Կոզիրյոկ սրճարան
- Տնօրեն: Նորայր Մելոյան
- Հասցե: ՀՀ, ք. Երևան, Մաշտոցի պող. 37
- Հեռ․: +374 91 106 121; +374 10 539 461
- Աշխ․ ժամեր: Աշխատանքային ժամեր - Երկուշաբթի-Կիրակի 9:30 - 1:00
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Այսօր կպատմենք մի վայրի մասին, որը երկար տարիներ մարմնավորում էր Երեւանի այն մթնոլորտը, որը, շատերի պնդմամբ, արդեն չկա: «Երեւան. XX դար» նախագծի այսօրվա «հերոսը» «Կոզիրյոկն» է` Երեւանի ամենահայտնի սրճարանը: Իհարկե, այս միայն սրճարան անվանելը ճիշտ չէ` այն մի վայր էր, որտեղ մարդիկ սիրում էին, վիճում էին, կարդում էին, գրում էին… Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել` «Կոզիրյոկ»-ում մարդիկ մի ամբողջ կյանք էին ապրում:
Կինոգետ Դավիթ Մուրադյան`«Կոզիրյոկը» քաղաքային կենցաղի խորհրդանիշն էր
«Կոզիրյոկ» սրճարանը բացառիկ վայր է: Տիկին Հռիփսիկը այսօր էլ մոր պես ընդունում է մեզ: Երբ տեսնում է սրճարանում իր «պատմական» հաճախորդներին, կտրականապես հրաժարվում է սուրճի դիմաց գումար վերցնել:
«Կոզիրյոկ» անվանումը հենց հաճախորդներից է եկել՝ սրճարանի ծածկի, այսպես կոչված «կեպիի» շնորհիվ:
Երբ մարդու կյանքում ամեն ինչ փոխվում է, մի թել է մնում, որը կապում է ներկան անցյալի հետ: Մեր պարագայում դա «Կոզիրյոկն» է: 60-ականների կեսերից այն երեւանյան սակավաթիվ սրճարաններից էր եւ քաղաքային կենցաղի խորհրդանիշը:
«Կոզիրյոկը» Օպերայի եւ բալետի թատրոնի աշխատակիցների սիրելի վայրն էր: Համերգներից եւ փորձերից հետո միշտ գալիս էին այստեղ: Հաճախ կարելի էր տեսնել բալետմայստեր Վիլեն Գալստյանին, երգիչ Գեղամ Գրիգորյանին:
Երեկոյան «Կոզիրյոկում» հնարավոր չէր ազատ աթոռ գտնել: Գոյանում էին պաղպաղակի եւ սուրճի հերթեր: Պաղպաղակը մատուցում էին ալյումինե ափսեներով: Վճարելով 4 ռուբլի 50 կոպեկ, գնում էինք պաղպաղակ եւ շամպայն, որն ըմպում էինք սովորական հաստաշուրթ բաժակներով: Իսկ եթե գալիս էին տիկին Հռիփսիկի լավ ծանոթները, սուրճը կարող էին ստանալ առանց հերթի՝ ետեւի դռնից: Այդ տարիներին սրճարանում քառակուսի սեղաններ եւ ծանր մետաղյա աթոռներ էին դրված:
Իրեն «քաղաքի տղա» համարող ցանկացած երիտասարդ շաբաթական 2-3 անգամ անպայման այցելում էր «Կոզիրյոկ»:
Այստեղ նստած կարդում էինք Իլյա Էրենբուրգի հուշերը, ընթերցում էինք «Գարուն» եւ «Иностранная литература» ամսագրերի վերջին համարները: Այստեղ տեղի էին ունենում նաեւ ֆուտբոլային քննարկումներ. այդ տարիներին «Արարատը» վերելք էր ապրում: Սրճարանի ետեւի շենքում ապրում էր Ավետիք Իսահակյանի որդին՝ Վիգեն Իսահակյանը: Միշտ կոկիկ հագնված իջնում էր եւ նստում սրճարանում: Հաճախ էինք զրույցում, պատմում էր իր փարիզյան կյանքից: Հպարտանում էինք, որ Երեւանում մի մարդ կա, ով զրուցել է Ֆեդերիկո Գարսիա Լոռկայի հետ…
80-ականների վերջերին, երբ Սարյանի պուրակում սկսեց գործել վերնիսաժը, «Կոզիրյոկը» նոր կյանք ստացավ: Հետագայում, նրա աստղը կամաց-կամաց մարեց. մենք մեծացանք, նոսրացավ մարդկային միջավայրը:
Այժմ «Կոզիրյոկում» ավելի հաճախ տեսնում եմ ալեհեր մարդկանց, որոնք գտնվում են իրենց հուշերի վայրում:
«Կոզիրյոկի» մշտական այցելու Սիմոն Սնխչյան` սա մի վայր էր, որտեղ կարելի էր հետեւել երեւանյան կյանքի ընթացքին
Մեր բոլոր դարդերը, ուրախությունները կիսում ենք «Կոզիրյոկում»: Կարելի է ասել, որ «բարեւի» համար ենք գալիս այստեղ: Եվ մեր խորին հարգանքն ենք հայտնում տիկին Հռիփսիկին՝ այսքան տարի մեր սրճարանը եւ մեր հին, սիրված Երեւանից մի փոքր կտոր պահպանելու համար: Այսօր արտասահմանից եկած հյուրերին բերում ենք «Կոզիրյոկ»՝ նույն լոլիկով ձվածեղն ուտելու: Հռիփսիկը այն ֆանտաստիկ համեղ է պատրաստում՝ չուգունե թավայի մեջ, ավելացնելով մեկ հատ կծու պղպեղ…
Դեռ պապս էր այստեղ գալիս, հայրս մայրիկիս այստեղ ժամադրություն էր նշանակում: Սա մի վայր էր, որտեղ կարելի էր հետեւել երեւանյան կյանքի ընթացքին: Եվ մենք գալիս ենք այս սրճարան՝ մեր հին ու բարի քաղաքի կարոտն առնելու…
Սին-Ծյաու` այստեղ զգում ենք, որ սա Երեւանն է
Որպես բարմեն սկսել եմ աշխատել Թումանյան փողոցի վրա գտնվող «Ծաղիկ» բարից, հետո աշխատել եմ Կինո Մոսկվայի ամառային դահլիճի սրճարանում, Կինոյի տան ջազ ակումբում, «Թիթեռ» բարում եւ այլն:
Ցավում եմ, որ այսօր միայն «Կոզիրյոկում» է մնացել այն հին մթնոլորտից, որը կար տարիներ առաջ…. «Պոպլավոկը» վաղուց այն չէ, «Սկվոզնյակը» ընդհանրապես գոյություն չունի, միայն այստեղ, տիկին Հռիփսիկի մոտ, զգում ենք, որ սա Երեւանն է:
Ուրախ եմ ասել, որ շուտով Կինո Պիոների շենքում բացվելու է «Երեւանը մենք ենք» կամ «Ֆորշ փաբը», որը մի երեւանյան օջախ է լինելու՝ ի ուրախություն բոլորիս:
Մի հատված եմ ցանկանում կարդալ Վարուժան Խաստուրի «Բոհեմ Երեւանյան» պոեմից` հեղինակը չափազանց ճշգրիտ է նկարագրում մեր զգացմունքները՝ այսօրվա Երեւանի նկատմամբ.
«Գնամ ինձ կանչող գինետունը բաց
Հարբեմ ու ընկնեմ փողոցը քնած
Հերն էլ անիծած վաղվա հոգսերի
Վերջին հարբեցողն եմ Էրեւանի»:
ՀՀ Վաստակավոր արտիստ, պրոֆեսոր, ֆլեյտահար Տիգրան Գեւորգյան` օրվա վերջում պարտադիր պետք է «իջնեիր Կոզիրյոկ»
«Կոզիրյոկը» զարմանալի երեւույթ էր, քանի որ այն ձգում էր եւ կապում էր մարդկանց միմյանց հետ: Դա մի վայր էր, որտեղ դու քեզ ապահով էիր զգում, կարող էիր ոչ մեկին չճանաչելով նստել եւ վստահ լինել, որ քեզ շրջապատող մարդիկ եւ դու «մի արյունի եք»:
Եթե «Պոպլավոկում» հիմնականում հավաքվում էին դերասանները, «Սկվոզնյաչոկում»` գրողները եւ նկարիչները, ապա «Կոզիրյոկում» հավաքվում էին ամենատարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ: Այդ փոքր տարածքում սեղանները բաշխվում էին ըստ մասնագիտությունների. ճարտարապետներ, դասական երաժիշտներ, ռոք եւ ջազ երաժիշտներ, երգիչներ, պարողներ, դերասաններ....ամեն մասնագիտություն սրճարանում «իր» սեղանն ուներ:
Չեմ կարող չառանձնացնել ֆիզիկոսներին` նրանցից կարելի էր ստանալ ձեզ հետաքրքրող ցանկացած հարցի պատասխանը: «Իջնում» էինք «Կոզիրյոկ» ոչ միայն սուրճ ըմպելու, այլ նաեւ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելու, նորը ճանաչելու համար: Հենց այդպես էլ ասում էինք`«իջնել Կոզիրյոկ» եւ նշանակություն չուներ, թե որտեղից էիր «իջնում»` կոնսերվատորիայից, թե, օրինակ, Կոմիտաս փողոցից: Աշխատանքային օրվա վերջում պարտադիր պետք է «իջնեիր կոզիրյոկ», տեսնեիր, ով կա, նոր գնայիր տուն: Նույնիսկ եթե ազատ տեղ չէր լինում, մարդիկ սուրճը վերցնում էին եւ ծառերի տակ նստում: Մի գավաթ սուրճի շուրջ տեղի էին ունենում ինտելեկտուալ հավաքներ, ծնվում էին լուրջ մտքեր, գաղափարներ....
Սուրճի համար հերթեր էին գոյանում, երկար սպասում էինք, սակայն երբեմն չէինք համբերում եւ 10 կոպեկ ավել վճարելով` ստանում էինք այն ետեւի մուտքից: Այդ տարիներին ընդունված էր սրճարաններում շամպայն ըմպելը: Հիշում եմ նաեւ թաց «պերոժնին», որի արժեքն էր 22 կոպեկ:
«Կոզիրյոկում» տեղի էր ունենում նաեւ ձայնասկավառակների փոխանակում: Թերթի մեջ փաթաթված Led Zeppelin-ի, Pink Floyd-ի, Black Sabbath-ի ձայնասկավառակները (ցանկացած իրեն հարգող մելոման պետք է իմանար վինիլային ձայնասկավառակը թերթի մեջ փաթաթելու ճիշտ ձեւը) բերվում էին «Կոզիրյոկ» եւ ձեռքից ձեռք փոխանցվում: Նույնը վերաբերում էր գրքերին: Հենց այստեղ շատերն առաջին անգամ լսեցին Կոբո Աբեի կամ Հերման Հեսեի մասին: Երբեմն տեղում նստում էին եւ բարձրաձայն կարդում:
«Կոզիրյոկը» շատ հետաքրքիր եւ կոլորիտային մշտական այցելու ուներ. դա նախկին բռնցքամարտիկ եւ թաղային հեղինակություն Բզնունի Սպոն էր`բոլորի կողմից անչափ հարգված մի անձնավորություն: Նրա հետ կարող էիր քննարկել Ռիլկեի բանաստեղծությունը կամ Կուպերենի կլավեսինային արվեստը, ընդ որում նա խոսում էր միայն մաշտոցատառ հայերենով: Կարելի է ասել, որ Բզնունի Սպոն «Կոզիրյոկի» հրեշտակ-պահապանն էր, ով հսկում էր այնտեղի անդորրը: Նրա ներկայությամբ ոչ ոք իրավունք չուներ բարձրաձայն խոսել, վիճել…Միակ բարձր ձայնը, որ կարող էիր լսել, դա Հռիփսիկի ձայնն էր, որն ասում էր. «Երեկվա նստողները` վեր կացեք»: Սեփական փորձից կարող եմ ասել, որ այնտեղ ամեն ինչը վստահության վրա էր կառուցվում: 1989-թ-ին ԱՄՆ-ում էի, եւ ինձ խնդրեցին մեծ գումար հասցնել Երեւան: Կոնկրետ հասցեն դժվարացան նշել եւ ասացին, որ թողնեմ գումարը Հռիփսիկի մոտ` այնտեղից գումարը կգան կվերցնեն: Այդպես էլ եղավ: Հետագայում իմացա, որ դա շատ ընդունված էր. ցանկացած իր կամ գումար կարող էիր թողնել Հռիփսիկին եւ վստահ լինել, որ այն երբեք չի կորչի: Դա հատկապես արդիական էր 90-ականներին, կապի ավանդական միջոցները խզված էին եւ «Կոզիրյոկի» շնորհիվ մարդկանց հաջողվում էր միմյանց օգնել: Երբեմն Հռիփսիկը բարկանոմ էր եւ ասում էր. «Վերջ, էլ ոչինչ չեմ փոխանցելու», սակայն միեւնույնն է, երբեք չէր մերժում:
«Կոզիրյոկում» տիկին Հռիփսիկը բոլորիս մայրն էր: Միշտ պատրաստ էր հասնել, օգնել: Շատ յուրահատուկ հատկություն ուներ` միանգամից զգում էր տաղանդավոր մարդկանց: Եթե հանկարծ ինչ-որ մեկը դժվար ժամանակներ էր ապրում, սկսում էր չարաշահել խմիչքը, ապա Հռիփսիկը սկսում էր հոգ տանել նրա մասին, ժամերով զրուցում էր հետը` խնդրում էր, զայրանում էր, նույնիսկ կարող էր հետեւել այդ մարդուն: Ամեն ինչ անում էր, որ նա չկործանվի:
Մի անգամ սրճարանի մոտ ավտովթարի ականատես եղա: Հռիփսիկը մեկ ակնթարթում մոբիլիզացրեց «Կոզիրյոկի» «բնակիչներին» եւ առաջին օգնությունը տուժածին ցուցաբերվեց հենց այնտեղ:
Իհարկե, այսօր «Կոզիրյոկն» արդեն նախկինը չէ, սակայն մթնոլորտը, օդը, ծառերը նույնն են մնացել: «Կոզիրյոկի դպրոցն» անցել են համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ`Գեղամ Գրիգորյանը, Բարսեղ Թումանյանը, ջութակահար Ժան Տեր-Մերգերյանը եւ շատ ուրիշներ: Մի քանի տարի առաջ «Կոզիրյոկում» հանդիպեցի Ռոման Բալայանին: Մոտեցա, զրուցեցինք: Նա ասաց, որ իրեն հրավիրում են լավագույն ռեստորանները, իսկ ինքը ուզում է «Կոզիրյոկում» նստել, քանի որ այս տեղը աննկարագրելի զգացմունքներ է առաջացնում:
Երբ շփվում եմ արտասահմանում բնակվող ընկերներիս հետ, ավանդական հարցերի շարքում պարտադիր հնչում են «Ո՞նց ա Հռիփսիկը», «Ո՞նց ա մեր «Կոզիրյոկը» հարցերը:
19 տարեկան էի, երբ ամուսնացա ու տեղափոխվեցի Կոնդ: 1951 թ-ին ամուսնուս զորակոչեցին բանակ, եւ մենք հայտնվեցինք շատ ծանր վիճակում: Ստիպված սկսեցի աշխատել «Կոզիրյոկի» դիմացը գտնվող «Ջրերի խանութում» (այժմ նրա տեղում օծանելիքի խանութ է): Մի շաբաթ աշխատում էի, մի շաբաթ` հանգստանում: Աշխատանքային օրս վերջանում էր կեսգիշերին: Տնօրենը` պարոն Գեւորգյանը չափազանց խիստ մարդ էր: Մի անգամ դռները 5 րոպե շուտ էի փակել, ստիպեց կրկին բացել, մինչեւ այդ հինգ րոպեն լրացավ:
Խանութում աշխատեցի վեց տարի: Մի օր տնօրենը հանձնարարություն ստացավ` բացել քաղաքի առաջին «մարոժնիանոցը»: Գեւորգյանն ասաց, որ այն կբացի հենց խանութի դիմացը: Խանութում երեք բաժին կար ու վեց աշխատող` բոլորը, բացի ինձանից, ցանկություն հայտնեցին տեղափոխվել այնտեղ: Իսկ ես անհանգստանում էի, որ ինչ-որ բան սխալ կանեմ: Սակայն տնօրենս ասաց` «Դու երիտասարդ ես եւ ամեն ինչ կսովորես»: Այդպես էլ եղավ. եկա ու հավերժ «Կոզիրյոկ»-ում մնացի: Այստեղ աշխատելու համար ստացել եմ «Աշխատանքի վետերանի» կոչում:
Նախկինում «Կոզիրյոկ»-ի փոխարեն այգի էր, կողքով էլ գետակ էր անցնում: Այն բարձր ծառերը, որ այժմ տեսնում եք, շատ փոքր էին: Այս ծառերն արդեն ավելի քան 60 տարեկան են:
Ամենասկզբում սրճարանը կոչվել է «268 տաղավար»: 1960-ական թվականներին ուսանողությունը սկսեց այն անվանել «Կոզիրյոկ»` կլոր ծածկի պատճառով:
«Կոզիրյոկ»-ում վաճառվում էր պաղպաղակ եւ սուրճ: Պաղպաղակը լինում էր լավը եւ վատը: Լավ պաղպաղակի 100 գրամն արժեր 19 կոպեկ, վատը՝ 13 կոպեկ: Սուրճի գինը 7 կոպեկ էր: Ավելի ուշ սկսեցինք շամպայն վաճառել, որի գինը 2 ռուբլի 30 կոպեկ էր: Սուրճի բաժակների պոչերը հատուկ կոտրում էինք, որպեսզի չգողանան:
«Կոզիրյոկում» ով ասես եղել է` Հրաչյա Ներսիսյանը, Մհեր Մկրտչյանը, Դավիթ Մալյանը, Կարեն Ջանիբեկյանը, ում որդին հիմա էլ գալիս է այստեղ: Այն ժամանակ մատուցողներ չունեինք, ինքնասպասարկում էր, այցելուները գալիս ու պատուհանից վերցնում էին իրենց պատվերը: Սակայն իմ ամենասիրված ու հարգված այցելուներին ինքնս է տանում պատվերները: Մատուցողները հայտնվեցին սրճարանը սեփականաշնորհելուց հետո:
Երբեմն կռիվներ էին լինում: Երբ 1960-ական թվականներին աղջիկները սկսեցին կարճ շրջազգեստներ հագնել, դա մշտական վեճերի առիթ էին հանդիսանում: Միշտ խառնվում էի, փորձում էի հանգստացնել, հանդարտեցնել կռվարարներին:
Մի անգամ, սովորական աշխատանքային օր էր, կողքի շենքի պատշգամբում նկարահանում էին «Տղամարդիկ» ֆիլմից մի դրվագ: Հանկարծ նկատեցի, որ Ֆրունզիկը չկա: Մտքովս չգիտես ինչու անցավ, որ պատշգամբից ընկել է: Սրճարանի դրամարկղը առանց հսկողության թողնելու` վազեցի այնտեղ: Բարեբախտաբար, ոչինչ չէր պատահել, պարզապես նկարահանումերն արդեն ավարտվել էին:
20 տարի առաջ, երբ սկսեցի սեփականաշնորհման գործընթացը, հարկավոր էր սրճարանին անվանում տալ: Մի բժիշկ կար, նա ասաց. «Ճիշտ կլինի, եթե սրճարանը ձեր անունով կոչվի»: Այդպես էլ արեցի: Այժմ «Կոզիրյոկ» անվան տակ առկա է նաեւ «Հռիփսիմե» ցուցանակը: Այսօր ինձ մոտ նաեւ նոր սերունդն էլ է գալիս, շատերը իմ հին հաճախորդների երեխաներն են:
Արվեստագետ Սէվ (Sev)` բազմազանությունն այստեղ ամրագրված էր չգրված օրենքներով
1970-1984 թվականներին այցելում էի «Պոպլավոկ»: «Սկվոզնյաչոկում» կամ «Սկվոզնյակում» հիմնականում նկարիչներն էին հավաքվում ու այնտեղի մթնոլորտը ավելի «ակադեմիական» էր: «Պոպլավոկում» ավելի դեմոկրատական էր:
«Կոզիրյոկի» իմ շրջանը սկսվեց, երբ բանակից վերադարձա: Սկսեցի շփվել նոր մարդկանց հետ: Նրանցից էին Քիքին (Գրիգոր Միքայելյանը), Արմեն Հաջյանը, Գրիգոր Խաչատրյանը, Պոպ-Արտ Էդոն:
«Կոզիրյոկում» էին հավաքվում ճանաչված արվեստագետները` Վիգեն Թադեւոսյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Վարդան Թովմասյանը, ուրիշներ:
«Մի ոտքով» «Պոպլավոկում» էի, մյուս ոտքով` «Կոզիրյոկում»: Ի վերջո, կողմնորոշվեցի դեպի «Կոզիրյոկ»: Մինչեւ բանակ գնալս ինձ մեջ ավելի շատ գրող էի տեսնում: «Կոզիրյոկում» շփվելով մարդկանց հետ, հասկացա, որ կա ավանգարդ արվեստ, որը ֆորմալ սահմաններ չունի: «Կոզիրյոկում» հանդիպում էի նոր մարդկանց, գնում էի նրանց արվեստանոցները, տեսնում էի, թե ինչպե՞ս են աշխատում, ինչի մասին են խոսում:
«Թաղի տղաները» «Կոզիրյոկում» նստում էին ձախ մասում, մի քանի սեղաններ կային`«ամրագրված» նրանց համար: Սակայն նրանց գոյակցությունն այլ այցելուների հետ խաղաղ էր: Երեւանի եզակի վայրերից էր, որտեղ կարող էիք կողք կողքի տեսնել «գողականներին» եւ հիփիներին: «Պոպլավոկում» «թաղի տղերքը» միշտ «վերխ ունեին», «Կոզիրյոկում» այդպես չէր: Փաստորեն, բազմազանությունը դեռ այն տարիներին այստեղ ամրագրված էր չգրված օրենքներով:
1988 թվականին «Կոզիրյոկ»-ում նստած էինք, ռուս տղաներ մոտեցան, պարզվեց, որ «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթի թղթակիցներ են: Մի քանի օր անց «Կոմսոմոլսկայա պրավդա»-ում հոդված տպագրվեց` “Cамое философское кафе Советского Союза”:
Եթե չլիներ «Կոզիրյոկը», չէր լինի նաեւ «վերնիսաժը»: Նկարիչ ՖԼՕՔՖ-ը դեռ 1984-1985 թվականներին իր գործերը ցուցադրում ու վաճառում էր «Կոզիրյոկ»-ի հարակից այգում, ինչպես նաեւ Կոնսերվատորիայի այգում: Շատ անսովոր էր երեւույթ էր: Երբեմն նկարները դիտավորյալ «թարս» էր դնում` լրացուցիչ ուշադրություն գրավելու համար: Մի օր ՖԼՕՔՖ-ին ասացի. «Կարո՞ղ եմ ես էլ իմ գործերից ցուցադրել»: Ասաց`«ոչ» ու նրա պատասխանի տոնից հասկացա, որ իրականում տարօրինակ հարց տվեցի: Այդպես սկսեցի նաեւ իմ աշխատանքներս ցուցադրել: Այդ տարիներին Սարյանի այգին դեռ ցանկապատված էր ու մեր գործերը փակցնում էինք ցանկապատին: Այդ շրջանում այգի հաճախ էր գալիս Կարեն Դեմիրճյանը` հետեւում էր Լեւոն Թոքմաջյանի աշխատանքին, ով ավարտում էր Մարտիրոս Սարյանի արձանը: Մի օր Դեմիրճյանը, տեսնելով մեզ ու մեր գործերը, ասաց. «Համբերեք, մի բան կմտածենք ձեզ համար»: Հետո լեգենդ տարածվեց, որ վերնիսաժ բացելու մտահղացումը հենց Դեմիրճյանինն էր:
1986թ. սեպտեմբերին երկրորդ անհատական ցուցահանդեսս ունեցա հենց Սարյանի այգում:
1986 թվականին Արմեն ֆօն Գեւորգյանի հետ ստեղծեցինք «Այսօր» «սամիզդատ» ամսագիրը: «Այսօր»-ի խմբագրության մի մասը Տնտեսագիտության ինստիտուտում էր, մյուս մասը`«Կոզիրյոկում»: Սրճարանի աջ մասի սեղաններից մեկը «Այսօր»-ի խմբագրությունն էր: Ամսագիրը վաճառում էինք վերնիսաժում, Սարյանի արձանի անմիջական հարեւանությամբ: 1992 թվականին «Այսօր»-ը պաշտոնապես գրանցվեց ու սկսեց լույս տեսնել մեծ տպաքանակով: Ու էլի մի որոշ ժամանակաշրջան որպես խմբագրություն«Կոզիրյոկն» էր ծառայում:
Ֆորշ` «Հռիփսիկը շամպայն հյուրասիրեց Գիլանին»
Արդեն երկար տարիներ գալիս եմ այս «տունը»: Յուրաքանչյուր օրս Կոզիրյոկից է սկսվում: Առավոտյան գալիս եմ այստեղ, շունչս բացվում է, ու հետո շարունակում եմ օրս:
Ի դեպ, «Կոզիրյոկի» պատերը Վահան պապս էր շարել: Նախկինում, սպասարկման կետի փոխարեն «պատուհանիկ» էր: Այստեղ մատուցում էին պաղպաղակ, ավազի վրա եփած սուրճ եւ շամպայն:
«Կոզիրյոկ» մշտապես եկել ու գալիս են քաղաքի ամենակարգին երեւանցիները: Այս սրճարանը շատ մեծությունների սիրելի վայրերից էր, այստեղ կարելի էր տեսնել Քոչարին, Շիրազին, Իսահակյանին:
Հռիփսիկը պատրաստում է աշխարհի ամենահամով լոլիկով ձվածեղը: Իսկ ամեն տարվա հոկտեմբերին նա կանչում է իր ամենամտերիմ հաճախորդներին` տոլմա ուտելու եւ իր «քաշած» գինին խմելու: Այդ օրը Հռիփսիկը մոտենում է ինձ եւ ականջիս ասում. «Մի 5-6 մոտիկներով հավաքվեք` տոլմա եմ պատրաստել»:
1990 թվականի մայիսին այստեղ շամպայն եմ խմել Deep Purple-ի Իէն Գիլանի հետ: Նա համերգներով ժամանել էր Հայաստան, եւ, իհարկե, իրեն չէին կարող «Կոզիրյոկ» չտանել:
Image Gallery
https://www.bestgroup.am/%D5%A6%D5%BE%D5%A1%D6%80%D5%B3%D5%A1%D5%B6%D6%84,-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A3%D5%AB%D5%BD%D5%BF/%D5%BD%D6%80%D5%B3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%C2%AD/253-%D5%AF%D5%B8%D5%A6%D5%AB%D6%80%D5%B5%D5%B8%D5%AF-%D5%BD%D6%80%D5%B3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6#sigProIda0a0f0c0ec