Print this page
ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

«Մանկական ակնաբուժության մեջ  նորագույն բուժմոտեցումները հնարավորություն են տալիս  կանխարգելելու եւ բուժելու աչքի հիվանդությունները»

 ժամանակակից բժշկությունը բավականին լայն հնարավորություններ է ընձեռում տեսողությունը պահպանելու, աչքերի զարգացող հիվանդությունները կանխարգելելու եւ բուժելու համար: Ժամանակակից ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Սակայն, ինչպես ցանկացած այլ օրգան-համակարգերի, այնպես էլ աչքի հիվանդությունների պարագայում առաջին հերթին կարեւորվում է ճիշտ
ժամանակին մասնագետներին դիմելու հանգամանքը:

Այսօր մանկական ակնաբուժության մեջ նորագույն բուժմոտեցումները հնարավորություն են տալիս վաղ հայտնաբերելու, կանխարգելելու եւ բուժելու աչքի հիվանդությունները: Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց  ավելանում է տեսողական ծանրաբեռնվածությունը: Մեր օրերում աչքի հիվանդությունները գնալով ավելի ու ավելի մեծ տարածում են ձեռք բերում:
Համակարգիչը, բջջային հեռախոսը բնության կողմից առօրյայում չնախատեսված լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում: Այս ամենի հետեւանքով տեսողական խնդիրներն ավելացել են եւ սկսել են դրսեւորվել ավելի վաղ մանկական տարիքից:

Մեր զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ակնաբույժ ԱՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ։

Երիտասարդ բժշկուհին համարձակորեն մուտք է գործել բժշկության անկանխատեսելի, դժվարություններով ու բարդություններով լի աշխարհ եւ ընթանում է այդ դժվարին, սակայն հաջողությունների ճանապարհով: Չնայած իր երիտասարդ տարիքին՝ գրագետ կազմակերպված աշխատանքի շնորհիվ իրականացնում է ճշգրիտ ախտորոշում եւ հետագա բուժում` երեխաներին վերադարձնելով կյանքի լավագույն պարգեւներից մեկը` աչքի լույսը:
Բժշկուհին իր գործի գիտակն է, բազում մանուկների աչքերի լույսն է վերադարձրել:  Իր աշխատանքում առաջնորդվում է այն հստակ գիտակցությամբ, որ առողջ երեխաները մեր ազգի գոյության պատվարն են, ամուր հասարակության գրավականը:

 -Բժշկուհի, ավելի հաճախ  ակնային ի՞նչ խնդիրներով են երեխաները Ձեզ դիմում։

- Մանկական բաժանմունքը բազմապրոֆիլային է։ Մեր բաժանմունքում հսկվում և բուժում են ստանում ինչպես բնածին, այնպես էլ ձեռքբերովի խնդիրներով երեխաներ։ Մեզ դիմում են հիմնականում կատարակտայի, գլաուկոմայի, շլության, ռեֆրակցիոն շեղումների՝ կարճատեսության, հեռատեսության, աստիգմատիզմի, բորբոքային հիվանդությունների, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի խնդիրների, վնասվածքների, արցունքային համակարգի, կոպերի խնդիրների դեպքում։ Յուրաքանչյուր երեխայի ցուցաբերվում է անհատական մոտեցում։  Անկասկած, շատ կարևոր է, որ խնդիրը հայտնաբերվի հնարավորինս շուտ՝ ճիշտ և ժամանակին բուժում նշանակելու և երեխային օգնելու նպատակով։

- Ինչպե՞ս ծնողը հասկանա, որ երեխան ունի տեսողության խնդիր։

- Շատ հաճախ երեխաները չեն գանգատվում ցածր տեսողությունից։ Լինում են դեպքեր, երբ լռում են դրա մասին վախից, որ ծնողները կզրկեն իրենց սիրելի գաջեթներից։ Եթե ծնողը նկատում է երեխայի աչքերի հետ կապված որևէ խնդիր, ապա պետք է հնարավորինս շուտ դիմի մանկական ակնաբույժի, որպեսզի մասնագետը հաստատի կամ ժխտի խնդրի առկայությունը։ Ծնողները պետք է ուշադիր լինեն հետևյալ նշանների դեպքում. երեխան հեռավորության վրա առարկաները վատ է տեսնում, գրել-կարդալիս ունենում է դժվարություններ, շուտ է հոգնում, հաճախակի թարթում, կկոցում է աչքերը, տեսողական ծանրաբեռնվածությունից հետո ունենում է գլխացավեր, գլխապտույտ, ընդունում է գլխի հարկադրական դիրք, առարկաները մոտեցնում է աչքերին:

Եթե կա նախատրամադրվածություն ցածր տեսողության հանդեպ (օրինակ՝ ծնողների մոտ կա կարճատեսություն կամ այլ ակնային հիվանդություններ ), անհրաժեշտ է պարբերաբար այցելել ակնաբույժի՝ հնարավոր խնդիրների սկրինինգի նպատակով։

-Ռեֆրակցիոն ախտահարումներ։ Կմանրամասնե՞ք։

- Ռեֆրակցիոն շեղումների դեպքում լույսի ճառագայթները, թափանցելով աչք, չեն ֆոկուսավորվում ցանցաթաղանթի վրա, ինչն էլ բերում է ոչ հստակ տեսողության։ Երեխաների մոտ կարող է հանդիպել կարճատեսություն՝ լույսի ճառագայթները բեկվելուց հետո գտնվում են ցանցաթաղանթից առաջ։ Երեխան տեսնում է մոտ տարածության վրա, սակայն հեռուն լավ չի տեսնում։ Իսկ հեռատեսության դեպքում լույսի ճառագայթները ֆոկուսավորվում են ցանցաթաղանթից հետ։ Կախված հեռատեսության աստիճանից` առարկաների տեսանելիությունը իջնում է և՛ մոտիկ, և ՛ հեռու տարածության վրա։ Նորմայում նորածինների մոտ առկա է հեռատեսություն, որն աստիճանաբար նվազում է աչքի աճին զուգահեռ և վերանում 7-8 տարեկանում։ Աստիգմատիզմը պայմանավորված է եղջրաթաղանթի կամ ոսպնյակի ոչ սֆերիկ կորությամբ, որը լույսի ճառագայթները միաժամանակ ֆոկուսավորում է տարբեր կետերում, և պացիենտը պատկերը տեսնում է աղավաղված ցանկացած հեռավորության վրա։

- Բջջային հեռախոսների ազդեցությունը տեսողության վրա։Կպարզաբանե՞ք։

Մեր օրերում երեխաները շատ վաղ են սկսում իրենց շփումը գաջեթների հետ։ Պետք է խուսափել վաղ տարիքից  երեխային  հեռախոսներ և պլանշետներ տրամադրելուց։ Մինչև երեք տարեկանը ցանկալի չէ, հետագայում պետք է սահմանափակել ժամանակը՝ օրական մինչև 15 րոպե։ Շատ դպրոցահասակ երեխաների հանձնարարություններ լինում են համակարգչով։ Այս դեպքում նույնպես պետք է լինի դոզավորված՝ հետևելով 20-20-20 կանոնին, որի համաձայն էկրանի հետ աշխատելիս՝ յուրաքանչյուր 20 րոպեն մեկ պետք է տալ 20 վայրկյան դադար և նայել 20 ֆուտ կամ մոտ 6մ հեռավորության վրա գտնվող ինչ-որ առարկայի։ Այս գործոնները կարող են ազդել կարճատեսության զարգացման վրա, ինչպես նաև կարող են բերել ակոմոդացիայի սպազմի(կեղծ կարճատեսություն)։ Ծնողները պետք է ուշադիր լինեն, որպեսզի երեխան չչարաշահի հեռախոսների և պլանշետների օգտագործումը։ Եվ հատկապես, եթե կա ժառանգական նախատրամադրվածություն, ապա պետք է ավելի աչալուրջ լինել։

-Ի՞նչ ակնային խնդիր կարող է կրել երեխան, եթե ժամանակին չգնա ստուգման, բայց ունենալով կարճատեսություն կամ հեռատեսություն` չկրի ակնոց։

-Բոլոր երեխաները պետք է անցնեն կանխարգելիչ ստուգումներ, որը թույլ կտա ժամանակին հայտնաբերել շեղումները, տալ ակնոցային շտկում։ Հեռատեսության առավել տարածված հետևանքներն են համամիտվող շլությունը (ակնագնդի դիրքի շեղում դեպի ներս) և ամբլիօպիան (ծույլ աչքի համախտանիշ)։ 

Ամբլիօպիան կամ ծույլ աչքի համախտանիշը տեսողության իջեցումն է մեկ, հազվադեպ երկու աչքերում, որը զարգանում է տեսողական անալիզատորի նեյրոնների անբավարար գրգռման հետևանքով։ Ամբլիօպիայի դեպքում ուղեղը, ստանալով 2 տարբեր պատկերներ, չի կարողանում դրանք միաձուլել և ժամանակի ընթացքում սկսում է անտեսել վատ որակի պատկերը, իսկ այն ուղարկող աչքը դադարում է զարգանալ։ Անհրաժեշտ է ժամանակին կատարել ճիշտ ակնոցային շտկում, անհրաժեշտության դեպքում նշանակել օկլյուզիա՝ աչքի փակում, ապարատային բուժումներ։

Պրոգրեսիվ կարճատեսությունը կարող է բերել ցանցաթաղանթի անատոմիական փոփոխությունների` ընդհուպ  ցանցաթաղանթի շերտազատման։ Մանկական տարիքում ձևավորվում է երկաչյա տեսողություն՝ հաստատվում են կապեր տեսողական օրգանի և գլխուղեղի միջև, որի շնորհիվ կատարվում է առարկաների ստերեոսկոպիկ ընկալում։ Այն   հատկապես ակտիվ է ընթանում կյանքի առաջին տարիներին և շարունակվում է հիմնականում մինչև 7-8 տարեկանը։ Եթե այս ընթացքում տեսողական անալիզատորը չի ստանում հստակ պատկերներ, այս գործընթացները խախտվում են, և զարգանում են բարդություններ, որոնք ավելի դժվար են ենթարկվում բուժումների։ 

-Շլությունն ուղղելի՞ է։

-Հնարավո՞ր է արդյոք ազատվել շլությունից՝ կախված է նրա տեսակից, պատճառից, ակնաշարժ մկանների ֆունկցիայից, ակնային հիվանդություններից, որոնք բերում են տեսողության զգալի իջեցման, նույնիսկ բացակայության, ինչպես նաև երկաչյա տեսողության մեխանիզմի զարգացման խանգարումներից։ Կախված տեսակից՝ շլությունը կարող է շտկվել վիրահատական և ոչ վիրահատական մոտեցումներով, ինչպես նաև դրանց զուգակցումով։ Հիմանական նպատակը աչքերի սիմետրիկ դիրքի, երկաչյա տեսողության վերականգնումն է։ Վիրահատական միջոցով հնարավոր է ազատվել կոսմետիկ դեֆեկտից, սակայն երկաչյա տեսողության վերականգնումը պահանջում է երկարատև բուժում։ Այդ պատճառով ցանկալի է խնդիրը հայտնաբերել և բուժել մանկական տարիքում։ Այս շրջանում հիվանդությունն ավելի հեշտ է ենթարկվում բուժման։

- Կատարակտան միայն տարեցների՞ մոտ հանդիպող հիվանդություն է, թե նաև երեխաների մոտ է հանդիպում։

- Կատարակտան հանդիպում է նաև երեխաների շրջանում։ Մանկական կատարակտաները լինում են բնածին և ձեռքբերովի։ Դրանք կարող են զուգակցվել մի շարք համախտանիշների և հիվանդությունների հետ։ Կարևոր է ժամանակին ախտորոշել և կատարել վիրահատական միջամտություն, որպեսզի մաքրվի տեսողական առանցքը, ինֆորմացիան հասնի ակնահատակ, հնարավորինս կանխվի ամբլիօպիան, երկաչյա տեսողության խանգարումը։ Կախված երեխայի տարիքից՝ օպտիկական շտկումը ներառում է ակնոցային կորեկցիան, կոնտակտային լինզաները և ներակնային ոսպնյակների տեղադրումը։  Ցանկանում եմ նշել՝ ինչպես բոլոր ակնային հիվանդությունների դեպքում, այս պարագայում նույնպես շատ կարևոր է պացիենտների, նրանց ծնողների համագործակցությունը բժշկի հետ։ Այն նպաստում է հնարավորինս լավ արդյունքների ստացմանը։

- Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը և հորդորը մեր հասարակությանը, մեր ընթերցողներին։

-Պայմանավորված երեխաների շրջանում ակնային խնդիրների առաջացման հաճախակիությամբ՝ խորհուրդ կտամ ծնողներին պարբերաբար կատարել պլանային ստուգումներ։

Ցանկանում եմ մեր փոքրիկներին և իրենց ծնողներին առողջություն և երջանկությունից փայլող աչքեր, որն ամենից շատն է ոգեշնչում բժշկին։

                                                                                                                  

Image Gallery