ՄԵՍՐՈՊ ՄԱՆԱՍՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

 Կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը՝ ամենամեծ արժեքը

Դիմածնոտային վիրաբուժությունն իր մեջ ընդգրկում է վիրահատությունների բավականին մեծ խումբ` դիմածնոտային շրջանի ձեռքբերովի և բնածին դեֆորմացիաների ու դեֆեկտների վերականգնում, դիմային ոսկրերի վնասվածքների բուժում, դեմքի և պարանոցի փափուկ հյուսվածքների ու ոսկրերի բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում,​ ատամնային իմպլանտացիա, այդ թվում` ծնոտների ատամնաբնային ելունների արտահայտված ատրոֆիաների դեպքում։ Կատարվում են նաև դեմքի էսթետիկ վիրահատություններ` ռինոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, դեմքի մաշկի լրիվ կամ մասնակի ձգում, դեմքի ուրվագծերի շտկում դիմային իմպլանտների կիրառմամբ և այլն: Դիմածնոտային վիրաբուժությունը բժշկության ամենաբարդ, միևնույն ժամանակ՝ պահանջված ուղղություններից է:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է դիմածնոտային վիրաբույժ, օրթոդոնտ, «Մանասյան» դենտալ կլինիկայի հիմնադիր տնօրեն, Ժամանակակից վիրաբուժության կլինիկայի (CMS),​ ​ Artcosmed էսթետիկ բժշկության եւ Մասիսի բժշկական կենտրոնների դիմածնոտային վիրաբույժ, Դիմածնոտային վիրաբույժների և օրթոդոնտների ասոցիացիաների անդամ ՄԵՍՐՈՊ ՄԱՆԱՍՅԱՆԸ, չնայած երիտասարդ տարիքին, իր ընտրած ասպարեզում առաջ է գնում հաստատուն քայլերով, ամենայն պատասխանատվությամբ՝ իր կատարած բարձրորակ​ վիրահատություններով հարստացնելով պլաստիկ վիրաբույժի իր կենսագրությունը, հանրության շրջանում իր պրոֆեսիոնալիզմով ավելացնելով իր հեղինակությունը և բարի համբավը առ իր մարդկային կերպարը: Բժիշկ, որ իր գործն անում է​ մեծ նվիրումով, ուշադիր է յուրաքանչյուր հիվանդի խնդրի նկատմամբ` ցուցաբերելով իսկական բժշկին վայել մարդկայնություն ու հոգատարություն:

-​ Պարոն Մանասյան, ներկայումս կա՞ն այլ նորամուծություններ քթի պլաստիկայի ոլորտում:

-Այսօր քթի պլաստիկան՝ ռինոպլաստիկան, կատարում ենք պահպանողական մեթոդով​ ​ հիմնականում՝ փակ եղանակով, արտաքին կտրվածք չի կատարվում, արտաքին սպի չի առաջանում, զարկերակները չեն վնասվում, որի հաշվին հետվիրահատական շրջանում սնուցումն ավելի լավ է կատարվում, ապաքինման ընթացքն ավելի կարճ է տևում, դեմքն՝​ ավելի քիչ է այտուցվում: Իհարկե, բնականաբար, բժշկի համար հեշտ է բաց եղանակով վիրահատություն կատարելը, քանի որ տեսադաշտը ավելի ապահովված է, իսկ​ փակ վիրահատությունների դեպքում, անշուշտ, պացիենտի համար շահավետ է, պակաս՝ տրավմատիկ: Ի դեպ, փակ վիրահատությունների առավել արդյունավետությունն ապահովելու համար բժիշկները վերապատրաստման հատուկ դասընթացներ են անցնում: Ընդ որում, բժիշկներին ցուցվում է 80-100 բաց վիրահատություններ անելուց հետո, նոր միայն անցնել փակ վիրահատությունների:
-Ի՞նչ նպատակով են կատարվում օրթոգնատիկ վիրահատությունները:​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​ ​

-Ասեմ, որ ես նաև օրթոդոնտ եմ, անցել եմ Օրթոդոնտիա մասնագիտական կլինիկական օրդինատուրա՝ ակտիվորեն զբաղվել օրթոգնատիկ միջամտություններով և նման վիրահատությունների մեծ փորձ ունեմ: Իրականում նմանատիկ վիրահատությունների նպատակն է դիմածնոտային շրջանում վերականգնել էսթետիկ և ֆունկցիոնալ խնդիրները, վերացնել կծվածքի և դեմքի անհամաչափությունը (դիսպրոպորցիոնալ խանգարումները): Oրթոգնատիկ վիրահատությունների միջոցով հնարավոր է վերացնել​ ինչպես​ կլման ակտի, այնպես էլ ծամիչ համակարգի​ խնդիրները, խոսքի հետ կապված խնդիրները, վերականգնել կծվածքը, դեմքի համաչափությունը և էսթետիկան: Կատարված միջամտությունների շնորհիվ հնարավոր է լուծել նաև որոշ հոգեբանական և գործառութային խնդիրներ` կապված կծվածքի անոմալիայի հետ:

-Որո՞նք են կծվածքի խնդիրների պատճառները:

-Կծվածքի խնդիրները լինում են բնածին և ձեռքբերովի: Բնածին պատճառների հիմքում գենետիկ գործոններն են, իսկ ձեռքբերովի` երեխաների վատ սովորությունները.​ մատը ծծել, երկարատև ծծակ օգտագործել, լեզուն ծամել եւ մի շարք այլ վատ սովորություններ, որոնք հանդիպում են հիմնականում մանկահասակ երեխաների շրջանում:

-Թքաքարային հիվանդություններից խոսենք:

- Թքաքարային հիվանդությունները հանդիպում է բավականին հաճախ: Հիվանդությունը բնութագրվում է քարի առաջացումով թքագեղձի հաստության(պարենխիմայի)կամ նրա ծորանի մեջ։ Թքաքարային հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ արյան պլազմայում հայտնաբերվում են կալցիումի քանակության բարձրացում, ինչը վկայում է նրանց օրգանիզմում հանքային փոխանակության խանգարման մասին: Առավել հաճախ թքաքարային հիվանդությամբ ախտահարվում են ենթածնոտային թքագեղձը, հազվադեպ՝ հարականջայինը: Թքագեղձի քարի չափերը լինում են տարբեր՝ կախված նրանց տեղակայությունից: Առաջանում են սուր ծակող ցավեր, որոնք սաստկանում են սնունդ ընդունելիս, դրան զուգահեռ նկատվում է նաև գեղձի մեծացում: Թքարտադրության խանգարումը բերում է ծորանում թքի խցանման, բերանում չորության և բորբոքային գործընթացի զարգացման:

-Նշեք, խնդրեմ, ատամների իմպլանտացիայի առավելությունները:

- Իմպլանտացիան​ ատամների վերականգման ամենաժամանակից եւ լավագույն եղանակն է։ Ատամների իմպլանտացիայի դրական կողմերը հետևյալն են՝ վերացնում է ատամնաշարի թերությունները՝ առանց հարևան ատամները հղկելու, չեն նյարդազրկվում, կարելի է ցանկացած քանակությամբ իմպլանտատ տեղադրել ատամնաշարի ցանկացած թերությունը վերացնելու համար, անկախ տեղակայումից, այն ուղղակի լրացնում է բացակա ատամները: Իմպլանտների վրա տեղադրված պրոթեզները նման են իսկական ատամին, նույն խնամքն են պահանջում և զգալի չեն բերանի խոռոչում: Իսկ ամբողջական ատամնաշարի իմպլանտացիան ուղղակի փրկություն է, քանի որ պրոթեզներ կրելը շատ ժամանակ​ բարդությունների առաջ է կանգնեցնում, մարդիկ դժվար են հարմարվում​ շարժականին, իսկ իմպլանտացիայի դեպքում՝ հավաքվում է անշարժ կոնստրուկցիա:

-Տեղյակ ենք, որ​ «Մանասյան» դենտալ կլինիկայի հիմնադիր տնօրենն եք, ի՞նչ նպատակ էիք հետապնդում՝ ստեղծելով​ այս կլինիկան:

-«Մանասյան» դենտալ կլինիկայի ստեղծման հիմքում մեր հասարակությանը գրագետ և հասանելի բուժօգնություն մատուցելն է: Մեր կլինիկան համալրված է իր նեղ մասնագիտացման մեջ առաջատար և փորձառու​ աշխատանքային թիմով և առանձնանում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Մեզ մոտ կա պորտատիվ ռենտգեն սարք, որի տուբուսը կապարապատ է, այն ճառագայթում չի տալիս պացիենտին և առանց պացիենտի տեղաշարժման, տեղում կատարվում է ռենտգեն հետազոտություն: Այս սարքի օգնությամբ հետազոտությունը​ ցուցված է նաև երեխաներին և հղիներին: Ունենք նաև ռադիովիզիոգրաֆ սարք, որը եկել է փոխարինելու​ նախկին ժապավեններին,​ որի շնորհիվ համակարգչի էկրանին երևում է​ պատկերը, և դա էլ իր հերթին բավականին հեշտացնում է ախտորոշման ընթացքը: Ունենք նաև ատամնաշարի սպիտակեցման նորագույն սարք, ինչպես նաև իմպլանտացիայում կիրառելի սարքավորումներ, արմատախողովակների մշակման հատուկ սարքավորումներ, ապեքսլոկատոր, որի միջոցով որոշվում է ատամի արմատի չափը, որպեսզի հետագայում չկանգնեն շատ ու քիչ լիցք անելու խնդրի առջև. խնդիր, որ​ բերում է բորբոքման և թարախակալման:
Մեր կլինիկան համալրված է նեղ մասնագետներով. ունենք մանկական ստոմատոլոգ, թերապևտ, օրթոպեդ, իսկ օրթոդոնտայով և վիրաբուժությամբ զբաղվում եմ ինքս: Իհարկե, կլինիկայում կան նաեւ վիրաբույժներ, ովքեր նույնպես ակտիվորեն զբաղվում են վիրաբուժությամբ: Այո, վստահորեն կարող եմ ասել, որ մեր կլինիկայում ստոմատոլոգիայի հետ կապված ամբուլատոր ցանկացած բուժում իրականացվում է եվրոպական չափորոշիչներին համապատասխան:

-Ի՞նչ է քունք-ստործնոտային հոդի դիսֆունկցիան:

- Հոդի դիսֆունկցիան առաջանում է ծամիչ մկանների հավասարակշռված աշխատանքի և երկու հոդերի համաձայնեցված շարժման խանգարման դեպքում:
Հոդը ունի բարդ կառուցվածք, նրա մեջ կա սկավառակ: Կապանային համակարգի թուլանալու հետևանքով հոդագլխիկը փոսիկից դուրս է գալիս, որի արդյունքում կտկտոցներ են լսվում: «Շրխկոցների» առկայությունը հետագայում առաջացնում է այլ խնդիրներ, նույնիսկ եղել է դեպք, երբ հոդափոսիկի ոսկորի մաշվածությունից հոդագլխիկը մտել է գանգի մեջ: Պատճառագիտությունը` մկանային համակարգի ախտաբանական պրոցեսներ (բորբոքային, դեգեներատիվ, հետտրավմատիկ), ատամնածնոտային համակարգի փոփոխություններ (ծամիչ ատամների կորուստ, իմաստության ատամների ծկթում և այլն):
Գանգատները` մշտական բութ գլխացավեր, ցավերի ճառագայթումը դեպի ականջ, քունքային, գագաթային և ծոծրակային շրջաններ, լեզու, ըմպան, պարանոցի կողմնային հատված և ձեռք, լսողության նվազեցում, ականջների փակվածության զգացում և աղմուկ, արցունքահոսություն և լուսավախություն, ծնոտների միաբերման զգացում քնից հետո, այրոցի զգացում բերանի խոռոչում:
Օբյեկտիվ տվյալներն​ են`շրխկոց, բերանը բացելու սահմանափակում, բերանը բացելիս ստորին ծնոտը թեքվում է կողմ: Ակնաճեղքը նեղացած է, իսկ բերանի անկյունը բարձրացած է ախտահարման կողմում: Առկա է ցավոտ և ձգված մասեր մկանների առանձին հատվածներում (ծամիչ, բերանի հատակի, պարանոցի հետին մկաններ և կրծոսկրաանրակապտկաձեւ մկան): Ռենտգենաբանորեն ոսկրային կառուցվածքը փոփոխված չէ, նկատվում է հոդագլխիկների և հոդաճեղքերի անհամաչափություն:
Պետք է խիստ հետևողական լինել: Սկզբնական շրջանում կատարվում է կոնսերվատիվ բուժում. սպրինտ թերապիա և միոռելակսիացիոն թերապիա, նյարդամկանային ստոմատոլոգիայի ճյուղին պատկանող հիվանդություն է, ծնոտի դիրքը բերելով պացիենտի համար հարմար դիրքի՝ հոդը կսկսի ճիշտ աշխատել, մկանային լարվածությունը կվերանա: Մինչ բուժումը պացիենտը անցնում է մի շարք​ հատուկ հետազոտություններ, որին հաջորդում է բուժումը: Ախտորոշումը հաստատելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ հետազոտություններ՝ ռենտգենաբանական (զույգ հոդերի շերտագրում` ստորին ծնոտի ֆունկցիոնալ հանգստի և առավելագույն իջեցված դիրքերում), ՄՌՏ, ֆունկցիոնալ էլեկտրամիոգրաֆիա, ֆոնոգրաֆիա, աքսիոնոգրաֆիա:
-Իսկ ի՞նչ կասեիք մեր հասարակությանը, ի՞նչ կցանկանայիք ավելացնեիք մեր զրույցին:

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, սովորի գնահատել իր թանկագին առողջությունը, ավելի հաճախ անցնի կանխարգելիչ զննումներ:​ Կյանքը բնության ամենաթանկ պարգևն է, առողջությունը՝ ամենամեծ արժեքը: Հարգենք մեզ, մեր կյանքը և պահպանենք մեր առողջությունը: Բժիշկներս էլ մեր հերթին անում ենք հնարավոր ամեն ինչ. ջանում ենք ընթանալ առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին համընթաց, փորձում ետ չմնալ եվրոպական առաջադեմ երկրներից

      

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր