Կարեն Վարդանյան

(0 votes)
There is no translation available.

 Դիմածնոտային վիրաբուժությունն Հայաստանում աշխարհի մակարդակով չի զիջում առաջատարներին

Ժամանակակից համաշխարհային բժշկության ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը՝ ինչպես ժամանակի առաջադրած պահանջներին, այնպես էլ այս ոլորտում օրավուր տեղի ունեցող  առաջընթացին համահունչ ու համընթաց: Մեր զրույցի թեման այս անգամ բժշկագիտության ճյուղերից մեկն է՝ դիմածնոտային վիրաբուժությունը, որն Հայաստանում վերջին տարիներին դարձել է բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկը և մեծ կիրառություն  ստացել։ Մեզանում այսօր իրականացվում են դիմածնոտային վիրաբուժության ոլորտին վերաբերող բոլոր միջոցառումներն ու միջամտությունները՝ ուղղված մարդու կյանքի որակի բարձրացմանը:  Իսկ դա ինքնին նշանակում է որ դիմածնոտային վիրաբույժի նեղ մասնագիտացում ձեռք բերած մեր բժիշկները հավուր պատշաճի տիրապետելով իրենց մասնագիտությանը՝ մշտապես հետամուտ են առաջատար երկրների փորձին՝ ջանալով իրենց աշխատանքը կատարել միջազգային փորձի վրա հենվելով:

Մասնագետների բարձր որակավորումից բացի, որակյալ աշխատանքի երաշխիք է  և դիմածնոտային բաժանմունքի լիովին հագեցվածությունը բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, ինչն  հնարավորություն է տալիս էսթետիկ և դիմածնոտային վիրաբուժության բնագավառում իրականացնել ամենաբարդ վիրահատություններ՝ բուժառուներին վերադարձնելով լիարժեք կյանքի:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Նաիրի» բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ Կարեն Վարդանյանը: Բժիշկ լինելը պարոն Վարդանյանի համար առաջին հերթին  մեծ պատասխանատվություն է, և այդ հավատամքն է, որ նրան դրդում է ամեն հիվանդի մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ սեփական ուժերի գերլարման հաշվին անել առավելագույնը։ Բժշկի կոչումը մղում է նրան՝ լսել  բուժառուին, կարդալ նրա հոգին, հասկանալ նրա կարիքները և, օգտագործելով իր գիտելիքները՝ ուղեկցել նրան դրանք հաղթահարելու դժվար ճանապարհին։ Ահա սա է Կարեն Վարդանյանի գործելաոճը, բուժառուի հետ հարաբերվելու միջոցն ու կերպը, որը, խոստովանենք, բժիշկ-բուժառու համագործակցության հրաշալի օրինակ է։

Փորձառու մասնագետի հետ ունեցած ընդամենը մեկ հանդիպումն էլ բավական է՝ հասկանալու համար, որ նա իր մասնագիտության տերն է ողջ էությամբ ու հոգով։ Քանի՜-քանի երախտապարտ բուժառուի երախտագիտության ու շնորհակալանքի ջերմ խոսքեր է լսել, քանի՜- քանիսն են հեռացել կյանքի նկատմամբ իրենց հավատը վերագտած․․․ Ինքն այդ մասին համեստորեն լռում է, նրա համար կարևորը բուժառուի գոհությունն է։

-Պարոն Վարդանյան, ի՞նչ վիրահատություններն են մտնում Ձեր իրավասության շրջանակներում, և որո՞նք եք ամենահաճախ կատարելու առիթ ունենում:

-Մեր բաժանմունքի իրավասությունների մեջ մտնում են հետևյալ վիրահատությունները` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ուղղում, դիմային ոսկրերի վնասվածքների վիրահատական բուժում, դեմքի և պարանոցի շրջանի չարորակ նորագոյացությունների հեռացում, ֆունկցիոնալ տարբեր խնդիրների վերացում՝ միջնապատի թեքություն, շնչառության խանգարում, բերանի խոռոչի ֆունկցիոնալ խնդիրների հետ կապված վիրահատություններ. անատամության վերականգնում իմպլանտներով, թքագեղձերի բորբոքային հիվանդությունների բուժում, և, իհարկե, դեմքի էսթետիկ վիրահատություններ: Դիմածնոտային վիրաբուժությունն ինքնին  բավական լայն սպեկտր է՝ սկսած բարդ ատամների հեռացումից մինչև ամենաբարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ: Ինչպես տեսնում ենք՝ բավականին ընդգրկուն  սպեկտր է, ես թվարկեցի երևի թե շատ քիչ մասը՝ ավելի նեղ մասնագիտականը:

-Ի՞նչ պատճառների հետևանք է պարանոցի ուռուցքների առաջացումը:

-Պարանոցի ուռուցքները հիմնականում նույն պատճառով են առաջանում, ինչպես և ամբողջ մարմնի ուռուցքները: Կա մի յուրահատուկ պատճառ, որն ազդում է բերանի խոռոչում. դա ծխախոտի ծուխն է: Այն բերանի խոռոչի ուռուցքների առաջացման ամենամեծ պատճառներից է։ Վստահաբար, չեն գտնվի մարդիկ, որոնք չգիտեն կամ չեն գիտակցում, որ ծխելը, ամենամեղմ ձևակերպմամբ, վնասակար է առողջությանը և կարող է առաջացնել տարբեր բարդության մի շարք խնդիրներ։ Գիտենք նաև, որ ծխելը երկարատև քրոնիկական վնաս է պատճառում լորձաթաղանթին,  և բնականաբար, երկարատև ծխելու դեպքում առաջացած վնասվածքների հետևանքով լորձաթաղանթի դիմադրողականությունն ընկնում է, և ի հայտ են գալիս ուռուցքային խնդիրներ: Այս հատվածին բնորոշ այլ ուռուցքներից են թքագեղձերի ուռուցքները։ Այլ ուռուցքների նման՝ նրանց առաջացմանն էլ նպաստում են ընդհանուր սթրեսային ֆոնը, սխալ սննդակարգը, ժառանգական նախատրամադրվածությունը:

Յուրահատուկ տեղ են գրավում լեզվի ուռուցքները։ Ինչպես և բերանի խոռոչի լորձաթաղաթի ուռուցքները, դարձյալ հիմնականում առաջանում են ծխելու հետևանքով,  չնայած ամբողջ աշխարհում կա շատ մտահոգիչ միտում․ վերջին տասը տարիների ընթացքում կտրուկ ավելացել են նաև չծխողների շրջանում բերանի խոռոչի, հատկապես լեզվի ուռուցքները:  Սովորաբար չծխողների մոտ առաջացած լեզվի և բերանի խոռոչի ուռուցքները շատ ավելի ագրեսիվ են ընթանում և ունենում վատ ավարտ։

Լեզվի ուռուցքն ունի մի առանձնահատկություն, որն այն դարձնում  ավելի վտանգավոր․ լեզուն ունի շատ լավ զարգացած ավշային անոթներ, իսկ լեզվի քաղցկեղը հիմնականում տարածվում է այլ օրգաններ, առաջին հերթին ավշային անոթներով: Բնականաբար լեզվի քաղցկեղի դեպքում ավելի հաճախ են հանդիպում մոտակա մետաստազները, այսինքն՝ մետաստազներ դեպի պարանոցային ավշահանգույցներ։ Պետք է հիշել, որ լեզվի ուռուցքը այն ուռուցքն է, որը պետք է վաղ փուլերում անմիջապես հայտնաբերել և վիրահատական ճանապարհով հեռացնել, քանի որ ուշացած դեպքերում բուժումը քիչ էֆեկտիվ է լինում։

Այդ իսկ պատճառով  շատ կարևոր է, որ բուժառուները իմանան՝ ինչպես պետք է պարբերաբար ինքնազննում անեն և վաղ հայտնաբերեն այդ ուռուցքի մասին հուշող նշանները:

Բերանի խոռոչի քաղցկեղի մասին հուշող նշանները հայտնաբերելու համար ուղղակի պետք է սովորություն դարձնել հաճախակի՝  գոնե շաբաթը մեկ անգամ, ստուգել բերանի խոռոչը՝ ուշադրություն դարձնելով չլավացող վերքերին, գունափոխված հատվածներին, հանգույցներին։ Օրինակ՝ երբ բերանի խոռոչում հայտնաբերվում է սպիտակ բիծ, որը ոչ մի կերպ չի մաքրվում, ապա շատ մեծ հավանականությամբ՝ դա լեյկոպլակիա կոչվող խնդիրն է, որը համարվում է նախաքաղցկեղային վիճակ։

Թվարկված ախտանիշները նկատելու դեպքում պետք է ճիշտ ժամանակին դիմել համապատասխան մասանագետի օգնությանը:

-Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:

-Օրթոգնատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրները, վերացնել կծվածքի և դեմքի անհամաչափությունը (դիսպրոպորցիոնալ խանգարումները): Oրթոգնատիկ վիրահատությունների միջոցով հնարավոր է վերացնել ծամող համակարգի, խոսքի հետ կապված խնդիրները, վերականգնել կծվածքը, դեմքի համաչափությունը և էսթետիկան:

Սովորաբար օրթոգնատիկ վիրահատությունները կատարվում են այն ժամանակ, երբ կծվածքը հնարավոր չէ ուղղել ոչ վիրահատական մեթոդներով։

-Որո՞նք են կծվածքի խնդիրների պատճառները:

-Կծվածքի խնդիրները լինում են բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների հիմքում գենետիկ գործոններն են, իսկ ձեռքբերովի խնդիրների պատճառներն են վնասվածքները, մանկական հասակում ծնոտների շրջանում առաջացած բորբոքային խնդիրները, վնասակար սովորությունները:

Օրինակ՝ ծծակի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել դիմացի ատամների դրսային թեքված շեղման:

Մեկ այլ օրինակ կարող է լինել՝ սեղանատամների վաղ հեռացումը, երբ մշտական ատամները դեռ նոր են դուրս եկել, և դրանց հիման վրա պետք է ձևավորվի ծնոտը, և այդ ատամների վաղաժամ հեռացումը բերում է ծնոտի և կծվածքի փոփոխություններին։

-Ալցհեյմերի հիվանդություն․ ի՞նչ հիվանդություն է այն և ինչպիսի՞ կլինիկական  նկարագիր ունի:

-Ալցհեյմերի հիվանդությունը համարվում է նյարդաբանական հիվանդություն, որով զբաղվում են նյարդաբանները, բայց, կարծում եմ, ցանկացած բժիշկ պետք է տեղյակ լինի այդ հիվանդության պատմությանը։ Չնայած այսօր լիովին պարզաբանված չեն այս հիվանդության առաջացման սկզբնաղբյուրները, սակայն ըստ պարզաբանված մեխանիզմի՝ գլխուղեղում առաջանում է մի սպիտակուց՝ β-ամիլոիդ, որը կուտակվելով վնասում է նյարդային բջիջներին։ Այն ժամանակի ընթացքում բերում է ուղեղի որոշ կենտրոնների ֆունկցիաների աստիճանաբար նվազման՝ կախված այն փաստից, թե որտեղ է կուտակվում։

Այս հիվանդության բուժման համար վերջնական հայտնաբերված  դեղամիջոց, բուժման միջոց չկա, որը կկանխի այդ սպիտակուցի առաջացումը: Սակայն մենք գիտենք, որ մարդու հատկապես նյարդային համակարգը օժտված է շատ մեծ պլաստիկությամբ, և եթե ինչ-որ մի հատվածի ֆունկցիան տուժում է. մնացած կենտրոնները կարող են այդ ֆունկցիան վերցնել իրենց վրա, և, հետևաբար, այդ հատկության շնորհիվ որոշ հիվանդների մոտ այդ հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների,  իսկ որոշների մոտ՝ շատ ծանր  ընթացք է ունենում։ Նկատենք, որ հիվանդության կանխման ու առաջացման դեպքում թեթև ընթացքի համար շատ կարևոր է. որ մարդիկ թեկուզ ծերունական տարիքում պահպանեն իրենց մտավոր ակտիվությունը։ Բավականին շատ հետազոտություններ են արված, որոնք հաստատում են, որ այն բուժառուները, ովքեր ի սկզբանե ունեցել են ինտելեկտի ավելի բարձր մակարդակ, նրանց թե՛ աշխատանքի, և թե՛ կենսակերպի բերումով  մինչև խորը ծերունական տարիքը պահպանվում են այդ ակտիվ վիճակը, որը պահում է ուղեղի որոշակի տոնուսը։ Այսպիսի բուժառուների մոտ այդ հիվանդության առաջացման դեպքում բավականին թեթև ընթացք է ունենում:

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ մակարդակում է Հայաստանում դիմածնոտային վիրաբուժությունը, և դիմածնոտային ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Ըստ ինձ՝ արդի դիմածնոտային վիրաբուժության մակարդակը Հայաստանում ցածր դիրքում չէ։ Իրականությունն այն է, որ մեր երկրում կատարվում են մեծածավալ վիրահատություններ, որոնք կատարվում են ամբողջ աշխարհում, և մեր երկիրը ամբողջ աշխարհի մակարդակով վատ դիրքում չէ։ Ավելին՝ ԱՊՀ երկրների ցանկում Հայասատանն առաջատարների  շարքում առաջին եռյակում է: Ինչ վերաբերում է դիմածնոտային հիվանդությունների երիտասարդացմանը ապա այդպիսի միտում նկատվում է ոչ միայն նշված հիվանդությունների, այլ առհասարակ ուռուցքային հիվանդությունների առումով։  Իսկ ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ երիտասարդացում են ապրել այն հիվանդությունները, որոնք կախյալ են օրեցօր ավելացող սթրեսից և սխալ սննդակարգից:

-Կյանքում, ինչպես և բժշկության մեջ կայանալու ճանապարհին ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Կյանքի ճանապարհին ինձ հանդիպած ուրաքանչյուր մարդ՝ որպես մասնագետ իմ ձևավորման  մեջ իր ուրույն դերն է ունեցել: Ես կարծում եմ, որ սովորել կարելի է բնությունից, գրքերից, երեխաներից, ընկերներից, և ոչ միայն: Երևի թե կյանքում պատահական հանդիպումներ չեն լինում։ Ամեն մի հանդիպում մեզ ինչ-որ բան սովորեցնելու նպատակ ունի։ Կա մի հին խոսք․ խելացի մարդը կարող է բոլորից սովորել, իսկ անխելքը ոչ ոքից չի սովորում, նույնիսկ՝ իր սխալներից: Այս առումով ես բոլորին կարող եմ համարել ինձ ուսուցիչ, նույնիսկ այն մարդկանցից, ովքեր նպատակ չեն ունեցել ինձ ինչ-որ բան սովորեցնելու։ Դիմածնոտային վիրաբուժության մեջ  իմ առաջին ուսուցիչը համարում եմ դիմածնոտային վիրաբույժ Հայկ Ենոքյանին, նա իմ կլինիկական օրդինատուրայի առաջին ղեկավարն էր, որից ես շատ բան եմ սովորել։ Այնուհետև օրդինատուրաս անցել եմ զինվորական հոսպիտալում՝ Կարեն Սևտերտերյանի ղեկավարության ներքո։ Երկուսն էլ մարդիկ էին, որոնք ինձ տվել են գիտելիքների մեծ բազա, հնարավորություն՝ փորձս ավելացնելու, կայանալու և վստահորեն անցնելու իմ ճանապարհը։ Իսկ բժշկության ասպարեզում դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Կցանկանայի նշել նաև իմ մասնագիտական կայացման ճանապարհին ինձ հանդիպած բոլոր այն բժիշկներին, որոնք չլինելով իմ անմիջական ղեկավարը, այնուամենայնիվ՝ հոգատարությամբ ու սրտացավորեն  ջանացել են, որ գիտելիքներս ավելանան, փոխանցել են ինձ իրենց հմտություններն ու փորձը։

-Ի՞նչ եք կարծում, կա՞, արդյոք, տեղաշարժ սեփական առողջությամբ հետաքրքրվելու և հիվանդությունը վաղ փուլում կանխելու նպատակով դիմելիության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Ի՞նչ մակարդակի վրա է  մեզանում դիմելիության մշակույթը:

- Ցավոք, մեզանում դեռևս շարունակվում և պահպանվել են հայկական մտածելակերպին բնորոշ մոտեցումները, երբ չեն դիմում բժշկի հիվանդության վաղ փուլերում, այսպես ասած՝ թողնելով դանակը ոսկորին հասնի, երբ որ արդեն բժշկության հնարավորությունները զգալիորեն սահմանափակվում են:  Իսկ նվազ հնարավորություններով բարդացած վիճակները հաղթահարելը երբեմն դառնում է անհնարին։ Բնականաբար,  տարիների ընթացքում այդ միտումը փոփոխության է ենթարկվել։ Եթե համեմատենք 10-15 տարի առաջվա հետ, իհարկե, փոփոխությունը նկատելի է՝ շնորհիվ առողջապահական համակարգի և տեղեկատվական դաշտի միջոցով ակտիվ լուսաբանումների։ Ուզում եմ հատուկ ընդգծել լրատվամիջոցների մեծ դերը առողջապահության խնդիրների լուսաբանման հարցում, լրատվական հրապարակումների  շնորհիվ  կապ է ստեղծվում բուժառուների հետ, ու շահեկանորեն ավելանում է վաղ փուլերում բժշկի դիմողների թիվը: Բժշկին դիմելը չի համարվում ճոխություն, այն ուղղակի անհրաժեշտություն է: Եվ դրա արդյունքը և՛ հիվանդն է զգում, և՛ բժիշկը:

-Բժշկությունը առաջին հերթին առաքելությո՞ւն կհամարեիք, թե՞ կոչում:

-Ինձ համար այդ երկու բառերը հոմանիշներ են, քանզի բժշկությունն ինքնին առաքելություն է մարդասիրական առաքելություն։ Գրագետ և գիտակից բժիշկը չի կարող իր մասնագիտությունը համարել գումար աշխատելու միջոց կամ բիզնեսի մի ձև։ Բժիշկը պիտի պատրաստ լինի հարկ եղած շատ դեպքերում զրկանքներ կրել հանուն իր առաքելության: Եվ, հետևաբար, այսպիսի առաքելությունը  բժշկի համար նաև կոչում է: Իհարկե, շատ կարևոր է և մասնագիտական ակադեմիական մոտեցումը բժշկի աշխատանքին, և կարծում եմ՝ բժշկությունը և՛ առաքելություն է, և կոչում է, և՛ միաժամանակ մասնագիտություն:

-Յուրաքանչյուր ասպարեզում սերնդափոխությունը բնականոն երևույթ է։ Ձեր դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն է բժշկության  ապագան, վստահելի՞  են, արդյոք, հերթափոխն ընդունող նոր կադրերը։

-Վստահաբար՝ այո՛։ Ովքեր որոշում են դիմածնոտային վիրաբուժությամբ զբաղվել, նրանք հստակ գիտակցում են իրենց ընտրությունն ու հետագա քայլերը, և ես համոզված եմ, որ  եմ նրանց ինքնակրթության ու ինքնազարգացման  ընթացքին ոչինչ չի խանգարի: Դիմածնոտային վիրաբուժությունը համեմատաբար նոր մասնագիտություն է։ Այն առաջացել է որպես միջմասնագիտական ուղղություն՝ վիրաբուժական ստոմատոլոգիայի, պլաստիկ վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտներում, և դիմածնոտային վիրաբուժությամբ սովորաբար սկսել են զբաղվել այն մարդիկ, ովքեր մասնագիտացած են եղել վերը նշված ճյուղերից որևէ մեկի մեջ:

Մեզանում բժշկության ապագան ինձ պատկերանում է բավականին խոստումնալից, կարելի է ասել՝ այն հուսալի ձեռքերում է: Անժխտելի է, որ այսօր ասպարեզն համալրվում է բանիմաց, խորագետ երիտասարդ մասնագետներով, որոնք աչքի են ընկնում նորն ու արդիականն ըմբռնելու ունակությամբ, մասնագիտական լայն հետաքրքրություններով, ձգտում են հետամուտ լինել միջազգային առողջապահական առաջընթացին, սիրում են իրենց գործը և ունեն շատ մեծ ներուժ՝ տիրապետելու բուժման ժամանակակից մեթոդներին:

-Որպես մեր զրույցի վերջաբան`  ինչո՞վ կավարտեք այն։  Գուցե  բժշկի ու պարզապես մարդու պարզ խոսքով։ Արդ, Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

- Գուցե զարմանալի թվա Ձեզ, ես աշխատում եմ հիվանդություններից չխոսել, այլ խոսել մեր հասարակության դրական տեղաշարժերից, կյանքի որակը բարելավելուց, հաջողության հասնելու սկզբունքներից ու հնարավորություններից։ Իմ կարծիքով՝ բժշկի մասնագիտության իսկական իմաստը հենց դա է՝ ոչ թե միայն հիվանդություններով զբաղվել, այլ օգնել, որ մարդիկ չբախվեն  այդ  խնդիրներին ու հեշտ հասնեն դրանցից ազատվելուն: Իրականում բավականին շատ բան կա մաղթելու մեր հասարակությանը։ Երանի թե ազգովի գանք սթափ գիտակցության և խելամտորեն դուրս գանք մեր կյանք ներխուժած ներկա սթրեսային վիճակից, որ պայմանավորված է վերջին տարիներն մեզ պատուհասած համազգային աղետներով։ Խոսքս ամբողջացնեմ մի ցանկությամբ՝ կուզենայի մեր հասարակությանը տեսնել ավելի ներողամիտ, բարեկիրթ, ուժեղ ու սթափ՝ ամեն պարագայում:  Բոլորին առողջություն եմ մաղթում և ամենակարևորը՝ երբեք չհիասթափվել, պահպանել հավատը վաղվա օրվա հանդեպ։ Շատ կարևոր է հասկանալ ու միշտ հիշել, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող ու վհատեցնող։ Մի թողեք, որ մարի ձգտումն ու հավատը, և, համոզված եղեք՝ հաջողությունը կժպտա ձեզ: Սիրեք ու եղեք սիրված, սեր ու ջերմություն տարածեք ձեր շուրջը, բարին արարեք, ու այդ դրական էներգիան կվերադառնա ձեզ, որպես աստվածային ընծա ձեր հոգիներին: Առողջություն և բարեկեցություն ամենքին: Բարեկեցիկ և առողջ հասարակությունը երկրի ամրության ու պետության ապահովության հուսալի երաշխիք է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր