Print this page
ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

(0 votes)

«Կմաղթեմ, որ նորածինն աչք բացի լիարժեք ընտանիքում ու առողջ մթնոլորտում»

Ակնաբուժությունը առողջապահական այն ճյուղերից է, որից անմիջականորեն կախված է մարդու աչքի լույսի, տեսողության պահպանումն ու վերականգնումը, հետևապես այն պահանջում է առավելագույն մասնագիտական պատրաստվածություն, նաև նվիրվածություն ու աշխատասիրություն:

 Մեր զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելման և բուժման» ծրագրի համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ով ցանկացած գործ ձեռնարկելիս առաջնորդվում է մարդասիրությամբ ու մասնագիտական նվիրումով: Բժշկուհին ունի պատկառելի աշխատանքային փորձ և իր բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ շատ երեխաների է վերադարձրել լավ տեսնելու, լիարժեք կյանքով ապրելու երջանկությունը: Խորիմաստ կին, ով իր գործը պատվով կատարելուց և երախտագիտության խոսքերի արժանանալուց զատ, երջանիկ ու սիրված կին է  ընտանիքում: Մեծ պատասխանատվություն կրելով երեխաների կյանքի որակի բարձրացման համար՝ բժշկուհին նրանց բազմիցս վերադարձրել է կյանքի լավագույն պարգևներից մեկը` աչքի լույսը:

- Ակնային ի՞նչ խնդիրներով են հիմնականում Ձեզ դիմում:

- Մեր բաժանմունքը գործում է կենտրոնի հիմնադրման օրվանից և ունի հարուստ  ավանդույթներ։ Բաժանմունքը բազմապրոֆիլային է, սպասարկում է տեսողության բնածին և ձեռքբերովի ցանկացած խնդիր ունեցող 0-18 տարեկան երեխաներին։ Մեր խնդիրն է վերականգնել տեսողության առավելագույն պոտենցիալը` հնարավորինս խուսափելով «ծույլ աչքի» ախտանիշից, տեսողության ամենատարբեր շեղումներից։ Մեզ հաճախ դիմում են օպտիկական շեղումների (կարճատեսություն,​ հեռատեսություն),  ինչպես նաև աստիգմատիկ խնդիրների դեպքում: Այսօր, ցավոք, երեխաները չարաշահում են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, դպրոցում չեն հետևում ճիշտ տեսողական, լուսային կանոններին, շատացել են ճառագայթումն ու արտանետումները: Բացի այդ, երեխաները ֆիզիկապես շատ քիչ են ծանրաբեռնվում, դեմքով թեքվում են դեպի գիրքը, ինչը հանգեցնում է ոչ միայն ողնաշարի ձևախեղումների, այլև` տարբեր տեսակի ռեֆրակցիոն արհեստական խանգարումների:

Մեր կենտրոնի ուշադրության թիրախում է մանկական ակնաբուժության խնդրահարույց ոլորտներից մեկը՝ անհասության ռետինոպաթիայի վաղ հայնտաբերման և բուժման ծրագիրը:

-Տեղյակ ենք, որ հայկական ակնաբուժության նախագծի անհասության ռետինոպաթիայի եւ մանկական ծրագրերի ղեկավարն եք։ Կմանրամասնե՞ք` ինչ նորարարություններ կան այդ ուղղությամբ։

-Մանկական ակնաբուժության զարգացման ժամանակակից փուլում իր հատկանշական տեղն ունի վաղաժամ ծնված երեխաների ակնահատակում այնպիսի ախտաբանական պրոցեսի զարգացումը, ինչպիսին է անհասության ռետինոպաթիան:

Երեխաների տեսողության կորստի ռիսկի պատճառագիտության մեջ այն մինչ այսօր էլ մնում է առաջատարը:
Ծրագրի նպատակն է հայտնաբերել վաղաժամ ծնված երեխաների մոտ անհասության ռետինոպաթիան, հետևել նրանց ակնահատակի փոփոխություններին, ընդհուպ ցանցենու նորմալ անոթավորումը կամ ախտաբանական պրոցեսի զարգացումը:
Այս ծրագիրը Առողջության Նախարարության կողմից հաստատվել է 2010 թվականից, և ծրագրի համակարգողն է «Լույս հայի աչքերին» բարեգործական հիմնադրամը։ Հպարտորեն կարող ենք արձանագրել, որ տարիների ընթացում հաջողությամբ ձեռք ենք բերել ախտորոշման և բուժման մեծ հմտություններ և փորձ, որի շնորհիվ չենք թողնում, որ հիվանդությունը հասնի ծայրահեղ շեմերին: Մեր աշխատանքը թիմային է՝ ընդգրկելով մանկական ակնաբույժներին և վիտրիոռետինալ վիրաբույժներին։

-Ձեր կլինիկայում արդյո՞ք կատարվում են նորածինների ակնահատակի խոռոչային վիրահատություն, եւ ո՞ր դեպքերում է այն ցուցված:

-Նորածինների ակնահատակի վիրահատություններ տարբեր դեպքերում են կատարվում` սկսած բնածին այնպիսի ախտահարումներից՝ ինչպիսիքն են բնածին գլաուկոման և կատարակտան, ցանցաթաղանթի տարբեր ախտահարումները և շերտազատումը։ Իհարկե, այստեղ ևս աշխատանքը թիմային է. Համագործակցում ենք բոլոր նեղ մասնագիտացման ոլորտների պատասխանատուների հետ, և բոլորիս նպատակը մեկն է` ժամանակին և ճիշտ մասնագիտացված բուժօգնություն ցուցաբերել:

-Աստիգմատիզմ։ Ի՞նչ ախտանիշներով է ի հայտ գալիս:                                   

-Աստիգմատիզմի դեպքում արտաքին աշխարհից ինֆորմացիան անհամաչափ է հասնում ակնահատակ։ Իրականացվում են ավելի մանրամասն հետազոտություններ, որից բժիշկը կարող է արդեն կողմնորոշվել, թե ինչ է առկա բուժառուի մոտ։ Այսօր ունենք գործիքային հետազոտությունների բոլոր հնարավորությունները`  ռեֆրակցիան ստուգելու համար, որի արդյունքում ստանում ենք ճշգրիտ ախտորոշում: Աստիգմատիզմը շտկելի է. շատ դեպքերում կորեկցվում է ակնոցային և կոնտակտային լինզաներով, իսկ երբեմն՝ լազերային միջամտությամբ: Իսկ եթե օպտիկական շեղումը ուղեկցվում է ոսպնյակի պղտորմամբ, ապա կատարակտայի վիրահատության ժամանակ տեղադրվում է ճշգրտությամբ հաշվարկված ներակնային ոսպնյակ` չեզոքացնելով և՛ աստիգմատիզմը, և՛ ռեֆրակցիոն մյուս շեղումները։

-Ակնո՞ց, թե՞ կոնտակտային լինզաների նշանակում։

-Ասեմ` և՛ ակնոց, և՛ կոնտակտային լինզաներ։ Երեխան կարող է ակնոց կրել, իսկ օրվա մյուս մասը` նաև լինզաներ: Կոնտակտային կորեկցիան ունի նաև բացարձակ ցուցումներ՝ մեծ անիզիոմետրոպիա, մեկ աչքում բարձր աստճանի ամբլիոպիա և ակնոցային կորեկցիայի հետ անհամատեղելիություն:

Լազերային կորեկցիայի դիմելիս   խորհուրդ է տրվում 1-2 շաբաթ չկրել կոնտակտային լինզաներ, կրել միայն ակնոց. նպատակը մինչև լազերային կորեկցիայի հետազոտությունների ճշգրտությունն ապահովելն է։

-Շլության բուժման դեպքում  ե՞րբ են դիմում վիրահատական  միջամտության։

-Շլության բուժումը կոմպելեքսային է` ելնելով երեխայի տարիքային շեմից։ Շլության պատճառները բազմազան են՝ բնածին,  գենետիկ, տրավմատիկ, նեվրոլոգիական և որպես պատճառահետևանք՝ մանկական հիվանդությունների։ Այդ իսկ պատճառով առաջին հերթին ստուգում ենք երեխայի տեսողությունը, կարիքի դեպքում տալիս ենք ակնոցային կորեկցիա, փակում ենք լավ տեսողությամբ աչքը, կազմակերպում ենք ապարատային բուժումներ, և եթե անհրաժեշտ է լինում կատարում ենք վիրահատական միջամտություն: Որպեսզի կոմպեքսային այդ բոլոր քայլերը արդյունավետ լինեն, ձգտում ենք հասնել երկու աչքերի բարձր տեսողության ակնագնդերի ուղիղ դիրքի եւ երկաչյա տեսողության:

-Կարճատեսություն եւ հեռատեսություն, ո՞ր պաթոլոգիան է ավելի հաճախ հանդիպում։

-Երկուսն էլ գրեթե հավասարապես, բայց ցավոք, կարճատեսությունն ավելի մեծ տեղ է գրավում մեր պրակտիկայում: Որպես մանկական ակնաբույժի` ինձ շատ է անհանգստացնում օրվա ընթացում երեխաների գաջեթներից օգտվելու տևողությունը՝ դպրոցում և տանը հաճախ գրքի փոխարեն օգտագործելով հեռախոսը` որպես ինֆորմացիայի աղբյուր։ Ըստ իս` ուսումնական ծրագիրը պետք է այնպես կազմակերպել, որ երեխան հասցնի ժամանակ հատկացնել խաղին և սպորտին: Պետք է գիտակցել, որ բաց տարածության մեջ արևի լույսի տակ դեռահասի գտնվելը նպաստում է ակնհատակում այնպիսի կարևոր նյութերի առաջացմանը, որոնք բարձր են պահում երեխայի տեսողության սրությունը:

-Ըստ Ձեզ` մեր երկրում ակնաբուժությունը ի՞նչ մակարդակի վրա է։

-Թող անհամեստություն չթվա, հայաստանյան ակնաբուժությունը  քայլում է միջազգային առողջապահական համակարգի նորարարությունների զարկերակին համընթաց։ Մեր կենտրոնի ծառայությունների ղեկավարները այսօր մեծ հաջողությամբ հանդես են գալիս բոլոր ֆորումներում և կիսվում են իրենց ձեռք բերած փորձով և հմտություններով այլ երկրների ներկայացուցիչների հետ։

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Ծնողների դիմելիությունը, անկախ նրանց սոցիալական վիճակից, բավականին բարձր է: Մենք բարեգործական ծրագրերով մեկնում ենք հեռավոր մարզեր,​ կամ այնտեղի մասնագետների, բնակչության համար կազմակերպվում են կոնսուլտացիաներ: Այնպես որ, մարդիկ հիմնականում իրազեկված են, ու բավականին քիչ են հիվանդության բարձիթողի վիճակում դիմողները:

Դիմելիության կուլտուրան, հուրախություն մեզ, բավականին փոխվել է դեպի լավը, բայց այսօր մարդիկ ավելի հոգսառատ են, կենցաղային դժվարությունների պատճառով լինում են դեպքեր, որ կարող էին ավելի վաղ դիմել բժշկի, բայց դրանց քանակը բավականին կրճատվել է։ Շատ ընդունված է լսել 2-րդ, 3-րդ կարծիք` չբավարարվելով բժշկի ախտորոշմամբ։ Իհարկե,   քավ լիցի, կարևոր է, որ ճշգրիտ ախտորոշվեն, և բուժառուն արդյունքում չտուժի դրանից։

-Որպես վերջաբան` ի՞նչ կմաղթեք, կհորդորեք մեր հասարակությանը:

- Ծնողներին խորհուրդ ենք տալիս երեխաների ֆիզիկական ակտիվությունը զարգացնելու պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան շարժվել, իրենց բաժին ֆիզիկական էներգիան սպառեն, նյութափոխանակությունը ճիշտ ընթանա, աշխույժ լինեն և ունենան տեսահորիզոն, որպեսզի աչքը՝ որպես օպտիկական համակարգ, կարողանա գործել:

Առողջ երեխան և նրա ընտանիքը մեր հասարակության հիմնասյունն են:

Հարցազրույցը վարեց Լուսինե Գալստյանը