ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

(0 votes)

Առողջ երեխաներն ազգի գոյության հիմքն են

Ճանաչել աշխարհն ու մարդկանց, հիանալ շրջապատող երեւույթներով, գույներով ու պատկերներով: Թվում է, թե այդ ամենը տրված է բոլորին, մինչդեռ չնախատեսված հիվանդությունները, վնասվածքները, իսկ երբեմն էլ՝ բնածին արատները զրկում են մարդուն տեսողությունից: Սա սոցիալական, առողջապահական ու հոգեբանական լրջագույն խնդիր է, եւ բժիշկն իր պացիենտին օգտակար է լինում ոչ միայն բուժական գործով, այլեւ հոգեբանական շփմամբ, հետեւաբար, յուրաքանչյուր բժիշկ պետք է տիրապետի նաեւ փսիխոթերապիայի մեթոդներին: http://bestgroup.am/  զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, «Անհասության ռետինոպաթիայի կանխարգելման եւ բուժման» ծրագրի համակարգող, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է: Նա պատկառելի աշխատանքային փորձ ունի եւ բարձր պրոֆեսիոնալիզմի շնորհիվ շատ երեխաների է վերադարձրել լավ տեսնելու, լիարժեք կյանքով ապրելու երջանկությունը:

-Ի՞նչ ակնային խնդիրներով են հիմնականում Ձեզ դիմում:

-Հաճախ դիմում են օպտիկական շեղումների (կարճատեսություն,​ հեռատեսություն),  ինչպես նաեւ աստիգմատիկ խնդիրների դեպքում: Այսօր, ցավոք, երեխաները չարաշահում են ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը, դպրոցում չեն հետեւում ճիշտ տեսողական, լուսային կանոններին, ճառագայթումը, արտանետումներն են շատացել: Բացի այդ, երեխաները ֆիզիկապես շատ քիչ են ծանրաբեռնվում, դեմքով թեքվում են դեպի գիրքը, տետրը, ինչը հանգեցնում է ոչ միայն ողնաշարի ձեւախեղումների, այլեւ երկրորդային օպտիկական արհեստական շեղումների, կեղծ կարճատեսության, աչքի լարվածության… Ծնողներին խորհուրդ ենք տալիս երեխաների ֆիզիկական ակտիվությունը զարգացնելու պայմաններ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան շարժվել, իրենց բաժին ֆիզիկական էներգիան կորցնեն, նյութափոխանակությունը ճիշտ ընթանա, օրվա ընթացքում տեսահորիզոն ունենան: Երեխան պետք է ե՛ւ աշխույժ լինի, ե՛ւ ունենա տեսահորիզոն, որպեսզի աչքը՝ որպես օպտիկական համակարգ, կարողանա գործել: Չպետք է մոռանալ, որ աշխարհն է փոխվել, մարդկանց կենցաղը, եւ երեխայի հիվանդությունն էլ (սկսած նրա բեղմնավորումից մինչեւ ծնվելը, մեծանալը) ընտանիքի, ընտանեկան պայմանների, նյարդային, հոգեբանական վիճակի հայելային արտացոլումն է: Կան ծնողներ, որ երեխային պարտադրում են ինչ-որ ծավալի աշխատանք կատարելուց հետո միայն դուրս գալ տնից, ինչի պատճառով երեխան հայտնվում է սթրեսային վիճակում, դիմադրողականությունն ընկնում է, տարբեր նեւրոլոգիական դրսեւորումներ է սկսում ձեռք բերել: Ուստի ծնողներին խորհուրդ ենք տալիս պահանջկոտ լինել երեխաների նկատմամբ, սակայն նրանց չզրկել իրենց ամենամեծ թանկ բանից՝ մանկությունից:

Մեզ դիմում են նաեւ ոսպնյակի բնածին եւ ձեռքբերովի պղտորումների ու աչքի բորբոքային հիվանդությունների դեպքում, որոնք կարող են զուգորդվել համակարգային հիվանդությունների հետ (օրինակ, հոդերի բորբոքումներ, պարբերական հիվանդություններ եւ այլն): Դրանք կրկնվող են, եւ ամեն մի պացիենտի ցուցաբերվում է անհատական մոտեցում, այդ խնդիրների լուծման նպատակով համագործակցում ենք նաեւ համապատասխան մասնագետների հետ:

Մեր ուշադրության կենտրոնում են նաեւ վաղաժամ ծնված երեխաների ակնաբուժական խնդիրները, որոնք շատ վաղ ախտորոշվում են, եւ ձգտում ենք ժամանակին կանխարգելել հնարավոր վերահաս տեսողական շեղումները:

-Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոնը ի՞նչ է իրենից ներկայացնում:

-Դա մեր բաժանմունքներից մեկն է, որը Ալեքսանդր Սերգեեւիչ Մալայանի եւ Ռազմիկ Աբրահամյանի համատեղ աշխատանքի ու բարեգործական ծրագրի ֆինանսավորման շնորհիվ  հաջողվել է կառուցել, այն գործում է վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի շենքում: Կենտրոնը սպասարկում է ամեն տեսակի մանիպուլյացիայի կամ վիրաբուժական միջամտության կարիք ունեցող երեխաների, ովքեր միջամտություն ստանալուց հետո մնում են մեր խնամքի տակ նաեւ հետվիրահատական շրջանից հետո:Գործում են վիրասրահ եւ ախտորոշիչ բաժանմունք, որոնք Ռոջեր Օհանեսյանի գերջանքերի շնորհիվ հագեցած են ժամանակակից միկրոսարքավորումներով: Երբ հանրապետությունում դեռեւս չկային այս հնարավորությունները, ծնողները ստիպված էին լինում երեխային հետազոտության նպատակով տանել Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, իսկ ժամանակ կորցնելը ճակատագրական կարող է լինել երեխայի համար: Բացի այդ, ոչ բոլոր ծնողներն ունեն նյութական հնարավորություն: Իսկ հիմա ամեն ինչ արվում է մեզ մոտ:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Ծնողների դիմելիությունը, անկախ նրանց սոցիալական վիճակից, բավականին բարձր է: Եթե տեղամասային բժիշկը չի կողմնորոշվում ախտորոշման հարցում, պացիենտին ուղեգրում է կենտրոնացված խոշոր կլինիկաներ: Բայց ամենամեծ պատասխանատվությունը մեր՝ մանկական ակնաբուժական կենտրոնի ծառայությանն է, որտեղ բուժվում են ցանկացած փոքրիկ ռեֆրակցիոն շեղումներից մինչեւ տարբեր օրգանական ակնային շեղումներ, բնածին գլաուկոմա, ձեռքբերովի գլաուկոմա եւ այլ հիվանդություն ունեցողները: Ու շատ հազվադեպ է պատահում, որ ուշացած են դիմում, ընդ որում, երեխաներն էլ են աչալուրջ այդ հարցում: Մենք բարեգործական ծրագրերով հասնում ենք մինչեւ ծայրամասային գյուղեր,​ կամ այնտեղի մասնագետների, բնակչության համար կազմակերպվում են կոնսուլտացիաներ: Այնպես որ՝ մարդիկ հիմնականում իրազեկված են, ու բավականին քիչ են հիվանդության բարձիթողի վիճակում դիմողները:

-Ըստ Ձեզ, ո՞րն է առողջության բանաձեւը:

-Առողջության բանաձեւը ձգտելն է ճիշտ, առողջ կենսակերպի, նաեւ բարձր տրամադրությունն է, բնության տվածը գնահատելը, պահպանելը: Ինչպես Թումանյանն է ասում. «Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում, Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,- Զարմանում եմ, թե` ո՜վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ, Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից»։

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք մեր հասարակությանը:

-Ես միշտ դասախոսության ժամանակ հորդորում եմ իմ ուսանողներին, որ ընտանիք կազմելը պլանավորելիս սթափ մտածեն, քանի որ երրորդ մարդու ներկայի ու ապագայի նկատմամբ են պատասխանատվություն ստանձնելու: Ապագա մայրերին խորհուրդ կտամ պահպանել հղիությունը, ամեն կերպ փորձել կանխարգելել վաղաժամ ծննդաբերությունը, ենթարկվել կանխարգելիչ հետազոտության, գնահատել առողջական վիճակը, խստագույնս հետեւել բժշկի, գինեկոլոգի կողմից տրված խորհուրդներին: Ի վերջո, յուրաքանչյուր մարդու բժիշկն առաջին հերթին ինքն է, ու երբեմն կարելի է զրկել իրեն ամենօրյա հաճույքներից, որպեսզի ներսում կազմավորվող երեխան առողջ ու ժամանակին ծնվի: Առողջ երեխաներն ազգի գոյության հիմքն են, դա ռազմավարական հզոր նշանակություն ունի:

Կմաղթեմ, որ նորածինն աչք բացի լիարժեք ընտանիքում, առողջ մթնոլորտում, ի սկզբանե առողջ լինի թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, զարգանա առողջ, լուսավոր ապագայով, թերթի անակնկալներով, լույսով, գեղեցիկ ապագայով, իմաստալից հեռանկարով լեցուն կյանքի էջերը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր