Արտակ Գալստյան

(0 votes)

Ցանկալի է, որ մեր հանրության բոլորը շերտերը լիրաժեք օգտվեն բժշկական ապահովագրությունից                                                  

 Այսօր մեր երկրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ոլորտը համալրված է ախտորոշման և բուժման համար նախատեսված վերջին սերնդի լավագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս բարձր որակավորում ու փորձ ունեցող մեր մասնագետներին իրականացնել նույնիսկ ամենաբարդ վիրահատական միջամտությունները:

«Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքում մեծ հաջողությամբ զբաղվում են
կոնքազդրային հոդի, ծնկան հոդի և ուսահոդի էնդոպրոթեզավորումների իրականացմամբ։ Նորագույն իմպլատների կիրառումն ու մասնագետների պրոֆեսիոնալիզմն ու փորձը հնարավորություն են տալիս լիովին վերականգնել հիվանդի վերջույթների շարժունակությունն ու նրանց լիարժեք ապրելու հնարավորություն տալ:

Բաժանմունքը հագեցած է նաև ժամանակակից սարքավորումներով, որոնք թույլ են տալիս բարձր մակարդակով իրականացնել հոդային հիվանդությունների բուժում քիչ տրավմատիկ՝ արթրոսկոպիկ եղանակով: Ծառայությունն իրականացվում է նաև պետպատվերի, սոցփաթեթի և ապահովագրության շրջանակներում։

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է  բժշկական գիտությունների թեկնածու, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Արտակ Գալստյանը: Իր գործին նվիրյալ բժշկի ընտրած ճանապարհը գիտակցված ընտրություն է, որի կյանքի պատմությունը միախառնված է մեծաթիվ այլ մարդկանց ճակատագրերի հետ, ովքեր գործունեությունից առաջ երդվում են բուժելուց զատ, I'm գթասրտությամբ վերաբերվել բուժառուին:

Հոգատար ու բանիմաց բժիշկն իր ծով գիտելիքների և սեփական աշխատանքին անսահման նվիրվածության շնորհիվ հիվանդների առողջության վերականգնման համար չի խնայում ջանք ու եռանդ: Իր ու իր թիմի կատարած բարդ վիրահատությունների մասին վկայում են օրհասական վիճակում հայտնված, բայց բժիշկների արհեստավարժության շնորհիվ երկրորդ կյանք ստացած հիվանդներն ու նրանց հարազատները, ինչը փաստում են հիվանդները՝ շնորհակալության խոսքեր շռայլելով իրենց իրապես առողջություն պարգևած բժշկին:

Պարոն Գալստյանի խոսքերով. «Այս տարի «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում պլանավորվում է բացել էնդոպրոթեզավորման կենտրոն, որի նպատակը լինելու է հնարավորինս որակյալ, և ամենակարևորը մատչելի ծառայություններ մատուցել բուժառուներին, և այստեղ մեկտեղված կլինեն էնդոպրոթեզավորման ոլորտում առկա բոլոր ծառայությունները, հնարավորություն կլինի կատարել ոչ միայն առաջնակի էնդոպրոթեզավորում, այլև նաև ռևիզիոն, որը պրոթեզավորման այնպիսի տեսակ է, երբ նախկինում տեղադրված էնդոպրոթեզը փոխարինվում է նորով, երբ ինչ-ինչ պատճառներով առաջացել է էնդոպրոթեզի անկայունություն, մաշվածություն կամ նախկինում կատարված անհաջող վիրահատություն արդյունք: Ռևիզիոն էնդոպրոթեզավորման հետագա ընթացքը կարող է ընթանալ բարդություններով, և հաճախ անհրաժեշտ է լինում իմպլանտների տեղադրում, որոնք այսօր դժվար է ձեռք բերել, և մեր նպատակն է, որ կենտրոնում ունենաք էնդոպրոթեզների ամբողջ տեսականին և անհրաժեշտության դեպքում կիրառենք դրանք: Եվ մեր գերակա նպատակներից մեկն է, որ ներկա պահին մեզ մոտ իրականացվող վիրահատությունները պետության կողմից ֆինանսավորվեն, այսինքն՝ անվճար հիմունքներով կատարվեն։

Լիահույս եմ, որ մինչև 2027 թվականը մեր երկրի առողջապահական համակարգը կանցնի համապարփակ առողջապահական ապահովագրության, որի դեպքում, կարծում եմ, որ էնդոպրոթեզն էլ արդեն անվճար կտրամադրվի բուժառուներին: Ընդ որում, նշեմ, որ պետպատվերի շրջանակներում վիրահատվում են նաև պետական ծրագրով սահմանված կարգով շահառուները, որոնց թվում են հաշմանդամության խումբ ունեցողները, սոցփաթեթի շահառուները,  զինծառայողների և իրենց ընտանիքի անդամները և այլ սոցշահառուներ։ Մնացյալ դեպքերում վիրահատությունները վճարովի են, բայց նշեմ, որ վերջին տարիներին պետական ծրագրերի շրջանակներում բուժառւոների գերակշռող մասը, որոնց որ անհրաժեշտ է կոնքազդրային և ծնկան հոդի էնդոպրոթեզավորում, ստանում են հաշմանդամության խումբ, այսինքն` որոշակի պարզեցված գործընթաց է ընթանում, և կարգ ստանալուց հետո վիրահատական միջամտության գումարը փոխհատուցվում է պետության կողմից: Եվ կարծում եմ, որ մոտակա երկու տարվա ընթացքում պրոթեզի արժեքն էլ կփոխհատուցվի, քանզի պետության ծրագրերի մեջ այն այսօր առաջնահերթություն է։

-Պարոն Գալստյան, ի՞նչ գործառույթներ են իրականացվում ձեր բաժանմունքում:

-Բաժանմունքում կատարվում են էնդոսկոպիկ եղանակով հոդերի տարաբնույթ պաթոլոգիաների շտկում. դա արթրոսկոպիկ վիրաբուժություն է, և ունենք բոլոր նախադրյալներն ու տեխնիկական հնարավորությունները կատարել վերը նշված վիրահատական միջամտությունները։

Մենք հնարավորություն ունենք էնդոսկոպիկ եղանակով շտկելու, վերականգնելու հոդերի նույնիսկ բավականին բարդ վնասվածքները, այն քիչ ինվազիվ մեթոդիկա է.  բուժկենտրոնում բուժառուն մնում է 1- 2 օր, իսկ 2-3 շաբաթվա ընթացքում կարող է վերադառնալ բնականոն  առօրյա կյանքի։

-Օրթոպեդիայի մեջ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել։

-Օրթոպեդիայում այսօր երիտասարդների մոտ բավականին հաճախ է հանդիպում ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզը, որի ժամանակ զարգացնում է ոսկրային հյուսվածքի վնասում ազդրոսկրի գլխիկում, և արդյունքում այդ ոսկրային հյուսվածքը իր ֆունկցիան չի կատարում`  առաջ բերելով ազդրոսկրի գլխիկի քայքայում, որն էլ իր հերթին կարող է բերել հաշմանդամության։

Կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորում մենք նախկինում կատարում էինք հիմնականում բարձր տարիքային խմբերի մոտ, սակայն այսօր, պայմանավորված 2020թ. COVID-19 համավարակի հետ, ազդրոսկրի գլխիկի ասեպտիկ նեկրոզը հանդիպում է հիմնականում 45-48 տարիքային շեմի բուժառուների մոտ: Խնդիր, որը բավականին լուրջ է ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական մի շարք երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ում, խնդիր, որի բուժման ելքը էնդոպրոթեզավորումն է, քանի որ այս դեպքում այլընտրանքային տարբերակ գրեթե չկա:

Իմ կարծիքով` առողջապահության համակարգում առանցքային նշանակություն ունի բժշկական օգնության և ծառայությունների մատուցման հասանելիությունը մեր հասարակության համար։  Եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա այսօր բժշկությունը ավելի հասանելի է հասարակությսն լայն շերտերի համար, որը պայմանավորված է տարաբնույթ պետության ծրագրեր իրականացմամբ։

-Վիրահատության ո՞ր մոտեցման ենք Դուք հակված, բա՞ց, թե` փակ:

-Ես նախընտրում եմ քիչ ինվազիվ վիրահատության տեսակները, արդի բժշկության մեջ ամբողջ աշխարհում ընդունված են քիչ ինվազիվ վիրահատությունները, քանզի հետվիրահատական բարդությունները շատ քիչ են, վերականգնողական շրջանը կարճ է տևում, աշխատունակությունը շուտ է վերականգնվում։ Մեր բաժանմունքում նախընտրում ենք իրականացնել նվազ ինվազիվ վիրահատություններ։

-Ո՞ւմ կարող եք Ձեր ուսուցիչը համարել:

-Կյանքի տարբեր փուլերում մենք բոլորս ունենում ենք ուսուցիչներ, և որևէ մեկին գերագնահատել կամ թերագնահատել չես կարող։ Գիտակցական մտքի ձևավորման տարիներին  մեզ ուսուցիչ կարող ենք համարել մեր ծնողներին, իսկ նեղ մասնագիտացման տարիներին մեզ ուղղորդում եմ մեր ավագ սերնդի բժիշկները, տալիս են հնարավորն ու անհնարը մեզ համար, որպեսզի դառնանք լավ մասնագետ։ Մեզ ուսուցիչներ կարող ենք համարել նաև նրանց, որոնք մեր կյանքում առանցքային դեր են կատարում։ Ինձ թվում է` ցանկացած անհատ, որը ինչ-որ չափով իր բնագավառում դարձել է քիչ թե շատ կայացած մարդ, վստահ եմ, որ իր կյանքում ունեցել է ուսուցիչներ։ Այսօր ես ինքս պատրաստում եմ կադրեր, դասավանդում եմ կլինիկական օրդինատորներին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում։

Ես արդեն 20 տարի է, ինչ ավարտել եմ բժշկական համալսարանը, կարծում եմ` մոտ ապագայում մեր երկրի առողջապահությունը բավականին հուսալի ձեռքերում է, քանզի մենք այսօր ունենք բավականին խելացի երիտասարդ կադրեր, ձգտող են պրպտող, և վստահ կարող եմ ասել, որ մեր երկրի առողջապահությունը պետք է էլ ավելի զարգանա շնորհիվ մեր երիտասարդ սերնդի։ Քանզի այսօր բժշկական մասնագիտացված կայքէջերը հասանելի է բոլորին, և այդ միջոցով կարելի է ստանալ ուսուցողական տեղեկություններ։

-Ի՞նչ կասեք առաջնային օղակների գործունևության մասին:

-Այսօր պետք է համակարգվի առաջնային օղակի գործունեությունը, եթե բուժառուն դիմի հիվանդությունների վաղ փուլերում, ապա, բնականաբար, բուժման շանսերը ավելի մեծ կլինեն: Առաջնային օղակի նեղ մասնագետները հնարավորինս պետք է վերապատրաստվեն, հավաստագրվեն`ըստ սահմանված կարգի, մասնակցեն մասնագիտական սեմինարների, իմ կարծիքով` հավաստագրումը իր դրական արդյունքը կտա գրագետ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Եվ շատ կարևոր է կանխարգելիչ բուժումը, քանզի ամբողջ աշխարհում հայտնի է, որ ժամանակին կատարված կանխարգելիչ բուժումը միշտ էլ տվել է դրական արդյունք:

Ես մեկ տարի ուսաանել եմ Գերմանիայում, և իմ ուսանելու ժամանակ, երբ բուժառուն դիմում էր կոտրվածքով կամ ինչ-որ առողջական խնդրով, քիչ էին հանդիպում դեկոմպենսացված վիճակում գտնվող բուժառուներ. օրինակ` շաքարային դիաբետով, զարկերակային հիպերտենզիայով բուժառուները միշտ գտնվում էին կոմպենսացված վիճակում: Իսկ մեր երկրում շատ հաճախ բուժառուները գտնվում են դեկոմպեսացված վիճակում, դա խոսում է այն միասին, որ դեռևս հասարակության շրջանում ընդունված չէ վաղ դիմել առաջնային օղակ: Բնականաբար, ոչ բոլորը կարող են վճարել բժշկին այցելելու համար, բժշկությունը չի կարող լինել անվճար, դրա համար վճարում է կամ պետությունը, կամ ապահովագրական ընկերությունները, կամ ինքը` բուժառուն։

-Բժիշկ, ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս ասոցիացիաները բժիշկներին։

-Ասոցիացիաների գործունեությունը, կարծում եմ, նույնպես պետք է համակարգվի պետության կողմից։ Եվրոպական երկրներում ասոցիացիաները ունեն բավականին լուրջ և ծանրակշիռ դեր։ Ցավոք, Հայաստանում դեռևս լիարժեք համակարգված չէ ասոցիացիաների դերը։ Կարծում եմ` անհրաժեշտ է որոշակի ժամանակ այն կարգավորելու համար:

-Իսկ որպես վերջաբան` Ձեր մաղթանքն ու հորդորը մեր հասարակությանը։

-Կցանկանամ, որ մեր հասարակությունը ապրի խաղաղ և արարող երկրում, փորձենք զերծ մնալ սթրեսային իրավիճակներից, քանզի մենք այսօր ապրում ենք անընդմեջ լարված իրավիճակներում։ Մեր հասարակությունը լինի առողջ, չբախվեն հիվանդությունների բարդացած դեպքերի, փոխեն կյանքի որակը, առողջ կենսակերպ վարեն, ժամանակին դիմեն բժշկի և աշխատեն միշտ ժպտալ, քանզի ժպիտը կարող փոխել քեզ շրջապատող աշխարհը։  Կցանկանամ, որ գա մի ժամանակաշրջան, երբ մեր հանրության բոլորը շերտերը օգտվեն բժշկական ապահովագրությունից, ոչ թե միայն հատուկ սոցիալական խմբերում ընդգրկվածները։ Այդ ժամանակ, վստահ եմ, արդեն առաջին իսկ խնդրի դեպքում անմիջապես կդիմեն  բժշկի, քանի որ առողջությունը մարդկության կարևորագույն պարգևն է: Ցանկացած բժշկի համար մեծ պարգև և ուրախություն է, երբ իրեն դիմած բուժառուն ապաքինվում և վերադառնում է լիարժեք առօրյա կյանքի։ Կարծում եմ, որ դրանից մեծ պարգև բժշկի համար չի կարող լինել:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր