Print this page
ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆ

(0 votes)

«Սիրտը մեր էմոցիոնալ կենտրոնն է»

Վերջին տարիներին Հայաստանը սրտաբանության ոլորտում զգալի հաջողություններ եւ  առաջընթաց է արձանագրել: Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ ախտորոշման եւ լիարժեք բուժման համար այսօր ստեղծված են բոլոր պայմանները: Բարձրակարգ մասնագետները, ժամանակակից սարքավորումներն ու լաբորատոր համալիրը թույլ են տալիս իրականացնել գրեթե բոլոր անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները:

Մեր զրուցակիցն է «Երևան» բժշկագիտական կենտրոնի՝ նախկին 8-րդ  հիվանդանոցի գիտական ղեկավար, պրոֆեսոր ԱՐԱՄ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ: Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ եւ վաստակ`պրոֆեսորը նաև բարեհամբույր, սկզբունքային մարդ է, ունի մասնագիտական գերազանց գիտելիքներ եւ արժանի է  բժիշկ կոչվելու պատվին:

 -Բժի՛շկ, սրտի իշեմիկ հիվանդությունը ի՞նչ նախանշաններով է ի հայտ գալիս,  եւ որո՞նք են  ռիսկի գործոնները։

-Սրտի իշեմիկ հիվանդությունն ախտորոշվում է առաջին հերթին բուժառուի նշած գանգատներով, որի դեպքում հնարավոր է 80 տոկոսով հայտնաբերել հիվանդությունը եւ եզրակացություն անել։ Գանգատները կրծքավանդակում ճնշող ցավերն են կամ օդի պակասը քայլելիս, աստիճաններ բարձրանալիս, որոնք վերանում են կանգնելիս։ Սակայն կարող են լինել ատիպիկ գանգատներ: Հաջորդ փուլում արդեն հետազոտություններ են իրականացվում` պարզելու իշեմիկ հիվանդության առկայությունը, եթե իհարկե բուժառուն մեզ առաջին անգամ է դիմել։ Հիվանդություն, որի զարգացումը պայմանավորված է սրտի անոթների նեղացման պատճառով, սակայն դա պարտադիր պայման չէ: Բացի գանգատներից իշեմիկ հիվանդությունն ախտորոշվում է նաեւ էլեկտրասրտագրության, էխոսրտագրության, ծանրաբեռնվածության տեստի փորձերով, հեծանիվի կամ վազքուղու վրա իրականացվող հետազոտություններով, ինչպես նաև  կորոնալ անոթների կոմպյուտերային շերտագրությամբ։ Միայն ամենավերջին փուլում, երբ մենք արդեն գրեթե համոզված ենք, որ բուժառուի մոտ անոթները նեղացած են, և գտնում ենք որ կա նրանց բացելու անհրաժեշտություն, իրեն ուղղորդում ենք կորոնագրոգրաֆիայի, որը կատարվում է սրտի անոթների նեղացումները բացելու նպատակով, այլ ոչ թե այն ախտորոշման վերջին փուլն է համարվում։ Ցավոք, Հայաստանում, որպես առաջին փուլ, շատ բժիշկներ աջ ու ձախ կորոնար անգիոգրաֆիայի են ուղղորդում, բայց ամբողջ աշխարհում դա  վերջին փուլում է իրականացվում, քանզի մինչ այդ, ախտորոշումն արդեն պարզվում է։ Երբ  մենք 90-100 տոկոսով համոզված ենք, որ բուժառուն ունի սրտի իշեմիկ հիվանդություն, և բացի դրանից ունի անոթները բացելու անհրաժեշտություն, նոր  ուղարկում ենք կորոնար անգիոգրաֆիայի, որպեսզի արդեն ստենտավորում իրականացվի։ Սակայն, քիչ դեպքերում, ըստ իրավիճակից իհարկե կարելի է դիմել այդ հետազոտությանը ավելի վաղ փուլերում: Ախտորոշումը կորոնար անգիոգրաֆիայով չի դրվում: Այն  սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման մեթոդներից է ընդամենը մի քանի տոկոս դեպքերում, մնացյալ դեպքերում մենք մինչ այդ պետք է ախտորոշումը կարողանանք դնել` սրտի իշեմիկ հիվանդություն է, թե` ոչ։ Սրտի իշեմիկ հիվանության դրսեւորումներից մեկն է սրտամկանի սուր ինֆարկտը: Այդ դեպքում ախտորոշումից հետո անոթի անհապաղ բացելը անհրաժեշտ է: Մնացած դեպքերում պետք է հիվանդության խորը ուսումնասիրություն:

-Ուղեղի կաթված։Կմանրամասնե՞ք։

-Ուղեղի կաթվածը  նույն մեխանիզմով է դրսեւորվում, ինչ` սրտի ինֆարկտը։ Ինֆարկտը կատարվում է սրտում, կաթվածը՝ ուղեղում։ Դա անոթի փակումն է ուղեղում, որն առաջացնում է  ուղեղի մեռուկացում, այսինքն` արյան սնուցվումը բացակայում է։

 -Առիթմիայի ի՞նչ տեսակներ կան, եւ որո՞նք կարող են իրենցից վտանգ ներկայացնել:

-Առիթմիան բավականին ծավալուն ուղղվածություն է սրտաբանության մեջ: Դրանց մեծ մասը վտանգ չի ներկայացնում, ուղղակի պարտադիր թելադրում են ախտորոշում, քանզի դրանք իրականում առողջությանը վտանգ են սպառնում։ Վտանգավոր, կյանքին սպառնացող առիթմիաներից է փորոքային հաճախասրտությունը, եթե տեւողությունը  երկար է լինում եւ կարող է բերել սրտի կանգի, փորոքների ֆիբրիլացիայի, երբ փորոքները սկսում են այնպիսի իմպուլսներ ստանալ, օրինակ` «թպրտալով» են աշխատում: Հիմնականում շողացող առիթմիան կարող է իրենից վտանգ ներկայացնել, եթե բուժառուն չի օգտագործում հակակոագուլիանտներ` արյուն ջրիկացնողներ, որոնց չկիրառելու դեպքում կարող է  նախասրտերում տրոմբներ առաջանալ։ Առիթմոլոգիան` որպես գիտություն, այսօր մեծ զարգացում է ապրել, կարող ենք հաջողությամբ միջամտություններ կատարել նույնիսկ վտանգավոր առիթմիաների դեպքում, ինչը նախկինում շատ քիչ էինք կարողանում իրականացնել: Առիթմիաների մեծամասնությունը սովորաբար լինում է անվտանգ, անցողիկ, առանց որեւէ միջամտության կարող է անցնել կամ երբեմն պահանջում է թեթեւ բուժում: Շատ ժամանակ դրանք լինում են նյարդային, եւ երբ տեսնում ենք, որ առիթմիան վտանգավոր չէ, սովորաբար ավելի շատ խորհուրդ ենք տալիս նյարդեր հանգստացնող, շարժունակություն ապահովող գործողություններ կատարել, սպորտային միջոցառումների մասնակցել, որոնք կարող են առիթմիաները նվազեցնել կամ վերացնել: Իսկ եթե առիթմիան արդեն լինում է վտանգավոր, պետք է դրա դեմ կա՛մ դեղորայքային բուժում տարվի, կա՛մ, եթե տեսնում ենք, որ դեղորայքը չի ազդում, կատարվի այլ միջամտություն:

-Շողացող առիթմիան վտանգավոր չէ՞:

-Շողացող առիթմիայի գլխավոր վտանգն այն է, որ նախասրտերը չեն կծկվում, նրանք, այսպես ասած, «շողում են», եւ այդ պատճառով արյունը դանդաղ է շարժվում նրանց մեջ ու կարող է անգամ մակարդվել՝ առաջացնելով թրոմբներ: Նախասրտերում առաջացող թրոմբները  կարող են «թռչել» եւ դառնալ ինսուլտի պատճառ: Դրա համար շողացող առիթմիայի դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի, որպեսզի վերջինս որոշի՝ տա՞լ հիվանդին արյունը ջրիկացնող դեղորայք, թե` ոչ: Բացի այդ, կարող են իրականացվել նաեւ թրոմբի «թռիչքը» կանխող այլ գործողություններ:   

-Ռիթմի խանգարումների դեպքում տարիքային շեմ ո՞րը կարող ենք համարել:

-Գործնականում տարիքային շեմ չկա. տարբեր տարիքներում լինում են տարբեր ռիթմի խանգարումներ: Ընդ որում, շատերը կարող են ամբողջ կյանքում ունենալ ռիթմի խանգարումներ, բայց դա չզգալ: Մարդիկ էլ կան, որ բացարձակ անվտանգ ռիթմի խանգարումներն այնքան սուր են զգում, որ դրանք իրենց համար լինում են ուղղակի անտանելի, եւ գլխավոր բանը այդ մարդկանց հանգստացնելն է, որ իրենց առիթմիան անվտանգ է: Եվ միայն ինչ-որ խնդիր լինելու դեպքում կարելի է միջամտել: Սակայն եթե անվտանգ առիթմիան ազդում է կյանքի որակի վրա, մենք ստիպված միջամտում ենք: Ամեն դեպքում, եթե լինում են առիթմիաներ, ցանկալի է դիմել բժշկի, որովհետեւ բժիշկն արդեն կարող է կողմնորոշվել եւ ասել՝ այդ առիթմիան անվտա՞նգ է, թե` ոչ, արժե՞ այդ առիթմիան վերացնել, ինչպիսի կանխարգելիչ մեթոդներ ձեռնարկել, որ այդ առիթմիան չկրկնվի…  

-Նյարդային համակարգը որքանո՞վ է ազդում սրտի գործունեության վրա:

-Սիրտը մեր էմոցիոնալ կենտրոնն է, եւ շատ արագ հենց նա է զգում ամեն տեսակ էմոցիաները: Բացի այդ, սիրտը անատոմիական շատ հարուստ իներվացիա ունի, ներվերով սնուցվում է, եւ եթե ինչ-որ էմոցիոնալ, նյարդային բաներ են լինում, սիրտը շատ արագ դա զգում է: Փաստորեն, ամեն ինչը արտահայտվում է սրտով: Կարող է լինել արագախփություն, սրտի անկանոն աշխատանք, ինչ-որ նեղվածություն, որովհետեւ սրտի լեզուն զգացմունքների լեզուն է, եւ նա խոսում է մեզ հետ ոչ թե բառերով, այլ` զգացմունքներով: Բառերը գալիս են մեր ուղեղից, զգացմունքները՝ սրտից: Ցավեր կարող են առաջանալ կրծքավանդակում, բայց ո՛չ սրտի, ո՛չ իշեմիկ, ո՛չ անոթի նեղացման հետ կապված ցավեր: Կարող են առաջանալ ծակծկոցներ, սրտխփոց, սրտի անկանոն աշխատանք, սակայն բացարձակ առողջ սրտով, եւ այդ գանգատները կարծես մեր մարմնի/սրտի լեզուն է, որն ասում է՝ ինչ-որ բան մեր դուրը չի գալիս: Եթե ամեն ինչ նորմալ է, եթե մենք չունենք ուրիշ ռիսկի գործոններ (ես նկատի ունեմ բարձր ճնշում, շաքարային դիաբետ, ծխել, նստակյաց կյանք, ավելորդ քաշ), մեզ մոտ առանձնապես սրտային հիվանդություն չի լինում: Իհարկե, քրոնիկական երկարատեւ սթրեսը կարող է բերել որոշ սրտային հիվանդությունների:

-Եղանակային փոփոխություններն ի՞նչ ազդեցություն ունեն սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող բուժառուների վրա։

-Այո, իրականում որոշ չափով ազդում են, կարող են ազդել ճնշման վրա, բայց ոչ բոլոր հիվանդների մոտ: Կան բուժառուներ, որ իրոք զգայուն են եղանակային փոփոխությունների հանդեպ։
-Ոտքերի այտուցը ի՞նչ վտանգի մասին է խոսում։

- Եթե այն սրտային եւ երիկամային անբավարարությունից չէ, իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն վտանգավոր է, երբ բուժառուի երակներում կա տրոմբ, եւ երկար ժամանակ խցանվել է, այդ դեպքում ոտքը այտուցվում է, եւ հնարավոր է  տրոմբը  թռնի դեպի թոքեր: Բայց սովորաբար, եթե տրոմբ է լինում, լինում է ոչ թե 2, այլ 1 ոտքում, ոտքն այտուցվում է, ցավում ի տարբերություն սրտային և երիկամային այտուցների, որոնք 2 ոտքում են լինում և անցավ: Իսկ մնացյալ այտուցները լինում են մեկ կամ երկու ոտքերում հավասարաչափ եւ եթե պայմանավորված չեն երիկամային կամ սրտային անբավարարությամբ, իրենցից վտանգ չեն ներկայացնում։ Այտուցները հիմնականում լինում են լիմֆոստազից, լիմֆատիկ անոթների, վերջույթների արյան ոչ ճիշտ  շրջանառությունից:  

-Սրտխփոցը հանգիստ ժամանակ ինչի՞ հետեւանք է։

-Դա կարող լինել նյարդային բնույթի, ջերմության բարձրացումից, բորբոքային պրոցեսից, իսկ եթե շատ կտրուկ է սկսվում սրտխփոցը, դա սովորաբար առիթմիայի  զարգացման տարբերակ է: Առիթմիա է, եթե 130-140 ավել են սրտի զարկերը, իսկ 110-120-ի դեպքում` սովորաբար դա ուղղակի ինչ- որ տագնապային երեւույթ է, նևրոզ կամ բարձր ջերմության հետևանք։
-Ինչպե՞ս վերահսկել սրտային հիվանդությունները հղիության ընթացքում։

-Հղիության ընթացքում սրտային խնդիրներով կինը պարտադիր պետք է լինի հսկողության տակ, ինչը մեզ մոտ բավականին լավ է իրականացվում։ Եվ առաջին հերթին, պետք է հետեւել  սրտի աշխատանքին եւ ճնշմանը։ Ճնշումը ամենահաճախ հանդիպող պաթոլոգիան է, որը կարող է ի հայտ գալ հղի կնոջ մոտ, եւ դա պահանջում է շատ խիստ հսկողություն սրտաբանի կողմից, որպեսզի կարողանանք ճնշումը նորմայում պահել։ Փառք Աստծո, հիմա կա բավականին դեղորայք, որը կարելի է նշանակել հղի կանանց ճնշումը կարգավորելու համար եւ պահել նորմայի սահմաններում: Եվ իհարկե,  արդեն ուլտրաձայնային հետազոտություններն այսօր զարգացման այնպիսի փուլում են, որ կարող են ներարգանդային կյանքում պտղի սրտում առկա արատները հայտնաբերվել։ Եթե իրականում հետեւողական լինեն, կարող են հանգիստ վիճակում պահել հղիին` անգամ եթե նա կրում է սրտի տարբեր արատներ։ Մեծամասնության դեպքերում ծննդաբերությունը ավելի գերադասելի է բնական ճանապարհով:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին: Ապագայում բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

-Հրաշալի կադրեր ունենք: Ընդհանրապես կյանքում ամեն ինչը շատ-շատ է փոխվել: Օրինակ` մեր ուսանելու տարիներին համացանց չկար, գրականությունն էր քիչ, հետաքրքրությունն էլ առանձնապես շատ չէր, ամեն ինչը կարծես ինչ որ տեղ կանխորոշված էր: Իսկ հիմա պրոֆեսիոնալիզմի դար է, եւ ամեն մեկը պետք է շատ բան իմանա, իրենից մի բան ներկայացնի, որ կայանա: Այդ իսկ պատճառով ե՛ւ ուսանողները, ե՛ւ հետագայում, մեր` օրդինատուրա, ինտերնատուրա անցնողների բավականին մեծ տոկոսը շատ հետաքրքրասեր են, խորանում են, ամեն ինչ ուզում են իմանալ, որովհետեւ գիտեն, որ իրենց ապագան կախված է իրենց գիտելիքներից, որ, ամենաքիչը, պետք է գոնե միջակ կամ միջակից բարձր լինեն, որ կարողանան այսօրվա մրցակցությանը դիմանալ:

-Ըստ Ձեզ` ի՞նչ մակարդակի վրա է արդի սրտաբանությունը Հայաստանում։

Հուրախություն մեզ` Հայաստանում բավականին զարգացում է ապրում սրտաբանությունը և այն ամենազարգացած ուղղություններից մեկն է։ Իհարկե, մենք դեռ չենք հասել այն մակարդակի, որի սանդղակում զարգացած երկրներն են` եվրոպական եւ ամերիկյան, նաև Ճապոնիայում եւ շատ ասիական երկրներում մեծ առաջընթաց ունեն։

-Արդիական խնդիրներ ոլորտում, որոնց մասին կցանկանայիք խոսել։

- Առաջնային խնդիրների շարքում, իհարկե, սրտի իշեմիկ հիվանդությունն է, որը կապված է աթերոսկլերոզի հետ. դարի հիվանդություն, որն աստիճանաբար բերում է սրտամկանի ինֆարկտի եւ ուղեղի կաթվածի, նաեւ երիկամների անոթների նեղացմանը, ընդհուպ երիկամային ինֆարկտի: Հիվանդություններ, որոնք ունեն հատուկ ռիսկի գործոններ։ Եվ եթե մենք այդ ռիսկի գործոնները կանխարգելենք, հասարակության մեջ հասանելի լինի մեր ձայնը եւ իրենց հասու լինի, թե իրականում ինչի հետ գործ ունեն,  կարծում եմ, մեր հասարակությունը ավելի գիտակից կմոտենա կանխարգելիչ բուժօգնությանը: Դրանցից մեկը ճնշման հսկումն է, շատերը դեղամիջոցներ չեն ընդունում, չեն հետեւում իրենց։  Մեր ազգը շատ է սիրում ծխախոտը, նորաձեւ դարձած էլեկտրական ծխախոտից օգտվել, որի վնասակարության մասին մեծ հետազոտություններ չկան, ուղղակի ավելի քիչ վնաս է տալիս, քան ծխախոտը, ավելի քչանում է հազը, բայց չպետք է մոռանալ, որ ցանկացած ծխախոտ ունի իր բացասական ազդեցությունը և նրանք նույնպես վնասում են անոթները։ Հաջորդը շաքարային դիաբետն է, ավելորդ քաշը, նստակյաց կյանքը. եթե այդ ամենը մենք կարողանանք կանխարգելել, կունենանք բավականին առողջ հասարակություն։ Սրանք են ամենաարդիական խնդիրները: Սիրտ-անոթային հիվանդությունները տոկոսը կարելի է քչացնել, փոխելով հասարակության մտածելակերպը, այլ ոչ թե բուժելով կոնկրետ անհատների, որ իրենք գանգատներ չունենան, սակայն նրանց սիրտը արդեն միշտ կմնա հիվանդ կարճացնելով կյանքի տևողությունը:

-Հիվանդությունները «երիտասարդացե՞լ» են:

-Սրտի իշեմիկ հիվանդությունն է «երիտասարդացել»: Ընդհանրապես երիտասարդացումը ավելի շատ պայմանավորված է նրանով, որ սիրտ-անոթային հիվանդությունների ախտորոշումն է լավացել, ավելի վաղ շրջանում ենք կարողանում հայտնաբերել հիվանդությունը: Բացի դրանից, նաեւ իրոք հիվանդությունները որոշակի «երիտասարդացում» են ապրել, որովհետև կյանքը, անգամ ծխախոտը, սնունդն են փոխվել. արհեստական նյութերն են այսօր շատ: Շատերն են նստակյաց կյանք վարում, մարդկանց քաշն է ավելացել սննդի պատճառով. Ուտելիքերն էլ ավելի են համեղ դարձել, տեսականին՝ շատացել, սնունդը կարծես արվեստ է դարձել շատերի համար, այն ոչ միայն հագենալու, այլ ավելի շատ, կարծես, հաճույքի եւ ժամանցի աղբյուր է դարձել: Աղն է շատացել, այնպիսի բաղադրություններ կան պատրաստի ուտելիքների մեջ, որ կարող են նույնիսկ շաքարախտ առաջացնել, խոլեստերինը բարձրացնել եւ այլն, եւ այլն: Եթե այդ ամենին գումարենք նաեւ քրոնիկական սթրեսները, որոնք իրենց հերթին նպաստում են ծխելուն, ուտելուն, ալկոհոլի քանակն ավելացնելուն, ապա տխուր պատկերն մեզ համար արդեն լիարժեք է:

- Կա՞ն նորարարական մեթոդներ սրտաբանության մեջ, որի մասին կցանկանայիք, որ լուսաբանվեր։

-Նորարարական մեթոդները մեր երկրում օր օրի գնալով ավելանում են, եւ դրանց շարքում են միջամտական վիրահատությունները. արդեն կատարված են առաջին քայլերը փոխարինելու աորտալ փականը առանց կրծքավանդակի բաց վիրահատությունով: Արտերկրում դա արդեն ստանդարտ գործողություն է, քան մեր երկրում: Ցանկանում են միտրալ փականը փոխել, եւ կարծես թե առաջին փորձը ճանապարհին է, եւ բանակցություններ են գնում, թե ինչպես դա կատարվի: Բավականին զարգանում են պատկերավորման մեթոդները` սրտի մագնիսարեզոնանսային շերտգրումը, էխոսրտագրության  3D մեթոդները, եռաչափ, քառաչափ մեթոդները: Իրականում, այո, բավականին լուրջ առաջընթաց կա հայկական սրտաբանության մեջ։

-Իսկ որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք հանրությանը:

-Մեր ժողովրդին առողջություն  եմ ցանկանում: Առողջ եղեք, մի՛ կենտրոնացեք ամեն մի մանրուքի վրա. մարդիկ ծախսում են իրենց կյանքը, իրենց երջանկությունը այնպիսի բաների վրա, որոնք արժանի չեն դրան,  պետք է ապրել այսօրվա օրով, պետք չէ գնալ անցյալ ու տառապել, կամ մտածել, թե ապագայում իրենց ինչ է սպասվում։ Պետք է ապրել ներկայով ու անհոգ: Մարդիկ կան, որոնք դժգոհ լինելը դարձրել են սովորություն, լավ ապրելը իրենց համար դարձել է օտար։ Լավ ապրելը եւ երջանիկ լինելը կախված չի ունեցվածքից: Միշտ լինելով ստրեսային իրավիճակների մեջ` ինքնըստինքյան ձեռք են բերում հիվանդություններ: Բժիշկներս ուզում ենք դրսից առողջացնել մարդուն, բայց մարդը պետք է ներսից փոխվի, ամեն փոփոխություն ներսից է գալիս: Մենք չենք կարող դեղորայքով նրան առողջացնել, եթե ինքն իրեն չի հետեւում: Ամենակարեւորը առողջ մնալն է, ոչ թե` բուժվելը, որովհետեւ բուժումն արդեն չի բերում առողջ մակարդակի, մենք ուղղակի այնպես ենք անում, որ մարդն այդ հիվանդությունը չզգա, ուստի մարդը պետք է իրեն հետեւի, գիտակցորեն մոտենա առողջությանը: Պահպանեք առողջությունը, վարեք առողջ ապրելակերպ, որպեսզի ապրեք լիարժեք կյանքով: