Print this page
Աշոտ Հովսեփյան

Աշոտ Հովսեփյան

(0 votes)

Մաղթում եմ, որ բոլոր երեխաները ծնվեն, մեծանան ու ապրեն առողջ

Մանկական վիրաբուժությունն առողջապահության բնագավառի չափազանց կարեւոր ուղղություններից է, որը միավորում է մանկաբուժությունն ու վիրաբուժությունը: Ընդհանրապես բժիշկ դառնալու ամենակարեւոր պայմանը պետք է լինի մասնագիտությունը սիրելը, ինչպես նաեւ՝ ջանք ու ֆինանս չխնայելը մասնագիտական գիտելիքները եւ փորձը խորացնելու համար: Անընդհատ նորություններ կան, եւ անընդհատ պետք է սովորել, ամենօրյա համառ ու տքնաջան աշխատանք տանել: Սեփական անձից շատ պիտի սիրես բժշկությունը, որ գրանցվեն լավ արդյունքներ...http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկական եւ նորածնային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, մանկական վիրաբույժ, ուրոլոգ Աշոտ Հովսեփյանը:

-Իրենցից ի՞նչ են ներկայացնում բնածին արատները եւ ի՞նչ նախատրամադրվածություն ունեն:

-Ընդհանրապես արատը պտղի մոտ ներարգանդային կյանքում որեւէ օրգանի սաղմնադրման եւ ձեւավորման ընթացքում տեղի ունեցած շեղման արդյունքում դիտվող հիվանդություն է: Այսինքն՝ ներարգանդային կյանքում որեւէ գործոնի ազդեցությամբ տվյալ օրգանի կամ օրգան-համակարգի կողմից ձեւավորումը լիարժեք եւ բնականոն հունով չի ընթանում, ու երեխան ծնվում է որեւէ օրգանի անատոմիական դեֆեկտով: Նախատրամադրող գործոնները շատ են՝ սկսած էկոլոգիական գործոններից, որոնք ներկայումս բավականին ակտուալ են: Կան նաեւ գենետիկ նախատրամադրվածության գործոններ, հորմոնալ շեղումներ, իսկ հղիի վրա հղիության ընթացքում ազդող բացասական գործոններից են ծխելը, թունավորումները, հիվանդությունները, այդ թվում՝ վիրուսային, դեղորայքը…

-Իսկ կորոնավիրո՞ւսը:

-Կորոնավիրուսի դեպքում էլ արդեն որոշակի վիճակագրություն կա, ըստ որի կորոնավիրուս տարած հղիների մոտ երեխաները հիմնականում ծնվում են թոքերի պաթոլոգիաներով: Մի օրինակ կարող եմ բերել: Մեզ մոտ նորածնային ռեանիմացիայում պնեւմոթորաքսով (թոքերի պատռվածքով) ծնված երեխաների թիվը հիմա մեկ ամսվա ընթացքում այնքան է, որքան նախկինում դիտվում էր մեկ տարվա ընթացքում: Այսինքն, եթե նախկինում իքս թվով դեպքեր էինք ունենում ամբողջ տարվա համար, ապա հիմա այդ ամբողջ քանակը լինում է մոտավորապես մեկ ամսվա ընթացքում: Դա նշանակում է, որ հղիության ընթացքում ազդող գործոնները շատ են, եւ ցանկացած բացասական գործոն կարող է հանգեցնել այս կամ այն արատի ձեւավորմանը: Ընդ որում, դրանք մուլտիֆակտորիալ են, այսինքն՝ կոնկրետ մի գործոնը ինդենտիֆիկացված չէ կոնկրետ մի արատի ձեւավորման համար, բազմապատճառային են, եւ նույն ախտածին գործոնը կարող է մեկի մոտ մի արատ առաջացնել, մյուսի մոտ՝ մեկ այլ: Դա ավելի շատ կախված է նրանից, թե հղիության որ ժամանակահատվածում այն կազդի, եւ տվյալ պահին որ օրգան-համակարգի զարգացումն է ընթանում:

-Ուրոլոգիական արատների դեպքում ինչպիսի՞ պատկեր է լինում:

-Ուրոլոգիական արատներից որոշները պահանջում են միջամտություն անմիջապես ծնվելուց հետո, կան արատներ էլ, որոնց վիրահատական կորեկցիաներն անում ենք ավելի ուշ տարիքներում: Օրինակ, միզապարկի էքստրոֆիաների ժամանակ անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ: Այդ արատի դեպքում միզապարկը որովայնի առաջային պատից բաց մակերես է ներկայացնում իրենից, այսինքն՝ հենց նորածնային շրջանում պետք է ձեւավորել, ստեղծել միզապարկ, որովհետեւ, այդպես բաց մնալով, այդ միզապարկի հատվածը՝ լորձաթաղանթը, ախտահարվում է, եւ հնարավոր չէ այդպես պահել երեխային: Իսկ, օրինակ, հիպոսպադիաներ, էպիսպադիաներ, առնանդամի ծռվածություններ եւ զարգացման այլ արատներ հնարավոր է շտկել ավելի ուշ տարիքում:

-Ձեր պրակտիկայում ո՞ր դեպքերն են ավելի շատ հանդիպում:

-Ոչ միայն մեր պրակտիկայում, այլ ընդհանրապես մանկական վիրաբուժության մեջ կան ավելի շատ հանդիպող տրիվիալ դեպքեր, հիվանդություններ եւ ավելի քիչ հանդիպող արատներ ու հիվանդություններ: Ավելի շատ հանդիպողներից կարող ենք նշել ճողվածքները, հիդրեցելեները (ժողովրդի լեզվով ասած՝ ջրգողությունները), ամորձիների չիջած լինելը՝ կրիպտորխիզմը, ֆիմոզը եւ այլն:

-Փոքր տարիքում ճողվածքը ինչի՞ց կարող է առաջանալ:

-Ի տարբերություն մեծահասակների, երեխաների մոտ ճողվածքի առաջացման մեխանիզմը եւ վիրահատական բուժման տեխնիկան լրիվ այլ են: Մեծահասակների մոտ դա երկրորդային առաջացած վիճակ է իրենից ներկայացնում, այսինքն՝ որովայնի թույլ հատվածներում ճնշման բարձրացման, որ կարող է առաջանալ հիվանդության կամ ծանր բան վերցնելու եւ այլնի պատճառով: Որովայնում ճնշումը բարձրանալու հետեւանքով այդ թույլ հատվածներում դիտվում է ճողվածքի առաջացում: Երեխաների մոտ բնածին է. երբ երեխաների ամորձիները սաղմնադրվում են, դրանք սկզբից լինում են երեխայի որովայնում, հետո արդեն իջնում են դեպի փոշտ, բայց իջնելու պրոցեսը ինքնուրույն պրոցես չէ: Որովայնը ներսից ծածկող թաղանթ կա (որովայնամիզ է կոչվում), որը երկու աճուկային շրջաններում արտափքումներ է առաջացնում, թունելիզացիա է անում, եւ այդ ստեղծված տարածության միջոցով որովայնից ամորձիները աճուկային շրջանից իջնում են դեպի փոշտ: Հետո, երբ արդեն այդ տարածությունն անհրաժեշտ չէ, այն խցանվում, վերանում է նորմայում, ու, երբ որ այդ խցանման պրոցեսը խախտվում է ինչ-ինչ պատճառներով, հաղորդակցությունը որովայնի խոռոչի հետ պահպանվում է: Եվ, եթե այդ հաղորդակցությունը լայն է, այն արտահայտվում է ճողվածքի ձեւով, այսինքն՝ դրա մեջ կարող է օրգան կամ օրգանի ինչ-որ հատված մտնել՝ աղեգալար, ճարպոն եւ այլն, աղջիկների մոտ՝ արգանդափող, ձվարան: Իսկ եթե չի խցանվել, բայց շատ նեղ տարածություն է, օրգան չի կարող տեղավորվել, հեղուկն է որովայնից քամվում դեպի փոշտ: Դա արդեն դրսեւորվում է ջրգողության տեսքով, իսկ եթե երկու ծայրերում խցանվում է, միջային հատվածում է բաց մնում, դիտվում է սերմնալարի կիստայի տեսքով, այսինքն՝ նույն ստրուկտուրայի չխցանվելու կամ մասնակի խցանվելու պատճառով ունենում ենք երեք տարբեր հիվանդություններ, ու այս դեպքում վիրահատության նպատակը այդ հաղորդակցությունը վերացնելն է: Ի տարբերություն մեծահասակների, որտեղ որովայնի պատը պետք է ամրացնել, ցանցեր են տեղադրվում եւ այլն, երեխաների մոտ այդպիսի պլաստիկայի կարիք հիմնականում չի լինում:

-Ճողվածքը կրկնվելու հակում ունի՞:

-Շատ հազվադեպ: Գրականության մեջ նկարագրված դեպքեր կան իհարկե, բայց մեր պրակտիկայում ես չեմ հիշում դեպք, որ որեւէ երեխանյի մոտ կրկնություն եղած լինի:

-Հետվիրահատական բարդություններ լինո՞ւմ են:

-Ցանկացած բժշկական մանիպուլյացիայի, առավել եւս՝ վիրահատության ընթացքում հնարավոր են ե՛ւ ներվիրահատական, ե՛ւ հետվիրահատական բարդություններ, բայց այս փոքր ծավալի վիրահատությունների դեպքում մեծամասամբ որեւէ բարդություն չենք ունենում, մի օր է հիվանդը հոսպիտալիզացվում, այսինքն՝ միայն վիրահատության օրն է մնում հիվանդանոցում, հաջորդ օրը նրան տուն ենք ուղարկում:

-Վիրահատությունները ժամանակատա՞ր են լինում:

-Դա կախված է վիրահատության ծավալներից: Քիչ առաջ նշածս փոքր ծավալի վիրահատական միջամտությունները սովորաբար տեւում են մինչեւ կես ժամ, բայց ունենում ենք նաեւ ավելի երկարատեւ, ծանր, նույնիսկ վեց-յոթ ժամ տեւող վիրահատություններ:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում հիպոսպադիան:

-Հիպոսպադիան իրենից ներկայացնում է առնանդամի եւ միզուկի բնածին արատ, արտահայտվում է երեք հիմնական կոմպոնենտների համակցությամբ: Առաջինը թլիպի ճեղքվածությունն է, թլիպը ներքեւի հատվածում բաց է լինում եւ գլխարկի նման ծածկում է առնանդամի միայն մեջքային հատվածը: Երկրորդը միզուկի արտաքին բացվածքի ստորադիր տեղակայությունն է, այսինքն՝ միզուկը բացվում է ոչ թե առնանդամի գագաթին, այլ ավելի ներքեւ, ու, որքան այն ներքեւ է տեղակայված, այնքան ավելի խորն է արատը, եւ բարդ է այն կորեկցիայի ենթարկելը: Եվ երրորդը առնանդամի ծռվածությունն է, որը հիմնականում լինում է վենտրալ, այսինքն՝ փորային ծռվածության տեսքով: Այս երեք կոմպոնենտներից յուրաքանչյուրը կարող է լինել այս կամ այն չափ արտահայտված, եւ, նրանց համակցության արտահայտվածությամբ պայմանավորված, դասակարգում ենք դիստալ, միջին եւ խորը ձեւեր: Դիստալ եւ միջին ձեւերը համեմատաբար ավելի հեշտ են կորեկցիայի ենթարկվում, իսկ խորը ձեւերի դեպքում նույնիսկ կարիք է լինում երկու կամ երեք վիրահատությամբ արատը շտկել: Վիրահատական կորեկցիան իրականացնում ենք հիմնականում մեկ-երկու տարեկան հասակում: Ավելի շուտ չենք անում, որովհետեւ դեռ հյուսվածքները ձեւավորվելու, դիֆերենցվելու կարիք ունեն, իսկ ավելի ուշ խորհուրդ չի տրվում անել, որովհետեւ, նախ, բարդություններն են ավելի շատ լինում, եւ, երկրորդը, մեկուկես-երկու տարեկանից արդեն սկսվում են երեխաների սոցիալիզացիայի գործընթացները: Նրանք արդեն սկսում են հաճախել մանկապարտեզներ, կոլեկտիվներ, եւ, մյուս երեխաների մոտ տարբերություններ նկատելով, նրանց մեջ արդեն աստիճանաբար փսիխոսեքսուալ բարդույթներ են առաջանում հետագայում: Որպեսզի այդպիսի խնդիրներից նույնպես խուսափենք, կորեկցիա անելու ոսկե շրջանը մեկ-երկու տարեկան հասակն է: Վիրահատության ժամանակ հիմնականում օգտագործվում են տեղային հյուսվածքները, այդ թվում՝ նաեւ թլիպը, թլիպի ներքին թերթիկը, որոնցից ձեւավորվում է միզուկի չզարգացած հատվածը, վերականգնվում է առնանդամի ուղղությունը եւ միզուկը, ու տեսքով նման է լինում թլպատած առնանդամի: Այսինքն՝ թլիպն օգտագործվում է միզուկի պլաստիկայի համար որպես հյուսվածք: Խորը ձեւերի դեպքում անհրաժեշտություն է լինում նաեւ սեռի տարբերակման հարցերը պարզել հատկապես այն դեպքում, եթե այն զուգակցված է լինում կրիպտորիզմի հետ, եւ ամորձիները չեն երեւում կամ չեն շոշափվում: Այդ դեպքում անհրաժեշտ է լինում հստակ որոշել սեռը, որպեսզի հետագայում այդ առումով նույնպես խնդիրներ չունենանք: Եթե ուղղակի տեսքով մենք դա գնահատենք որպես հիպոսպադիա, բայց սեռով լինի աղջիկ, ու վիրահատությունը տանենք մասկուլինիզացնող վիրահատության տիպի, այսինքն՝  հիպոսպադիան վիրահատենք, որպեսզի տղա դարձնենք, հետագայում այդ անհատը լուրջ խնդիրներ կունենա ամբողջ կյանքում: Այդ հարցերը նույնպես մեծ ուշադրության արժանի են:

-Ի՞նչ է գաստրուշիզիսը:

-Դա էլի բնածին անոմալիա է, որի ժամանակ  որովայնի առաջային պատը լիարժեք չի ձեւավորվում, որովայնի  առաջային պատի վրա՝ պորտի շրջանում, մնում է դեֆեկտ, եւ ծնվելիս նորածնի աղիքները, որովայնի ներքին օրգանները դուրս թափված են լինում: Սա, իհարկե, շտապ վիրահատություն պահանջող վիճակ է, արատ, եւ ծնվելուց անմիջապես հետո, եթե ծննդատունը գտնվում է հենց բազմապրոֆիլ հիվանդանոցում, տեղում արվում է վիրահատությունը: Եթե բազմապրոֆիլ հիվանդանոց չէ, ուրեմն համապատասխան ռեանոմոբիլով նորածինն արագ տեղափոխվում է մասնագիտացված կլինիկա, որպեսզի այնտեղ արդեն անմիջապես իրականացվի վիրահատություն: Եթե մեծ դեֆեկտ է, հնարավոր չէ միանգամից օրգանները տեղավորել որովայնի խոռոչում, դեֆեկտը փակել, իրականացվում է փուլային բուժում, այսինքն՝ այդ դեֆեկտի վրա տեղադրվում է հատուկ սիլաստիկ կոչվող նյութից պարկ, օրգանները տեղավորվում են այդ պարկի մեջ: Հետո,  աստիճանաբար պարկը փոքրացնելով՝ օրգանները ժամանակի ընթացքում տեղափոխվում են որովայնի խոռոչ, ու, եթե համոզված ենք, որ որովայնի խոռոչը բավարար չափով մեծացել է եւ արդեն իր մեջ կտեղավորի այդ օրգանները, նոր միայն ռադիկալ վիրահատություն ենք իրականացնում ու փակում, վերացնում ենք դեֆեկտը:  

-Այդ ամենն արվում է պետպատվերի՞ շրջանակում:

-0-18 տարեկանների ցանկացած մանիպուլյացիա, վիրահատություն, բուժում իրականացվում է պետպատվերի շրջանակում:

-Բժի՛շկ, ներկայումս շատ է խոսվում լապարոսկոպիայի մասին: Դա ի՞նչ մեթոդ է, երեխաները վիրահատվո՞ւմ են այս մեթոդով:

- Լապարոսկոպիան ժամանակակից քիչ ինվազիվ տեխնոլոգիաներից է, եւ վիրաբուժության զարգացումը գնում է հենց այդ ուղղությամբ: Մեթոդի էությունը հետեւյալն է. կտրվածքների փոխարեն արվում են մի քանի 3-5մմ անցքեր, որոնց միջով որովայնի մեջ տեղադրվում են վիդեոէնդոսկոպը (լապարոսկոպը) եւ գործիքները: Վիրահատությունը իրականացվում է մոնիտորի վրա վիզուալ հսկողությամբ, որովայնի խոռոչում տեղադրված գործիքներով: Մեթոդը լայն հնարավորություններ է տալիս վիրաբույժին. նախ, որովայնի բոլոր հատվածները, բոլոր օրգանները հնարավոր է զննել, նրանց վրա իրականացնել գործողություններ: Օրգանները, հյուսվածքները կարելի է զննել մեծ խոշորացմամբ: Կտրվածքների բացակայությունը զգալիորեն իջեցնում է տրավմատիզացիան եւ ապահովում հիվանդների արագ ապաքինում, ու բարդությունները բավականին պակասում են: Մանկական վիրաբուժական պրակտիկայում նույնպես լայնորեն ներդրված է լապարոսկոպիան: Ներկայումս որովայնի խոռոչի պաթոլոգիաների վիրահատման մեծ մասը իրականացնում ենք լապարոսկոպիկ եղանակով: Որպես օրինակ կարող ենք նշել ապենդիցիտները, աղիների զանազան վիրաբուժական պաթոլոգիաները, խոլեցիստիտները, դեռահասների վիրաբուժական գինեկոլոգիական խնդիրները, երիկամների եւ  միզածորանների մի շարք պաթոլոգիաները, տղաների մոտ շատ հանդիպող վարիկոցելե հիվանդությունը եւ այլն:

-Ի՞նչ կասեք որպես վերջաբան:

-Մաղթում եմ, որ բոլոր երեխաները ծնվեն, մեծանան ու ապրեն առողջ, մենք էլ, դուք էլ լինենք անգործ:      

Image Gallery