ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

«Կյանքը  ամենաթանկ պարգևն է, առողջությունը`ամենամեծ արժեքը, հարգենք կյանքը, պահպանենք առողջությունը»

Այսօր տեսողության խանգարումների շտկման մեթոդներն ամբողջ աշխարհում պարբերաբար զարգանում ու նոր նշաձող են սահմանում, և Հայաստանը նույնպես անմասն չի մնում ակնաբուժության ոլորտի բոլոր առաջադեմ մոտեցումները ներդնելուց ու կիրառելուց։ Վաղուց արդեն հայաստանյան ակնաբուժության մեջ կատարվում են այնպիսի վիրահատություններ, որոնք հնարավորություն են տալիս ձերբազատվել աչքի տարբեր հիվանդություններից և կանխարգելել որոշ հիվանդությունների զարգացումն ու խորացումը: Եվ բնական է, որ ցանկացած երկրում անչափ կարևորվում են տեսողության հետ կապված խնդիրները, և ակնաբուժությունն այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ ու պահանջված ուղղություններից մեկը: Ոլորտ, որտեղ բարձրակարգ և սրտացավ բժիշկ-մասնագետներն իրենց գործի նվիրյալներն են: Մեծատառով բժիշկ կարելի է համարել այն մասնագետին, ով մարդուն կարող է վերադարձնել աչքի լույսը, աշխարհն իր բոլոր երանգներով տեսնելու երջանկությունը:

Եվ այդ ոլորտի նվիրյալներից մեկն էլ այսօր մեր զրուցակից ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի վնասվածքների բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ է, ում երկար  տարիների նվիրյալ աշխատանքն իսկապես մեծագույն սխրանք է: Նրա բազմամյա վաստակը բժշկության մեջ պարզապես անգնահատելի է, իսկ եռանդն ու ջանասիրությունը օրինակ կարող են լինել շատ-շատերի համար: Այդ ամենը նրան հաջողվել է շնորհիվ տարիների քրտնաջան աշխատանքի, հայրենասիրության, ակնաբուժության հանդեպ անսահման սիրո, մասնագիտական ճիշտ ու արդյունավետ մոտեցումների, որոնցից մեկը կրթության և գիտության հավերժ կապի պահպանումն է, ինչը  իր ղեկավարած բաժանմունքի հիմնաքարն է: Բժիշկ Գրիգորյանը տեսողության մասին գիտելիքը վերածում է հույսի: Նրա համար բժշկությունը ոչ միայն մասնագիտություն է, այլ նաև` առաքելություն։ Մարդ, որը, հավատարիմ մնալով իր կոչմանը, մարդասիրական առաքելությամբ ծառայում է իր  հայրենիքին:

–Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում կարևոր և առանցքային փոփոխություններ են կատարվել Ձեր բաժանմունքում, որը վերաբացվեց վերազինված և վերանորոգված պայմաններով։ Կպատմե՞ք այդ փոփոխությունների կարևորության մասին։

–Մեր բաժանմունքը վերաբացվել է <<Աչքի վնասվածքների բաժանմունք>> անվամբ։ Եվ, դա պատահական չէ, որ կրում է այդ անունը, քանի որ մեր բժիշկներն անցել են երեք պատերազմ և ունեն մեծ փորձ տարբեր աստիճանի, առավել ևս՝ ռազմական վնասվածքների բուժման մեջ։

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ բուժառուների հետազոտման, նախապատրաստման և վիրահատությունների իրականացման համար։ Կարելի է ասել՝ ունենք բոլոր հնարավորությունները` լիարժեք բուժօգնություն մատուցելու համար։ Մեր բաժանմունքում շարունակվում են իրականացվել միջազգային չափորոշիչներին համապատասխան բազմապրոֆիլ վիրահատական միջամտություններ, եւ օր օրի զարգացում ենք ապրում` հետ չմնալով ակնաբուժության նորարարությունների զարկերակից։ Ունենք երիտասարդ բժիշկներ, որոնք կրթվում են մեր ծրագրերով և կատարելագործում իրենց հմտությունները։ Մեր միջազգային կապերը եղել են մշտապես և այսօր էլ զգալիորեն ընդլայնվում են։ Իրականում այսօր վերապատրաստրաստվելն ավելի դյուրին է դարձել և բավականին տարբերակներ կան զարգանալու համար: Այն դարձել է ավելի հասանելի՝ ոչ այնքան ֆինանսական, որքան կամքի և նպատակասլացության առումով։ Եթե նախկինում վերապատրաստման հիմնական ուղղությունը մեզ համար Ռուսաստանի Դաշնությունն էր, ապա այսօր մեր մասնագետները վերապատրաստվում են նաև Հնդկաստանում, ԱՄՆ-ում և Եվրոպայում։ Սա, բնականաբար, նպաստում է ընդհանուր մակարդակի բարձրացմանը։

-Բժիշկ, այսօր աչքի  ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։ Ըստ Ձեր աշխատանքային փորձի` որո՞նք են ավելի հաճախ հանդիպող ակնային հիվանդությունները։

–Եթե նախկինում գերակշռում էին արտադրական վնասվածքները, ապա այսօր առավել հաճախ հանդիպում են կենցաղային և գյուղատնտեսական վնասվածքները։ Փառք Աստծո, այսօր ապրում ենք խաղաղ պայմաններում. ռազմական վնասվածքների չենք հանդիպում։ Բայց պետք է  նշեմ, որ ցավոք սրտի, վերջին շրջանում մեր պրակտիկայում ավելացել են ծանր վնասվածքների դեպքերը։ Իրականում մենք աշխատում ենք ցանկացած բարդության դեպքերի հետ՝ կիրառելով ժամանակակից մոտեցումներ և անհատական բուժման ռազմավարություններ։

Վերջին տարիների մեզ համար ձեռքբերում  կարող եմ նաեւ համարել, որ մշակել և վերանայել ենք ներակնային օտար մարմինների հեռացման մեթոդները։ Եթե նախկինում կատարվում էր կտրվածք, որը հետագայում կարող էր բարդություններ առաջացնել, ապա այսօր անցել ենք ժամանակակից վիրաբուժության մեթոդի, որն գրեթե բացառում է հետվիրահատական բարդությունները։

Նաև բարելավել ենք առաջնային հատվածի  այրվածքների և բութ վնասվածքների բուժման մոտեցումները։ Այսօր ավելի համակարգված, խորը և արդյունավետ ենք դարձրել մեր բուժմոտեցումները։

–Բժիշկ, ո՞ր դեպքում է ցուցված լազերային վիրահատությունը։

–Լազերային տեխնոլոգիաները շատ բազմազան են։ Տեսողության լազերային կորեկցիան ժամանակակից միջամտություն է, որի դեպքում հատուկ լազերի միջոցով փոփոխության ենք ենթարկում աչքի արտաքին բեկող միջավայրը, այսինքն՝ եղջերաթաղանթը։ Փոխելով եղջերաթաղանթը՝ մենք կարողանում ենք շտկել ռեֆլեքսային բնույթի խանգարումները, որոնցից են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը։

Կան նաև լազերներ, որոնք թույլ են տալիս ճեղքել աչքի որոշ հյուսվածքների մեջ, որոնք կիրառվում են հյուսվածքների վրա ազդեցություն գործելու համար։

Քանի որ ռեֆլեքսային բնույթի խանգարումները կարող ենք շտկել ակնոցներով և կոնտակտային լինզաներով, լազերային կորեկցիայի մեթոդը հանդիսանում է որպես այլընտրանքային մեթոդ։ Այսինքն` ունի ալտերնատիվ, որոնք ակնոցներն ու կոնտակտային լինզաներն են։ Միջամտություններն ունեն իրենց ցուցումներն ու հակացուցումները: Այսինքն՝ մեթոդները տարբեր են և կիրառվում են տարբեր նպատակների համար։ Բարեբախտաբար, Հայաստանում այս ոլորտում նաև զարգացման և բուժմոտեցման խնդիրներ չունենք։

–Ե՞րբ է առաջանում էկզոֆտալմը:

–Էկզոֆտալմը 90% դեպքերում զարգանում է էնդոկրին համակարգի խաթարման արդյունքում, այսպես ասած, այն էնդոկրին օֆթալմոպաթիան է: Ակնակապիճից դուրս ցցված աչքերը կոչվում է էկզոֆտալմ։ Այն ախտորոշվում է Գրեյվ-Բազեդի հիվանդության ժամանակ, որը կապված է վահանագեղձի գերակտիվության հետ։ Սկզբնական փուլերում աչքերը ակնակապիճից դուրս ցցված են լինում, աչքերը կարմրում են, առաջանում է աչքի չորություն: Ծանր դեպքերում կարող են լուրջ բարդություններ լինել՝ անգամ կարող են կորցնել աչքը։

–Ինչի՞ կարող է հանգեցնել ապակենման մարմնի արյունազեղումը։

–Ներակնային արյունազեղումը, արյան կուտակում է ակնագնդի խոռոչում։ Արյունահոսությունը կարող է առաջանալ աչքի ցանկացած անոթավորված կառուցվածքից։ Արյունազեղումը կարող է հետևանք լինել ֆիզիկական վնասվածքի, ակնաբուժական վիրահատությունների կամ այլ հիվանդությունների ու խանգարումների, ինչպիսիք են՝ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը։ Այն բավականին հաճախ հանդիպող հիվանդություններից է, 99% դեպքերում հանդիպում է շաքարային դիաբետ ունեցող հիվանդների մոտ, երբ որ անոթները ախտահարված են, արդյունքում արյունը կարող է թափանցել ապակենման մարմին։  Պետք է կողմնորոշվել բուժման փուլերի մեջ. սկզբնական շրջանում բուժումը սկսվում է դեղորայքային և ներակնային ներարկումներով, թույլ չտալով հասնել արյունազեղման, որը կարող է առաջացնել մի շարք բարդություններ՝ ներառյալ ցանցաթաղանթի տարբեր պաթոլոգիաների, ընդհուպ՝ շերտազատման։ Ծանր արյունահոսությունը կարող է առաջացնել ներակնային ճնշման կտրուկ բարձրացում, ինչը հանգեցնում է տեսողական նյարդի վնասման։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է վիրահատություն։ Կարևոր է ժամանակին միջամտելը՝ բարդություններից խուսափելու համար։

–Ի՞նչ կասեք գունային տեսողության խանգարումների` գունակուրության մասին։

-Գունազգացողությունը կամ գունային տեսողությունը շրջակա միջավայրի գունային բազմազանությունն ընկալելու ունակությունն է: Գունակուրությունը հիմնականում ֆիզիոլոգիական խնդիր է։ Այն կարևոր նշանակություն ունի որոշ մասնագիտությունների համար՝ օրինակ՝ վարորդների, մեքենավարների, գնացքավարների, նավավարների, որոնք պետք է ունենան 100% գունազգացողություն։

Գույնազգացողության թեստի օբյեկտիվ ակնաբուժական գիտելիքներն ու հմտությունները խորացրել եմ Ռուսաստանի Դաշնության աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտներում՝ անցնելով կլինիկական օրդինատուրա։ Վերադառնալով հայրենիք` մինչ օրս շարունակում եմ իմ գործունեությունը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում: չկա, ստուգումը կատարվում է հատուկ աղյուսակների միջոցով, և եթե ի հայտ է գալիս ինչ-որ փոփոխություն, այսինքն` խնդրի առկայության դեպքում անձը չի կարող աշխատել տվյալ ոլորտներում։

– Պարոն Գրիգորյան, ինչպիսի՞ն է եղել Ձեր մասնագիտական զարգացման ուղին:

-Իմ մասնագիտական գործունեությունը սկսվել է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում։ Ակնաբուժական գիտելիքներն ու հմտությունները խորացրել եմ Ռուսաստանի Դաշնության աչքի հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտներում՝ անցնելով կլինիկական օրդինատուրա։ Վերադառնալով հայրենիք` մինչ օրս շարունակում եմ իմ գործունեությունը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում' 1992 թ.-ից ղեկավարելով Աչքի վնասվածքների բաժանմունքը։

Նշեմ նաև, որ պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն՝  Ապակենման մարմնի հետվնասվածքային և դիաբետիկ ախտահարումների ժամանակ հետին վիտրէկտոմիայի արդյունավետության թեմայով։

Մասնակցել եմ միջազգային վերապատրաստումների՝ որպես կլինիկական դիտորդ՝ Լոս Անջելեսի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Doheny Eye Institute-ում, ինչպես նաև՝ Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանում՝ ուսումնասիրելով ակնավիրաբուժության ու ռեֆրակցիոն մեթոդների արդի փորձը։ Համահեղինակ եմ 43 գիտական հոդվածների, հեղինակել եմ 2 մեթոդական ուղեցույց։

–Բժիշկ, Ձեր երկարամյա աշխատանքային կենսագրության մեջ  ի՞նչն է Ձեզ համար այդ պահին ամենահիշարժանը։

–Հիշում եմ իմ կողմից կատարված առաջին հաջողված վիրահատությունները և միևնույն ժամանակ` անհաջողությունները, որոնք միշտ դժվար եմ ընդունում մինչ այսօր, որոնց հետ, ցավոք սրտի, չենք կարող չբախվել, քանի որ բժշկության մեջ էլ չենք կարող մշտապես 100%-ոց արդյունք գրանցել։ Եվ, հուրախություն ինձ, այսօր էլ հանդիպում եմ իմ բուժառուներին, որոնց վիրահատել եմ 30 տարի առաջ, որոնք մինչ օրս լավ տեսողություն ունեն։ Միթե՞ դա իսկական հրաշք չէ։

- Եվ որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:                      
- Բոլորին առաջին հերթին առողջություն եմ մաղթում: Կհորդորեմ իմ հայրենակիցներին հետևել իրենց առողջությանը՝  չանտեսելով առողջական ամենաչնչին խնդիրն իսկ: Միշտ պետք է հիշել, որ փոքր խնդիրը ժամանակ անց կարող է մեծ չարիք դառնալ, որից ազատվելը հարյուրապատիկ ավելի դժվար է լինելու: Ցավոք, այսօր մեր հանրությունը չունի աշխատանքային կուլտուրա։ Այսինքն՝ կցանկանայի, որ մարդիկ ավելի մեծ ուշադրություն դարձնեն անվտանգության կանոններին։ Շատերը չեն օգտագործում պաշտպանիչ ակնոցներ, ինչի հետևանքով բավականին շատ են հանդիպում կենցաղային վնասվածքները։ 

Այսօր, երբ տեխնոլոգիաները գերզարգացած են, նման դեպքերը պետք է նվազեն, բայց, ցավոք, դեռ հաճախ ենք բախվում  նման դեպքերի հետ։ Ցավոք, սրտի փոխվել է նաեւ մարդկանց հոգեբանությունը, ապրելակերպը, որն իրականում ազդում է նրանց մտածելակերպի վրա: Ես ունեմ մի մոդուս`  երբեք հիվանդին չվնասել, բուժել, օգնել հիվանդին` հնարավորության դեպքում` անգամ անվճար:

Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և հավատացեք, հաջողությունը մշտապես կժպտա: Սա մեր հայրենիքն է, և ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու և  սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր