Print this page
ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ

(0 votes)

Մարդկության գլուխգործոցը կինն է, նա եղել է, կա ու պետք է լինի մարդկային էության ավանդույթը կրողը, հիմքը ու շարունակողը: Ուստի ցանկացած կին պետք է կյանքում գոնե մեկ անգամ զգա մայրության բերկրանքը, եթե, իհարկե, նա բնությամբ մայր է, ոչ թե ուղղակի երեխա է ունենում, որպեսզի ուրիշները պահեն: Մայր լինելն անձնազոհություն է:

http://bestgroup.am/ զրուցակիցն է  մանկաբարձ-գինեկոլոգ, Արտամարմնային բեղմնավորման հայ-իսրայելական կենտրոնի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ: Նա բավականին հմայիչ կին է եւ հաճելի զրուցակից, մարդ, ով ունի մասնագիտական բարձր որակներ, առաջնորդվում է ազնիվ լինելու սկզբունքով ու վայելում հիվանդների վստահությունը։

-Բժշկուհի, ի՞նչ է արտամարմնային բեղմնավորումը դոնորական ձվաբջիջներով:

-Երբ ամուսնական զույգը բախվում է անպտղության խնդրին, ենթարկվում է մեծ սթրեսի եւ հիասթափության: Ամուսիններն ստիպված են լինում անցնել շատ փորձությունների եւ հետազոտությունների միջով, որոնք երբեմն տեւում են տարիներ: Շատ հաճախ հղիանալու փորձերը անհաջող են լինում, կինը վատնում է տարիները, առողջությունը, ձվարանային պաշարը եւ, իհարկե, ֆինանսները: Պատահում է նաեւ, որ ամուսնական զույգի սեփական ձվաբջջով կամ սերմով նույնիսկ անհնար է լինում հղիանալ, կրել եւ ունենալ առողջ երեխա նույնիսկ արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) մեթոդով: Եվ միակ ելքը մնում է դոնորական ձվաբջջի կամ սերմի օգտագործումը։ Ընտանեկան զույգերի համար նման որոշում կայացնելը հեշտ չէ։ Հաճախ պացիենտները պրոֆեսիոնալ հոգեբանի օգնություն կարիք են ունենում: Եվ, երբ այդ որոշումը կայացված է լինում, վերջնական արդյունքին հասնելու դեպքում նրանք լինում են անհամեմատ երջանիկ, եւ անպտղության դեմ պայքարի վրա ծախսված բոլոր տարիները հատուցվում են երկար սպասված սիրելի երեխայով։

-Ովքե՞ր կարող են լինել սեռական բջիջների դոնորներ:

-Սեռական բջիջների դոնոր լինելու իրավունք ունեն 18-ից 35 տարեկան, ֆիզիկապես եւ հոգեպես առողջ այն քաղաքացիները, որոնք անցել են բժշկաժառանգաբանական հետազոտություն: Դոնորությունը կարող է լինել անանուն (անոնիմ), որի ժամանակ դոնորի անձնական տվյալները անհայտ են ռեցիպիենտին (ստացողին, ընդունողին), կամ ոչ անանուն:  Վարակային եւ ժառանգական հիվանդությունների հայտնաբերման նպատակով անպտուղ զույգի կողմից ընտրված ձվաբջջի դոնորը ենթարկվում է մանրազնին եւ բազմակողմանի հետազոտության: Անպտուղ (չբեր) կինը՝ ռեցիպիենտը, ընդունում է դեղամիջոցներ, որոնք արգանդի լորձաթաղանթը նախապատրաստում են սաղմի ընդունմանը: Հասուն դոնորական ձվաբջիջը դուրս է բերվում դոնոր կնոջ ձվարանից եւ լաբորատոր պայմաններում բեղմնավորվում անպտուղ կնոջ ամուսնու սերմնաբջիջներով՝ ԻՔՍ-ի տարբերակով: 3-5 օրվա ընթացքում սաղմերը զարգանում են փորձանոթում, որից հետո դրանք տեղադրվում են անպտուղ կնոջ արգանդի խոռոչում: Ռեցիպիենտի եւ դոնորի ցիկլերը համապատասխանեցվում են, կամ կատարվում է սաղմերի սառեցում, եւ հետագայում կինն անցնում է էնդոմետրիումի նախապատրաստում հորմոնալ պրեպարատների միջոցով` պատրաստի սաղմն ընդունելու համար: Դոնորը պետք է ունենա առնվազն մեկ սեփական առողջ երեխա, չունենա ֆենոտիպային ցայտուն առանձնահատկություններ, սուպերօվուլյացիայի (գերձվազատում) խթանելու եւ ֆոլիկուլների պունկցիայի հակացուցումներ:

-Ի՞նչ  ցուցումներ կարող են լինել դոնորի ձվաբջիջների օգտագործման համար։

- Ծնվելիս աղջիկներն արդեն ունենում են որոշակի քանակությամբ ձվաբջիջ մոտ1 500 000 է, եւ կյանքի ընթացքում դրանց թիվը ոչ թե ավելանում, այլ նվազում է, իսկ ռեպրոդուկտիվ շրջանում մնում է միայն 450-500 ձվաբջիջ: Այսպիսով, ձվաբջիջների ամենամեծ քանակը, ինչպես նաեւ դրանց լավագույն որակը լինում է 20-35 տարեկանում: 40 տարեկանից հետո այդ ցուցանիշներն անկում են ապրում, ձվաբջիջները լինում են անորակ ու հաճախ ունենում են ժառանգական շեղումներ:

-Դոնորական ձվաբջիջը ե՞րբ է կիրառվում:

-Դոնորական ձվաբջիջը կիրառվում է՝

Եթե կնոջ երկու ձվարանները հեռացված են առողջական պատճառներով:

Եթե սեփական ձվաբջիջները անորակ են եւ չեն կարող օգտագործվել բեղմնավորման գործընթացում: 

Խթանմանը ձվարանների զգայունության բացակայության դեպքում (դիմացկուն ձվարանների համախտանիշ) կամ դրանց խթանման հակացուցումները:

Եթե կինը ժառանգական կամ ձեռքբերովի հիվանդության կրող է, որը, մեծ հավանականությամբ, կարող է փոխանցված լինել երեխային:

 Եթե հիվանդը ուռուցքաբանական հիվանդության դեմ ստացել է քիմիաթերապիա կամ ռադիոթերապիա:

Եթե կնոջ ձվաբջիջներով արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) մի քանի փորձերը չեն հանգեցրել առողջ երեխայի ծննդի:

-Դոնորական ձվաբջիջների կամ սերմի օգտագործումը հղիության 100 տոկոս երաշխի՞ք է:

-Չնայած ԱՄԲ ոլորտում գոյություն ունեցող բուժման ժամանակակից եւ բարձր տեխնոլոգիական մեթոդներին, 100 տոկոս երաշխիք, ցավոք, գոյություն չունի: Բայց լավ արդյունքների վիճակագրությունը կայուն աճում, այսօր սառեցրած դոնորոկան սաղմի տեղրմն արդյունավետությունը հասնում է 50-60 տոկոսի: Դրա համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ կլինիկա եւ փորձառու բժիշկներ: Ավելի մեծ տարիքային խմբի պացիենտների մեծամասնությունն ունի ուղեկցվող քրոնիկական հիվանդություններ, որոնք կարող են բացասաբար ազդել երեխա կրելու ունակության վրա: Բայց բուժմանը ճիշտ մոտեցում ցուցաբերելու, բժշկի բոլոր ցուցումներին հետեւելու դեպքում դուք անպայման կարող եք հասնել ցանկալի արդյունքի:

-Որպես վերջաբան ի՞նչ խորհուրդ կտաք այն զույգերին, որոնց մոտ ախտորոշվել է անպտղություն:

- Պետք է անընդհատ ձգտել, չհուսահատվել, դիմել մասնագետի, վստահել նրան ու, ինչու ոչ, հավատալ հրաշքի: Ցանկանում եմ, որպեսզի յուրաքանչյուր կին առողջ լինի եւ վայելի մայրանալու բերկրանքը։

Image Gallery