Children categories

Դիանա Ասլանյան

Դիանա Ասլանյան (0)

Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը

Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանն իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
-Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։

-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիան այն է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կանխվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանացի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III-րդ փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3-ի հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որը առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիաթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարող են լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդը ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է, որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին` հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա կամ վիրահատություն, տվյալ մասնագետների հետ կատարվում է խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատերը չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է լինում։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը: Երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` դոկտոր, պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որն իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ, թե ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը և մասնագիտական շատ այլ նրբություններ։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրան այստեղ եմ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից` պրոֆեսոր Գ.Խ.Բադալյանից. բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող: Իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էր. հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երիտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն, և երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան մեկ կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում բժշկի։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա:

 

View items...

Բուժաշխատողներիս նպատակը մեր հասարակության առողջ լինելն է

 Հայաստանում մեծապես կարեւորվում են բժշկության ասպարեզում իրականացվելիք բարեփոխումները, որոնցով է պայմանավորվելու մեր երկրում նաեւ նյարդաբանության եւ նյարդավիրաբուժության զարգացման ընթացքը: Ըստ մասնագետների, հայերի մոտավորապես 10-ից 20 տոկոսն ունի ողնաշարային տարբեր խնդիրներ:

http://bestgroup.am/ կայքի է զրուցակիցն  Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի  նյարդավիրաբույժ ԱՎԵՏԻՔ ՆԱԶԱՐԵԹՅԱՆԸ, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, բավականին վստահ ճանապարհ է անցել եւ դեռ անելիքներ ունի իր ոլորտում: Բժշկի հետ ունեցած ընդամենը մեկ հանդիպումն էլ բավական է հասկանալու համար, որ նա բժիշկ է իր ողջ էությամբ ու հոգով։ Նա իր գործունեության ընթացքում բուժման ժամանակակից ու արդյունավետ մեթոդներ է ներդրել, բազմաթիվ մարդկանց է բուժել` պարգեւելով նրանց առողջ ողնաշար: Մարդկային եւ մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկը անհատական մոտեցում է ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ, եւ հիվանդները նրա մոտից հեռանում են կյանքի նկատմամբ հավատը վերագտած ու երախտապարտ:

- Պարո´ն Նազարեթյան, ի՞նչ մասնագիտական ճանապարհ եք անցել մինչ օրս:

- Նախ ասեմ, որ աշխատել եմ «Նաիրի» բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժության բաժնում, որտեղ սարքավորումներն ավելի  ժամանակակից են, իսկ վերապատրաստումները` ցանկալի: Ես որոշեցի ավելի մասնագիտանալ ողնաշարի հետ կապված վիրահատությունների մեջ, եւ պատահական չէ, որ 2014թ.-ից «Ողնաշարի մինիմալ ինվազիվ  վիրաբուժության» եվրոպական, 2016թ.-ից  «Ողնաշարի մինիմալ ինվազիվ եւ էնդոսկոպիկ վիրաբուժության» հայկական, իսկ 2019թ.-ից  «Ողնաշարային վիրաբույժների» ռուսական ասոցիացիների անդամ եմ: Ամեն նորարարություն ներդնելու համար անհրաժեշտ են թե՛ տեխնիկական միջոցներ, թե՛ բարձր մասնագիտական որակներ: Եվ ես շնորհակալ եմ իմ ուսուցիչներին` ցուցաբերած մասնագիտական աջակցության համար: Ցանկանում եմ առանձնացնել Արմեն Գաբոյանին` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  հիվանդանոցի բաժանմունքի ղեկավարին, որտեղ ես անցկացրել եմ օրդինատուրայի տարիները` փորձ ստանալով մեծահասակների նյարդավիրաբուժության մեջ: Ապա աշխատելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում` մասնագիտացել եմ նաեւ մանկական նյարդավիրուբուժության մեջ, իսկ իմ ուսուցիչն այնտեղ Մարգար Մարտիրոսյանն էր` բաժանմունքի ղեկավարը: Դրանից հետո զորակոչվել եմ հայկական բանակ եւ աշխատել Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Զորացրվելուց հետո աշխատանքս շարունակեցի «Նաիրի»  բժշկական կենտրոնում` մասնագիտանալով ողնաշարային վիրաբուժության մեջ: Ընդհանրապես առավել մասնագիտացած եմ ողնաշարային վիրաբուժության, մասնավորապես` մինիմալ ինվազիվ վիրաբուժության բնագավառում, իրականացնում եմ փոքր կտրվածքով վիրահատություններ, էնդոսկոպիկ վիրահատություններ, ողնաշարի հետ կապված գրեթե բոլոր տեսակի  վիրաբուժական միջամտություններ: Անցել ենք ընդլայնված համապատասխան մասնագիտական վերապատրաստումներ: Կախված դեմոգրաֆիկ զարգացումից եւ բնակչության տարիքային աճից` մեծանում է նաեւ ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների ցուցանիշը: Այս փաստի եւ դրանից բխող պահանջարկի առնչությամբ ժամանակակից եւ հիվանդների օգտին ուղղված ողնաշարային բուժումն անցկացնելիս հաշվի ենք առնում միջազգային մասնագիտական չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտությունը:

- Բժի´շկ, ինչպե՞ս կգնահատեք բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները:

- Ինձ համար շատ ցավալի փաստն այն է, որ այսօր, կարծես թե, բժիշկների վարկանիշի վրա ազդում են բացասականորեն, որի պատճառներից մեկը մեր հասարակության ծանր սոցիալ-հոգեբանական վիճակն է: Երբ հերթը հասնում է իրենց առողջական վիճակին, գլուխ է բարձրացնում ֆինանսի բացակայությունը, որից մեր հասարակությունը լարվում ու, կարծես թե, ագրեսիվ է դառնում, պահանջատեր: Դա ցավալի երեւույթ է, որը հաղթահարելու համար առկա են բավականին գերակա խնդիրներ: Ամեն դեպքում պետք է հուսանք, որ մի օր ավելի բարձր վստահություն կլինի դեպի բժշկությունը:

- Ի՞նչ կասեք նյարդավիրաբուժության մակարդակի մասին, ձեր բաժանմունքում հիմնականում ի՞նչ գործառույթներ են իրականացվում:

 -Ես նոր եմ տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոն, նախկինում, ինչպես նշեցի, «Նաիրի» բժշկական կենտրոնում էի աշխատում: Մեր բաժանմունքում իրականացվում է ողնաշարի հետ կապված բոլոր անհրաժեշտ բուժօգնությունը, բայց, ցավոք, բժիշկների պակաս ունենք:

- Ի՞նչ զգացողություն եք ունենում ամեն հաջողությունից հետո:

- Իմ կարծիքով, բժիշկներիս համար հաջողության գրավականը մեր ապաքինված հիվանդն է, եւ միանշանակ բոլոր բժիշկների նպատակն ու ցանկությունը մեկն  է`իրեն դիմած հիվանդին անհրաժշետ բուժօգնություն ցուցաբերել:

- Կվերհիշե՞ք Ձեր կողմից իրականացված առաջին վիրահատական միջամտությունը:

- Սկզբնական շրջանում ես հիմնականում վիրաբույժների օգնական եմ եղել: Ընդհանրապես կան վիրահատություններ, որոնց պետք է մասնակցեն 2-3 բժիշկ:

- Ի՞նչ է տալիս մասնագիտական ասոցիացիայի անդամությունը:

- «Ողնաշարի մինիմալ ինվազիվ  եւ էնդոսկոպիկ հայկական  վիրաբուժության» ասոցիացիայի նախագահը Արմեն Պարգեւիչն է` «Նաիրի» բժշակական կենտրոնի էնդոսկոպիկ նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավարը, ում շնորհիվ մեր գիտելիքների ընդլայման եւ կատարելագործման ուղղությամբ բավականին ծավալուն աշխատանքներ են տարվում:

 - Տեխնիկական զարգացվածությունը ի՞նչ մակարդակի վրա է ձեր բաժանմունքում:

- Այն սահմանված պահանջներին համահունչ է, բայց ցանկալի կլինի, որ ավելի կատարեգործվի: Արտերկրում լինելով` տեսնում ես, որ այնտեղ անընդմեջ տեխնիկան թարմացվում է, բժշկությունն ավելի բարվոք վիճակում է, ինչը պայմանավորված է նրանց հիվանդանոցների, բուժհաստատությունների ֆինանսական հնարավորություններով:  

-  Դուք սեփական անձի նկատմամբ խստապահա՞նջ եք:

- Ես իսկապես խստապահանջ եմ ինքս իմ ու նաեւ իմ մասնագիտության նկատմամբ: Իսկ մասնագիտությունս յուրահատուկ է. այն պահանջում է ե´ւ ինտելեկտուալ կարողություններ, ե´ւ հոգեբանական յուրահատուկ մոտեցում, ե´ւ շրջապատի հետ հաշվի նստելու կարողություն: Եթե այս ամենը միաժամանակ նկատի չունենաս, երբեք լավ բժիշկ չես դառնա: Բարեբախտաբար, կյանքն ինձ նվիրել է  խելամիտ  աշխատելու, արարելու, կուտակելու փորձ, բայց կյանքն անընդհատ փոխվում է՝ պահանջելով նոր տեխնոլոգիաներ, նոր գործիքներ… Եվ ես աշխատում եմ հետ չմնալ ժամանակի պահանջներից, միշտ հետաքրքրվել եմ ամեն տեսակ նորով, բազմաթիվ դասընթացների եմ մասնակցել, ձգտել եմ լավագույնս օգտագործել կուտակած փորձս:

- Ի՞նչն եք ամենից շատ սիրում Ձեր մասնագիտության մեջ:

- Նախ, որքան էլ դա տարօրինակ հնչի, ես սիրում եմ իմ հիվանդներին եւ ուղղակի նվիրվում եմ նրանց՝ անելով հնարավոր ամեն բան:

- Ի՞նչ երազանք ունեք:

- Իմ մեծ ձգտումն ու երազանքն է, որ բժշկությունը լինի անվճար: Կարծում եմ՝ համբերություն է պետք. երբ երկրի վիճակը մի քիչ բարելավվի, մենք կունենանք անվճար բժշկություն:

Սկրինինգային ծրագրի մասին խոսելով`ուզում եմ նշել, որ արտերկրում կան պետական կամ մասնավոր ապահովագրական ընկերություններ, եւ պետությունը կամ ապահովագրական ընկերությունն են պարտադրում, որ մարդիկ անցնեն հերթական հետազոտությունները։

- Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը  եւ հորդորը մեր հասարակությանը:

- Ինձ թվում է` այսօր մի տեսակ պակասում է հարգանքը դիմացինի, մեծի նկատմամբ, ինչը հարիր չէ մեր հասարակությանը: Մեր հանրությանը խորհուրդ կտամ վստահել բուժհաստատություններին, բժիշկներին, հարգել նրանց։ Իրականում մեր` բուժաշխատողներիս նպատակը մեր հասարակության առողջ լինելն է, եւ դրա համար անում ենք ամեն ինչ:

 

 

Վաղ դիմելությամբ կարող ենք ավելի վաղ հայտնաբերել զարգացող ուռուցքային հիվանդությունները եւ տալ ախտորոշում ու համապատասխան բուժում      

 Բնականաբար շատ է խոսվում քաղցկեղ հիվանդության մասին, լինի դա կրծքագեղձի, թոքի, մաշկի կամ այլ օրգանի: Բայց, թերեւս, քչերը գիտեն, թե իրականում ինչ է իրենից ներկայացնում այն: Քաղցկեղը  մոտ 100 տարբեր հիվանդությունների ընդհանուր անվանումն է: Չնայած գոյություն ունեն քաղցկեղի բազմաթիվ տարատեսակներ՝ բոլոր քաղցկեղներն առաջանում են, երբ ոչ նորմալ բջիջները սկսում են անկանոն բազմանալ: Չբուժվելու դեպքում քաղցկեղը կարող է  առաջացնել ծանր բարդություններ եւ մահվան պատճառ դառնալ:

Շատ բան կարող ենք անել, որպեսզի պաշտպանվենք քաղցկեղի որոշ տեսակներից՝ չծխել, խուսափել արեւի տակ երկար մնալուց, փորձել չշնչել կամ չկլանել չափազանց շատ քիմիական աղտոտիչներ օդում և սնունդի մեջ: Սակայն գիտնականները միշտ էլ ընդունել են, որ դա քաղցկեղի առաջացման պատմության միայն մի մասն է: Կա նաեւ ժառանգականության գործոնը, որը կազմում է քաղցկեղի մոտ 5-10%: Ճշմարտությունն այն է, որ որոշ ուռուցքներ պատահաբար են առաջանում: Սակայն պարզ չէ, թե որքանով այն կարող է չարորակ լինել:

Վերջին տասնամյակների ընթացքում, քաղցկեղով հիվանդությունների մակարդակը նվազել է՝ շնորհիվ ակտիվ ջանքերի, որոնք ուղղված են մարդկանց կրթելուն. նրանք սկսել  են քայլեր ձեռնարկել` կանխելու քաղցկեղը: Դրանցից են ծխելը թողնելն ու արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելը, զգոնություն ցուցաբերել եւ առաջին իսկ նշանների ի հայտ գալուն պես վաղ դիմել բժշկին, հիվանդությունը հայտնաբերել եւ փրկել  մարդկային կյանքեր: Իրականում չպետք է ջանք ու փող խնայել՝ հիվանդության ավելի վաղ փուլում հայտնաբերման համար, որ հետագայում չհայտնվենք ավելի դժվար իրավիճակի առաջ:

http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն»-ի ուռուցքաբան, քիմիաթերապեւտ Դիանա Ասլանյանը, ում հետ զրույցը ծավալվեց հասարակության ուշադրությունը եւս մեկ անգամ սեւեռելու  չարորակ ուռուցքների կանխարգելման եւ բուժման խնդիրներին: 

-Տիկի՛ն Ասլանյան, ամբողջ աշխարհում քաղցկեղի երիտասարդացման տենդենց կա: Հայաստանում պատկերն ինչպիսի՞ն է: 

-Ամբողջ աշխարհում տենդենց կա քաղցկեղի երիտասարդացման: Մեր երկրում նույնպես քաղցկեղը երիտասարդանում է.  երիտասարդների մոտ հանդիպում են այնպիսի հիվանդություններ, որոնք նախկինում հանդիպում էին 60-65 տարեկանի շեմը հատած մարդկանց մոտ, օրինակ՝ ստամոքսի, ձվարանների, կրծքագեղձի քաղցկեղը: Չեմ կարող ասել, թե որոնք է առաջացման դրդապատճառները: Իհարկե նպաստող պայմանների մեջ կարող ենք թվարկել անառողջ սնունդը, ապրելակերպի փոփոխությունը, ախտոտված օդը, ստրեսային իրավիճակները: Չապացուցված տեղեկություններով  համակարգիչներն էլ կարող են ազդել ուռուցքային գոյացությունների առաջացմանը:

-Ինչպիսի՞ն է դիմելիության կուլտուրան: Հիմա մարդիկ ավելի շատ են դիմո՞ւմ հետազոտության, թե՞ ոչ: 

-Չեմ կարող ասել, որ այսօր մեր հասարակությունը ուղղակի դիմում է՝ առաջնային օղակ հետազոտություն անցնելու համար:  Իրականում մեր հանրապետությունում դեռեւս լավ զարգացած չէ սկրինգային ծրագրի կիրառելիությունը (մարդը  հարկադրված գնա հետազոտության՝ հետագայում հիվանդություններից խուսափելու համար): Իհարկե կան նաեւ սոցփաթեթի շահառուներ, որոնք պարբերաբար, տարին մեկ անգամ գալիս են հետազոտման: Սրանով էլ պայմանավորված է դրական տեղաշարժը, բայց սա չի բերում  նրան, որ հիվանդությունը հայտնաբերվի ավելի վաղ փուլում. հիմնականում հիվանդները մեծ մասամբ մեզ դիմում են հիվանդությունների արդեն 3-4-րդ փուլերում :

-Հիմնականում քաղցկեղով հիվանդացությամբ ո՞ր օրգան-համակարգներն են ներգրավված: 

-Կարող են բոլոր օրգան-համակարգները ներգրվված լինեն քաղցկեղածին գործընթացին, բայց ինչպես ամբողջ աշխարհում, այնպես է Հայաստանում ավելի հաճախ հանդիպող հիվանդությունները, օրինակ՝ տղամարդկանց մոտ թոքի, շականակագեղձի, ստամոքսաղիքային համակարգի քաղցկեղն է , իսկ կանանց մոտ` կրքագեղծի, ձվարանների, ստամոքսաղիքային համակարգի քաղցկեղը: Ուրախալի փաստ է, որ վաղ դիմելությամբ կարող ենք ավելի վաղ հայտնաբերել զարգացող ուռուցքային հիվանդությունները եւ տալ ախտորոշում ու համապատասխան բուժում:

-Ինչպիսի՞ն են քաղցկեղի դեպքում արդի բժշկության մեթոդները:

-Բուժուման մեթոդներն են  վիրահատական միջամտությունը, քիմոթերապիան, ճառագայթային բուժմը, որոնք արդի բժշկության մեջ լավ զարգացած են: Մեր կլինիկայում առկա է նոր սարքավորումներ՝ ճառագայթային բուժում իրականացնելու համար: Մեզ մոտ բուժումը իրականացվում է միջազգային ուղեցույցներով եւ գործելակարգերով, որը միջազգային բազմաթիվ փորձարկումներ  ացնելուց հետո է դրվել կիրառության: Գործելակարգում հստակ նշվում է, թե հիվանդության որ  փուլում ինչ մոտեցում պետք է ցուցաբերել, որ  հիվանդների կյանքի երկարեցվի:

-Կարծիք կա, որ քաղցկեղը դատավճիռ է, ինչ կասեք այդ կարծրատիպի մասին:

-Բնականաբար քաղցկեղը չի կարող համարվել դատավճիռ, քանի որ արդի բժշկությունը բավական  զարգացել է: Քաղցկեղի ժամանակին հայտնաբերման դեպքում կատարվում է ճիշտ բուժում,  կան անհրաժեշտ դեղամիջոցները, ուղղակի դրանց մեծ մասը դժվարամատչելի են մեր հասարակության համար, ոչ բոլորին է հասնելի, այդ պատճառով էլ այդ կարծրատիպը մեր երկրում առաջացել է, որ քաղցկեղը չի բուժում: 

- Ըստ Ձեզ, ո՞րն է քաղցկեղի արդյունավետ բուժման գլխավոր պայմանը: 

-Գլխավոր պայմանը վաղ հետազոտվելն է: Պետք է իրականացվի սրինինգային ծրագիր, որ հիվանդության ավելի վաղ փուլերի հայտնաբերման մեջ առաջընթաց ունենանք: Ավելի վաղ դիմելու դեպքում բուժման արդյունավետությունը շատ բարձր է լինում, ուստի, բնականաբար, վաղ փուլերում բուժման տակտիկան ավելի դյուրին  է,  քան բարդացած փուլերում: 

- Խոսենք բժիշկ-պացինետ հարաբերության մասին:

-Բնականաբար, մենք՝ քիմիաթերապեւտներս, ավելի հաճախ եւ ավելի երկարատեւ ենք շփվում պացինտների հետ: Մեզ համար  բավականին դժվար գործընթաց է, քանի որ մենք իրենց հետ ապրում ենք իրենց հիվանդությանը, հիվանդության առաջընթացը եւ հիվանդոթյան հետընթացը, իսկ երբ ունենում ենք դրական արդյունք, իհարկե մենք մեր կատարած աշխատանքից շատ բավարարված ենք լինում, երբ իրականում բուժման ավարտից հետո գիտակցում ենք, որ այդ մարդու կյանքն ենք  փրկել կամ երկարացրել: Հետագայում մեր հիվանդները պարբերաբար գալիս են մեզ մոտ. մինչեւ 5 տարի  նրանք բուժման ավարտից հետո հսկվում են, իսկ եթե հանկարծ նկատվում է, որ հիվանդությունը արագ տեմպերով նորից գլուխ է բարձրացնում, ապա աշխատանքեր են տարվում այդ ուղղությամբ՝ հիվանդության հետնահանջը ապահովելու համար:  Բնականաբար խնդրի կրկին առաջացման դեպքում մենք՝ բժիշկներս, հոգեբանորեն ծանր ենք տանում, իսկ երբ արդեն կրկնվելու   հավականակությունը զրոյանում  է, ուրախության գիտակցումը, որ փրկել ես մարդուն ճգնաժամից, աներևակաելի է: 

-Բժշկուհի՛, չարորակ գոյացության հայտնաբերման մասին ինչպես եք փորձում այդ լուրը հայտնել հիվանդին:

-Մեր հասարակության մտածելակերպի  մեջ դեռեւս լիովին ձեւավորված չէ այդ կուլտուրան. հիվանդի հարազատները իրենք չեն թողնում հիվանդին հայտնել հիվանդության մասին: Յուրանքաչյուր հիվանդ յուրովի է ընդունում այդ լուրը: Ես կարծում եմ, որ բոլոր հիվանդներն էլ գիտաքցում են, թե ինչի համար են գալիս բուժում ստանալու, ուղղակի ցույց չեն տալիս հարազատներին՝ նրանց  էլ ավելի վատ վիճակի մեջ չդնելու համար: Կարծում եմ՝ պետք է հիվանդը տեղեկանա հիվանդության մասին, որ կարողանան պայքարել հիվանդության դեմ՝  իր բժշկի օգնությամբ անցնելով այդ դժվարին ուղին:

-Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ՝ ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:

-  Իմ ամենամեծ ձեռքբերումը մեզ մոտ բուժված հիվանդներն են: Դրանից մեծ ձեռքբերում, չեմ կարծում՝ կլինի որեւէ բժշկի համարի, քանի որ նախկինում դժվար ճանապարհ անցած հիվանդը այսօր առողջ կանգնած է դիմացդ: 

- Ուռուցքաբանության  մեջ ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

Վստահ կարող եմ ասել, որ Ուռուցքաբանության ազգաին կենտրոնի յուրաքանչյուր մասնագետ յուրովի եղել էն ինձ համար ուսուցիչ իմ վերապատրաստման տարիներին, սակայն մեր նախորդ տնօրենը՝ պրոֆեսոր Հ. Մ. Գալստյանը, իր գիտելիքներն է փոխանցել յուրաքանչյուրիս նեղ մասնագիտացմանը հմտանալու  գործում: Մենք մինչ օրս էլ ավագ սերնդի բոլոր բժիշկների խորհուրդները ընդունում ենք, կիրառում մեր պրակտիկայում: Բժիշկը կայանալու համար պետք է մշտապես պրպտի, կուտակի գիտելիքների մեծ պաշար: Պետք է մշտապես լինի նորարությունների կենտրոնում: Ի դեպ, մեկ տարի էլ վերապատրաստվել եմ Ֆրանսիայում ՙՙԳուստավ Ռուսի՚՚ ուռուցքաբանական կենտրոնում: Նրանց աշխատելաոճը, նրանց մոտեցումը հիվանդներին ինձ համար կյանքի մեծ փորձ եղավ: Այնտեղ ներկա եմ եղել մի շարք լաբորատոր հետազոտությունների: Հետազոտությունների ժամանակ հայտնաբերել ենք  համապատասխան գեներ (mi-RNA), որոնք կարող են պատճառ դառնալ վահանաձեւ գեղձի ուռուցքի առաջացամանը. հետազոտություն, որը կարելի է իրականացնել պրոֆիլակտիկ նպատակներով եւ, ինչու չէ, բուժման ընթացքում հիվանդության ագրեսիվությունը ցույց տալու համար: Այն բավականին հետաքրքիր դիպլոմային աշխատանք էր: 

-Իսկ, որպես վերջաբան, Ձեր մաղթանքը հայ հասարակությանը:

- Իրականում կցանկանամ, որ մեր հասարակությունը ավելի տեղեկացված լինի հիվանդությունների մասին: Կարծում եմ, որ այդ ուղղությամբ ԶԼՄ-ներն ու ինտերնետ պորտալը բավականին մեծ տեղեկություն է տալիս: Իհարկե ինտերնետ տիրույթում ամեն տեղեկություն ստույգ չէ. մարդիկ պետք է ավելի շատ խորհրդակցեն բժիշկների հետ, որ ճիշտ պատկերացում կազմեն հիվանդությունների մասին: Կցանկանայի, որ նրանց մոտեցումը հիվանդությունների  նկատմամբ փոխվի, փորձեն վստահել բժիշկներին, որ միասին հաղթահարեն չարաբաստիկ հիվանդությունը: Իսկ որպես վերջաբան  բոլորին կցանկանամ, որ միշտ   առողջ լինեն, երջանիկ, եւ ինչքան հնարավոր է սթրեսներից հեռու մնան՝ իրենց  առօրյան դարձնելով ավելի ուրախ եւ հետաքրքիր:

26 Հնս

Աննա Ավինյան

Written by

Մեր երկրում կան ժամանակակից սարքավորումներ եւ լավագույն մասնագետներ

 

Ուռուցքներն ախտաբանական հյուսվածքների տարաճումներ են, եւ դրանց աճը շարունակվում է նույնիսկ ուռուցքային գործոնի ազդեցության ընդհատումից հետո: Ուռուցքների առաջացումն ընթանում է աստիճանաբար` մի քանի փուլերով: Չարորակ ուռուցքին անմիջապես նախորդող տարաճումները կոչվում են նախաուռուցքային կամ նախաքաղցկեղային: Հայտնի է ուռուցքների ավելի քան 500 տեսակ, որոնց անվանում են հյուսվածքի, օրգանի կամ բջջի տեսակի անվանը հունարեն «ոմա» (ուռուցք) բառն ավելացնելով, oրինակ՝ լիպոմա, ֆիբրոմա, սարկոմա, կարցինոմա եւ այլն:

 Առանձին խումբ են կազմում արյան չարորակ ուռուցքները՝ լեյկոզները, որոնց առանձին ձեւերի ժամանակ նկատվում է սպիտակարյունություն, այսինքն՝ արյան մեջ փոփոխված լեյկոցիտների (սպիտակ մարմնիկներ) խիստ ավելացում:

  Տնտեսապես զարգացած երկրներում ուռուցքային հիվանդությունները զբաղեցնում են 2-րդ տեղը՝ զիջելով սիրտ-անոթային համակարգի հիվանդություններին: Ուռուցքների առաջացման պատճառների 90%-ը արտաքին միջավայրի վնասակար գործոններն են, 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները: 

 ՀՀ-ում կատարվում է չարորակ ուռուցքներով հիվանդների պարտադիր գրանցում, ինչը հնարավորություն է տալիս ուսումնասիրել  դրանց տարածվածությունը հանրապետության տարբեր շրջաններում: Վաղ շրջանում հայտնաբերված ուռուցքների բուժումն ավելի արդյունավետ է:

Ուռուցքների բուժման հիմնական եղանակը վիրաբուժականն է, որը գրեթե մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային (քիմիաթերապիա), հորմոնային եւ իմունաբանական եղանակներով:

 http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի ուռուցքաբան-քիմիաթերապեւտ ԱՆՆԱ ԱՎԻՆՅԱՆԸ, որը, չնայած իր երիտասարդ տարիքին, հաստատուն քայլերով իր տեղն է զբաղեցնում ուռուցքաբանության ոլորտում:
-Բժշկուհի´, ի՞նչ դինամիկա է գրանցվում այսօր ուռուցքաբանության մեջ, ավելի շատ ո՞ր օրգան-համակարգերն են ներգրավված ուռուցքային պրոցեսների մեջ:

-Ուռուցքաբանությունն ամբողջ աշխարհում, այդ թվում նաև, Հայաստանում ամենաարդիական մասնագիտություններից մեկն է բժշկության մեջ: Ցավոք պետք է նշեմ, որ վերջին տարիներին մարդկանց ավելի զգալի զանգվածի մոտ է հայտնաբերվում ուռուցքային հիվանդությունները: Հիվանդություն, որը իր տարածվածության առումով զբաղեցնում է երկրորդ տեղը սիրտ-անոթային հիվանդություններից հետո, չնայած,  Ամերիկայի Միացյալ Նահանգներում միտում կա, որ այն կարող է դառնալ առաջինը: Եթե խոսենք սոլիդ ուռուցքների մասին , ապա ՀՀ-ում  ամենահաճախակի հանդիպողներից են` Թոքի, Կրծքագեղձի և Հաստ աղու ուռուցքնրը:

-Ձեր կարծիքով` այսօր քաղցկեղը դատավճի՞ռ է համարվում:

Պետք է նշեմ, որ ուռուցքաբանության ոլորտը շատ մեծ քայլերով առաջ է շարժվում և տիրապետելով ժամանակակից բուժման մեթոդներին, ուղեցույցներին և իհարկե պարբերաբար վերապատրաստումները արտերկրում մեզ թույլ են տալիս հասնել հիանալի արդյունքների: Վստահաբար կարող եմ ասել,որ քաղցկեղը դատավճիռ չէ, իհարկե եթե պացիենտը ժամանակին է դիմում  բժշկական օգնության, ոչ թե ժողովրդական լեզվով ասած “դանակը ոսկորին հասնելուց անց”:

- Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

- Իմ կյանքում բավականին շատ ուսուցիչներ են եղել որոնցից ես գիտելիքներ և խորհուրդներ եմ ստացել և ինչու չէ ստանում եմ և դեռ կստանամ….  Ընտանիքումս շատ են մասնագիտությամբ բժիշկները և բոլորն էլ պրոֆեսիոնալներ են իրենց գործում, կարծում եմ նրանց դերը ամենամեծն է եղել : Բայց իհարկե ամենամեծ տպավությունս եղել  էր Պրոֆ. Մաշմայերից, որի հետ ծանոթացել էի Գերմանիայում, վերապատրաստումներից մեկի ժամանակ, որը բացի մեծ գիտելիքներից և փորձից, ուներ շատ յուրահատուկ վերաբերմունք թե իր  պացիենտների թե իր բժշկական անձնակազմի նկատմամբ:

- Ո՞ր օրգան-համակարգներն են առաջին տեղում ուռուցքային պրոցեսների ներգրավվածության առումով:

Դա կախված է թե որ երկրի մասին է խոսքը, քանի որ ամեն տեղ տարբեր է:  Եթե համեմատենք Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը, ապա կտեսնենք որ , ԱՄՆ-ում առաջին տեղն է զբաղեցնում մաշկի քաղցկեղը և բոլորին հայտնի մելանոման, որը որ մաշկի քաղցկեղի ամենահաճախ հանդիպող ձևն է, իսկ Հայաստանի Հանրապետությունում ամենահաճախը հանդիպում են տղամարդկանց մոտ`թոքի իսկ կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի տեսակները:

-Բժշկուհի´, մասնագիտական ասոցիացիաների անդա՞մ եք:

Անդամակից եմ`  European Society of Medical Oncology(ESMO), American Society of Clinical Oncology(ASCO), European Association of Dermato Oncology(EADO), German Society of Hematology and Oncology (GSHO), European Association for Cancer Research (EACR) :Անդամակցությունները մեզ օգնում են որպեսզի տեղյակ լինենք սպասվող կոնֆերանսների, վերապատրաստումների և նորագույն ձեռքբերումների մասին և աշխատենք Ամերիկյան և Եվրոպական ամենանոր ուղեցույցներով:

-Իրականում, որքան գիտենք, Հայաստանում ոչ բոլորին է հասու քաղցկեղի դեմ բուժում ստանալը:

-Այո, ցավոք…

Կարծում եմ այդ խնդրին ևս լուծում կտրվի մոտակա ժամանակաշրջանում:

-Բժշկուհի´, խոսենք պացիենտ-բժիշկ հարաբերությունների մասին: Ի՞նչ մակարդակի վրա է այն:

Իմանալով սեփական ախտորոշումը , շարունակել զուսպ և հավասարակշռված մնալ, չտրվել հուզմունքին,   հավատացեք դա հեշտ չէ: Ճիշտ, պացիենտին մատչելի լեզվով բացատրելուց և բժիշկ-պացիենտ, ինչու չէ նաև հոգեբան, ահա այս շարունակական թիմային աշխատանքը բերում է հիանալի արդյունքների:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը  մեր հասարակությանը:

-Կմաղթեմ բոլորին քաջ առողջություն և կցանկանաի որպեսզի մարդիկ ավելի ուշադիր լինեն  իրենց`սեփական մարմնի նկատմամբ, ցավոք մեր ազգին բնորոշ է անհանգստանալ և ուշադիր լինել բոլոր  կողքին գտնվողների նկատմամբ, բացառությամբ իրեք իրենց:  Հաճախակի հետազոտվեք ,չէ որ այսօր Հայաստանում  առկա են ամենանորագույն սարքավորումները և համապատասխան մասնագետներ, որոնց միջոցով հիվանդության բացթողման հավանականությունը  հավասարեցվում է մինիմումի:

Ինչպես կասեր  հայտնի  խոսնակ և բիզնեսմեն Զիմ Ռոն

“Հոգ տարեք Ձեր մարմնի մասին, դա միակ վայրն է որտեղ կարող եք ապրել”:

_Take care of Your body. It’s the only place you have to live.

                                                                                                (Jim Rohn)

Յուրաքանչյուր հայ օջախում տան սյունը  կինն է, եւ նա պիտի լինի առողջ, սիրված, կենսունակ

Կինը եղել է, կա ու պետք է լինի մարդկային էության ավանդույթը կրողը, հիմքը ու շարունակողը: Գեղանկարչության մեջ նույնիսկ մոդեռնի, պոստմոդեռնի, իմպրեսիոնիզմի, աբստրակցիոնիզմի մեջ ես տեսնում եմ տրադիցիաների շարունակություն: Մարդկության գլուխգործոցը կինն է: 
  Մարդկանց մեծամասնությունը վստահ է, որ քաղցկեղի ախտորոշումը մահվան դատավճիռ է: Իմանալով քաղցկեղի մասին` հիվանդները կարող են շոկի մեջ հայտնվել, չհավատալ իրականությանը: Ժամանակ է պետք այս ամենին հարմարվելու, հուզական վիճակից հնարավորինս դուրս գալու եւ իրավիճակը սթափ դատելու համար, որոշ դեպքերում, ցավոք, հիվանդին ու նրանց հարազատներին այդպես էլ չի հաջողվում դուրս գալ այդ վիճակից: 
Բժշկության զարգացմանը զուգահեռ քաղցկեղի բուժման, շատ դեպքերում քաղցկեղ ունեցող մարդու լիակատար ապաքինման հնարավորությունները գնալով էլ ավելի են մեծանում: Եթե անգամ բժիշկը ապաքինման որեւէ հույս չի տալիս, պետք չէ հուսալքվել: Անգամ եթե այլեւս փրկության որեւէ հնարավորություն չկա, կարելի է տարբերակներ գտնել` հիվանդության հետ մնացյալ կյանքը հնարավորինս անցավ, երկար ու երջանիկ ապրելու համար: Գինեկոլոգի մասնագիտությունը մի կարեւոր առանձնահատկություն ունի, որով այն տարբերվում է մյուս բժշկական մասնագիտություններից: Կինը շարունակաբար շփվում է գինեկոլոգի հետ ե՛ւ պրոֆիլակտիկ, ե՛ւ բուժման նպատակներով կյանքի տարբեր  փուլերում՝ սեռական հասունացման շրջանից մինչեւ ծերություն: Ցանկացած կնոջ համար իր գինեկոլոգը ուղղակի բժիշկ չէ. նա կնոջ օրգանիզմի ու խնդիրների մասի գիտի ավելին, քան  շատ հարազատ մարդիկ: 
  http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի պոլիկլինիկական եւ դիսպանսեր ծառայության  բժիշկ-մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Գրիգորյանը, ում հետ զրուցեցինք  գինեկոլոգիական ամենատարածված հիվանդությունների, պրոֆիլակտիկ բուժզննման անհրաժեշտության, գինեկոլոգիական ոլորտի նորությունների ու ձեռքբերումների, լավ բժիշկ լինելու նախադրյալների եւ այլ թեմաների մասին: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե կանայք հո՞գ են տանում իրենց առողջության մասին, գինեկոլոգը դրական առաջընթաց է տեսնում։ Ինչպես բոլոր ոլորտներում, այնպես էլ գինեկոլոգիայում կան որոշակի անելիքներ, որոնց թվում առաջնային է հաճախորդների տեղեկացվածությունը: Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը:

- Տիկին Գրիգորյան, ընտրել եք շատ ռիսկային և պատասխանատու  աշխատանք, ի՞նչու որոշեցիք գնալ այդ քայլին։                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

-Բժշկի մասնագիտությունը ընտրեցի, քանի որ դա եղել է իմ մայրիկի երազանքը։ Փոքր տարիքից նա իմ մեջ սերմանել է սերը դեպի բժշկությունը: Ես սիրում եմ իմ մասնագիտությունը, ապրում իրենով, եւ եթե հանկարծ նորից ինձ հնարավորություն տրվի կրկին  ընտրություն կատարել մասնագիտության ընտրության հարցում, ապա միանշանակ կընտրեմ բժշկի մասնագիտությունը: 

- Բժշկուհի՛, հիմնականում ի՞նչ հիվանդություններով են Ձեզ դիմում, եւ ո՞ր հիվանդություններն են երիտասարդանում: 
-Լինելով բժիշկ-գինեկելոգ՝ հիմնականում զբաղվում եմ գինեկոլոգիական հիվանդությամբ տառապող հիվանդների հետ։ Ելնելով ծառայության բնույթից՝ որպես առաջնային օղակի եւ ամբուլատոր, դինսպանսեր ծառայության բժիշկ, զբաղվում եմ բոլոր առաջնային հիվանդներով, որոնց աշխտորոշումը հաստատված է կամ կասկածելի: Հիվանդները, դիմելով մեր կենտրոն, անցնում են կրկնակի ախտորոշում՝ հետագա բուժման տակտիկան որոշելու համար։ Կլինիկան հետեւում է  կենտրոնում բուժում ստացած բոլոր պացինտներին, ովքեր հետագայում ունենում են  դիսպանսեր հսկողության  անհրաժեշտություն: Մեր կլինիկայում թիմային մեծ աշխատանքն է կատարվում բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, որոնց միջավայրում աշխատելով ես օր-օրի կատարելագործվում  եմ։ Դրան նպաստում է նաեւ  մեր կենտրոնի տնօրենի շատ խստապահանջ եւ լուրջ մոտեցումը։ Յուրաքանչյուր խնդիր եւ իրավիճակ շատ լուրջ քննարկվում է մասնագիտական խմբի կողմից, հաշվի  է առնվում յուրաքանչյուրի կարծիքը, եւ այս քննարկումների արդյունքում գտնում ենք լավագույն լուծումը մեր հիվանդների համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր հիվանդի հիվանդության պատմության առանձնահատկությունը։ Այս համախմբվածությունը եւ հիվանդին մոտեցման յուրահատկությունն է  ապահովում մեծ արդյունք։ 
-Ասոցիացայի անդա՞մ եք: Ըստ Ձեզ այսօր ասոցացիաներն ի՞նչ են տալիս: 
-Այո՛, ես հանդիսանում եմ ասոցիացիայի անդամ: Ասոցացիաները մեզ տալիս են բոլոր հնարավորությունները, որ հետեւենք  նորարարությունների  ընթացքին, բուժման  նորագույն մոտեցումներին, միշտ տեղյակ լինենք  նորագույն տեխնոլոգիաներից։ 
- Կա՞ փոփոխություն մեր քաղաքացիների  դիմելության մշակույթի  մեջ: 
 - Իհարկե։ Սկզբնական շրջանում մեր հասարակության մեջ բացակայում էր պրոֆիլակտիկ մոտեցումը, ինչի հետեւանքով հիվանդությունը ախտորոշվում էր  ուշ  փուլում։ Իսկ վերջին տարիներին ԶԼՄ-ի ակտիվությունը, առողջապահության նախարարի նոր նախաձեռնությունները նպաստեցին, որ մարդիկ դիմեն բժշկական առաջնային օղակներ` պոլիկնիկաներ, որ  սրինինգային ծրագրերն ավելի ակտիվ կազմակերպվեն Հայաստանում։ Սա է պատճառը, որ հիվանդների հոսքը շատացել է, ինչն էլ նպաստել է հիվանդության վաղ հայտնաբերմանը՝ հնարավորություն տալով  ավելի արդյունավետ բուժում կազմակերպել։  
-Բայց ամեն դեպքում մեր հանրության մեջ կա թերհավատությունը բժշկության առաջնային օղակի հանդեպ. բավականին դժվար է այդ կարծրատիպը կոտրել: 
- Թերհավատություն կա ամեն ոլորտների հանդեպ, բացառություն չէ  նաեւ բժշկությունը: Մենք ունենում ենք հիվանդներ, որոնք, ունենալով հիվանդության ախտորոշում, գալիս են մեր կլինիկա, որ կրկնեն հետազոտությունը՝ համոզվելու իրենց ախտորոշման մեջ։  Այս երեւույթը ավելի հաճախ կրկնվող դարձավ հատկապես հեղափոխությունից հետո։  Մենք՝ բժիշկներս, ըմբռնումով ենք մոտենում սրան, քանի որ հասկանում ենք հիվանդների իմպուլսիվության   եւ լարվածության պատճառը։ Լարվածությունը ամեն հերթական այցերի ընթացքում աստիճանաբար մեղմանում է: 
- Բժշկուհի՛, չարորակ գոյացության հայտնաբերման դեպքում Դուք կարո՞ղ եք  հայտնել հիվանդին:  
-Իհարկե մոտեցումը տարբերվում է եվրոպական երկրներից, որտեղ ընդունված է հիվանդին տեղեկացնել հիվանդության մասին հենց բուժող բժշկի կողմից: Իհարկե մեզ մոտ այլ մոտեցումը է։ Հաշվի առնելով մեր հասարակության մտածելակերպը, ինչպես նաեւ նրանց բարեկամների եւ մերձավորների խնդրանքը՝ փորձում ենք պարզ եւ ակնհայտ չասել ախտորոշման լրջությունը։ Բայց ժամանակի ընթացքում, միեւնույն է, հիվանդը տեղեկանում է։ Բուժման հավանականությունը, իհարկե, հիվանդության  սկզբնական փուլերում բավական բարձր է եւ նկատելի է թե՛ մեր կատարած աշխատանքը, թե՛ հիվանդի ջանքերը։ Չմոռանանք, որ յուրաքանչյուր հիվանդի օրգանիզմ յուրովի է պատախանում հիվանդության ընթացքին: 
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը: 
- Նախ մեր հայ կանանց ցանկանում եմ առողջություն, սեր։ Իմ կողմից  խորհուրդ եւ հորդոր, որ  իրենք շատ ժամանակ տրամադրեն իրենց առողջությանը, կանխարգելիչ  նպատակով այցերը բժիշկների մոտ լինեն շատ ակտիվ, քանի որ յուրաքանչյուր հայ օջախում տան սյունը  կինն է, եւ նա պիտի լինի առողջ, սիրված, կենսունակ, որ  հայ ընտանիքն էլ լինի ավելի ամուր եւ երջանիկ: 

Ամենակարեւոր պարգեւը առողջությունն է

Ականջը փոքրիկ, սակայն բարդ եւ զգայուն օրգան է: Ականջի միջոցով ընկալում ենք շրջակա միջավայրի ձայները, հաղորդակցվում միմյանց հետ: Ձայնի ընկալումը բնության մեծագույն պարգեւ է ժամանակակից պայմաններում դրա լրիվ բացակայությունը հազվադեպ է եւ անսովոր: Ծանրալսության ժամանակակից ախտորոշումը հիմնվում է բազմաթիվ հետազոտական մեթոդների տվյալների վրա: Ծանրալսությունը բոլոր տարիքային շեմերում համարվում է խնդիր, որի առկայության դեպքում մարդը իրեն զգում է հասարակության ոչ լիարժեք անդամ: Չափազանց կարեւոր է լսողական խնդիրների ախտորոշումը վաղ մանկական հասակում  եւ դրա արդյունավետ բուժման կազմակերպումը: Ավելի շատ կարեւոր է, որ դրան նպաստում է հանրապետությունում ներդրված սկրինինգային ծրագիրը, այն հնարավորություն է տալիս ծանրալսությունների հայտնաբերումը ավելի շուտ նորածինների մոտ եւ խնդրի հետագա լիարժեք բուժումը: Այս մեթոդը հատկապես ակտուալ է նորածնային հասակում, որի շնորհիվ երեխաների մոտ վաղաժամ հայտնաբերումը նպաստում է խնդրի լիարժեք լուծմանը կամ վիրահատական միջամտությունը պրոտեզավորման միջոցով, որի օգնությամբ երեխան իր զարգացվածության աստիճանով հետ չի մնում իր հասակակիցներից:

 http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Էրեբունի» բժշկական կենտրոնի  քիթ-կոկորդ-ականջաբան, աուդիոլոգ ԱՇԽԵՆ ԲԱԼԲԱԲՅԱՆԸ, որն ունի երկար տարիների աշխատանքային փորձ եւ մեծ հեղինակություն:  

 - Տիկին Բալբաբյան, ի՞նչ է իրենից ներկայացնում աուդիոլոգիան:

- Աուդիոլոգիան գիտություն է, որը զբաղվում է լսողության հետազոտման մեթոդներով, որի շնորհիվ մենք կարողանում ենք հայտնաբերել հիվանդների մոտ ծանրալսության տեսակը, աստիճանը եւ ճիշտ ախտորոշումը, իհարկե, որին էլ կհաջորդի համապատասխան բուժումը:

- Բժշկուհի, Ձեր կարծիքով ի՞նչ մակարդակի վրա է այսօր Հայաստանում քիթ-կոկորդ- ականջաբանությունը:

- Մեր հանրապետությունում քիթ-կոկ որդ-ականջաբանությունը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում: Հայաստանը տարածաշրջանում  միակ երկիրն է, որտեղ կատարվում է խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիան), որը 2004 թվականից ներդրվել է «Էրեբունի» ԲԿ–ում։ Մեզ մոտ կատարվում է նաեւ նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Սկրինինգի արդյունքում նորածնի մոտ որոշակի խնդիրներ հայտնաբերելու դեպքում կազմակերպվում է համապատասխան բուժում, որից երեք ամիս անց նորածինը կրկին հետազոտվում է, ըստ որի, արդյունքներից ելնելով, որոշվում է նրանց հետագա ճակատագիրը: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները եւ նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում:

- Բժշկուհի, որպես բժիշկ, Ձեր գործառույթների մեջ ի՞նչ է ներառված:

- Իմ գործառույթների մեջ  մտնում է քիթ-կոկորդ-ականջի հիվանդություններով տառապող հիվանդների զննումը, բուժումը, ինչպես նաեւ վիրահատական միջամտությունները, բայց որպես նախատրատ: Իհարկե դա աուդիոլոգիան է, որի  միջոցով  որոշում ենք աուդիոմետրիան` լսողության սրության ախտորոշման մեթոդը, որն օգտագործվում է լսողության կորստի աստիճանը եւ տեսակը որոշելու համար, որի հիմքում ընկած է ամենահաճախ հանդիպող հաճախականություններում մարդու ձայնն ընկալելու հատկությունը որոշելը (խոսքային դիապազոն): Այս ստերի հիման վրա կազմվում է աուդիոգրաման, ըստ որի, կարելի է ախտորոշել ծանրալսության տեսակը, աստիճանը եւ տարբերակել ականջի տարբեր հիվանդությունները: Ծանրալսության 2 տեսակ կա՝ սենսոնեվրալ եւ հաղորդչական: Սենսոնեվրալ ծանրալսությունը լսողության կորուստն է, որն առաջանում է ձայնընկալող ապարատի վնասման հետ: Իսկ հաղորդչական ծանրալսության պատճառը ձայնի անցնելու ճանապարհին զանազան խոչընդոտներն են՝ ծծմբային խցանը, արտաքին լսողական անցուղու էկզոստոզը` ոսկրային հյուսվածքի գերաճ, թմբկաթաղանթի թափածակումը, լսողական ոսկրիկների շղթայի խզումը, ոսկրիկների ֆիքսացիան, միջին ականջում հեղուկի եւ թարախի կուտակումը, արտաքին եւ միջին ականջի տարբեր բնածին արատները եւ այլն:  Սենսոնեվրալ ծանրալսության դեպքում անչափ կարեւոր է ժամանակին կատարված ախտորոշումը, քանի որ սուր փուլում հնարավոր է լսողության լիարժեք եւ մասնակի վերականգնում (ե խոսքը IV աստիճանի ծանրալսության կամ խլության մասին չէ): Շատ հաճախ հիվանդները ականջի փակվածության զգացողություն ունենալիս մտածում են, որ դա պարզապես գրիպի հետեւանք է եւ շուտով կանցնի: Եվ այսպիսով թանկ ժամանակ են կորցնում, եւ արդեն մեկ ամիս հետո հիվանդությունը քրոնիկական եւ գործնականում անբուժելի է դառնում` վերածվում սենսոնեվրալ հիվանդության: Այս դեպքում օգնում են միայն լսողական սարքերը, իսկ 4-րդ աստիճանի սենսոնեվրալ ծանրալսության կամ պրակտիկ խլության դեպքում՝ միայն հակացուցումների բացակայության դեպքում կոխլեար իմպլանտացիան (խխունջային ներպատվաստումը): Ծանրալսության դեպքում, որպես կանոն, եւս մեկ հետազոտություն է կատարվում՝ իմպենդանսոմետրիա, արտաքին լսողական անցուղու ծավալի, թմբկաթաղանթի, թմբկախոռոչի, եվստախյան փողերի, լսողական ոսկրիկների վիճակը գնահատելու համար, ինչպես նաեւ ակուստիկ ռեֆլեքսը որոշելու համար: Իմպենդանսոմետրիան հնարավորություն է տալիս հայտնաբերել միջին ականջի այնպիսի ախտահարումներ, ինչպիսիք են` եվստախիտը, էքսուդատիվ օտիտը, լսողական ոսկրիկների շղթայի խզումը, օտոսկլերոզը: Եվս մեկ յուրահատուկ ստ է իրականացվում`օբյեկտիվ աուդիոմետրիա   /լսողական հարուցված պոտեցիալների գրանցում/, որը թույլ է տալիս որոշել հիվանդների մոտ ծանրալսության մակարդակը` առանց հիվանդի մասնակցության:

- Ունենալով երկար տարիների աշխատանքային փորձ` կարո՞ղ եք ասել,  այսօր որ հիվանդությունների աճ է նկատվում:

- Պետք է  նշեմ ականջի քրոնիկ հիվանդությունները`օտիտները, որոնք բավականին շատացել են, սեզոնային բնույթ են կրում, եւ վիրուսային ինֆեկցիաների պիկի ժամանակ մենք ունենում ենք բավականին շատ դեպքեր: Բավականին շատացել են ծանրալսության դեպքերը, մանավանդ` հանկարծակի ծանրալսությունները, որոնք, ցավոք սրտի, վերջին շրջանում բավականին շատացել են երիտասարդների մոտ:

Լինում են նաեւ ծանրալսության դեպքեր, որոնց առաջացման պատճառները դեռեւս լիովին բացահայտված չեն: Պատճառներից կարող ենք նշել սթրեսային  իրավիճակները, անոթային խնդիրները, որոնք ավելի հաճախ հանդիպում են, միգուցե նրանց թիվը բավականին շատացել է, քանի որ այսօր դիմելիության կուլտուրան բարձր մակարդակի  վրա է գտնվում, մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց սեփական առողջության նկատմամբ: Ցավոք սրտի, նաեւ լինում են դեպքեր, որ հիվանդները մեզ այցելում են արդեն բարձիթողի վիճակում: Որքան շուտ դիմեն մեզ, այնքան ավելի շուտ եւ արդյունավետ կլինի վերականգնողական բուժումը: Ախտորոշիչ հնարավորությունների մեծացումը, տեխնիկապես գերհագեցվածությունը մեր բժշկական կենտրոնում մեծ հնարավորություններ են ընձեռում արդիական եւ ժամանակակից մոտեցումներով իրականացնել բոլոր անհրաժեշտ հետազոտման եւ բուժման մեթոդները:

- Խլության դրդապատճառները որո՞նք կարող են հիմնականում լինել:

- Պետք է նշել, որ խլության պատճառները կարող են լինել բնածին եւ ձեռքբերովի: Բնածնի հիմքում ընկած է ինչպես գենետիկ նախատրամադրվածությունը, այնպես էլ` հղիության ընթացքում մոր կողմից տարած հիվանդությունները, հատկապես` վիրուսային հիվանդությունները, վիժման վաղաժամ վտանգները, քրոնիկ հիպոկսիկ  վիճակները եւ այլն, իսկ օտոտոկսիկ եւ ոչ ճիշտ դեղամիջոցներով բուժումը կարող է բերել երեխայի մոտ լսողության խնդրի զարգացմանը:
Ըստ համաշխարհային վիճակագրական տվյալների, 1000 երեխաներից մեկը ծնվում է խուլ, 5-6-ը` տարբեր տեսակի ծանրալսություններով: Մեր երկրում ներդրված նորածնային սկրինինգի ծրագրի միտումն այնպես է, որ հանրապետության բոլոր շրջանների ծննդատներում իրականացվում է այս ծրագիրը, որպեսզի նորածնի մոտ հայտնաբերվի,  իրականում ծանրալսության խնդիրը  կա՞`  ոչ: Ովքեր խնդիր ունեն, անցնում են հետազոտման երկրորդ փուլը 3 ամսական հասակում, եւ այստեղ շատ կարեւոր է մանկաբույժների դերը, որոնք պետք է պարզեն` երեխան սկրինինգային հետազոտություն անցել է, ` ոչ, ապա անպայման ուղղորդեն հետազոտման: Իսկ մնացյալ դեպքերում երեխայի մոտ այն ի հայտ է գալիս խոսքի զարգացման շրջանում, որը ծնողներն արդեն նկատում են: Այդ ծրագիրը ես շատ կարեւոր եմ համարում, եւ ոչ մի երեխա պիտի դուրս չմնա այդ ծրագրի շրջանակներից:

- Բոլորն իրենց կյանքում ունեն ուսուցիչ, ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:

Միանշանակ` Արթուր Կիմի Շուքուրյանին, ում գործոնը, ներդրումը շատ մեծ է եղել իմ նեղ մասնագիտացման մեջ. թե՛որպես մարդ, եւ թե՛ որպես մեծ գիտնական ու ղեկավար, նրա հետ աշխատելը մեծագույն հաճույք է: Եվ տեսնելով նրա մարդ տեսակը, նրա նվիրումը իր գործին եւ հոգատարությունը դեպի իր պացիենտը, որոշեցի, որ պետք է դառնամ ԼՕՌ բժիշկ:

- Ընդունված ավանդույթ է, որ երեխաները ընտրում են իրենց ծնողների ճանապարհը, Ձեր երեխաների դեպքում ինչպե՞ս էր:

Ես միանշանակ դեմ եմ եղել, որ իրենք բժիշկ դառնան, ճիշտն ասած, իհարկե, երբեմն ափսոսում եմ, որ խոչընդոտել եմ նրանց ընտրության հարցում,  երբեմն էլ լավ եմ զգում, որովհետեւ բժշկի աշխատանքը լի է բազում դժվարություններով:  Ընդհանրապես իմ առօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությունից հետո իմ անդորրը գտնում եմ իմ ընտանիքում, իմ երեխաների եւ թոռնիկների հետ:

- Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղքեք մեր հասարակությանը:

Կցանկանամ, որ մարդիկ ավելի շատ հետեւեն իրենց, եւ ցավով եմ ընդունում, որ, մասնավորապես, հեռավոր շրջաններից կանայք բավականին ուշացած դեպքերում են դիմում մեզ: Իհարկե, չեմ էլ սիրում, երբ մարդիկ տառապում են եսասիրությամբ: Բայց ամեն դեպքում, ճիշտը ժամանակին դիմելն է: Կցանկանամ, որ շատ առողջ լինի մեր հասարակությունը, հետեւողական` իր առողջության նկատմամբ: Երբ մարդ առողջություն չունի, ոչինչ էլ աչքին չի գալիս, որովհետեւ ամենակարեւոր պարգեւը առողջությունն է:

Լավ մասնագետ լինելուց բացի պետք է լինել լավ մարդ, քանի որ բժշկ լինելը  մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն

Ռենտգեն հետազոտություն, թե՞ սոնոգրաֆիա. հարց, որը հաճախ քննարկման թեմա է հանդիսանում:
  Ներկայումս միանշանակ չեն այս ախտաբանական վիճակի ճառագայթային ախտորոշման արդյունավետության մասին կարծիքները, մշակված չեն հիվանդների ճառագայթային հետազոտման առավել արդյունավետ ախտորոշիչ ալգորիթմներ: 
   Նաիրի բժշկական կենտրոնը հանրապետության խոշորագույն բժշկական հաստատությունն է, որտեղ բնակչությանը ցուցաբերվում է համաշխարհային չափանիշներին համապատասխան բազմապրոֆիլ եւ բարձր որակավորված բժշկական օգնություն:

   Նաիրի բժշկական կենտրոնի ախտորոշման բաժանմունքը, շնորհիվ համակարգչային նոր տեխնոլոգիաների ներդրման, ուլտրաձայնային մեթոդի ախտորոշիչ եւ տեսողական հնարավորությունները զգալիորեն հարստացրել է, ինչը հնարավորություն է տալիս այն կիրառել ոչ միայն ախտորոշման նպատակով, այլեւ իրականացվող բուժման արդյունավետության վերահսկման եւ որոշ բուժական միջոցառումներ եւ միջամտություններ իրականացնելիս` տեսողական հսկողության ժամանակ: Կիառվող սարքի վիզուալիզացիայի բարձր մակարդակը մեծացնում է ախտաբանությունների հայտնաբերման, հյուսվածքների մանրագույն կառուցվածքի առավել հստակ զննման հնարավորությունները, բարձրացնում դիֆերենցիալ ախտորոշման արդյունավետությունը՝ դրանով իսկ օգնելով հիվանդությունները հայտնաբերել եւ արդյունավետ բուժում կազմակերպել դրանց զարգացման առավել վաղ փուլերում:

   Մասնագետների գիտական, կլինիկական եւ կրթական գործունեության, առաջատար բժշկական հաստատությունների հետ համագործակցության, տեխնիկա արտադրող առաջատար ընկերությունների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների մշտական ներդրման շնորհիվ Նաիրի բժշկական կենտրոնը լայն ճանաչում է ձեռք բերել ինչպես մեր երկրի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:  http://bestgroup.am/ կայքի   զրուցակիցն է Նաիրի բժշկական կենտրոնի բժիշկ-սոնոգրաֆիստ ԱՆՅՈՒՏԱ ՕՀԱՆՅԱՆԸ, հաճելի կին եւ հաճելի զրուցակից, ում հետ խոսեցինք ոլորտում առկա հարցերի մասին:

- Տիկի՛ն Օհանյան, ի՞նչ գործառույթներ է իրականցնում Ձեր բաժանմունքը, ովքե՞ր կարող են դիմել Ձեզ:

- Սոնոգրաֆիան համարվում է դիագնոստիկայի մեթոդներից մեկը, այն վերջին սերնդի  հետազոտություններից մեկն է, որը համեմատվում է  ռենգեն  հետազոտության հետ:  Չնայած լինելով  երիտասարդ հետազոտական  մեթոդ՝ այն  այսօր  արագընթաց տեմպերով զարգանում է, ինչը պայմանավորված  է տեխնիկական հագեցվածությամբ, կիրառվող սարքավորումները հզորացմամբ, ինչի հետևանքով էլ  հնարավորություններին էլ ավելի են շատանում: Եթե  նախկինում մենք ուղղակի  ստանում էինք խնդրի մակերսեային պատկերը, ապա այսօր կարող ենք ավելի մանրամասն, ավելի խորը տեսնել խնդիրը, ավելի մանրամասն ստուգել եւ ստույգ եզրակցություն տալ: Սոնոգրաֆիան  հիմնված է  տատանողական ալիքների վրա, այն վտանգավոր համարվել չի կարող, անվտանգ է եւ անցավ, բազմակի անգամ պացինտները կարող են անցնել հետազոտություն, այն բարձր հաճախականության եւ մարդու ականջի համար անընկալելի ձայնային ալիք է, որն հետազոտվող օրգանին ուղարկվում է հատուկ հարմարանքի՝ «տվիչի» (датчик, տրանսդյուսեր) միջոցով, որն էլ անմիջականորեն հպվում է հետազոտվողի մարմնի համապատասխան շրջանի մաշկին:

- Բժշկուհի՛, ընտրել եք շատ ռիսկային եւ պատասխանատու աշխատանք, ե՞րբ որոշեցինք գնալ այդ քայլին:

- Բժիշկ շատ վաղուց էի ցանկանում դառնալ,  երբ դեռ սովորում էի երրորդ դասարանում: Եղել եմ գերազանց սովորող աշակերտ, միաժամանակ շատ ակտիվ եմ իմ էությամբ, միշտ համարձակ եւ անվախ եմ եղել: Եղել եմ Հայաստանի վազքի չեմպիոն, երաժշտության մեջ էլ եմ ինձ լավ դրսեւորել, մի խոսքով, միշտ  ձգտել եմ ամեն ոլորտում ինձ դրսեւորել լավ եւ լինել առանջային դիրքերում: Իմ մասնագիտությամբ ապրում եմ, մինչ օրս սիրում: Փառք Աստծո, իմ ոլորտում ես հասել եմ այն  մակարդակի, երբ ինձ զգում եմ իմ ափսեի մեջ, փնտրտուքների մեջ չեմ, վստահ կանգնած եմ: Նշեմ, որ որպես սոնոգրաֆիստ առաջին քայլերս սկսել եմ  Էրեբունի բժշկական հիվանդանոցից՝  20 տարի աշխատելով  այնտեղ: Հիվանդանոց, որը համարվելով բազմապրոֆիլային,  մեծ ծավալով աշխատանքեր էր տանում. մշտապես հերթապահություններ, հիվանդների մեծ հոսք: Իհարկե ընթացքում՝ մինչեւ երեխաներիս ծնվելը, եղել են  մարզային եւ արտերկիր աշխատանքային գործուղումներ: Առաջիկայում կան պլաններ գնալ արտերկիր՝ լրացնելու մանագիտական  գիտելիքները: Համատեղելով Նաիրի եւ Էրեբունի բժշկական կենտրոներում իմ աշխատանքը պարոն Հարություն Քուշկյանի ղեկավարմամբ՝ բժշկական  համալիրին  միշտ հավատարիմ եմ մնացել, իսկ երբ ես նվիրվում եմ, ուրեմն մեծ նվիրումով աշխատում  եմ ամբողջ կյանքի ընթացքում: Ես  գոհունակ եւ հոգեպես բավարարված եմ զգում պացիենտների շնորհակալական խոսքերից եւ հայացքներից:

 Ես ունեմ երկու հրաշալի դուստր, իհարկե իրենք չեն ընտրել իմ ուղին, բայց, ամեն դեպքում,  իրենց էլ  ընտրած մասնագիտության մեջ իրենց կատարյալ են  դրսեւրում: Ես ինձ երջանիկ կին եմ համարում. աշխատում եմ մի կլինիկայում, որտեղ  ամեն օր մեծ սիրով եմ  աշխատանքի գալիս եւ գնում: Կցանկանայի խոսել նաեւ պացիենտների դիմելության կուլտուրայի մասին. այն շատ խայտաբղետ է ու բազմազան: Մենք՝ բժիշկներս, անում ենք ամեն ինչ, որ մարդկային հարաբերությունների, մատուցման եւ բուժման կուլտուրան միշտ բարձր մակարդակով լինի, բայց, ցավոք, լինում են նաեւ անշնորհակալ պացիենտներորոնց թվում է, թե բժիշկներն են մեղավոր իրենց խնդիրների համար: Հուսանք՝ մեր հասարակությունն մոտ ապագայում ավելի հանդուրժող ու շնորհակալ կլինի:  

- Ձեր կարծիքով  ի՞նչ են տալիս ասոցացիաներն այսօր:

- Մենք մեր ասոցացիան  վերաստեղծեցինք 2 տարի առաջ: Ասոցացիաները մեզ շատ օգնում են վերապատրաստումների ժամանակ, գիտելիքների թարմացման եւ բազայի լրացման հարցում: Արդեն երկու տարի է, ինչ ասոցացիան ղեկավարում է Կոստանտին Սամվելի Գալումյանը, ով միաժամանակ մեր բժշկական կենտրոնի եւ բաժանմունքի` ռադիոլոգիայի բաժնի ղեկավարն է, ում շնորհիվ  բավական մեծ փոփոխություններ են եղել: Նա, լինելով բավական երիտասարդ,  շատ բանիմաց եւ հմուտ է իր գործում: Իրականում մինչ իրեն ղեկավարումը ասոցիացան նախկինում գրեթե մեզ ոչինչ չէր տալիս, իսկ այսօր մեզ տրված են մեծ հնարավորություններ եւ փորձի փոխանակության հարցում մեծ առաջընթաց:

 - Բժշկուհի՛, չարորակ գոյացության հայտնաբերման դեպքում Ձեր իրավասությունների մեջ մտնո՞ւմ է այդ մասին հայտնել հիվանդին:  

- Իմ երկար տարիների փորձն ինձ թույլ է տալիս հասկանալ, թե որ դեպքում ինչ լուծում տալ հարցին: Ես արագ ճանաչում եմ մարդու տեսակը: Իմ կարծիքով պետք է  պացիենտին ասվի իր հիվանդության մասին, որպեսզի նա պայքարի  կյանքի համար: Ես համոզվել եմ հորս կորուստից հետո. նա նույնպես մահացավ ուռուցքից: Ուռուցքով հիվանդը պետք է մշտապես պայքարի մեջ մտնի  հիվանդության դեմ, պետք է կարողանալ ուժեղ լինել եւ անկոտրում, հավատա հրաշքներին ու պայքարի  մինչեւ վերջ: Ինչքան էլ  իմանանք, որ չարորակ գոյացությունը դատավճիռ է եւ մահացության  վատ վիճակագրություն կա, պետք է գիտակցնենք, որ կա Աստված, եւ որոշ հարցերի պատասխանները մենք,  իրականում, չենք կարող տալ: Բոլորս էլ հասկանում ենք, որ մենք գործ չունենք հաստատուն գիտության հետ. դա մաթեմատիկական գիտություն չէ: Պետք է ուղղակի հավատանք  մեր ուժերին եւ Աստծո գոյությանը: Ի դեպ, ունեմ նաեւ երրկորդ մասնագիտություն, ինձ դրսեւորել եմ նաեւ  իրավաբանության ոլորտում, սովորելուց հետո 4 տարի համատեղել եմ աշխատանքս բժշկության հետ, որն էլ իրականում ինձ շատ է օգնում ավելի լավ ճանաչել պացինետի հոգեբանությունը եւ ճշգրիտ մոտեցում ցույցաբերել յուրաքանչյուրին: Իրականում իմ առաքելությունը բժիշկ լինելն է, մարդուն հասկանալ եւ բուժելն է, երկու մասնագիտություն համատեղել հնարավոր չէ: Ես պետք է ուրախությամբ  նշեմ, որ  աշխատում եմ մի կլինկայում, որտեղ կան վերջին սերնդի լավագույն սարքավորումները: Նախկինում աշխատել եմ տարբեր սարքավորումներով. իմ աշխատանքային վերելիքը այդ սարքավորումների զարգացման հետ է ընթացել, իսկ այսօր կան բոլոր հնարավորությունները, որպեսզի բժիշկ-սոնոգրաֆիստը կարողանան ավելի վստահ իրեն զգալ սարքավորման մոտ, քան նախկինում՝ սահմանափակ հնարավորություններ ունեցող սարքավորումների ժամանակ: Մեծ նշանակություն ունի նաեւ մարդային ֆակտորը.  լավ մասնագետ լինելուց բացի պետք է լինել լավ մարդ, քանի որ բժիշկ լինելը  մասնագիտություն չէ, այլ՝ առաքելություն:

-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:

-Կցանկանամ, որ հասարակությունը լինի միշտ առողջ եւ ինքնաբավ, հասկանա, որ իր կյանքն իր ձեռքում է, սիրի իր եսը, լինի կամեցող: Իրականում շահում է նա, ով ավելի դիմացուն է ու կամեցող: Կցանկանամ  լինեն ավելի համբերատար, սիրեն իրենց եւ իրենց շրջապատող աշխարհը:

Իսկ որպես վերջաբան ասեմ, որ իրականում ոչ բոլորը կարող են բժիշկ դառնալ եւ երկար տարիներ կարողանալ մնալ այդ ասպարեզում եւ իրենց փառքն ու հարգանքը պահել բարձր դիրքերում: Մասնագիտությունը ապրելակերպ է, կենսակերպ և առաքելություն:

Իրականում ընթացքում լինում են հիաստաթափության պահեր, բայց չպետեք է ընկճվել եւ դոփել տեղում, լճանալ: Ով սիրում է իր մասնագիտությունը,  իրավունք չունի ընկվճվել: Նա պիտի շարունակի իր գործունեությունը,  հավատաիրմ մնալով իրեն եւ Հիպոկրատին տրված երդմանը:

     Ռենտգեն հետազոտությունն այսօր բժշկության մեջ անփոխարինելի է, եւ հիվանդություններից շատերը անհնար է ախտորոշել առանց այդ մեթոդի

Ռենտգեն հետազոտման համար անցյալում կիրառվող սարքավորումն իսկապես դժվար էր անվտանգ համարել. այն  մարդուն ճառագայթման մեծ չափաքանակի էր ենթարկում եւ կարող էր  առողջությանը վնաս պատճառել: Այդ ժամանակ  անհայտ ճառագայթների  մասին գիտությանը քիչ բան էր հայտնի, հետեւաբար մասնագետները ռենտգենյան ճառագայթներն անվանում էին X ճառագայթներ: Մինչդեռ այսօր շատ բան է փոխվել, եւ ռենտգեն հետազոտության համար արդեն ժամանակակից սարքավորումներ  են օգտագործում, որի շնորհիվ հիվանդը նվազագույն ճառագայթում է ստանում, եւ որը մի քանի անգամ կիրառելու, հետազոտվելու դեպքում չի կարող օրգանիզմի վրա բացասական ազդեցություն ունենալ: Չնայած այնպիսի նոր եւ առաջադեմ տեխնոլոգիաների ի հայտ գալուն, ինչպիսիք են համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ)՝ հետազոտության ռենտգենաբանական մեթոդները շարունակում են մնալ առաջատարը բազմաթիվ հիվանդությունների ախտորոշման գործընթացում՝ պայմանավորված այս մեթոդների իրականացման պարզությամբ եւ արագությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ հիվանդներին հատուկ նախապատրաստում չի պահանջվում: Հիվանդների համար  կարեւոր է նաև  տվյալ  մեթոդի բարձր որակն ու ցածր գինը:

    Օրգանների ռենտգենաբանական հետազոտությունը թույլ է տալիս պարզել նրանց ձեւը, դիրքը, տոնուսը, կծկողականությունը, լորձաթաղանթի ռելիեֆի վիճակը: Ստամոքսաղիքային ուղու ռենտգեն հետազոտությունն իրականացվում է բորբոքային, խոցային ախտահարումների, պոլիպների, դիվերտիկուլների, աղիքային անանցանելիության եւ ուռուցքների ախտորոշման նպատակով. լեղուղիների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է վերջիններիս ուրվագծերի, չափերի, ներ եւ արտալյարդային լեղածորանների լուսանցքի գնահատման, կոնկրեմենտների առկայությունը հաստատելու կամ ժխտելու նպատակով կրծքավանդակի ռենտգենագրաֆիան թույլ է տալիս ախտորոշել կրծքավանդակում տեղակայված օրգանների վարակային, ուռուցքային եւ այլ հիվանդությունները ողնաշարի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվում են դեգեներատիվ-դիստրոֆիկ (օստեոխոնդրոզ, սպոնդիլոզ, ողնաշարի ծռվածություն), բորբոքային եւ ուռուցքային հիվանդություններ հենաշարժիչ համակարգի տարբեր հատվածների ռենտգեն հետազոտությունն իրականացվում է ոսկրերի եւ հոդերի տարբեր վնասվածքային (կոտրվածքներ, հոդախախտեր), վարակային, համակարգային ախտահարումների եւ ուռուցքային փոփոխությունների հայտնաբերման նպատակով արգանդի խոռոչի եւ ֆալոպյան խողովակների անցանելիության կոնտրաստային ռենտգեն հետազոտություն՝ հիստերոգրաֆիա կրծքագեղձերի ռենտգեն հետազոտություն՝ մամոգրաֆիա:     

  Ռենտգեն հետազոտության համար հիվանդների հատուկ նախապատրաստում հիմնականում չի պահանջվում, բացառությամբ մարսողական օրգանների և միզասեռական օրգանների հետազոտութությունների ժմանակ:

    Ռենտգենաբանական հետազոտությունները չափազանց պահանջված են օրթոպեդիայում: Այն իրենից ներկայացնում է արագ, հասանելի, հեշտ եւ մատչելի մեթոդ, որը շատ դեպքերում թույլ է տալիս անմիջապես ախտորոշել եւ բուժում նշանակել:

    Օրթոպեդիայում ռենտգեն հետազոտությունը կիրառվում է ոսկրահոդային համակարգի ամբողջականության գնահատման նպատակով: Բացի սովորական հետազոտությունից, ներկայումս կիրառվում են այնպիսի մեթոդներ, որոնք թույլ են տալիս գնահատել ոսկրերի եռաչափ կառուցվածքը: Դա հատկապես արդիական է անհետաձգելի վիրաբուժության ոլորտում, քանի որ մեթոդը թույլ է տալիս հստակ որոշել կոտրվածքի գիծը:

    Բաժանմունքի թվային ռենտգենաբանական սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ թվային պատկերներ, ինչը զգալիորեն կրճատում է արդյունքին սպասելու ժամանակը, նվազեցնում՝ ճառագայթման ազդեցությունը, իսկ պատկերները ստացվում են առավել բարձրորակ:

     Մասնագետի խոսքով ռենտգեն հետազոտությունն այսօր բժշկության մեջ անփոխարինելի է, եւ հիվանդություններից շատերն անհնար է ախտորոշել առանց այդ մեթոդի, ուստի սխալ է «ռենտգենից խուսափելը». որոշ դեպքերում այն ուղղակի անհրաժեշտ է:  Ի դեպ, ռենտգենյան ճառագայթները նաեւ կիրառվում են օստեոպորոզի եւ ոսկրերի այլ խնդիրների հայտնաբերման դեպքում: Իհարկե չարժե առանց պատճառի ռենտգեն հետազոտություն անցնել, սակայն եթե այդ հետազոտության ցուցումները կան, չարժե նաեւ դրանից խուսափել, հատկապես եթե այն կատարվում է նորագույն սերնդի  սարքավորմամբ: Այս բոլոր հետազոտությունները հիվանդների համար առավելագույնս անվտանգ են եւ օգնում են մեծ թվով հիվանդություններ ախտորոշել, ինչը պարզապես անհնար կլիներ առանց ռենտգեն-տեխնոլոգիաների: Ռենտգեն հետազոտությունն այսօր էլ մնում է որպես կարեւոր ախտորոշիչ միջոց հատկապես վնասվածքների եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում: Ռենտգեն հետազոտությունը (ռադիոգրաֆիա) օգտագործում է ռենտգենյան ճառագայթումը, որի միջոցով արտածվում է ներքին օրգանների պատկերները: Մարմնի տարբեր կառուցվածքները (օրինակ՝ ոսկրերը եւ փափուկ հյուսվածքները) ռենտգենյան ճառագայթները կլանում են տարբեր չափով, որն էլ թույլ է տալիս ստանալ ախտորոշման համար պիտանի պատկերներ: Այսօր  շատերը  խուսափում են ռենտգեն հետազոտությունից՝ մտահոգվելով, որ ստացած ճառագայթումը կարող է իրենց առողջությանը վնաս պատճառել: Որքանո՞վ է այդ վախն արդարացված: Արժե՞ իսկապես վախենալ ռենտգեն ճառագայթներից: http://bestgroup.am/ կայքի   զրույցը ծավալվեց Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի անդամ, Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի, ինչպես նաեւ  Նորմեդ  բժշկական կենտրոնի  բժիշկ-ռադիոլոգ ԼԻԼԻԹ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ: Նրա խոսքերով. «Չնայած օր օրի զարգացող բժշկությանը եւ արդի մեթոդների կիրառելիությանը՝ այսօր ռենտգեն  հետազոտությունը, միեւնույն է, մնում է բավականին մատչելի, հասանելի եւ բազային հետազոտություն: Ռենտգեն ախտորոշման պատմությունը մեկ դարից ավելի պատմություն ունի: Անվանումը ստացել է մեթոդը հայտնաբերած  հեղինակի անունից: Մեթոդը, որը 1895 թվականին հայտնագործեց գերմանացի ականավոր ֆիզիկոս Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը, կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթումն էր։ Ռենտգենյան ճառագայթների հայտնագործումը հսկայական նշանակություն ունեցավ ֆիզիկայի հետագա զարգացման վրա, մասնավորապես հանգեցրեց ռադիոակտիվության հայտնագործմանը։ Վիլհելմ Ռենտգենի առաջին «բժշկական» ռենտգենը իր կնոջ ձեռքի ռենտգենն էր 1895թ.-ին։ Ֆիզիկայի գծով առաջին Նոբելյան մրցանակը շնորհվել է Ռենտգենին (1901թ.)։ Ռենտգենն օժանդակում էր իր հայտնագործությունը բժշկության ոլորտում գործնականորեն կիրառելու արագ տարածմանը։ Ռենտգենյան ճառագայթներ ստանալու համար նրա սարքած առաջին ռենտգենյան խողովակի կառուցվածքի հիմնական գծերը պահպանվել են մինչեւ այժմ: Ռենտգեն հետազոտությունը հետագայում բժշկության  մեջ շատ արագ զարգացավ, կիրառվեցին տարատեսակ մեթոդներ: Այն դժվարամատչելի հետազոտություն չէ, մեծամասամբ նախապես հիվանդին պետք չէ պատրաստել :

     Ռենտգեն հետազոտությունը մեծ դեր է խաղում վնասվածքաբանության մեջ, քանի որ որոշ շտապ դեպքերում, օրինակ՝ կոտրվածքների ժամանակ, այն համարվում է առաջնահերթ հետազոտություն: Հետազոտություն, որը  կիրառելի է նաեւ կրծքավանդակի օրգանների, ոսկրային եւ հենաշարժական համակարգի խնդիրների դեպքում: Ռենտգենը ախտորոշման ստանդարտ մեթոդ կարող է համարվել նաեւ ողնաշարային հիվանդությունների ախտորոշման դեպքում, եթե ինչ-ինչ պատճառներով հետազոտության եւ բուժման մեջ արդյունք չենք տեսնում, ապա ուղղորդում ենք հերթական հետազոտության: Ռենտգեն հետազոտությունը իրականացվում է նաեւ կանանց ներքին օրգանների վիճակի ախտորոշման, փողերի եւ արգանդի խոռոչի կոնտրաստային հետազոտության դեպքում: Ի դեպ, կցանկանայի նշել, որ այդ դեպքում հակացուցում կարող է հանդիսանալ միայն կոնտրաստային նյութի կիրառելիությունը (որն իր մեջ պարունակում է յոդ) եւ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Այս դեպքում հիվանդին պետք է  միայն զգուշացնել, որ մինչ հետազոտությունը դատարկ ստամոքսով գա: Մենք հիվանդին տալիս ենք բարիսուլֆատ, որն ամբողջությամբ օրգանիզմից դուրս է գալիս աղեստամոքսային տրակտով և օրգանիզմում չի ներծծվում: Պետք է նշեմ, որ ճիշտ է սկսել էտապային հետազոտություններով, այսինքն՝ ռենտգեն հետազոտությունից սկսելու անհրաժեշտության դեպքում, երբ ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կողմնորոշվել ախտորոշման մեջ, եզրակացություն դնել կամ հետազոտության դինամիկայում դրական արդյունք չեն ստանում, ապա, բնականաբար, հաջորդ փուլերում հիվանդին ուղղորդում ենք՝ հետագա հետազոտություններն անցնելու: Երբ կատարվում է միզուղիների կոնտրաստային հետազոտություն՝ հատուկ կոնտրաստային նյութով, որը իրականում յոդ է պարունակում,  պարտադիր հետազոտությունից առաջ հիվանդին խորհուրդ ենք տալիս հանձնել կրեատինինի անալիզ, այսինքն՝ եթե դրա թիվը բարձր լինի, դա առաջին  հակացուցումը կարող ենք համարել, որպեսզի այդ հետազոտությունը չիրականացվի: Պետք է հետազոտությունը իրակացնել կրեատինինը նորմայի սահմաններ հասցնելուց հետո միայն: Հակացուցումների մեջ կարող ենք նշել նաեւ հղիությունը, չնայած լինում են նաեւ անհապաղ դեպքեր, երբ պետք է ախտորոշել հղիության ընթացքում առկա՞  է թոքաբորբը, թե ոչ, ինչպես նաեւ փոքր տարիքը, որի դեպքում կիրառվում է պաշտպանիչ արճիճ պարունակող հատուկ «գոգնոցներ», որպեսզի ճառագայթում չլինի և մյուս հատվածները պաշպանի: Ավելին ասեմ.  հիվանդը  ինքնուրույն որոշում չպետք է կայացնի եւ գնա ռենտգեն հետազոտության: Ռենտգեն հետազոտությունը ցանկալի է կատարել ստանդարտ երկու դիրքերով. գոյություն ունի միջազգային ստանդարտ, երբեմն կարող է լինել նաեւ հավելյալ երրորդ դիրքի հետազոտման պահանջ, բայց ամեն դեպքում ոսկե ստանդարտ է համարվում  երկկողմ հետազոտությունը:  Կցանկանամ  նաեւ նշել, որ ռենտգեն հետազոտությունը կատարվում է երկու մեթոդով: Նախկինում ավելի հաճախ կատարվում էին ռենտգեն ժապավենով, երբ ռենտգեն ճառագայթները, անցնելով մարդու օրգանիզմի միջով, ֆիքսած պատկերը արտացոլում էին ժապավենի վրա:  Այսօր արդի զարգացվածությանը համընթաց թվային հետազոտությունները  արդիականացված են: Դա թույլ է տալիս քիչ դոզավորմամբ ճառագայթային բեռնվածությունը մինիմալի հասցնել, ինչը չի խանգարում ստանալ հետազոտության բավականին որակյալ պատկեր: Այն հնարավարություն է ստեղծվում ստացված պատկերը չափագրել  միլիմետրերի ճշգրտությամբ: Գործածելով խոշորացույց ֆունկցիան,  պոզիտիվ և  նեգատիվ ռեժիմների փոփոխությամբ: Ստացված պատկերը տրամդրում ենք նայև սկավառակով: Թվային մեթոդով ստացված պատկերները  ժամանակի ընթացքում չեն որակազրկվում ի տարբերություն ռենտգեն ժապավենների:  Մենք ունենք բավականին մեծ արխիվ, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կարողանում ենք  համեմատել  նոր հետազոտությունը հին հետազոտության հետ: Կարծիք կա հասարակության մեջ, որ ռենտգեն ճառագայթները վնասակար են առողջության համար: Համամիտ եմ, որ վնասակար են, բայց եթե դա չափի մեջ է  և տարեկան կտրվածքով չափաբաժինը չեն անցնում: Դա հնարավորություն է տալիս բուժումից հետո հիվանդին կանչել դինամիկ ստուգման եւ  իրականացնել հիվանդի դինամիկ վերահսկողությունը: Կրծքավանդակի հետազոտությունների դեպքում, երբ արդեն ախտորոշվել է  թոքաբորբ, բնական է, որ բուժող բժիշկը բուժում նշանակելուց և ավարտելուց հետո ցանկանում է   կրծքավանդակի կրկնակի դինամիկ հետազոտություն: Եթե կա դրական դինամիկա, հետագայում կրկնակի հետազոտման անհրաժեշտություն  էլ չի լինում:

    Ռենտգեն հետազոտման միջոցով ախտորոշվում է նայև օստեոպորոզը: Չնայած բազային առաջնահերթ հետազոտություն համարվում է դենսիտոմետրիան՝  երբեմն ոսկրային խտությունը նվազում է 25-30 տոկոսով, եւ դա հիմք է հանդիսանում  հիվանդության առկայության հիմնավորմանը, որն ի հայտ է գալիս հիմնականում 55-60 տարեկանի շեմը հատած կանանց մոտ:

   Ես, լինելով ռադիոլոգների ասոցիացիայի անդամ, ուրախությամբ եմ նշում, որ մեր ասոցիացիան բազմաթիվ ծավալուն աշխատանքներ է կատարում: Հատկանշական  է, որ անգամ չենք կարող համեմատել 10-15 տարի առաջվա հետ: Մեր ասոցացիայի նախագահ Կոստյա Ղալումյանը բավականին մեծ աշխատանքներ է տանում, ինչի  շնորհիվ էլ մեծ արդյունքների ենք հասել մեր բնագավառում: Կատարվում է նաեւ փորձի փոխանակում: Նշեմ, որ մայիսի 24-25-ը Դիլիջան քաղաքում կայացավ «Ռադիոգրաֆիա-2019» -ը, որտեղ արտերկրից բազմաթիվ հյուրեր էին հրավիրված, իսկ հունիսի 15-ին Մատենադարանում կկայանա ռադիոլոգների կոնգրեսը, որտեղ հրավիրված է աշխարհահռչակ հայազգի գյուտարար Ռեյմոնդ Վահան Դամադյանը, ով հայտնագործել է մագնիսական  ռեզոնանսային պատկերի ախտորոշման սարքը: Ցանկանում եմ նաև առանձնացնել կլինիկական օրդինատուրայի իմ ուսուցչին՝ Մագդա Սահակի Բերբերյանին, հրաշալի մասնագետ և մանկավարժ, ով կրթել է ռենտգենոլոգների տասնյակ սերունդներ, ով դեռ կյանքի տարիներին դարձավ կենդանի լեգենդ,  ով մեծ ներդրում ունեցավ  իմ նեղ մասնագիտության ընտրության հարցում:

   Իսկ որպես վերջաբան խորհուրդ կտամ մեր ազգաբնակչությանը, գոնե տարին մեկ անգամ, որպես սկրինինգային հետազոտություն անցնեն կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն՝ անկախ գանգատների առկայությունից, որպեսզի հետագայում չբախվեն բարդացած իրավիճակների:Մեր հասարակությանը մաղթում եմ ամուր առողջություն, հետեւողականություն եւ պատասխանատվություն  սեփական առողջության նկատմամբ: Ցանկացած հիվանդություն արդյունավետ բուժելու կարևորագույն նախապայմանը  առավելագույն ճշգրիտ ախտորոշումն է:

 

Ալերգիան  դատավճիռ չէ, ալերգիան ունի բուժում

    Մշտապես կարող ենք լսել «Առո՛ղջ եղեք» արտահայտությունը: Այս բառերը հաճախ լսում են այն մարդիկ, որոնք տառապում են ալերգիայով: Ալերգիան  արտահայտվում է փռշտոցով, քթահոսությամբ, կոկորդի, քթի, ականջների քորով, նաև աչքերի արյունալեցմամբ, արցունքահոսությամբ: Ախտանիշները կարող են լինել այնքան նյարդայնացնող եւ հոգնեցուցիչ, որ մարդը դժվարանում է ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, ուստի կյանքի որակը վատթարանում է: Վերջին տարիներին, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, շատացել են սեզոնային ալերգիկ հիվանդությունները, որոնք հիմնականում առաջանում են` պայմանավորված ծառերը ծաղկելու, փոշոտմը սկսելու հետ: Փորձը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ալերգիկ հիվանդություններով հիվանդների դիմելիությունն ավելացել է: Դա առաջին  հերթին  կապված է այն հանգամանքով, որ բնակչությունն ավելի իրազեկ է դարձել, երկրորդը` այսօր բժիշկների համար ախտորոշումն ավելի հեշտ է: Անդրադառնալով պատճառներին` մասնագետները նշում են, որ խնդիրն այդքան էլ դյուրին չէ, քանի որ  հաշվի է առնվում շրջակա միջավայրի անընդհատ փոփոխությունը, արդյունաբերության զարգացումը, ինչն էլ հանգեցնում է  ալերգենների շատացմանը: Կան աշխատանքի մի շարք ոլորտներ, որտեղ աշխատող մարդկանց  շրջանում ալերգիաների առաջացման հավանականությունը մեծ է. մասնավորապես քիմիական արդյունաբերությունում աշխատողները, ինչպես նաև խոհարարները, վարսահարդարները: Կա նաև ժառանգականության գործոնը: Ալերգիկ նախանշանների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս անպայման դիմել բժշկի, իսկ հստակ ախտորոշման դեպքում իրականացնել համապատասխան բուժում: Խորհուրդ է տրվում հնարավորինս խուսափել ալերգիկ երևույթների  հետ շփումից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք ալերգիայից մեկընդմիշտ հնարավոր է ազատվել, ապա մասնագետները նկատում են, որ շատ դեպքերում, այո՛, բուժվում է:  Ալերգիայի դրսևորումները տարատեսակ են՝ կախված նրանից, թե ալերգիկ ռեակցիան մարդու որ օրգանին է առավել առնչվում (երբեմն ալերգիկ ռեակցիաները կարող են համակցվել): Ալերգիայի դրսեւորումները կարող են լրջորեն խանգարել առօրյայում: Ուստի կարևոր է ալերգիայի կասկածների առաջացման ժամանակ ճիշտ գնահատել շրջակա միջավայրը, հնարավոր ալերգիաները կամ գրգռիչները, ախտանիշների առաջացման ժամանակը և դրանց տևողականությունը, ինչպես նաև դրանց ազդեցությունը կյանքի որակի վրա: Ալերգիայի բուժման ամենաարդյունավետ տարբերակը կանխարգելումն է:

http://bestgroup.am/ կայքի   զրուցակիցն է Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի կլինիկական իմունոլոգիայի եւ ալերգոլոգիայի կլինիկայի իմունոլոգ-ալերգոլոգ, բ.գ.թ., Երեւանի Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, տասնյակից ավել գիտական հոդվածների եւ թեզիսների, ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ, ալերգիկ հիվանդությունների վարման  կլինիկական ուղեցույցների  եւ  գործելակերպերի մշակման աշխատաքային խմբի անդամ ՍՈՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հետ մեր զրույցը ծավալվեց ալերգոլոգիայի եւ իմունոլոգիայի ոլորտի շուրջ:

Տիկի՛ն Հարությունյան, ինչի՞ հետ են կապված ալերգիկ հիվանդությունների ակտիվությունը մեր օրերում:

Ալերգիկ հիվանդությունները գրանցում են սրընթաց աճ ամբողջ աշխարհում, զարգացած և զարգացող երկրներում՝ յուրաքանչյուրին բնորոշ պատճառով:  Ըստ միջազգային վիճակագրության՝ այսօր շատ քիչ են հիվանդները, որոնք ունեն ալերգիայի միայն մեկ ալերգեն: Հիվանդների մեծ մասը պոլիսենսիբիլիզացված է՝ ունի ալերգիա միաժամանակ մի քանի ալերգեններից:  Ալերգոլոգիական  պաթոլոգիաների հիվանդացության աճը կարող է պայմանավորված լինել   նորանոր դեղերի և մեծ քանակությամբ դեղորայքի օգտագործմամբ, նաև ոչ օրգանակ սննդի տարածմամբ և օգտագործմամբ, ինչը հագեցած է կոնսերվանտներով, ներկանյութերով և այլն: Պատճառներից է  նաև բնության մեջ հիբրիդային տեսակների ծառ ու ծաղկի գոյացումամբ, որոնցով  մենք սիրում ենք զարդարել մեր միջավայրը. մի խոսքով՝ պատճառները շատ են: Հատուկ կուզեի կանգ առնել քրոնիկական սթրեսի վրա, ինչը վերջին ժամանակներում բժշկագիտության ուսումնասիրման կենտրոնում է, որը առաջացնում է իմուն  համակարգի տարատեսակ շեղումներ, իսկ ալերգիան ինքին իմուն պատասխանի դրսևորումներից մեկն է: Իրականում տարբերում ենք ալերգիկ հիվանդությունների տարատեսակ  խմբեր՝ պայմանավորված տարբեր  էթիոպաթոգենետիկ մեխանիզմներով: Ըստ ախտահարվող թիրախ հյուսվածքների, օրգանների և  դրսևորումների՝ տարանջատվում են ալերգիայի ռեսպիրատոր  ձևերը, մաշկային ձևերը, ավելի համակարգային ձևերը (միաժամանակ մի քանի), երբեմն նաև գրեթե բոլոր կենսական կարևորագույն օրգան –համակարգերի ախտահարումով:

Բժշկուհի՛, խոսենք սեզոնային բնույթ կրող ալերգիաների մասին:

Գարնան  ծաղկունքին զուգահեռ բնությունը հարստանում է ծառ ու ծաղկի, խոտերի ծաղկափոշով, որոշ սնկերի սպորներով, ինչը դառնում է պատճառ ալերգիկ ախտահարումների, մասնավորապես, սեզոնային ալերգիկ ռինիտի, ալերգիկ կոնյունկտիվիտի զարգացմանը: Նույն ժամանակաշրջանում ակտիվանում են ֆոտոդերմատոզները՝ պայմանավորված արևի ճառագայթների ուլտրամանուշակագույն ալիքներով: Վերջինս ժողովրդի մեջ հաճախ անվանվում է <<արևային ալերգիա>>: Պետք է նշել նաև ցուրտ եղանակին՝ ձմռանը, բնորոշ ցրտային ալերգիաները: Որոշակի անամնեզ ունեցող հիվանդները սեզոնին ընդառաջ սերտ կապի մեջ են լինում իրենց բժիշկների հետ, նախընտրում են կանխարգելիչ միջոցառումներ:

- Բժշկուհի՛, ի՞նչ մասնագիտական ուղի եք անցել, ինչպե՞ս կբնութագրեք այն:

Հեռավոր 1994 թվականին գերազանցությամբ ավարտելով  Երեւանի պետական բժշկական ինստիտուտը՝ ընդունվել եմ ասպիրանտուրա նույն ինստիտուտի կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնում: Ասպիրանտուրայի ավարտին, պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն, ստացել եմ  բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, անցել աշխատանքի նույն ամբիոնում՝ որպես ասիստենտ, ապա ՝ դոցենտ, և աշխատում եմ մինչ օրս:  Միևնույն ժամանակ ծավալել եմ կլինիկական գործունեություն կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկայում՝ <<Հերացի>> թիվ 1 համալսարանական  հիվանդանոցում:  Դասավանդում եմ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրացի ուսանողներին  ԱՊՀ երկրներից և տարբեր աշխարհամասերից: Աշխատանքիս երկու մասն էլ սիրում եմ. դրանք իրար հետ սերտաճած են: Շատ եմ սիրում ուսանողներիս, մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց, քանի որ ներկայիս ուսանողությունը մեծ ներուժով և  եռանդով գնում է դեպի արդիական բժշկագիտություն, գիտակ է և բանիմաց: Վստահ եմ՝ բացի նրանց սովորեցնելուց նաև շատ բան եմ սովորում նրանցից: Շատ կուզեի, որ բացի ալերգոլոգիայից մենք Հայաստանում զարգացնեինք նաև կլինիկական իմունոլոգիայի այլ ճյուղեր, մասնավորապես լավ հիմքերի վրա  դնենք իմունային անբավարարությունների, աուտոիմուն ախտահարումների ախտորոշումն ու բուժումը, ինչի կարիքը մեր հասարակությունը շատ ունի:

Ընդունված ավանդույթ է երեխաները ընտրում են ծնողների ուղին: Ձեր դուստրը նույնպես այդ ավանդույթի կրո՞ղն է։

Դուստրս որոշեց շարունակել  իր ծնողների  ուղին՝ մեծ սիրով ընտրելով բժիշկի մասնագիտությունը: Նա գիտակցում է դժվարությունները:  Այժմ  Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի 4-րդ կուրսի ուսանող է: Իհարկե դեռ նեղ մասնագիտական կողմնորոշում չունի, չեմ կարող ասել, ի վերջո, կընտրի մայրիկի՞, թե՞ հայրիկի  մասնագիտությունը, սակայն, կարծում եմ,  գործին մեծ նվիրում և պատասխանատվություն պահանջող մասնագիտությունը չի խանգարի նրան  անձնական կյանքում:

- Իսկ որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր արդեն բախվել են ալերգիկ բնույթի խնդիրների հետ:

Հակառակ տարածված կարծիքի՝ ասեմ, որ ալերգիան  բուժում ունի:  Մենք տիրապետում ենք  բուժման  բավականին արդյունավետ և արդի մեթոդների, որոնք լայն կիրառելիություն ունեն: Մեր երկրում ևս մեծ հնարավորություն ունենք ստանալ բուժման բարձր արդյունավետություն: Հիվանդը չպետք է ընդունի իր ալերգոլոգիական ախտորոշումը որպես դատավճիռ: Սա  մի իրավիճակ է, որի դեպքում կան  ելքեր, եւ, ամենագլխավորը,  ինքնաբուժությամբ չզբաղվել: Ես վստահաբար  կարող եմ ասել, որ մենք այսօր ունենք մասնագիտական ներուժ, որ յուրաքանչյուր հիվանդի համար ապահովենք ախտորոշում և բուժում՝ ամենաօպտիմալ տարբերակով:

Ալերգիայից վախենալ պետք չէ, պետք է իմանալ, որ  լուծումը կա: Այս ոլորտում կարևորում եմ նաև պացիենտների կրթական ցենզի բարձրացումը, ալերգոլոգիական դպրոցների առկայությունը հիվանդների կրթման համար, օրինակ՝  ասթմա-դպրոցների գործունեությունը: Այս ամենը օգնում է հիվանդներին հաղթահարել հիվանդությունը, իհարկե, բժիշկ-ալերգոլոգի օգնությամբ և օժանդակությամբ: 

Եղե՛ք առողջ և լավատես:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր