Print this page
Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյան

Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյան

(0 votes)

Ցանկանում եմ, որ շատ առիթներ լինեն՝ միմյանց ասելու՝ «աչքդ լույս լինի». Լուսինե Համլետի Բեկիրսկա-Թամազյան

Նրան անվանում եմ «Հայաստանի աչքի լույս», «Լուսատու», «Լուսավոր», և իսկապես՝ նա մարդկանց աչքի լույս է պարգևում…

Լուսինե Բեկիրսկա-Թամազյան՝ անվանի ծնողների ոչ պակաս անվանի դուստր, Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի աչքի էքսիմեր-լազերային բաժանմունքի վարիչ, Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ակնաբույժ, միկրովիրաբույժ, սիրված և ճանաչված բժշկուհի, որն արդեն քանի՜ տարի, աշխատելով թե՛ մեծերի, թե՛ մանուկների հետ, վերադարձնում է նրանց տեսնելու աստվածատուր շնորհը: Պատահական չէ, որ նրա դռան մոտ ամեն օր հսկայական հերթեր են գոյանում, բժշկուհու մոտ հաջողությամբ վիրահատված մարդիկ այսօր արդեն իրենց երեխաներին են բերում, ինչպես նաև մտերիմներին ու ծանոթներին խորհուրդ տալիս դիմել հենց նրա՛ն:

Մենք նույնպես դիմեցինք բժշկուհուն, սակայն ոչ թե բուժվելու, այլ մեր ընթերցողների համար նրա՝ որպես հայ կնոջ, հայ մայրիկի կերպարը փոքրիշատե բացահայտելու նպատակով:

Եվ այսպես՝ Bestgroup.am-ի զրուցակիցն է Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը:

-Բժշկուհի, չէինք կարող առաջին հարցը չսկսել Ձեր ծնողներից, որովհետև Դուք ծնվել և մեծացել եք հայտնի բժիշկների ընտանիքում. որքանո՞վ է դա Ձեզ համար պարտավորեցնող:

-Հաճելի է, որ մեր հասարակությունը դա գնահատում է: Բազմաթիվ դրական արձագանքները հաշվի առնելով՝ որքան էլ փորձում ես քո գործում լինել հնարավորինս արհեստավարժ և բարեխիղճ, ամեն դեպքում՝ վերջնական գնահատականը տալիս է քո հիվանդը, և եթե կան մարդիկ, որոնք դա գնահատում են, տեսնում կամ որևէ կերպ արձագանքում, իհարկե, հատուկ շնորհակալություն նրանց:

Նշաձողը, որը ծնողներս են սահմանել, ինձ համար շատ պարտավորեցնող է, և կարող եմ ասել՝ շատ դեպքերում դու չգիտես՝ դա ինչքանով է քեզ օգնում ձգվելու, հասնելու նորանոր բարձունքների… Որոշ դեպքեր են լինում, որ դու, ուզենալով համապատասխանել և բարձր պահել քո ազգանունը, փորձում ես անել անհնարինը, և կարծում եմ՝ դա, իհարկե, դրական և ոգեշնչող պահն է այդ ամեն ինչում: Հետաքրքիր է, սակայն, որ իմ ծնողները, լինելով բժիշկներ, դեմ էին, որ ես նույնպես բժիշկ դառնամ:

Հայրիկս հայտնի գիտնական, պրոֆեսոր, ԱԺ պատգամավոր, վիրաբույժ Համլետ Թամազյանն է: Երկար տարիներ ղեկավարել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը, նոր շունչ ու ոգի է տվել այդ կլինիկային և բացել է բազմաթիվ նոր բաժիններ: Հայրիկիս բոլոր սաներն ամենուր բարձր են պահում նրա պատիվը, և նրանց բոլորին էլ շնորհակալություն, որ հիշում են, քանի որ հայրիկս լավ խոսք ուներ՝ պիտի հիշես, որ հիշվես, և, բացելով բազմաթիվ բաժիններ և դրանք անվանակոչելով հայտնի հայ բժիշկների անուններով, հավերժացրեց նրանց հիշատակը հաջորդ սերունդների համար:

Բացի անմիջապես իր հետ աշխատող բժիշկներից՝ նա ունեցել է և վիրաբույժների դպրոց: Հայրս ասում էր, որ վիրաբույժը պիտի կրթվի հիվանդանոցում, քնի այնտեղ, արթնանա, բոլոր վիրաբուժական միջամտություններին մասնակցի, որ դառնա վիրաբույժ:

Մայրիկս «Բեգլարյան» կենտրոնի կոնսերվատիվ բաժնի վարիչ, դոցենտ, վաստակավոր բժիշկ, գինեկոլոգ Անժելա Թամազյանն է: Շատ ավելի բարձր նշաձող էլ նա է սահմանել: Լինելով գինեկոլոգ-մանկաբարձ՝ մայրիկս միշտ ասում էր՝ մենք պատասխանատու ենք երկու կյանքի համար: Եվ եթե վիրաբույժի մոտ գալիս է հիվանդը, որը տկար է, ունի հիվանդություն և պիտի բուժվի, ապա գինեկոլոգ-մանկաբարձի մոտ գալիս է առողջ, ուրախ կինը՝ հույսով, որ պիտի երկուսով վերադառնա տուն: Դրա համար պատասխանատվությունը շատ մեծ է…

Ամեն դեպքում՝ ես դարձա ակնաբույժ, և շատ ուրախ եմ իմ ընտրության համար, որովհետև ակնաբուժության մեջ կա և՛ թերապիա, և՛ վիրաբուժություն, հատկապես աչքի էքսիմեր-լազերային վիրահատությունները, որոնք հիմնականում 18-55 տարեկաններին ենք անում, և նրանք վերագտնում են իրենց տեսողությունը, աչքի լույսը, և մենք իրենց հետ ուրախանում ու ոգեշնչվում ենք:

-Ի՞նչ խորհուրդ է տվել Ձեր հայրիկը, որին մինչ օրս հետևում եք:

Ինքը միշտ ասում էր՝ եղիր խիստ, բայց արդար. համենայն դեպս՝ փորձում եմ: Եվ ընդհանուր մեր բժշկական պոստուլատներից ես, իհարկե, մի քանիսն եմ ինձ համար վերցրել որպես նշանաբան, և դրանք բոլոր բժիշկներին են վերաբերում: Առաջինը՝ մի՛ վնասիր, եթե չես կարող օգնել, աշխատիր չվնասել: Երկրորդը՝ այրվում եմ՝ լուսավորելով. հայրիկս շատ էր ասում՝ այրվում եմ մոմի նման, այդպիսի խոսք կա, որ դու լույս ես տալիս, բայց ինքդ այրվում ես:

-Դուք առաջիններից էիք Հայաստանում, որ 2001-ին կիրառել եք կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկումը: Դժվա՞ր է որևէ հարցում առաջինը լինել:

-Ես դպրոցից սովորել եմ, որ պիտի լինեի գերազանցիկ, ավարտեի ոսկե մեդալով, կարմիր դիպլոմով՝ ինստիտուտը… Մի անգամ մայրիկս տուն եկավ և ինձ տեսավ հայելու դիմաց քայլելիս, ասաց՝ ի՞նչ է պատահել, այդ ի՞նչ ես անում, ասացի՝ ռազմագիտություն եմ պարապում. բոլոր դասերս վերջացրել էի, մնացել էր դա (ծիծաղում է.-խմբ.): Այնպես որ՝ գերազանցիկի սինդրոմն ինձ մի կողմից խանգարել է, մյուս կողմից՝ օգնել, որովհետև ես իրոք սովորել եմ… Միշտ վերցնում եմ պատասխանատվությունն ինձ վրա: Եվ աչքի էքսիմեր-լազերային վիրահատությունները երբ առաջին անգամ 2001-ին՝ 20 տարի առաջ,  սկսեցինք անել Հայաստանում, շատ մեծ պատասխանատվություն էր, քանի որ մենք կարող էինք կայացնել և կարող էինք տապալել այդ գործընթացը: Հայաստանը փոքր երկիր է, Ռուսաստան կամ Ամերիկա չէ, իսկ մենք բոլորս մեկս մյուսիս հարազատներն ենք, բարեկամները… Եթե որևէ բան հաջողվում է, շատ  լավ է, և եթե կան խնդիրներ, դա լավ չէ, և լավ չէ ոչ թե ինձ համար՝ անձնապես վատ զգալու առումով, այլ վատ է ընդհանուր գործի համար, որը կարող էր ունենալ շատ լավ ապագա, բայց դու քո ոչ պրոֆեսիոնալիզմով տապալեցիր, ձախողեցիր այն: Բայց ընդհակառակը, մենք կարողացել ենք կայացնել, և հիմա ես մեծ գոհունակությամբ եմ ընդունում հիվանդներին, որոնք արդեն իրենց երեխաներին են բերում վիրահատութան: Տարիներ առաջ իրենք են վիրահատվել, հետո այդ ընթացքում մենք իրենց հետևել ենք, զննել, բուժել, և հիմա նախկին պացիենտները բերում են իրենց երեխաներին: Ինձ համար դա շատ մեծ վստահության քվե է, որովհետև տարիների ընթացքում իրենք եկել-գնացել են, տեսել են իմ վիրահատած բոլոր հիվանդներին, զրուցել են… Դա մեր հայկական մենթալիտետն է, չէ՞, իմանան, զննեն, ամեն դեպքում՝ դա շատ գնահատելի է ինձ համար, նամանավանդ, երբ քո կոլեգաներն են վստահում իրենց և իրենց հարազատների տեսողությունը…

-Տեղյակ ենք, որ Դուք նաև առաջիններից եք, որ կերատոկոնուսի բուժման մեթոդն եք կիրառել Հայաստանում:

-Այո, 2009 թվականից, արդեն տասներկու տարի է՝ մենք առաջինն էինք, որ սկսեցինք կիրառել նախկինում չբուժվող կերատոկոնուս հիվանդության բուժման մեթոդը: Հիվանդությունը բնորոշ է հայերին, հրեաներին, հին ազգերին, այն ինչ-որ մուտացիայի ենթարկված գեն է, և, մեկից մյուսին փոխանցվելով, այդ հիվանդությունը փոխանցվում է: Մենք ամուսնանում ենք մեր ազգի ներսում, այլ ազգերի հետ չենք խաչասերվում, և այդ հիվանդությունը շատ դեպքերում փոխանցվում է և չի զտվում: Այն նախկինում համարվում էր անբուժելի:

2009 թվականից մենք բուժում ենք այդ հիվանդությունը՝ կատարելով վիրահատություն՝ քրոսլինքինգ, և ունենք շատ փայլուն տվյալներ: Քրոսլինքինգ անում ենք, որպեսզի կանգնեցնենք հիվանդությունը, որը շատ ավելի ագրեսիվ ընթացք է ունենում երիտասարդների մոտ, հղիների, դեռահասների… Որքան շուտ է ախտորոշվում և վիրահատվում, կանգնեցվում այդ պրոցեսը, այնքան տվյալներն ավելի լավն են լինում:  

-Խոսեցինք այն մասին, որ Ձեր պացիենտներն արդեն իրենց երեխաներին են բերում Ձեզ մոտ: Գիտենք, որ Դուք էլ երեխաներ ունեք, մեծ, հայկական ընտանիքի մայրիկ եք: Ինչպե՞ս եք համատեղում աշխատանքն ու ընտանեկան կյանքը:

-Երեխաներս արդեն բավականին մեծ են: Ավագ որդիս՝ Դավիթը, 33 տարեկան է, Էդգարը՝ միջնեկը՝ 30 տարեկան, և դուստրս՝ Միմին, 26 տարեկան: Նրանք մեծացան մեզ հետ, մեր աշխատանքի, իմ սովորելու ընթացքում ծնվեցին, ինձ հետ համարյա ավարտեցին ինստիտուտը… Իրենք չեն խանգարել, շատ դեպքերում օգնել են, բայց ես, թող ամպագոռգոռ չհնչի, փորձել եմ իրենց կյանքում ունենալ մաքսիմալ մասնակցություն: Մենք բաց չենք թողել ոչ մի բան. մասնակցել ենք բոլոր հասարակական միջոցառումներին, ես եղել եմ նաև դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ համարյա 17 տարի, իմ երեխաների հետ մասնակցել եմ բոլոր թատերական, երգչախմբային, պարային համերգներին, նրանք հեռուստատեսությունում ունեցել են իրենց ծրագրերն ու մասնակցությունը, և ես ու ամուսինս իրականում  տվել ենք իրենց երջանիկ ու կայացած մանկություն: Իրենք էլ մեզ սևերես չեն արել, դարձել են պարկեշտ և ազնիվ մարդիկ, և կարող եմ ասել, որ դրանով ես, որպես մայրիկ, և ամուսինս՝ որպես հայր, կատարել ենք մեր առաքելությունը և սովորեցրել ենք իրենց՝ ինչպես կուզեք, որ ձեզ վերաբերվեն, նույնպես և դուք վերաբերվեք ձեր կողքինին:

-Ձեր երեխաներից որևէ մեկը բժի՞շկ է:

-Երեխաներիս մեջ բժիշկ չկա, և ես շատ գոհ եմ, հիմա հասկանում եմ իմ ծնողներին՝ ինչու՛ էին իրենք դեմ, որ ես բժիշկ դառնամ, որովհետև դու ամեն հիվանդի հետ մահանում ես և նորից առողջանում, ողջանում, նրանց հետ ցավ քաշում… Չնայած եթե իրենք կատարեին ընտրություն, ես դեմ չէի լինի: Իրենցից ամեն մեկն իր բնագավառում կայացել է. մեծ տղաս՝ Դավիթը, իր կնոջ՝ Արմինեի հետ հիմնել է ժամանցի վայրեր՝ «Կոնգ» և «Մամբա», որոնք բավականին հայտնի դարձան կարճ ժամանակում: Միջնեկ տղաս՝ Էդգարը, աշխատում է արտասահմանյան կազմակերպությունների հետ, հայ-ամերիկյան կազմակերպության անդամ է, իսկ աղջիկս՝ Միմին, լինելով հոգեբան, ընտրեց երաժշտության ոլորտը, և հիմա էլեկտրոնային երաժշտության դիջեյ է, գրում է երաժշտություն, կազմում է երաժշտական սեթեր և երիտասարդների շրջանում բավական ճանաչված է:

-2020-ին Դուք ճանաչվել եք «Տարվա հայուհի». ո՞վ է հայ կինը՝ հայուհին, և ի՞նչ առաքելություն ունի նա:

-Ես չեմ սիրում ոչ մի ամպագոռգոռ բառ, բայց կարծում եմ, որ հայ կինն իրականում տեղ ունի, որ իր առջև խոնարհվենք: Ես ուզում եմ իմ խոնարհումն ու շնորհակալությունը հայտնել պատերազմում զոհված մեր տղաների մայրիկներին, մենք միշտ էլ կարմիր գորգեր պիտի փռենք նրանց ոտքերի տակ՝ անկախ ամեն ինչից և երբ էլ լինի:

Ես հիշում եմ մեր ցուրտ ու մութ տարիները, երբ հայ կինը վերցրեց իր ուսերին և տարավ ամենամեծ ծանրությունն ու բարդությունը, երբ տղամարդիկ առանց աշխատանքի էին, չկային լույս, ջուր, մութ էր … Կանայք գնացին այնպիսի աշխատանքների, որ չէր անի ոչ մի ուրիշ ազգության կին. մեկնեցին արտասահման՝ այնտեղ աշխատելով որպես դայակ, մեկ ուրիշի տանն անելով գործեր, որոնք ամուսիններն իրենց տանն էլ թույլ չէին տալիս անել… Պահեցին… Հայ կինը և՛ մարտնչող է, և՛ ստեղծող, և՛ հոգատար… Եվ բարի են հայերը, ոչ միայն հայ մայրերը… Գիտեք, մեր վիրահատությունների 90 տոկոսը կատարվում է մեր հիվանդների՝ մեկը մյուսին տեղեկացնելու միջոցով: Մենք չենք սիրում, երբ մեկը մյուսի կյանքին խառնվում է, բայց, լավն ու բարին ցանկանալով, միմյանց ասում են՝ ինչու՞ ես ակնոց կրում, արի տանեմ իմ բժշկի մոտ, թող վիրահատի: Արտասահմանում նման բան չկա, դու իրավունք չունես խառնվելու դիմացինի կյանքին: Երբեմն մենք նեղվում ենք, որ մեր կյանքին խառնվում են, բայց դա գալիս է նաև բարին կամենալուց, մարդկային լինելուց, այս մեր բոլոր որակները ուրիշ ազգ լիներ՝ ամեն տեղ կասեր, դրոշակ կսարքեր, իսկ մենք ասում ենք՝ մեջընկան ենք. եկեք մյուս կողմն էլ տեսնենք…    

-Ձեր տեսակը հուշում է, որ Դուք հայրենասեր եք. ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:

-Երբեմն թևաթափ եմ լինում (ծանր հոգոց է հանում.-խմբ.)… Հայրենիքն ինձ համար այն է, որ ես հանգիստ սրտով ու հոգով ապրեմ, այն է, որ ես, հետ կանչելով իմ հարազատներին, բարեկամներին, ընկերներին, որոնք լքել են երկիրը, չմտածեմ՝ արդյոք ճի՞շտ եմ անում… Նախկինում շատ եմ նեղվել այն բանից, որ շատ են մեկնում, էմիգրացիան իրոք շատ է… Հայրենասիրական ոգով իմ գրած բանաստեղծություններով էլ նրանց հետ եմ կանչել, բայց հիմա՝ չգիտեմ… Ամեն դեպքում՝ մեր հայրենիքը շատ լավն է, մենք այնպե՛ս կարող ենք այն ծաղկեցնել, ոտքի կանգնեցնել, մեր հայրենիքի մեջ այդ ուժը կա, այնքա՜ն լավ երիտասարդություն ունենք՝ պայծառ աչքերով, պայծառ ուղեղներով, իրենք պիտի չգնան այստեղից, իրեք պիտի մնան այստեղ: Դրա համար ես ցանկանում եմ, որ մեր հայրենիքն այնքա՛ն ամուր լինի, որ բոլորը, որ դրսում ապրում են, ասում են, չէ՞, տասը միլիոն ենք, հետ գան, որ այստեղ էլ տեղ չլինի, մենք բարձրահարկ շենքեր կառուցենք, որ տասը միլիոն մարդու տեղավորենք:

-Բժշկուհի՛, ի՞նչն է պետք աչքի լույսի պես պահել-պահպանել կյանքում:

-Հոգու լույսը. չէ՞ որ աչքերը հոգու հայելին են, երբ աչքերը պայծառ են, հոգին մաքուր է, իսկ եթե հոգին մաքուր չէ, դա արտահայտվում է աչքերում:

-Նշեցիք, որ բանաստեղծություններ եք գրում, Ձեր ցանկացած բանաստեղծությունից մի փոքրիկ հատված կներկայացնե՞ք մեր ընթերցողների համար:

-Իմ հին ու նոր հայրենիք

Մութ, աշուն, մի օր անձրևոտ,

Քո աչքերն են, որ երազկոտ

Նայում են ու չեն հասկանում,

Որտեղից է ջուրն այս հոսում…

                 * * *

Գուցե Աստվածն է արտասուք թափում

Նորից ու նորից նա չի հանդուրժում՝

Պաշտոնյաները մեկ-մեկ են գալիս,

Թալանում երկիրն ու հայդա՝ Փարիզ:

Մարդ չմնաց մեր քարոտ երկրում,

Չվում են, գնում, անհետք կործանվում…

Կործանվու՞մ, ինչու՞, լավ կյանք են անում,

Ապրում, աշխատում, թոռներ մեծացնում,

Հետո էլ գալիս ու այստեղ թաղվում:

Դրա համար չէր Մեծ Տիգրան պայքարել,

Մեծացրել երկիրը, բարիքով լցրել:

Արշակունյաց տոհմի որդիները բոլոր

Կյանք տվեցին, ինչու՞, որ այսօր…

Չկարողանանք գոյություն պահպանել,

Մի փոքրիկ ազգի քանակը պահել:

Չենք ուզում երկիր ծովերից մինչ ծով,

Մի փոքրիկ Սևան քաղցրահամ ջրով:

Ուրիշ երկիր էլ չենք ուզում իսկի,

Զանգեզուր ունենք՝ մեջը լի ոսկի:

Չե՞նք կարող հանել, երկիրը պահել,

Թե՞ չունենք արդեն էլ դյուցազուններ,

Բազուկները պինդ, առնական դեմքով,

Մաքուր հայացքով, պայծառ ուղեղով:

Այստեղ են նրանք, ձեր շուրջը նայեք,

Հայկ Նահապետի ծոռները ահեղ:

Նա, ով չգնաց, հողը չլքեց,

Ով որ մութ օրով գիր ու գիրք արեց,

Մի բուռ չոր փայտով օջախը վառեց,

Տունը տաքացրեց, զավակներ ծնեց:

Տառերը մեր հին ու կախարդական

Չեն կորցրել ուժը: Դեպի ապագան

Ճանապարհ հարթենք մենք մեր ուժերով՝

Մեր հին գեներով, ծանր անցյալով,

Մռայլ ներկայով, հույս ապագայով՝

Այս նոր ու բարի հազարամյակով:

-Շնորհակալություն…  Իսկ ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Ես եկել եմ մի եզրակացության, որ մեր հայկական, տրադիցիոն «աչքդ լույս լինի» արտահայտությունը շատ կարևոր է, մանավանդ՝ ակնաբույժի կողմից, որի անունն է Լուսինե (ժպտում է.-խմբ.): Հիվադներիցս մեկն ասաց՝ ես գիտեմ, թե Ձեր անունն ինչու՛ է Լուսինե: Իրականում հայրիկս է դրել՝ Լուսինե Զաքարյանի անունով: Հիվանդիս հարցրեցի՝ և ինչու՞, ասաց՝ Դուք լույս եք տալիս…

Ես ցանկանում եմ, որ շատ առիթներ լինեն՝ միմյանց ասելու՝ «աչքդ լույս լինի»…

Image Gallery