Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն շահագործման է հանձնվել 1981թ. մարտի 7-ին, ներկայումս ունի 12.1 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, շահագործվում է 45 վագոն և 24 շարժասանդուղք և 8 քարշային ենթակայան:
Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն ուղևոր: Մետրոպոլիտենը տրանսպորտային միջոց լինելուց բացի, ունի նաև ռազմավարական նշանակություն: Երևան քաղաքի վերգետնյա տրանսպորտի երթևեկության ներկա հիմնախնդիրներից զուրկ է մետրոպոլիտենը և պատահարների առումով ամենահուսալին:
Մինչև 2008թ. մետրոպոլիտենի տեխնիկայի, անվտանգ և անխափան երթևեկության ապահովման ուղղությամբ որևէ ներդրում չէր կատարվել: Ընկերությունը շուրջ 27 տարի գործում էր շենքերի, շինությունների, սարքավորումների, շարժակազմերի ինտենսիվ մաշման (գործարանային ռեսուրսների) հաշվին, հետևաբար այդ տարիների ընթացքում կուտակվել էին բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնց լուծումը պահանջում էր լուրջ կապիտալ ներդրումներ: Այդ ամենը հանգեցրել էր այն բանին, որ 2007 թվականին մետրոպոլիտենը հայտնվել էր այն փաստի առաջ, որ նրա հետագա անվտանգ շահագործումը կարող էր կասկածի տակ դրվել:
2008 թվականից համակարգում սկսվեց իրականացվել կապիտալ ներդրումների ծրագիր, որը մնաց անավարտ, ինչպես ընթացիկ, այնպես էլ կապիտալ բնույթի ծախսերի գծով (հայտնի ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով), իսկ ծրագրում նախատեսված, սակայն չլուծված խնդիրները տարեցտարի ավելանալով փոխանցվեցին հետագա տարիներին:
Վերջին տարիների ընթացքում Երևանի մետրոպոլիտենը՝ ընդգրկվելով պետական վարկային ծրագրերում, կարճ ժամանակահատվածում լուծեց տարիներով կուտակված մի շարք հիմնախնդիր, այդ թվում.
- Ամբողջությամբ վերանորոգվեց շարժակազմի վագոնների 40 տոկոսը:
- Շուրջ 25 տոկոսով վերանորոգվեցին գծային տնտեսության վերին շինությունները:
- Վերանորոգվեց բարձրավոլտ մալուխային տնտեսության 25 տոկոսը:
- Արմատապես առողջացվեցին ջրահեռացման և ջրաիջեցման համակարգերը:
- Չնայած կատարված աշխատանքներին, մետրոպոլիտենում դեռևս առկա են մի շարք կարևորագույն խնդիրներ, որոնց լուծումը կենսական նշանակություն ունի: Դրանք են'
- Ստորգետնյա ջրերի հեռացման համար նախատեսված դրենաժային թունելի կառուցման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մինչև 2017թ.-ը:
- Քաղաքային ենթակայանների բարձրավոլտ մալուխների առողջացում' մասնակիորեն փոխարինմամբ նորով:
- Անհապաղ հիմնանորոգման կարիք ունեն ընկերության 24 շարժասանդուղքներից 20-ը:
- Թունելային հզոր օդափոխության համակարգը 70 տոկոսով առողջացման կարիք ունի:
- Ուղեգծի ուղղում պլանում և պրոֆիլում:
- Արտադրական շենքերի վերանորոգման և ջեռուցման ապահովման աշխատանքներ:
Տարիների ընթացքում ֆիզիկապես և բարոյապես մաշվածության պատճառով արդիականացման անհրաժեշտություն է զգացվում ընկերության հետևյալ ոլորտներում'
- կայարանների արտաքին տեսքի բարելավում,
- լուսավորության արդիականացում,
- վագոնների արդիականացում,
- թունելների լուսավորության արդիականացում:
Վերը նշված հիմնախնդիրների լուծումը էլ ավելի հուսալի կդարձնի ուղևորափոխադրման անվտանգությունը:
Ակնհայտ է, որ այսօր զարգացման ամենաիրատեսական հեռանկարն ունի մետրոպոլիտենը, որովհետև լինելով' արագ, անվտանգ, հուսալի, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ, այն լինելու է ապագայի տրանսպորտը: