
Lusine
Հակոբյան Լիլիթ Խաչիկի
Արմինե Խռոյան
Էնդոկրին համակարգը մեր օրգանիզմի խմբավարն է. Արմինե Խռոյան
Յոդի պակաս կա. այս կամ այն խնդիրն ունենալու դեպքում մարդիկ միմյանց կամ իրենք իրենց հաճախ են նման կերպ «ախտորոշում»: Եվ իսկապես՝ էնդոկրին համակարգի հիվանդությունները մեծ տարածում ունեն ինչպես ամբողջ աշխարհում, անպես էլ՝ մեր երկրում:
Այդպիսի խնդիրների լուծմամբ է զբաղվում «Vitromed» բժշկական կենտրոնի, «Մուրացան» պոլիկլինիկայի և «Հայ-ամերիկյան Առողջության կենտրոնի» էնդոկրինոլոգ, ԵՊԲՀ Էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս Արմինե Խռոյանը:
Շփվելով փորձառու բժշկուհու հետ՝ միանգամից վստահություն է առաջանում առ այն, որ նրան դիմող ցանկացած հիվանդ կհայտնվի ապահով և հուսալի ձեռքերում, քանի որ յուրաքանչյուր պացիենտի առողջանալու գրավականը գրագետ և պարտաճանաչ բժիշկն է, իսկ երբ այս հատկանիշները զուգակցվում են նաև իսկապես սրտացավ ու հոգատար վերաբերմունքի հետ, ապա շուտափույթ ապաքինումն ուղղակի «դատավճիռ» է:
Մեր ընթերցողները, բնականաբար, արդեն կռահեցին, որ http://bestgroup.am/ կայքի չափազանց հաճելի զրուցակիցը Արմինե Խռոյանն է:
-Բժշկուհի՛, որքան գիտեմ՝ էնդոկրինոլոգիան բժշկության ամենաերիտասարդ ու ամենաբուռն զարգացող ճյուղերից է…
-Էնդոկրինոլոգիան վերջին տարիներին մեծ զարգացում է ապրում՝ կապված ախտորոշիչ մեթոդների հետ. հիմա ախտորոշումն ավելի է լավացել, հետևաբար՝ ոչ թե հիվանդություններն են շատացել, այլ ուղղակի ախորոշումն է զարգացել, այդ պատճառով էնդոկրին հիվանդությունների թիվը տարեցտարի աճում է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ՝ Հայաստանում: 10-15 տարի առաջ էնդոկրինոլոգիան «մութ անտառ» էր, հիմա ավելի շատ բացահայտումներ կան, ես համարում են էնդոկրինոլոգիան ամենազարգացող գիտություններից մեկը բժշկության մեջ:
Էնդոկրին համակարգը մեր օրգանիզմի խմբավարն է. կարգավորում է բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիաները: Էնդոկրին համակարգի կողմից արտադրվող հորմոններրն ունեն մեծ դեր մեր օրգանիզմի համար:
-Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ էնդոկրին համակարգի հիվանդություններից, և ի՞նչ խնդիրների պատճառով են առաջանում էնդոկրին համակարգի խանգարումները:
-Էնդոկրին հիվանդությունների ժամանակ կարող են լինել տարբեր խնդիրներ ՝ կապված բոլոր օրգանների հետ: Որպես օրինակ՝ վերցնենք շաքարային դիաբետը: Այս դեպքում շաքարի մակարդակն է բարձր արյան մեջ, բայց շաքարի բարձր մակարդակի հետևանքները կարող են առաջացնել բազմաթիվ խնդիրներ՝ սուր բարդություններ, ինչպիսիք են կոմաները՝ հիպերգլիկեմիկ, կետոացեդոտիկ, հիպոգլիկեմիկ, լակտացիդոտիկ, և խրոնիկ բարդություններ՝ կապված երիկամների, աչքերի, նյարդերի, անոթների հետ: Այսինքն՝ շաքարային դիաբետի բարդություններից տարբեր խնդիրեր կարող են առաջանալ:
-Դուք թվարկեցիք շաքարային դիաբետի հետ կապված խնդիրները, սակայն քանի որ մեզանում մեծ տարածում ունեն նաև վահանաձև գեղձի հիվանդությունները, նշեք, խնդրեմ, նաև դրանց առնչվող պաթոլոգիաները:
-Վահանաձև գեղձի հորմոնները դարձյալ մեծ դեր են խաղում մեր օրգանիզմում: Սկսած ներարգանդային կյանքից՝ ապահովում են պտղի նյարդային համակարգի զարգացումը, կմախքի ձևավորումը, ծնվելուց հետո՝ արդեն երեխաների աճը, զարգացումը՝ և՛ մտավոր, և՛ ֆիզիկական, նաև մեծ դեր են խաղում սեռահասունացման շրջանում՝ դաշտանային ցիկլ և այլն: Դրանց դերը մեծ է նաև սիրտ-անոթային, աղեստամոքսային, ռեպրոդուկտիվ համակարգերի մեջ, մի խոսքով՝ կարգավորում են բոլոր օրգան-համակարգերի ֆունկցիաները:
Որպես օրինակ՝ վերցնենք հիպոթիրեոզը, որի ժամանակ կարող են առաջանալ մի շարք խնդիրներ: Այսպիսի տերմին կա՝ հիպոթիրեոզի դիմակ: Դա նշանակում է, որ հիպոթիրեոզի տակ կարող են թաքնված լինել տարբեր խնդիրներ՝ սիրտ-անոթային, գինեկոլոգիական, մաշկային, աղեստամոքսային, նյարդային, հեմատոլոգիական … Օրինակ՝ անեմիայի դեպքում պացիենտները կդիմեն արյունաբանի, որովհետև արյան տոկոսը ցածր է, հեմոգլոբինը, երկաթը ցածր են, սակայն հիմքում կարող է թաքնված լինել զուտ վահանաձև գեղձի խնդիրը, և հետևաբար՝ այդ հիվանդները կարող են մնալ չախտորոշված, այսինքն՝ սիմպտոմատիկ բուժում անցկացվի, կարգավորվի հեմոգլոբինը, և բուժումից երկու-երեք ամիս անց դարձյալ նույն խնդիրը կրկնվի: Կամ՝ պացիենտի մոտ կարող է լինել լեղաքարային հիվանդություն՝ հիպոթիրեոզի ժամանակ, նա դիմի վիրաբույժի, լեղապարկը հեռացնեն, սակայն հիվանդությունը մնա չատորոշված: Ինչու՞ է առաջանում լեղաքարային հիվանդություն, որովհետև հիպոթիրեոզի ժամանակ մի կողմից լեղուղիների դիսկինեզիա է առաջանում՝ շարժունակության խանգարում, մյուս կողմից էլ՝ դիսլիպիդեմիա, լիպիդային պրոֆիլի խանգարում, որոնք բերում են խոլեստերինային քարերի առաջացման, մյուս կողմից էլ՝ լեղու արտահոսքը դանդաղեցված է. լավ պայման է, որպեսզի առաջանան քարեր լեղապարկում:
-Այդ դեպքում լեղարպարկը նու՞յնպես հեռացնում են:
-Ամեն դեպքում, եթե լեղապարկում քար կա, հեռացնում են, բայց պետք է բուժել՝ իմանալով՝ խնդիրը որտեղի՛ց է առաջացել, որպեսզի հետագայում խուսափեն այլ բարդություններից: Ես թվարկեցի բազմաթիվ դիմակներ, օրինակ՝ մաշկային դիմակը. մարդը կարող է ունենալ մաշկի չորություն, մազաթափություն, եղունգների կոտրտվածություն կամ մաշկի վրա ցանավորում և այլն: Այդ դեպքերում նա կդիմի մաշկաբանի: Կամ՝ մաշկն ունենում է դեղին երանգավորում, մտածում են՝ դեղնուկ է, բայց այստեղ հիպերկարոտինեմիայի հետևանք է: Մեկ այլ դեպքում հնարավոր է՝ լինի ռեպրոդուկտիվ դիմակ, այսինքն՝ այդ խնդիրները կարող են հանգեցնել անգամ անպտղության:
-Փաստորեն, կապված լինելով բոլոր օրգան-համակարգերի հետ, էնդոկրին համակարգի խնդիրները լայն բուժում են պահանջում: Արդյոք Հայաստանում այսօր կա՞ միտում, որ այլ ոլորտների բժիշկները որևէ խնդրի դեպքում պացիենտին ուղղորդեն էնդոկրինոլոգի մոտ, առկա՞ է համագործակցված աշխատանք այլ մասնագետների հետ:
-Վերջին տարիներին բժիշկների միջև կապը, խմբային ախտորոշման հետ կապված, շատ ավելի սերտ է, բժիշկներից գրեթե բոլոը տեղեկացված են, թե ինչ խնդիրներից կարող է առաջանալ տվյալ ախտանիշը, և, հետևաբար, անպայման ուղղորդում են էնդոկրինոլոգի մոտ, այսինքն՝ մենք համատեղ աշխատում ենք, ինչը շատ ողջունելի է և շատ է հեշտացնում թե՛ մեր գործը, թե՛ իրենցը, և թե՛ պացիենտի համար է շատ ավելի լավ. շուտ ախտորում ենք, շուտ բուժում:
-Մարդը կարո՞ղ է ունենալ վահանաձև գեղձի խնդիր, բայց չիմանալ դրա մասին, քանի որ այն իրեն չի խանգարում: Պատահաբար ախտորոշվելու դեպքում ի՞նչ է պետք անել:
-Միանշանակ: Շատ հաճախ հենց այդպես էլ կա: Մարդիկ հարմարվում են իրենց վիճակին՝ մշտապես բութ գլխացավեր, թուլություն, շուտ հոգնածություն, էներգիայի դեֆիցիտ, տրամադրության անկում… Ժամանակի ընթացքում հարմարվում են այդ երևույթներին և մտածում, որ դա իրենց համար նորմալ է, սակայն կան որոշակի ախտանիշներ, որոնց դեպքում պարտադիր պետք է դիմել բժշկի: Այդ ախտանիշներն են անբացատրելի գլխացավերը, մաշկի չորությունը, մազաթափությունը, շուտ հոգնելը, երբ առավոտյան արթնանում են արդեն հոգնած, ցիկլի խանգարումները, քաշի անբացատրելի ավելացումը կամ անկումը… Բժշկի չդիմելու դեպքում կարող են առաջանալ խնդիրներ տարբեր օրգան- համակարգերի կողմից՝ սիրտ-անոթային, աղեստամոքսային և այլն:
-Բժշկուհի՛, էնդոկրին համակարգի խնդիրները բնածի՞ն են, թե՞ ձեռքբերովի:
-Էնդոկրին համակարգի հիվանդությունները կարող են լինել և՛ բնածին, և՛ ձեռքբերովի: Նույն հիպոթիրեոզը կարող է լինել և՛ բնածին, և՛ ձեռքբերովի, այսինքն՝ կյանքի ընթացքում առաջանալ տարբեր խնդիրներից: Հիպոթիրեոզի ամենահաճախ հանդիպող պատճառն աուտոիմուն թիրեոիդիտն է: Նման խնդիր հիմնականում ծագում է սթրեսներից, վիրուսներից, ինֆեկցիաներից հետո, բայց այստեղ պարտադիր է HLA նախատրամադրվածությունը: Եթե այն կա, արդեն տրիգգերները՝ հրահրիչ գործոննները, ինչպիսիք են սթրեսները, վիրուսները, ինֆեկցիաները, ինչու չէ՝ նաև սնունդը, բերում են իմուն համակարգի պատասխանի խեղաթյուրման, և առաջանում է այդ հիվանդությունը, որի վերջնական փուլը հիպոթիրեոզն է, այսինքն՝ դրանք բերում են վահանաձև գեղձի քայքայման ու հիպոթիրեոզի առաջացման:
Էնդոկրին համակարգի շատ մեծ և արդիական խնդիրներ են նաև հիրսուտիզմը, ձվարանների պոլիկիստոզ ախտահարումը… Հիրսուտիզմը նշանակում է մազակալում: Աղջիկները դիմում են տարբեր կոսմետոլոգիական միջամտությունների՝ մազահեռացման, բայց էֆեկտիվությունը ցածր է, որովհետև ունեն հորմոնալ խանգարումներ: Առաջին հերթին պետք է կարգավորեն հորմոնները, հետագայում նոր դիմեն մազահեռացման մեխանիկական միջոցների: Կամ՝ պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը, որի հիմքում ընկած են դարձյալ հիպերանդրոգենեմիան, ավելորդ քաշը և իհարկե՝ ժառանգական նախատրամադրվածությունը: Այդ բոլորը բերում է նրան, որ ձվարաններում փոքր ֆոլիկուլները մնում են, ատրեզիայի են ենթարկվում, ձվազատում տեղի չի ունենում, և անօվուլյատոր ցիկլը բերում է անպտղության՝ դրանից բխող մյուս հետևանքներով:
-Քանի որ բազմաթիվ խնդիրներ նշեցիք՝ կապված վերարտադրողական համակարգի հետ, կարո՞ղ ենք պնդել, որ կանայք ավելի շատ են դիմում էնդոկրինոլոգի:
-Անշուշտ, կան վիճակագրական տվյալներ, որ կանայք շատ ավելի հաճախ են հիվանդանում էնդոկրին հիվանդություններով, քան տղամարդիկ: Վահանաձև գեղձի խնդիրների դեպքում 7-ից 10-15 անգամ ավելի հաճախ կանայք են դիմում, քան տղամարդիկ: Դիաբետի դեպքում հստակ ստատիստիկա չունենք, սակայն դարձյալ գերակշռում են կանայք: Էնդոկրին ցանկացած պաթոլոգիա կանանց մոտ շատ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց: Դա կապված է այն բանի հետ, որ կանայք կյանքի ընթացքում ավելի հաճախ են ենթարկվում հորմոնալ տեղաշարժերի՝ դաշտանային ցիկլ, ծննդաբերություն, հետծննդաբերական շրջան, դաշտանադադար և այլն:
-Բժշկուհի՛, ի՞նչ կցանկանաք հավելել:
-Կհավելեմ այն, որ պացիենտները հաճախ անցնեն սքրինինգային հետազոտություններ: Պոլիկլինիկաներում հիմա կոնկրետ դիաբետի հետ կապված ունենք սքրինինգային ծրագրեր: Ովքեր ռիսկի խմբում են՝ տարին մեկ, ովքեր ոչ՝ երեք տարին մեկ՝ 40-42 տարեկանից հետո, կարող են գալ և անցնել այդ հետազոտությունը, ինչպես նաև՝ որոշել շաքարի մակարդակը: Այդ ամբողջը կատարվում է անվճար, թող այդ հետազոտություններն անցնեն, որպեսզի վաղ հայտնաբերեն խնդիրները՝ հետագայում բարդություններից խուսափելու համար: Պոլիկլինիկաներում կարող են անցնել ուլտրաձայնային հետազոտություն, արյան մեջ շաքարի որոշում, ստուգել վահանաձև գեղձի ֆունկցիան, քանի որ Հայաստանում այդ խնդիրները շատ տարածված են:
-Իսկ ովքե՞ր են ռիսկի խմբում:
-Նախ՝ ժառանգական նախատրամադրվածություն ունեցողները, երբ ընտանիքում կան դեպքեր, բացի այդ՝ ավել քաշ, զարկերակային ճնշում, նստակյաց աշխատանք ունեցողները…
-Բժշկուհի՛, ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:
-Կմաղթեմ մեր ընթերցողներին, որ հետևեն իրենց առողջությանը, զգոն լինեն և առողջ:
ԱՆՆԱ ՓԻՐՈՒԶՅԱՆ
Բոլորս բավականին լավ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը
Բժշկությունում ոչ ինվազիվ ախտորոշման ասպարեզում ուլտրաձայնային հետազոտությունը` ՈՒՁՀ, սոնոգրաֆիան, ամենաինֆորմատիվ մեթոդներից է: Այն լայնորեն կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների ախտորոշման համար, ինչին նպաստում են հետազոտման արդյունքների ճշգրտությունը, մեթոդի մատչելիությունը, հակացուցումների բացակայությունը: Հետազոտության ժամանակ կիրառվող ուլտրաձայնային ալիքների չափաքանակը չի վնասում մարդու առողջությանը: Ուլտրաձայնային հետազոտությունը կիրառվում է հիվանդությունների ախտորոշման, ախտաբանական գործընթացի պարբերական հսկողության և բուժման արդյունքների գնահատման նպատակով: Ժամանակին արված հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլերում և կանխել դրա հետագա զարգացումը: Բոլորս Էլ գիտակցում ենք, որ առավել հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը: http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Էրեբունի» կանանց վերարտադրողական առողջության կենտրոնի բժշկուհի-թերապևտ, սոնոգրաֆիստ ԱՆՆԱ ՓԻՐՈՒԶՅԱՆՆ է, ով հոգատար է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, ունի հզոր կամքի ուժ և անկոտրում համբերություն: Իսկ բժիշկ լինելը նշանակում է ստանձնել շատ մեծ պատասխանատվություն, սիրել մարդկանց, ամեն հիվանդին մոտենալ յուրովի ու պատրաստ լինել՝ անելու առավելագույնը սեփական ուժերի գերլարման հաշվին։ Եվ քիչ չեն դեպքերը, երբ բժիշկն իր հիվանդի մասին գիտի ավելին, քան նրա շատ հարազատները:
-Նշենք, որ բժշկուհին հետազոտություններն անցկացնում է Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի ախտորոշիչ սարքով, որն համարվում է աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից մեկը։Սարքի շնորհիվ արդեն հնարավոր է տեսնել նախկինում «անտեսանելի» համարվող պատկերները:
- Ինստիտուտ ընդունվել եմ Ռուսաստանի Դաշնությունում, այնուհետև ուսումս շարունակել՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որից հետո անցել եմ ինտերնատուրա` բարձրագույն մասնագիտական կրթության, այնուհետև աշխատանքի եմ անցել «Էրեբունի» կանանց վերարտադրողական առողջության կենտրոնում որպես բժշկուհի-թերապևտ: Միաժամանակ դասավանդել եմ «Դեղաբանություն» առարկան «Էրեբունի» բժշկական քոլեջում: Ի դեպ, թերապիայի իմացությունն ինձ շատ է օգնում սոնոգրաֆիկ ախտորոշման մեջ: Մի քանի տարի հետո, թողնելով դասախոսական աշխատանքը, ընդունվել եմ կլինիկական օրդինատուրա՝ ռադիոլոգիայի ճյուղով, որից հետո անցել աշխատանքի որպես պրակտիկ սոնոգրաֆիստ: Ցանկացած բժիշկ պարտադիր այդ ուղին պետք է անցնի: Վերապատրաստումներ անցել եմ բավականին շատ, ընթացքում էլ արդեն ձեռք եմ բերել պրակտիկա, մասնագիտական փորձ: Պրակտիկան ձեռք է բերվում այն ժամանակ, երբ բժիշկն աշխատում է հիվանդի հետ, և միայն այդ ժամանակ բժիշկը բժիշկ է դառնում: Ամեն հիվանդ տարբերվում է մյուսներից, և ճիշտ է ասված, որ բժիշկը պետք է բուժի հիվանդին, այլ ոչ թե հիվանդությունը: Գիտելիքները, որ ձեռք ես բերել տեսականորեն, պրակտիկայում կիառվում է բազմաթիվ հիվանդների ախտորոշելուց հետո:
- Կարողանո՞ւմ եք արդյոք համատեղել աշխատանքը վերապատրաստումների հետ:
- Իհարկե, եթե քեզ անհրաժեշտ է տվյալ վերապատրաստումը, ուրեմն պետք է որոշ ժամանակով կտրվես աշխատանքից, պարտադիր ժամանակդ տրամադրես նաև վերապատրաստումների:
- Գոյություն ունեն ախտորոշման բազմաթիվ մեթոդներ, կխնդրեինք նկարագրել սոնոգրաֆիա ախտորոշումը:
-Սոնոգրաֆիան բժշկության մեջ կարող ենք համեմատել ռենտգենի հետ, քանի որ դա ճառագայթային ախտորոշում է: Ասեմ, որ 20-րդ դարում բժշկության մեջ եղել են մի քանի հեղափոխություններ։ Դրանից մեկը ռենտգեն ճառագայթային մեծ գյուտի հայտնաբերումն է, որը մինչ օրս մեզ թույլ է տալիս ախտորոշում կատարել, իսկ 20 դարի սկզբում «Պինիցիլին» դեղամիջոցի հայտնաբերումն է: Ավելի ուշ զարգացում է ապրել ռադիոլոգիայի մյուս ճյուղը` ուլտրաձայնային հետազոտությունը, իսկ այս տարիներին՝ արդի «МRТ» և համակարգչային տոմոգրաֆիան: Սոնոգրաֆիայի դեպքում կարևոր է այն հանգամանքը, որ չկա ճառագայթային ծանրաբեռնվածություն։ Բացի այդ, գնային առումով այն ավելի մատչելի է, եթե համեմատում ենք մյուս հետազոտությունների հետ: Սոնոգրաֆիան այդ պահին մեզ շատ ինֆորմացիա է տալիս, բազմաթիվ օրգաններ կարող ենք հետազոտել. և՛ որովայնային խոռոչում խորը տեղակայված, և՛ մակերեսային օրգաններ: Կարելի է նշել վահանաձև գեղձի, կրծքագեղձի հետազոտությունները, որոնք այսօր շատ հրատապ են։ Կարող եմ առանձնացնել տղամարդկանց մոտ սեռական օրգանների հետազոտությունը, ինչպես նաև սրտի, պտղի ուլտրաձայնային հետազոտությունը, որը շատ կարևոր է պտղի զարգացման արատները կանխարգելելու համար: Մի խոսքով՝ ուլտրաձայնային հետազոտությունն այսօր բժշկության մեջ շատ կարևոր դեր ունի, իսկ ես էլ այն երջանիկ մարդկանցից եմ, ովքեր ունեն նոր դարաշրջանի տեխնիկա, որը թույլ է տալիս շատ ճշգրիտ ախտորոշում կատարել: Այսօր ախտորոշումը բժշկության մեջ շատ-շատ է զարգացել, որն էլ իր հերթին բերում է հիվանդության՝ ժամանակին կանխարգելմանը: Մեր հասարակության գիտակցության մեջ պետք է ամրապնդվի այն մտածելակերպը, որ անհրաժեշտ է ժամանակին հետազոտվել, որովհետև հիվանդությունը վաղ շրջանում հայտնաբերելը հիվանդի փրկությունն է: Մինչդեռ մեզ այցելում են խորը ստադիաներում, երբ արդեն հնարավոր չէ ոչինչ անել: Լավագույն տեխնիկան օգնում է բժշկին, լրացնում է նրա աշխատանքը, փոխում բժիշկների կյանքի որակը, աշխատանքը որոշ չափով հեշտացնում։
-Լինո՞ւմ են դեպքեր, երբ հիվանդի մոտ չարորակ ուռուցք հայտնաբերելու դեպքում հայտնում եք նրան իր հիվանդության մասին։
-Այդ հարցը մինչ օրս մնում է ինձ համար շատ-շատ ցավոտ: Շատ դժվար է հիվանդին ասել այդ լուրը, բայց դա բժշկի պարտականություն է, և պետք է անել այն առավելագույն զգուշությամբ ու հիվանդի համար հասկանալի լեզվով բացատրել հիվանդության լրջության աստիճանը, բուժման անհետաձգելիությունը: Եվ եկեք չմոռանանք, որ ուլտրաձայնային հետազոտությունը հանդիսանում է ախտորոշման առաջին օղակը, և որևէ գոյացություն հայտնաբերելիս մենք միշտ առաջարկում ենք ախտորոշման այլ տարբերակներ` «КТ», «МRТ» կամ գոյացության բիոպսիա: Պետք է յուրաքանչյուր հիվանդին յուրովի մոտեցում ցուցաբերել: Բժիշկը առաջնահերթ պետք է հոգեբան լինի: Կշեռքի մի նժարին դրված է պատասխանատվությունը, մյուսին` այն գիտակցությունը, որ դու կարող ես հիվանդին օգտակար լինել, շատ դեպքերում էլ, ինչու ոչ, նաև կյանքը փրկել:
-Ներքին օրգանների հետազոտման նպատակով կատարվո՞ւմ են նախապատրաստական աշխատանքներ հիվանդի կողմից:
-Այո: Հիվանդը պետք է սոնոգրաֆայի գա սոված վիճակում, բնականաբար, դատարկ աղիներով, որպեսզի բժիշկն էլ կարողանա ճշգրիտ ախտորոշում կատարել: Իսկ միզապարկը պետք է լիքը լինի, քանի որ միզապարկը մեզ համար հանդիսանում է, այսպես ասած, հեղուկով լցված պատուհան, քանի որ ճառագայթը հեղուկի միջոցով շատ լավ է անցնում։
- Ամեն լավ մասնագետ պետք է ունենա լավ ուսուցիչներ, իսկ ո՞ւմ եք համարել և մինչ օրս համարում Ձեր ուսուցիչը:
- Այդ առումով ես ինձ շատ բախտավոր մարդ եմ համարում, որովհետև ունեցել եմ շատ լավ ուսուցիչներ, որոնց էլ միշտ շնորհակալ եմ իմ մասնագիտական ուղու ու հասած արդյունքների համար: Իմ մասնագիտական գործունեության կայացման մեջ կարևորագույն դերակատարություն է ունեցել իմ ամենակարևոր ուսուցիչը՝ <<էրեբունի>> բժշկական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը: Շատ տարիներ առաջ, նա մեզ` երիտասարդ ուսանողներիս, իր հետ տանում էր վիրահատարան, և իմ կյանքի առաջին վիրահատությունը ես տեսա նրա կատարմամբ, որն էլ շատ ցնցող ու տպավորիչ ազդեցություն թողեց: Եվ այդ պահից սկսած՝ ես վստահ և հստակ որոշեցի, որ պետք է միանշանակ լավ բժիշկ դառնամ:
- Իսկ որպես վերջաբան ի՞նչ կցանկանայիք մեր ընթերցողներին:
-Կոչ եմ անում բոլորին հետազոտվել ժամանակին՝ տարին գոնե երկու անգամ: Ընդ որում, պետք է կատարվի ընդհանուր ստանդարտ փաթեթ հետազոտություն: Իսկ եթե մարդը ունենում է թեկուզ աննշան գանգատ, թող անհապաղ դիմի բժշկի: Բժիշկներին էլ կցանկանամ կուռ առողջություն, սթրեսակայունություն, ամուր նյարդեր, և բժիշկ թող աշխատի այն մարդը, ով իր մեջ ունի այդ ներքին ուժը, այդ կոչումը, ով յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ունի յուրովի մոտեցում, ինչը բուժման համար շատ կարևոր նախապայման է. բժշկի ասած մի խոսքը կարող ճակատագրական լինել:
Սիրելիներս, ուշադիր եղեք ձեր օրգանիզմի և առողջության նկատմամբ, գնահատեք կյանքը, քանի որ այն Աստծո կողմից մեկ անգամ է մեզ ընձեռվում: Սիրեք ձեզ, որպեսզի շրջապատող մարդիկ էլ ձեզ սիրեն:
Աննա Սուրենի Սարգսյան
Կրթություն
1997-2007 Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոց
2007-2012 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, բակալավրիատ
2012-2014 Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ընդհանուր բժշկության ֆակուլտետ, մագիստրատուրա
2014-2017 ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոն , օրդինատուրա
2021-2022 ԵՊԲՀ < Մանկական քիթ-կոկորդ-ականջաբանություն> օրդինատուրա
ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ճիշտը ժամանակին բժշկի դիմելն է
Տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց թիվն անընդհատ մեծանում է, զուգահեռ տարեցտարի կատարելագործվում են այդ խնդիրների բուժման մեթոդները: Հայաստանում ակնաբուժությունը բժշկության ամենազարգացած ճյուղերից մեկն է համարվում, այստեղ պրոֆեսիոնալ բարձր մակարդակով իրականացվում են ակնաբուժական բոլոր միջամտությունները: Իսկ ոլորտի առաջատարը ժամանակակից սարքավորումներով, նորագույն տեխնիկայով հագեցած Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն է, որտեղ աշխատում են բարձրակարգ մասնագետներ: Ակնաբուժության եւ առողջապահության մի շարք այլ ոլորտներում Հայաստանն ունի մասնագիտական հզոր ներուժ թե´ ավագ, թե´ երիտասարդ սերնդի մեջ, եւ ավագ սերնդի բժիշկները պիտի պատրաստ լինեն իրենց փորձով ու հմտություններով կիսվել երիտասարդների հետ, որովհետեւ երիտասարդի ստացած տեսական գիտելիքները բավարար չեն, որ նա լավ մասնագետ դառնա: Բժիշկն իր աշխատանքին չպիտի մոտենա որպես զուտ գործողության, քանի որ գործ ունի մարդու հետ եւ պիտի սիրի մարդուն, նրան ընդունի ինչպես ծնողի, զավակի, քրոջ կամ եղբոր: Իհարկե, դա հեշտ չէ, եւ հենց այդտեղ է տարբերվում «չբժիշկը» կոչումով բժշկից: Մենք ունենք հրաշալի, օրինակելի բժիշկներ, ովքեր ճանաչված ու ընդունված են համաշխարհային բժշկական հանրությունում:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է ակնաբույժ-վիրաբույժ, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի անոթային պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳԵՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ հաճելի զրուցակից, բազմափորձ մասնագետ, ով մեծ ներդրում ունի մեր երկրի ակնաբուժության բնագավառում, վայելում է գործընկերների սերն ու հարգանքը, պացիենտների՝ վստահությունը:
-Պարո՛ն Գրիգորյան, ո՞ր հիվանդություններն են «երիտասարդացում» ապրել:
-Կարելի է ասել՝ բոլոր: Օրինակ, եթե նախկինում կատարակտը հիմնականում ի հայտ էր գալիս 60 տարեկանից հետո, եւ այն համարում էինք ծերունական հիվանդություն, ապա հիմա այն միջին տարիքի, ոչ ծեր մարդկանց մոտ էլ է ի հայտ գալիս:
-Աչքի ճնշումը ինչի՞ կարող է հանգեցնել:
-Աչքի ճնշումը կարող է հանգեցնել կուրացման: Դա ներակնային ճնշման բարձրացում է, որ բերում է տեսանյարդի ատրոֆիայի: Նախկինում դա դատավճիռ էր, իսկ հիմա այդպես չէ, եւ ժամանակին հայտնաբերելու դեպքում իրականացնում ենք դեղորայքային, հարկ եղած դեպքում՝ նաեւ վիրաբուժական բուժում: Նոր մեթոդները մեզ թույլ են տալիս իջեցնել ճնշումը՝ օգտագործելով հատուկ զոնդեր, սարքեր, որոնք տեղադրվում են աչքի մեջ: Իհարկե, կա նաեւ ճնշման բարձրացում, որը չի բերում աստրոֆիայի: Որեւէ խնդրի դեպքում պացիենտն անմիջապես պետք է դիմի մասնագետի, սակայն, ցավոք, հայերիս բնավորությունն է, որ մինչեւ դանակը ոսկորին չի հասնում, բժշկի չենք դիմում: Հիվանդը պետք է ինքը շահագրգռված լինի ու ժամանակին ցուցաբերի համապատասխան մոտեցում, մինչդեռ շատ անգամ հիվանդը գալիս է բարձիթողի վիճակում, երբ արդեն չենք կարող բուժել ատրոֆիան:
-Կուրությունը բուժում ունի՞:
-Կա բուժելի, կա նաեւ անբուժելի կուրություն: Գլաուկոման անբուժելի է, բայց կատարակտի եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում մենք փոխպատվաստումներ ենք կատարում, եւ դրանք բուժվում են: Ընդհանրապես մեզ մոտ առկա են ժամանակակից սարքավորումներ, տեխնիկա, իսկ բուժումն իրականացվում է ժամանակակից մեթոդներով:
-Տեսողության հիգիենայի մասին ի՞նչ կասեք:
-Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել եւ հանգստացնել աչքերը, չպետք է երկար ժամանակ հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով, պետք է գրել եւ կարդալ լավ լուսավորված պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը: Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ, գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա. աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից: Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում:
-Ի՞նչ կասեք պաշտպանիչ ակնոցների մասին:
-Պաշտպանիչ ակնոցներն անհրաժեշտ են թե՛ տանը տարբեր աշխատանքներ կատարելու, թե՛, իհարկե, պատերազմի դաշտում: Դա շատ լուրջ խնդիր է: Ես ունեցել եմ 160-ից ավելի աչքից վիրավորված զինվորներ, որոնք վնասվածքներ ստացել են հիմնականում պաշտպանիչ ակնոց չունենալու պատճառով: Այդ առումով մեր բանակը բացարձակապես անպաշտպան է եղել: Ունենք հիվանդներ, որոնց աչքի մեջ մեկից ավելի օտար մարմիններ կան, եւ ամենավատն այն է, որ 90 տոկոսով ականապայթունային վնասվածքներ են, ռումբեր, ականներ եւ հիմնականում ժամանակակից մետաղներ են օգտագործվել՝ պղնձյա եւ այլն, որոնք մագնիսային չեն, ու նրանց հետ աշխատելը շատ դժվար է: Միջազգային վիճակագրությամբ լավագույն վիրաբույժներն իրենց կյանքում 3-5 օտար մարմին են հեռացրել պինցետով, իսկ մենք, եթե չեմ սխալվում, մի 40 հատ հեռացրել ենք: Նախկինում գոյություն ուներ, այսպես ասած, ռուսական համակարգ, որը կոչվում էր հիվանդների փուլային տարհանում (էվակուացիա) ռազմի դաշտից: Գնում էին, տանում վիրավորներին, ինչ-որ մի տեղ հավաքում, ապա այնտեղեց մեքենայով տանում առաջին օգնության կենտրոն, հետո՝ մեկ այլ տեղ, ապա վերջապես՝ հոսպիտալ: Մինչդեռ ամերիկացիները հիմար չէին, որ ուղղաթիռով միանգամից հոսպիտալ էին տանում, եւ լավ է, որ նույնը մեզ մոտ արվեց այս պատերազմի ժամանակ: Փառք ու պատիվ մեր շտապօգնության վարորդներին, որոնք բավականին արագ վիրավորներին հասցրեցին բուժկետեր, հոսպիտալներ: Առաջին պատերազմի ժամանակ մենք ունեցանք բազմաթիվ թարախակալման, այլ բորբոքային դեպքեր, որոնք կախված էին ուշացման հետ, իսկ այս պատերազմի ժամանակ դրանք շատ քիչ էին: Շատ արագ վիրավորներին բերում էին հոսպիտալային բազաներ՝ Սիսիան, Գորիս, մեր հոսպիտալը եւ արդեն այնտեղից տեղափոխում էին համապատասխան ակնաբուժական կլինիկաներ (եթե ակնաբուժական խնդիր էր միայն):
-Կա՞ այնպիսի հետազոտման մեթոդ, որ աչքի մասին ընդհանուր պատկերացում է տալիս, թե՞ համակցված մեթոդ է պետք իրականացնել:
-Առաջ շատ հետաքրքիր մեթոդ ունեինք. մեր գործընկեր Լեւոնը, որ գնաց ԱՄՆ, հեռուստատեսությամբ մի երկու բառ էր ասում, ապա ցույց տալիս տեսադաշտի պատկերը եւ դիմում հեռուստադիտողին. «Հիվանդնե՛ր, ստուգեք ձեր տեսողությունը»: Դա մի մեթոդ էր, որը թույլ էր տալիս որոշ հիվանդների անմիջապես դիմել բժշկի: Օրինակ, գլաուկոմայի ժամանակ այդ տեսադաշտը նեղանում է: Հիմա, երբ ինտերնետը կա, հազարումի բան կարդում են եւ ինչ-որ քայլեր ձեռնարկում, սակայն ճիշտը, իհարկե, ժամանակին բժշկի դիմելն է:
-Իսկ որպես վերջաբան ինչ կմաղթեք մեր հանրությանը:
-Սա մեր հայրենիքն է, եւ ոչ ոք այն չի կառուցի մեր փոխարեն: Որքան պատասխանատու եւ սրտացավ վերաբերմունք ցուցաբերենք ամենքս մեր իսկ աշխատանքում, այնքան մեր հայրենիքն ավելի ծաղկուն կլինի: Բոլորին առողջություն եմ մաղթում:
Гагик Восканович Паглавян
Заместитель главврача, заведующий отделением эстетической и терапевтической стоматологий.
- Стаж врачебной практики с 1999 года.
- Врач-консультант компании Tokuyama Dental, Япония
- Врач-консультант компании Sirona, Германия
-
Специализация
Виниры, система CEREC, эстетическая стоматология, эндодонтия, пародонтология, лазерная стоматология, отбеливание зубов.Постдипломное образование:- постдипломное обучение в Католическом университете, Брюссель, Бельгия, 1999
- реставрационная терапия ,центр «Аполлония», DENTSPLY , Полтава, Украина, 2004
- эндодонтия ,центр «Аполлония», DENTSPLY, Полтава, Украина, 2006
- восстановительная стоматология ,центр. «Биосан», DENTSPLY , Москва, Россия, 2006
- клинические аспекты и методики перелечивания в эндодонтии, Иерусалимский университет, Израиль,2008
- эстетическая реставрация , центр «Аполлония», DENTSPLY, Полтава, Украина, 2011
- композитная винирная система «COMPONEER», Coltene, Цюрих, Швейцария, 2013
- теоретические и практические основы CAD/CAM системы Cerec, Sirona, Беншайм, Германия, 2015
- особенности дентального микроскопа Kavo, Биберах, Германия, 2016
- конгресс цифровой стоматологии, Ереван, Армения , 2018
- мастер класс Tokuyama Dental Asteria, Москва, Россия, 2018
Языки- армянский, русский, французский, английский
Արման Կարապետյան
Արգանդի և հեշտոցի պատերի իջեցումն այլևս խնդիր չէ՛
Արգանդի և հեշտոցի պատերի իջեցումը ծանոթ է բազմաթիվ կանանց: Շատերն են բախվում այս տհաճությանը՝ չիմանալով, որ ցանկացած խնդիր լուծելի է, երբ հանդիպում ես բարձրակարգ մասնագետի:
«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի Գինեկոլոգիական ծառայության ղեկավար, Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժնի վարիչ և պարզապես՝ հոգատար բժիշկ Արման Կարապետյանն արդեն քանի տարի է՝ հեշտոցի պատերի իջեցման վերականգնման նպատակով մեծ հաջողությամբ իրականացնում է սակրովագինոպեքսիա՝ պոլիպրոպիլենային ցանցի տեղադրմամբ:
Նման վիրահատությունը թույլ է տալիս վերականգնել փոքր կոնքի մկանների թուլության պատճառով տեղաշարժված օրգանների նորմալ անատոմիան:
Լապարոսկոպիկ սակրովագինոպեքսիան վերականգնողական վիրահատություն է՝ սինթետիկ նյութերի կիրառմամբ, որը կատարվում է էնդոտրախեալ ցավազրկմամբ:
Սակրովագինոպեքսիան փակ վիրահատություն է: Այսպիսի վիրահատությունները նպաստում են հիվանդների արագ ապաքինմանը և կյանքի որակի բարելավմանը: Վիրահատական միջամտության ընթացքը կարճատև է, իսկ հետվիրահատական շրջանը՝ անցավ:
Անհրաժեշտ է հիշել, որ բժշկին ճիշտ ժամանակին դիմելը բուժման հաջողության ամենամեծ գրավականն է, ուստի որևէ խնդիր նկատելու դեպքում պետք չէ հապաղել, չէ՞ որ առողջությունն ամենաթանկն է:
Բժիշկ Արման Կարապետյանի մոտ հերթագրվելու համար կարող եք զանգահարել +374 91-47-56-01 հեռախոսահամարով կամ այցելել «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»:
ԵՎԱ ՌԵՎԱԶՅԱՆ
ՄՌՏ հետազոտությունը կատարում են հղիության առաջին եռամսյակից հետո
Հիվանդության հավանական բարդացումների կանխարգելումը, նախեւառաջ, պայմանավորված է ճշգրիտ ախտորոշմամբ: Բարեբախտաբար, վերջին ժամանակաշրջանում բժշկագիտությունը եւ նորագույն տեխնոլոգիաները բավականաչափ զարգացել են, իսկ դա հնարավորություն է տալիս ստանալ հետազոտությունների ճշգրիտ արդյունքներ: Դրանցից է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), որը համեմատաբար նոր հետազոտության մեթոդ է: Դրա միջոցով ստացված պատկերները տալիս են մանրակրկիտ տեղեկություն հետազոտվողի օրգան-համակարգերի եւ առկա ախտաբանական գործընթացների մասին դեռեւս հիվանդությունների ամենավաղ շրջանում: ՄՌՏ-ով հնարավոր է մանրակրկիտ հետազոտել օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները, մասնավորապես, այն համարվում է ոսկե ստանդարտ գլխուղեղի, ողնուղեղի, ողնաշարի, հոդերի, որովայնի խոռոչի եւ փոքր կոնքի օրգանների հետազոտման համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վլադիմիր Ավագյանի անվան, «Էրեբունի», «Վալիդուս» բժշկական կենտրոնների բժիշկ-ռադիոլոգ ԵՎԱ ՌԵՎԱԶՅԱՆՆ է՝ երիտասարդ, ժպտադեմ, բարեհամբույր, բանիմաց բժշկուհին, ով ոչ մի պարագայում չի կորցնում զսպվածությունը, համբերատար փորձում է օգտակար լինել հիվանդին, կարողանում է դրական ազդել հիվանդի ու նրան շրջապատող մարդկանց վրա:
-Բժշկուհի՛, ՄՌՏ-ն անվնա՞ս է օրգանիզմի համար:
-ՄՌՏ-ն ժամանակակից գործիքային հետազոտման անչափ ինֆորմատիվ մեթոդ է, որի ժամանակ չի կիրառվում ճառագայթում, այն միանգամայն անվնաս է օրգանիզմի համար եւ հնարավորություն է տալիս հետազոտել օրգանիզմի գրեթե բոլոր օրգանները՝ հաճախ հայտնաբերելով այնպիսի ախտաբանական պրոցեսներ, որոնք դեռ տեսանելի չեն հետազոտման այլ մեթոդների օգնությամբ:
-Կարելի՞ է արդյոք հղի կանանց կատարել ՄՌՏ հետազոտություն:
-Այո՛, հղիներին կարելի է կատարել ՄՌՏ հետազոտություն, եթե մյուս հետազոտությունները բավարար ինֆորմացիա չեն հաղորդել բժշկին: Հետազոտությունը կատարվում է միայն եւ միայն բժշկի ցուցումով: Վերջին երեսուն տարիների ընթացքում գիտնականները հանգել են այն եզրակացությանը, որ ՄՌՏ հետազոտությունն անվնաս է մոր եւ պտղի համար: Սակայն ՄՌՏ հետազոտությունը կատարում են հղիության առաջին եռամսյակից հետո, քանի որ այդ շրջանում տեղի է ունենում պտղի օրգանագենեզը՝ օրգան-համակարգերի ձեւավորումը, եւ ցանկալի է խուսափել հետազոտությունից: Բացի այդ, հետազոտությունը կարող է որոշակի անհանգստություն, անհարմարություն, լարվածություն առաջացնել ապագա մայրիկի մոտ, ինչը նույնպես ցանկալի չէ հղիության այդ շրջանում: Սա եւս մեկ պատճառ է հղիության առաջին եռամսյակում ՄՌՏ հետազոտություն չկատարելու համար: Հղիների ՄՌՏ հետազոտությունը կատարում ենք առանց կոնտրաստավորման, քանի որ կոնտրաստանյութը կարող է թափանցել պլացենտար բարիերը՝ անցնել դեպի պլացենտա եւ վնաս հասցնել պտղին:
-Ե՞րբ են հղիներին կատարում ՄՌՏ հետազոտություն /ցուցումները/:
-ՄՌՏ հետազոտության օգնությանն են դիմում այն դեպքում, երբ այս կամ այն պատճառով հնարավոր չի եղել ուլտրաձայնային հետազոտությամբ ժխտել կամ հաստատել որեւէ ախտորոշում, օրինակ, երբ ունենք պտղի անհարմար դիրք, պտղի գանգոսկրերի պնդացում, հղիի՝ արտահայտված ճարպակալում, պտղաջրերի քանակի խիստ նվազում: Թվարկված պատճառների առկայության դեպքում, երբ հնարավոր չէ իրականացնել ուլտրաձայնային հետազոտությունը, դիմում են ՄՌՏ հետազոտության օգնությանը: ՄՌՏ հետազոտությունը կատարում են պտղի արատները, օրգան-համակարգերի, հենաշարժիչ համակարգի խնդիրները բացահայտելու համար, որոնք կարող են բերել հղիության ընդհատման: Մայրերի մոտ դիմում ենք այս մեթոդին, երբ կա սուր հայմորիտի, վասկուլիտի, էնցեֆալիտների, ինսուլտների, հենաշարժիչ համակարգի խնդիրների, ճողվածքի, սիմֆիզիտի կասկած, կամ, երբ նկատվում են հղիի վարքագծի, հիշողության, ինտելեկտի արտահայտված փոփոխություններ:
-Ե՞րբ հղիներին չի կարելի կատարել ՄՌՏ հետազոտություն /հակացուցումները/:
-Ինչպես մնացած գործիքային հետազոտությունները, ՄՌՏ-ն նույնպես ունի որոշակի սահմանափակումներ, որոնք լինում են բացարձակ եւ հարաբերական: Բացարձակ հակացուցումներից է մետաղական բեկորների, պրոթեզների, կարդիոստիմուլյատորների առկայությունը: Բացարձակ հակացուցում էր հանդիսանում նաեւ պացիենտի ավելորդ քաշը, սակայն այսօր ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս հետազոտել մինչեւ 250 կգ քաշ ունեցող պացիենտներին:
Հարաբերական հակացուցումներից են մարմնի որոշ դաջվածքները, ականջում իմպլանտների առկայությունը, ինչպես նաեւ կլաուստրաֆոբիան, հղիության առաջին եռամսյակը եւ հիվանդի ծանր վիճակը: Նախքան հետազոտությունը սկսելը հիվանդը պետք է տեղեկացնի բժշկին իր օրգանիզմում առկա մետաղի մասին, որից հետո պետք է համատեղ որոշեն հետազոտության նպատակահարմարությունը:
-Ինչպե՞ս են հղիները նախապատրաստվում հետազոտությանը:
-Հետազոտությանը նախապատրաստվելու անհրաժեշտություն կա միայն որովայնի խոռոչի օրգանների եւ արգանդի հետազոտության ժամանակ: Հետազոտությունից մեկ շաբաթ առաջ չի կարելի օգտագործել քաղցրեղեն, կոֆեին պարունակող ըմպելիքներ, սնունդ, որից կարող է առաջանալ մետեորիզմ (գազավորվածություն), այսինքն՝ ցանկալի չէ օգտագործել մեծ քանակությամբ մրգեր, բանջարեղեն: Հետազոտության նախօրեին չորս ժամ պետք է չուտել, եւ խորհուրդ է տրվում հետազոտությունից երկու ժամ առաջ օգտագործել սորբենտներ, իսկ կես ժամ առաջ՝ սպազմոլիտիկներ (պրեպարատների ընտրությունը կատարում են գինեկոլոգի հետ): Եթե չկան հակացուցումներ, որոնց մասին արդեն խոսեցինք, հետազոտությունը սկսելուց առաջ հղին հանում է բոլոր զարդերը, ժամացույցը, այլ մետաղական առարկաները, կրծկալը, այնուհետեւ պառկում հետազոտության սեղանին, դնում ականջակալները, որպեսզի իրեն չխանգարի սարքի աշխատանքի աղմուկը: Հետազոտությունը միջինը կարող է տեւել՝ սկսած 15 րոպեից մինչեւ 40 րոպե:
-Հետազոտության ժամանակ հղիի կողքին կարո՞ղ է ներկա գտնվել նրա հարազատը:
-Հետազոտության ժամանակ հղիի հետ նրա կողքին կարող է ներկա գտնվել նրա հարազատը, բռնել նրա ձեռքը՝ լարվածությունը եւ անհանգստությունը առավելագույնս թեթեւացնելու նպատակով:
Բացի այդ, հետազոտության ժամանակ հղիին տրվում է հարմարանք, այսպես կոչված, «տանձիկ», որը նա պահում է ձեռքում ամբողջ հետազոտության ընթացքում եւ կարող է սեղմել այն վատ զգալու դեպքում: Սեղմելուն պես մենք անմիջապես դադարեցնում ենք հետազոտությունը եւ հանում հղիին սարքի միջից:
ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Եվ թող երբեք չմարեն ձգտումն ու հավատը
Հայաստանում այսօր նյարդաբանությունը, մասնագետների խոսքերով, զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով թե՛ մասնագիտական, թե՛ պատրաստվածության տեսանկյունից, բայց, ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ այդ ճյուղն անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու կարիք ունի։ Մեր զրուցակիցն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ցավի եւ նյարդաբանության կլինիկայի ղեկավար, Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի» նախագահ ԳՈՒՐԳԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Երկար տարիների դժվարին աշխատանքային գործունեությամբ, հարուստ կենսագրությամբ նա մեծապես նպաստել է Հայաստանի առողջապահական համակարգի կայացմանն ու զարգացմանը։ Մեր զրուցակցի համար բժիշկ լինելը վեհ կոչում է, իսկ կատարած մեծածավալ աշխատանքը` իր առջեւ դրված նպատակի իրականացում, եւ, իր կոչմանը հավատարիմ լինելուց բացի, նա անչափ սիրում է հայրենի երկիրը:
-Սթրեսային վիճակները հիմնականում ո՞ր հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ:
-Այսօր սթրեսային վիճակները հիմնականում կապված են COVID-19 համավարակի հետ, բայց չկա հստակ վիճակագրություն, թե ինչ բարդություններ են առաջանում կրած վիրուսից հետո։ Մեր ասոցիացիան հիմա հավաքագրում է տվյալներ կրած վիրուսից հետո առաջացած կամ սրացած հիվանդությունների մասին՝ ՀՀ-ում եւ Եվրոպական Նյարդաբանների Ակադեմիայի (EAN) տեղեկատվական ժողովածուներում հրատարակման համար։ Հիմնական բարդություններից են պոլինեյրոպաթիաները, սրտամկանի ինֆարկտը, գլխուղեղի կաթվածը եւ նեւրոզները։ Իսկ նեւրոզների բուժումը շատ բարդ գործ է, քանի որ մարդիկ մշտապես գտնվում են սթրեսային վիճակում: Ավելի մանրամասն այս մասին հնարավոր կլինի խոսել վիճակագրական տվյալները մշակելուց հետո, սակայն պետք է նշել, որ մարդկանց մի մասը գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում, որը եւս նեւրոզների առաջացման պատճառ կարող է լինել։
-Բժի՛շկ, ինչպե՞ս տարանջատել մկանային ցավը նյարդայինից:
-Այսօր առկա ախտորոշման մեթոդները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչ խնդիր է զարգանում տվյալ դեպքում: Մկանային ցավերի դեպքում որոշ բիոքիմիկական անալիզների միջոցով որոշում ենք սպիտակուցի քանակը արյան մեջ: Իսկ նյարդային խնդիրների դեպքում ախտորոշումը կատարվում է գործիքային հետազոտությունների միջոցով։ Մկանային եւ նյարդային պաթոլոգիաների դեպքում հիմնական գանգատը ցավն է, եւ պետք է նշել, որ բժշկին դիմող հիվանդների 95%-ը գանգատվում է ցավից։ Ցավը կարող է լինել օրգանական եւ ֆունկցիոնալ, նշեմ, որ նեւրոզների դեպքում օրգանական հիմք չունեցող ցավեր են լինում։ Եվ պատահական չէ, որ ցավի ուսումնասիրման համար ստեղծվել է Համաշխարհային Ասոցիացիա տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Ստեղծվել են նաեւ ցավի կենտրոններ կամ բաժանմունքներ։ Մենք անելիք ունենք այս ոլորտում եւ ակտիվորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ, որտեղից հետազոտություններ իրականացնելու եւ բուժօգնություն կազմակերպելու համար ստացել ենք շատ սարքավորումներ: Պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր կենտրոնի մեկ տարին էլ դեռ չի բոլորել, եւ հույս ունեմ, որ արդեն մեկ-երկու տարի հետո կկարողանանք հասնել որոշակի հաջողությունների ու նաեւ վիճակագրություն կներկայացնենք:
-Լինելով «Հայաստանի Նյարդաբանների Ասոցիացիայի» նախագահ՝ կասե՞ք, թե ինչ է տալիս այն բժիշկներին:
-Մեր ասոցիացիան գործում է արդեն մոտավորապես տասնհինգ տարի, մենք նաեւ եվրոպական եւ համաշխարհային ասոցիացիաների անդամ ենք: Ասոցիացիայի շնորհիվ մեր նյարդաբանները մշտապես տեղեկացված են լինում նորարարությունների մասին, ամրապնդում են գիտելիքների բազան, փորձի փոխանակություն են կատարում արտերկրի գործընկերների հետ, կարողանում են քիչ գումարով կամ անվճար մասնակցել առցանց կոնֆերանսների: Իսկ, եթե ցանկանում են գնալ վերապատրաստման, նրանց տալիս ենք համապատասխան երաշխավորագիր: Երեք տարի առաջ մեզ մոտ անցկացրեցինք «Brain-2018» միջազգային համաժողովը, որին, ԱՄՆ նյարդաբաններից բացի, ժամանել էին ներկայացուցիչներ նաեւ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Կանադայից, Գերմանիայից եւ Շվեյցարիայից: Հայաստանի նյարդաբանները ծանոթացան մեր բնագավառի նորություններին: Հիշեցնեմ, որ 2019 թվականի հուլիսին էլ տեղի ունեցավ Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարը «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության» խորագրով, որի շրջանակներում անցկացվեց մեր նյարդաբանական գիտաժողովը «Սուր կաթված» թեմայով` նվիրված սուր ինսուլտի բուժման ժամանակակից մոտեցումներին: 2021 թվականի մայիսի 15-ին՝ «Եվրոպական Նյարդաբանների Ակադեմիայի օրը Հայաստանում», մեկ օր առցանց կազմակերպվեց կոնֆերանս, որտեղ Եվրոպայի առաջատար մասնագետները հանդես եկան ելույթներով, զեկույցներով, հայ նյարդաբաններն այդ ամենը լսեցին եւ ստացան համապատասխան սերտիֆիկատ: Այս գիտաժողովների, այլ կարգի միջոցառումների անցկացումը լինելու է շարունակական: Կցանկանամ, որ ասոցիացիաները կարողանան վճռական դեր խաղալ նաեւ մեր երկրի բժիշկների պաշտպանվածության, նրանց աշխատանքի ճիշտ կազմակերպման հարցերում:
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր նյարդաբանության ապագան վստահե՞լի ձեռքերում է:
-Իրականում կան շատ գրագետ եւ պատրաստված երիտասարդներ, նրանց թվում՝ կլինիկական օրդինատորներ, ովքեր, ցավոք, չեն կարողանում այսօրվա քովիդյան շրջանում իրենց գիտելիքները կիրառել, որովհետեւ հիմնականում զբաղվում են քովիդով, ինֆեկցիոն հիվանդներով: Հուսամ, որ շուտով կձերբազատվենք այս վիրուսից, եւ նյարդաբանը կզբաղվի իր գործով, ինֆեկցիոնիստը՝ իր:
-Ինչպե՞ս տարբերակել՝ հիվանդի մոտ առաջացած ցավը նյարդաբանակա՞ն է, թե ոչ:
-Ցավի պատճառները բազմազան են, ու հաճախ հիվանդը չի կարողանում կողմնորոշվել, թե որն է խնդրի առաջացման պատճառը, եւ այդ հարցում առաջնային օղակը լիարժեք անելիք ունի: Ես չեմ կարող ասել, թե որքանով են այնտեղ զբաղվում նյարդաբանությամբ, բայց լինում են դեպքեր, երբ պացիենտին ուղղորդում են հիվանդանոցներ՝ չկողմնորոշվելով, թե նրա մոտ ինչ խնդիր է զարգանում: Ասեմ, որ նախկինում, երբ ես առողջապահության նախարարության գլխավոր մասնագետն էի, առաջնային օղակի հետ մեր համագործակցությունը տալիս էր իր դրական արդյունքները: Ցավոք, այսօր այդ ինստիտուտը վերացրել են:
-Հիմնականում ի՞նչ նյարդային խնդիրների դեպքում կարող են դիմել ցավի կենտրոն:
-Գործնականում նյարդաբանական խնդրով յուրաքանչյուր դիմողին կարող ենք օգնություն ցուցաբերել։ Մինչ մեր կենտրոնի բացումն այս հիվանդանոցում նյարդաբանության բաժանմունք չի գործել, այդպիսի ծառայություն չի եղել, հուսամ՝ շատ արագ մոտակա ժամանակում կլրացվեն բոլոր բաց կողմերը, եւ մեր աշխատանքները կընթանան լիարժեք արդյունավետ հունով:
-Ի՞նչ կասեք բժիշկ-հիվանդ հարաբերության մասին:
-Կցանկանամ, որ նրանք միմյանց հանդեպ հարգանք տածեն, ինչը այսօր, ցավոք, բացակայում է. պացիենտները դարձել են ավելի պահանջատեր, իսկ բժիշկները՝ մի տեսակ անտարբեր: Խորհրդային տարիներին ուսանած բժիշկներիս մտածելակերպն այլ էր. մեր սերունդն ավելի նվիրված էր գործին, հիվանդին: Չկա բժշկական էթիկա հասկացողություն, ամեն մեկն իր ցանկացած ձեւով է աշխատում:
-Ի՞նչ կմաղթեք որպես վերջաբան:
-Մեր երկրի մարդկանց կցանկանամ հաջողություն, երջանկություն, առողջություն, համբերություն, թող պատերազմներ, մահեր չլինեն: Կոչ եմ անում ապրել առողջ ապրելակերպով, սպորտով զբաղվել, ունենալ առողջ հայկական ընտանիք եւ հնարավորինս աջակցել, զորավիգ լինել միմյանց: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է: Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետեւ բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն:Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ, եւ ցավալի է, որ անկախ նրանից, թե բժիշկը քանի կյանք է փրկել, երբ հանկարծ մի փոքր բացթողում է լինում, ցավոք, դա նրա համար դառնում է ճակատագրական:
Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ամենակարեւորը, իմ կարծիքով, երբեք չհիասթափվելն է։ Ու նաեւ շատ կարեւոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար եւ բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք եւ ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։
Եվ թող երբեք չմարեն ձգտումն ու հավատը, ու, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:
ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Առողջապահական առաջնահերթ խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է, ով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում երկարատեւ ու անմնացորդ աշխատանքի, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար միշտ գնահատվել եւ գնահատվելու է հանրության կողմից: Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժշկուհին իր գործի գիտակն է, բազմաթիվ մարդկանց աչքերի լույս է վերադարձրել, մշտապես բարձր պահել եւ, վստահ ենք, բավականին երկար տարիներ կշարունակի բարձր պահել Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բազմավաստակ անունն ու կոչումը:
-Բժշկուհի՛, ի՞նչ է իրենից ներկայացնոմ «ծույլ աչքի» համախտանիշը:
-«Ծույլ աչքի» համախտանիշը մեր մանկական ակնաբույժների առաջնային լրջագույն խնդիրներից է, քանի որ հետագայում նույնիսկ գիտական վերջին նորարակական մոտեցումները չեն ներգործի այդ աչքի վրա, եթե փոքր տարիքից աչքը չաշխատի: Այսինքն, մենք ամեն ինչ անում ենք, վաղաժամ ծնված երեխայից սկսած, որպեսզի «ծույլ աչքը» չզարգանալու համար լույսը աշխատեցնի երեխայի աչքի ցանցաթաղանթը: Հակառակ դեպքում, եթե պացիենտը 18-20 տարեկանում մեզ մոտ գա 2-5 տոկոս տեսողությամբ, հնարավոր չի լինի նրա տեսողությունը վերականգնել: Դրա պատճառն այն է, որ դադարում է գործել գլխուղեղի հետ կապը, ինչի շնորհիվ վերարտադրվում է պատկերը տեսանելի աչքի հատակում: Դա այդպես է, որովհետեւ աչքն արդեն չի ընկալում ինֆորմացիան: Իսկ, եթե աչքը աշխատեցնում են փոքր տարիքում, դրա վրա հետագայում կարելի է կատարել այն գործողությունները, որոնց շնորհիվ հնարավոր է լինում վերականգնել տեսողությունը: Այդ իսկ պատճառով բոլոր ակնաբույժներն աշխատում են գերծանրաբեռնվածությամբ, իսկ տեսողական խնդիր ունեցող երեխաներն էլ պետք է տարին առնվազն 2-3 անգամ ծնողների հետ այցելեն բժշկի: Մեզ մոտ բուժումն իրականացվում է թե՛ սարքավորումների միջոցով, թե՛ տնային պայմաններում, ու, եթե անհրաժեշտություն է զգացվում, վիրահատում ենք, որպեսզի ազատվենք այդ «ծույլ աչքի» խնդրից: Հակառակ դեպքում, ինչպիսի լազեր էլ լինի, հետագայում չի արթնացնի «քնած աչքը»:
-Ո՞րն է «ծույլ աչքի» զարգացման պատճառը:
-«Ծույլ աչքը» կարող է զարգանալ աչքի թեք դիրքից, տարբեր օպտիկական հնարավորություն ունեցող աչքերի դեպքում: Կարող է մեկ աչքում առկա լինել կատարակտա, մյուսում՝ ոչ, կամ բեկող միջավայրերում կարող է որեւէ այլ խնդիր լինել, որը կարող է խանգարել տեսողության զարգացմանը: Այդ իսկ պատճառով բոլոր բուժական մեթոդները պետք է կարգավորել փոքր տարիքից, անհրաժետության դեպքում, ինչպես նշեցի, վիրահատություն կամ կորեկցիա կատարել ու հասցնել երեխային այնպիսի տարիքի, երբ կարելի կլինի օգնել նրան օգտվելու գիտության վերջին սերնդի նորարարական մեթոդներից, հանել ակնոցը, կոնտակտային ոսպնյակը կամ այլ անհրաժեշտ մեթոդ կիրառել: «Ծույլ աչքի» տարբեր տեսակներ կան, եւ յուրաքանչյուր դեպքում, սկսած հետծննդյան 2-3 ամսականից, պայքարում ենք երեխայի տեսողության զարգացման համար:
-Ո՞ր տարիքային շեմում է հնարավոր վիրահատություն իրականցնել:
-Իհարկե, ընդունված է, որ աճման պրոցեսները կանգ են առնում 21 եւ ավելի բարձր տարիքից հետո, եւ պացիենտը զննվում է 20 տարեկանում, համեմատում ենք 1 տարվա ընթացքում, ու, եթե բոլոր օբյեկտիվ քննության տվյալների մեջ դեռեւս փոփոխություն չի հայտնաբերվում, պրոցեսը կայուն է, առաջարկում ենք համապատասխան մեթոդներ: Այսօրվա ինտերնետային դարում, ավելի վաղ սովորելու եւ ավարտելու պայմաններում կրճատվում է այդ տարիքային շեմը: Վիրահատական միջամտություն կարելի է կիրառել բնածին կատարակտայի, բնածին գլաուկոմայի, տարբեր տեսակի ախտահարումների, ցանցաթաղանթի վրա առկա տարբեր խնդիրների դեպքում: Մեր նպատակը մեկն է՝ խուսափել հիվանդության տարատեսակությունից, գիտության ցանկացած մեթոդ, այդ տարիքին հասանելի բոլոր կորեկցիաները կիրառել, որպեսզի պացիենտն ունենա լավ տեսողություն, քանի որ, հակառակ դեպքում, հետագայում լազերային գործողությունները երեխայի համար կդառնան անհասանելի:
-Ինչի՞ց կարող է առաջանալ ցանցաթաղանթի վնասում:
-Ընդհանրապես ցանցաթաղանթի առողջական վիճակը հետազոտվում է հենց երեխայի՝ մեզ դիմելու առաջին օրվանից, իսկ վաղաժամ ծնվածների (2 կիլոգրամից ցածր քաշ ունեցող եւ 30 շաբաթականից փոքր) ակնահատակը ծնվելուց 2-4 շաբաթ հետո պարտադիր զննում ենք: Դա մեզ համար արդեն սուրբ կանոն է: Նշեմ, որ վաղաժամ ծնվածները պարտադիր հետազոտվում են նեոնատոլոգների եւ մանկական ակնաբույժների կողմից, քանի որ նրանց ցանցենին լիարժեք անոթավորված չի լինում, եւ ստուգվում է, թե ինչպես է ավարտվում անոթավորումը, որը պետք է տեղի ունենար ներարգանդային կյանքում: Մենք հետեւում ենք, որպեսզի անոթավորումը ճիշտ զարգանալու պայմաններ ստեղծվեն եւ այդ ուսումնասիրությունների ժամանակ երբեմն տեսնում ենք, որ աչքի ակնահատակը կարող է առաջիկայում ենթարկվել նեկրոզի: Սա առիթ է դառնում նաեւ վիրուսոլոգիական հետազոտությունների համար: Արյան մեջ սուր պատկերի առկայության դեպքում պետք է տարվի հակավիրուսային բուժում, որպեսզի երեխան անդառնալիորեն չզրկվի մնացյալ ցանցաթաղանթի առողջ հյուսվածքներից, չզրկվի տեսողությունից: Եթե ամուսնական զույգի անամնեզում կրկնակի վիրուսային ախտահարում է ի հայտ եկել, մինչեւ հղիության պլանավորումը ցանկալի է մանրամասն հետազոտվել, ստանալ համապատասխան բուժում:
-Աչքի համար նախատեսված բուժական վարժություններն ո՞ւմ կողմից են մշակված:
-Դրանք բժիշկների՝ տասնյակ տարիների փորձից ելնելով են ընդունվել, որոնք, ի մի բերելով, ստեղծվել է մի կանոն, որի նպատակը մեկն է. հնարավորություն տալ, որպեսզի աչքը որպես օպտիկական համակարգ կարողանա հարմարվել ամենամոտ եւ ամենահեռու տարածություններին, այսինքն՝ զարգացնել մի ֆունկցիա, որ կոչվում է ակոմոդացիա, աչքի հարմարողականությունը զարգացնել, որպեսզի պացինտը տեսնի ե՛ւ շատ մոտիկը, ե՛ւ շատ հեռուն: Ընտրվել են հայտնի գիտնականների կողմից մշակված մատչելի վարժություններ՝ հիմնված ինքակառավարման յոգայի սկզբունքի վրա: Բայց այն բոլորին հասանելի չէ եւ կիրառելի չէ տան պայմաններում: Բացի այդ, ծնողներին հորդորում եմ, որ երեխաներին չզրկեն իրենց մանկությունից, խաղերից, քանի որ բակային խաղերի ժամանակ էլ նրանք բավականին մեծ տեսադաշտ եւ տեսահորիզոն են ունենում: Աշխարհում առողջապահական առաջնահերթ խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է, բայց ժամանակին բուժական ճիշտ քայլերի շնորհիվ էլ բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ: