«Կմաղթեմ, որ նորածինն աչք բացի լիարժեք ընտանիքում ու առողջ մթնոլորտում»
Ակնաբուժությունը առողջապահական այն ճյուղերից է, որից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետևապես այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն, նաև նվիրվածություն ու աշխատասիրություն:
Մեր զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելման և բուժման» ծրագրի համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով ցանկացած գործ ձեռնարկելիս առաջնորդվում է մարդասիրությամբ ու մասնագիտական նվիրումով: Բժշկուհին ունի պատկառելի աշխատանքային փորձ և իր բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ շատ երեխաների է վերադարձրել լավ տեսնելու, լիարժեք կյանքով ապրելու երջանկությունը: Խորիմաստ կին, ով իր գործը պատվով կատարելուց և երախտագիտության խոսքերի արժանանալուց զատ, երջանիկ ու սիրված կին է ընտանիքում: Մեծ պատասխանատվություն կրելով երեխաների կյանքի որակի բարձրացման համար՝ բժշկուհին նրանց բազմիցս վերադարձրել է կյանքի լավագույն պարգևներից մեկը` աչքի լույսը:
- Ակնային ի՞նչ խնդիրներով են հիմնականում Ձեզ դիմում:
- Մեր բաժանմունքը գործում է կենտրոնի հիմնադրման օրվանից և ունի հարուստ ավանդույթներ։ Բաժանմունքը բազմապրոֆիլային է, սպասարկում է տեսողության բնածին և ձեռքբերովի ցանկացած խնդիր ունեցող 0-18 տարեկան երեխաներին։ Մեր խնդիրն է վերականգնել տեսողության առավելագույն պոտենցիալը` հնարավորինս խուսափելով «ծույլ աչքի» ախտանիշից, տեսողության ամենատարբեր շեղումներից։ Մեզ հաճախ դիմում են օպտիկական շեղումների (կարճատեսություն, հեռատեսություն), ինչպես նաև աստիգմատիկ խնդիրների դեպքում: Այսօր, ցավոք, երեխաները չարաշահում են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, դպրոցում չեն հետևում ճիշտ տեսողական, լուսային կանոններին, շատացել են ճառագայթումն ու արտանետումները: Բացի այդ, երեխաները ֆիզիկապես շատ քիչ են ծանրաբեռնվում, դեմքով թեքվում են դեպի գիրքը, ինչը հանգեցնում է ոչ միայն ողնաշարի ձևախեղումների, այլև` տարբեր տեսակի ռեֆրակցիոն արհեստական խանգարումների:
Մեր կենտրոնի ուշադրության թիրախում է մանկական ակնաբուժության խնդրահարույց ոլորտներից մեկը՝ անհասության ռետինոպաթիայի վաղ հայնտաբերման և բուժման ծրագիրը:
-Տեղյակ ենք, որ հայկական ակնաբուժության նախագծի անհասության ռետինոպաթիայի եւ մանկական ծրագրերի ղեկավարն եք։ Կմանրամասնե՞ք` ինչ նորարարություններ կան այդ ուղղությամբ։
-Մանկական ակնաբուժության զարգացման ժամանակակից փուլում իր հատկանշական տեղն ունի վաղաժամ ծնված երեխաների ակնահատակում այնպիսի ախտաբանական պրոցեսի զարգացումը, ինչպիսին է անհասության ռետինոպաթիան:
Երեխաների տեսողության կորստի ռիսկի պատճառագիտության մեջ այն մինչ այսօր էլ մնում է առաջատարը:
Ծրագրի նպատակն է հայտնաբերել վաղաժամ ծնված երեխաների մոտ անհասության ռետինոպաթիան, հետևել նրանց ակնահատակի փոփոխություններին, ընդհուպ ցանցենու նորմալ անոթավորումը կամ ախտաբանական պրոցեսի զարգացումը:
Այս ծրագիրը Առողջության Նախարարության կողմից հաստատվել է 2010 թվականից, և ծրագրի համակարգողն է «Լույս հայի աչքերին» բարեգործական հիմնադրամը։ Հպարտորեն կարող ենք արձանագրել, որ տարիների ընթացում հաջողությամբ ձեռք ենք բերել ախտորոշման և բուժման մեծ հմտություններ և փորձ, որի շնորհիվ չենք թողնում, որ հիվանդությունը հասնի ծայրահեղ շեմերին: Մեր աշխատանքը թիմային է՝ ընդգրկելով մանկական ակնաբույժներին և վիտրիոռետինալ վիրաբույժներին։
-Ձեր կլինիկայում արդյո՞ք կատարվում են նորածինների ակնահատակի խոռոչային վիրահատություն, եւ ո՞ր դեպքերում է այն ցուցված:
-Նորածինների ակնահատակի վիրահատություններ տարբեր դեպքերում են կատարվում` սկսած բնածին այնպիսի ախտահարումներից՝ ինչպիսիքն են բնածին գլաուկոման և կատարակտան, ցանցաթաղանթի տարբեր ախտահարումները և շերտազատումը։ Իհարկե, այստեղ ևս աշխատանքը թիմային է. Համագործակցում ենք բոլոր նեղ մասնագիտացման ոլորտների պատասխանատուների հետ, և բոլորիս նպատակը մեկն է` ժամանակին և ճիշտ մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերել:
-Աստիգմատիզմ։ Ի՞նչ ախտանիշներով է ի հայտ գալիս:
-Աստիգմատիզմի դեպքում արտաքին աշխարհից ինֆորմացիան անհամաչափ է հասնում ակնահատակ։ Իրականացվում են ավելի մանրամասն հետազոտություններ, որից բժիշկը կարող է արդեն կողմնորոշվել, թե ինչ է առկա բուժառուի մոտ։ Այսօր ունենք գործիքային հետազոտությունների բոլոր հնարավորությունները` ռեֆրակցիան ստուգելու համար, որի արդյունքում ստանում ենք ճշգրիտ ախտորոշում: Աստիգմատիզմը շտկելի է. շատ դեպքերում կորեկցվում է ակնոցային և կոնտակտային լինզաներով, իսկ երբեմն՝ լազերային միջամտությամբ: Իսկ եթե օպտիկական շեղումը ուղեկցվում է ոսպնյակի պղտորմամբ, ապա կատարակտայի վիրահատության ժամանակ տեղադրվում է ճշգրտությամբ հաշվարկված ներակնային ոսպնյակ` չեզոքացնելով և՛ աստիգմատիզմը, և՛ ռեֆրակցիոն մյուս շեղումները։
-Ակնո՞ց, թե՞ կոնտակտային լինզաների նշանակում։
-Ասեմ` և՛ ակնոց, և՛ կոնտակտային լինզաներ։ Երեխան կարող է ակնոց կրել, իսկ օրվա մյուս մասը` նաև լինզաներ: Կոնտակտային կորեկցիան ունի նաև բացարձակ ցուցումներ՝ մեծ անիզիոմետրոպիա, մեկ աչքում բարձր աստճանի ամբլիոպիա և ակնոցային կորեկցիայի հետ անհամատեղելիություն:
Լազերային կորեկցիայի դիմելիս խորհուրդ է տրվում 1-2 շաբաթ չկրել կոնտակտային լինզաներ, կրել միայն ակնոց. նպատակը մինչև լազերային կորեկցիայի հետազոտությունների ճշգրտությունն ապահովելն է։
-Շլության բուժման դեպքում ե՞րբ են դիմում վիրահատական միջամտության։
-Շլության բուժումը կոմպելեքսային է` ելնելով երեխայի տարիքային շեմից։ Շլության պատճառները բազմազան են՝ բնածին, գենետիկ, տրավմատիկ, նեվրոլոգիական և որպես պատճառահետևանք՝ մանկական հիվանդությունների։ Այդ իսկ պատճառով առաջին հերթին ստուգում ենք երեխայի տեսողությունը, կարիքի դեպքում տալիս ենք ակնոցային կորեկցիա, փակում ենք լավ տեսողությամբ աչքը, կազմակերպում ենք ապարատային բուժումներ, և եթե անհրաժեշտ է լինում կատարում ենք վիրահատական միջամտություն: Որպեսզի կոմպեքսային այդ բոլոր քայլերը արդյունավետ լինեն, ձգտում ենք հասնել երկու աչքերի բարձր տեսողության ակնագնդերի ուղիղ դիրքի եւ երկաչյա տեսողության:
-Կարճատեսություն եւ հեռատեսություն, ո՞ր պաթոլոգիան է ավելի հաճախ հանդիպում։
-Երկուսն էլ գրեթե հավասարապես, բայց ցավոք, կարճատեսությունն ավելի մեծ տեղ է գրավում մեր պրակտիկայում: Որպես մանկական ակնաբույժի` ինձ շատ է անհանգստացնում օրվա ընթացում երեխաների գաջեթներից օգտվելու տևողությունը՝ դպրոցում և տանը հաճախ գրքի փոխարեն օգտագործելով հեռախոսը` որպես ինֆորմացիայի աղբյուր։ Ըստ իս` ուսումնական ծրագիրը պետք է այնպես կազմակերպել, որ երեխան հասցնի ժամանակ հատկացնել խաղին և սպորտին: Պետք է գիտակցել, որ բաց տարածության մեջ արևի լույսի տակ դեռահասի գտնվելը նպաստում է ակնհատակում այնպիսի կարևոր նյութերի առաջացմանը, որոնք բարձր են պահում երեխայի տեսողության սրությունը:
-Ըստ Ձեզ` մեր երկրում ակնաբուժությունը ի՞նչ մակարդակի վրա է։
-Թող անհամեստություն չթվա, հայաստանյան ակնաբուժությունը քայլում է միջազգային առողջապահական համակարգի նորարարությունների զարկերակին համընթաց։ Մեր կենտրոնի ծառայությունների ղեկավարները այսօր մեծ հաջողությամբ հանդես են գալիս բոլոր ֆորումներում և կիսվում են իրենց ձեռք բերած փորձով և հմտություններով այլ երկրների ներկայացուցիչների հետ։
-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Ծնողների դիմելիությունը, անկախ նրանց սոցիալական վիճակից, բավականին բարձր է: Մենք բարեգործական ծրագրերով մեկնում ենք հեռավոր մարզեր, կամ այնտեղի մասնագետների, բնակչության համար կազմակերպվում են կոնսուլտացիաներ: Այնպես որ, մարդիկ հիմնականում իրազեկված են, ու բավականին քիչ են հիվանդության բարձիթողի վիճակում դիմողները:
Դիմելիության կուլտուրան, հուրախություն մեզ, բավականին փոխվել է դեպի լավը, բայց այսօր մարդիկ ավելի հոգսառատ են, կենցաղային դժվարությունների պատճառով լինում են դեպքեր, որ կարող էին ավելի վաղ դիմել բժշկի, բայց դրանց քանակը բավականին կրճատվել է։ Շատ ընդունված է լսել 2-րդ, 3-րդ կարծիք` չբավարարվելով բժշկի ախտորոշմամբ։ Իհարկե, քավ լիցի, կարևոր է, որ ճշգրիտ ախտորոշվեն, և բուժառուն արդյունքում չտուժի դրանից։
-Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք, կհորդորեք մեր հասարակությանը:
- Ծնողներին խորհուրդ ենք տալիս երեխաների ֆիզիկական ակտիվությունը զարգացնելու պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան շարժվել, իրենց բաժին ֆիզիկական էներգիան սպառեն, նյութափոխանակությունը ճիշտ ընթանա, աշխույժ լինեն և ունենան տեսահորիզոն, որպեսզի աչքը՝ որպես օպտիկական համակարգ, կարողանա գործել:
Առողջ երեխան և նրա ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն են:
Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը