Print this page
ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆ

ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆ

(0 votes)

 Բժշկի համար առաջնայինը պետք է լինի անկեղծությունն ու ազնվությունը

Կանանց չարորակ նորագոյացությունների ընդհանուր կառուցվածքում կրծքագեղձի քաղցկեղը գրավում է առաջին հորիզոնականը: Տնտեսապես զարգացած երկրներում կրծքագեղձի քաղցկեղը բնութագրվում է հիվանդացության բարձր ցուցանիշներով, աճի կայուն տեմպերով` հիվանդների միջին տարիքի նվազման պարագայում:
Հայաստանում նույնպես նկատվում է հիվանդացության ցուցանիշների աճ, այն բնութագրվում է նաեւ հիվանդության երկարատեւ նախակլինիկական փուլով ու վաղ փուլերում բուժման  բարձր  արդյունավետությամբ:

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն  է երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, Հայաստանի բժշկագիտության մեջ մեծ ավանդ, ներդրում ունեցող բժշկուհի, Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի համալիր ախտորոշման բաժանմունքի ռադիոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, Երեւանի բժշկական համալսարանի դոցենտ ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ: Իսկական բժիշկը նա է, որը ոչ մի դեպքում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա: Եվ հենց այդպիսին է մեր զրուցակիցը, որն ունի նաեւ խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:

-Բժշկուհի՛, կրծքագեղձի քաղցկեղը երիտասարդացում ապրե՞լ է:

-Այո, եթե նախկինում քառասուն տարեկանից հետո էինք սկսում մամոգրաֆիկ հետազոտություններ կատարել, ապա ցավով պետք է նշեմ, որ այսօր արդեն երեսունհինգ տարեկանից կատարում ենք մամոգրաֆիա, որովհետեւ 30-40 տարեկան տարիքային խմբում բավականին հաճախ ենք հանդիպում քաղցկեղի դեպքերի: Սակայն շատ գովելի փաստ է, որ հիվանդները ակտիվ են,  հետեւում են իրենց առողջությանը: Վերջին ժամանակներում հետազոտվում են նաեւ սոցիալական փաթեթներով, որն ունի իր թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը: Մի կողմից լավ է, որ կանայք պոլիկլինիկաներում հետազոտվում են, իմանում իրենց կրծքագեղձի պատկերը, պոլիկլինիկայի բժշկուհին, սոնոգրաֆիստը երբեմն մամոգրաֆիայի ցուցումներ է նշանակում: Բայց երբեմն շատ ցավալի դեպքերի ենք ականատես լինում: Կինը պոլիկլինիկայում ամեն տարի հետազոտություն է անցնում, որի արդյունքում նշում են, որ գոյացությունը բարորակ է, սակայն, երբ արդեն մեզ մոտ է հետազոտվում, արդեն բավականին բարդացած աստիճանի կրծքագեղձի քաղցկեղ ենք հայտնաբերում:  Այնպես որ՝ այդ սոցիալական փաթեթները դրական նշանակություն էլ ունեն, սակայն, ցավոք, բացթողումներն էլ են շատ:

-Ընդհանրապես ի՞նչ կարծիք ունեք առաջնային օղակի մասին:

-Առաջնային օղակի աշխատակիցները պետք է գիտակցեն, որ սոնոգրաֆիայով միշտ չեն կարող քաղցկեղ հայտնաբերել, ու, երբ հետազոտում եւ կիստաներ, բարորակ գոյացություններ են հայտնաբերում, պացիենտին պետք է խորհուրդ տան անպայման հետազոտվել նաեւ թվային մամոգրաֆիայով: Հատկապես դա վերաբերում է քառասունից բարձր տարիքի կանանց:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում թվային մոմոգրաֆիայի սարքը, ի՞նչ առավելություններ ունի:

-Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն նոր թվային մամոգրաֆով եւ տոմոսինթեզով: Դրա հիմնական առավելությունն այն է, որ ճառագայթման չափաբաժինը նվազագույնի է հասցվում, իսկ հետազոտության արդյունքներն ավելի հավաստի են լինում։
Տոմոսինթեզով թվային մամոգրաֆիա հետազոտության առանձնահատկություններն են՝ փոքր քաղցկեղների հայտնաբերումը, գոյացությունների եզրերի, չափի, տեղակայման ավելի ստույգ որոշումը, ինչպես նաեւ բոլոր ուռուցքների հայտնաբերումը՝ քաղցկեղի բազմաօջախային աճի դեպքում:

Թվային մամոգրաֆիայի շնորհիվ մեծացել է հետազոտությունների արագությունը, ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտացել է կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը։ Մասնագետը կարող է աշխատել էկրանին ռենտգեն պատկերների վրա՝ մեծացնելով դրանց չափսը ու ինտենսիվությունը, նաեւ կարող է համեմատության համար էկրանի վրա նոր պատկերների կողքին հին պատկերները դիտել։ Տվյալ մեթոդի եւս մեկ կարեւոր առավելություն է ավելորդ բիոպսիաների կրճատումը։ Փոքր, չշոշափվող նորագոյացությունների հայտնաբերման դեպքում թվային մամոգրաֆիան թույլ է տալիս ասեղային ուղեցուցային տեղայնացում կատարել:

-Դեպքերի քանի՞ տոկոսն է բարորակ լինում:  

-Դեպքերի 80 տոկոսում կրծքագեղձի նորագոյացությունները կանանց մոտ բարորակ են լինում: Երբեմն լինում են կասկածներ քաղցկեղի վերաբերյալ, կամ էլ այդ ուռուցքները քաղցկեղային են լինում։ Ամենից հաճախ հանդիպող գոյացություններից են կիստաները, որոնց խոշոր չափերի դեպքում կատարվում է ասպիրացիա, եւ հիվանդը մնում է հսկողության տակ։ Երիտասարդ տարիքում հաճախ են հանդիպում ֆիբրոադենոմաներ, ադոնեմաներ, կերակրող մայրերի մոտ լինում է գալակտոցելե։ Հանդիպում են նաեւ ինտրակիստոզ պապիլոմաներ, որոնք խորհուրդ է տրվում հեռացնել։

-Չարորակ ուռուցքը դատավճի՞ռ է:

-Չարորակ ուռուցքով հիվանդների կյանքի տեւողությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ ուռուցքի տեղակայմամբ եւ վերջինիս ագրեսիվությամբ, հիվանդի առողջական վիճակով ու տարիքով, ինչպես նաեւ ստացած բուժմամբ: Շատ կարեւոր է, թե որ փուլում է հայտնաբերվել հիվանդությունը: Չարորակ նորագոյացությունները վաղ շրջանում հայտնաբերելու դեպքում 5 տարվա ապրելիությունը կազմում է 85 տոկոս: Որոշ տեղակայումների դեպքում (օրինակ` կրծքագեղձի քաղցկեղի դեպքում) բուժված հիվանդների թիվը կազմում է 95 տոկոս: Սակայն, ցավոք, հիվանդների 50 տոկոսը բժշկի տեսադաշտում հայտնվում է հիվանդության 3-4-րդ փուլում:

-Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնները:

-Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոններն են՝ հղիությունների կամ ծննդաբերությունների բացակայությունը, վաղ դաշտանային ցիկլը, ուշ դաշտանադադարը, ժառանգականությունը, կրծքագեղձի քաղցկեղի պատմությունը, ճարպակալումը, երկարատեւ հարմոնաթերապիան, կրծքագեղձի տրավման եւ, իհարկե, տարիքը:

-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Աշխատել, աշխատել, աշխատել… Ես չեմ հոգնում ու մինչեւ վերջին հիվանդը պետք է հետազոտեմ:

-Ո՞րն է վերջին շրջանում Ձեզ հանդիպած բարդագույն դեպքը, ինչպիսի՞ ապրումներ եք ունեցել:

-Այդ հիվանդը մի տարի առաջ էր վիրահատվել, բայց հետազոտությունից պարզեցինք, որ կարի տակ քաղցկեղ է առաջացել: Նախկինում վիրաբույժն այդ գոյացությունը հեռացրել էր, բայց այն կրկին առաջացել էր:     

- Երբևէ չե՞ք զղջացել, որ ընտրել եք այս մասնագիտությունը:

-Ոչ, եթե հնարավորություն տրվեր, նորից կընտրեի այս նույն մասնագիտությունը: Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, ապրում նրանով:

-Երիտասարդ կադրեր կա՞ն ձեր նեղ մասնագիտական ոլորտում:

-Ռադիոլոգիայի բնագավառում կան լավերը, բայց ոչ մեկը չի ուզում մամոգրաֆիայի ոլորտում աշխատել: Երեւի թե բարդ է, այդ իսկ պատճառով վախենում են ընտրեն այդ ոլորտը:

-Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն պետք է լինի բժիշկը:

-Բժշկի համար առաջնայինը պետք է լինեն անկեղծությունը, ազնվությունը, փողին եւ  շահին չնվիրվելը: Ես պացիենտների հետ միշտ անկեղծ եմ լինում ու, երբ, ասենք, կասկածելի օջախ եմ տեսնում, զգուշացնում եմ, որ այն ինձ դուր չի գալիս, ու նրանցից մեկը որոշում է անմիջապես վիրահատվել, մեկ ուրիշն էլ ցանկանում է բուժվել:
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Մեր հասարակությանը կցանկանամ միմիայն առողջություն, համբերատարություն եւ լավատեսություն: Կցանկանամ, որ առաջնահերթ սիրեն իրենց, իրենց մարմինը, հոգ տանեն նրա մասին, եւ մեր երկրում վերջապես վերանա հայկական այն մտածելակերպը, երբ դանակը ոսկորին հասնելու դեպքում միայն դիմեն բժշկի: Եթե ունենանք արդեն վտանգված օրգանիզմ, ապա կյանքն էլ, բնականաբար, կդրվի հարցականի տակ: Ուրախալի փաստ է, որ այսօր մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ, որոնք կարող են օգնել հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլերում եւ կցուցաբերեն անհրաժեշտ արդյունավետ բուժօգնություն: Սիրեք ձեզ եւ ձեր մարմինը:

Image Gallery