Children categories

Դիանա Ասլանյան

Դիանա Ասլանյան (0)

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։

-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

 

View items...
There is no translation available.

Պետք է մոտենալ այն ակունքներին, որից մենք սերվել ենք

Հայաստանում այսօր ինվազիվ սրտաբանությունը, մասնագետների խոսքերով, բարձր դիրքերում է, նկատելիորեն արագ է զարգանում` թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից: Այդ ակտիվությունն օրեցօր ավելանում է, բայց ինչպես բժշկության ցանկացած ճյուղ, այնպես էլ սրտաբանությունը, անընդհատ թարմացվելու և կատարելագործվելու կարիք ունի, այսինքն՝ չի կարելի, ոչինչ չանելով,  սպասել ինչ-որ նորությունների, պետք է մշտապես նոր ուղիներ փնտրել` նորանոր բարձունքների հասնելու համար:                Մեր զրուցակիցն է «Բեստ Լայֆ» հայ-ճապոնական բժշկական կենտրոնի բուժգծով փոխտնօրեն, ինվազիվ սրտաբան ԽԱՉԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Չնայած երիտասարդ տարիքին, ահռելի ծավալուն աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ նա մեծապես նպաստում է Հայաստանի ինվազիվ սրտաբանության զարգացմանը։ Անցնելով մասնագիտական վերապատրաստման բազմաթիվ դասընթացներ և բժշկագիտության մեջ մեծ փորձ կուտակելով՝ ինվազիվ սրտաբանության մեջ ներկայանում է իր ուրույն ձեռագրով ու  մարդասիրական ազնիվ մղումներով: Ու թեև լուռ է իր աշխատանքում, բայց հասարակությունը լավ գիտի  նրա մարդ տեսակի ու անմնացորդ նվիրման մասին:

-Բժիշկ, արդյո՞ք կորոնարոգրաֆիան (զոնդավորումը) բուժական միջամտություն է։

-Ոչ, այն ախտորոշիչ հետազոտություն է, որի միջոցով  հնարավորություն ենք ունենում տեսնել սրտի պսակաձև զարկերակների անցանելիությունը, գնահատել դրա աստիճանը։ Հետևաբար, այն միայն ախտորոշիչ հետազոտություն է համարվում։

-Արդյո՞ք հնարավոր է կանխել ինֆարկտը, եթե ուշադրություն դարձնենք առկա գանգատներին։

-Հիմնականում հնարավոր է կանխել. ես հաճախ եմ ասում, որ 21-րդ դարում, գիտության ձեռքբերումների այսպիսի պայմաններում աբսուրդի ժանրից է, եթե ինֆարկտ է գրանցվում, քանզի այսօր լայն են հնարավորությունները` հետազոտություններ անցնելու, որի համար շատ բան պետք չէ. ուղղակի պետք է վարել առողջ ապրելակերպ, զբաղվել սպորտով, մարմնամարզությամբ, հետևել սննդակարգին` հրաժարվելով կենդանական ճարպից, յուղոտ սննդից և ավելի շատ օգտագործել բանջարեղենային սնունդ: Իսկ եթե կան ուղեկցող առողջական խնդիրներ, օրինակ` զարկերակային բարձր ճնշում, շաքարային դիաբետ, հիպերխոլեստերինեմիա` խոլեստերինի բարձր մակարդակ արյան մեջ, որոնք գոնե դեղորայքային միջոցներով կարգավորելի են, ապա ռիսկի գործոնները նվազեցնելով`  կարող ենք բարելավել կյանքի որակն ու ապրելության մակարդակը։

 -Ո՞ր դեպքերում է ցուցվում ստենտավորումը։ Ստեստավորման ի՞նչ տեսակներ կան։                                                                                        -Ստենտավորումը հիմնվում է միմիայն կորոնարոգրաֆիայի տվյալների հիման վրա։ 75 տոկոս և ավել խցանումները ստենտավորման համար համարվում են պլանային ցուցում, իսկ 85-90 տոկոս և ավել դեպքերում հրատապ ցուցում։ Բայց գոյություն ունի մոխրագույն զոնա, երբ հաճախ 50-70 տոկոս դեպքերում կողմնորոշվել չի լինում` ստենտավորում կատարել, թե՝ ոչ։ Եվ այդ ժամանակ օգնության են գալիս հավելյալ հետազոտությունները:

-Տեղյակ ենք որ ձեր բժշկական կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նոր սերնդի անգիոգրաֆ սարքը։ Ի՞նչ նոր հնարավորություն է ընձեռում սարքը`ինվազիվ մեթոդներն առավել արդյունավետ դարձնելու։

-Այո, այս սարքի միջոցով ունենք հնարավորություն գնահատել անոթի ոչ միայն անատոմիական նեղացումը, այլ նաև ֆիզիոլոգիան։ Այսինքն` այդ 65 տոկոս նեղացումը պոտենցիալ ինֆարկտածին է, թե՝ ոչ։ Ամեն սարք չունի այդպիսի հնարավորություն. Այսինքն` ճնշում չափող ուղելարի միջոցով գնահատում ենք նեղացումից առաջ և հետո ճնշումների մակարդակը և հարաբերության միջակայքը, ապա որոշվում է`  միջանկյալ մոխրագույն զոնայում անհրաժեշտ է ստենտատորել, թե` ոչ։ Հիմնական առավելություններից մեկը դա է։ Մեզ համար առավելություն կարող է համարվել ճառագայթման քիչ դոզան. ինչպես հիվանդն է քիչ ճառագայթվում, այնպես էլ մենք` բժիշկներս, քանզի մենք օրական 5-6 նման վիրահատություններ ենք իրականացնում, որի դեպքում ճառագայթային ինտենսիվությունը բավականին բարձր է։

Պատկերների տեսանելիության որակը շատ կարևոր է մեզ համար, քանզի պետք է տեսնենք հստակ պատկեր և ճշգրիտ գնահատենք անոթի նեղացման աստիճանը: Այս գերժամանակակից սարքի օգնությամբ շատ մեծ հնարավորություններ են  ընձեռվում։

-Ստենտը տեղաշարժվելու հատկություն ո՞ւնի։ Մի՞ֆ, թե՞ իրականություն։     

-Իրականում ստենտը չի կարող տեղաշարժվել, մի դեպքում կարող է տեղաշարժվել, ընդ որում` վերջին սերնդի ստենտներին դա չի առնչվում, երբ  նոր ստենտավորված բուժառուն անցնում է ՄՌՏ հետազոտություն` 1,5 տեսլա և ավել բարձր հզորության ՄՌՏ սարքերով, և այդ մագնիսական դաշտը նոր տեղադրված ստենտը կարողանում է փափկեցնել ու թուլացնել,  և արդյունքում հնարավոր է ինչ-որ տեղաշարժ լինել։ Իսկ մնացյալ դեպքերում` հազալուց, կտրուկ շարժումներից բացառվում է, որ ստենտը տեղաշարժվի։

-Եղանակի փոփոխությունն իր ազդեցությունն  ունենո՞ւմ  է նախկինում սրտամկանի ինֆարկտ տարած կամ սրտային անբավարարություն ունեցող մարդկանց գանգատների սրացման վրա։                                 

-Այո, եղանակային սրացումներ նկատվում են աշնան և գարնան ամիսների մեկնարկների ժամանակ, կարելի է ասել` գարնան սկզբին և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։ Իհարկե, ոչ միայն իրենց մոտ, այլ նաև բոլորի մոտ եղանակային փոփոխությունները կարող են ազդել, բայց հատկապես սրտային անբավարարությամբ տառապող մարդկանց մոտ հևոցներն են սկսում  հաճախանալ, ոտքերի այտուցվածությունը, և հաճախակի հոսպիտալացվում են ստացիոնար բուժում ստանալու համար` ելնելով եղանակային փոփոխությունների բացասական ազդեցությունից, քանզի օրգանիզմի ռեզերվները սկսում են աստիճանաբար սպառվել և հյուծվել, իսկ ամռան ամիսներին հիմնականում նկատելի չեն լինում նման փոփոխությունները: Թեև ամռան ամիսներին էլ այլ հակումներ կան` նկատվում է հիպոտոնիա, ճնշման մակարդակի հաճախակի անկում: Եվ այն բուժառուները, որոնք դեղամիջոցները ընդունում էին նախկինում գարնան ամիսներին, նույն դոզայով խմելով ամռանը, գրանցվում է ցածր ճնշում, որը բերում է թուլություն, հոգնածության զգացում:  Այդ դեպքում բարձր ճնշում ունեցողների համար պետք է դեղորայքը վերանայել ամռան ամիսների համար, որպեսզի շատ անկումներ չգրանցվեն, որը կարող է հասցնել ընդհուպ  ուշագնացության։

-Ինչպե՞ս վերահսկել և կանխարգելել սրտային խնդիրները հղիության շրջանում՝ ապահովելով ինչպես մայրիկի, այնպես էլ փոքրիկի առողջությունը:

-Դա բավականին լայն թեմա է, ուղղակի այս պահին մի քանի  հիմնական նկատառումներ կասեմ. հղիների մոտ սրտի արագ աշխատանքը պաթոլոգիա չէ։ Դա նորմալ երեւույթ է: Երկրորդը զարկերակային ճնշման երբեմն բարձրացումները, իհարկե ենթադրելի սահմաններում, նույնպես պաթոլոգիա չէ, քանզի հղիության ընթացքում շրջանառվող արյան ծավալն է զգալի մեծանում, և դա հավելյալ բեռ կարող է լինել սրտի համար` ծանրաբեռնվածության առումով։ Իհարկե առիթմիաներն են երբեմն գլուխ բարձրացնում, և կա խիստ, քիչ սահմանափակ թվով դեղորայք, որ հնարավոր է հղիների համար դուրս գրել, որպեսզի պտղի վրա չունենան արատածին ազդեցություն:  Ուղղակի իմ խորհուրդն է` չդիմել ինքնաբուժության, կամ հարևան-բարեկամի ուղղորդմամբ ոչ մասնագիտական խորհուրդներով դեղորայք ընդունել:  Հատկապես` հղիները, քանզի այս դեպքում գործ ունենք մարդկային երկու կյանքերի հետ։ Ցանկացած խնդրի և գանգատի դեպքում` սրտխփոց, հևոցի շատացում, զարկերակային ճնշման մակարդակի հաճախի բարձրացում,  միանշանակ պետք է դիմել  սրտաբանին։

 -Ի՞նչ վտանգների մասին է խոսում ստորին վերջույթների այտուցը։

-Բազմաթիվ են պատճառահետևանքները, բայց որպես սրտաբան կասեմ, որ դա հաճախ նկատվում սրտային անբավարարության փուլում, երբ որ ինչ-ինչ պատճառներով` դա կլինի ինֆարկտ, թե ինչ-որ բնածին սրտի արատ, կամ սրտի փականների հիվանդություններ, որոնք բերում են սրտի պոմպային ֆունկցիայի վատթարացում: Այսինքն` սիրտը սկսում է արյունը թույլ մղել ամբողջ օրգանիզմով, և տեղի է ունենում արյան կուտակում ստորին վերջույթներում, սրտի աջ բաժիններում ճնշման բարձրացում և այլն: Դա կարող է վկայել լուրջ սրտային պաթոլոգիայի, հետինֆարկտային կամ փականային լուրջ անբավարարության մասին: Պատճառը կարող են լինել նաև ոտքերի անոթային համակարգում տեղի ունեցող պաթոլոգիաները, երակային ֆլեբիտները, լայնացումները, վարիկոզ հիվանդությունը, որոշ դեպքերում` նաև լյարդի աշխատանքի ծանր անբավարարությունը: Պատճառաբանությունները բազմազան են, բայց հիմնականում երակային ավազանում վարիկոզ հիվանդությունն է և սրտային անբավարարությունը։

-Պարոն Համբարձումյան, Ձեր մասնագիտական վերապատրաստումները բազմաթիվ են։ Անցած տարի հոկտեմբերի 27-30-ը Վաշինգտոնում տեղի ունեցավ TCT 2024-ը՝ ամերիկյան ասոցիացիայի ամենահեղինակավոր կոնգրեսներից մեկը, որին մասնակցեցիք նաև Դուք։ Ո՞րն էր ամենամյա այս հանդիպման նպատակը։

-Գիտեք, այդպիսի շփումները նորարական բուժմոտեցումների և նորարարությունների զարկերակի վրա միշտ լինելու մասին չէ, քանզի այսօր արդի համացանցային լայն տարածման պարագայում այդ ամենին կարող ենք հետևել մեր իսկ տեղանքից, կամ առկա բժշկական նորարարությունների էջեր ներբեռնելով ծանոթանալ: Ուղղակի, երբ տեղյակ ես հայաստանյան բժշկությունից, գիտես աշխատանքային կլինիկայի հնարավորությունները, ակամա  համեմատական ես անցկացնում համաշխարհային բժշկության մեջ լավագույն աշխատանքների հետ, և  շատ հաճախ, ես իմ և մեր կենտրոնի օրինակով կասեմ, խրախուսվում և քաջալերվում ենք, երբ տեսնում ենք, որ տարբերություններն արտերկրի բուժմոտեցումների հետ այդքան էլ մեծ չեն: Իհարկե, նյութատեխնիկական ապահովվածության մասին չէ խոսքը, այլ` մասնագիտական հմտությունների և բուժմոտեցումների։ Երկրորդը, որ բխում է առաջինից, մեր սրտաբանության ակունքներում կանգնած նվիրյալների հետ շփվելով` ստեղծվում են ամուր կապեր` լայն և շարունակական համագործակցության համար: Եվ դրա վառ օրինակն է, որ այս ամսվա ավարտին դարձյալ մեր կենտրոնը ունենալու է 3 հրաշալի օր՝ հուլիսի 21-24-ը «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնը կհյուրընկալի իտալացի աշխարհահռչակ ինտերվենցիոն սրտաբան, պրոֆեսոր Ալֆրեդո Գալասսիին, ով արդեն մեզ ընկեր և բարեկամ է դարձել: Սա նրա 5-րդ այցն է, և ամեն անգամ մենք մի նորարական բուժմոտեցմամբ ենք հանդիպում, որն անընդհատ ռիթմի մեջ է մեզ պահում` զերծ պահելով լճացումից։

-Մայիսի 20-23-ին կայացավ EuroPCR 2025-ը՝ սրտաբանության աշխարհի առաջատար համաժողովը՝ Փարիզի Palais des Congrès-ում, որտեղ միավորվել էին ավելի քան 12,000 մասնակիցներ ամբողջ աշխարհից։ «Բեսթ Լայֆ» ԲԿ-ն ևս մասնակցում էր համաժողովին՝ ի դեմս Կարեն Համբարձումյանի և Ձեզ:  Դուք այնտեղ հանդես եկաք մասնագիտական զեկույցով։ Ըստ Ձեզ` նման համաժողովները ի՞նչ են տալիս բժիշկներին։

-  Դա փայլուն հարթակ էր` մեր հայկական միտքը ներկայացնելու ևս մեկ անգամ, քանզի իմ զեկույցը իրենից ներկայացնում էր գյուտի նմանվող մի հայտնագործություն, որը բավականին հեշտացնում է, հատկապես խաչմերուկային ստենտավորման ժամանակ, միաժամանակյա ստենտների բացման հարցը, որ ստենտների պլատֆորմները մեկը մյուսին չճնշեն, և չձևափոխվի ստենտը անոթի ներսում: Կցանկանայի ասել, որ այդ զեկույցը ներառելու համար մոտ 1-2 ամիս առաջ ես ուղարկել եմ իրենց, և հանձնաժողովը դրել է քննարկման, իսկ փորձագետների խումբը  հաստատել է որպես իրենց ծրագրի մի մաս։ Կարելի է ասել` մրցույթ, էքսպերտների խոշորացույցի տակով անցած տպավորիչ զեկույց էր։

-Կխնդրեինք խոսել «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի մինչ օրս անցած ուղու մասին:

-Ի սկզբանե բժշկական կենտրոնը սիրտ-անոթային համակարգի հետ առնչվող պաթոլոգիաների խնդրի լուծման համար նախատեսված բուժկենտրոն էր, որտեղ նախկինում իրականցվում էին միայն սրտի հետ առնչվող տարբեր վիրահատական միջամտություններ` սկսած սնենտավորումից մինչև բաց,  փակ և առիթմոլոգիական վիրահատություններ: Բայց ժամանակի ընթացքում, քանի որ բուժառուների հոսքը օրի օրի սկսեց ավելի շատանալ, և մենք հայտնաբերում էինք նորանոր խնդիրներ, որոնց լուծումը չէինք կարող այդ պայմաններում տալ (օրինակ` անոթային վիրաբուժությունը լուրջ թիմ էր պահանջում, կամ ուղեկցող խնդիրներից երիկամային անբավարարությունը, որը դիալիզի անհրաժեշտություն էր թելադրում և այլ խնդիրներ), մեզ տեղիք տվեցին մտածելու և ընդլայնելու մեր գործունեությունը: Իսկ այսօր ունենք անոթային վիրաբույժների հաջողված թիմ, որը կատարում են ինչպես բաց, այնպես էլ փակ վիրահատական միջամտություններ քնային, ոտքերի, երիկամների զարկերակների վրա նույն ստենտավորման մեթոդով։ Ունենք նյարդավիրաբուժության ծառայություն, որն այսօր կայացման ընթացք է անցնում և շուրջ 1, 5 տարի է, ինչ բավականին հաջողված վիրահատություններ և  բուժման բարեհաջող ելքեր է գրանցում: Ունենք նաև պլաստիկ և միկրովիրաբուժության ծառայություն, որտեղ նույնպես կատարվում են շատ բարդ վիրահատություններ: Գործում է նաև պոլիկլինիկան, որտեղ հիվանդների հոսքն այնպիսին է, որ շենքային պայմանները թույլ չտվեցին, և բուժկենտրոնի մասնաշենքի չափով շենք կառուցվեց մեր բուժառուների հարմարավետության համար` ստեղծելով հետազոտությունների ավելի լայն սպեկտր։ Հիվանդները, որոնք մեզ մոտ վիրահատվում են, օրինակ` ողնաշարի ճողվածքների դեպքում ունեն սիրտ-անոթային համակարգի ծանր ռիսկ, այսինքն` տարել են ինֆարկտներ, սրտի վատ կծկողականություն  և այլն, նրանց պետք պրոֆեսիոնալ թիմ համատեղ աշխատանքի համար: Դա կոչվում է մուլտիդիցիպլինար մոտեցում, երբ տարբեր ոլորտների նեղ մասնագետները կարծիքներով փոխանակվում են և հորդորում` ինչ կետերի վրա  ուշադրությունը սևեռեն։ Այսինքն` մեր կենտրոնում բոլոր նեղ մասնագետները մեկ տեղում են համախմբված, որի արդյունքում բուժառուն է շահում` թե՛ ժամանակի, թե՛ ֆինանսական առումով։

-Եվ որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։

-Հետևեք ձեր առողջությանը, բայց թող փիլիսոփայական չհնչի` թող մարդիկ իրենց հոգևոր առողջությանն էլ հետամուտ լինեն, քանի որ այն նույնպես առողջ լինելու երաշխիք է: Ստելը, հայհոյելը, նախանձն ու  չարախոսությունը իրոք կարող են վնասել ոչ միայն  մեր հոգևոր, այլև ֆիզիկական  առողջությունը։ Հետևաբար, որպես վերջաբան, կասեմ, որ պետք է ապավինել Աստծուն, պետք է մոտենալ այն ակունքներին, որից մենք սերվել ենք: Չէ որ Աստծո խոսքի մեջ էլ նշվում է` մոտեցեք Աստծուն և նա կմոտենա ձեզ։ Առողջ եղեք։

There is no translation available.

Կհորդորեմ մեր հանրությանը սեփական առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից

Վիտրեոռետինալ վիրաբուժությունը ժամանակակից ակնաբուժության ամենահեռանկարային ուղղություններից է։ Հենց այս ուղղությունն է թույլ տալիս լավացնել կամ ամբողջությամբ վերականգնել տեսողությունը այն դեպքում, երբ մինչև վերջերս նման միջամտությունը համարվում էր անհնար։

Մեր զրուցակիցն է Մխիթար Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանի Ակնաբուժության ամբիոնի դասախոս, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրեոռետինալ բաժանմունքի ակնաբույժ Սիրանույշ Մատինյանը։ Բժշկուհին մշտապես դիմակայել է ժամանակների և գիտության մարտահրավերներին՝ շարունակաբար լրացրել ու հարստացրել իր գիտելիքներն ու մարդկային տեսակի ներուժը՝ հատուկ շեշտադրելով արդի բուժմոտեցումները` դրսևորելով  պրոֆեսիոնալիզմը և բժիշկ-բուժառու լավագույն մոտեցումները:

 Իսկ ակնաբուժության ոլորտում իրապես զարմացնում ու նրա մասնագիտական բարձր պատրաստվածությունը մեկտեղվում է  անսահման բարի հոգու, զգայուն սրտի և հավատի հետ առ Աստված` ստեղծելով յուրահատուկ, տարբերվող կերպար:  Իր բազմավաստակ գործելաոճով նա ևս մեկ անգամ ապացուցում է, որ բժշկությունը բիզնես չէ, այն կոչված է փրկել մարդկային կյանքեր, այս դեպքում` աչքեր` բարձրացնելով կյանքի որակը: Բժշկությունը նրա կյանքն է, ամեն փրկված կյանքը` կյանքի իմաստը… 

-Բժշկուհի, կմանրամասնե՞ք, թե ակնային ինչ  պաթոլոգիաներով է զբաղվում ձեր բաժանմունքը։

-Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վիտրեոռետինալ բաժանմունքում զբաղվում եմ ակնահատակի բոլոր պաթոլոգիաների հետազոտմամբ եւ բուժմամբ` տարիքային մակուլյար կամ «դեղին բծի» դեգեներացիայի, որոնք, ցավոք, ամբողջ աշխարհում եւս մեծ տարածում ունեն եւ երկարակեցության հետ պայմանավորված` շատ արդիական է դարձել տարեցների մոտ, երբ  նրանք կորցնում են իրենց տեսողությունը, ինչպես նաեւ աթերոսկլերոտիկ ախտահարումները, կատարակտը, այսինքն` օրգանիզմի ծերացումից բխող խնդիրները։ Ցավոք, հաճախացել են եւ մեծ թիվ են կազմում ցանցենու շերտազատման դեպքերը թե՛ երեխաների, թե՛ դեռահասների շրջանում, որը պատճառահետեւանք է բարդացած կարճատեսության,   դիաբետիկ շերտազատումները, որն ինքնին բավականին ծանր պաթոլոգիա է, հիպերտոնիկ ագիոպաթիաները։ Մեր բաժանմունքում իրականացվում են ակնահատակի ամենաբարդ վիրահատությունները։ Վիտրեոռետինալ վիրահատություն նշանակվում է պրոլիֆերատիվ դիաբետիկ ռետինոպաթիայի, ապակենման մարմնի դեստրուկցիայի, հեմոֆթալմի (արյունազեղում ապակենման մարմնում), հետթրոմբոթիկ պրոլիֆերատիվ ռետինոպաթիայի,  էպիմակուլյար ֆիբրոզի, ապակենման մարմնի ախտահարումների (պղտորում, ոսպնյակի տեղախախտ), մակուլյար պատռվածքների, ցանցաթաղանթի շերտազատման և պատռվածքների, կատարակտաների բարդացած դեպքերում։  Այսինքն` իրականացվում են բարդագույն պաթոլոգիաների բուժում` բուժառուներին վերադարձնելով  աչքի լույսը։ Այդ թվում նաև  տարբեր հետվիրահատական, հետրավմատիկ, կամ այլ ծագման էնդոֆթալմիտների՝ թարախային բորբոքումների բուժմամբ:

-Բժշկուհի, ի՞նչ է կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան, և ո՞ր դեպքում է այն իրականացվում։

-Կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիան պղտորված ոսպնյակի վիրահատական միջամտությամբ հեռացումն է ամենաժամանակակից մեթոդով՝ ուլտրաձայնի միջոցով։ Այսինքն` այն բուժառուների մոտ, ովքեր ունեն կատարակտի վիրահատության անհրաժեշտություն։ Եվ իհարկե ցանկալի է այն իրականացնել ոչ հասուն կատարակտի դեպքում, երբ կարող ենք գրանցել արդյունավետ ցուցանիշներ։

-Ի՞նչ ասել է  արտիֆակիկ աչք։ 

-Արտիֆակիկ աչքը արհեստական ոսպնյակով աչքն է, այսինքն՝ այլ կերպ ասած կատարակտի վիրահատությունից հետո, երբ  տեղադրվում է արհեստական ոսպնյակ, այդ աչքը կոչվում է արտիֆակիկ աչք։

- Իսկ ի՞նչ  է ամետրոպիան։

-Ամետրոպիան ցանկացած ակնային շեղումն է նորմալ ռեֆրակցիայից՝ բեկման ուժից, այսինքն, երբ  աչքը նորմայում հարմարվում է հստակ տեսողությանը տարբեր հեռավորությունների վրա։ Ամետրոպիաների դեպքում առաջանում է շեղում  հստակ տեսնելու հնարավորությունից, եւ դա պայմանավորված է տարբեր պաթոլոգիաներով` կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, որոնք էլ հենց առաջացնում են այդ շեղումները։

-Շաքարային դիաբետը աչքերի ի՞նչ խնդրի կարող է հանգեցնել։

-Շաքարային դիաբետը, ցավոք, օր օրի լայն տարածում է գտնում եւ աննկարագրելի տեմպերով զարգացում ապրում` հետագայում դրանից բխող բարդություններով։ Թերեւս, ամենածանր բարդությունը ակնաբուժության մեջ դիաբետիկ ռեթինոպաթիան է, իսկ դրանից բխող բարդությունները ցանցենու շերտազատումն է, ապակենման մարմնի մեջ արյունազեղումները, նեովասկուլյար գլաուկոման, որոնք թերեւս դասվում են կուրություն բերող ամենամեծ խմբին։ Շաքարային դիաբետի դեպքում ակնագնդի ցանկացած հատված կարող է ախտահարվել` սկսած առաջնային հատվածից եղջերենու ախտահարումով` կատարակտով, ապակենման մարմնում արյունազեղումներով, ցանցենու շերտազատումով: Այսինքն` ամբողջ ակնագունդը շաքարային դիաբետի արդյունքում կարող է ենթարկվել լուրջ ախտահարման։

-Բժշկուհի, ո՞ր դեպքում է ցուցված վիտրեկտոմիան:

Վիտրեոռետինալ վիրաբուժության ամենահաճախ իրականացվող վիրահատություններից է վիտրէկտոմիան, որի ժամանակ ամբողջությամբ հեռացվում է ապակենման մարմինը և առկա պրոլիֆերատիվ մեմբրաները, արյունազեղումները, թարախային էքսուդատը։ Բացի դրանից, իրականացվում է սպիացած հյուսվածքների հեռացում ապակենման մարմնից կամ ցանցաթաղանթի մակերեսից։

Վիտրէկտոմիան՝ ապակենման մարմնի հեռացումը, առաջին անգամ կատարվել է մեր կենտրոնում 1985 թվականին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից։

Սկսած այդ թվականից մինչ այսօր մեր բժիշկները, պարբերաբար վերապատրաստվելով և կատարելագործվելով այս բնագավառում, հաջողությամբ կատարում են վիտրեոռետինալ վիրահատությունները: Վիրահատության մեթոդի ընտրությունը, ինչպես նաև վիրահատական միջամտության ծավալը որոշվում է՝ նախապես իրականացված հետազոտությունների, պաթոլոգիայի բարդության և բուժող բժշկի կարծիքի հիման վրա։

Վիտրեկտրոմիան կիրառելի է վերը նշված պաթոլոգիաների բուժման դեպքում, դիաբետիկ, հիպերտոնիկ ռեթինոպաթիայի, ապակենման մարմնի մեջ արյունազեղումների, ցանցենու շերտազատման դեպքերում, որը բացառապես շտկվում է վիտրեկտրոմիայի միջոցով, տարբեր տեսակի ապակենման մարմնի փոխարինիչների ժամանակավոր կիրառումով, որոնք թույլ են տալիս շտկել ցանցենու ճշգրիտ անատոմիական դիրքը եւ հնարավորինս վերականգնել կորցրած տեսողությունը։

-Բժշկուհի, արդյո՞ք բուժելի է  կուրությունը:

-Նայած թե  ինչ աստիճանի կուրություն է, եթե աչքն ընդհանրապես կորցրել է լույս տեսնելու ունակությունը, ցավոք, այն բուժման ենթակա չէ։ Իհարկե արդի նորարական բուժմոտեցումների մեջ կիրառելի են իմպլանտներ, որոնք կարող են վերականգնել որոշ չափով տեսողությունը: Մեր երկրում նման վիրահատություններ, ցավոք,  առայժմ չեն իրականացվում, բայց հուսանք` մոտ ապագայում նման բուժառուների համար էլ մեր երկրում կունենանք հնարավորություն իրականացնել նման վիրահատություններ։

-Կոնտակտային լինզա՞, թե՞ ակնոց։ Ո՞րն է ավելի արդյունավետ:

-Իրականում ցանկացած կոնտակտային լինզա կրող անձ պետք է կրի նաեւ ակնոց, քանզի կան դեպքեր, երբ ուղղակի վերջինների կիրառումը չի թույլատրվում մի շարք բորբոքային հիվանդությունների դեպքում։ Երկուսն էլ բավականին մեծ կիրառություն ունեն, երկուսն էլ ունեն իրենց առավելությունները, բայց ինչ-որ տեղ նաեւ դա պայմանավորված է տվյալ անձի մասնագիտական գործունեությամբ եւ նախասիրություններով։ Թերեւս, երկուսն էլ առանձին խնամք են պահանջում։

-Իսկ  մեր ժամանակներում  աչքի  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։ Ըստ Ձեր աշխատանքային փորձի` որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։

-Գրեթե բոլոր ակնային հիվանդությունները երիտասարդացում են ապրել։ Եթե հիվանդություններ կային, որ կհանդիպեին ավելի մեծ տարիքում, այսօր երիտասարդացում են ապրել։ Իսկապես, երբ վերհիշում եմ որպես սկսնակ ակնաբույժ իմ երիտասարդ տարիները,   կան հիվանդություններ, որ շատ հազվադեպ էին հանդիպում։ Իսկ այսօր բավականին մեծ թիվ են կազմում դրանք, իհարկե միանշանակ դա պայմանավորված է թե՛ էկոլոգիայի փոփոխություններով, թե՛ արդի գաջեթների, սմարտֆոնների լայն կիրառությամբ, թե՛ մաքուր օդ շնչելուն ավելի քիչ ժամանակ տրամադրելու հանգամանքով եւ մի շարք այլ պատճառներով, սխալ տեսողական հիգիենայով։

-Հասցնո՞ւմ եք արդյոք մասնակցել վերապատրաստումների` Ձեր գերլարված աշխատանքային գրաֆիկին զուգահեռ։

-Իհարկե փորձում ենք հետ չմնալ նորարարությունների զարկերակից, քանզի բժշկությունը այնպիսի արագությամբ է զարգանում, որ եթե հետ մնաս այդ ընթացքից, որպես մասնագետ կարող ես զիջել դիրքերդ եւ դոփել տեղում։ Ուստի, անպայման պետք է ժամանակ գտնել վերապատրաստումների համար, քանզի այն շատ կարեւոր է մասնագետի առաջխաղացման համար։ Նման վերապատրաստումները մեզ տալիս են փորձի փոխանակում արտերկրի կոլեգաների հետ, քանզի իրենց մոտ բավականին արագ է զարգանում բժշկությունը։

-Տեղյակ ենք, որ դասախոսում եք Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։ Շփվելով երիտասարդ կադրերի հետ`ինչպե՞ս եք պատկերացնում մեր ապագա ակնաբուժությունը:

-Հուրախություն մեզ` այսօր ունենք բավականին խոստումնալից երիտասարդություն, որոնք բավականին զարգացած են, ձգտող, պրպտող, եւ լիահույս եմ, որ մեր ակնաբուժության ապագան հուսալի ձեռքերում է, հատկապես, որ այսօր իրենք ավելի մեծ հնարավորություն ունեն ինքակրթվելու, քան մեր ուսանելու տարիներին էին։  Անկեղծանալով կցանկանայի ասել, որ  շատ սիրում եմ մեր ուսանողներին: Իհարկե, տարիների ընթացքում եղել են տարբեր տեսակի ուսանողներ, ինչու չէ, նաեւ միջին մակարդակի գիտելիքներով, բայց Բժշկական համալսարանի ներկա կրթական ծրագիրը բավականին հագեցած է,  լեցուն եւ նաեւ պահանջկոտ։ Ուստի, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ուսանելը այդքան էլ դյուրին չէ, այսինքն` եթե պատրաստված չլինեն, չունենան համապատասխան գիտելիքներ, համառություն, համբերություն` առանց ընկճվելու առաջ գնալու, եւ պրպտող միտք, դժվար կլինի ուսանելը։ Բայց,  փառք Աստծո, այսօրվա  ուսանողների մեծ մասը մեր ապագա բժշկությունն ավելի են զարգացնելու։ Ես դրանում վստահ եմ։

- Ի՞նչն է Ձեզ համար ներշնչանքի աղբյուր։

-Ես ինձ լիրաժեք եմ զգում, երբ օգնում եմ մարդկանց,  պետք է լուսավորել ոչ միայն մարդկանց աչքերը, այլեւ սիրտը եւ հոգին, մարդիկ պետք է լուսավոր լինեն իրենց էությամբ ամբողջովին։

-Ըստ Ձեզ` բժշկությունը առաքելություն է, թե՝ կոչում։

-Հատկապես մեր երկրում, կարծում եմ, բժշկությունը առաքելություն է, բայց իհարկե ոչ բոլորին  է ի վերուստ տրված կոչումով բժիշկը լինելը։

-Որպես մեր զրույցի  վերջաբան, խնդրեմ, Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությունը։

-Առաջնահերթ ցանկանում եմ, որ ապրենք խաղաղ երկնքի տակ, քանզի ապահով երկրում մարդիկ հոգեպես  ավելի հանգիստ են, քանի որ բոլոր հիվանդությունների պատճառը մեր նյարդային համակարգի անհանգստությունն է, նաեւ ակնային հիվանդությունների դեպքում է կարեւոր հոգեվիճակը։ Կցանկանայի մեր հասարակությանը կուռ համբերություն, որպեսզի դիմակայի իրեն բախվող ցանկացած հիվանդությանը։ Ժամանակին բժշկի չդիմելու պատճառները բավականին խորն են, մենք լավ գիտակցում ենք, որ սոցիալական կարգավիճակը առաջին տեղում է` ուշացման դեպքերի առումով, ծայրահեղ վիճակում են  դիմում բժշկի օգնությանը, երբեմն` ստիպված, բայց ցավոք սրտի, արդեն շատ ուշացած։ Շատ կցանկանայի, որ մեր երկիրը իր զարգացման մակարդակով երբեւէ չզիջեր եվրոպական առաջատար երկրներին, որտեղ հնարավոր է ամեն ինչը կազմակերպել ժամանակին եւ ամենաբարձր մակարդակով: Մասնագետների առումով մենք ընդհանրապես խնդիր չունենք, ամբողջ խնդիրը ուշ դիմելիության մեջ է։ Կհորդորեմ մեր հանրությանը սեփական առողջությունը առաջնահերթության սկզբունքով վեր դասել բոլոր զբաղմունքներից, հետաքրքրություններից, չխնայել ժամանակային ու նյութական ռեսուրսները՝ հնարավորինս առողջ լինելու և Աստծո պարգևած առողջությունը պահպանելու ու վայելելու համար: Հուշեմ նաև միջոցը՝ մի փոքր, բայց կարևոր մասնագիտական հիշեցմամբ. յուրաքանչյուր հիվանդության կանխարգելումը անհամեմատ ավելի դյուրին է ու արդյունավետ, եթե մարդը առողջության ինչ-ինչ խաթարումներ նկատելու դեպքում, առանց տարակուսելու, իր մոտ ծագած խնդիրները շրջապատի հետ քննարկելու և այլոց խնդիրների հետ համեմատելու փոխարեն, պարզապես թակի բժշկի դուռը: Պարզ, հասկանալի իրողություն է՝ վաղ փուլերում ախտորոշված հիվանդությունը ճնշող մեծամասնությամբ հաղթահարելի է: Պետք չէ խնայել առողջության հաշվին, քանի որ շատ հաճախ կարող են լինել անդառնալի հետևանքներ, որոնք կարող են ավերիչ լինել ոչ միայն մարմնապես, այլև` հոգեպես:

Առողջ եղեք։

23 сен

Ելենա Մալայան

Written by
There is no translation available.

Ելենա Մալայան, ում շնորհիվ այսօր  Հայաստանում էքսիմեր լազերային վիրաբուժության ոլորտը կայացել ու զարգանում է

Այսօր Հայաստանն այն երկրներից է, որը կարող է հպարտանալ աչքի հիվանդությունների բուժման մեջ գրանցած մեծ և խոստումնալից ձեռքբերումներով:

Բոլորիս հայտնի Սերգեյ Վարդանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կազմավորվել է դեռևս 1978 թ.-ին՝  կլինիկայի ղեկավար Սերգեյ Մալայանի և նրա որդի Ալեքսանդր Սերգեյի Մալայանի անմիջական նախաձեռնությամբ: Ներկայումս այն բազմապրոֆիլ ակնաբուժական ամենամեծ կենտրոնն է` հագեցած գերժամանակակից սարքավորումներով, որտեղ իրականացվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան  վիրահատական միջամտություններ:

 Կենտրոնը միջազգային գիտական կոնֆերասներում բազմիցս ներկայացրել է կլինիկայի ձեռքբերումները և փորձը՝ բարձր պահելով հայ ակնաբույժների համբավը:

Կենտրոնի նվիրյալ մասնագետների մեծ մասը վերապատրաստվել է աշխարհի առաջատար երկրներում, իրականացրել բարդագույն միջամտություններ` մարդկանց վերադարձնելով ամենաթանկը` աչքի լույսը:

Այդ նվիրյալներից է նաև մեր զրուցակից Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը, ով առաջինն է Հայաստանում  իրականացրել էքսիմեր լազերային վիրահատություններ և մինչ օրս մեծ նվիրումով շարունակում է իր  գործը, բժշկուհի, ում ավանդը և նվիրումը ահռելի է Հայաստանում այդ ոլորտի կայացման և զարգացման գործում:

Նրա երկար  տարիների նվիրյալ աշխատանքն իսկապես արժանի է մեծ գնահատանքի: Նրա բազմամյա վաստակը ու ջանասիրությունը  ակնաբուժության մեջ  օրինակ է շատ-շատերի համար:

Ելենա Մալայանը այն ակնաբույժներից է, որի գործունեության շնորհիվ Հայաստանի ակնաբուժության անունն իր ուրույն ներկայությունն ունի աշխարհի տարբեր անկյուններում։ Կին, որի կենսագրության յուրաքանչյուր էջում նվաճում է արձանագրված: Երբ կոչումն ու նվիրումը միաձուլված են, գրվում է ուրույն կենսագրություն, որն իր բարերար և նշանակալից հետքն է թողնում բժշկագիտության մեջ: Նրա շնորհիվ  տեղայնացվեց միջազգային փորձը, և  այսօր հարյուրավոր անհատներ գտնում են առողջացման ճանապարհը:​                                                                                                                                         

 -Բժշկուհի, Մալայան գերդաստանի անունը վաղուց արդեն Հայաստանում ակնաբուժության մեջ գրանցված հաղթանակների, կյանքի որակն ապահովող նորարարությունների հետ է կապված։ Կխոսե՞ք մինչ օրս Ձեր անցած ուղու մասին։   Տեղյակ ենք, որ առաջինն էիք  Հայաստանում  էքսիմեր լազերային վիրաբուժության ոլորտում։ Կմանրամասնե՞ք, թե ինչ ճանապարհ պահանջվեց այդ մեթոդի ներդրման համար։

-Անհամեստություն թող չթվա, այո՛, Մալայան գերդաստանի ավանդը և նվիրումը հայկական ակնաբուժության մեջ անուրանալի է:

Նշեմ, որ Սերգեյ Վարդանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը կազմավորվել է  պապիկիս՝ Սերգեյ Վարդանի Մալայանի և հայրիկիս՝ Ալեքսանդր Սերգեյի Մալայանի անմիջական նախաձեռնությամբ: 

Ս. Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ստեղծման հիմքում Սերգեյ Մալայանի գաղափարն էր, որ Հայաստանում պետք է լինի մեծ մասնագիտացված ակնաբուժական կենտրոն, և այդ գաղափարի իրագործման մեջ մեծ ներդրում է ունեցել այդ տարիների ՀՀ առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանը, որն այդ գաղափարը մեծ խանդավառությամբ է ընդունել,  և իրենց միահամուռ ուժերով ստեղծվել է Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը։

Ավաղ, պապիկս կարճ ժամանակահատված` մոտավորապես 5-6 ամիս աշխատեց կլինիկայում, ով մահացավ բավականին երիտասարդ տարիքում, և հայրս շարունակեց նրա գործը։ Հավելեմ, որ արդի ակնաբուժության, հատկապես` միկրովիրաբուժության,  հիմնադիրը  եղել է Ալեքսանդր Մալայանը, և այդ տարիներին ահռելի թվով վիրահատություններ են կատարվել կենտրոնում, որոնք մինչ այդ չէին կատարվում մեր երկրում, և մարդիկ ստիպված արտերկրում էին  վիրահատվում։ Իսկ ինչ վերաբերում է մինչ օրս  իմ անցած ուղուն, միանշանակ դժվար և պատասխանատու էր այդ գործը շարունակելը` պահպանելով ու զարգացնելով արդեն ստեղծվածը: Բայց իմ ճանապարհը մի փոքր այլ կերպ ընթացավ. 2001 թվականին, երբ ավարտեցի ակնաբուժության օրդինատուրան, այդ տարիներին Ավագյան բժշկական կենտրոնում ներդրվեց էքսիմեր լազերային սարքը, երևի թե, միակն էր ակնաբուժության մեջ, որ Հայաստանում չէր իրականացվում,  և հայրս շատ պնդեց, որ ես գնամ այդ ուղղությամբ: Ես ընտրեցի այդ ուղին` գիտակցելով, որ դժվարին ճանապարհ պիտի անցնեմ:  Ամեն դեպքում ընտրեցի այդ նեղ մասնագիտացումը, և փառք Աստծո, մինչ օրս  չեմ երկմտել իմ ընտրության մեջ և շնորհակալ եմ հորս այդ ուղղորդման համար:  Առաջին անգամ Հայաստանում ես կատարեցի այդ վիրահատությունը, որը լայն տարածում ստացավ:  Իհարկե  դժվար էր այդ վիրահատության նոր մեթոդը կիրառելի ու ընդունելի դարձնելը, քանզի հիմնականում երիտասարդ մասնագետներ էին վիրահատական միջամտության մեջ ներգրավվում, և շատ ժամանակ, այո, իմ երիտասարդ լինելու փաստը  այդ վիրահատության  հանդեպ  անվստահություն էր ստեղծում, և ձգտում էին արտերկրում իրականացնել այն։  Դժվար էր ինձ համար այդ ճանապարհն անցնելը, և շատ կարևոր է կլինիկայի բուժանձնակազմի աջակցությունն ինձ, և այսօր այդ մեթոդի ճանաչելիության համար մեծ ավանդ ունի Ս. Մալյանի անվան ակնաբուժական կենտրոնը։ 2006 թվականին Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ձեռք բերեց առաջին լազերային սարքը, և ես իմ աշխատանքային գործունեությունը շարունակեցի միայն այս կենտրոնում։ Լազերային վիրաբուժությունը, չեմ կարող ասել, բարդագույն վիրաբուժության տեսակ է, քանի որ  դրա մեջ շատ մեծ տեղ ունի տեխնիկական նորարական սարքավորումների հագեցվածությունը, ինչպես նաև նոր մեթոդների ներդրումը: 4-5 տարին մեկ թարմացվում են սարքավորումները: Կան նոր մոտեցումներ  լազերային վիրահատության մեջ. այսինքն, եթե տարիներ առաջ, երբ չէինք կարող վիրահատել բարձր կարճատեսություն և հեռատեսություն ունեցող բուժառուների բարդացած տեսակները, այսօր, ի ուրախություն մեզ,  արդի տեխնիկական հագեցվածության շնորհիվ դա հնարավոր է իրագործել։ Բնականաբար պետք է բժիշկը տիրապետի նորարական բուժմոտեցումներին և մեթոդներին` մշտապես լինելով նորարարությունների զարկերակին` մասնակցելով  կոնֆերանսներին և վերապատրաստման դասընթացներին։ Այսօր կիրառության մեջ են լազերային վիրահատության միջոցով շտկման 3 տեսակ, և  շատ հազվադեպ են հանդիպում դեպքեր, երբ  մերժում ենք և հակացուցում  բուժառուներին վիրահատել: Դա լինում է այն դեպքերում, երբ  ուղեկցվող այլ խնդիր է առկա աչքում։ Մեր հնարավորություններն այսօր բավականին ծավալուն են: Տարիների ընթացքում հասկացա, որ ես ինձ ավելի լիրաժեք եմ զգում  էքստրիմ էքսիմեր լազերային վիրաբուժության մեջ` կատարելով կերակոտունուսի բոլոր տեսակների վիրահատական բուժում, ինչն առկա է արդի ակնաբուժության մեջ: Նաև  իրականացնում եմ  բարդագույն փոխպատվաստումներ:

-Բժշկուհի, կխնդրենք խոսեք լազերային կորեկցիայի ցուցումների և հակացուցումների մասին։

- Որպես առաջին ցուցում, դա իհարկե բուժառուի ցանկությունն է ազատվել ակնոց կրելուց, այսինքն` չկա մոտեցում, որ ցածր կարճատեսության դեպքում պետք չէ վիրահատվել, բարձրի դեպքում պետք է։ Նույնիսկ փոքր կարճատեսության դեպքում, եթե մարդը չի ուզում նույնիսկ -1 ակնոց կրել, մենք կարող ենք վիրահատել, եթե իհարկե չկա հակացուցում, այսինքն` այդ նպատակով առաջին քայլը, որը պետք է բուժառուն անի, անցնի հետազոտություններ, և եթե արդյունքում չկա հակացուցում, ապա կարելի է վիրահատել ցանկացած աստիճանի կարճատեսության և հեռատեսության դեպքում։

-Ո՞րն է լազերային կորեկցիայի ամենաօպտիմալ տարիքը։

- Վիրահատության ամենաօպտիմալ տարիքային շեմը հիմնականում 18-50 տարեկանն է, իհարկե կարող են լինել բացառություններ։ Տարիքային շեմը պայմանավորված է նրանով, որ 18-19 տարիքում արդեն գրեթե հիմնականում աճող չի լինում խնդիրը, եթե ավելի երիտասարդ տարիքում հատկապես կարճատեսությունը աճելու միտում ունի, իհարկե ցանկալի է սպասել մի քիչ դադարի, նոր դիմել վիրահատական միջամտության, իսկ վերին շեմը պայմանավորված է նրանով, որ ակնաբուժության զարգացման հետ մեկտեղ այսօր կա նաև բավականին արդյունավետ մեթոդ ոսպնյակը փոխելու համար, այսինքն ռեֆրակցիոն կատարակտի  վիրահատություն, որն արվում է հենց այն նպատակով, որպեսզի բուժառուն չկրի ակնոց` ոչ մոտիկ և ոչ հեռու հեռավորության համար։

-Ի՞նչ է  Lastik միջամտությունը, և ո՞ր դեպքում է այն ցուցված։

-Lastik միջամտությունը վերը նշված այդ 3 մեթոդներից մեկն է, և երևի թե` ամենակիրառելին, քանզի այն ունի բարձր ակտիվություն և հետվիրահատական արագ ապաքինում. բուժառուն կարող է վիրահատությունից  մի քանի ժամ հետո կամ մեկ  օր անց  վերադառնալ իր առօրյա կյանքին, առանց ինչ-որ սահմանափակումների։ Ցուցումներից մեկը 4-5 աստիճանից բարձր կարճատեսության դեպքն է, բայց հաճախ  բուժառուի ցանկության հետ է կապված, երբ ցանկանում են արագ ապաքինում կամ պատրաստվում են երկրից մեկնել։ Ունենք շատ բուժառուներ նաև արտերկրից , ովքեր ցանկանում են մեզ մոտ վիրահատվել։

-Տեղյակ ենք, որ մի շարք գիտական հոդվածների հեղինակ եք: Ի՞նչ թեմաներ են դրանք ընդգրկում։

-Գիտական հոդվածները ուղղված են լազերային վիրահատություններին, կերատոկոնուսի բուժմանը, հիմնականում մշակում ենք մեր իրականացրած գործունեությունը և մեզ համար էլ շատ բաներ ենք տեսնում` ամենօրյա աշխատանքը վերլուծելով վերանայում ենք, թե ինչ արդյունքներ ենք ունեցել` դրական և, ցավոք, հնարավոր է ոչ դրական դեպքերով: Եվ այդ ամբողջն ամփոփելով` դրանք ներկայացվում են հոդվածների և զեկուցումների տեսքով:

-Ի՞նչ է քրոսսլինքինգ միջամտությունը, և ինչ տեսակներ կան։

 -Այն այսօր համարվում է ոսկե ստանդարտ կերակոտունուսը բուժելու և հետագա բարդացումները կանխարգելելու  համար։ Այն վիրահատության տեսակ չէ, այլ ֆիզոթերապիայի նման միջոց է, և կրկին բավականին մեծ քայլ է ակնաբուժության մեջ, քանի որ կերատոկոնուսը բավականին լայն տարածում ունի Հայաստանում և հաճախ  երիտասարդ տարիքային շեմում է ի հայտ գալիս։ Նպատակը կերատոկոնուսի զարգացումը կանխելն է, հակառակ դեպքում հիվանդությունը  շատ հաճախ ունենում է բավականին ագրեսիվ ընթացք, և ի վերջո, արդեն ծայրահեղ փուլերում ստիպված ենք լինում կատարել բավականին լուրջ վիրահատություն` փոխպատվաստում, իհարկե ցանկալի չէ, որ հասնի դրան, և դրա դեմ առաջին քայլը քրոսլինքինգն է։ Այն իրենից ներկայացնում է բավականին պարզ միջամտություն` կաթիլի կիրառում և եղջերաթաղանթի ուլտրամանուշակագույն ճառագայթով մշակում,  որպեսզի եղջերաթաղանթը կարծրանա, քանի որ կերակոտոնուսի ժամանակ եղջերաթաղանթը, կոպիտ ասած, մաշվում է, բարակում և թուլանում` փոխելով իր անատոմիական կառուցվածքը, դառնալով կոնաձև: Եվ այդ բուժառուները արդյունքում շատ դժվարությամբ են հարմարվում ակնոցի և լինզայի կրմանը, որոնք բուժում չեն կարող համարվել, քանի որ եղջերաթաղանթը շարունակվում է ենթարկվել փոփոխությունների։ Բավականին արդյունավետ բուժմոտեցում է, և կարող եմ հավելել, որ 2010-2011թթ. սկսած այն կիրառության մեջ է մտնել Հայաստանում, և գրեթե չի եղել դեպք, որ դրա արդյունավետությունը չտեսնենք: Այսինքն, շատ դեպքերում  արձանագրվում են դրական փոփոխություններ` թե՛ հիվանդության աստիճանի և թե՛ տեսողության տեսանկյունից: Երևի թե, 1-2 դեպք է եղել, որ ստիպված դիմել ենք փոխպատվաստման օգնությանը, այն էլ` ծայրահեղ դեպքերում` չիմանալով արդյունավետ կլինի, թե՝ ոչ։

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը, մեր ընթերցողներին:

 -Մեր երկրին առաջնահերթ խաղաղություն եմ մաղթում  և ապահովություն, որից կախված շատ հարցեր արդեն իրենց ուրվագիծը կունենան։ Առողջ լինելու առումով, բոլորին կհորդորեի տարին գոնե մեկ անգամ հետազոտություն անցնել` նույնիսկ գանգատների բացակայության դեպքում, քանզի հիվանդության՝ վաղ փուլերում հայտնաբերումը, բնականաբար, ավելի կհեշտացնի խնդրի կանխարգելումը: Պետք է վստահել և հավատով լցվել  բժիշկների հանդեպ, քանզի դա  բուժման հաջողության գրավականն է։ Հարգալից լինել մեկը մյուսի հանդեպ, բժիշկ-բուժառու հարաբերակցության մեջ պահպանվեն էթիկայի կանոնները։ Իրականում, երբ  շփումը չի ստացվում, մոտեցման սահմանները չեն գտնվում,  ինչքան էլ բուժառուն գիտակցի, որ բուժող բժիշկը իր ոլորտում բավականին փորձառու է, մեծ համբավ ունի և հարգանքի արժանի բժիշկ է, վստահ եղեք,  բուժման դրական ընթացք չի կարող ստացվել։ Ցանկությունս մեկն է, որ  հայ ազգը ապրի և արարի իր երկրում, իրենք իրենց հետ ներդաշնակ լինեն, քանզի երբ հոգին հանգիստ է,  դրականով լեցուն , ցանկացած խնդիր հաղթահարելի է: Առողջ եղե՛ք։

          

There is no translation available.

Պետք է ամեն ոք զբաղվի իր մասնագիտությամբ, ամեն ոք լինի իր տեղում

Մանկական վիրաբուժությունը առողջապահության չափազանց կարևոր ուղղություններից է, որը միավորում է մանկաբուժությունն ու վիրաբուժությունը: Բժիշկ դառնալու ամենակարևոր պայմանը ընտրած մասնագիտությունը անսահմանորեն սիրելն է, նաև մասնագիտական գիտելիքները և փորձը խորացնելու համար ջանք ու եռանդ չխնայելը: Կան եզակի անհատներ, որոնք առանձնանում են իրենց գործին նվիրվածությամբ ու անսահման համեստությամբ: Նրանք իրենց գործն ազդարարողներից չեն, այլ լուռ ու անաղմուկ տրվում են աշխատանքին եւ անտրտունջ նվիրվում։ Հենց այդ նվիրայլներից է մեր զրուցակիցը` մանկական վիրաբույժ, ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի կոնքի խոռոչի օրգանների գործառույթի խանգարման ծառայության ղեկավար ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԸ։ Բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ անցնելով` նա կարողացավ ունենալ իր ուրույն ձեռագիրը մանկական վիրաբուժության մեջ՝ գործունեության մեջ կարևորելով աշխատասիրությունն ու նվիրվածությունը: Երբ մանկան ու ծնողի հետ բժիշկն անցնում է բուժման դժվարին ուղի, ակամայից հետաքրքիր կապ է ստեղծվում նրանց միջև, որը պահպանվում նաև հետագայում, և ծնողները շնորհակալ են լինում իրենց երեխային առողջություն պարգևած նվիրյալ բժշկին: Մարդիկ երախտագիտությամբ են պատմում մեծատառով մարդու ու իրենց մանուկների կյանքը փրկելու հրաշագործության մասին։

-ԲԺԻՇԿ, ԸՍՏ ՁԵԶ, ԱՐԴՅՈ՞Ք ԶԱՐԳԱՑԱԾ Է ՄԱՆԿԱԿԱՆ ՈՒՐՈԼՈԳԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ:

-Այո, միանշանակ կարող եմ ասել, որ բավականին զարգացած է, ըստ իս` տարածաշրջանում ամենազարգացածը: Մենք մեծ կապեր ունենք և՛ եվրոպական, և՛ ամերիկյան մանկական լավագույն մասնագետների հետ. իրենք են ժամանում մեր երկիր` մեզ հետ վիրահատություն կատարում և խորհրդատվություններ իրականացնում, մենք ենք վերապատրաստումներ անցնում իրենց մոտ, այսպիսով` հետ չենք մնում աշխարհի լավագույն մանկական ուրոլոգիական կլինիկաներից։

-ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՇՏԱՊ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՂ ԱՄԵՆԻՑ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:

-Առաջնահերթ կնշեի ամորձու պաթոլոգիաները, այնուհետև` տրավմաները և քարերը։

 -Ո՞Ր ՏԱՐԻՔՈՒՄ Է ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՒՅՐ ԱՂԻՔԻ ԲՈՐԲՈՔՈՒՄԸ, ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԱՊԵՆԴԻՑԻՏԻ ՆԱԽԱՆՇԱՆՆԵՐԸ։                          

-Կույր աղիքի բորբոքումը պրակտիկորեն հանդիպում է բոլոր տարիքներում, բայց 1-3 տարեկանում ծայրահեղ հազվադեպ է հանդիպում, 3 տարեկանից սկսած` հաճախականության աստիճանն ավելանում է, առավելագույն հաճախադեպությունը 8-13 տարեկանում է հանդիպում, եթե վերցնենք 0-100 տարեկան տարիքային շեմը։ Ախտանշաններն են՝ որովայնում ցավ, սրտխառնոց, փսխում, ջերմաստիճանի բարձրացում։

-ՄԻԶԱՊԱՐԿԱԱՂԻՔԱՅԻՆ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱ: Ի՞ՆՉ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐՈՎ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ։

-Հիմնականում ախտանիշը անմիզապահությունն է կամ միզարձակման հետ կապված այլ գանգատները` հաճախականություն, դժվար միզարձակություն, ուշացումներով միզարձակություն և այլն։ Երկրորդը, ըստ գանգատների հանդիպման հաճախանության, աղիների ուշացումներով գործելն է, կամ դժվար գործելը` փորացավերի արտահայտմամբ։ Եթե նախկինում դրանք առանձին հանդիպող հիվանդություններն էին համարվում, ապա այսօր այն համարվում է մեկ հիվանդություն, դրա համար կոչվում է միզապարկաաղիքային դիսֆունկցիա։ Խնդիրն այն է, որ աղիների պերեստաստիկան և միզապարկի աշխատանքը երկուստեք խանգարվում են, երկուսն էլ միաժամանակ իրենց գործառույթը նորմալ չեն կատարում։ 2017 թվականից միավորեցին այդ երկուսը որպես մեկ հիվանդություն։ Բավականին հաճախակի հանդիպող պաթոլոգիա է ամբողջ աշխարհում։ Բուժման ընթացքը իհարկե սկսում ենք հետազոտություններով, բավականին հեշտ հայտնաբերվում է, սկսում ենք աղիների կարգավորումից, այդ ֆոնի վրա զուգահեռ հետևում ենք միզապարկի գործառույթին։ Միզապարկը շատերի մոտ սկսում է աստիճանաբար կարգավորվել, երբեմն անհրաժեշտություն է լինում նաև միզապարկը բուժել։

-Ի՞ՆՉ Է ՀԻԴՐՈՆԵՖՐՈԶԸ։

-Հիդրոնեֆրոզը երիկամի բաժակավազանային համակարգի լայնացումն է` պաներխիմայի վնասումով, որը շատ անգամ բերում երիկամի ֆունկցիայի կորստի։

-Ի՞ՆՉ Է ՊԵՏՔ ԻՄԱՆԱԼ ՕԲՍՏՐՈՒԿՏԻՎ ՈՒՐՈՊԱՏԻԱՅԻ ՄԱՍԻՆ:

-Այդ հասկացությունը` որպես այդպիսին, այնքան էլ կիրառելի չէ։ Այն ընդհանրական հասկացությունն է, որի ժամանակ մեզի հոսքի ճանապարհին ինչ-որ տեղ խոչընդոտ կա։ Ավելի հաճախ լինում է կամ երիկամի ավազանից դեպի միզածորան անցող կամ միզածորանից միզապարկ անցնող տեղերում, երբեմն էլ` միզապարկից ներքև։

-Ի՞ՆՉ Է ՍԹՐԵՍԱՅԻՆ ԱՆՄԻԶԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ:

-Սթրեսային անմիզապահությւոնը մանկական տարիքում չի հանդիպում, հանդիպում է տարեց, հիմնականում մի քանի ծննդաբերություն ունեցած, կտրուկ նիհարած, արգանդի իջեցումներ ունեցող կանանց շրջանում: Պատճառը միզապարկի վզիկի իջեցումն է կոնքի ստոծանուց ցած: Ախտանշանները՝ աստիճաններ բարձրանալիս, հազի, փռշտոցի ժամանակ մեզի ակամա արտահոսքն է:

-ԻՆՉՊԵ՞Ս Է ԶԱՐԳԱՆՈՒՄ ԱՄՈՐՁՈՒ ՀԻՊՈՊԼԱԶԻԱՆ:

-Ամորձու հիպոպլազիան, եթե սկզբից տարբերակենք` վերցնելով փոքր ամորձի տերմինը, ի սկզբանե կարող է լինել թերզարգացած ամորձի, որն էլ հենց հիպոպլազիա ասվածն է: Այլ դեպքում տեղի է ունենում ամորձու երկրորդային աստիճանաբար ատրոֆիա, որի խանգարման հետևանքով այն չափերով փոքրանում էր, սնուցումը վատանում։ Հիպոպլազիան առաջին տարբերակն այն է, երբ բնածին թերզարգացած է ձվիկը։ Փոքր տարիքում ոչ մի արտահայտման ձև չունի, միայն տարբերակվում է ձվիկի փոքր չափերով։ Իսկ սեռահասունացման տարիքից հետո, երբ որ ամորձին պետք է իր ֆունկցիան արդեն կատարի, էնդոկրին ֆունկցիան սովորաբար առանձնապես տուժած չի լինում, և ոչ մի բանով չի արտահայտվում, եթե մյուս ամորձին նորմալ է։ Իսկ սերմ արտադրող ֆունկցիան տուժած է լինում` կախված թերզարգացման աստիճանից։ Կան թերզարգացման 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճաններ: 3-րդ աստիճանի դեպքում էնդոկրին ֆունկցիայի խաթարման արդյունքում սերմ չի կարող արտադրել, 2-րդի և 1-ինի ժամանակ արտադրվում է ինչ-որ քանակության և ինչ որ որակի սերմ, որն ամորձու նորմալ աշխատանքի դեպքում որեւիցե ձևով չի արտահայտվում, և երեխա ունենալու խնդիր չեն ունենում։

-ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՄԻԶԱՊԱՐԿԻ ՆՅԱՐԴԵՐԻ ՎՆԱՍՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ։

-Առաջնահերթ կցանկանայի խոսել դրանց պատճառագիտությունից։ Ամենահաճախ մանկական տարիքում լինում է բնածին ողնուղեղային ճողվածքների կամ ախտահարումների ժամանակ, որի հետևանքով ողնուղեղում գտնվող միզարձակման կենտրոնից դեպի միզապարկ ներվավորումը խանգարված է լինում, կամ հենց կենտրոններում է խանգարվում։ Երկրորդը, ըստ հանդիպման հաճախականությամբ, մանկական տարիքում ուռուցքային ախտահարումներն են կոնքի խոռոչի տարբեր օրգաններում, որոնք սեղմվում են նյարդերի վրա կամ վնասում են նյարդերը: Եվ երրորդը` հետվիրահատական կամ միզապարկի վրա ոչ ճիշտ մուտքերով իրականացվող վիրահատություններից հետո առաջացող խնդիրներն են։ Արտահայտվում է միզապարկի աշխատանքի խանգարումներով, որոնք կարող են լինել 27 տարբեր տեսակների և մեծ մասամբ, եթե ոչ 100 տոկոս հավանականությամբ, առաջացնում է երիկամների անբավարարության, հատկապես, երբ ոչինչ չի արվում խնդրի լուծման համար։

-ԱՄՈՐՁՈՒ ՋՐԳՈՂՈՒԹՅՈՒՆ, ԿՄԱՆՐԱՄԱՍՆԵ՞Ք։

-Ամորձու ջրգողությունը ամորձու սեփական թաղանթի արտաքին և ներքին թերթիկների արանքում հեղուկի կուտակումն է, որը լինում է երկու տեսակի` բնածին կամ հաղորդակցվող ջրգողություն, որի ժամանակ կա բաց հաղորդակցություն որովայնի խոռոչի և ամորձու սեփական թաղանթի թերթիկների միջև։ Բնածին զարգացման արատ է, որի պատճառը որովայնամզի բունոցային ելունի օբլիտերացիայի խանգարումն է։ Այդ դեպքում հեղուկը պացիենտի ուղղահայաց դիրքում որովայնի խոռոչից իջնում է փոշտ, և փոշտի չափերը մեծանում են: Պառկած դիրքում հետ է գնում, պակասում։ Մինչև 1-1,5 տարեկանը շանս կա` ելունի փակվելու, և մինչ այդ տարիքային շեմը կուտակված հեղուկը ամորձում չի խանգարում աճին և զարգացմանը, այդ իսկ պատճառով այդ տարիքային շեմում ոչ մի միջամտություն չի կատարվում, 1,5-2 տարեկանում հազվադեպ է փակվում, և 2 տարեկանից հետո այլևս չի փակվում, և մինչև 3 տարեկանը պետք է կատարվի վիրահատական միջամտություն, քանզի 3 տարեկանից սկսած` ջրգողությունն արդեն խանգարում է ամորձու նորմալ աճին և զարգացմանը: 2-րդ տեսակի ջրգողությունը բնածին չի լինում, այն որևիցե հիվանդության հետևանք է, որի արդյունքում ամորձու սեփական թաղանթի թերթիկները սկսում են ավել քանակությամբ հեղուկ արտադրել։ Այդ հեղուկը միշտ ինչ-որ չափով արտադրվում է և ներծծվում, և արտադրման պրոցեսն ավելանում է` հեղուկն աստիճանաբար կուտակվելով թաղանթներում։ Կան հետևյալ հիմնական պատճառները` բորբոքային հիվանդություններ՝ բրուցելոզ, տուբերկուլոզ, երսինյոզ, համակարգային հիվանդություններ՝ ռևմատիզմ, պարբերական հիվանդություն, ուռուցքային ախտահարումներ, և ամենահաճախ հանդիպողը հետտրավմատիկ վնասվածքի հետևանքով և զարգացումով։ Սովորաբար առաջանում է վնասվածքից հետո 1-3 ամսվա ընթացքում։

-ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐԵԼԱՎԵԼ ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՆՑ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ:

-Այո, հնարավոր է բուժել առանց դեղորայքային միջոցների, և այն կա բոլոր փորկապությունների սխեմաների մեջ, որը եթե չի իրականացվում, որևիցե բուժում օգուտ չի տալու։ Երկու հիմնական գործառույթ կա այդ դեպքում, առանց որի, ցանկացած դեղամիջոց օգուտ չի տալու։ Առաջինը դիետան է. երեխան պետք է սննդակարգի մեջ օգտագործի ավելի շատ քանակությամբ բջջանյութ պարունակող սնունդ` բանջարեղեն, կանաչեղեն, մրգեր, և ավելի քիչ օսլա պարունակող սնունդ` կարտոֆիլ, մակարոնեղեն, հաց, բրինձ։ Կաթնաթթվային մթերքը շատ խորհուրդ չի տրվում, կարելի է օգտագործել կամ բանջարեղենի, կամ կանաչեղենի հետ, օրինակ` մածունը վարունգի կամ կանաչեղենի հետ։ Մսամթերքը բուն փորկապության համար ցանկալի չէ, բայց հաշվի առնելով երեխայի զարգացման համար դրա անհրաժեշտությունը, բացառել չենք կարող, բայց պետք է չլինի այնպես, որ երեխան ուտում է միայն միս և վերջ։ Այժմյան դիետոլոգների հիմնական ցուցումը ափսեի կեսերի գաղափարն է, որ ափսեի կեսը պետք է լինի բանջարեղեն կամ կանաչեղեն, մնացյալ կեսի կեսը՝ միս, մյուս 1 քառորդ մասը ածխաջրեր, օսլա պարունակող սնունդ։ Եվ երկրորդ պարտադիր պայմանը, որն անհրաժեշտ է, օրը 2 անգամ` ֆիքսված ժամերի, երեխան պետք է օգտվի զուգարանից` առավոտյան շուտ և քնելուց 2-3 ժամ առաջ, անկախ ցանկությունից, կամ կես ժամ առաջ գնացել է, թե` ոչ: Եվ պետք է գնա առանց իրեն շեղող միջոցների, այսինքն` առանց հեռախոսի, պլանշետի, խաղալիքի, գրքի եւ տետրի: Պետք է ինչ-որ կերպ փորձի աղիները դատարկել։ Վերը նշվածը նշանակություն ունի, բայց ոչ 100 տոկոսով, պետք է ֆիզիկական ակտիվությունը կարգավորել։ Ինչքան օրվա ընթացքում երեխայի ֆիզիկական ակտիվությունը բարձր լինի, այնքան աղիների պերեստաստիկան ակտիվ կլինի, այնքան աղիների գործելը հեշտ կլինի։

-ԻՆՉՊԵ՞Ս Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՒՅԹԱՅԻՆ ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆԸ:

-Սովորույթային փորկապությունն առաջանում է այն դեպքում, երբ երեխան երկար ժամանակ` ամիսներ և տարիներ, ինչ-որ պատճառով զսպում է զուգարանից օգտվելու անհրաժեշտությունը, օրինակ` զզվում է դպրոցի զուգարանից, չի ցանկանում խաղից կտրվել, վախենում է մենակ գնալուց` առանց ծնողների օգնության կամ ինչ-ինչ պատճառներով, բայց ընդամենը մեկ անգամ պահելով որևէ բան չի փոխվում։ Աստիճանաբար ուղիղ աղին սկսում է լայնանալ, աղու պատի մկանները սկսում են թուլանալ, և երբ գալիս է պահը գնալու, նորմալ չի կարողանում դատարկել աղին։ Աղիները գործում են, բայց չեն դատարկվում։ Նման երեխաների ծնողներին երբեմն շատ դժվար է բացատրել, թե ինչու իր երեխան ունի փորկապություն, եթե երեխան օրը երկու անգամ գնում է զուգարան։ Բայց փորկապության համար միջազգային ընդունված բոլոր ուղեցույցներով ամեն օր զուգարան գնալը կամ չգնալը չի մտնում պարտադիր պայմանների մեջ։ Երեխան կարող է օրը մեջ օգտվել զուգարանից, բայց նորմալ դատարկվեն աղիները. դա նորմալ է, բայց կարող է օրը 5 անգամ օգտվել զուգարանից, բայց աղիները չդատարկվեն։ Եթե դատարկվում է, ուրեմն երեխան չունի փորկապություն, եթե լիովին չի դատարկվում, դա արդեն խոսում է փորկապության մասին։

-ՈՐՊԵՍ ՄԵՐ ԶՐՈՒՅՑԻ ՎԵՐՋԱԲԱՆ` ԽՆԴՐԵՄ ՁԵՐ ՄԱՂԹԱՆՔՆ ՈՒ ՀՈՐԴՈՐԸ ՄԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ։

-Հանրությանը կմաղթեմ, որ իրենց հարցերը չլուծեն միայն ինտերնետ պորտալով, հետո նեղ մասնագետներին դիմեն: Գուգլի հարթակից կամ մայրիկների ֆորումներից ստացած ինֆորմացիան շատ հաճախ ոչ մասնագիտական և թերի է լինում։ Եթե ցանկանում եք ստանալ տեղեկատվություն ձեր խնդրի մասին, ստացեք տեղական, եվրոպական և ամերիկյան մասնագիտական ասոցիացիաների կայքէջերից, թեկուզ` հենց նեղ մասնագետների կողմից ինտերնետ հարթակում տեղադրած ինֆորմացիայից, որպեսզի այն լինի ստույգ, մոլորության մեջ չգցի և ավելի բարդացած իրավիճակների չհանգեցնի։ Եվ ոչ միայն բժշկության բնագավառում, մնացյալ ոլորտներում էլ ինֆորմացիա ստանալու համար պետք է դիմել նեղ մասնագետներին, անցանց, առցանց ֆորումների, թե ինչի տեսքով` կապ չունի, բայց միայն ստանան մասնագիտացված կայքէջերից, ոչ թե` հանրության կարծիքից, քանզի ոչ բոլորն են մասնագիտացված տեղեկություններ տարածում` շատերին գցելով թյուրիմացության մեջ։ Պետք է ամեն ոք զբաղվի իր մասնագիտությամբ, ամեն ոք լինի իր տեղում։ Առողջ եղեք։

17 июль

Լիլիթ Ոսկանյան

Written by
There is no translation available.

 Կցանկանամ, որ բժիշկ-բուժառու հարաբերությունը լինի կարեւոր և երկկողմանի 

 21-րդ դարում բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում զարգացող հիվանդությունը կանխարգելելու և բուժելու համար: Սակայն, ինչպես  առողջապահական այլ ոլորտների, այնպես էլ ակնաբուժության մեջ կարևորվում է  բանիմաց  մասնագետներին ժամանակին դիմելը: Ընդհանրապես բուժառուի վստահությունը բժիշկը պետք է նվաճի թե՛ իր պրոֆեսիոնալիզմով, թե՛ շփվելու կարողությամբ, ու եթե բուժառուի և բժշկի միջև ստեղծվում է վստահելի համագործակցություն, առավել հեշտ են լուծվում խնդիրները: 

Մեր զրուցակիցն է բ.գ.թ., դոցենտ, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի վարիչ, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար  ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ։ 

Իհարկե, բժշկի մասնագիտությունը երբեք հեշտ ճանապարհ չի ենթադրում, բայց երբ հաշվարկում ես, թե ինչ ներդրեցիր եւ ինչ ստացար, ինչ ձեռքբերումներ եղան այդ ճանապարհին, համոզվում ես, որ աշխատանքդ եղել է բազմաբովանդակ եւ արդյունավետ: Եվ մեր զրուցակիցը նման երջանիկներից է: Երկար տարիների վաստակ ունեցող և մեծ հեղինակություն վայելող բժշկուհու համար հաջողության գաղտնիքը ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելն է: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում և վազք` ժամանակին համընթաց: 

Մարդկային բարձր առաքինություններով օժտված բժշկուհին վստահ կանգնած է իրեն ապավինած յուրաքանչյուր բուժառուի կողքին։ Ընտրելով  բժշկի դժվարին ու պատասխանատու մասնագիտությունը` երբեք չի զղջացել` մշտապես բարձր դիրքերում պահելով ամենօրյա տքնաջան աշխատանքով ձեռք բերված իր բազմավաստակ փորձառությունը: Եվ իզուր չեն ասում՝ հիվանդի համար բժշկի հոգատար ու մարդկային վերաբերմունքը բուժման կեսն է։

-Բժշկուհի, տեղյակ ենք, որ գլաուկոմա հիվանդությունը համարվում է «տեսողության համր գող»։ Կտարբերակե՞ք, թե որոնք են բաց անկյուն եւ փակ անկյուն գլաուկոմայի տեսակները։ 

-Այո, ինչպես նշեցինք, գլաուկոմա հիվանդությունը համարվում է տեսողության գող, քանի որ ազդում է տեսողական նյարդի վրա։ Ցանկացած տիպի գլաուկոմայի դեպքում տեսողական նյարդը ճնշման տակ է, և  էական չէ` բարձր է ճնշումը, միջին է, երբեմն ցածր է, միեւնույնն է, տվյալ նյարդի համար այդ ճնշումը համարվում է բարձր։ Եվ տեսողությունը վատթարանում է այն պատճառով, որ տեսողական նյարդը աստիճանաբար վնասվում է։ Մարդիկ դա երկար ժամանակ չեն զգում եւ անգամ, երբեմն գալիս են բավականին բարձր տեսողության սրությունով, քանզի բարձր ճնշման տակ հատակի կենտրոնական մասը ժամանակավորապես ավելի ակտիվ է աշխատում։ Հետո տեսողական նյարդը շատ է վնասվում, եւ տեսադաշտի փոփոխությունները բերում են նրան, որ մարդը նկատում է, որոշ մանր փոփոխություններ աստիճանաբար տեսադաշտից կորցնում է։ Իսկ եթե խոսենք բաց անկյուն եւ փակ անկյուն գլաուկոմաներից, դրանք պայմանավորված են, այսպես կոչված, անկյունով։ Այսինքն` ներակնային ճնշումն իր մակարդակը պահում է  շնորհիվ անկյան արտահոսքի։ Աչքի ներսում կա այնպիսի մի հատված, որը կոչվում է աչքի անկյուն. դա արցունքի հետ կապ չունի, այլ ներակնային հեղուկի մասին է խոսքը, եւ այդ հեղուկը անկյունից աստիճանաբար դուրս է գալիս։ Բաց անկյան ժամանակ անատոմիապես անկյունը բաց է. հարց է առաջանում` բա ինչո՞ւ է գլաուկոման զարգանում: Որովհետև, երբ  ասում ենք բաց կամ փակ անկյուն, նկատի ունենք անատոմիական կառուցվածքը: Ըստ կառուցվածքի` բոլոր շերտերը առկա են, եւ արտահոսքը լինում է: Փակ անկյան ժամանակ ոչ բոլոր շերտերն են առկա։ Այդ դեպքում հեղուկն ինքն իրեն, անգամ առողջ անկյունում, արտահոսքի հնարավորություն չունի։ Դրա համար փակ անկյան ժամանակ առաջին հերթին պետք է կատարվի լազերային միջամտություն, որպեսզի բացվի, ուղղվի այս անկյունը: Այն արվում է 40 տարեկանից հետո։ Մինչեւ 40 տարեկանը, իմաստ չունի, քանի որ երիտասարդների գլաուկոման` բաց թե փակ անկյուն, զարգանում լրիվ այլ կերպ։ Փակ անկյան ժամանակ անկյունը լազերով բացելուց հետո հետեւում ենք, որ այս անատոմիապես բաց անկյունն իր գործառույթը կատարի։ Եվ հենց բաց անկյուն գլաուկոման դրանով է տարբերվում, որ այն անատոմիապես բաց է, բայց ֆունկցիոնալ գործունեության տեսակետից` անկյունը թերի է աշխատում՝ խցանված է, նեղացած, չի թողնում, որ անգամ բաց վիճակում հեղուկը լիրաժեք արտահոսք անի, եւ այդ դեպքում բարձրանում է ներակնային ճնշումը: Բաց անկյուն գլաուկոմայի դեպքում կատարվում է մեկ այլ լազերային միջամտություն, միայն այն դեպքում, եթե տեսողական նյարդը լավ վիճակում է եւ թույլ է տալիս այդպիսի միջամտություն։ Եթե տեսողական նյարդը շատ է վնասված, լազերային միջամտությունը կարող է իրենից վտանգ ներկայացնել։ Այդ իսկ պատճառով գլաուկոմայի բաց անկյան ժամանակ, եթե նյարդը դեռ լավն է, կարելի է այդ միջամտությունը: Իսկ եթե նյարդը վնասված է, ցանկացած տիպի գլաուկոմայի դեպքում՝ բաց թե փակ, արդեն մտածում ենք վիրահատության մասին։  Եվ բաց անկյուն գլաուկոմայի տարբերությունն այն է, որ այստեղ հանգիստ կարող ենք կատարել ստենտավորում կամ շունտավորում, այսինքն` անկյունը բաց է, թերի է աշխատում, եւ ստենտով կամ շունտով բացում ենք այդ թերացումները, իսկ փակ անկյուն գլաուկոմայի ժամանակ ստենտավորումը իմաստ չունի, տեղ չկա տեղադրելու, եւ վիրահատելով պետք է արհեստական տեղ ստեղծել։

-Գլաուկոմայի ժամանակ, ովքե՞ր կարող են ռիսկային խմբում գտնվել, եւ արդյո՞ք հիվանդությունը ժառանգական բնույթ կրում է։ 

-Այո, գլաուկոման ինքնին ժառանգական բնույթ է կրում, անգամ` երեխաների մոտ։ Ուղղակիորեն կա գեն, որը պայմանավորված է գլաուկոմայի զարգացմանը ուղղված, եւ ինչ-ինչ սոցիալական պայմանների, նյութափոխանակության խանգարումների պատճառով աչքն էլ դառնում է շատ թիրախային եւ ավելի զգայուն, իսկ ներակնային ճնշումը տվյալ նյարդի համար հանդիսանում է ավելի բարձր։ 

Ռիսկի խմբի մեջ առաջին հերթին մտնում են հեռատեսությամբ տառապողները, աչքեր, որտեղ հիմնականում աչքի անկյունը նեղ եւ փակ է լինում, ինչի համար ասիական երկրների մարդիկ ունեն փակ անկյուն, եւ միշտ լազերը կատարվում է, քանի որ իրենք գենետիկորեն ունեն նեղ աչքեր, աչքի նեղ անկյուն,  որոնց հեշտ է լազերային միջամտություն կատարել։ Կարճատեսությամբ տառապողների մոտ պատկերն այլ է, շատ զգայուն են եւ ռիսկային գոտում են բաց անկյուն գլաուկոմայի ժամանակ։ Թիրախային խմբի մեջ են նաեւ բարձր արյան ճնշում ունեցող հիվանդները, որոնց մոտ արյան ճնշում տատանումներն էլ բերում նրան, որ սնուցումը տեսողական նյարդի շուրջը վնասված է լինում: Ինչպես նաեւ շաքարային դիաբետով եւ խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ, որոնց մոտ անոթային համակարգը կարող է թերանալ, արդյունքում թերի սնուցել տեսողական նյարդը: Բոլոր վերը նշվածները գլաուկոմա հիվանդության թիրախային խմբի մեջ են։ Ինչպես նաեւ այն մարդիկ, որոնք ունեն աչքի տարբեր հիվանդություններ` սկսած կատարակտից ընդհուպ աչքի բորբոքային հիվանդություններ։ Չգտնվելով բժիշկների հսկողության տակ, կամ թեկուզ գտնվում են, բայց պատշաճ չեն կաթեցնում  աչքի կաթիլները, անպայման ի վերջո երկրորդային գլաուկոմա են ունենում։ Այդ իսկ պատճառով էլ բժշկի հսկողության տակ լինելը շատ կարեւոր է, և «տեսողության գող» ասված հիվանդությունը  երբեք չլինի։

- Պոզներ-Շլոսման սինդրոմ (PSS)։ Կմանրամասնե՞ք։

-Այդ սինդրոմը գլաուկոմայի մի խումբ է, որը մինչ օրս տարբեր տեսություններ է ունեցել։ Ժամանակին այն համարվել է բորբոքում։ Այնուհետև համարվել է գլաուկոմա, հետո`  փակ անկյուն, նաև անվանում էին վիրուսային բորբոքում: Արդի տեսլականը այս հիվանդության վերաբերյալ կամ այլ կերպ երբեմն ասում են գլաուկոմա ցիկլիտիկ կրիզ, երբ վիլյար մարմնի՝ թաղանթի մի հյուսվածքի բորբոքման պատճառով ոչ թե ինֆեկցիան է, այլ ուղղակի ինչ-ինչ պատճառներով այն բորբոքվում է եւ սկսում է համեմատաբար ավելի շատ արտադրել առաջնային խցիկի հեղուկ, եւ այս հեղուկը չի հասցնում դուրս գալ, որովհետև անկյունը նեղանում է, և դրա հետեւանքով հետեւից սեղմում է հյուսվածքը, մի կողմից հեղուկն է շատ արտադրվում, մյուս կողմից անկյունը թերանում իր գործառույթը, և սկսում է կուտակվել հեղուկը։ Եվ շատ հաճախ ընթանում է  հենց փակ անկյուն գլաուկոմայի ձեւով։ Ամենադժվարը, երբ մարդը ունենում է անատոմիապես փակ անկյուն` զուգակցված Պոզներ-Շլոսման սինդրոմով, այսինքն` ասեպտիկ ոչ ինֆեկցիոն,  բորբոքման պատճառով ավելորդ հեղուկ է կուտակվում աչքի ներսում եւ բերում կտրուկ ճնշման բարձրացմանը։ Այս տիպի գլաուկոմայի բուժումը ոչ միայն ճնշումը իջեցնելով է, այլ հակաբորբոքայիներ նշանակելով։ Սա ուղղորդվում է ցավերով, ճնշման կտրուկ բարձրացումով: Շատ նման է փակ անկյուն գլաուկոմայի սուր նոպայի, ի տարբերություն նրան, որ այստեղ բիբը չի լայնանում, եւ չենք ունենում ծիածանաթաղանթի շուրջը ատրոֆիկ վնասված օջախներ։

-Գլաուկոմայի պրոգրեսիայի հսկման համար ի՞նչ հետազոտություններ են անհրաժեշտ։

-Ակնաբույժի  ստուգումը, թե տեսողական նյարդը ինչ վիճակում է, նաև ներակնային ճնշման ստուգում` հասկանալու ապագա բուժման ընթացքը` հետեւելով նախկին եւ ներկա  ցուցանիշները։ Պետք է կարգավորել ճնշումը` հասկաալու համար` կա՞ն արդյոք տեսողական նյարդում փոփոխություններ, թե` ոչ։  Այսինքն` գլաուկոմայի ժամանակ լինում է տեսողական նյարդի վնասում։ Ամբողջ մեր հսկողությունը կատարվում է տեսադաշտի վրա, թե ինչ փոփոխություններ են ժամանակի ընթացքում նկատվում տեսադաշտում։ Կան նաեւ օսիթի օկուլյար կոլեհեր տոմոգրաֆիա, որը ցույց է տալիս այս նյարդաթելերի ամենաանտեսանելի հատվածում եղած փոփոխությունները` բարակո՞ւմ են արդյոք նյարդաթելերը, թե` ոչ։ Եվ եթե այդ բարակումը կրում է շարունակական բնույթ, ուրեմն իրականացվող բուժումը թերի է, չպիտի շարունակվի։ Այսինքն` այս հետազոտությունը ցույց է տալիս տեսողական նյարդի վնասումը համակարգչային տեխնիկայի միջոցով։

-Կոմբինացված վիրահատությունների օգնությանը ե՞րբ եք դիմում։

-Այն դեպքում, եթե տեսողական նյարդը արդեն 80 տոկոսով եւ ավելի վնասված է, եւ մենք ստիպված պետք է  կատարենք կատարակտի դեմ միջամտություն, այս դեպքում միայն կատարակտի միջամտությունը իմաստ չունի։ Շատ հաճախ գնում ենք կոմբինացված վիրահատությունների, քանզի կատարակտի միջամտությունը կատարելուց հետո կա, այսպես կոչված, հիպերտենզիֆազա, այսինքն որոշ ժամանակ հետո ճնշումը կարող է բարձրանալ։ Եթե 80 տոկոսով վնասված նյարդի ճնշումը բարձրացավ, անպայման կկորցենք նյարդը։ Այդ իսկ պատճառով հաճախ այդ դեպքերում կատարակտի հետ զուգակցված կատարում ենք գլաուկոմայի համակցված վիրահատություն էֆֆեկտիվ արդյունք ունենալու համար։ Բացի դրանից, կոմբինացված վերահսկողություն կատարում ենք այն դեպքում, եթե բուժառուի մոտ բարձր է ճնշումը, եւ ինչ դեղորայք ընդունվում է, չի իջնում:  Բայց եթե բուժառուն ունի նաեւ կատարակտա, որը խանգարում է իրեն, եւ շատ հաճախ մենք ստիպված ասում ենք, որ եթե նրա ցանկությունն է մեկ անգամ վիրահատարան մտնելով` ստանանք արդյունքը, դիմում ենք կոմբինացված վիրահատության։ Մենք աշխատում ենք հիմա շատ չկատարել կոմբինացված միջամտություններ, քանզի  ներվիրահատական ռիսկը կրկնապատկվում է։ Բայց երբեմն ստիպված ենք լինում` ե՛ւ բուժառուի շահերից ելնելով, ե՛ւ բժշկական տեսակետից։ Նախկինում օրական 4-5 կոմբինացված վիրահատություններ էինք կատարում, այսօրվա մեր ռեժիմի մեջ  30 վիրահատությունների ընթացքում 1 բժշկի կողմից կարող ենք 1-2 կոմբինացված վիրահատություն կատարել։ 

- Հնարավո՞ր է գլաուկոմայի կրկնվելու հավանականությունը վիրահատելուց հետո։ 

-Գլաուկոմայի  վիրահատության իմաստն այն է (ոչ թե շունտավորման, այլ` վիրահատության), որ մենք նոր տեղ ենք ստեղծում, ձեւավորում, որպեսզի կոմպենսացնենք բնությունից արդեն թերացած հատվածը, տեղ ենք ստեղծում, որպեսզի արտահոսքը լիրաժեք տեղի ունենա։ Այս տեղը կարող է ապագայում փակվել, այսինքն` սպիանալ։ Եթե բուժառուն սպիացման հակում ունի, որոշ դեպքերում շատ փոքր տոկոս է կազմում։ Եվ այն դեպքում, երբ փակվում է գլաուկոմայի վիրահատությունից անմիջապես հետո, եթե ճնշումը բարձրանում է, լազերով կտրում ենք կարը եւ 3 տարվա կտրվածքով  կարգավորում ենք ներակնային ճնշման մակարդակը: Բայց 3 տարի հետո կարող է սպիանալ, այս դեպքում էլ ստիպված ենք լինում հատուկ խողովակներ, ապարատներ տեղադրել, որպեսզի սպիացման պրոցեսը կապ չունենա արդյունքի հետ։ 

-Աչքի իմպլանտացիա հասկացություն կա՞ արդյոք ակնաբուժության մեջ։ 

-Աչքի իմպլանտացիա հասկացություն ամբողջ աշխարհում գոյություն չունի։ Սա միֆ է, կա աչքի տարբեր հատվածների իմպլանտացիա, օրինակ` եղջերաթաղանթի, ոսպնյակի, գոյություն ունի կոնկրետ խողովակների ստենտերի իմպլանտացիա, բայց աչքը` որպես այդպիսին, փոխել անհնարին է, քանզի գիտենք, որ աչքը ցանցաթաղանթն է, որը  ուղեղի շարունակություն է դեպի արտաքին աշխարհ։ Քանզի այսօր, երբ գիտությունը դեռևս չի գտել ուղեղի փոխպատվաստում, աչքն էլ փոխպատվաստել անհնար է։
-Գլաուկոմայի լազերային միջամտությամբ բուժման մեջ արդյոք կա՞ն նորարարական մոտեցումներ, որոնց մասին կցանկանայիք խոսել։ 

-Վերը նշեցի` հիմնականը փակ անկյունը բացելն է եւ բաց անկյան վրա աշխատելը։ Համեմատաբար նոր մեթոդ է սելեկտիվ լազերային տրաբեմուլոպլասիկան, որի իմաստն է այնպես աշխատել անկյան վրա, որպեսզի կողքի հարակից հյուսվածքները չվնասենք։  Մենք դեռ մեր կլինիկայում 2012 թվականին իրականացրել ենք այս մեթոդները, բայց այսօր սա ապարատային բուժման օգնությամբ է իրականացվում, որոնք  ավելի լավացնում են տրաբիկուպլասիկայի արդյունքը։ Այսինքն` սարքավորումներն են նոր, բայց միջամտությունը նույն է։ 

- Պերդյուի համալսարանի ամերիկացի գիտնականները կոնտակտային ոսպնյակներ են ստեղծել գլաուկոմայի վաղ ախտորոշման համար, ի՞նչ ոսպնյակներ են դրանք։

-Արդեն բավականին ժամանակ է կան այդ ոսպնյակները, որոնք ինֆորմացիա են հասցնում ներակնային ճնշման մակարդակի եւ ներակնային ճնշման տատանման մասին։ Այսինքն` այդ ոսպնյակը, երբ իմպլանտացվում է աչքի մեջ, տեղադրված չիպը չափում է ներակնային ճնշումը` անկախ կողմնակի ազդեցությունից։ Սա ավելի լավ մեթոդ է գիտական աշխատանքների իրականացման ժամանակ։ Մենք էլ ունենք այսպիսի առաջարկ և շուտով կիրագործենք, որ ոսպնյակը իմպլանտացվի հատուկ սարքով, որը կչափի ներակնային ճնշման մակարդակը օրվա կտրվածքով, որի օգնությամբ բժիշկը կհսկի` արդյո՞ք նորմայում կամ ոչ նորմայի սահմանում է տատանվում ներակնային ճնշումը, որպեսզի ճիշտ համակարգված և ժամանակին բուժումը կատարվի։

- Տեղյակ ենք, որ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի է ունեցել «Ակնաբուժության հեռանկարները. Հայաստանի և Վրաստանի փորձը» խորագրով գիտաժողով։ Կմանրամասնե՞ք։

-Շատ հետաքրքիր կոնֆերանս էր Վրաստանի կոլեգաների հետ համատեղ։ Ընդամենը 8 զեկույց ամեն կողմից, բայց մեկը մյուսից` հագեցած, մեկը մյուսից` շատ հետաքրքիր։ Եվ գլաուկոմայի վերաբերյալ շատ նորանոր տեղեկատվություն եղավ։ Ես միշտ ցիտում եմ ԱՄՆ մեր կոլեգաների ասածը եւ Վրաստանի պատվիրակությունը նույնպես հաստատեց այն, որ Հայաստանի գլաուկոմայով հիվանդները շատ երջանիկ են: Իրականում պարծենում եմ այդ փաստով, քանզի մեր կլինիկայում կատարվում է գլաուկոմայի բուժման ամենավերջինը, նորագույնը, եւ միշտ մեր հսկողության տակ են մեր բուժառուները։ Վրաստանի բժիշկներն էլ փաստեցին մեր կլինիկայի առաջադեմ եւ բարձր մակարդակը, ժամանակին բուժօգնություն ցուցաբերելը, եւ իրենք էլ կիսվեցին իրենց փորձով,  որն էլ մեզ համար էր շատ հետաքրքրական:   Պատրաստվում ենք, որ մեր համագործակցությունը կրի շարունակական բնույթ։ Ամենակարեւորը մեզ մոտ պետք է ուսուցանվեն Վրաստանից ժամանած բժիշկները, եւ այդ պահին արդեն մեկ հոգի ունենք, որ եկել է ուսանելու աչքի տարբեր հիվանդությունների բուժման նորագույն մեթոդները։ Մենք էլ պատրաստվում ենք մի քանի ամիս հետո իրենց այցելել կոնֆերանսի մեր համագործակցության շարունակելու համար։

-Բժշկուհի, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը հուսալի՞ ձեռքերում է:       

- Ինքս Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչն եմ, եւ ինձ համար ուսուցանելը եւ երիտասարդ կադրեր պատրաստելը շատ կարեւոր է։ Կարծում եմ, որ մենք ունենք փայլուն երիտասարդություն, հանգիստ եւ վստահորեն կարող եմ ասել հենց գլաուկոմայի բաժանմունքի մասին, որ երիտասարդ կադրերն արդեն ինքնուրույն սկսում են աստիճանաբար վիրահատություններ կատարել, եւ ամենակարեւորը ակտիվ մասնակցում են թե՛  տեղական, թե՛ միջազգային կոնֆերանսերին, և իրենց գրագետ զեկույցներով օժանդակում են  մեր աշխատանքին:  Գլաուկոմայի տեսակետից իրենք էլ են աստիճանաբար ներգրավվում բոլոր գիտական աշխատանքների մեջ, որպեսզի տեղեկացված լինեն գլաուկոմայի բուժման նորագույն միջամտություններին հենց սկզբնական փուլերում։ Մենք ամերիկյան ծրագրի հետ էլ ունենք գլաուկոմայի հետ կապված մեկ լավ հետազոտություն` հայտնաբերելու Հայաստանում  փակ անկյուն գլաուկոմայի քանակը, տոկոսը եւ բուժել դրանք, որի մեջ ներառված է երիտասարդ սերունդը։ Կարծում եմ, որ մեր ակնաբուժության ապագան ապահով ձեռքերում է։ Իրականում մեր աջակցությունն էլ իրենց պետք է մեծ լինի:  Հաճախ  իրենք ավելի առաջադեմ են նորարական բուժմոտեցումները ներդնելու համար։ 

-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:

-Ամենակարեւորը կցանկանայի, որ մեր բուժառուն լինի ավելի տեղեկացված ու ավելի գրագետ։ Իրականում մարդը կարող է շատ գրագետ եւ  զարգացած լինել, բայց իր հիվանդության մասին շատ տեղեկացված չլինել։ Կցանկանայի, որ մեր բուժառուներն ավելի հետևողական լինեն բժիշկների ցուցումներին։ Չգիտես ինչու, շատ հաճախ բժշկի ասածը դրվում է կասկածի տակ: Իրականում լրատվական միջոցներով տեղեկատվության տարածումը բավականին օգնում է, որ բուժառուներն ավելի գրագետ եւ հետեւողական մոտենան իրենց խնդրին: Պետք է հետեւողական լինեն գլաուկոմայի վիրահատությունից հետո դեղորայքի պարտադիր կաթեցմանը։ Թողնելով բարձիթողի մեր ցուցումները` հաճախ տրտնջում են, որ արդյունք չեն տեսնում։ Պետք է հետեւողական լինեն, եթե բուժառուն գիտի` ինչ ճանապարհ պիտի անցնի  բժշկի հետ, ավելի գիտակից է մոտենում իր խնդրին, որն էլ հետագայում օգնում է բուժման ընթացքին։ Կցանկանամ, որ բժիշկ-բուժառու հարաբերությունը լինի կարեւոր և երկկողմանի: Իրականում ոչ ոք չի պատկերացնում, թե բժիշկը ինչի միջով է անցնում, որպեսզի բուժառուն իր կորցրած առողջությունը հետ բերի, հատկապես գլաուկոման ինքնին տարիքային շեմ է ընդգրկում։ Եվ շատ հաճախ մեծահասակների հետ աշխատելով` բժիշկն իրոք անցնում է մեծ դժվաությունների միջով` թե՛ հոգեպես եւ թե՛ ֆիզիկապես։Ինչպես ասում են, երբ հիվանդությունը գալիս է, բժիշկը եւ բուժառուն մի կողմի վրա են, իսկ հիվանդությունը` մյուս, միասին հիվանդությանը հաղթելը ավելի հեշտ է։ Իսկ որպես մաղթանք` բոլորիս  առողջություն, որ այն միշտ իրենց մոտ հսկելի լինի։ Եվ կարևոր մի բան, որը  ոչ միայն անհրաժեշտ է մեր երկրին, այլ ամբողջ աշխարհին. թող խաղաղություն լինի թե՛ երկրում, թե տանիքներում, թե իրենց ուղեղում, հարաբերություններում, հոգիներում։ Անամպ ու կապույտ երկինք, որպեսզի մենք էլ կարողանանք արարել մեր երկրում։

There is no translation available.

Խորհուրդ կտամ միշտ լինել պոզիտիվ, պարզապես փոխեք ձեր վերաբերմունքը եւ փորձեք ամեն ինչում լավատես լինել

Բժիշկն իր աշխատանքով գրում է սեփական կենսագրությունը, ստեղծում  այն պատմությունը, որը դառնում է հանրության սեփականությունը, որտեղ հստակ երեւում է նրա արհեստավարժությունն ու նվիրվածությունը աշխատանքին ու մարդկանց։ 

«Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից»։ Վոլտերի այս խոսքերը ուղղակիորեն բնութագրում են մեր զրուցակցին` «Աստղիկ» բժշկական կենտրոնի  էնդոկրինոլոգ Լիանա Գրիգորյանին: Հոգատար ու բանիմաց բժշկուհին իր աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ օգնության ձեռք է մեկնում իրեն դիմած հիվանդներին, որոնց առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր մասնագիտական գիտելիքներն անվերջ համալրելու ու կատարելագործելու շնորհիվ նրան հաջողվում է շատերին երջանկացնել՝ վերականգնելով և կայունացնելով իր օգնությանը ապավինողների առողջությունը:

-Հիպոպարաթիրեոզ, ի՞նչ պաթոլոգիա է, կմանրամասնե՞ք:                                                                                        

 - Հիպոպարաթիրեոզը մի հիվանդութուն է, որը պայմանավորված է մեր օրգանիզմում հարվահանաձեւ գեղձերի կողմից արտադրվող պարատհորմոնի ցածր սեկրեցիայով կամ իսպառ բացակայությամբ։ Պարատհորմոնը կարգավորում է մեր օրգանիզմում կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակությունը, հետեւաբար դրա դեֆիցիտը հանգեցնում է ծանր հիպոկալցեմիայի, այսինքն` արդյունքը լինում է կալցիումի բացակայությունը արյան մեջ: Առաջացման պատճառները տարբեր են, բայց ամենից շատ հանդիպում է հետվիրահատական հիպոպարաթիրեոզը` որպես վահանաձև գեղձի վիրահատության բարդություն։        

Կալցիումի պակասը օրգանիզմում արտահայտվում է մկանային ջղակծկումներով, հատկապես վերին եւ ստորին վերջույթների, ինչպես նաեւ դեմքի մկանների, կարող են կծկվել նաեւ ներքին օրգանների մկանները, արդյունքում զարգանում է բրոնխոսպազմ, կոկորդի սպազմ, կլման ակտի խանգարում, ստամոքս-աղիքային տրակտում կարող է լինել լուծ, փորկապություն, ինչպես նաեւ փսիխոգեն խանգարումներ, որն արտահայտվում է ծանր նեւրոզով, հիշողության կորստով, անքնությամբ եւ դեպրեսիայիով։ Նման դեպքերում պացիենտները հակված են ամբողջ կյանքում ստանալ կալցիումի ու ակտիվ վիտամին D-ի դեղամիջոցներ։                                                               

-Վահանաձև գեղձի դեմ ուղղված հակամարմինների բարձր մակարդակի դինամիկայում հսկողությունը որևէ նպատակ ունի՞, թե` ոչ։

-Սովորաբար վահանաձև գեղձի նկատմամբ հակամարմինների մակարդակը ստուգում ենք առաջին այցի ժամանակ ախտորոշումը հստակեցնելու համար` կա արդյո՞ք աուտոիմուն պրոցես, թե՝ ոչ։ Այնուհետև ոչ հաճախ ենք ստուգում, քանի որ դրանք բավականին երկար են պահպանվում։ Իսկ բուժման նշանակման համար հակամարմինների բարձր մակարդակը էական նշանակություն չունի, քանի որ բուժառուին հորմոնալ բուժում նշանակվում է միայն այն դեպքում, երբ կա վահանաձև գեղձի հորմոնների նորմայից շեղումներ, այսինքն՝ դիսֆունկցիա։ Հակառակ դեպքում, երբ միայն հակամարմիններն են բարձր, նշանակվում են միայն իմունիտետը լավացնող պրեպարատներ։ Վահանաձև գեղձի հորմոնները  հսկողության տակ ենք պահում յուրաքանչյուր 3 ամիսը մեկ, իսկ կայուն էութիրոզի դեպքում` 6 ամիսը մեկ։

 -Ի՞նչ է տալիս մեզ քրոմ պիկոլինատը։

-Քրոմը դա միկրոէլեմենտ է, ինչպես կալցիումը, մագնեզիումը, իսկ քրոմ պիկոլինատը  նույն քրոմն է, որը կապված է պիկոլինաթթվի հետ, ինչն ապահովում է դրա ավելի լավ յուրացումը օրգանիզմի կողմից։ Քրոմը նշանակվում է որպես նիհարեցնող միջոց, քանի որ այն ակտիվորեն մասնակցում է ճարպերի ու ածխաջրածինների նյութափոխանակությանը, այն համագործակցում է ինսուլինի հետ, որը օրգանիզմին օգնում է ավելի լավ յուրացնել գլյուկոզան` նվազեցնելով շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը։ Որքան շատ քրոմ է պարունակվում մեր սննդակարգում, այնքան քիչ ուտելու ցանկություն է լինում։ Հետեւաբար ունի նաեւ ախորժակ փակող հատկություն։

-Ցինկի անբավարարությունը ի՞նչ խնդրի կարող է հանգեցնել։

-Վերջին շրջանում կորոնավիրուսով պայմանավորված շատ ենք լսում ցինկի կարեւորության եւ օգտակարության մասին, եւ բժիշկները իրենց դուրս գրած դեղատոմսում անպայման ներառում են այս միկրոէլեմենտը։ Բանն այն է, որ ցինկը մեր օրգանիզմի նորմալ աշխատանքի համար նույնպես կարեւոր տարրերից մեկն է, որի դեֆիցիտը հանգեցնում է լուրջ խանգարումների։ Ցինկը ամրապնդում է օրգանիզմի իմունային համակարգը, բարելավում է մարսողությունը, մասնակցում սպիտակուցների սինթեզի, ինչպես նաեւ մեր օրգանիզմում տեղի ունեցող մի շարք գործառույթներին։ Օրգանիզմում ցինկի ցուցանիշի պակասի դեպքում առաջանում է աճի դանդաղում, արյան ճնշման ցածր ցուցանիշներ, ախորժակի կորուստ, ոսկրերի աճի դանդաղում, համի եւ հոտի զգացողության կորուստ, դեպրեսիա, չոր մաշկ, քաշի կորուստ, գունատ մաշկ, աղիների թուլություն, մազաթափություն, հոգնածության զգացում, եղունգների վրա սպիտակ բծերի առկայություն։ Մարդկային օրգանիզմը ունակ չէ ինքնուրույն ցինկ արտադրել, ինչը նշանակում է, որ այն բավարար քանակությամբ ստանալու համար անհրաժեշտ է օգտագործել ցինկով հարուստ մթերք կամ այն ստանալ համապատասխան դեղամիջոցների տեսքով։ Ցինկի օրական անհրաժեշտ քանակը կանանց դեպքում 8մգ է, իսկ տղամարդկանց համար` 11մգ։

- Ի՞նչ հորմոն է օքսիտոցինը  և ի՞նչ գործառույթ է այն կատարում։

-Օքսիտոցինը հորմոն է, որն արտադրվում է գլխուղեղի հիպոթալամուսի շրջանում, այն կարգավորում է մեր օրգանիզմում մի շարք գործառույթներ։ Լայնորեն կիրառվում է մանկաբարձության բնագավառում, երբ ծննաբերող կնոջը ներարկում են օքսիտոցին, որպեսզի ուժգնանան ծննդաբերական կծկանքները, առաջացնի ընկերքի ծննդաբերությունը կամ կանխարգելվի արգանդային առատ արյունահոսությունը։ Իսկ երբ կինը կերակրում է կրծքով, օքսիտոցինը օգնում է, որ կաթը կաթնածորաններով դուրս գա։ Այն նաեւ կարեւոր դերակատարություն ունի գլխուղեղի այնպիսի գործունեությանը, որն ուղղված է մարդկանց հետ փոխհարաբերություններ ստեղծելուն։ Այս հորմոնը օգնում է, որ մարդիկ ճանաչեն մեկը մյուսին, նպաստում է հավատարմության եւ հոգատարության զգացումների ձեւավորմանը, իսկ կանանց օգնում է իրենց նորածին երեխայի հետ առավել մերձենալուն։ Օքսիտոցինը արտադրվում է նաեւ սեռական հարաբերության ժամանակ, որը մարդկանց պարգեւում է սեռական հաճույքի զգացում։ Հետեւաբար օքսիտոցինը անվանում են նաեւ սիրո եւ հավատարմության հորմոն։ Դուք կարող եք նաեւ հանդիպել օքսիտոցինի սփրեյ, որը գովազդվում է որպես հավատարմության եւ հրապուրանքի զգացումներ առաջացնող միջոց, սակայն նման պնդումները դեռեւս ապացուցողական հիմք չեն ստացել։ Ինչպես նաեւ կատարվում են մի շարք հետազոտություններ օքսիտոցինային բուժումը կիրառել նաեւ աուտիզմով տառապող երեխաների մոտ, սակայն այդ պնդումները դեռ հետազոտությունների փուլում են։

-Որո՞նք են հիպոթիրեոիդիզմի ախտանշանները։

-Նախ ասեմ, որ հիպոթիրեոզի ժամանակ ընկնում է վահանաձև գեղձի ակտիվությունը, եւ գեղձը չի կարողանում համապատասխան քանակով թիրոքսին հորմոն արտադրել։ Պատճառները տարբեր են` սկսած բնածին հիպոպլազիաներով, վերջացրած աուտոիմուն գենեզով։  Վերջին շրջանում շատ հաճախ հանդիպում են աուտոիմուն գենեզի հիպոթիրեոզները։ Իսկ վահանաձև գեղձը, կարելի է ասել, համարվում է մեր օրգանիզմի ղեկավարը, եւ դրա թերֆունցիայի պատճառով տուժում է մի շարք օրգան համակարգերի գործունեությունը։ Ախտանիշները, որոնք  լինում են հիպոթիրեոզի ժամանակ, հետեւյալն են` հոգնածության զգացում, քնկոտություն, ալարկոտություն, մազաթափություն, մաշկի չորություն, թեփոտում, ցրտի  նկատմամբ գերզգայունություն եւ անտանելիություն։ Հիպոպարաթիրեոզով տառապող բուժառուները հիմնականում շատ մրսկան են, փորկապություն, քաշի ավելացում, դեմքի այտուցվածություն` հատկապես առավոտյան ժամերին, ձայնի խռպոտում, մկանային թուլություն, դաշտանային ցիկլի խանգարումներ, հիշողության թուլացում կարող է լինել, սրտխփոց, սրտի ռիթմի խանգարում` բիադիկարդիա, տրամադրության անկում, դեպրեսիա եւ այլ ընթացիկ խանգարումներ։

-Կարո՞ղ է հիպոթիրեոզը առաջացնել անպտղություն։

-Այո, նույնիսկ ենթակլինիկական կամ թեթեւ հիպոթիրեոզը կարող է հանգեցնել հնարավոր անպտղության եւ վիժման։ Հիպոթիրեոզը բարձրացնում է պրեէկլամսիայի, պերինատալ մահացության ռիսկը, ինչպես նաեւ կապված է հեստացիոն դիաբետի եւ վաղաժամ ծննդաբերության հետ։ Հետեւաբար իմ խորհուրդն է` բոլոր այն կանայք, ովքեր  պլանավորում են հղիություն, պարտադիր  անցնեն վահանաձև գեղձի հետազոտություն, եթե կա հորմոնների խախտում, ապա անպայման ստանան համապատասխան բուժում, կարգավորեն դիսֆունկցիան, այնուհետև նոր պլանավորեն հղիություն։

-Փոփոխական տրամադրություն, ի՞նչ պաթոլոգիայի պատճառահետևանք է։

-Տրամադրությունը կարեւոր գործոն է մարդու զգացմունքային ներաշխարհը բացահայտելու համար։ Ուրախ տրամադրություն ունեցող մարդը իր շրջապատը ընկալում է դրական, իսկ վատ, տխուր տրամադրությունը ընդհակառակը առաջացնում է դժգոհություն, տագնապ, տհաճ զգացողություններ։ Տրամադրության փոփոխություն կարող են լինել ինչպես վահանաձև գեղձի թերֆունցիայի, այնպես էլ գերֆունկցիայի դեպքում։ Թերֆունցիայով տառապող մարդիկ ավելի հավասարակշռված են, դանդաղախոս, ալարկոտ, խուսափում են մարդաշատ վայրերից, ավելի դժվարությամբ են մտնում կոնտակտի մեջ եւ ավելի անտարբեր են շրջապատի նկատմամբ։ Իսկ վահանաձև գեղձի գերֆունկցիայիով կամ այսպես կոչված` թիրոտոկսիկոզով տառապող մարդիկ ավելի դյուրագրգիռ են, շուտ են բռնկվում, հուզվում, լացում, հետեւաբար ավելի զգայուն են։ Եվ նման գանգատներ ի հայտ գալու դեպքում ցանկալի է հետազոտել վահանաձև գեղձի ֆունկցիան։

-Ի՞նչ նյութերի թվին է պատկանում սերոտոնինը։

-Սերոտոնինը, ինչպես այն անվանում են երջանկության հորմոն, արտադրվում է գլխուղեղում եւ կենտրոնական նյարդային համակարգի ակտիվ գործունեության խթանիչն է։ Բնականաբար բարձրացնելով սերոտոնինի մակարդակը` մենք կարող ենք բարելավել մեր հոգեկան վիճակը, մոտիվացիան, ուշադրությունը, հիշողությունը, ինչպես նաեւ սեռական ցանկությունը։ Այնուամենայնիվ, հակադեպրեսանտները բժիշկների ընտրությունն են սերոտոնինի մակարդակի բարձրացման համար, բայց դրանց կիրառումը հաճախ ունենում է անցանկալի կողմնակի ազդեցություններ։ Նշենք մի քանի բնական միջոցներ, որոնց օգնությամբ կարելի է բարձրացնել օրգանիզմում սերոտոնինի մակարդակը. Նախևառաջ  սննդակարգում ավելացնել տրիպտոֆան, որն ամինաթթու է և  օգնում է մեր օրգանիզմում սերոտոնինի արտադրությանը։ Տրիպտոֆան պարունակող  մթերքներն են ձուկը, անյուղ միսը, հնդկահավը, կաթնամթերքը, ընկույզը եւ սերմերը։ Ցանկալի է հաճախ մերսում կատարել, որով կբարձրանա տրամադրությունը, եւ նվազեցնել կորտիզոլի` սթերսի հորմոնի մակարդակը։ Իսկ սթերսը, ինչպես գիտենք, արգելափակում է սերոտոնինի արտադրությունը։ Պետք է շատ օգտագործել B խմբի վիտամիններ, հատկապես B12, B6, որոնք նույնպես կարող են օգնել սերոտոնինի արտադրությանը։ Շատ կարևոր է նաեւ արեւի տակ մնալը, այսինքն` վիտամին D-ի նորմալ քանակը օրգանիզմում, որը նույնպես շատ կարևոր է սերոտոնինի համար, ինչպես նաև մագնեզիումի ընդունումը։

-Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը, ընթերցողներին:

-Խորհուրդ կտամ միշտ լինել պոզիտիվ, պարզապես փոխեք ձեր վերաբերմունքը եւ փորձեք ամեն ինչում լավատես լինել, օգտագործեք քաղցր, որը նույնպես բարձրացնում է տրամադրություն, փորձեք մեդիտացիա, մարմնամարզություն, շատ օգտագործեք վիտամին C, քանի որ այն ամուր կապված է տրամադրության հետ եւ ունի նաև հակադեպրեսանտ հատկություն։ Նվազեցրեք սթրեսը, սթրեսի հորմոնը` ինչպիսին է կորտիզոլը, որի դեմ պայքարի միջոցը դրական մնալն է եւ ձեր մասին հոգ տանելը։ Առողջ եղեք:

14 июль

Լիլի Սարգսյան

Written by
There is no translation available.

«Կանխարգելումը շահեկան է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ այլ առումներով, ու մասնագետին ժամանակին դիմելու դեպքում խնդիրները դյուրին են հարթվում»

Ժամանակակից ստոմատոլոգիան սրընթաց զարգացում է ապրում՝ բուժման ավելի արդյունավետ ու ժամանակակից մեթոդներով  բուժառուներին գեղեցիկ ժպիտ պարգևելով։
Առողջ ատամներն ու գեղեցիկ ժպիտը մարդու արտաքինն ավելի ներդաշնակ են դարձնում: Գեղեցկությունը, ներքին ազատությունը և հրապուրիչ ժպիտը հաջողակ մարդու համար պարտադիր պայման են: Եթե ատամների ինչ-ինչ հիվանդություններ մարդուն զրկել են անթերի ժպիտ ունենալու հնարավորությունից, այստեղ օգնության է հասնում  էսթետիկ ստոմատոլոգիան: Ժամանակակից ստոմատոլոգիան, բուժման հիմնական մեթոդների հետ մեկտեղ, յուրացրել և լայնորեն կիրառում է գերժամանակից մեթոդները, որոնք ատամնաշարին հիանալի տեսք են հաղորդում:
Բոլորը կհամաձայնեն, որ ամենևին էլ պարտադիր չէ՝ մարդը բնությունից օժտված լինի գեղեցիկ և ճերմակ ատամներով: Չէ՞ որ ժամանակակից ստոմատոլոգիան լայն հնարավորություններ է ընձեռում` վերափոխելու ատամնաշարը՝ դրանք դարձնելով ուղիղ ու ճերմակափայլ: Թե ինչպես է դա իրականացվում, կփորձենք պարզել Աշտարակ քաղաքի «Աթանեսյան» ստոմատոլոգիական կլինիկայի բժիշկ-ստոմատոլոգ ԼԻԼԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ մեր զրույցում: 
Շուրջ 24 տարվա վաստակ ունեցող եւ իր ոլորտում մեծ հեղինակություն վայելող բժշկուհին իր գործի գիտակն է։ Բժշկուհին բազմիցս մասնակցել է միջազգային գիտաժողովների, սեմինարների և վերապատրաստումների ինչպես Հայաստանում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրներում։
Բժիշկ դառնալու թիվ մեկ պայմանը համարում է ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելը: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, շարունակական ուսում, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում եւ վազք` ժամանակին համընթաց: Եթե պատրաստ ես անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն ճիշտ ուղու վրա ես: Մարդու, առավել եւս` բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝  նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար: Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:

-Բժշկուհի, ընտրել եք մի մասնագիտություն, որը պահանջում է մեծ պատասխանատվություն, անկոտրում կամք և անսպառ ջանքեր: Ներկայացրեք, խնդրեմ, մինչ օրս անցած Ձեր ուղին:
-Այո, բժշկությունը շատ մեծ պատասխանատվություն կրող մարդասիրական մասնագիտություն է, քանի որ գործ ունենք մարդկային կյանքի հետ։ Իրականում անցնելով երկար եւ դժվար ճանապարհ` ուսանողական տարիների երկրորդ կուրսից սկսած` ուսումնական պրոցեսին զուգահեռ անցել եմ պրակտիկա Հայ-ֆրանսիական ստոմատոլոգիական կլինիկայում, այնուհետև ավարտելով ինստիտուտը, ընդունվել եմ ինտերնատուրա, որն ավարտելուց հետո` 2001 թվականից  մինչ օրս, ունենալով շուրջ 24 տարվա աշխատանքային մեծ փորձ, նվիրումով եւ սիրով աշխատում եմ իմ սիրած մասնագիտությամբ։

-Ընդհանրապես ստոմատոլոգիան առողջապահության զարգացող ուղղություն է:
Ըստ Ձեզ` վերջին տարիներին զարգացման ինչպիսի՞ ցուցանիշներ եք գրանցել ստոմատոլոգիայում:

- Ստոմատոլոգիան  աշխարհի նորարարությունների զարկերակին է` թե՛ տեխնիկապես, թե՛ միջազգային ուղեցույցների բավականին գրագետ եւ արդիական մատուցումներ կան ոլորտում։

Ատամնաշարի հետ կապված` ի՞նչ խնդիրների դեպքում կարող են Ձեզ դիմել:
-Կարող են  դիմել թերապեւտիկ, էնդոդոնտիկ խնդիրների դեպքում, ինչպես նաև ատամնաշարի էսթետիկ վերականգնման համար։

-Իսկ  կան արդյո՞ք օրթոպեդիայի մեջ նորարական բուժմոտեցումներ։
-Այո, նորարական բուժմոտեցումներից են ցիրկոնե շապիկները, վիներները, պրեսկերամիկները։

-Ի՞նչ է պերիոդոնտիտը, եւ ի՞նչ բուժում է այն պահանջում։                    
-Այն հարատամնային հյուսվածքների բորբոքումն է. բուժմոտեցումը սկսվում է թարախային  գոյացությունը հեռացնելով, արմատախողովակների անտիսեպտիկ մշակումներով, իսկ արմատախողովակները ապահովում ենք որակյալ լիցքով եւ պլոմբավորավորումով։ Նաև  լինում են դեպքեր, որ նշանակում ենք հակաբորբոքայիներ։

-Ո՞րքան հաճա խ կարելի է կատարել ատամների պրոֆեսիոնալ մաքրումը։

-Տարին երկու անգամ, այսինքն` 6 ամիսը մեկ կարելի է կատարել ատամնաշարի պրոֆեսիոնալ մաքրում։

-Արդյոք կարելի՞ է հղիների մոտ բուժել գինգիվիտը` լնդաբորբը:
-Միանշանակ կարելի է, եւ ոչ միայն գինգեվիտը: Եթե հղի կինն ունի ատամնաշարի հետ կապված ինչ-ինչ խնդիրներ, հղիության թույլատրելի ժամանակահատվածում բոլոր անհրաժեշտ բուժմոտեցումները կարելի է իրականացնել։

-Ի՞նչ առաջընթաց ունի ստոմատոլոգիայում էսթետիկ ենթաբաժինը:
-Ստոմատոլոգիայի էսթետիկ բաժինը շատ արագ տեմպերով է զարգանում, եւ շատ բուժառուները ձգտում են ունենալ լայն տարածում գտած «հոլիվուդյան ժպիտը»:
Կարելի է ասել, որ տափակաձեւ պլոմբաները, վիզուալ առումով  արդեն վաղուց անցյալում են: Հիմա ցանկացած գործընթաց, որ կատարում է ստոմատոլոգը, ենթադրում է էսթետիկ դրսեւորում: Նույնիսկ չերեւացող ատամը պետք է այնպես բուժել, շտկել, որ ե՛ւ գեղեցիկ լինի, ե՛ւ ֆունկցիոնալ:

- Բժշկուհի, ի՞նչ են վինիրները, և որ դեպքում են դրանք կիրառվում ժամանակակից ստոմատոլոգիայի մեջ։
-Վինիրները կերամիկական երեսպատիչներ են, որոնց միջոցով հնարավոր է շտկել մի շարք թերություններ: Այս միջամտությունը շատ պարզ ու արագ ճանապարհ է՝ ձեռք բերելու ատամների ցանկալի գույն ու գեղագիտական տեսք, ինչը և ձևավորում է ժպիտի գեղեցկությունն ու ամբողջականությունը: Ի տարբերություն պսակներով վերականգնման տարբերակի՝ վինիրների տեղադրումը կատարվում է ատամների մինիմալ հղկմամբ. դրանք չեն փոխում իրենց նախնական գույնը նույնիսկ սուրճից ու ծխախոտից, և ամենակարևորը՝ դրանք լիովին համատեղելի են բերանի խոռոչի հյուսվածքների հետ:
Վինիրներն այդպիսի մեծ տարածում են ստացել նաև իրենց հարատևության շնորհիվ. կանոնավոր հիգիենայի և նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ վինիրները կարող են ծառայել բավական երկար՝ ապահովելով շլացուցիչ ժպիտ: Դա է պատճառը, որ այսօր ատամների վերականգնման այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ ողջ աշխարհում: Անցավ  լինելու և կարճ ժամանակում առավելագույն էսթետիկ արդյունք ապահովելու շնորհիվ այս մեթոդը շարունակում է բարձր պահանջարկ ունենալ։ Այն կիրառվում են կրկին էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ։

-Իսկ ո՞րն է ցիրկոնե պսակների առավելությունը, և ո՞ր դեպքերում են դրանք կիրառվում:
- Ցիրկոնե պսակները ևս ժամանակակից պրոթեզավորման տեսակ են արդի էսթետիկ ստոմատոլոգիայի մեջ: Դրանք հիպոալերգիկ են, կենսահամատեղելի, և, թերևս, չի գրանցվել այնպիսի դեպք, երբ բերանի խոռոչում առաջացնեն բացասական ռեակցիաներ: Դրանք ցուցված են կիրառել ատամների վերականգնման ժամանակ՝ ատամների քայքայվածության դեպքում, ինչպես նաև  մասնակի անատամության` անգամ մեկ բացակա ատամի դեպքում։

-Շատե՞րն են ստոմատոլոգի դիմում ոչ միայն բուժման, այլ նաեւ ատամնաշարի հետ կապված էսթետիկ թերությունները շտկելու համար:
-Նոր տեխնոլոգիաները եւ ժամանակակից նյութերի անսահմանափակ հնարավորությունները թույլ են տալիս ունենալ գեղեցիկ եւ առողջ ատամնաշար: Այո,  վաղ դիմելիության տենդենցը շատացել է,  բավականին փոխվել է բուժառուների դիմելիության կուլտուրան, դիմում են արդեն վաղ, չթողնելով բախվել բարդացումների, քանի նախկինում էր։ Ըստ իս, բավականին գովելի փաստ է, եւ ոչ միայն դիմում են ցավային սինդրոմի դեպքում, այլ էսթետիկ ստոմատոլոգիայի համար, այսօր բուժառուները ավելի տեղեկացված են եւ գիտակից։   Մարդկանց մոտ  ճերմակ եւ կատարյալ ուղիղ ատամներ ունենալու մեծ միտում կա, եւ նրանք պատրաստ են շտկել նույնիսկ աննշան թեքությունը։
-Ժամանակակից տեխնոլոգիաները չեն շրջանցել նաեւ ստոմատոլոգիան: Խոսենք վերջին ձեռքբերումներից:
-Կարծում եմ՝ ստոմատոլոգիան, հատկապես նրա էսթետիկ բաժինը բժշկության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: Ճյուղ, որն կենտրոնանում է ոչ միայն ատամների առողջության, այլև դրանց արտաքին տեսքի վրա` բուժառուի ժպիտը դարձնելով ավելի գրավիչ և ինքնավստահ։
Արդի ստոմատոլոգիան ավելի է թվայնացվում, ինչը ստոմատոլոգներին մեծ հնարավորություններ է տալիս առավելագույն արդյունավետ դարձնել իրենց աշխատանքը:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում բժշկությունը վստահելի ձեռքերո՞ւմ է:
-Կասեմ, որ հուրախություն մեզ, մեր բժշկությունը  ապագայում վստահելի   եւ ոսկե ձեռքերում է։ Մեր երիտասարդները բավականին պրպտող են,  ձգտող սերունդ ունենք, նպատակասլաց են, եւ ըստ իս, ապագայում ավելի մեծ բարձունքների եւ վերելքների կհասնեն, պարզապես պետք է նրանց ճիշտ ուղղորդել։

-Ո՞րն է Ձեր ունեցած ամենամեծ ձեռքբերումը։
-Ամեն վերապատրաստումից, ամեն նոր գիտելիք ստանալուց հետո այդ ամենը  մեծ սիրով կիրառում եմ իմ պրակտիկայում, եւ, ասեմ, որ բավականին մեծ եւ էֆֆեկտիվ արդյունքներ են գրանցում, իսկ ամենամեծ ձեռքբերումը դա իմ բուժառուների գոհունակ ժպիտով հեռանալն է մեր կլինիկայից։
-Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Ասեմ, որ կանխարգելումը շահեկան է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ այլ առումներով, ու մասնագետին ժամանակին դիմելու դեպքում խնդիրները դյուրին են հարթվում։ Սակայն ամենակարեւոր կանխարգելումը տարրական հիգիենայի պահպանումն է: Որպես բժիշկ մաղթում եմ միմիայն առողջություն: Թող մարդկանց հոգիներում լինեն խաղաղություն, հանգստություն եւ ներդաշնակություն: Առողջ եղե՛ք։

There is no translation available.

Կանանց մաղթում եմ, որ լինեն գնահատված, մայրանան և վայելեն մայր լինելու գերագույն զգացողությունը

 

 bestgroup.am  կայքի զրուցակիցը բժիշկ-ճառագայթաբան, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ախտորոշման գծով փոխտնօրեն ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆՆ է։

- Պարոն Քոչարյան, ճիշտ ախտորոշումը արդյունավետ բուժման հիմքն է, ախտորոշման ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում ձեր բաժանմունքում։

- Մենք կիրառում ենք ավանդական հետազոտություններ՝ սոնոգրաֆիա, ռենտգեն, համակարգչային շերտագրություն (КТ), որոնք կատարվում են գերժամանակակից, ամենավերջին սերնդի սարքերով։ Այս պահին մեր հետազոտման սենյակում տեղադրված է համաշխարհային չափանիշներով էքսպերտ դասի լավագույն սարքը, որը ճշգրիտ և արագ պատասխան ստանալու հնարավորություն է տալիս։ Այս բաժանմունքի համար՝ արդեն վերջին՝ չորրորդ սերնդի սարքն ենք գնում։

Հարկ է նշել, որ մենք զարգացնում ենք նաև ինտերվենցիոն ռադիոլոգիան, դա КТ-ի, ռենտգենի կամ սոնոգրաֆիայի հսկողության տակ կատարվող միջամտություններն են, բիոպսիաները։ Դրանով հիմնականում զբաղվում է մեր բաժանմունքի ղեկավար Հայկ Գյուրջյանը։

- Ախտորոշման ոլորտում նոր տեխնոլոգիաները եկան փոխարինելո՞ւ, թե՞ լրացնելու միմյանց։

- Լրացնելու։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ մի երեսուն տարի առաջ Հայաստանում չունեինք համակարգչային շերտագրության և մագնիսառեզոնանսային շերտագրության սարքավորումներ, ապա կարող ենք ասել, որ շատ բաներ փոխարինեցին: Իսկ այսօր, հատկապես ռադիոլոգիայում, այդ տեխնոլոգիաները մեկը մյուսին լրացնում են։ Գինեկոլոգիայում, օրինակ, ունենք հետազոտման ստանդարտներ՝ տրանսվագինալ սոնոգրաֆիա, համակարգչային շերտագրություն, մագնիսառեզոնանսային շերտագրություն, որոշ իրավիճակներում մեկն է առավելություն ունենում հետազոտման համար, մեկ այլում՝ մյուսը։ Օնկոգինեկոլոգիայի պարագայում երեքն էլ պարտադիր կիրառվում են։

- Ի՞նչ է սքրինինգը, և ի՞նչ է սքրինինգային ծրագիրը։

- Սքրինինգ նշանակում է ընտրություն։ Այլ կերպ ասած՝ հետազոտվողների ընդհանուր զանգվածից ընտրում ենք ռիսկային խումբը։ Մեզ մոտ հիմնականում հղիության սքրինինգն է արվում։ Սքրինինգային հետազոտությունները երկուսն են և արվում են հղիության առաջին և երկրորդ եռամսյակներում։ Առաջին եռամսյակում սքրինինգի հիմնական նպատակը ժառանգական հնարավոր հիվանդությունների հայտնաբերումն է, որոնք հետագա հետազոտությունների կարիք են ունենում։ Հիմնականում կատարվում է գենետիկ ոչ ինվազիվ պրենատալ թեստավորում (ՆԻՊՏ-ը), որն իհարկե որոշակի սահմանափակումներ ունի և վերջնական ախտորոշում չէ։ Եթե տվյալ փուլում այդ մեթոդով որևէ շեղում է հայտնաբերվում, ապա անցնում ենք ինվազիվ գենետիկ հետազոտություններին։ Տասներեք շաբաթականում կիրառում ենք քորիոն բիոպսիա, կորդոցենտեզ, իսկ տասնվեց շաբաթականից հետո՝ ամնիոցենտեզ։ Նյութն ուղարկվում է գենետիկ քննության, որի արդյունքում ստանում ենք մանրամասն պատասխանը։ Սա ամբողջ աշխարհում ընդունված հետազոտման եղանակ է։ Ցավոք, ելնելով մեր ազգային առանձնահատկություններից, այս գործընթացում որոշակի դժվարությունների ենք հանդիպում։ Կան մարդիկ, որոնք բացարձակապես այս մեթոդներին և հետազոտություններին չեն հավատում և ասում են՝ երեխան կծնվի, հետո կտեսնենք։ Լինում է և այլ ծայրահեղություն, երբ անգամ փոքր կասկածի պարագայում ցանկանում են անմիջապես ընդհատել հղիությունը, ինչն անընդունելի է։

- Պարոն Քոչարյան, գոյություն ունեն ուլտրաձայնային հետազոտության ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված հստակ չափորոշիչներ, որոնք կիրառվում են ՀՀ բոլոր բուժկենտրոններում։ Ելնելով ձեր երկարամյա փորձից, որևէ բան կառաջարկեի՞ք ներառել։

- ՀՀ առողջապահության նախարարության կողմից հղիության ամբողջ ընթացքի համար հաստատված է երեք սքրինինգային հետազոտություն։ Առաջինն արվում է 11-14 շաբաթականում, երկրորդը՝ 18-21, իսկ երրորդը, որը սոնոգրաֆիա է և սքրինինգ չի համարվում, արվում է 32-34 շաբաթականում։ Բոլորիս է հայտնի, որ կեսարյան հատումների թիվն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում աճել է։ Այն կանանց, որոնք կեսարյան հատումով են ծննդաբերել, խորհուրդ է տրվում դաշտանի անգամ մեկ շաբաթ ուշացման պարագայում պարտադիր սոնոգրաֆիկ հետազոտություն անցնել։ Քանի որ այսօր ունենք նոր արտարգանդային հղիության ձև, երբ պտղաձուն իջնում և ամրանում է կեսարյան հատման սպիի մեջ։ Ուշ ախտորոշման ժամանակ շատ բարդ է լինում դեղորայքային միջամտություն կիրառել և հավանականությունը, որ կինը արգանդը կկորցնի, բավականին մեծ է, քանի որ, ընկերքի հյուսվածքն աճում է այդ սպիի մեջ և նրան անջատել գրեթե անհնար է։ Իսկ երբ հղիությունը հայտնաբերում ենք փոքր պտղաձվի փուլում, ապա դեղորայքային ընդհատում հնարավոր է լինում կատարել։ Սա այսօր բավականին տարածված երևույթ է։ Միայն մեզ մոտ այս տարվա մեջ տասից ավելի նման դեպք ենք ունեցել, ու փառք Աստծո, ոչ մեկը արգանդի հեռացմանը չի հասել։ Կառաջարկեի սա հաշվի առնել, քանի որ եթե ուղղորդվենք նրանով, որ առաջին հետազոտությունն անցնելու են 11 շաբաթականում, ապա այս դեպքում դա շատ ուշ է։

Լավ կլիներ, որպեսզի 26-30 շաբաթականում դոպլեր հետազոտություն կատարվեր։ Ռուսաստանի Դաշնությունում դա արվում է պարտադիր կարգով, մեզ մոտ՝ բժիշկների հայեցողությամբ կամ հղիների ցանկությամբ։ Մեր բաժանմունքում այդ հետազոտությունը մենք կատարում ենք, որովհետև 21 շաբաթականի և 33 շաբաթականի միջև բավականին մեծ ժամկետ է և առնվազն երեք ամիս պտուղը չհսկելը խնդրահարույց կարող է լինել։

Շատ կարևոր են նաև ոչ հղի կանանց սքրինինգները։ Բազմաթիվ խնդիրներ կան՝ վզիկի, կրծքագեղձի քաղցկեղ, էնդոմետրիում և այլն։ Ամբողջ աշխարհում ընդունված է, որ օրինակ, կինը պարտադիր կրծքագեղձի սոնոգրաֆիա անցնի և տարին կամ գոնե երկու տարին մեկ՝ մամոգրաֆիկ հետազոտություն։ Ցավոք, շատ դեպքերում կրծքագեղձի քաղցկեղը, որը վաղ հայտանբերելիս գրեթե հարյուր տոկոսով ենթակա է լիարժեք ապաքինման, հայտնաբերվում է այն փուլում, երբ անելիքներն արդեն սահմանափակ են։

- Իսկ սոնոգրաֆիան հակացուցում ունի՞։

- Ոչ, այդ մեթոդի հիմնական առավելությունը այն է, որ որևէ հակացուցում չունի, դա ոչ ճառագայթ է, ոչ ինվազիա է։ Այն անվնաս է և հնարավոր է կրկնել շատ անգամներ։ Մենք ունենք հղիներ, որոնք օրումեջ պարտադիր հետազոտվում են, դրանք կատարվում են դոպլերի վատ ցուցանիշի, պտղի ներարգանդային աճի դանդաղման, վիժման սպառնալիքի, հեմատոմաների և այլ վտանգավոր դեպքերի ժամանակ։

- Ելնելով ձեր աշխատանքային փորձից, արդյո՞ք շատացել են պտղի հետ կապված շեղումները։

-  Այո, շատացել են, դրանք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառներ են՝ սխալ սննդակարգը, վատ էկոլոգիան, ավելի ուշ վերարտադրողական ֆունկցիայի մասին հիշելը, այլ օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը։ Այդ ամենը հանգեցնում է շեղումների թվի մեծացմանը։ Սուբյեկտիվ պատճառներ են համարվում այն դեպքերը, երբ մարդիկ որոշակի կասկած ունենալու պարագայում դիմում են ինձ, հաշվի առնելով այս ոլորտում ունեցած իմ տարիների փորձը։ Այդ իսկ պատճառով ստացվում է, որ ինձ դիմողների շրջանում շատացել են պտղի հետ կապված շեղումները, ինչը չեմ կարող ասել ընդհանուրի մասին։

- Ձեր կարծիքով, հայ կանայք որքանո՞վ են ուշադիր սեփական առողջության նկատմամբ։

- Ցավոք, հայ կանայք իրենց առողջության նկատմամբ շատ անուշադիր են։ Համեմատության կարգով կուզենամ ռուսների օրինակը բերել, քանի որ հիմա Հայաստանում բավականին շատ ռուսներ են ապրում։ Եթե ասվում է՝ ձեզ երեք ամիս կամ մեկ տարի անց կրկնակի այց է անհրաժեշտ, նրանք ճիշտ այդ օրը գալիս են։ Իսկ եթե կոնկրետ հետազոտության կարիք չկա, ապա պարտադիր տարին մեկ հետազոտվում են։ Մեր կանայք, ցավոք, մինչև դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չեն այցելում։ Յուրաքանչյուր ոք, կապ չունի կին, թե տղամարդ, պետք է տարին մեկ պարտադիր հետազոտվի։ Արդյունավետ պայքարի միակ ձևը բոլոր տեսակի հիվանդությունների և հատկապես ուռուցքների դեմ՝ վաղ ախտորոշումն է։

- Ելնելով ձեր տարիների փորձից, ո՞ր հիվանդություններն են ավելի երիտասարդացել։

- Բոլորը, առաջին հերթին օնկոլոգիան։ Ցավոք, այսօր երիտասարդների շրջանում այնպիսի հիվանդություններ ենք հայտնաբերվում, որոնք նախկինում անգամ չենք էլ պատկերացրել։

- Եթե հետազոտության արդյունքում չարորակ գոյացություն եք հայտնաբերում, դուք իրավասո՞ւ եք այդ մասին հայտնել բուժառուին։

- Այո, իհարկե, իրավիճակով պայմանավորված։ Եթե կինը մենակ է եկել հետազոտման, ապա միանգամից նման լուր հայտնելը կարող է խնդրահարույց լինել։ Հիմնականում հայտնում ենք կնոջն ուղեկցող հարազատներին։ Բայց, ասեմ, որ մեր հետազոտության պատասխանը հարյուր տոկոսանոց ախտորոշում չէ։ Ռադիոլոգը հիմք ընդունելով հետազոտման միջազգային չափորոշիչները միայն գրանցում է իր կասկածը։

Վերջնական ախտորոշումն արվում է բիոպսիայից հետո, որը տալիս է հյուսվածքաբանը։ Հնարավոր է, որ շատ նման լինի չարորակ գոյացությանը, բայց վերջնական հետազոտման արդյունքում հերքվի։ Ռադիոլոգը հայտնում է իր կասկածը և հորդորում, որ չանտեսեն, դիմեն նեղ մասնագետի և շարունակեն հետազոտությունը։

- Մասնագետներն իրենց կայացման ճանապարհին ունենում են ուսուցիչներ, ձեր նեղ մասնագիտացման հարցում ո՞ւմ եք ուսուցիչ համարում։

- Սոնոգրաֆիայի այբուբենը ամբողջովին սովորել եմ Խոջոյան Ռուզաննա Լևոնովնայից, որը մինչ օրս աշխատում է «Դիագնոստիկա» ՓԲԸ բժշկական կենտրոնում։ 1996 թվականին, երբ ես ընդունվեցի Կլինիկական օրդինատուրա, այդ կենտրոնը միակն էր, որը հագեցած էր անհրաժեշտ ռադիոլոգիական սարքավորումներով և միակն էր, որ ուներ համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆներ։ Ուսուցիչներ շատ եմ ունեցել, բայց առանձնակի կցանկանամ նշել Նիկողոսյան Հայկ Արայիչին և Ղազարյան Արմեն Կարպովիչին։

- Պարոն Քոչարյան, դուք նաև դասավանդում եք, որպես դասախոս, ի՞նչ կասեք այսօրվա երիտասարդ կադրերի մասին։

- Փայլուն երեխաներ իսկապես կան։ Այսօրվա երիտասարդությունը շատ տարբերվում է իր տեսակով, ինչպես նաև տարբերվում են մեզանից։ Այն հնարավորությունը, որն այսօր ընձեռված է նրանց, մենք չունեինք։ Եթե մի հարցի պատասխանի համար մենք գնում էինք գրադարան, ժամերով փնտրում և անգամ չգիտեինք կգտնենք, թե ոչ, ապա այսօր, ունենալով ձեռքի տակ այնպիսի մեծ ռեսուրսներ, ինչպիսիք են համացանցը, տարբեր գիտական, մասնագիտական խմբեր, հեշտությամբ հնարավոր է գտնել յուրաքանչյուր հարցի պատասխան։ Միակ բանը, որ անհրաժեշտ է, ցանկությունն է և ճիշտ ընկալումը, ինչը, ցավոք, այսօրվա ուսանողներից, օրդինատորներից քչերն ունեն։ Իսկ ժամանակը ցույց է տալիս, որ արդյունքի են հասնում նրանք, ովքեր իրենց վրա աշխատում են։

- Ըստ ձեզ, բժշկությունը առաքելությո՞ւն է, թե՞ կոչում

- Ըստ իս՝ առաքելություն։

- Եվ մեր զրույցի ավարտին ձեր խորհուրդը մեր ընթերցողներին։

- Խորհուրդ կտամ ճիշտ սնվել, հնարավորինս քիչ նյարդայնանալ, ավելի լավատես լինել, յուրաքանչյուրն իր չափով ակտիվ ֆիզիկական կյանք վարի։ Հակառակ պարագան հանգեցնում է օրգանիզմում լուրջ խախտումների, որոնք էլ հիմնականում դառնում են հիվանդությունների, ուռուցքների զարգացման պատճառ։ Խորհուրդ կտամ լսել սեփական օրգանիզմը և պարբերաբար հետազոտվել, դա միակ ճանապարհն է՝ անցանկալի պրոցեսները կանխելու։

Страница 1 из 44

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր