ՀԱՅԿ ԲԱԼԱՅԱՆ

(0 votes)

ՀԱՅԿ ԲԱԼԱՅԱՆ. «Բժշկությունը այն մասնագիտություններից է, որին լիարժեքորեն տիրապետելու համար ամբողջ կյանքի ընթացքում պարտավոր ես սովորել»

Ժամանանակից վիրաբուժությունն  ու  զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իրականացնել քիչ տրավմատիկ միջամտություններ, որոնք նաև հետագայում երաշխավորում են հետվիրահատական կարճ շրջան և արագ ապաքինում: 

Լապորասկոպիկ վիրաբուժությունն իր ոլորտում համարվում է բեկումնային և առավել հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Մի շարք վիրաբուժական միջամտությունների դեպքում այն ապահովում է բարձր ճշգրտություն և որակյալ արդյունք, առանց ավանդական կտրվածքի և նորագույն տեխնոլոգիաների կիրառման,  հոսպիտալացման սեղմ ժամկետով, ապաքինման կարճ ժամանակահատվածով և գոհացուցիչ կոսմետիկ արդյունքներով:

Միևնույն ժամանակ, լապորասկոպիկ վիրաբուժությունը պահանջում է վիրաբույժի` առավել խորը հմտություններ և նմանատիպ վիրահատությունների համար նախատեսված բժշկական սարքավորումների հետ աշխատելու փորձառություն:

Մեր զրուցակիցն է բժշկական  գիտությունների թեկնածու, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական  համալսարանի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ,  Ռուսաստանի Դաշնության լապորասկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ, «Երևան»  բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության  բաժանմունքի ղեկավար, «Մեդլայն կլինիկ» բժշկական կենտրոնի Հալաբյան մասնաճյուղի էնդոկրին վիրաբուժության ծառայության ղեկավար Հայկ Բալայանը: Պարոն Բալայանը մասնակցել է բազմաթիվ կոնգրեսների և գիտագործնական կոնֆերանսների՝ նվիրված վիրաբուժության արդիական հարցերին: Բժիշկը պաշտպանել է թեկնածուական թեզ «Ավագ տարիքային խմբի բարձր վիրահատական ռիսկով հիվանդների մոտ  քիչ ինվազիվ վիրաբուժական միջամտությունների կիրառման արդյունքները սուր քարային խոլեցիստիտի դեպքում» թեմայով: Նա հեղինակ է ավելի քան 30 գիտական աշխատանքների, որոնք հրատարակվել են Հայաստանի, Ռուսաստանի և արտասահմանյան մի շարք երկրների բժշկական մասնագիտական ամսագրերում և հանդեսներում: 

Բժիշկն այն եզակի անհատներից է, որն առանձնանում է մարդկային բարձր արժեքներով, իր գործին, իր հայրենքին նվիրվածությամբ ու անսահման համեստությամբ: Երկրում տեղի ունեցող որևէ իրադարձությունից անմասն չէ, միշտ հայրենիքի հոգսերին արձագանքող, այդ հոգսերով ապրող ու մտահոգ մարդ է։ 

Հատուկ սեր է տածում երիտասարդ ուսումնատենչ կադրերի հանդեպ, անշահախնդիր խրախուսում է և օգնում բոլորին և այդ ամենը՝ առանց ցուցադրման: Մարդու մեջ բարձր է գնահատում աշխատասիրությունը, ճշտապահությունն ու պարկեշտությունը, պատասխանատվության զգացումը, օժտված է հայ մարդուն զարդարող հատկանիշներով, մարդկային-բարոյական բարձր նկարագրի տեր է, բարեկամասեր է, ընկերասեր: Աշխատանքը նրա տարերքն է, իր ապրելակերպը: Հայրենիքը նրա համար յուրատեսակ սրբավայր է, որին կապված է իր ողջ էությամբ: 44-օրյա պատերազմի առաջին օրը  Հայկ Բալայանը   կամավոր մեկնեց ռազմաճակատ՝ ավագ որդու՝ ժամկետային զինծառայող՝ կրտսեր Զորի Բալայանի հետ՝կենաց ու մահու կռիվ տալով հայրենի հողը պաշտպանելու համար:  Բժիշկը եղավ պատերազմական ամենաթեժ կետերում, կողք կողքի հավասար մարտնչեց շարքային զինվորների  հետ՝ արժանի հակահարված հասցնելով թշնամուն և պաշտպանելով հայրենի հողը: Սպիտակ բանակի մարտիկը կատարել է մի շարք վիրահատություններ առաջնագծի մոտ ինքնաշեն կահավորված հոսպիտալում, առաջին բուժօգնություն է ցուցաբերել բազմաթիվ վիրավոր զինվորներին անմիջապես մարտական գործողությունների ժամանակ:

Իր բազում պարգևներից և կոչումներից, իր բարձր հեղինակությունից բժիշկը երբեք չի մեծամտանում, բժշկությանը ամբողև էությամբ սիրահարված մարդ է, միշտ զգոն և աչալուրջ, միշտ աշխատասեր ու պահանջկոտ: Որքան էլ գայթակղիչ է բժշկի աշխատանքը, նույնչափ պարտավորեցնող և դժվար է, ու ըստ մեր զրուցակցի՝ բազմակի անգամ ավելի մեծ մարդասիրություն, համբերություն, բարություն է պահանջում, քան շատ այլ մասնագիտություններ։ Բժիշկն այս համոզմանն է եկել իր աշխատանքի ընթացքում, նա  ի սկզբանե գտել է հաջողության բանալին. դա  մարդասիրությունից ծնված սերն է իր հիվանդների հանդեպ:

Բոլորիս լավ հասկանալի է հիվանդի հոգեբանությունը։ Լավագույն բժիշկ փնտրելիս ու ընտրելիս հիվանդը ոչ պակաս կարևորում է մարդկային վերաբերմունքը: Բուժմանն հավասար՝ հիվանդին  իր առողջությամբ մտահոգ, իր մասին ոչ միայն մասնագիտորեն, այլ նաև մարդկայնորեն հոգ տանող բժիշկ է հարկավոր: Միայն այս երկուսի զուգակցությամբ կարող է ձևավորվել  բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, որի առկայությունն ինքնին վստահության և բուժման արդյունավետության գրավական է:       

-Պարո՛ն Բալյան, ինչո՞ւ ընտրեցիք հենց բժշկի՝ բավականին  բարդ ու  պատասխանատու մասնագիտությունը:  Գուցե դա ընտանեկան ավանդո՞ւյթ է:

 -Կա այդպիսի բան․ ծնվել եմ տոհմային բժիշկների ընտանիքում, իմ հայրիկը, մայրիկը, քույրիկներս, մորեղբայրը, մորեղբորս տղան, տատիկը բժիշկներ են, որոնք հազարավոր հիվանդների են ապաքինել, վերստին կյանք պարգևել, անքուն գիշերներ են անցկացրել հիվանդի սնարի մոտ։ Այսպես, բժշկի կենսակերպը մանկուց է իմ մեջ սերմանվել,  և ահա թե ինչու  վստահ կարող եմ ասել, որ մասնագիտության ընտրության հարցում ինձ կոնկրետ դրդող կամ ուղղորդող չի եղել: Իմ  ծնողները նույնպես չեն ուղղորդել կամ նպաստել իմ ընտրությանը։ Դա բացառապես եղել է ի՛մ   ընտրությունը։ Ասեմ ավելին՝ դեռ մանկուց իմ մեջ տպավորված է եղել, որ իմ ապագան հենց բժշկի մարդասիրական առաքելությունն է ու, իհարկե, իմ ցանկությամբ էլ ընտրեցի բժշկի մասնագիտությունը և այս ընտրությանս համար նույնիսկ մեկ վայրկյան չեմ զղջում: Բժշկի մասնագիտությունը, իհարկե, բավականին ծանր, բայց նաև իսկական նվիրում է, նվիրյալներին հատուկ աշխատանք, վեհ աշխատանք, մարդասիրական աշխատանք։ Չէ՞ որ բժշկի վեհ առաքելությունն է վերականգնել, մարդկանց վերադարձնել ամենաթանկ բանը կյանքում` առողջությունը, լիարժեք ապրելու իրավունքը: Եթե մարդ կորցնում է առողջությունը, նա, ըստ իս, կորցնում է ամեն ինչ: Ու եթե ինձ կրկին ընտրության հնարավորություն ընձեռնվեր, առանց մեկ վայրկյան իսկ վարանելու դարձյալ կընտրեի բժշկի մասնագիտությունը: Բժշկությունը նաև այն մասնագիտություններից է, որին լիարժեքորեն տիրապետելու համար ամբողջ կյանքի ընթացքում պարտավոր ես սովորել, որպեսզի կարողանաս ձեռքդ մշտապես պահել ոլորտի նորարարությունների զարկերակին, հետամուտ լինել այդ ասպարեզի  վերազինումներին: Հակառակ դեպքում կդոփես տեղում, և հիվանդի բուժումն էլ ոչ լիարժեք կիրականացվի: Իմ կարծիքով, բժշկությունը և՛ մասնագիտություն է, և՛ կոչում։ Մինչև իսկ կարող ես աշխատել բժիշկ, բայց արժանի չլինես բժշկի կոչմանը:

-Խոսեք, խնդրեմ, բաժանմունքի գործառույթներից, ի՞նչ խնդիրների դեպքում մարդիկ կարող են դիմել Ձեզ:

-Ես ընդհանուր, լապարոսկոպիկ և էնդոկրին վիրաբույժ եմ, որը կատարում է որովայնի խոռոչի բոլոր հիվանդություններով պայմանավորված վիրահատություններ, այսինքն՝ լեղաքարային հիվանդություն, որդանման ելունի բորբոքում՝ կույր աղիի, տարատեսակ ճողվածքների վիրահատություններ, աճուկային,  պորտային, ազդրային, հետվիրահատական լյարդի, ստամոքսի, ինչպես նաև՝ ստամոքսի մասնահատման վիրահատություններ,  հետվիրահատական ռեկոնստրուկտիվ միջամտություններ: Պրոկտոլոգիական բոլոր տեսակի վիրահատություններ՝ թութք, հետանցքի  ճաք, պարապրոկտիտներ  մի շարք այլ վիրահատություններ, և, ինչպես նաև վերը նշեցի, էնդոկրին համակարգի՝ վահանաձև գեղձի վիրահատություններ։

Վերապատրաստվել եմ նաև վիրաբուժական ուռուցքաբանության մեջ, կատարում ենք ստամոքսի, հաստ աղու, ինչպես նաև տարատեսակ ուռուցքների վիրահատություններ,

-Բժիշկ, խոսենք, խնդրեմ, լապարոսկոպիկ վիրահատությունների ցուցումների և հակացուցումների մասին: Ո՞ր դեպքերում  են դրանք  ցուցված  կամ  հակացուցված:

-Լապորոսկոպիկ վիրահատությունները բավականին արդյունավետ են։ Ցուցումը որոշվում է՝ տվյալ հիվանդությունից և բուժառուի  վիճակից ելնելով,
եթե տվյալ հիվանդության դեպքում հիվանդի վիճակը թույլ է տալիս տվյալ վիրահատությունը կատարել։ Օրինակ՝ լեղաքարային հիվանդության ժամանակ դա մի ոսկե ստանդարտ է համարվում, նույնիսկ ամենաբարդ դեպքերում, որոնք ժամանակին, այսպես ասած, հակացուցում էին համարվում լապորոսկոպիկ վիրահատությունների համար։ Տարիների մեր փորձը, տեխնոլոգիաների մերօրյա զարգացածությունը նույնիսկ ամենաբարդ դեպքերում թույլ են տալիս դրսևորել  գրագետ բուժմոտեցում։ Սակայն, իհարկե, կան նաև հակացուցումներ, երբ որ տեխնիկապես ուղղակի  անհնար է լինում այդ վիրահատությունը կատարել լապարոսկոպիկ եղանակով, շատ հաճախ ոչ միայն հակացուցում նախքան վիրահատությունը, այլ հենց վիրահատության ժամանակ տեսնում ենք, որ լապորոսկոպիկ եղանակով անհնար է իրականացնել, այսինքն՝ նայած թեըստ իրավիճակի՝ ինչ տեխնիկա կցուցվի, անցնում ենք բաց վիրահատության։ Կան ընդունված հակացուցումներ, ինչպիսիք են մի քանի անգամ տարած որովայնահատումները, տարատեսակ վիրահատությունների արդյունքում կպումները, գործընթաց, որը թույլ չի տալիս շարունակել վիրահատության հետագա ընթացքը: Օրինակ,  հետվիրահատական կրկնվող գիգանտ ճողվածքները, որոնք տեղակայված են լինում որովայնի առաջնային պատին, դժվարեցնում են տեխնիկապես լապորոսկոպիկ եղանակով որովայնի խոռոչի օրգանների  վիրահատություններ կատարել, ինչպես նաև սիրտ-անոթային քրոնիկ հիվանդությունները, ինչպիսիք են թոք-սրտային անբավարարությունները, որոնց դեպքում լապորոսկոպիկ եղանակով  վիրահատությունների ժամանակ կիրառվող գազը կարող է հանգեցնել շնչառական խնդիրների։ Այսինքն՝ կան մի շարք հակացուցումներ, բայց տեխնոլոգիաների զարգացումը, տիրապետումը, գոյություն ունեցող հատուկ մեխանիզմները, որոնց օգնությամբ բարձրանում ենք որովայնի առաջնային պատը հատուկ գործիքների օգնությամբ՝ գազի քանակը քիչ ներմուծելով, չխորացնելով շնչառական անբավարարություն՝ մեզ աշխատելու տարածություն ապահովելով։ Այսինքն՝  այսօր օր օրի զարգացում է ապրում լապորոսկոպիան, և այդ վերը նշված հակացուցումները գնալով ավելի  նեղ շրջանակ են կազմում։

-Տեղյակ ենք, որ վերջերս իրականացրել եք բացառիկ վիրահատություն: Հետաքրքիր է  մի փոքր ավելի մանրամասն  լսել այդ  մասին։

-Ասեմ, որ բավականին լուրջ և հետաքրքիր դեպք է․ վիրահատվող կինը։ Շուրջ յոթ- ութ տարի շարունակ զգացել է, որ տարիների ընթացքում որովայնը օր օրի,  հետզհետե ուռչում է և հասել է այն աստիճանի, որ եթե համեմատենք հղիության հետ, ապա ոչ թե 9 ամսական հղիի, այլև անգամ կրկնակի մեծ ծավալի գիգանտ որովայն էր։ Մանավանդ որ այդ կինը  նախկինում վիրահատվել է՝ կոնքազդրային կոտրվածքի կապակցությամբ  և չէր կարողանում նորմալ քայլել. դրան գումարած այդ գիգանտ  գոյացությունը, որը նա կրել է սայլակին նստած վիճակում։ Բժշկի չի դիմել, փորձել է միայն  դիմել, երբ գոյացությունն սկսել է իրեն լրջորեն անհանգստություն պատճառել:  Բժիշկներն ասել են, որ որովայնի խոռոչում առկա է   հեղուկ, մեկ այլ բժիշկ թե՝ վտանգավոր բան չկա, և անհրաժեշտություն չկա ինչ-որ միջամտություն կատարել, մեկ այլ բժիշկ էլ առաջարկել է պունկցիա կատարել: Եվ այդպես, տարիներ շարունակ անուշադրության մատնելու հետևանքով առաջացել էր արդեն աղիքային անանցանելիության պատկեր, աղիքները չեն գործել այդ գիգանտ՝ 16 կգ գոյացության հետևանքով: Մենք վիրահատական միջամտության դիմեցինք՝  չնայած առկա  բարձր ռիսկայնության, քանզի կինն ուներ նաև ուղեկցող մի շարք քրոնիկ   հիվանդություններ՝ մեծ տարիքը, կոտրվածքի ոչ ռադիկալ վիրահատված վիճակը։ Կյանքին վտանգ սպառնացող վիճակ էր, և մենք խորհրդակցելով հիվանդի հարազատների հետ՝ վերցնելով մեր ուսերին այդ մեծ պատասխանատվության չափաբաժինը, դիմելով ռիսկի՝ կատարեցինք վիրահատությունը: Փառք Աստծո, Աստծո օրհնությամբ և զորությամբ  բարեհաջող անցավ: Բավականին լուրջ գոյացություն էր, որի պատասխանը․ ի դեպ, ստացանք՝ կարցինոմա, որտեղ առկա էին չարորակ բջիջներ: Առ այսօր նույնիսկ պաթոհյուսվածքաբանական հետազոտությունը դեռ չի տվել իր վերջնական պատասխանը, թե որտեղ է պաթոլոգիայի սկզբնաղբյուրը, և մենք հետագա հետազոտություն ենք սկսել։ Կասկած կա երկու օրգանների պաթոլոգիայի՝ հարարգանդափողային տարածության առկա գոյացություն կամ աղիների միջընդերքի անոթների գոյացություն, քանզի այդ գիգանտ գոյացությունը ամեն տեղ սերտաճած    էր։ Իսկ եթե վիրահատության ժամանակ ինչ-որ  վրիպում լիներ, ապա պատկերում կունենայինք մի քանի օրգան համակարգերի նեկրոզ։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ընթացավ, և, իմիջիայլոց, նույնիսկ հետվիրահատական ընթացքն էլ բավականին թեթև  ընթացավ․ վերջին կարերը քանդելիս տեսանք, որ վերքն արդեն լավացել է, և մեկ օրում կինը ձերբազատվել է ծայրագույն վիճակից՝ 16կգ կշռող չարաբաստիկ նորագոյացությունից: Կնոջ վիճակն այս պահին բավարար է, հետագա բուժման ընթացքը պարզ կլինի հետազոտման պատասխանից հետո, արդեն ուռուցքաբանների և քիմիոթերապևտների թիմային խմբով կորոշենք, թե ինչ բուժմոտեցում ցուցաբերել  հետագայում։

-Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ մակարդակում է գտնվում մեզանում առողջական խնդիրների ի հայտ գալու դեպքում անհապաղ բժշկի դիմելու մշակույթը:

-Հուրախություն ինձ՝ վերջին ժամանակները դիմելիության մշակույթը մեզանում զգալիորեն դրական միտում է ձեռք բերել՝ կամաց-կամաց արմատավորվելով բնակչության գիտակցության մեջ: Իհարկե, նախկինում մեր երկրում դիմելիության կուլտուրան բավականին ցածր մակարդակի վրա էր. ես ունեմ շուրջ 25 տարվա աշխատանքային փորձ  և վստահորեն կարող եմ ասել, որ  նախկինում այդ խնդիրը բավականին բարդ էր ու դժվար լուծելի, եթե ներքին օրգանների պաթոլոգիայի հետ էինք առնչվում։ Կանայք նախկինում կաշկանդվում էին դիմել բժշկի, սակայն,  հուրախություն մեզ,  գնալով մարդկանց վերաբերմունքն այս խնդրին  դրականորեն փոփոխվել է՝ ելնելով երկրի զարգացումից, տեխնոլոգիաների, ապահովագրական ընկերությունների ներգրավման արդյունքում, սոցփաթեթի, պետպատվերի գրագետ ձևակերպումները փոփոխման են  ենթարկել դիմելիության կուլտուրան: Իհարկե, դեռ կան այն գենետիկ, էթնիկ մակարդակի կրող հայերը, որոնք դիմում են բժշկի դանակը ոսկորին հասնելուց հետո, և  շատ հաճախ մենք տարբերվում են եվրոպական երկրների մակարդակից: Երբ արդեն դիմում են բժշկի և  կարճ ժամանակ անց ապաքինվում, արդյունքում իրենք իրենց սկսում են մեղադրել, թե ինչու ժամանակին չէին դիմում բժշկի օգնությանը։ Ընդհանրապես,  հիվանդին պետք է բուժես ոչ միայն բժշկությամբ, դեղորայքով, այլ նաև քո խոսքով ու վերաբերմունքով:

-Ըստ  Ձեր երկարատև աշխատանքային փորձի՝ ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրել:

-Այսօր բավականին երիտասարդացում են ապրել վահանաձև գեղձի խնդիրները, բավականին շատացել են հանգույցները, և պունկցիոն բիոպսիայի հետազոտությունների արդյունքում ուռուցքային գոյացությունների  թիվը  մեծացել է, ինչպես նաև շատացել են լեղաքարային հիվանդությունները, չնայած նրան, որ այն միշտ էլ բարձր տոկոսներ է  գրանցել, կախված սխալ սննդակարգից՝ հիմնականում՝ արագ սննդից: Շատացել են նաև գինեկոլոգիական հիվանդությունները։ Դա, իհարկե, մի քանի գործոնով է պայմանավորված, երիտասարդացել են ի հաշիվ թե՛ լաբորատոր հետազոտման մեթոդների, որոնք զարգացում են ապրել, թե՛ արյան քննության, թե՛ ուլտրաձայնային հետազոտության՝ սոնոգրաֆիայի, ԿՏ՝ համակարգչային տոմոգրաֆիայի, ՄՌՏ-ի՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի։ Չմոռանանք նաև օնկոմարկերների կիրառումը։ Լաբորատոր փորձաքննության արդյունքները բերել են հիվանդությունների վաղ հայտնաբերման և երիտասարդացման, և վերջին սթրեսառռատ տարիներին իրավիճակները նպաստում են շատ ու շատ հիվանդությունների երիտասարդացմանը։

-Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են ուսուցիչներ: Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

-Բոլորս էլ այս կյանքում ուսուցիչ ենք, թե՛ կյանքում, թե՛ աշխատանքում: Ինձ ուսուցիչ վիրաբուժության մեջ կարող եմ համարել Պավել Պետրովիչ Անանիկյանին, քանզի ես իմ առաջին քայլերը դեռ ուսանելու տարիներից արել եմ իր մոտ՝ երրորդ հիվանդանոցում, այնուհետև կլինիկական օրդինատուրան մասամբ անցել եմ այնտեղ, դարձյալ  իր մոտ։ Ուսուցիչ համարում եմ նաև իմ բոլոր ավագ գործընկերներին, որոնցից ինչ-որ մի ժամանակաշրջանում ինչ-որ բան սովորել եմ: Իսկ լապորոսկոպիկ վիրաբուժության նրբությունները ուսանել եմ Արմեն Ռաֆայելի Մելիքյանից, այն ժամանակ իր մոտ՝ Մալաթիա բժշկական կենտրոնում, անցնում էի նեղ մասնագիտացում։ Իմ ուսուցիչ եմ համարում Յուրի Ալեքսանդրի Բարսեղյանին, որն ուսանելու տարիներից առ այսօր մեր հարազատ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչն էր:  Ես յուրաքանչյուրին համարում եմ ուսուցիչ։ Բժիշկը չպետք է դոփի տեղում Նա, ով համարեց, որ ինքն արդեն կատարյալ է իր մասնագիտության մեջ, ուրեմն ավարտված  մասնագետ է:

-Ընդհանրապես, ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը: Ձեր երեխաների դեպքում արդյո՞ք այդպես է:

-Իմ երեխաները չընտրեցին մեր ուղին, թեև կինս էլ բժշկուհի է, մենք ուսանելու տարիներին նույն խմբից ենք եղել, մասնագիտությամբ նա բժիշկ սոնոգրաֆիստ է, աշխատում է «Սոնոմեդ» ուլտրաձայնային հետազոտությունների կենտրոնում,  միաժամանակ «Երևան» բժշկական կենտրոնում է երկար տարիներ աշխատել: Ասեմ, որ ավագ որդիս՝ կրտսեր Զորի Բալայանը, որը 44-օրյա պատերազմի մասնակից է, չընտրեց բժշկությունը, և մինչև բանակը  զորակոչվելը ընդունվեց և այժմ շարունակում է սովորել «Հայ-ռուսական (սլավոնական)»  համալսարանում: Աղջիկս ընտրեց պարարվեստի ոլորտը, իսկ կրտսեր որդիս դեռ չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության մեջ: Իրականում ես երբեք չեմ խոչընդոտել կամ նպաստել իրենց ընտրությանը,  հոգուս խորքում ցանկություն ունեցել եմ, որ զավակներս  ընտրեն բժշկությունը, բայց նախընտրել եմ, որ նրանք իրենք  ընտրեն  իրենց նախընտրած մասնագիտական ուղին, քանզի ինչ-որ անում ես, պետք է սիրով ու նվիրումով անես։ Բայց, օրինակ, քրոջս տղան ընտրել է վիրաբուժության ոլորտը. չորրորդ կուրսի գերազանց ուսանող է, որը  դասերին զուգահեռ միաժամանակ ինձ հետ մասնակցում է վիրահատություններին, պրակտիկ փորձ ձեռք բերում։

-Տեղյակ ենք, որ դասախոսում ենք Մխիթար Հերացու անվան պեական բժշկական համալսարանում: Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, ապագայում բժշկությունն  ինչպիսի՞  մասնագետների ձեռքերում է լինելու։

-Արդեն տասներկու տարի է, ինչ դասավանդում եմ պետական բժշկական համալսարանի  ընդհանուր վիրաբուժության ամբիոնում և կասեմ, որ այո՛, ունենք բավականին խոստումնալից երիտասարդներ, ձգտող, պրպտող, թե՛ որպես ուսանողներ, և թե՛ որպես անհատներ նրանք լավն են: Կհորդորեմ, որ երբեք չզլանան սովորել, չկաշկանդվեն հարց տալ դասախոսներին, ավագ սերնդից չամաչեն հարցնել իրենց հուզող ու գուցե լավ չյուրացրած հարցեր պատասխանները։ Չէ՞ որ մի չնչին տեղեկությանը սխալ տիրապետելը հետագայում կբերի լիարժեք գիտելիքների բացթողմանը, ահա թե ինչու հարկ է ուսանելու տարիներին ակտիվ ներգրավվել կլինիկական աշխատանքներում, ինչպես նաև լինեն արժանի քաղաքացիներ, որպեսզի հիվանդի հետ հետագա աշխատանքի մեջ չհանդիպեն արգելքների։ Ես այն համոզմանն եմ, որ շատ կարևոր է բուժառու-բժիշկ կապը ձևավորել  փոխվստահության պայմաններում։ Պետք է շատ սիրեն իրենց ընտրած մասնագիտությունը, այն չհամարեն իրենց հաց վաստակելու միջոց, այլ նվիրվեն և հավատարիմ լինեն  իրենց կոչմանը։ Իրականում բժիշկ դառնալու  ճանապարհին բոլորն էլ գիտակցում են, որ պետք է անցնենք դժվարին ուղի, պետք է ուղղակի ամբողջ էությամբ  ու մարդասիրաբար նվիրվենք  բժշկությանն ու մեր հիվանդներին՝ պատվով անցնելու  այդ ճանապարհը և ընդունելով այն որպես ի վերուստ տրված  առաքելություն։

 -Ձեր առօրյա թոհուբոհի մեջ հասցնու՞մ եք, արդյոք,  մասնակցել վերապատրաստման դասընթացների։

 -Այո, այս մեր առօրյա թոհուբոհի մեջ դա էլ եմ հասցնում: Փառք Աստծո, հասցնում եմ ամեն ինչ՝ և՛ վերապատրաստվել, և՛ մասնակցել արտերկրում կազմակերպվող գիտաժողովների, կոնգրեսների, և՛ մեծ ծավալի վիրահատություններ կատարել: ես երբեք ոչ մի հիվանդի չեմ մերժել, թեկուզ ընտանեկան հարցեր լինեն, առաջնահերթությունը միշտ իմ հիվանդներին եմ  տալիս։ Միաժամանակ հասցնում եմ ժամանակս անցկացնել նաև ընտանիքիս և ընկերներիս հետ: Եթե ամեն ինչի մեջ ցանկություն և նպատակ կա, ապա միանշանակ կհասցնես ցանկացած իրավիճակում քեզ դրսևորել՝ լինի դա ընտանիքում, հայրենիքում, մասնագիտության մեջ, թե ընկերական շրջանում:

-Ըստ Ձեզ, ի՞նչ են տալիս մասնագիտական ասոցիացիաները բժիշկներին:

- Ասոցիացիաներն այսօր բավականին լուրջ կառույցներ են։ Նախկինում մենք՝ նույն մասնագիտության տեր բժիշկներս, հնարավորություն չունեինք միմյանց ճանաչելու, միասին քննարկելու ոլորտում առկա խնդիրները, տարբերակներ գտնելու և լուծումներ տալու, փորձի փոխանակություն կատարելու: Մինչդեռ այսօր մենք հասցնում ենք մասնակցել ասոցիացիաների կողմից կազմակերպված բոլոր կոնֆերանսներին, քանզի դա շատ անհրաժեշտ է՝ հաղորդակից լինելու համար ոլորտի առաջընթացին:

Կոնկրետ մեր վիրաբուժության ասոցիացիան  բավականին լուրջ գործունեություն է ծավալում՝ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են ժողովներ, որտեղ բոլոր գործող վիրաբույժները քննարկում են գերակա ոլորտի  խնդիրներ, փորձի փոխանակություն է լինում՝ օրենսդրական դաշտի կամ մասնագիտացման հետ կապված տարատեսակ խնդիրների շուրջ։

-Կհիշե՞ք Ձեր կողմից կատարված առաջին վիրահատությունը, հետաքրքիր է՝ ունեցա՞ք, արդյոք, և ինչպիսի՞ ապրումներ ունեցաք:

-Հավատացեք, ես իմ առաջին հիվանդներին այսօր ավելի վառ եմ հիշում, քան այսօրվա հիվանդներին: Իհարկե, բարեբախտաբար, բոլորի հետ այսօր շատ ջերմ հարաբերություններ են ձևավորվել, բայց հնարավոր է մի քանի օր հետո գա, իրեն անհատապես հիշեմ, բայց չհիշեմ, թե ինչ վիրահատություն ենք կատարել իրեն: Իհարկե, մինչ օրս  հիշում եմ առաջին վիրահատությունը,  և տպավորություններն անբացատրելի են։  Այն  կատարել եմ կլինիկական օրդինատուրայի տարիներին, և ինչքան էլ զարմանալի չթվա, իմ առաջին վիրահատությունը եղել է լեղապարկի հեռացում․ վիրահատություն, որն ամբողջովին ինձ էր վստահված, ոչ թե կույրաղի կամ պոչուկի կիստա։  Եվ ես դեռ կլինիկական օրդինատոր էի,  ու հիվանդն իր ապաքինումը վստահեց ինձ։ Փառք Աստծո,  ամեն ինչ բարեհաջող ելք ունեցավ:

 -Մեր զրույցը մոտենում է ավարտին: Փորձենք այն ամփոփել,  որպես վերջաբան, հայ հասարակությանը Ձեր մաղթանք-ուղերձով:

Որպես մաղթանք կասեմ, որ ներկա օրհասական պահին, երբ  մեր արցախցի հայրենակիցները շրջափակման մեջ են,  մեր հասարակությունը լինի շատ խորագետ, միահամուռ  և միասնական, ապագայի նկատմամբ վճռական, պայքարի ջատագով, պայքարի այնպիսի ոգի ունենա, ինչպիսի էր այն մեր ազգային զարթոնքի ժամանակ՝ 1988 թվականին՝ միասնական, համախմբված: Այդպիսի միաբանությունը կբերի նաև սթրեսի նվազման և կառաջացնի ոգևորիչ իրավիճակ, որը երկրին կբերի խաղաղություն և Արցախի խնդրի հայանպաստ լուծում։ Իսկ մեր հիվանդներին միայն կմաղթեմ առողջություն, կհորդորեմ բժշկի  դիմել ժամանակին,  անուշադրության չմատնել, որպեսզի հիվանդությունը  քրոնիկական վիճակի չհասնի, նոր միայն  դիմեն բժշկի։ Վաղուց  ապացուցված դրույթ է, որ ժամանակին բժշկի դիմելը հեշտացնում է հիվանդի և բժշկի աշխատանքը։ Մենք միշտ պատրաստակամ ենք նրանց բուժօգություն ցուացաբերելու շուրջօրը՝ 24 ժամյա գրաֆիկով:

Հորդորում եմ՝ եղեք բարյացակամ, սիրելիներ,  սիրեք և սեր ու բարություն տարածեք ձեր շուրջը, քանզի այս օրհասական պահին միայն բարին արարելով Աստծո ողորմությունը կստանանք մեր երկրի փրկության համար։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր