Print this page
Նոնա Համլետի Մարտիրոսյան

Նոնա Համլետի Մարտիրոսյան

(0 votes)

Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է

Հայաստանում էնդոկրին համակարգի խնդիրները բավականին մեծ տարածում  ունեն: Դրանք արդիական են ժամանակակից բժշկության մեջ հաճախադեպության, ժամանակին ախտորոշման և բուժման միասնական մոտեցմամբ: 

Էնդոկրին համակարգը  մասնակցում է ամբողջ օրգանիզմի հոմեոստատիկ կարգավորմանը, ուստի էնդոկրինոլոգը բուժում է ոչ միայն էնդոկրին հիվանդությունները, այլ նաև դրանց հետևանքով առաջացած բոլոր ախտաբանական խնդիրները՝ կապված սիրտ-անոթային նյարդային և այլ համակարգերի  հետ:

Էնդոկրին հիվանդությունները դանդաղ և երկարատև, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում բուժում պահանջող հիվանդություններ են, քանի որ դրանք հիմնականում քրոնիկ ընթացք ունեն:

<<Նաիրի>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ծառայությունների շրջանակում իրականացվում են էնդոկրին գեղձերի հետազոտման ժամանակակից լաբորատոր հետազոտություններ (ճարպային և ածխաջրային փոխանակություն, հորմոնների խտության որոշման բարձր զգայնության եղանակներ) և գործիքային քննություններ  (ՈՒՁՀ, ռենտգեն հետազոտություն, սցինտիգրաֆիա, բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա, դենսիտոմետրիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա): Կիրառվում է ինչպես կոնսերվատիվ (դեղորայքային), այնպես էլ վիրահատական բուժում հետևյալ օրգանների ախտահարումների ժամանակ՝ վահանաձև և հարվահանաձև գեղձեր, մակերիկամներ, հիպոֆիզ, ենթաստամոքսային գեղձ, սեռական գեղձեր և այլն: Մասնագետները վիրահատության ժամանակ նախապատվությունը տալիս են օրգան-պահպանողական նվազ ինվազիվ վիրաբուժությանը, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, ուլտրաձայնային հսկողությամբ իրականացվող միջամտություններին։ Էնդոկրին ծառայությունը համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար կլինիկաների հետ:

Էնդոկրին համակարգի խնդիրների շուրջ http://bestgroup.am/ կայքի  զրույցը ծավալվեց  բ.գ.թ,. դոցենտ, <<Նաիրի>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար, թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ։ Բժշկուհին իր հաջողության բանալին գտել է ի սկզբանե. դա իր հիվանդների հանդեպ մարդասիրությունից ծնված սերն է: Լավագույն բժիշկ փնտրելիս ու ընտրելիս հիվանդը ոչ պակաս կարիք ունի նաև մարդկային վերաբերմունքի: Բուժմանն հավասար, հիվանդին  իր առողջությամբ մտահոգ, իր մասին ոչ միայն մասնագիտորեն, այլ նաև մարդկայնորեն հոգ տանող բժիշկ է հարկավոր: Միայն այս երկուսի զուգակցությամբ կարող է ձևավորվել  բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, որի առկայությունն ինքնին բուժման արդյունավետության գրավական է:        

 Բժշկի աշխատանքը, ըստ էության,  սեփական կենսագրության վավերագիրն է, նրա հեղինակությունն ստեղծողն ու հանրության գնահատականին հանձնողը: Ահա այս ամենի մեջ է հստակ երևում բժշկի մասնագիտական որակը, արհեստավարժությունը, այս ամենին տեղեկանալով է, որ հանրությունը որոշում է, թե ում և ինչ հիմքով վստահի իր առողջությունը:  

<<Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից>>. Վոլտերի այս խոսքերը ուղղակիորեն բնութագրում են մեր զրուցակցին։ Աշխատանքի հանդեպ սերն ու նվիրումը մշտապես թարմ են պահում բժշկուհու ուժն ու եռանդը: Աավածի առհավատչյան յուրովի մոտեցումն է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ:  Հիվանդը վստահում է բժշկուհի Մարտիրոսյանին, քանզի հավատում է նրա մասնագիտական ու մարդկային բարձր որակներին: Բժշկուհու կերպարն ամբողջանում է, երբ պարզվում է, որ բժշկի իր դերին զուգահեռ,  ոչ պակաս փայլում է նաև կյանքի դերերում՝ ընտանիքի մայր և կին: Դարձյալ բարդ <<դերեր>>, որոնք նա կատարում է նույնքան մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ՝ փորձելով այստեղ նույնպես լինել լավագույնը: Հեշտ չէ, բայցև հեշտ է, երբ սիրում ես մասնագիտությունդ և զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունը, որ քեզ նոր լիցքեր է հաղորդում, դառնում խթան՝ առաջ շարժվելու, հասնելու ավելիին, ձգտելու առավելագույնին: 

-Բժշկուհի, խոսենք դարի հիվանդություններից մեկի՝ լայն տարածում ունեցող շաքարային դիաբետի մասին։ Ի՞նչ ասել է շաքարային դիաբետ, և արդյո՞ք կարելի է այն համարել դատավճիռ։

-Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարության արդյունքում զարգանում է քրոնիկ հիպերգլիկեմիա, ուղեկցվում է նյութափոխանակության բոլոր օղակների ախտահարումով և դրանից բխող տարատեսակ բարդությունների զարգացմամբ: Շաքարային դիաբետը դատավճիռ չէ, շաքարային դիաբետով տառապողները պետք է գիտակցեն  ճիշտ ապրելակերպ վարելու և հստակ պահպանելու կարևորությունը: Եթե հիվանդը պահպանի սննդակարգն ու հետևի ճիշտ ապրելակերպի կանոններին, բուժումը բավականին  արդյունավետ կլինի:

Շաքարային դիաբետը վտանգավոր է, եթե չի վերահսկվում: Այն կարող է առաջացնել միկրոմակրոանգիոպաթիաներ՝ սրտի, երիկամների, աչքերի, նյարդային համակարգի, պերիֆերիկ անոթների ախտահարումներ:

Ցավոք, երիտասարդացում է ապրել տիպ 2 շաքարային դիաբետը։ Եթե նախկինում շաքարային դիաբետի այս տեսակը հանդիպում էր 30 տարեկանից հետո, ապա այսօր կարող է ի հայտ գալ նաև պատանեկան տարիքից։

Մեզանում բավականին շատացել են մետաբոլիկ ճարպակալմամբ տառապողները, և դա բավականին վտանգավոր ահազանգ է: Պետք է խստագույնս հետևողական լինել, որպեսզի շաքարային դիաբետ չզարգանա։ Դեռահասներին հնարավորության սահմաններում պետք է հեռու պահել հեռախոսային կախվածությունից, նստակյաց կյանք վարողներին՝ <<արագ սնունդ>> ասվածի գերակայությունից. Երևույթներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում են ճարպակալման և մետաբոլիկ համախտանիշին։ Ճարպակալումն ինքնին  բարձր ռիսկի գործոն է շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման համար։

 Այսօր բավականին արդիական խնդիր է նաև D վիտամինի անբավարարությունը օրգանիզմում: D վիտամինը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, լավացնում իմունային համակարգը, այն նաև շատ կարևոր է մկանների, ատամների և ոսկորների համար: 

Որոշ հետազոտություններ վկայում են այն մասին, որ D վիտամինը շատ   կարևոր դեր է կատարում մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնելու գործում: Այդ հիվանդություններին են դասվում ցրված սկլերոզը, սրտանոթային, վարակային հիվանդությունները, շաքարային դիաբետը, նույնիսկ որոշ չարորակ նորագոյացությունները և այլն:

Առանց արյան քննություն հանձնելու և բժշկի ցուցման, D վիտամին ընդունելը վտանգավոր է, քանի որ կարող է տեղի ունենալ գերդոզավորում, իսկ գերդոզավորումը կարող է հյուսվածքներում կալցիումի ավելցուկի պատճառ դառնալ, ինչն էլ ժամանակի ընթացքում կնպաստի աթերոսկլերոզի, տոքսիկ հեպատիտի, քարերի կուտակման, գլխացավերի առաջացմանը և այլն:

 - Բժշկուհի, ի՞նչ հիվանդություններ են առաջանում վահանաձև գեղձի ախտաբանության ժամանակ:

 - Վահանաձև գեղձի հիվանդություններից ներկայումս առավել տարածված են աուտոիմուն թիրեոիդիտը և հանգուցավոր խպիպը։ Յուրաքանչյուր դեպքում գեղձի ֆունկցիան կարող է փոփոխվել /գերֆունկցիա կամ թերֆունկցիա/ կամ մնալ առանց ֆունկցիայի խանգարման։ Մասնավորապես խոսենք վահանաձև գեղձի հանգուցավոր գոյացությունների մասին, որոնք մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ են, և միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ նորագոյացություններ: Վահանաձև գեղձի չարորակ նորագոյացություններն իրենց հերթին դասակարգվում են դիֆերենցված և չդիֆերենցված քաղցկեղների։ Դիֆերենցված՝ պապիլյար և ֆուլիկուլյար ձևերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար, քիչ են ոչ դիֆերենցված ձևերը, այսպես կոչված անապլաստիկ քաղցկեղը, որն ամենաագրեսիվ տեսակն է, այն շատ արագ է աճում և չի ենթարկվում բուժմանը: Առանձնացվում է նաև մեդուլյար քաղցկեղը, որն առաջանում է վահանաձև գեղձի C բջիջներից, որոնք արտադրում են կալցիոտոնին։ Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է:

Երբ բուժառուն դիմում է ներզատաբանի, առաջին հերթին իրականացվում է անամնեստիկ տվյալների հավաքագրում. Ճշգրտվում է վահանագեղձի քաղցկեղի հետ կապված ժառանգական նախատրամադրվածության առկայությունը: Ավելի մեծ ուշադրության են արժանանում և բարձր ռիսկային են համարվում այն անձինք, ովքեր պարանոցի շրջանում ենթարկվել են ճառագայթային որևէ ազդեցության:

Հաջորդ փուլը սոնոգրաֆիկ հետազոտությունն է, որը վահանաձև գեղձի հետազոտման ոսկե ստանդարտն է և օգնում է հայտնաբերելու առկա հանգույցները: Կարևորվում են նաև լաբորատոր քննությունները, որոնք կատարվում են վահանաձև գեղձի հորմոնալ գործունեությունը, աուտոիմուն ֆոնը գնահատելու համար: Լաբորատոր քննությամբ որոշվում են նաև օնկոմարկերներ ինչպես հիվանդության ախտորոշման սկզբում, այնպես էլ հետվիրահատական շրջանում, եթե այն իրականացվում է։ Գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում նշանակվում է համապատասխան բուժում։

Հետագա հետազոտությունը շարունակվում է այն բուժառուների մոտ, որոնց վահանագեղձի հանգույցները ուլտրաձայնային հետազոտությամբ՝ ըստ միջազգային ուղեցույցների, առավել ռիսկային են: Բուժառուն ուղղորդվում է հանգույցի բարակասեղային պունկցիոն բիոպսիայի: Մենք հաճախ բախվում ենք այն դեպքերին, երբ բուժառուները խուսափում են պունկցիոն բիոպսիայից, քանի որ կա թյուր կարծիք, որ այս հետազոտությունը կարող է արագացնել չարորակ գոյացությունների առաջացումը: Այն միանշանակ անվտանգ հետազոտություն է և որևէ կերպ չի կարող վնասել գեղձը։ Այն բավականին ինֆորմատիվ հետազոտություն է, որից հետո էնդոկրինոլոգն ու վիրաբույժը դասակարգում են, թե ինչպես վարել բուժման հետագա գրագետ ընթացքը: 

Բիոպսիայի արդյունքից ելնելով՝ բուժառուին կամ առաջարկվում է վիրահատական բուժում, կամ նա շարունակում է մնալ ներզատաբանի հսկողության ներքո: Վիրահատական բուժման ցուցման դեպքում վիրաբույժը` կախված ախտորոշումից, կատարում է տարբեր ծավալների վիրահատություն: Հետվիրահատական շրջանում, ըստ ցուցումի, իրականացվում է ռադիոյոդթերապիա: Հարկ է նշել, որ վահանաձև գեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, և հիմնականում կարողանում ենք հասնել կայուն ռեմիսիայի կամ լիիրավ առողջացման: Կարևոր է հիվանդության վաղաժամ հայտնաբերումը և վաղաժամ միջամտությունը, որից հետո հիվանդները կարող են անցնել իրենց առօրյա կյանքին՝ ուղղակի շարունակելով գտնվել ներզատաբանի մշտական հսկողության տակ: Մեզ մոտ հազարավոր հիվանդների բուժման փորձը ցույց է տալիս, որ վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման դեպքում հիվանդության ելքը բարվոք է, եթե, իհարկե, փուլ առ փուլ կատարվում են բժշկի ցուցումները. այց էնդոկրինոլոգին, ՈՒՁՀ, բիոպսիա, վիրաբույժի կողմից արդյունավետ վիրահատություն, այնուհետև` հսկողություն ներզատաբանի կողմից: Այս ամենի ճիշտ կազմակերպմամբ հիվանդները շարունակում են իրենց առօրյա, լիարժեք, առողջ կյանքը:

Ես մշտապես կրկնում եմ, որ բոլոր չարորակ գոյացությունների մեջ վահանաձև գեղձի չարորակ գոյացությունները <<ամենաբարորակն>> են, քանի որ վահանաձև գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակը, բարեբախտաբար, պապիլյարն է, որի բուժման արդյունավետությունը հասնում է մոտ 95-100%-ի:   

-Ձեր զրույցում հնչեցրիք մետաբոլիզմ տերմինը: Կմանրամասնե՞ք, թե ինչի՞ մասին է խոսքը։

 -Մետաբոլիզմը՝ նյութափոխանակությունը, կենսական կարևոր գործընթաց է՝ քիմիական ռեակցիաների հաջորդականություն, որոնք ապահովում են օրգանիզմի նորմալ գործունեությունը։ Ունի երեք հիմնական ուղղություններ. սննդանյութերի փոխակերպումն էներգիայի՝ բջջային գործընթացների իրականացման համար, սննդանյութերի փոխարկումը սպիտակուցների, լիպիդների, նուկլեինաթթուների և ածխաջրերի 

կառուցվածքային միավորների, և ազոտային արգասիքների հեռացումը: 

Մետաբոլիզմ ասվածը յուրաքանչյուրիս օրգանիզմի շարժիչ ուժն է: Նրա յուրաքանչյուր ճյուղը կարող է առանձին խաթարվել, և յուրաքանչյուրի խաթարումը անդրադառնում է մյուս օղակների վրա: Մետաբոլիզմ բառը կարող է վերաբերել նաև կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող բոլոր քիմիական ռեակցիաներին, այդ թվում՝ մարսողությանը, ինչպես նաև տարբեր բջիջների միջև նյութերի փոխադրմանը, որոնց դեպքում բջջում տեղի ունեցող ռեակցիաների ամբողջությունն անվանում են միջանկյալ կամ միջնորդավորված մետաբոլիզմ:

 -Բժշկուհի, այժմ էլ խոսենք, խնդրեմ,Կուշինգի սինդրոմ/համախտանիշից։

 - Կուշինգի համախտանիշ կամ Կուշինգի հիվանդություն. դա մակերիկամների հորմոնների գերարտադրությունն է, որը կարող է ի հայտ գալ հենց մակերիկամի կողմից /համախտանիշ/ կամ հիպոֆիզի /հիվանդություն/՝ կենտրոնական էնդոկրին վերահսկիչ գեղձի կարգավորիչ արտադրվող հորմոնի գերարտադրության հետևանքով։ Շատ կարևոր է ժամանակին ախտորոշումը, ճիշտ կատարված փորձերի կատարումը, քանի որ համապատախան հորմոնի, մասնավորապես, կորտիզոլի ավելցուկի դեպքում նրանք իրենց արտահայտման ձևով տարբերվում են՝ ունենում են զարկերակային  ճնշման բարձրացում, ածխաջրատային փոխանակության խանգարում, ճարպի ավելցուկի անհամաչափ կուտակում՝ հիմնականում մարմնի վերին հատվածում, Բուժառուներն ունենում են  լուսնաձև դեմք, վերջույթները՝ բարակ, իսկ որովայնի վրա բավականին հստակ լինում են մանուշակագույն ստրիաներ՝ մաշկի ձգվածություն, այսինքն՝ տուժում է ամբողջ օրգանիզմը:

Այս պարագայում շատ կարևոր է ժամանակին հետազոտվել: Բուժմոտեցումները կարող են լինել թե՛ դեղորայքային, թե՛ վիրահատական: Վիրահատությունից հետո որոշ դեպքերում, ըստ ցուցումի, իրականացվում է նաև ճառագայթային բուժում: Ունենք բավականին արդյունավետ դեղամիջոցներ, հստակ միջազգային ուղեցույցներով՝ բուժական նորագույն մոտեցումներ: Իհարկե,  այս հիվանդությունը սակավադեպ է ի հայտ գալիս, սակայն հանդիպելու դեպքում էլ Կուշինգի հիվանդությունը պետք է տարբերակել Կուշինգի համախտանիշից, ճարպակալումից, ճարպասեռային դիստրոֆիայից, պատանեկան դիսպիտուիտարիզմից և այլն։

 -Բժշկուհի, խոսենք նաև այն մասին, թե ի՞նչ դեր ունի երկաթը մեր օրգանիզմում։

-Երկաթը կարևորագույն դեր է խաղում մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի մեջ։ Մասնակցում է հեմոգլոբինի կազմավորմանը, այն անհրաժեշտ է լիմֆոցիտների առաջացման, իմունային համակարգի ձևավորման և աշխատանքի համար։ Մասնակցում է տարատեսակ ֆերմենտների առաջացմանը։ Երկաթի անբավարարությունը հաճախ հանդիպող երևույթ է։ Կարող է առաջանալ սննդում երկաթով հարուստ մթերքների պակասից, հորմոնային խանգարման, ստամոքսաղիքային համակարգի խնդիրների, արյունահոսությունների հետևանքով։ Երկաթի պակասն օրգանիզմում հանգեցնում է անեմիայի (սակավարյունություն), իմունիտետի թուլացման, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման և այլ հիվանդությունների, և կլինիկորեն դրսևորվում է արագ հոգնելիությամբ, թուլությամբ, գլխապտույտով, սրտխփոցով, մազաթափությամբ։ Սովորաբար, օրգանիզմում հազվադեպ է երկաթի ավելցուկ դիտվում։ Առաջանում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի և ներքին այլ օրգանների հիվանդությունների պատճառով, ինչպես նաև օրգանիզմում երկաթի յուրացման խանգարման դեպքում։ Կարող է արտահայտվել գլխապտույտով, գլխացավով, թուլությամբ, սրտխառնոցով և փսխմամբ, ախորժակի անկմամբ, մարսողական համակարգի խանգարումներով, մաշկի պիգմենտավորմամբ և այլ ախտանշաններով։

-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ինչպիսի՞ն եք պատկերացնում, բժշկության  ապագան։ 

-Մեզանում բժշկության ապագան ինձ պատկերանում է բավականին խոստումնալից դիրքերում և հուսալի ձեռքերում: Անժխտելի է, որ ասպարեզն համալրվում է բանիմաց, խորագետ երիտասարդ մասնագետներով, որոնք աչքի են ընկնում նորն ու արդիականն ըմբռնելու ունակությամբ, մասնագիտական լայն հետաքրքրություններով, ձգտում հետամուտ լինել միջազգային առողջապահական առաջընթացին, սիրում են իրենց գործը և ունեն շատ մեծ ներուժ՝ տիրապետելու բուժման ժամանակակից մեթոդներին:

-Մեր զրույցը մոտենում է ավարտին: Փորձենք այն ամփոփել, որպես վերջաբան, հայ հասարակությանը Ձեր մաղթանք-ուղերձով:

- Ուղերձս սեփական առողջությանը հետևելն է, խնամքով վերաբերվելը: Հազարավոր անգամ ասված խոսք է, որը, սակայն,  անվերջ կրկնելու կարիք ունի. հիվանդությունը որքան վաղ ախտորոշվի, այնքան հետագա բուժումն անհամեմատ ավելի հեշտ կլինի: Ուստի խորհուրդ կտայի փոքր իսկ խնդրի ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի: Շատ կարևոր է վարել առողջ ապրելակերպ, հետևել քնի ռեժիմին, փորձել բարձր բարձր տրամադրություն ունենալ:

Որպես իմ երկրի մի մասնիկը և որպես իմ երկրի վաղվա օրով մտահոգ քաղաքացի, ես երկրիս խաղաղություն եմ մաղթում: Մենք արարող ազգ ենք, ունակ՝ կորցրածը վերականգնելու, ավերվածը վերակառուցելու: Մեր ժողովուրդը շատ փորձությունների  միջով է անցել, բայց միշտ փառքով է դուրս եկել անհաղթահարելի թվացող դժվարություններից: Եթե յուրաքանչյուր հայ գիտակցի, որ ինքն է իր երկիրը շենացնողը, և իր ավանդը բերի այդ գործին, անտարակույս, ապագայում կունենանք մեր երազած երկիրը:  

Ասելիքս ամփոփեմ՝ նորից գալով բժշկությանը և ցիտելով փիլիսոփաներից մեկի խոսքը. «Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է»։

Image Gallery