է պլազմոթերապիան, և ինչպե՞ս է այն կիրառվում օրթոպեդիայում։
-Պլազմոթերապիան բավականին բնական և արդյունավետ  կենսաբանական բուժման մեթոդ է, որի հիմքում բուժառուի սեփական արյան մշակումից հետո կիրառվում էր այդ բուժմոտեցման մեջ։ Բուժառուի սեփական արյունը անցնում է տարբեր արագության և ժամկետների մշակում, որից հետո դրանից ստացվում էր տարբեր նյութեր։
Ամենատարածվածը արյունը հատուկ մշակման միջոցով բաժանվում է բաղադրիչների, և  ստացվում է թրոմբոցիտներով հարուստ պլազմա, որը կիրառվում է բուժական նպատակներով։ Այս մեթոդը ևս կիրառվում է կոսմետոլոգիայի, գինեկոլոգիայի և  վիրաբուժության մեջ։ Մեր պրակտիկայում՝ օրթոպեդիայում այն օգտագործվում է ջլակապանային համակարգի բորբոքային խնդիրների և ներհոդային ներարկումներ վաղ փուլերի մաշվածությունների դեպքում, երբ դեռ հնարավոր է կանխել վիրահատական միջամտությունը։

-Իսկ ի՞նչ է պատելոֆեմորալ ցավային համախտանիշ։ Կմանրամասնե՞ք։ 

-Պատելոֆեմորալ ցավային սինդրոմը թարգմանաբար ծնկոսկր-ազդրային համակցության ցավային համախտանիշն է, ամենատարածված հիվանդություններից մեկը: Առաջին նախադրյալը ծնկոսկրի դրսային տեղակայումն է, երբ  ծնկոսկորը չի աշխատում  ազդրի փոսիկությունից, կոպիտ է, մի քիչ թեքված դեպի դուրս: Այն առաջացնում է ազդրի ծնկոսկրի ցավ, արթրոզ՝ մաշվածություն: Մյուսը ծալքի հաստացումն է. հոդաշապիկի ծալքն այնքան է հաստանում և կոպտանում, որ ընկնում է ծնկոսկրի և ազդրի արանքը` առաջացնելով ցավային սինդրոմ և ձայներ։ Պատելոֆեմորալ ցավային համախտանիշի պատճառներն են ծնկների հոդի չափից ավելի ծանրաբեռնումը (վազել, ցատկել, կծկել և աստիճաններով բարձրանալ), սխալ սպորտային տեխնիկա կամ սարքավորում ընտրելը, կոշիկի փոփոխությունը, կոշտ խաղային մակերեսները, ծնկան հոդի հարթեցման անատոմիական խնդիրները, ազդրի թույլ մկանները,  հաճախակի  կամ երկար ժամանակ մարզվելու հանկարծակի փոփոխությունը։

-Օրթոբիոլոգիա. ի՞նչ բուժական մեթոդ է այն համարվում։

-Օրթոբիոլոգիայի հիմնական գաղափարը վերը նշված բնական բուժմոտեցումներն են, որի դեպքում մարդու օրգանիզմի սեփական վերականգնողական հնարավորությունների օգտագործումն է։ Այսինքն՝ բուժման հիմքում դրվում են հենց օրգանիզմի ներքին ռեսուրսները՝ պլազմոթերապիա, ճարպային բջիջների կիրառություն և այլ կենսաբանական մեթոդներ։ Այս ուղղությունն այսօր աշխարհում շատ արագ է զարգանում։

-Ո՞ր հիվանդություններն են վերջին տարիներին «երիտասարդացել»։

-Ցավոք, այսօր ավելի երիտասարդ տարիքում ենք հանդիպում արտրոզների և ասեպտիկ նեկրոզների։ Հատկապես հետկովիդային շրջանում լուր բարդությունների դեպքում նկատվեց ոսկրային նեկրոզների աճ, և արտրոզների երիտասարդացում է ցավոք սրտի նկատվում։ Կարծում եմ՝ այստեղ դեր ունեն թե՛ էկոլոգիական գործոնները, թե՛ կյանքի ռիթմը, թե՛ ընդհանուր առողջական վիճակի փոփոխությունները։

-Որո՞նք են վնասված մենիսկի հիմնական ախտանիշները։
-Ամենատարածված ախտանիշներն են ցավը, շարժումների սահմանափակումը, ծնկի «կտտոց» ծալման կամ բացման ժամանակ մեծ պատրվածքների։
Որոշ դեպքերում ծնկահոդը կարող է ամբողջությամբ բլոկավորվել, և մարդը չի կարողանում լիարժեք ուղղել ոտքը։ Այդ դեպքում անհրաժեշտ է մասնագիտական հետազոտություն և ճշգրիտ ախտորոշում։
-Էնդոպրոթեզավորումից հետո որքանո՞վ է կարևոր վերականգնողական շրջանը։
-Այն նույնքան կարևոր է, որքան հենց վիրահատությունը։  Միայն պրոթեզ տեղադրելով խնդիրը վերջնականապես չի լուծվում։ Անհրաժեշտ է վերականգնել շարժումների ծավալը, մկանային ուժը, քայլքը և առօրյա ակտիվությունը։ Անցնել կինեզոթերապիա: Այդ պատճառով ռեաբիլիտացիան մեր աշխատանքի կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Եթե վերականգնողական բուժումը ճիշտ կազմակերպված չէ, նույնիսկ ամենահաջող վիրահատությունը չի կարող ապահովել ամբողջական արդյունք։

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:
-Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում և կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն:
Տասնամյակների ընթացքում բժշկության մեջ փոխվում են տեխնոլոգիաները, մոտեցումները և բուժման մեթոդները, սակայն անփոփոխ է մնում մեկ կարևոր սկզբունք՝ մասնագիտական պատասխանատվությունը մարդու առողջության հանդեպ։
Սիրեք ձեզ և ձեր մարմինը: Առողջ եղեք:

There is no translation available.

ԲԺԻՇԿ ԳԻՆԵԿՈԼՈԳ-ՀՈՒՄԵՊԱԹ, ԲԳԹ

Կրթություն և աշխատանք

1990-1996թթ.՝ Սովորել է Մխիթար Հերացուանվան պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում (ընդհանուր բժշկություն),(Լ․Օրբելու անվան պատվավոր կրթաթոշակառու)
1996-2000թթ.՝ Կլինիկական օրդինատուրա՝ պերնտոլոգիայի,մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական կենտրոն,որտեղ էլ շարունակել է աշխատել որպես գինեկոլոգ մինչև 2007թ․
2004թ.՝ Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն - բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ մանկաբարձության և գինեկոլոգիայի գծով

2002-2006թթ.՝ Աշխատել է Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում որպես գինեկոլոգ
2000-2008թթ.՝ Աշխատել է Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընտանեական բժշկության ամբիոնում
2006-2009թթ.՝ «Արփի» բժշկաուսումնական կենտրոնի հիմնադիր-տնօրեն

2008-2009թթ.՝ Ս.Խ․Ավթալբեկյանի անվան Առողջապահության Ազգային ինստիտուտի Ավանդական բժշկության ամբիոնում անցել է կլինիկական օրդինատուրա՝ ստանալով երկրորդ մասնագիտության հոմեոպաթիայի գծով

2014-2016թթ.՝ Աշխատել է «Վիտալայն» բժշկական կենտրոնում

2016-2023թթ․՝ Աշխատել է «Էլիտ-Մեդ» կենտրոնում

2023թ․-ին մինչ օրս աշխատում է «Ֆենիքս-Մեդ» կենտրոնում ,որպես գինեկոլոգ հոմեպաթ

Վերապատրաստումներ և կոնֆերանսներ

2001թ.՝ ԱՄՆ Great Baltimore (գինեկոլոգիա)
2006թ.՝ Երևան, Մայերթերապիայի հիմունքները ավստրիական ծրագիր-սեմինար
2010թ.՝ Հնկաստան,ք․Ագրա-կիրառական հոմեպաթիայի սեմինար 
2008-2012թթ.՝ Երևան, Հոմոպաթիաի ժամանակակից խնդիրների վերաբերյալ միջազգային կոնգրեսներ

2011թ.՝ Ռիգա, «Հոմոպաթիան՝ արվեստ և գիտություն» եվրոպական համաժողովում «Երազների հոմեպատիք մեկնաբանությունը»,«Երեխաների բուժման առանձնահատկությունները» խորագրերով սեմինար
2011թ.՝ Պեկին, «Կունդավել» կլինիկայի դասընթաց չինական բժշկության հիմունքների վերաբերյալ

2012թ․՝ Լոնդոն,անպտղության հոմեպաթիկ բուժման Լիզ Լալոռի սեմինար
2016թ.՝ Երևան,հոմեոպաթիայի ժամանակակից խնդիրների վերաբերյալ միջազգային կոնգրեսներ
2023թ.՝ Մայերթերապիայի հիմունքները ավստրիական պրակտիկ ծրագիր

20-ից ավելի գիտական աշխատանքների հեղինակ է։

Մասնակցել է շվեցայրական,գերմանական,ֆրանսիական հայտնի բժիշկներ Սպինեդիի,Պառեկի ,Պֆայֆերի և այլոց դասընթացներին։

Նախընտրում է այցելուների բուժման հոլիստիկ մոտեցումը,<< բուժել հիվանդին, ոչ հիվանդությունը>> կարգախոսով:
Բուժման մեջ ներառում է սննդի կարգավորման, սթրեսների հաղթահարման այուրվեդիկ և անթրոպոսոֆիկ մոտեցումները:
Անպտուղ զույգերին զավակ պարգևելը համարում է աշխատանքի լավագույն արդյունքը:

There is no translation available.

«Հայ կանանց հորդորում եմ` հետևեն իրենց առողջությանը, քանզի կինն է ընտանիքի հենասյունը»

Մայրանալը կնոջ կյանքում կարևոր և հուզական շրջան է, որը համարվում է նորմալ ֆիզիոլոգիական վիճակ: Սակայն բժշկական տեսանկյունից այն դիտվում է որպես սահմանային դրություն, քանի որ այդ շրջանում կարող են գլուխ բարձրացնել մինչ հղիությունը կնոջ կյանքում հանդիպած հիվանդությունները, կամ ի հայտ գալ նոր խնդիրներ: Առհասարակ, եթե հղիությունը նույնիսկ հարթ է ընթանում, միևնույնն է, օրգանիզմում տեղի են ունենում մի շարք բարդ հորմոնալ, նյարդային և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք, բնականաբար, կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Մեր զրուցակից, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, կենտրոնի հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, «Հայաստանում կեսարյան հատումների աճի պատճառների ուսումնասիրության» ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջազգային փորձագետ, Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հետբուհական և շարունակական ֆակուլտետի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դասախոս Էդիտա Ղարիբյանն իր մեջ կրում է բժշկին բնորոշ մարդկային այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են շարունակաբար կատարելագործվելու, զարգանալու և կրթվելու ձիրքը` անկախ փորձից ու տարիքից, մարդ, ով ապրում է իր հիվանդների հոգսերով, ում համար թանկ ու կարևոր է յուրաքանչյուր մանկան ծնունդը, և ով ջանք ու եռանդ չի խնայում ընտանիքներին նվիրելու ծնող դառնալու բերկրանքը: Բանիմաց, կարեկցող բժշկուհին տարիների ընթացքում ստացած մասնագիտական հմտությունները պատասխանատվության մեծ զգացումով արհեստավարժորեն ներդնում է աշխատանքում:

-Բժշկուհի, ի՞նչ նորարարություններ կամ ժամանակակից մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում։

–Մեր բաժանմունքը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բարձր ռիսկային խմբի հղիների պաթոլոգիայի բաժանմունքն է, որտեղ իրականացվում են նշված խմբում գտնվող հղիների հետազոտություն, բուժօգնություն և հսկողություն։ Հաշվի առնելով, որ մենք գործունեության ենք ծավալում բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում, ունենք հնարավորություն կիրառելու ժամանակակից գրեթե բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու բուժմոտեցումները՝ լիարժեք ախտորոշում և բուժում իրականացնելու համար։ Մեր կենտրոնում օգտագործվում են նոր սերնդի ուլտրաձայնային սարքեր, իրականացվում են MRT, 3D և 4D սոնոգրաֆիկ հետազոտություններ, դոպլեր հետազոտություն, պտղի նեյրոսոնոգրաֆիա, պտղի էխոկարդիոգրաֆիա, ամնիոցենտեզ՝ նախածննդյան ախտորոշիչ թեստ, կորդոցենտեզ՝ պորտալարի արյան նմուշառում, խորիոնի՝ թավկենու) բիոպսիա, ինչպես նաև բոլոր անհրաժեշտ կլինիկա-լաբորատոր հետազոտությունները։ Անգամ 2024 թվականին մեր բաժանմունքում, և երևի թե միակը Հայաստանում, ունեցել ենք դեպք, կատարել ենք պտղի ներարգանդային արյան փոխներարկում, երբ ռեզուս բացասական պատկանելիությամբ հղիի պտղի մոտ առկա էր ռեզուս-կոնֆլիկտ:

–Ինչպե՞ս է կազմակերպվում բարձր ռիսկային հղիների հսկողությունը ձեր բժշկական կենտրոնում։

–Սկզբնական շրջանում հղիները դիմում են մեր կենտրոնի առաջնային օղակ՝ կանանց առողջության կենտրոն, որտեղ կատարվում է կնոջ վիճակի առաջնային գնահատում՝ հաշվի առնելով տարիքը, բժշկական անամնեզը, գինեկոլոգիական, մանկաբարձական անամնեզների ծանրաբեռնվածությունը և ուղեկցող քրոնիկ հիվանդությունները։ Այնուհետև նրանք դասակարգվում են ցածր կամ բարձր ռիսկային խմբերի։ Եվ արդեն բարձր ռիսկային խմբի հղիները հսկվում են կանանց մասնագիտացված կենտրոնում, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է հոսպիտալացում մեր բաժանմունքում։

–Ինչպե՞ս կգնահատեք մայրական և նորածնային առողջության ընդհանուր վիճակը այսօր մեր երկրում։

–Վերջին տարիներին նկատվում է մայրական և նորածնային առողջության ցուցանիշների բարելավման զգալի առաջընթաց, ինչը թույլ էր տալիս ավելի առողջ սերունդ ունենալ։ Այս առաջընթացի հիմնական պատճառներից է պետպատվերի շրջանակում սքրինինգային ծրագրերի ներդրումը։ Այսօր արդեն բարձր ռիսկային հղիների համար իրականացվում են պարտադիր սքրինինգային հետազոտություններ․ Դրանց թվում են բարձր ռիսկի խմբում գտնվող հղիների առաջին եռամսյակի սքրինինգը, պարտադիր բոլորին կատարվում է վահանաձև գեղձի և կրծքագեղձի հետազոտությունը, գլյուկոզայի տոլերանտության թեստը, ինչպես նաև β-հեմոլիտիկ ստրեպտոկոկի պարտադիր հետազոտությունը 35-37 շաբաթականում, վերջինս թույլ է է տալիս անհրաժեշտության դեպքում ծննդաբերության ընթացքում պրոֆիլակտիկ հակաբիոտիկոթերապիա անցկացնել, որպեսզի պտուղը չծնվի ներարգանդային ինֆեկցիայով։ 2025 թվականից պետպատվերի շրջանակներում այս բոլոր սքրինինգային հետազոտությունները պարտադիր են։ Այս ամենը թույլ է տալիս վաղ փուլերում հայտնաբերել պաթոլոգիաները` թե՛ արատների և թե՛ քրոմոսոմային անոմալիաների. ունեցել ենք դեպք, երբ կրծքագեղձի սքրինիգային հետազոտության ժամանակ կնոջ մոտ հայտնաբերվել էր կրծքագեղձի վաղ փուլի քաղցկեղ: Եվ այդ հետազոտությունները թույլ են տալիս բարելավել ինչպես մայրական, այնպես էլ նորածնային առողջության ցուցանիշները։ Այսօր արվում է ամեն ինչ, որպեսզի հատկապես բարձր ռիսկային խմբի հղիները պետպատվերի շրջանակում հետազոտվեն և ստանան անհրաժեշտ բուժումը։ Ծրագրերի ընդլայնումը հնարավորություն է տալիս ավելի լայն ծավալով իրականացնել ախտորոշումները։

–Ի՞նչ փոփոխություններ կցանկանայիք տեսնել ձեր ոլորտում առաջիկա տարիներին։

–Իհարկե ցանկությունները շատ են. կցանկանայի, որ մեր ոլորտում ներդրվեն ավելի բարձր տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ ներարգանդային վիրահատությունները։ Օրինակ՝ մոնոխորիալ երկվորյակների դեպքում, երբ առկա է ֆետո-ֆետալ տրանսֆուզիայի համախտանիշ, որի բուժման համար կիրառվում է շատ բարձր տեխնոլոգիաներ, ֆետոսկոպիկ երակ-զարկերակային բերանակցումների լազերային այրում՝ աբլյացիան՝ պտուղների միջև արյան փոխանակումը դադարեցնելու նպատակով, որոնք դեռ, ցավոք սրտի, մեզ հասանելի չեն: Այդ ներդրումը ապագայում կնպաստի բուժօգնության որակի բարձրացմանը։ Վիրահատություններ որոնք թույլ են տալիս զարգացման արատների շտկում պտղի ներարգանդային կյանքում:

–Ինչպե՞ս կբացատրեք Հայաստանում կեսարյան հատումների աճի միտումը։

–Ցավոք, այո, այսօր կեսարյան հատումների տոկոսը բավական բարձր է՝ մոտ 50%։ Կարծում եմ` դա պայմանավորված է նաև մի շարք գործոններով՝ բարձր ռիսկի խմբի հղիների թվի աճով, ուշ մայրացող՝ 40 տարեկանից բարձր տարիքային շեմում ծննդաբերող կանանցով, օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ ստացված ցանկալի` արդեն տարիքով մեծ կանանց մոտ հղիությունների թվի ավելացումով: Դրանք այն դեպքերն են, երբ կանայք շատ երկար տարիներ անպտղություն են ունեցել, որն էլ իր հերթին բերում է կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծման թվի ավելացմանը։ Նախկինում, եթե կային ծանր սրտային պաթոլոգիաներով, շաքարային դիաբետով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների պաթոլոգիայիով տառապող կանայք, որոնց թույլ չէր տրվում հղիություն, այսօր մեր բժշկությունն այն զարգացման մակարդակի վրա է, որ ունենք անգամ քաղցկեղով տառապող հղի կանայք, որոնց հղիության ընթացքում կատարել են քիմիոթերապիա: Իհարկե կա կեսարյան հատման նաև վատ կողմը, որ շատ հաճախ հոգեհուզական, հոգեբանական գործոններով է պայմանավորված. շատ կանայք այդ առումով են նախընտրում դիմել կեսարյան հատման։ Բայց, հուրախություն մեզ, կցանկանայի նշել, որ այդ դեպքերի թիվը գնալով ավելի է նվազում, քանի որ մեր՝ բժիշկների հոգեբանորեն տրամադրելու և ճիշտ տարված աշխատանքի շնորհիվ, հետագա բարդություններից խուսափելու համար մենք հասնել ենք նրան, որ խրախուսվում է բնական ճանապարհով ծննդալուծմանը։

–Ի՞նչ է հիպոքսիան՝ պտղի թթվածնային քաղցը, ինչպե՞ս է այն արտահայտվում։

–Դա այն պաթոլոգիան է, երբ պտուղը չի ստանում բավարար քանակի թթվածին, որն էլ բերում է թթվածնային քաղցի։ Այն կարող է արտահայտվել պտղի մոտ որոշ կլինիկայով, երբ հղին գանգատվում էր պտղի շատ արագ խաղից կամ հակառակը` շարժումների փոփոխությամբ, կանայք պտղի խաղը չեն զգում, ունենում են սրտի աշխատանքի արագացում կամ դանդաղում, ինչպես նաև կարդիոտոկոգրաֆիկ փոփոխություններ, որոնք բնորոշ են պտղի ներարգանդային թթվածնային քաղցին: Հաստատվում են փոփոխությունները դոպլեր և ուլտրաձայնային հետազոտության ժամանակ, երբ նկատվում էր պտղի շարժերի և պտղաջրերի նվազում, վիճակներ, որը մեզանից պահանջում էր ավելի զգուշավորություն, որպեսզի պտղի հետ խնդիր չլինի։

–Ինչպե՞ս կանխարգելել թթվածնային քաղցը։

–Առաջին հերթին կարևոր է առողջ ապրելակերպը՝ ճիշտ սնունդ, բավարար հեղուկի ընդունում, մաքուր օդ։ Հղիության ավելի մեծ ժամկետում` կապված պտղի դիրքի հետ, հղիներին խորհուրդ է տրվում նաև պառկել ձախ կողքի վրա, քանի որ աջ կողմով անցնում է ստորին սիներակը, երբ կինը պառկում է մեջքի կամ աջ կողքի, լինում է ստորին սիներակի սեղմման համախտանիշ, արդյունքում լինում է ճնշման անկում։ Այդ դեպքում դեղորայքային բուժման կարիք չկա, միայն անհրաժեշտության դեպքերում կիրառվում է բժշկական հսկողություն և օժանդակ թերապիա։ – Կան արդյո՞ք հղիանալու բացարձակ հակացուցումներ։ – Այո, դրանք հիմնականում ծանր սոմատիկ հիվանդություններն են, օրինակ՝ ծանր սրտային կամ երիկամային անբավարարություն, ինչպես նաև քաղցկեղի 4-րդ փուլ։ Այս դեպքերում արգելվում է կնոջը հղիությունը, քանի որ այդ դեպքերոմ հղիությունը կարող է վտանգավոր լինել մոր կյանքի համար։ Բայց, բարեբախտաբար, այդ պաթոլոգիաների թիվն այսօր բավականին կրճատվել է։ -Որոն՞ք են արյունահոսության պատճառները։ -Դրանք հղիության փոքր ժամկետում սպառնացող վիժումներն են, կարող է լինել թերի կամ լրիվ վիժում, մեծ ժամկետում դա ընկերքի շերտազատումներ են,առաջադիր պլացենտան, ինչպես նաև կարող են պատճառ լինել կնոջ մոտ առկա առողջական խնդիրները՝ պոլիպները, արգանդի վզիկի քաղցկեղը կամ դիսպլաստիկ փոփոխությունները, նաև վարիկոզ լայնացմամբ երակների վնասումը։

-Բժշկուհի, կվերհիշե՞ք Ձեր պրակտիկայում հանդիպած բարդ դեպքերից։

-Քանի որ մեր բաժանմունք հիմնականում դիմում են հղիության պաթոլոգիաներով և բարձր ռիսկի խմբում գտնվող հղիները, և ես, հանդիսանալով այդ բաժանմունքի ղեկավարը, բնականաբար, հանդիպում եմ բարդացած դեպքերի։ Լինում են ծանր սոմատիկ պաթոլոգիաներով հղիներ. ունեցել ենք ծանր սրտի արատով, շաքարային դիաբետով, քաղցկեղով, ծանր երիկամային անբավարարության դեպքեր, որոնք հնարավոր չէ մոռանալ ամբողջ կյանքում: Կատարելով գրագետ ծննդալուծում` նրանց պարգևել ենք առողջ բալիկ ունենալու բերկրանքը։ Բայց, ցավոք սրտի, եղել են նաև դեպքեր, որ այդ պահին մենք անզոր ենք եղել` ստիպված լինելով ընդհատել կյանքին վտանգ սպառնացող հղիությունը։

–Ի՞նչ խորհուրդ կտաք առաջին անգամ մայրանալու պատրաստվող կանանց։

–Շատ ակտուալ հարց, և կրկին հուրախություն մեզ, դրական առումով շատ է փոխվել երիտասարդների մոտեցումը և գիտակցումը: Շատ են զույգերի դիմելիության դեպքերը, ովքեր նախապատրաստրվում են ծնող դառնալ և կարևորում են գրագետ նախապատրաստվել հղիությանը։ Նախկինում շատ էին դեպքերը, երբ առանց նախնական հետազոտություններ անցնելու հղիություններ էինք գրանցում, հետազոտությունների արդյունքում պարզվում էր, որ ունեն բազմաթիվ խնդիրներ։ Այժմ խորհուրդ է տրվում բոլորին 25 տարեկանից հետո պետպատվերի շրջանակներում պարտադիր անցնել անհրաժեշտ սքրինինգային հետազոտությունները՝ պապիլոմավիրուսի սքրինինգ,ՊԱՊ թեստ, քանի որ 85 տոկոս դեպքերում արգանդի պարանոցի քաղցկեղի պատճառը պապիլոմավիրուսի առկայություն է: Խորհուրդ է տրվում նաև անցնել վահանաձև գեղձի ֆունկցիայի հետազոտում, քանի որ մենք, գտնվելով էնդեմիկ գոտում, մեծ է այդ խնդրի հավանականությունը, և շատ դեպքերում աղջիկները կարիք են ունենում հորմոնալ թերապիայի, քանի որ վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը նաև կարող է բերել անպտղության կամ վիժումների հղիության փոքր ժամկետներում։ Ինչպես նաև շատ կարևոր է TORCH ինֆեկցիաների հետազոտությունը. դա ցիտոմեգալովիրուսի և տոկսոպլազմոզի հետազոտություններ են, քանի որ դրանք երկու ինֆեկցիաներ են, որոնց առաջնակի վարակ հղիության ժամանակ պտղի զարգացման արատների է հանգեցնում: Եվ իհարկե, եթե կան գանգատներ, կարող է ընդլայնվել հետազոտությունների սպեկտրը։ Իսկ եթե կան քրոնիկ հիվանդություններ, պետք է իրենք պարտադիր վերահսկվեն իրենց բուժող բժիշկների կողմից, որպեսզի մինչև հղիության պլանավորումը լինեն առողջական կայուն վիճակում։

–Որքանո՞վ է կարևոր հոգեբանական պատրաստվածությունը հղիներին ծննդաբերության ընթացքում։

–Կարելի է ասել` թերևս ամենակարևորն է, քանի որ բոլոր կանայք ունեն դրա կարիքը հղիության և ծննդաբերության ընթացքում։ Հղիությունը պետք է դիտարկել որպես գործընթաց, երբ հղիության առաջին օրվանից կինը պետք է լինի հոգեբանորեն պատրաստ։ Այս հարցում այսօր բավականին աջակցում են գործող մայրության դպրոցները, ունենք հոգեբաններ, անհրաժեշտության դեպքում ուղղորդում ենք հոգեբանի մոտ, ունենք նաև Լամազի դասընթացներ, ինչպես նաև անհրաժեշտ դեպքում զուգընկերոջ ներգրավվածություն, նրա աջակցությունը ծննդաբերության ընթացքում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ երբ այդ պահին ամուսինները իրենց կողքին են լինում, ծննդաբերող կնոջ համար դա բավականին մեծ հոգեբանական աջակցություն է։

–Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին, հատկապես` կանանց։

-Մեր հայ կանանց հորդորում եմ, որ սիրեն իրենք իրենց, հետևեն իրենց առողջությանը, քանզի կինն է ընտանիքի հենասյունը: Այսօր մենք ունենք բավականին լուրջ խնդիր, քանի որ ունեցանք մեծ կորուստներ` մեր գենոֆոնդի դեմոգրաֆիկ աճի բացասական սանդղակ, իսկ առողջ կինը ապագա առողջ մայրն է, երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ զբաղվողը: Ճիշտ է ասված` առողջ մարմնում առողջ հոգի։ Կինը պետք թե՛ ֆիզիկապես և թե՛ հոգեպես առողջ լինի, քանզի ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան տկարությունը խանգարում է առողջ սերունդ ունենալուն։ Ցանկանում եմ, որ կանայք իրենք իրենց հետ ներդաշնակ լինեն, գեղեցիկ ժպիտը երբեք չբացակայի նրանց դեմքերից: Իսկ առողջ սերունդը առողջ կնոջ շնորհիվ է, և կինը պետք է ճիշտ նախապատրաստվի հղիությանը: Մեր երկրին էլ կցանկանամ խաղաղ և անպատերազմ երկինք: Բոլորս պետք է մեծ հավատքով, ուժով ու եռանդով, նվիրվածությամբ և անշահախնդրությամբ աշխատենք մեր բնագավառում, փորձենք զարգացնել, շենացնել մեր երկիրը: Ինձ թվում է՝ միայն այդ պարագայում կկարողանանք այս ծայրահեղ ծանր վիճակից դուրս գալ: Բոլորին մաղթում եմ մարդասիրություն, սեր, ներողամտություն և համբերություն:

There is no translation available.

<<Կհորդորեմ ամեն ինչից  վեր դասել Աստծո պարգևած առողջությունը>>

Այսօր սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը։ Եվ չնայած անընդմեջ առնչվելով ծնողների, բարեկամների և ծանոթների  սրտային հիվանդությունների, ու ցավոք սրտի մահով ելքերի հետ, շատերը շարունակում են անտեսել դրանց կանխարգելումը՝ մինչև առաջին լուրջ խնդիրների ի հայտ գալը։ Հիվանդություններ, որոնք բազմագործոնային են և զարգանում են տարիների ընթացքում։

Մասնագետների խոսքով՝ սիրտ-անոթային հիվանդությունները զարգանում են երկարատև` հաճախ առանց ախտանշանների։ Վաղ փուլում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը թույլ է տալիս լիարժեք կանխել կամ էապես նվազեցնել հիվանդացության դեպքերի և դրանց բարդությունների ռիսկը։

Մեր զրուցակիցն է  «Երևան» բժշկագիտական կենտրոնի ֆունկցիոնալ ախտորոշման ծառայության ղեկավար, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ:        

Արամ Չիլինգարյանը եզակի անհատականություն է` մարդկային բարձր արժեքներով, իր գործին ու հայրենիքին նվիրվածությամբ ու անսահման համեստությամբ: Նա երկրում տեղի ունեցող որևէ իրադարձությունից անմասն չէ`լինելով հայրենիքի հոգսերին արձագանքող ու այդ հոգսերով ապրող մասնագետ ու քաղաքացի։ 

-Պարոն Չիլինգարյան, ինչպե՞ս է տարիքային շեմը ազդում սրտի աշխատանքի վրա, և ո՞ր տարիքից պետք է սկսել ուշադրություն դարձնել սրտի առողջությանը։

- Կարծում եմ` առողջ ապրելակերպը պետք է ձևավորվի դեռ պատանեկությունից, քանի որ հենց այդ շրջանում են ձևավորվում ապագա ռիսկերը։ Իրականում սիրտ-անոթային հիվանդությունները հանկարծակի ի հայտ չեն գալիս. դրանց իրականում նախորդում է բավականին երկար և մեծ «նախապատրաստական» շրջան, որը կարող է լինել անցավ, առանց որևէ գանգատների։ Բայց աստիճանաբար անառողջ ապրելակերպի տարբեր ռիսկի գործոնները` նստակյաց կյանքը, ծխելը, ավելորդ քաշը, սթրեսի անկառավարումը և նրանց հետևանքով առաջացած բարձր զարկերակային ճնշումը, շաքարային դիաբետը, և ընդհանրապես  չհետևողական լինելը աստիճանաբար կարող են բերել սրտի հիվանդությունների զարգացմանը միջին և ավելի բարձր տարիքի անձանց մոտ։ Եվ շատ հաճախ մարդկանց թվում է, թե իրենք լիովին առողջ են, սակայն իրականում իրենց պոտենցիալ հիվանդության հիմքերը արդեն վաղուց դրված են լինում։ Հետևաբար, հիվանդության զարգացումը արդյունք է բավականին երկար տարիների, և կարևոր է ոչ թե բուժել արդեն զարգացած հիվանդությունը, այլ կանխարգելել այն, քանի որ մենք չենք կարող լիարժեք բուժել, և բնականաբար միայն կարող ենք դեղամիջոցների շնորհիվ նվազեցնել արդեն իսկ առկա գանգատները, թողնելով հիվանդությունը օրգանիզմում: Ցավոք սրտի հիվանդությունը բուժառուին ուղեկցելու է ամբողջ կյանքի ընթացքում, մենք ուղղակի աշխատում ենք կանխել հետագա զարգացումը՝ դեղամիջոցների, միջամտությունների և «ուշացած» ճիշտ ապրելակերպի միջոցով։

-Ի՞նչ է սրտամկանի ինֆարկտը, և որոնք են դրա առաջացման հիմնական գործոնները։

-Սրտամկանի ինֆարկտը սրտի անոթներում առաջացած սուր խցանումն է, որն կարող է զարգանալ ժամերի ընթացքում, անգամ մեկ օր անց, եթե մարդը ունի անառողջ ապրելակերպ անոթներում կարող է առաջանալ խցանում և ամենահաճախը՝ այն անոթներում, որոնցում մեկ օր առաջ չէր զգացվում ոչ մի էական խցանում։ Փոքր <<վահանիկ>> ճաք է տալիս, և պարունակությունը արյան հետ խառնվելով թրոմբի ձևավորման արդյունքում առաջացնում է խցանում: Եվ  թյուր է այն կարծիքը, որ, եթե հետազոտման արդյունքում անոթներում  խցանում չի հայտնաբերվել, ուրեմն իրենց մոտ սրտամկանի ինֆարկտ առկա չէ: Դա իհարկե այդպես չէ: Անոթների հետազոտումը չունի <<կանխատեսման արժեք>>, և այն կարող է միայն փաստել այն, որ այդ պահին խցանված անոթ չկա: Սակայն անգամ մեկ օր անց, եթե մարդը ունի վերը նշված անառողջ ապրելակերպը, չհսկվող զարկերակային հիպետենզիա և կամ շաքարային դիաբետ, հավանականությունը մեծ է, որ կարող է զարգանալ սրտամկանի ինֆարկտ: Այդ իսկ պատճարով կանխարգելման միակ միջոցը՝ առողջ ապրելակերպն է: Սրտամկանի ինֆարկտի ժամանակ անոթի խցանման պատճառով սրտամկանը արյուն չի ստանում և ինչպես ամեն օրգան առանց սնուցում ստանալու մեռուկանում է, ինչը անդառնալի հետևանք կարող է թողնել: Հետևանքներն են՝ արտամղման գործառույթի նվազում, հետագա սրտային անբավարարություն և առիթմիաների զարգացում: 

-Ինչո՞վ է պայմանավորված սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնային ավելացումը:

-Սիրտ-անոթային հիվանդությունների սեզոնային ավելացումը կապված է ինչպես բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների, այնպես էլ մարդու օրգանիզմում տարբեր ֆիզիոլոգիական գործընթացների հետ, որոնք հանգեցնում են քրոնիկ հիվանդությունների սրացման: Սիրտ-անոթային հիվանդությունների պարագայում դա առաջին հերթին վերաբերում է զարկերակային հիպերտենզիայով, սրտի իշեմիկ հիվանդությամբ և առիթմիաներով տառապող հիվանդներին: Հիվանդություններ, որոնք ավելի հաճախ սրվում կամ առաջանում են տարվա ցուրտ ամիսներին, քանի որ ցուրտը անոթները ավելի <<սեղմած>> վիճակում է պահում և սրտի աշխատանքը համեմատաբար ավելի ծանրաբեռնում: Իհարկե, բնականաբար, ավելի խոցելի են այն բուժառուները, որոնք ունեն վերը նշված ռիսկի գործոնները: 

- Ի՞նչ դեր ունեն արյան անոթները սրտի առողջ և լիրաժեք աշխատանքի մեջ։

-Անոթների վիճակը շատ կարևոր է սրտի աշխատանքի համար։ Նույնիսկ մինչև 70% նեղացման դեպքում անոթները կարող են բավարար արյան շրջանառություն ապահովել, և մարդը որևէ գանգատ չունենա։ Անոթի խցանում կարող ենք համարել արդեն 70-75% դեպքերում։ Թեև կարող են  լինել  դեպքեր, երբ մինչև 80% նեղացումը կարող է նորմալ արյան շրջանառություն ապահովել։ Սակայն դա չի նշանակում, որ խնդիր չկա։

Մենք հաճախ կատարում ենք ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստեր՝ հասկանալու համար արդյո՞ք տվյալ անոթը կարողանում է բավարարել օրգանիզմի պահանջները։ Եթե այո, ապա նույնիսկ նեղացած անոթը կարող է ֆունկցիոնալ առումով բավարար լինել և նրան բացելու կարիք չլինի։ Իսկ, եթե լիրաժեք կատարում է իր ֆունկցիան, բնականաբար պետք չէ դիմել որևէ  ինվազիվ միջամտության, քանի որ անոթը կարող է անատոմիական կառուցվածքով լինել նեղ, բայց ֆունկցիոնալ առումով նորմալ գործունեություն ապահովել։ Սակայն նորից եմ կրկնում, դա չի նշանակում, որ խնդիր առկա չէ, և տվյալ պարագայում դեղորայքային բուժումը անհրաժեշտ է: Իսկ եթե խցանումը 90% և ավելի է, բնականաբար այն չի կարող լիարժեք կատարել անոթների սնուցում, և, սովորաբար քրոնիկ նեղացումների դեպքերում, եթե դեղորայքը չի օգնում, ապա պետք է խցանված անոթը <<բացել>>։ Հետագայում բուժումը լինում է դեղորայքային, քանի որ անոթի <<բացելը>> չի լավացնում հիվանդության ելքի կանխատեսումը (պրոգնոզը): Սուր սրտամկանի ինֆարկտի ժամանակ <<պատասխանատու>> խցանված անոթը պետք է միանշանակ <<բացել>>:

- Արդյո՞ք կարող են որոշ վարակիչ հիվանդություններ ազդել սրտամկանի աշխատանքի վրա։                         

-Այո, միանշանակ կարող են, վիրուսները առաջին հերթին բերում են միոկարդիտի՝ սրտամկանի բորբոքման, հիվանդություն, որն ինքնին  դժվար է ախտորոշվում, և կարող է բերել սրտի լայնացման` առաջացնելով քրոնիկ սրտային անբավարության: Պետք է անմիջապես անցնել դեղորայքային բուժման, հորմոնալ թերապիա ընդունել, քանի որ վիրուսների վրա անտիբիոտիկները չեն ազդում։ Վիրուսը կարող է բերել նաև պերիկարդիտի՝ սրտի թաղանթի բորբոքման, որն իր հերթին բերում է հեղուկի կուտակման` սեղմելով սրտամկանը, իսկ արյան բակտերիալ վարակի դեպքում մանրէները կարող են արյան միջոցով անցել փականներ` առաջացնելով արդեն էնդոկարդիտ, պաթոլոգիա, որը կարող է  ճակատագրական լինել ախտորոշումը ուշացնելուց։

-Որքանո՞վ է կարևոր ջրի ճիշտ օգտագործումը և օրգանիզմում հեղուկների հավասարակշռությունը սրտի աշխատանքի համար։

-Միանշանակ, ջուրն անհրաժեշտ է ճիշտ չափաբաժիններով ընդունել, քանզի ջրի ընդունումից մեր օրգանիզմում առաջին հերթին բավականին արդյունավետ սկսում են գործել երիկամները, մաքրվում և  օրգանիզմից դուրս են գալիս թույները։ Մենք չենք կարող ընդունել այնքան քանակի շատ ջուր, որի դեպքում արյան ծավալը մեծանա, ու սիրտը չկարողանա, այսպես ասած, շահագործել այն ամբողջ օրգանիզմում։ Կան որոշ հիվանդներ, որոնց դեպքում մենք սահմանափակում ենք ջրի ընդունումը։ Սովորաբար սրտային հիվանդության կրողները պետք է պարտադիր ընդունեն օրական 1-1.5 լիտր ջուր, քանի որ միզամուղ դեղամիջոցներ են ընդունում, որը կարող է պակասեցնել արյան ծավալը, և կարող են հակառակը՝ ավելի վատթարացել հիվանդի վիճակը։ Սովորաբար պետք է հետևել օրգանիզմի պահանջին, և ըստ դրա` ընդունել ջրի  ցանկալի չափաբաժինը, իսկ եթե բերանում չորության զգացում է, ուրեմն ջրի քանակը պակասել է օրգանիզմում, և այն պետք է պարտադիր լրացնել։                     

-Շատերին կհետաքրքրի, թե սրտային հիվանդությունների շարքում ո՞ր խնդիրներն են ավելի հաճախ հանդիպում, և ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացել»:

-Մեզանում սիրտ-անոթային համակարգի առավել տարածված խնդիրներից է սրտի իշեմիկ հիվանդությունը, որի արտահայտումներից մեկն է սրտամկանի ինֆարկտը, որն իրոք երիտասարդացել է, և որի հիմքում ընկած է սրտամկանը սնուցող պսակաձև զարկերակների աթերոսկլերոտիկ ախտահարումը: Ընդհանրապես «երիտասարդացումը» ավելի շատ պայմանավորված է նրանով, որ զգալի առաջընթաց է ապրել սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումը, որը հնարավորություն է տալիս հիվանդությունը հայտնաբերել ավելի վաղ շրջանում: Առաջին հերթին նոր տեխնոլոգիաների ներդրումն է առաջընթաց ապրել, էլեկտրասրտագրության սարքերը շատ ավելի որակյալ արդյունք են տալիս, ինչպես նաև այսօր էխոսրտագրության վերջին սերնդի լավագույն սարքերի մեջ դրված է արհեստական ինտելեկտ, առկա են այնպիսի օպցիաներ, որոնք շատ են օգնում ճշգրիտ ախտորոշման ցուցանիշների համար, և կարող են հիվանդությունը ախտորոշել ավելի վաղ շրջանում: MRT հետազոտության և շերտազատման սարքերի որակն է լավացել, սարքեր, որոնց շնորհիվ ավելի վաղ փուլերում կարող ենք հայտնաբերել առկա սրտային պաթոլոգիաները։ Բացի դրանից, հիվանդությունները, իսկապես, որոշակի «երիտասարդացում» են ապրել, որովհետև փոխվել է կյանքը, անգամ ծխախոտն է փոխվել, փոխվել է սննդի որակը, շատացել են արհեստական նյութերը: Նստակյաց կյանքը, սխալ սննդակարգը, ծխելը, չմարզվելը, քրոնիկ սթրեսը սիրտ-անոթային հիվանդությունների համար պարարտ հող են ստեղծում՝ լայնորեն բացելով սրտի <<դռները>>: Մյուս կողմից՝ վստահորեն կարող եմ ասել, որ մեզանում սրտաբանությունը մեծապես զարգացած է. բժշկության այս ճյուղում դեղորայքային թերապիայի առումով մենք պրակտիկորեն լիովին տիրապետում ենք եվրոպական չափանիշներին և ժամանակակից բուժական մեթոդներին: Կարծում եմ, որ մոտ ապագայում վիրահատական միջամտությունների առումով տեխնիկական հագեցվածության մակարդակը նույնպես լիովին կհասնի լավագույնի։

-Բժի՛շկ, սիրտ-անոթային հիվանդությունները կրո՞ւմ են ժառանգական բնույթ:

-Իհարկե` այո,  գենետիկայում տղամարդիկ հիվանդանում են մինչև 55 տարեկանի, իսկ  կանայք` 65 տարեկանի շեմը: Չնայած այդ տարիքային շեմն այսօր երիտասարդացում է ապրել, քանի որ այսօր բուժառուն իր առողջության մասին քիչ է մտածում, չի հետևում սննդի որակին, տարբեր քիմիական հավելումներով սննդամթերք է օգտագործում, և խոլեստերինի մակարդակի բարձացումն արյան մեջ բերում է սրտային հիվանդության զարգացման: Այսօր, կարծես թե, նաև ծխախոտի որակն է վատացել, բայց ես ընդհանրապես երբեք չեմ ողջունել ծխախոտի օգտագործումը: Իրականում հիվանդության համար գոյություն ունեն ռիսկի գործոններ, որոնք անձը պետք է վերացնի: Եթե մենք ունեք դրանցից մեկը կամ մի քանիսը, և  քայլեր չենք ձեռնարկում դրանք հաղթահարելու ուղղությամբ, ուրեմն մենք արդեն պոտենցիալ հիվանդ ենք: Սրտի աշխատանքը համեմատաբար ավելի ծանրաբեռնված և չծանրաբեռնված, միևնույն է գտնվում ենք բարձր ռիսկի տակ: Իսկ, եթե վարենք առողջ ապրելակերպ, մեր ժառանգական գեները «կքնեն», քանի որ ռիսկի գործոնների կիրառելիության դեպքում մենք  «արթնացնում ենք» այդ գեները:

-Ի՞նչ ազդեցություն ունեն օդի աղտոտվածությունը և շրջակա միջավայրի գործոնները սրտային պաթոլոգիաների զարգացման մակարդակի վրա։

-Այսօր, արդի բժշկագիտության մեջ կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք բացահայտում են, որ շրջակա միջավայրի օդի աղտոտվածությունը և աղմուկը լուրջ ազդեցություն ունեն մեր առողջության վրա։ Դրանք համարվում են շրջակա միջավայրի արտաքին սթրեսի գործոններ և կարող են նպաստել սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը։ Արդի բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ապացուցվել է, որ աղմուկը և օդի աղտոտվածության ազդեցությունը հիվանդությունների զարգացման վրա մեծ դեր են խաղում։

-Անքնությունը և քնի պակասը կարո՞ղ է անդրադառնալ սրտի վրա։

-Միանշանակ` այո։ Քնի պակասը  համարվում է առաջին ռիսկի գործոններից մեկը բարձր զարկերակային ճնշման համար։ Մարդիկ, որոնք քնում են օրական քրոնիկ դարձած 5–6 ժամ և ավելի քիչ, ավելի հաճախ ունենում են զարկերակային բարձր ճնշում, ավելի բարձր սթրեսի մակարդակ, որոնք ինքնին կարող են բերել սիրտ-անոթային խնդիրների։ Նորմալ քունը պետք է լինի սովորաբար առնվազն 7 և ավելի ժամ։ Քիչ քնելը բերում է անառողջ կյանքի, ռեժիմի խանգարման, ախորժակի բարձացման, նյարդային համակարգի ֆունկցիաների խանգարման: Հեռախոսներով տարված` ավելի քիչ են քնում, որն ինքնին կարող է բերել լարվածության, նյարդային գրգռվածության և հորմոնալ համակարգի ֆունկցիաների խանգարման։

-Ի՞նչ կապ կա շաքարային դիաբետի և սրտային հիվանդությունների միջև։

-Շաքարային դիաբետը անմիջական ռիսկի գործոն և պատճառահետևանք է համարվում սիրտ-անոթային հիվանդությունների համար։ Այն բերում է անոթների նեղացմանը (աթերոսկլերոզի) և կարող է առաջացնել վաղ սրտամկանի կարծրացման, ինչպես նաև սրտամկանը սնուցող նյարդերի ռեգուլացիայի խանգարման գործոններ, որոնք բերում են  սիրտ-անոթային հիվանդությունների ավելի վաղ զարգացման։

-Որքա՞ն հաճախ պետք է բուժառուն չափի արյան ճնշման մակարդակը և ի՞նչ հաճախականությամբ հետազոտություններ անցնեն առողջ սիրտ ունենալու համար։

-Եթե գանգատներ չունեն, ապա արյան ճնշումը կարելի է չափել  ամիսը 1-2 անգամ։ Ցանկալի է օգտվել էլեկտրոնային տոնոմետրից, որի ցուցանիշները հանրության մեջ այնքան էլ ընդունելի չեն, քան սովորական տոնոմետրից չափումը։ Ըստ իս` այն ավելի ճշգրիտ ցուցանիշ է ապահովում։ Իսկ եթե պացիենտն ունի բարձր ճնշման խնդիր, բնականաբար նա ավելի հաճախ է չափում ճնշումը։  Պետք է ամենօրյա մոնիտորինգ անել` գրելով առավոտյան և երեկոյան գրանցված ցուցանիշները։ Բայց, եթե ամեն օր պարտադիր դեղամիջոցներ է ընդունում, ապա պետք է գոնե շաբաթը մեկ չափել։ Իսկ ինչ վերաբերում է բժշկական ընդհանուր հետազոտություններին՝ եթե գանգատներ չկան, առկա չեն առողջական խնդիրներ և ռիսկի գործոններ, երիտասարդ տարիքում ցանկալի է երկու տարին մեկ անգամ, 50 տարեկանից հետո՝ տարին մեկ անգամ։ Իսկ եթե արդեն առկա են  խնդիրներ, բնականաբար, վերահսկումը պետք է ավելի հաճախ իրականացնեն։

-Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք հասարակությանը, ի՞նչ ուղերձ ունեք մեր ընթերցողներին:

-Ամենակարևոր խորհուրդը՝ սիրել, հարգել և հոգ տանել առողջությանը։ Կհորդորեմ մեր հանրությանը առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից, հետաքրքրություններից, չխնայել ժամանակային ու նյութական ռեսուրսները՝ հնարավորինս առողջ լինելու և Աստծո պարգևած առողջությունը պահպանելու ու վայելելու համար: Շատ հաճախ մարդիկ իրենց անտեսում են հանուն ուրիշների։ Մարդը պետք է առաջին հերթին սիրի իրեն, լինելով առողջ, որպեսզի կարողանա սիրել և անհրաժեշտության դեպքում աջակցել նաև իրեն  շրջապատող մարդկանց։ Եթե անձնապես անմնացորդ նվիրվում ես շրջապատող մարդկանց, կներեք, դա սեր չէ,  դա «աղավաղված ծառայություն» է, այն դեպքում, որ քեզ անգամ դրա համար չեն խնդրել, բնականաբար, չեն էլ գնահատելու։ Պետք է առաջին հերթին միշտ դու լինես, հետո նոր ընտանիքը, քանզի քո առողջությունից և հաջողակ լինելուց է կախված ընտանիքի անդամների բարեկեցությունը։ Հուշեմ նաև միջոցը՝ մի փոքր, բայց կարևոր մասնագիտական հիշեցմամբ. յուրաքանչյուր հիվանդության բուժումն անհամեմատ ավելի դյուրին է ու արդյունավետ, եթե մարդը առողջության ինչ-ինչ խաթարումներ նկատելու դեպքում, տարակուսելու, իր մոտ ծագած խնիրները շրջապատի հետ քննարկելու և այլոց խնդիրների հետ համեմատելու փոխարեն, ստանալով սխալ պատկերացումներ ու այդ պատճառով գնալով սխալ ուղղությամբ, պարզապես թակի բժշկի դուռը: Պարզ, հասկանալի իրողություն է՝ վաղ փուլերում ախտորոշված հիվանդությունը ճնշող մեծամասնությամբ հաղթահարելի է:

Առողջ եղեք։

There is no translation available.

 

Աշխատանքային գործունեություն
2002թ-ից   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, մանկական վիրաբույժ, մանկական ուրոլոգ, կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարման ծառայության ղեկավար
2007թ. Երևանի թիվ 1 պոլիկլինիկա 
2007-2010թթ.   ԵՊԲՀ Մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի ասիստենտ
2017թ-ից   ԵՊԲՀ Մանկական վիրաբուժության ամբիոնի ասիստենտ

Լեզուների իմացություն
Հայերեն – մայրենի
Ռուսերեն – լավ
Անգլերեն – լավ

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի 2 երեխա

There is no translation available.

 

<<Մենք այսօր շատ ենք պարփակվել կենցաղի մեջ ու ցանկություն չունենք այդ կաղապարից դուրս գալու>>                                                                                                                 

  Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խաթարում կարող է առաջացնել տարբեր օրգան-համակարգերի գործունեության խանգարում:  էնդոկրինոլոգիան նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ այժմիրականացնում է էնդոկրին հիվանդությունների վաղ հայտնաբերման, ճշգրիտ ախտորոշման և բուժման լայն սպեկտր` համաձայն միջազգային ուղեցույցների:

 Մեր զրուցակիցն է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Արմենիա» բժշկական կենտրոնի Էնդոկրինոլոգիական բաժանմունքի ղեկավար Լուսինե Մամիկոնյանը:  Մեծ է  բժշկուհու ավանդը Հայաստանում էնդոկրինոլոգիայի կայացման և զարգացման մեջ: Նրա երկարամյա աշխատանքը իսկապես մեծագույն սխրանք է, իսկ կյանքը՝ բացառիկ  ու անմնացորդ նվիրում: Բժշկուհու ավյունն ու ջանասիրությունն օրինակ կարող են լինել շատերի համար:

-Բժշկուհի, կխոսե՞ք հիպոթիրեոզ եւ հիպերթիրոզ հիվանդությունների մասին. ո՞ր պաթոլոգիայի դեպքում ի՞նչ ախտանշաններով են դրսեւորվում։ 

-Իրականում դրանք լրիվ տարբեր ախտանիշներով են ի հայտ գալիս։ Հիպոթիրոզի ժամանակ բուժառուն դառնում է գերզգայուն, ավելի դեպրեսիվ, նկատվում է տրամադրության անկում, մաշկի չորություն, թեփոտում, մազաթափություն, եղունգների շերտազատում, քաշի ավելացում, սրտի դանդաղ բաբախ, մարմնի ջերմաստիճանի իջեցում, ամբողջ նյութափոխանակությունը խանգարվում է։ Հիպերթիրոզը լրիվ հակառակ պատկերն ունի. քաշի կորուստ, ընդ որում, հնարավոր է` մեկ ամսում մեծ քաշի կորուստ լինի` 8-12կգ, սրտխփոց, ջերմության բարձրացում` մինչեւ 37.1-37.2: Այսինքն` երկու ծայրահեղ հիվանդություններ են և ամբողջովին տարբեր բուժումներ ու մոտեցումներ են թելադրում։ Հիպերթիրոզի ժամանակ դեղամիջոցները տալիս ենք մեծ դոզաներով` ըստ  հիվանդության ծանրության աստիճանի աստիճանաբար քչացվում է, հիպոթիրեոզի ժամանակ հակառակ բուժումն է տարվում`սկզբնական շրջանում տալիս ենք փոքր դոզաներով` աստիճանաբար բարձրացնելով մինչեւ օպտիմալ դոզաչափը` դինամիկ հսկողության տակ պահելով։ 

-Վահանաձեւ գեղձի քաղցկեղը ունի՞ արտահայտման ձեւեր։  

-Ցավոք,  այն բավականին մեծ տարածում ունի եւ երիտասարդացում է ապրել։ Արտահայտման ձեւ չունի։ Ցանկացած ոք տարին մեկ անգամ, որպես սկրինգային հետազոտություն,  պետք է անցնի սոնոգրաֆիկ հետազոտություն, եւ հանգույցների հայտնաբերման դեպքում պետք է լինի դինամիկ հսկողության տակ, եւ ըստ սոնոգրաֆիկ պատկերի դասակարգման անհրաժեշտության` պարտադիր պետք է կատարել բարակ ասեղային բիոպսիա`բուժման հետագա եղանակը որոշելու համար:Ժողովրդի մեջ  թյուր կարծիք կա, որ բիոպսիան արագացնում է քաղցկեղի զարգացման ընթացքը. դա սխալ կարծիք է. բիոպսիան անհրաժեշտ էվերջնական ախտորոշման համար։ 

-Վահանաձեւ գեղձի վիրահատությունից հետո արդյո՞ք հնարավոր է հիվանդության կրկնվելու հավանականությունը։ 

- Միանշանակ պատասխան չեմ կարող տալ, քանի որ այն կախված է  ախտահարման աստիճանից,ինչպես նաեւ վիրահատող վիրաբույժի դիրքորոշումից: Կարևոր է, որ  վիրահատությունից հետո բուժառուն  էնդոկրինոլոգի կողմից լինի դինամիկ հսկողության տակ։ 

-Աուտոիմոն թերոդիտ։ Ի՞նչ պաթոլոգիա է այն։ 

-Այն ամենամեծ տարածում ունեցող հիվանդություններից է մեր պրակտիկայում, և ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ` ամբողջ աշխարհում: Այս պաթոլոգիայի դեպքում հակամարմինները բարձր են լինում, վահանաձեւ գեղձը անհամասեռ պատկեր է տալիս սոնոգրաֆիկ հետազոտության արդյունքում: Այն կարող է լինել բարձի հորմոնալ ֆոնով, կամ հակառակը` ոչ հորմոնալ։ Բուժման տակտիկան որոշելու համար պետք է հասկանալ` արդյո՞ք հորմոնալ շեղում կա,թե` ոչ: Հորմոնալ շեղում չլինելու դեպքում բուժման անհրաժեշտություն չկա։

- Բժշկուհի,  շաքարային դիաբետը  դատավճի՞ռ է: 

-Ոչ, ես այն չեմ համարում դատավճիռ, այն օնկոլոգիա չէ, չնայած օնկոլոգիան այսօր վաղ փուլերում ունի բուժում, այն նույնպես չենք կարող համարել դատավճիռ, այսինքն`  հիվանդության վաղ ախտորոշման դեպքում հնարավոր է բուժում։ Կանխարգելիչ բուժումը բավականին մեծ դերակատարում ունի, ստացիոնար բուժման դեպքում մեզ հնարավորություն է տրվում տարին մեկ անգամ հսկել դիաբետիկների, սիրտ- անոթային խնդիր ունեցող բուժառուների խորքային բարդությունները: Չէ՞ որ դիաբետը տալիս է միկրո եւ մակրո անոթների, ստորին վերջույթների, երիկամների, աչքերի բարդություններ։ Իհարկե հանդիպում են շաքարային դիաբետի ագրեսիվ տեսակներ, որի արդյունքում շուտ է ախտահարվում օրգանիզմը, բայց եթե բուժառուն ինքն իր հանդեպ հետեւողական է` սննդակարգին, քաշին, դեղորայքին, երկար տարիներ կյանքին վտանգ չի կարող սպառնալ, եւ այն չենք կարող համարել դատավճիռ։ 

-Բժշկուհի, ո՞ր էնդոկրին հիվանդություններն են այսօր երիտասարդացում ապրել։

-Ցավով պետք է նշեմ, որ այսօր գրեթե բոլոր էնդոկրին հիվանդությունների երիտասարդացման միտում է նկատվում։ Էնդոկրին համակարգի խնդիրները դարձել  են բավականին արդիական եւ մտահոգիչ։ Ինչպես վահանաձեւ գեղձը, այնպես էլ շաքարային դիաբետը, առաջատար դիրքերում են։ Շատացել են սթրեսները, եւ հատկապես ամենից շատ երիտասարդ տղաների մոտ։ Հոգեբանական տրավման, սթրեսը, տարբեր նևրոզները բացասաբար են անդրադառնում նյարդային համակարգի և մարդու ուղեղի առանձին կառուցվածքների վրա:   Բուժման մոտեցումները եւ ուղեցույցները տարեցտարի փոփոխման են ենթարկվում, բայց ամեն դեպքում շաքարային դիաբետը պրոգրեսիվող է։  Խնդիրն այն է, որ այսօր բոլորը նստակյաց կյանքով են ապրում, մեքենաներով են տեղաշարժվում, արագ սննդից են օգտվում, եթե նախկինում քայլում էին, ֆիզիկական աշխատանք էին կատարում, ապա այսօր շատ բան է փոխվել ապրելակերպի մեջ: Մենք այսօր շատ ենք պարփակվել  կենցաղի մեջ ու ցանկություն չունենք այդ կաղապարից դուրս գալու: 

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

-Այսօր բավականին բարձրակարգ դասախոսներ կան, որոնց շնորհիվ ունենք երիտասարդ լավ մասնագետներ։ Նրանք ձգտում են արտերկրում վերապատրաստվել, պրպտող են եւ խելացի: Եթե համեմատենք մեր ուսանելու տարիներին, երբ տեղեկատվությունը հիմնականում բժշկական գրականություն էր, ապա այսօր իրենց հնարավորությունները բավականին մեծ են. առցանց կարող են հայտնի բժիշկների դասախոսություններ լսել, այսինքն` եթե ձգտող տեսակ է, ապա միանշանակ կդառնա լավ մասնագետ։

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։

-Մաղթանքս` առաջնահերթ առողջություն, հոգեպես ներդաշնակություն, սեր, և թող երջանկության հորմոնները շատ արտադրվեն` մեզ հանդիպող հիվանդությունները հաղթահարելու համար։ Ունենան հավատք առ Աստված, հույս, դրական լիցքերով լի կյանք: Եվ հավատանք, որ պետք է արարել մեր երկրում ու շենացնել այն, ստեղծագործել: Պետք է սիրել եւ սեր տարածել, սերն է փրկում աշխարհը: Առողջ եղեք։

There is no translation available.

Պետք է մոտենալ այն ակունքներին, որից մենք սերվել ենք

Հայաստանում այսօր ինվազիվ սրտաբանությունը, մասնագետների խոսքերով, բարձր դիրքերում է, նկատելիորեն արագ է զարգանում` թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից: Այդ ակտիվությունն օրեցօր ավելանում է, բայց ինչպես բժշկության ցանկացած ճյուղ, այնպես էլ սրտաբանությունը, անընդհատ թարմացվելու և կատարելագործվելու կարիք ունի, այսինքն՝ չի կարելի, ոչինչ չանելով,  սպասել ինչ-որ նորությունների, պետք է մշտապես նոր ուղիներ փնտրել` նորանոր բարձունքների հասնելու համար:                Մեր զրուցակիցն է «Բեստ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն, ինվազիվ սրտաբան ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Չնայած երիտասարդ տարիքին, ահռելի ծավալուն աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ նա մեծապես նպաստում է Հայաստանի ինվազիվ սրտաբանության զարգացմանը։ Անցնելով մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ և բժշկագիտության մեջ մեծ փորձ կուտակելով՝ ինվազիվ սրտաբանության մեջ ներկայանում է իր ուրույն ձեռագրով ու  մարդասիրական ազնիվ մղումներով: Ու թեև լուռ է իր աշխատանքում, բայց հասարակությունը լավ գիտի  նրա մարդ տեսակի ու անմնացորդ նվիրման մասին:

-Բժիշկ, արդյո՞ք կորոնարոգրաֆիան (զոնդավորումը) բուժական միջամտություն է։

-Ոչ, այն ախտորոշիչ հետազոտություն է, որի միջոցով  հնարավորություն ենք ունենում տեսնել սրտի պսակաձև զարկերակների անցանելիությունը, գնահատել դրա աստիճանը։ Հետևաբար, այն միայն ախտորոշիչ հետազոտություն է համարվում։

-Արդյո՞ք հնարավոր է կանխել ինֆարկտը, եթե ուշադրություն դարձնենք առկա գանգատներին։

-Հիմնականում հնարավոր է կանխել. ես հաճախ եմ ասում, որ 21-րդ դարում, գիտության ձեռքբերումների այսպիսի պայմաններում աբսուրդի ժանրից է, եթե ինֆարկտ է գրանցվում, քանզի այսօր լայն են հնարավորությունները` հետազոտություններ անցնելու, որի համար շատ բան պետք չէ. ուղղակի պետք է վարել առողջ ապրելակերպ, զբաղվել սպորտով, մարմնամարզությամբ, հետևել սննդակարգին` հրաժարվելով կենդանական ճարպից, յուղոտ սննդից և ավելի շատ օգտագործել բանջարեղենային սնունդ: Իսկ եթե կան ուղեկցող առողջական խնդիրներ, օրինակ` զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ, հիպերխոլեստերինեմիա` խոլեստերինի բարձր մակարդակ արյան մեջ, որոնք գոնե դեղորայքային միջոցներով կարգավորելի են, ապա ռիսկի գործոնները նվազեցնելով`  կարող ենք բարելավել կյանքի որակն ու ապրելության մակարդակը։

 -Ո՞ր դեպքերում է ցուցվում ստենտավորումը։ Ստեստավորման ի՞նչ տեսակներ կան։                                                                                        -Ստենտավորումը հիմնվում է միմիայն կորոնարոգրաֆիայի տվյալների հիման վրա։ 75 տոկոս և ավել խցանումները ստենտավորման համար համարվում են պլանային ցուցում, իսկ 85-90 տոկոս և ավել դեպքերում հրատապ ցուցում։ Բայց գոյություն ունի մոխրագույն զոնա, երբ հաճախ 50-70 տոկոս դեպքերում կողմնորոշվել չի լինում` ստենտավորում կատարել, թե՝ ոչ։ Եվ այդ ժամանակ օգնության են գալիս հավելյալ հետազոտությունները:

-Տեղյակ ենք որ ձեր բժշկական կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նոր սերնդի անգիոգրաֆ սարքը։ Ի՞նչ նոր հնարավորություն է ընձեռում սարքը`ինվազիվ մեթոդներն առավել արդյունավետ դարձնելու։

-Այո, այս սարքի միջոցով ունենք հնարավորություն գնահատել անոթի ոչ միայն անատոմիական նեղացումը, այլ նաև ֆիզիոլոգիան։ Այսինքն` այդ 65 տոկոս նեղացումը պոտենցիալ ինֆարկտածին է, թե՝ ոչ։ Ամեն սարք չունի այդպիսի հնարավորություն. Այսինքն` ճնշում չափող ուղելարի միջոցով գնահատում ենք նեղացումից առաջ և հետո ճնշումների մակարդակը և հարաբերության միջակայքը, ապա որոշվում է`  միջանկյալ մոխրագույն զոնայում անհրաժեշտ է ստենտատորել, թե` ոչ։ Հիմնական առավելություններից մեկը դա է։ Մեզ համար առավելություն կարող է համարվել ճառագայթման քիչ դոզան. ինչպես հիվանդն է քիչ ճառագայթվում, այնպես էլ մենք` բժիշկներս, քանզի մենք օրական 5-6 նման վիրահատություններ ենք իրականացնում, որի դեպքում ճառագայթային ինտենսիվությունը բավականին բարձր է։

Պատկերների տեսանելիության որակը շատ կարևոր է մեզ համար, քանզի պետք է տեսնենք հստակ պատկեր և ճշգրիտ գնահատենք անոթի նեղացման աստիճանը: Այս գերժամանակակից սարքի օգնությամբ շատ մեծ հնարավորություններ են  ընձեռվում։

-Ստենտը տեղաշարժվելու հատկություն ո՞ւնի։ Մի՞ֆ, թե՞ իրականություն։     

-Իրականում ստենտը չի կարող տեղաշարժվել, մի դեպքում կարող է տեղաշարժվել, ընդ որում` վերջին սերնդի ստենտներին դա չի առնչվում, երբ  նոր ստենտավորված բուժառուն անցնում է ՄՌՏ հետազոտություն` 1,5 տեսլա և ավել բարձր հզորության ՄՌՏ սարքերով, և այդ մագնիսական դաշտը նոր տեղադրված ստենտը կարողանում է փափկեցնել ու թուլացնել,  և արդյունքում հնարավոր է ինչ-որ տեղաշարժ լինել։ Իսկ մնացյալ դեպքերում` հազալուց, կտրուկ շարժումներից բացառվում է, որ ստենտը տեղաշարժվի։

-Եղանակի փոփոխությունն իր ազդեցությունն  ունենո՞ւմ  է նախկինում սրտամկանի ինֆարկտ տարած կամ սրտային անբավարարություն ունեցող մարդկանց գանգատների սրացման վրա։                                 

-Այո, եղանակային սրացումներ նկատվում են աշնան և գարնան ամիսների մեկնարկների ժամանակ, կարելի է ասել` գարնան սկզբին և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Իհարկե, ոչ միայն իրենց մոտ, այլ նաև բոլորի մոտ եղանակային փոփոխությունները կարող են ազդել, բայց հատկապես սրտային անբավարարությամբ տառապող մարդկանց մոտ հևոցներն են սկսում  հաճախանալ, ոտքերի այտուցվածությունը, և հաճախակի հոսպիտալացվում են ստացիոնար բուժում ստանալու համար` ելնելով եղանակային փոփոխությունների բացասական ազդեցությունից, քանզի օրգանիզմի ռեզերվները սկսում են աստիճանաբար սպառվել և հյուծվել, իսկ ամռան ամիսներին հիմնականում նկատելի չեն լինում նման փոփոխությունները: Թեև ամռան ամիսներին էլ այլ հակումներ կան` նկատվում է հիպոտոնիա, ճնշման մակարդակի հաճախակի անկում: Եվ այն բուժառուները, որոնք դեղամիջոցները ընդունում էին նախկինում գարնան ամիսներին, նույն դոզայով խմելով ամռանը, գրանցվում է ցածր ճնշում, որը բերում է թուլություն, հոգնածության զգացում:  Այդ դեպքում բարձր ճնշում ունեցողների համար պետք է դեղորայքը վերանայել ամռան ամիսների համար, որպեսզի շատ անկումներ չգրանցվեն, որը կարող է հասցնել ընդհուպ  ուշագնացության։

-Ինչպե՞ս վերահսկել և կանխարգելել սրտային խնդիրները հղիության շրջանում՝ ապահովելով ինչպես մայրիկի, այնպես էլ փոքրիկի առողջությունը:

-Դա բավականին լայն թեմա է, ուղղակի այս պահին մի քանի  հիմնական նկատառումներ կասեմ. հղիների մոտ սրտի արագ աշխատանքը պաթոլոգիա չէ։ Դա նորմալ երեւույթ է: Երկրորդը զարկերակային ճնշման երբեմն բարձրացումները, իհարկե ենթադրելի սահմաններում, նույնպես պաթոլոգիա չէ, քանզի հղիության ընթացքում շրջանառվող արյան ծավալն է զգալի մեծանում, և դա հավելյալ բեռ կարող է լինել սրտի համար` ծանրաբեռնվածության առումով։ Իհարկե առիթմիաներն են երբեմն գլուխ բարձրացնում, և կա խիստ, քիչ սահմանափակ թվով դեղորայք, որ հնարավոր է հղիների համար դուրս գրել, որպեսզի պտղի վրա չունենան արատածին ազդեցություն:  Ուղղակի իմ խորհուրդն է` չդիմել ինքնաբուժության, կամ հարևան-բարեկամի ուղղորդմամբ ոչ մասնագիտական խորհուրդներով դեղորայք ընդունել:  Հատկապես` հղիները, քանզի այս դեպքում գործ ունենք մարդկային երկու կյանքերի հետ։ Ցանկացած խնդրի և գանգատի դեպքում` սրտխփոց, հևոցի շատացում, զարկերակային ճնշման մակարդակի հաճախի բարձրացում,  միանշանակ պետք է դիմել  սրտաբանին։

 -Ի՞նչ վտանգների մասին է խոսում ստորին վերջույթների այտուցը։

-Բազմաթիվ են պատճառահետևանքները, բայց որպես սրտաբան կասեմ, որ դա հաճախ նկատվում սրտային անբավարարության փուլում, երբ որ ինչ-ինչ պատճառներով` դա կլինի ինֆարկտ, թե ինչ-որ բնածին սրտի արատ, կամ սրտի փականների հիվանդություններ, որոնք բերում են սրտի պոմպային ֆունկցիայի վատթարացում: Այսինքն` սիրտը սկսում է արյունը թույլ մղել ամբողջ օրգանիզմով, և տեղի է ունենում արյան կուտակում ստորին վերջույթներում, սրտի աջ բաժիններում ճնշման բարձրացում և այլն: Դա կարող է վկայել լուրջ սրտային պաթոլոգիայի, հետինֆարկտային կամ փականային լուրջ անբավարարության մասին: Պատճառը կարող են լինել նաև ոտքերի անոթային համակարգում տեղի ունեցող պաթոլոգիաները, երակային ֆլեբիտները, լայնացումները, վարիկոզ հիվանդությունը, որոշ դեպքերում` նաև լյարդի աշխատանքի ծանր անբավարարությունը: Պատճառաբանությունները բազմազան են, բայց հիմնականում երակային ավազանում վարիկոզ հիվանդությունն է և սրտային անբավարարությունը։

-Պարոն Համբարձումյան, Ձեր մասնագիտական վերապատրաստումները բազմաթիվ են։ Անցած տարի հոկտեմբերի 27-30-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ TCT 2024-ը՝ ամերիկյան ասոցիացիայի ամենահեղինակավոր կոնգրեսներից մեկը, որին մասնակցեցիք նաև Դուք։ Ո՞րն էր ամենամյա այս հանդիպման նպատակը։

-Գիտեք, այդպիսի շփումները նորարական բուժմոտեցումների և նորարարությունների զարկերակի վրա միշտ լինելու մասին չէ, քանզի այսօր արդի համացանցային լայն տարածման պարագայում այդ ամենին կարող ենք հետևել մեր իսկ տեղանքից, կամ առկա բժշկական նորարարությունների էջեր ներբեռնելով ծանոթանալ: Ուղղակի, երբ տեղյակ ես հայաստանյան բժշկությունից, գիտես աշխատանքային կլինիկայի հնարավորությունները, ակամա  համեմատական ես անցկացնում համաշխարհային բժշկության մեջ լավագույն աշխատանքների հետ, և  շատ հաճախ, ես իմ և մեր կենտրոնի օրինակով կասեմ, խրախուսվում և քաջալերվում ենք, երբ տեսնում ենք, որ տարբերություններն արտերկրի բուժմոտեցումների հետ այդքան էլ մեծ չեն: Իհարկե, նյութատեխնիկական ապահովվածության մասին չէ խոսքը, այլ` մասնագիտական հմտությունների և բուժմոտեցումների։ Երկրորդը, որ բխում է առաջինից, մեր սրտաբանության ակունքներում կանգնած նվիրյալների հետ շփվելով` ստեղծվում են ամուր կապեր` լայն և շարունակական համագործակցության համար: Եվ դրա վառ օրինակն է, որ այս ամսվա ավարտին դարձյալ մեր կենտրոնը ունենալու է 3 հրաշալի օր՝ հուլիսի 21-24-ը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը կհյուրընկալի իտալացի աշխարհահռչակ ինտերվենցիոն սրտաբան, պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսիին, ով արդեն մեզ ընկեր և բարեկամ է դարձել: Սա նրա 5-րդ այցն է, և ամեն անգամ մենք մի նորարական բուժմոտեցմամբ ենք հանդիպում, որն անընդհատ ռիթմի մեջ է մեզ պահում` զերծ պահելով լճացումից։

-Մայիսի 20-23-ին կայացավ EuroPCR 2025-ը՝ սրտաբանության աշխարհի առաջատար համաժողովը՝ Փարիզի Palais des Congrès-ում, որտեղ միավորվել էին ավելի քան 12,000 մասնակիցներ ամբողջ աշխարհից։ «Բեսթ Լայֆ» ԲԿ-ն ևս մասնակցում էր համաժողովին՝ ի դեմս Կարեն Համբարձումյանի և Ձեզ:  Դուք այնտեղ հանդես եկաք մասնագիտական զեկույցով։ Ըստ Ձեզ` նման համաժողովները ի՞նչ են տալիս բժիշկներին։

-  Դա փայլուն հարթակ էր` մեր հայկական միտքը ներկայացնելու ևս մեկ անգամ, քանզի իմ զեկույցը իրենից ներկայացնում էր գյուտի նմանվող մի հայտնագործություն, որը բավականին հեշտացնում է, հատկապես խաչմերուկային ստենտավորման ժամանակ, միաժամանակյա ստենտների բացման հարցը, որ ստենտների պլատֆորմները մեկը մյուսին չճնշեն, և չձևափոխվի ստենտը անոթի ներսում: Կցանկանայի ասել, որ այդ զեկույցը ներառելու համար մոտ 1-2 ամիս առաջ ես ուղարկել եմ իրենց, և հանձնաժողովը դրել է քննարկման, իսկ փորձագետների խումբը  հաստատել է որպես իրենց ծրագրի մի մաս։ Կարելի է ասել` մրցույթ, էքսպերտների խոշորացույցի տակով անցած տպավորիչ զեկույց էր։

-Կխնդրեինք խոսել «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի մինչ օրս անցած ուղու մասին:

-Ի սկզբանե բժշկական կենտրոնը սիրտ-անոթային համակարգի հետ առնչվող պաթոլոգիաների խնդրի լուծման համար նախատեսված բուժկենտրոն էր, որտեղ նախկինում իրականցվում էին միայն սրտի հետ առնչվող տարբեր վիրահատական միջամտություններ` սկսած սնենտավորումից մինչև բաց,  փակ և առիթմոլոգիական վիրահատություններ: Բայց ժամանակի ընթացքում, քանի որ բուժառուների հոսքը օրի օրի սկսեց ավելի շատանալ, և մենք հայտնաբերում էինք նորանոր խնդիրներ, որոնց լուծումը չէինք կարող այդ պայմաններում տալ (օրինակ` անոթային վիրաբուժությունը լուրջ թիմ էր պահանջում, կամ ուղեկցող խնդիրներից երիկամային անբավարարությունը, որը դիալիզի անհրաժեշտություն էր թելադրում և այլ խնդիրներ), մեզ տեղիք տվեցին մտածելու և ընդլայնելու մեր գործունեությունը: Իսկ այսօր ունենք անոթային վիրաբույժների հաջողված թիմ, որը կատարում են ինչպես բաց, այնպես էլ փակ վիրահատական միջամտություններ քնային, ոտքերի, երիկամների զարկերակների վրա նույն ստենտավորման մեթոդով։ Ունենք նյարդավիրաբուժության ծառայություն, որն այսօր կայացման ընթացք է անցնում և շուրջ 1, 5 տարի է, ինչ բավականին հաջողված վիրահատություններ և  բուժման բարեհաջող ելքեր է գրանցում: Ունենք նաև պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայություն, որտեղ նույնպես կատարվում են շատ բարդ վիրահատություններ: Գործում է նաև պոլիկլինիկան, որտեղ հիվանդների հոսքն այնպիսին է, որ շենքային պայմանները թույլ չտվեցին, և բուժկենտրոնի մասնաշենքի չափով շենք կառուցվեց մեր բուժառուների հարմարավետության համար` ստեղծելով հետազոտությունների ավելի լայն սպեկտր։ Հիվանդները, որոնք մեզ մոտ վիրահատվում են, օրինակ` ողնաշարի ճողվածքների դեպքում ունեն սիրտ-անոթային համակարգի ծանր ռիսկ, այսինքն` տարել են ինֆարկտներ, սրտի վատ կծկողականություն  և այլն, նրանց պետք պրոֆեսիոնալ թիմ համատեղ աշխատանքի համար: Դա կոչվում է մուլտիդիցիպլինար մոտեցում, երբ տարբեր ոլորտների նեղ մասնագետները կարծիքներով փոխանակվում են և հորդորում` ինչ կետերի վրա  ուշադրությունը սևեռեն։ Այսինքն` մեր կենտրոնում բոլոր նեղ մասնագետները մեկ տեղում են համախմբված, որի արդյունքում բուժառուն է շահում` թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսական առումով։

-Եվ որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։

-Հետևեք ձեր առողջությանը, բայց թող փիլիսոփայական չհնչի` թող մարդիկ իրենց հոգևոր առողջությանն էլ հետամուտ լինեն, քանի որ այն նույնպես առողջ լինելու երաշխիք է: Ստելը, հայհոյելը, նախանձն ու  չարախոսությունը իրոք կարող են վնասել ոչ միայն  մեր հոգևոր, այլև ֆիզիկական  առողջությունը։ Հետևաբար, որպես վերջաբան, կասեմ, որ պետք է ապավինել Աստծուն, պետք է մոտենալ այն ակունքներին, որից մենք սերվել ենք: Չէ որ Աստծո խոսքի մեջ էլ նշվում է` մոտեցեք Աստծուն և նա կմոտենա ձեզ։ Առողջ եղեք։

There is no translation available.

Կհորդորեմ մեր հանրությանը սեփական առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից

Վիտրեոռետինալ վիրաբուժությունը ժամանակակից ակնաբուժության ամենահեռանկարային ուղղություններից է։ Հենց այս ուղղությունն է թույլ տալիս լավացնել կամ ամբողջությամբ վերականգնել տեսողությունը այն դեպքում, երբ մինչև վերջերս նման միջամտությունը համարվում էր անհնար։

Մեր զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի Ակնաբուժության ամբիոնի դասախոս, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրեոռետինալ բաժանմունքի ակնաբույժ Սիրանույշ Մատինյանը։ Բժշկուհին մշտապես դիմակայել է ժամանակների և գիտության մարտահրավերներին՝ շարունակաբար լրացրել ու հարստացրել իր գիտելիքներն ու մարդկային տեսակի ներուժը՝ հատուկ շեշտադրելով արդի բուժմոտեցումները` դրսևորելով  պրոֆեսիոնալիզմը և բժիշկ-բուժառու լավագույն մոտեցումները:

 Իսկ ակնաբուժության ոլորտում իրապես զարմացնում ու նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը մեկտեղվում է  անսահման բարի հոգու, զգայուն սրտի և հավատի հետ առ Աստված` ստեղծելով յուրահատուկ, տարբերվող կերպար:  Իր բազմավաստակ գործելաոճով նա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բժշկությունը բիզնես չէ, այն կոչված է փրկել մարդկային կյանքեր, այս դեպքում` աչքեր` բարձրացնելով կյանքի որակը: Բժշկությունը նրա կյանքն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը… 

-Բժշկուհի, կմանրամասնե՞ք, թե ակնային ինչ  պաթոլոգիաներով է զբաղվում ձեր բաժանմունքը։

-Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրեոռետինալ բաժանմունքում զբաղվում եմ ակնահատակի բոլոր պաթոլոգիաների հետազոտմամբ եւ բուժմամբ` տարիքային մակուլյար կամ «դեղին բծի» դեգեներացիայի, որոնք, ցավոք, ամբողջ աշխարհում եւս մեծ տարածում ունեն եւ երկարակեցության հետ պայմանավորված` շատ արդիական է դարձել տարեցների մոտ, երբ  նրանք կորցնում են իրենց տեսողությունը, ինչպես նաեւ աթերոսկլերոտիկ ախտահարումները, կատարակտը, այսինքն` օրգանիզմի ծերացումից բխող խնդիրները։ Ցավոք, հաճախացել են եւ մեծ թիվ են կազմում ցանցենու շերտազատման դեպքերը թե՛ երեխաների, թե՛ դեռահասների շրջանում, որը պատճառահետեւանք է բարդացած կարճատեսության,   դիաբետիկ շերտազատումները, որն ինքնին բավականին ծանր պաթոլոգիա է, հիպերտոնիկ ագիոպաթիաները։ Մեր բաժանմունքում իրականացվում են ակնահատակի ամենաբարդ վիրահատությունները։ Վիտրեոռետինալ վիրահատություն նշանակվում է պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի, ապակենման մարմնի դեստրուկցիայի, հեմոֆթալմի (արյունազեղում ապակենման մարմնում), հետթրոմբոթիկ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի,  էպիմակուլյար ֆիբրոզի, ապակենման մարմնի ախտահարումների (պղտորում, ոսպնյակի տեղախախտ), մակուլյար պատռվածքների, ցանցաթաղանթի շերտազատման և պատռվածքների, կատարակտաների բարդացած դեպքերում։  Այսինքն` իրականացվում են բարդագույն պաթոլոգիաների բուժում` բուժառուներին վերադարձնելով  աչքի լույսը։ Այդ թվում նաև  տարբեր հետվիրահատական, հետրավմատիկ, կամ այլ ծագման էնդոֆթալմիտների՝ թարախային բորբոքումների բուժմամբ:

-Բժշկուհի, ի՞նչ է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան, և ո՞ր դեպքում է այն իրականացվում։

-Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան պղտորված ոսպնյակի վիրահատական միջամտությամբ հեռացումն է ամենաժամանակակից մեթոդով՝ ուլտրաձայնի միջոցով։ Այսինքն` այն բուժառուների մոտ, ովքեր ունեն կատարակտի վիրահատության անհրաժեշտություն։ Եվ իհարկե ցանկալի է այն իրականացնել ոչ հասուն կատարակտի դեպքում, երբ կարող ենք գրանցել արդյունավետ ցուցանիշներ։

-Ի՞նչ ասել է  արտիֆակիկ աչք։ 

-Արտիֆակիկ աչքը արհեստական ոսպնյակով աչքն է, այսինքն՝ այլ կերպ ասած կատարակտի վիրահատությունից հետո, երբ  տեղադրվում է արհեստական ոսպնյակ, այդ աչքը կոչվում է արտիֆակիկ աչք։

- Իսկ ի՞նչ  է ամետրոպիան։

-Ամետրոպիան ցանկացած ակնային շեղումն է նորմալ ռեֆրակցիայից՝ բեկման ուժից, այսինքն, երբ  աչքը նորմայում հարմարվում է հստակ տեսողությանը տարբեր հեռավորությունների վրա։ Ամետրոպիաների դեպքում առաջանում է շեղում  հստակ տեսնելու հնարավորությունից, եւ դա պայմանավորված է տարբեր պաթոլոգիաներով` կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, որոնք էլ հենց առաջացնում են այդ շեղումները։

-Շաքարային դիաբետը աչքերի ի՞նչ խնդրի կարող է հանգեցնել։

-Շաքարային դիաբետը, ցավոք, օր օրի լայն տարածում է գտնում եւ աննկարագրելի տեմպերով զարգացում ապրում` հետագայում դրանից բխող բարդություններով։ Թերեւս, ամենածանր բարդությունը ակնաբուժության մեջ դիաբետիկ ռեթինոպաթիան է, իսկ դրանից բխող բարդությունները ցանցենու շերտազատումն է, ապակենման մարմնի մեջ արյունազեղումները, նեովասկուլյար գլաուկոման, որոնք թերեւս դասվում են կուրություն բերող ամենամեծ խմբին։ Շաքարային դիաբետի դեպքում ակնագնդի ցանկացած հատված կարող է ախտահարվել` սկսած առաջնային հատվածից եղջերենու ախտահարումով` կատարակտով, ապակենման մարմնում արյունազեղումներով, ցանցենու շերտազատումով: Այսինքն` ամբողջ ակնագունդը շաքարային դիաբետի արդյունքում կարող է ենթարկվել լուրջ ախտահարման։

-Բժշկուհի, ո՞ր դեպքում է ցուցված վիտրեկտոմիան:

Վիտրեոռետինալ վիրաբուժության ամենահաճախ իրականացվող վիրահատություններից է վիտրէկտոմիան, որի ժամանակ ամբողջությամբ հեռացվում է ապակենման մարմինը և առկա պրոլիֆերատիվ մեմբրաները, արյունազեղումները, թարախային էքսուդատը։ Բացի դրանից, իրականացվում է սպիացած հյուսվածքների հեռացում ապակենման մարմնից կամ ցանցաթաղանթի մակերեսից։

Վիտրէկտոմիան՝ ապակենման մարմնի հեռացումը, առաջին անգամ կատարվել է մեր կենտրոնում 1985 թվականին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից։

Սկսած այդ թվականից մինչ այսօր մեր բժիշկները, պարբերաբար վերապատրաստվելով և կատարելագործվելով այս բնագավառում, հաջողությամբ կատարում են վիտրեոռետինալ վիրահատությունները: Վիրահատության մեթոդի ընտրությունը, ինչպես նաև վիրահատական միջամտության ծավալը որոշվում է՝ նախապես իրականացված հետազոտությունների, պաթոլոգիայի բարդության և բուժող բժշկի կարծիքի հիման վրա։

Վիտրեկտրոմիան կիրառելի է վերը նշված պաթոլոգիաների բուժման դեպքում, դիաբետիկ, հիպերտոնիկ ռեթինոպաթիայի, ապակենման մարմնի մեջ արյունազեղումների, ցանցենու շերտազատման դեպքերում, որը բացառապես շտկվում է վիտրեկտրոմիայի միջոցով, տարբեր տեսակի ապակենման մարմնի փոխարինիչների ժամանակավոր կիրառումով, որոնք թույլ են տալիս շտկել ցանցենու ճշգրիտ անատոմիական դիրքը եւ հնարավորինս վերականգնել կորցրած տեսողությունը։

-Բժշկուհի, արդյո՞ք բուժելի է  կուրությունը:

-Նայած թե  ինչ աստիճանի կուրություն է, եթե աչքն ընդհանրապես կորցրել է լույս տեսնելու ունակությունը, ցավոք, այն բուժման ենթակա չէ։ Իհարկե արդի նորարական բուժմոտեցումների մեջ կիրառելի են իմպլանտներ, որոնք կարող են վերականգնել որոշ չափով տեսողությունը: Մեր երկրում նման վիրահատություններ, ցավոք,  առայժմ չեն իրականացվում, բայց հուսանք` մոտ ապագայում նման բուժառուների համար էլ մեր երկրում կունենանք հնարավորություն իրականացնել նման վիրահատություններ։

-Կոնտակտային լինզա՞, թե՞ ակնոց։ Ո՞րն է ավելի արդյունավետ:

-Իրականում ցանկացած կոնտակտային լինզա կրող անձ պետք է կրի նաեւ ակնոց, քանզի կան դեպքեր, երբ ուղղակի վերջինների կիրառումը չի թույլատրվում մի շարք բորբոքային հիվանդությունների դեպքում։ Երկուսն էլ բավականին մեծ կիրառություն ունեն, երկուսն էլ ունեն իրենց առավելությունները, բայց ինչ-որ տեղ նաեւ դա պայմանավորված է տվյալ անձի մասնագիտական գործունեությամբ եւ նախասիրություններով։ Թերեւս, երկուսն էլ առանձին խնամք են պահանջում։

-Իսկ  մեր ժամանակներում  աչքի  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։ Ըստ Ձեր աշխատանքային փորձի` որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։

-Գրեթե բոլոր ակնային հիվանդությունները երիտասարդացում են ապրել։ Եթե հիվանդություններ կային, որ կհանդիպեին ավելի մեծ տարիքում, այսօր երիտասարդացում են ապրել։ Իսկապես, երբ վերհիշում եմ որպես սկսնակ ակնաբույժ իմ երիտասարդ տարիները,   կան հիվանդություններ, որ շատ հազվադեպ էին հանդիպում։ Իսկ այսօր բավականին մեծ թիվ են կազմում դրանք, իհարկե միանշանակ դա պայմանավորված է թե՛ էկոլոգիայի փոփոխություններով, թե՛ արդի գաջեթների, սմարտֆոնների լայն կիրառությամբ, թե՛ մաքուր օդ շնչելուն ավելի քիչ ժամանակ տրամադրելու հանգամանքով եւ մի շարք այլ պատճառներով, սխալ տեսողական հիգիենայով։

-Հասցնո՞ւմ եք արդյոք մասնակցել վերապատրաստումների` Ձեր գերլարված աշխատանքային գրաֆիկին զուգահեռ։

-Իհարկե փորձում ենք հետ չմնալ նորարարությունների զարկերակից, քանզի բժշկությունը այնպիսի արագությամբ է զարգանում, որ եթե հետ մնաս այդ ընթացքից, որպես մասնագետ կարող ես զիջել դիրքերդ եւ դոփել տեղում։ Ուստի, անպայման պետք է ժամանակ գտնել վերապատրաստումների համար, քանզի այն շատ կարեւոր է մասնագետի առաջխաղացման համար։ Նման վերապատրաստումները մեզ տալիս են փորձի փոխանակում արտերկրի կոլեգաների հետ, քանզի իրենց մոտ բավականին արագ է զարգանում բժշկությունը։

-Տեղյակ ենք, որ դասախոսում եք Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Շփվելով երիտասարդ կադրերի հետ`ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա ակնաբուժությունը:

-Հուրախություն մեզ` այսօր ունենք բավականին խոստումնալից երիտասարդություն, որոնք բավականին զարգացած են, ձգտող, պրպտող, եւ լիահույս եմ, որ մեր ակնաբուժության ապագան հուսալի ձեռքերում է, հատկապես, որ այսօր իրենք ավելի մեծ հնարավորություն ունեն ինքակրթվելու, քան մեր ուսանելու տարիներին էին։  Անկեղծանալով կցանկանայի ասել, որ  շատ սիրում եմ մեր ուսանողներին: Իհարկե, տարիների ընթացքում եղել են տարբեր տեսակի ուսանողներ, ինչու չէ, նաեւ միջին մակարդակի գիտելիքներով, բայց Բժշկական համալսարանի ներկա կրթական ծրագիրը բավականին հագեցած է,  լեցուն եւ նաեւ պահանջկոտ։ Ուստի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանելը այդքան էլ դյուրին չէ, այսինքն` եթե պատրաստված չլինեն, չունենան համապատասխան գիտելիքներ, համառություն, համբերություն` առանց ընկճվելու առաջ գնալու, եւ պրպտող միտք, դժվար կլինի ուսանելը։ Բայց,  փառք Աստծո, այսօրվա  ուսանողների մեծ մասը մեր ապագա բժշկությունն ավելի են զարգացնելու։ Ես դրանում վստահ եմ։

- Ի՞նչն է Ձեզ համար ներշնչանքի աղբյուր։

-Ես ինձ լիրաժեք եմ զգում, երբ օգնում եմ մարդկանց,  պետք է լուսավորել ոչ միայն մարդկանց աչքերը, այլեւ սիրտը եւ հոգին, մարդիկ պետք է լուսավոր լինեն իրենց էությամբ ամբողջովին։

-Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելություն է, թե՝ կոչում։

-Հատկապես մեր երկրում, կարծում եմ, բժշկությունը առաքելություն է, բայց իհարկե ոչ բոլորին  է ի վերուստ տրված կոչումով բժիշկը լինելը։

-Որպես մեր զրույցի  վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

-Առաջնահերթ ցանկանում եմ, որ ապրենք խաղաղ երկնքի տակ, քանզի ապահով երկրում մարդիկ հոգեպես  ավելի հանգիստ են, քանի որ բոլոր հիվանդությունների պատճառը մեր նյարդային համակարգի անհանգստությունն է, նաեւ ակնային հիվանդությունների դեպքում է կարեւոր հոգեվիճակը։ Կցանկանայի մեր հասարակությանը կուռ համբերություն, որպեսզի դիմակայի իրեն բախվող ցանկացած հիվանդությանը։ Ժամանակին բժշկի չդիմելու պատճառները բավականին խորն են, մենք լավ գիտակցում ենք, որ սոցիալական կարգավիճակը առաջին տեղում է` ուշացման դեպքերի առումով, ծայրահեղ վիճակում են  դիմում բժշկի օգնությանը, երբեմն` ստիպված, բայց ցավոք սրտի, արդեն շատ ուշացած։ Շատ կցանկանայի, որ մեր երկիրը իր զարգացման մակարդակով երբեւէ չզիջեր եվրոպական առաջատար երկրներին, որտեղ հնարավոր է ամեն ինչը կազմակերպել ժամանակին եւ ամենաբարձր մակարդակով: Մասնագետների առումով մենք ընդհանրապես խնդիր չունենք, ամբողջ խնդիրը ուշ դիմելիության մեջ է։ Կհորդորեմ մեր հանրությանը սեփական առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից, հետաքրքրություններից, չխնայել ժամանակային ու նյութական ռեսուրսները՝ հնարավորինս առողջ լինելու և Աստծո պարգևած առողջությունը պահպանելու ու վայելելու համար: Հուշեմ նաև միջոցը՝ մի փոքր, բայց կարևոր մասնագիտական հիշեցմամբ. յուրաքանչյուր հիվանդության կանխարգելումը անհամեմատ ավելի դյուրին է ու արդյունավետ, եթե մարդը առողջության ինչ-ինչ խաթարումներ նկատելու դեպքում, առանց տարակուսելու, իր մոտ ծագած խնդիրները շրջապատի հետ քննարկելու և այլոց խնդիրների հետ համեմատելու փոխարեն, պարզապես թակի բժշկի դուռը: Պարզ, հասկանալի իրողություն է՝ վաղ փուլերում ախտորոշված հիվանդությունը ճնշող մեծամասնությամբ հաղթահարելի է: Պետք չէ խնայել առողջության հաշվին, քանի որ շատ հաճախ կարող են լինել անդառնալի հետևանքներ, որոնք կարող են ավերիչ լինել ոչ միայն մարմնապես, այլև` հոգեպես:

Առողջ եղեք։

Страница 1 из 72

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր