Կրթությունն ամենահզոր զենքն է, որը կարող ես օգտագործել աշխարհը յուրովի փոխելու համար
«Բոլորիս հայտնի անժխտելի փաստ է, որ լավագույն կրթության միջոցով կարելի է պահպանել և սերունդներին փոխանցել մշակութային արժեքները: Հիմնական կրթությամբ դպրոցականը ստանում է այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք բավարար են կյանքում որպես մարդ դրսևորվելու համար»,- ընդգծեց մեզ հետ զրույցում Էդուարդ Բոյաջյանի անվան թիվ 121 հիմնական դպրոցի տնօրեն ԳՈՀԱՐ ԶԱՔԱՐՅԱՆԸ: Նրա հետ կայացած մեր զրույցում շոշափվեցին ներկայիս կրթական համակարգի որակին և դպրոցին վերաբերող մի շարք այլ հիմնահարցեր:
-Տիկի՛ն Զաքարյան, ե՞րբ է ստեղծվել դպրոցը և ի՞նչ ճանապարհ է անցել:
- Դպրոցը հիմնադրվել է 1961 թվականին, նրա հիմնադիր տնօրեններից է եղել նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայրը՝ Գրիգոր Սահակյանը: Դպրոցը պատվով կրում է սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանի անունը, որը նաև հովանավորել մեր դպրոցը շատ-շատ հարցերում: Օրինակ, ամեն ուսումնական տարվա ավարտին մեր դպրոցի լավագույն առաջադիմություն ցուցաբերած աշակերտները դրամական պարգևներով խրախուսվում են Էդուարդ Բոյաջյանի անվան հիմնադրամի կողմից: Շատ կցանկանայի, որ մի շարք հարցերում աջակցություն ստանայինք նաև պետության կողմից: Մեր կրթօջախը Մալաթիա-Սեբաստիա համայնքի լավագույն դպրոցներից մեկն է թե՛ կրթական, թե՛ աշակերտների առումով, իսկ մանկավարժական կոլեկտիվը շատ հոգատար է յուրաքանչյուր սանի նկատմամբ, յուրաքանչյուրին մոտենում է յուրովի, բարեխղճորեն լուծում իր առջև ծառացած ամեն մի խնդիր:
-Որո՞նք են եղել դպրոցում Ձեր կատարած առաջին փոփոխությունները:
- Տնօրեն դառնալուց հետո ես ձգտել եմ շարունակել նախորդ տնօրենների ավանդույթները, որոնք իրենց գործը, իմ կարծիքով, բավականին լավ են կատարել: Ես միշտ աշխատում եմ այնպես անել, որ մեր դպրոցի կրթական մակարդակը երբեք չտուժի: Դեռ շատ քիչ ժամանակ է, ինչ տնօրեն եմ աշխատում, և իմ ծրագրերի մաս է կազմում, առաջին հերթին, որոշ դասասենյակների վերանորոգումը: Հովանավորության ակնկալիք ունենք Էդուարդ Բոյաջյանի հիմնադրամի կողմից: Եթե մեզ աջակցեն, շատ լավ կլինի, իսկ եթե ոչ, ապա պետք է աշխատենք մեր ուժերով իրականացնել վերանորոգման աշխատանքները: Դպրոցն այն կրթօջախն է, որը պետության կողմից պետք է ֆինանսավորվի, իսկ դա իրականացվում է ըստ դպրոցի սաների թվի. որքան շատ աշակերտ, այնքան շատ տրամադրվող գումար: Մեր դպրոցը նախատեսված է շուրջ 400 աշակերտի համար, իսկ այս պահին ունենք 481 աշակերտ, որը ես բավարար եմ համարում: Ուզում եմ հատուկ նշել, որ դպրոցը գտնվում է գողտրիկ անկյունում, լավագույններից մեկն է մայրաքաղաքում, և մեզ մոտ այնքան էլ շատ չէ սովորողների շարժը:
- Փաստորեն, կնոջ ուսերին այսօր ծանրացած է մի ամբողջ դպրոց տնօրինելու պարտականությունը, ինչպե՞ս եք հաղթահարում ստեղծված խոչընդոտները:
- Նաև որպես կին, իհարկե, դժվարություններ կան, որոնք փորձում ենք հաղթահարել, աշխատում ենք մեր ուսերի վրա դրած ծանր բեռը պատվով կրել, քանի որ մեր գործը, պարտականությունն է կրթել ու դաստիարակել մատաղ սերնդին: Աշխատում ենք ուժերի ներածի չափով, մշտապես փնտրտուքների մեջ ենք, կրթական ավելի բարձր մակարդակ, նոր որակ ապահովելու նպատակով անընդհատ փորձում ենք ինչ-որ նորարարություն մտցնել մեր դպրոցի կրթական ոլորտում: Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր սաների համար դպրոց հաճախելը նաև հաճելի ու հետաքրքիր լինի:
– Ի՞նչ հաջողություններ է արձանագրել դպրոցը մինչ օրս:
- Դպրոցի հաջողություններից կարող եմ առանձնացնել առարկայական օլիմպիադաները, <Կենգուրու>, <Մեղու> և <Ռուսական արջուկ> խաղ-մրցույթները: Մենք լավագույնս մասնակցել ենք այդ մրցույթներին, արժանացել հատուկ մրցանակների, և ուզում եմ հատուկ ընդգծել, որ ոչ թե ամեն անգամ նույն աշակերտն է ներկայանում, այլ անընդհատ նոր սաներ են մասնակցում և հաղթում այդ օլիմպիադաներին: Այնպես որ, մեր մանկավարժների կատարած լավագույն աշխատանքի արդյունքը մշտապես երևում է թե՛ մրցույթների ժամանակ, թե՛ ուսումնական տարվա ավարտին:
- Կարո՞ղ ենք ասել, որ մեր երկրում մանկավարժը գնահատված է:
- Իմ կարծիքով` ոչ այնքան: Կցանկանայի, որ մեր մանկավարժն իր ծանր ու պատասխանատու աշխատանքի դիմաց ըստ արժանվույն գնահատվեր պետության կողմից, այլ ոչ թե այդ չնչին աշխատավարձով: Ամեն դեպքում մեր մանկավարժները աշխատավարձին այդքան շատ ուշադրություն չեն դարձնում`շատ լավ գիտակցելով, որ իրենց առջև դրված է, իրենց վերապահված է երեխային ըստ արժանվույն կրթելու անչափ պատասխանատու ու բարդ գործը: Բայց մյուս կողմից էլ բոլորս լավ ենք հասկանում, որ հնարավոր չէ այդ աշխատավարձով ընտանիքի նույնիսկ կենցաղային առօրյա հոգսերը հոգալ: Պետության կողմից աջակցություն չկա, և ուսուցիչն իրեն գնահատված չի համարում, ինչը բարդույթներ է ստեղծում: Հոգեբանորեն գնահատվում են, երբ իրենց աշակերտները հասնում են հաջողությունների կրթական ոլորտում, բայց ֆինանսապես՝ ոչ:
-Որպես տնօրեն, որպես մանկավարժ ի՞նչ խորհուրդ կտաք կամ կմաղթեք Ձեր դպրոցի սաներին:
- Ինքս էլ մանկավարժ եմ, ավարտել եմ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը, մասնագիտությամբ մաթեմատիկոս եմ: Բուհն ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ մի շարք դպրոցներում որպես մաթեմատիկայի ուսուցչուհի, մինչ օրս էլ դասավանդում եմ մեր դպրոցում: Ի դեպ, մակավարժության բնագավառում իմ արմատները շատ խորն են, և ես արդեն երրորդ սերնդի մանկավարժ եմ: Մենք արմատներով Լեռնային Ղարաբաղից ենք, ծնողներս եղել են մանկավարժներ և մինչ օրս էլ մանկավարժներ են, եղել են դպրոցի տնօրեններ, և այդպես ժառանգաբար ինձ է փոխանցվել այդ մասնագիտությունը: Բայց ես չեմ ցանկանա, որպեսզի իմ տղան ընտրի իմ ուղին, որովհետև այն շատ բարդ է. պետք է աշխատես յուրաքանչյուր երեխայի հետ նախ որպես հոգեբան, ապա նոր միայն որպես մանկավարժ:
Ես միշտ ցանկացել եմ, որ մեր սաները ձևավորվեն առաջին հերթին իրենց մարդ տեսակով, մեծատառով մարդ դառնան: Ինչքան էլ կրթված լինեն, բայց չլինեն բարեկիրթ, լավ մարդ, կամաց-կամաց կհայտնվեն ու կմնան ստվերում: Կցանկանամ, որ կրթություն ստանալուց հետո ճիշտ ուղի ընտրեն, գնահատվեն թե՛ հիմա, թե՛ ապագայում: Կցանկանամ, որ շատ գիրք կարդան, քանի որ երկրորդ պլան է մղվել գիրն ու գրականությունը, որովհետև ժամանակակից մարդու կյանքի բաղկացուցիչ մասն են կազմում համացանցն ու համակարգիչը: Նոր սերունդը, նրա տեխնիկական տրամաբանությունը շատ ավելի զարգացած է, բայց կոչ կանեմ ամեն դեպքում երկրորդ պլան չմղել գիրք կարդալը, որովհետև այն նոր, հետաքրքիր հորիզոններ է բացում:
Ես կցանկանամ, որ ավելի մեծ ուշադրություն դարձվի դպրոցների կրթական ծրագրերի վրա, քանի որ, օրինակ, քիմիա և ֆիզիկա առարկաներին տրամադրվող դասաժամերը շատ քիչ են, որի պատճառով տարեցտարի կորցնում ենք շատ գիտական աշխատողներ այդ ոլորտներում, ինչն ինձ համար շատ ցավալի փաստ է:
Եվ վերջում կցանկանայի ասել, որ ինձ համար մեծագույն պատիվ է և մեծ պատասխանատվություն լավագույն անցյալ ունեցող դպրոցում որպես տնօրեն աշխատելը, որն ինձ համար ուղղակի պաշտոն չէ, այլ` առաքելություն. չէ՞, որ հայ դպրոցը հային հայ պահելու միակ դարբնոցն է:
Առողջությունը ամենաթանկ պարգևն է, որն ի վերուստ տրված է մարդուն, իսկ հավատը բժշկի հանդեպ` ամենաթանկարժեք դեղամիջոցը
Բժշկական կենտրոնները Հայաստանում մշտապես գտնվել և գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Մեր զրուցակիցն է ՀՀ վաստակավոր բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, ՀՀ առողջապահության և Երևան քաղաքի քիթ-կոկորդ-ականջաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր ԱՐԹՈՒՐ ՇՈՒՔՈՒՐՅԱՆԸ, ում հետ մեր զրույցը ծավալվեց քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։
- Պարո՛ն Շուքուրյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:
- Այստեղ մի քանի գործոն է ազդեցություն ունեցել: Անչափ կարևորում եմ այն հանգամանքը, որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում, և դեռ փոքր տարիքից, կարելի է ասել, շնչել եմ բժշկական մթնոլորտում: Այսինքն` թե՛ որպես մարդ, թե՛ որպես մասնագետ իմ ձևավորման ժամանակ ծնողներս կողքիս էին: Եվ երբ նրանք արդեն, ցավոք, կողքիս չէին, կարողացա ինքնուրույն առաջ շարժվել, որովհետև հիմքն արդեն ամուր էր դրված: Այդ առումով բախտս բերել է, և այսօր, եթե հնարավորություն տրվել կրկին մասնագիտություն ընտել, միանշանակ իմ մասնագիտությունը կըտրեի` քիթ-կոկորդ-ականջաբան:
- Մի փոքր պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին:
- Երբ սկսեցի դպրոց հաճախել, ավելի հրապուրվեցի բժշկի մասնագիտությամբ և ձգտեցի խորացնել իմ հետաքրքրությունները, գիտելիքները: Եվ հենց այդ ժամանակ էլ բժշկական ինստիուտ ընդունվելու վերջնական որոշում կայացրեցի, բայց դեռ չէի կողմնորոշվել, թե կոնկրետ որ մասնագիտությունը պետք է ընտրեմ բժշկության բնագավառից:
Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա, որտեղ հինգ տարի ուսումս շարունակեցի. երկու տարի մասնագիտացում` կլինիկական օրդինատուրա, երեք տարի` ասպիրանտուրա: Այնուհետև վերադարձա Հայաստան: Մասնագիտական փորձ ձեռք բերելու համար շատ եմ եղել տարբեր երկրներում, ամենաերկարատևը, թերևս, Գերմանիայի` Մյունխենի հայտնի կլինիկաներից մեկում՝ քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդանոցում մասնագիտացումն էր, որի արդյունքում բավականաչափ մասնագիտական փորձ, տարբեր հմտություններ ձեռք բերեցի: Կարելի է առաձնացնել նաև Մոսկվայում ուսանած տարիները: Այդ ժամանակաշրջանը կյանքիս կարևորագույն էջերից է, որն իմ ձևավորման համար բավականին փորձ տվեց: Եվ հենց այնտեղից սկսվեց լսողության վերականգնողական վիրահատությունների ներդրումը Հայաստանում, որն առաջին անգամ մեզ մոտ իրականացվեց 1957 թվականին: Այդ վիրահատությունը Հայաստանում ներդրեց հայրս` հայտնի պրոֆեսոր Կիմ Շուքուրյանը, և հպարտությամբ կարող եմ ասել, որ հետագայում այդ ուղղությունն ավելի ու ավելի զարգացավ, և հիմա մենք կատարում ենք ամենաբարդ վիրահատություններից մեկը` խխունջային ներպատվաստումը, որն իրականացվում է միայն աշխարհի առաջատար կլինկաներում: Մենք շատ մեծ կապեր ունենք նաև Ֆրանսիայի հետ:
<Էրեբունի> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հիմնադրվել է 1992թ.` մեր հայրենակից պրոֆեսոր Եղիա Կարապետյանի օգնությամբ: Նա շատ հայտնի է Ֆրանսիայում որպես առաջատար մասնագետ և առաջինն էր, որ այդ երկրում ներդրեց մանկական հասակում խխունջային ներպատվաստումը: Կնքվեց եռակողմ պայմանագիր, ստեղծվեց բաժանմունքը, ընտրվեցին մասնագետներ՝ բաժնի վարիչ, բժիշկներ, քույրեր, որոնք հետագայում ստացան հատուկ մասնագիտացում: Նախաձեռնությունն ամբողջությամբ <Էրեբունի> բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քուշկյանինն էր, ով ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծեց ՅՈՒՄԱՖ /UMAF/ կազմակերպությունը՝ ֆրանսահայ բժիշկների միությունը: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով: Վերջին տարիներին մեր ծառայության գործունեությունը ծավալվում է լսողությունը վերականգնող վիրահատությունների ուղղությամբ, որոնց իրականացումը ոլորտի մասնագիտական նվաճումներից է: Նորից ասեմ, որ խխունջային ներպատվաստման վիրահատություններ կատարվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, որոնց մեջ ներգրավված է նաև ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնը: Այս վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել ծանրալսությունն ու խլությունը:
Խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիան) ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում ներդրվել է 2004 թվականից: Մեզ մոտ կատարվում է նաև նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները և նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում: Մեր մասնագիտական և բժշկական սարքավորումների ժամանակակից հնարավորությունների շնորհիվ այսօր կարող ենք նորածնի ծննդյան առաջին իսկ օրերին ստուգել լսողությունն ու բացահայտել խնդիրները, ճիշտ ախտորոշում կատարել: Իսկ դա հնարավորություն է տալիս իրականացնել արդյունավետ բուժում: Սկրինինգի կարևորությունն այն է, որ թույլ չենք տալիս լսողական խնդիրը հատի քրոնիկական փուլի սահմանները, և հնարավորություն ենք ունենում բուժել այն հիվանդության սկզբնական փուլում կամ սուր վիճակում, որի պարագայում բուժումը նաև պակաս ծախսատար է: Ընդ որում, լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար, և համապատասխան սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում:
Այս տարի լռանում է մեր կլինկայի ստեղծման 25 տարին, և կարծում եմ`այդ տարիների ընթացքում բավականին արդյունավետ աշխատել ենք և շարունակում ենք աշխատել:
- Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ներկայումս ո՞ր խնդիրներն են գերակա:
- Նույն խնդիրներն են, որոնք հատուկ են նաև այլ երկրների կլինիկաներին. դրանք լսողությունը վերականգնող վիրահատություններն են, ծանր հիվանդների հաշվառումը, նրանց թե՛ բուժական, թե՛ սարքերի առումով օգնության տրամադրումը: Մյուս խնդիրը ներքթային էդոսկոպիկ վիրահատությունն է, որը վերջերս բավականին զարգացավ Հայաստանում: Կարելի է նշել նաև կոկորդի, այսպես կոչվող, ներդիտակային վիրահատությունը:
Եվ ամենակարևորը, իհարկե, ուսուցումն է ու փորձը, որը ցանկանում ենք սիրով փոխանցել մեզ հաջորդող սերնդին՝ ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և մասնագիտացողներին, ինչն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի բազայի հիման վրա: Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր կլինիկաներում` <Աստղիկ>, <Արմենիա>, <Նաիրի> և <Արաբկիր> բժշկական կենտրոններում, համալսարանի կլինիկական համալիրում: Սերտ կապեր ունենք նաև Հայաստանի տարբեր մարզերի հետ, փորձում ենք համախմբվել. ամեն ամսվա վերջին երկուշաբթին հանդիպումներ ենք կազմակերպում:
-Ըստ Ձեզ, ԼՕՌ վիրաբուժությունն այսօր զարգացա՞ծ է մեր երկրում, և բոլոր հիվանդները կարո՞ղ են բուժվել հենց մեր երկրում:
- Մենք, ամեն դեպքում, փորձում ենք ներդնել բոլոր առաջատար տեխնոլոգիաների վիրահատության ձևերը: Ես չեմ կարող բացառել նաև, որ մեր նման մասնագիտական բուժում չի անցկացվում արտերկրում: Կան դեպքեր, երբ բացակայում են տարբեր բուժսարքավորումներ, և մեր գերխնդիրն է հասնել նրան, որ ամբողջական բուժումը կատարվի մեր երկրում:
–Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:
- Կցանկանայի, որ մեր ազգը լիներ առողջ: Կոչ եմ անում, որ, ձևավորվան օրվանից սկսած, մտածեն իրենց առողջության մասին, առողջ ապրելակերպով ապրեն, սպորտով զբաղվեն, ունենան առողջ հայկական ընտանիք և հնարավորինս աջակցեն միմյանց: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատևման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է: