Print this page
ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

(0 votes)

Ծնող դառնալու բերկրանքը Աստծո կողմից տրված լավագույն պարգեւն է

Բժիշկն իր աշխատանքով գրում է սեփական կենսագրությունը, ստեղծում  այն պատմությունը, որը դառնում է հանրության սեփականությունը, որտեղ հստակ երեւում է նրա արհեստավարժությունն ու նվիրվածությունը աշխատանքին ու մարդկանց։ Յուրաքանչյուր մարդու կյանքում գերագույն արժեքներ են համարվում ընտանիքն ու երեխան, առանց որոնց դժվար թե լինի կատարյալ երջանկություն: Երեխաները մեր կյանքը լցնում են սիրով, ջերմությամբ ու բազում գույներով: Թեեւ աշխարհի բոլոր կանայք ծնվում են մայրական բնազդով, բայց, ավաղ, նրանց մի մասը զրկված է մայրանալու երջանկությունից: «Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից»։ Վոլտերի այս խոսքերը ուղղակիորեն բնութագրում են մեր զրուցակցին` «Աստղիկ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ: Աշխատանքի հանդեպ սերն ու նվիրվածությունն ուժ ու եռանդ են հաղորդում  բժշկուհուն, եւ նա  յուրաքանչյուր նոր ծնված երեխայի հետ նոր զգացողություն է ապրում ու զարմանում այդ հրաշքով, իսկ մասնագիտական բարձր որակների ու ազնվության համար վայելում է իր պացիենտների վստահությունը։

-Բժշկուհի՛, ե՞րբ է ախտորոշվում անպտղություն:                                 

-Անպտղություն ախտորոշվում է այն ժամանակ, երբ կանոնավոր սեռական կյանքով ապրելու եւ հակաբեղմնավորիչ միջոցներ չկիրառելու դեպքում մինչեւ 35 տարեկան կանանց մոտ հղիություն չի գրանցվում առաջին տարվա, իսկ 35 տարեկանից մեծ կանանց մոտ՝ առաջին 6 ամսվա ընթացքում: Կնոջ տարիքը ռեպրոդուկտիվ համակարգի գնահատման հարցում վճռորոշ դեր է կատարում: Տարիքի հետ կնոջ ձվարաններոմ նվազում է ֆոլիկուլների քանակը, փոխվում՝ ձվաբջիջների որակը: Ձվարանների «ծերացման» գործընթացը սկսվում է 27 տարեկանից, 37 տարեկանից հետո գործընթացը կտրուկ արագանում է, եւ 45-50 տարեկանում կնոջ ձվարաններում ֆոլիկուլներ չեն հայտնաբերվում:

-Որո՞նք են անպտղության պատճառները:

-Նախ ասեմ, որ անպտղություն լինում է առաջնային եւ երկրորդային: Առաջնային անպտղություն ախտորոշվում է, երբ կնոջ մոտ երբեւէ հղիություն չի գրանցվել: Երկրորդային անպտղություն ախտորոշվում է այն դեպքում, երբ կնոջ կյանքում գրանցվել է հղիություն անկախ նրանից, թե ինչ ճանապարհով է առաջացել հղիությունը եւ անկախ հղիության ելքից: Անպտղության պատճառ կարող է հանդիսանալ օվուլյացիայի բացակայությունը, անպտղությունը կարող է լինել արգանդափողային, արգանդային ծագման, արական գործոնով պայմանավորված, ինչպես նաեւ անհայտ ծագման անպտղություն: Անհայտ ծագման ախտորոշումը դրվում է այն դեպքում, երբ ախտորոշման արդի մեթոդները թույլ չեն տալիս հայտնաբերել անպտղության պատճառը:

Անպտղության կարող են հանգեցնել մի շարք գործոններ, որոնք մինչեւ նշածս ժամկետների լրանալը նվազեցնում են հղիանալու հավանականությունը, օրինակ, կնոջ անամնեզում արգանդափողային հղիությունը, ձվարանի ռեզեկցիան, որովայնի կամ կոնքի խոռոչի օրգանների վրա կատարված վիրահատությունները, դաշտանային ցիկլի խանգարումները, քիմիոթերապիան, ճառագայթային բուժումը, տղամարդու անամնեզում տարած վիրահատությունները, սեռական դիսֆունկցիան:

Որեւէ խնդրի դեպքում պետք չէ կորցնել թանկագին ժամանակը, անհապաղ պետք է դիմել համապատասխան մասնագետի: 

-Ի՞նչ փուլերով է ընթանում բուժումը:

-Ամուսնական զույգի անպտղության պատճառի արագ եւ ճշգրիտ հայտնաբերումը բուժման հաջողության առաջին փուլն է: Նշեմ, որ ամուսնական զույգի ներկայությունը պարտադիր է, եւ նպատակահարմար է սկսել հենց ամուսնու հետազոտությունից, որը կարեւոր դեր ունի այն հարցում, թե ինչ ճանապարհով պետք է պլանավորել հղիությունը: Զույգի լիարժեք հետազոտությունից եւ անպտղության պատճառը սահմանելուց հետո որոշվում է, թե որն է զույգի համար հղիության հասնելու ամենաճշգրիտ տարբերակը. որոշակի բուժումներից եւ հորմոնալ շեղումների կարգավորումից հետո բնակա՞ն ճանապարհը, ներարգանդային սերմնավորմա՞ն, թե արտամարմնային բեղմնավորման ճանապարհը: 

-Ե՞րբ պետք է դիմել ներարգանդային սերմնավորման:

-Ներարգանդային սերմնավորումը մշակված հոմոլոգիկ կամ դոնորական սերմի ներարկումն է արգանդի խոռոչ: Այն անցավ եւ համեմատաբար ավելի մատչելի մեթոդ է: Ներարգանդային սերմնավորման ցուցումներն են՝

1.Անհայտ ծագման անպտղություն: Ներարգանդային սերմնավորումը համարվում է անհայտ ծագման անպտղության բուժման էմպիրիկ մեթոդ, եթե կնոջ տարիքը չի գերազանցում 35-ը:

2.Արական գործոնով պայմանավորված անպտղություն, երբ սպերմատոգենեզում առկա շեղումները թույլ են տալիս կատարել ներարգանդային սերմնավորում:

3.Դոնորական սերմի կիրառումը, որն իրականացվում է միայնակ կանանց շրջանում եւ այն դեպքում, երբ ամուսնու մոտ առկա են խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս բեղմնավորումը սեփական բջիջներով:

Ներարգանդային սերմնավորման պարտադիր պայման է արգանդափողերից գոնե մեկի անցանելիությունը:

-Ի՞նչ կասեք դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորման մասին:

-Դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորում կատարվում է այն դեպքերում, երբ հնարավոր չէ ստանալ կնոջ սեփական ձվաբջիջները, կամ ստացված ձվաբջիջներն անորակ են, ունակ չեն բեղմնավորվել եւ լիարժեք հղիության առաջացնել: Դոնորական ձվաբջջով արտամարմնային բեղմնավորումն անպտղության բուժման մեթոդ է, որը հնարավորություն է տալիս հղիանալ եւ երեխա ունենալ այն կանանց, ովքեր չունեն ձվարաններ, կամ էլ ձվարանները չեն գործում: Այս մեթոդը կարելի է կիրառել զույգի լիարժեք տեղեկացվածության եւ համաձայնության դեպքում: Ձվաբջջի դոնոր կարող է հանդիսանալ ակտիվ ռեպրոդուկտիվ շրջանում գտնվող 19-35 տարեկան լիարժեք առողջ կինը, ով ունի գոնե մեկ առողջ երեխա, ով չունի սոմատիկ, հոգեկան որեւէ խանգարում, ժառանգական հիվանդություններ, վնասակար սովորություններ: Մինչեւ ծրագրին մասնակցելը դոնոր հանդիսացող կինը ենթարկվում է ծրագրով սահմանված ստանդարտ հետազոտությունների: Դոնորից ստացված ձվաբջիջը բեղմնավորվում է ռեցիպիենտ կնոջ ամուսնու բիոլոգիական մատերիալով, եւ ստացված սաղմերը տեղադրվում են ռեցիպիենտ կնոջ արգանդում: Նա է կրում ողջ հղիությունը, ծննդաբերում: Այդ ընթացքում ստեղծվում է հոգեբանական կապ բալիկի հետ, եւ, հավատացեք, հետագայում որեւէ հոգեբանական խնդիր չի առաջանում:

-Ո՞րն է փոխնակ մայրության ծրագիրը: Ովքե՞ր կարող են լինել փոխնակ մայր:

-Փոխնակ մայրության ծրագրին դիմում են այն ժամանակ, երբ կնոջ մոտ բնածին բացակայում է արգանդը, կամ այն հեռացվել է վիրահատական ճանապարհով, երբ կինն ունի արգանդի բնածին կամ ձեռքբերովի պաթոլոգիաներ, նրա մոտ առկա են սոմատիկ հիվանդություններ, որոնք խոչընդոտում են հղիությունը կրելուն եւ ծննդաբերությանը, արգանդին կամ արգանդի լորձաթաղանթին հասցված է  չվերականգնվող վնասում, որը թույլ չի տալիս սաղմի իմպլանտացիան եւ հղիության կրումը:

Փոխնակ մայր կարող են լինել մինչեւ 35 տարեկան ծննդաբերած կանայք, ովքեր պետք է պարտադիր ունենան գոնե մեկ առողջ երեխա, ովքեր չունեն սոմատիկ, հոգեկան, գինեկոլոգիական հիվանդություններ, լիարժեք տեղեկացված են հնարավոր բարդությունների մասին: Եթե կնոջ ամուսնությունը պաշտոնապես գրանցված է, նրա ամուսինը պետք է գրավոր համաձայնություն տա այդ գործընթացը սկսելու համար:

-Բժշկուհի՛, ինչի՞ց է կախված հաջողությունը:

-Շատ կարեւոր է բժշկական տեսանկյունից ճիշտ մոտեցումը, ժամանակին անպտղության  պատճառը պարզելը, հղիության հասնելու ճշգրիտ ճանապարհը որոշելը, հղիությունը ճիշտ վարելը, բուժական ցանկացած գործառույթ ճշգրիտ կատարելը: Բայց, իհարկե, շատ կարեւոր է, որ ամուսնական զույգը վստահի բժշկին, որպեսզի այդ դժվարին ճանապարհը բժշկի օգնությամբ անցնի հավատով լցված եւ ճիշտ կատարի բժշկի կողմից տրված ցուցումները: Իհարկե, լինում են դեպքեր, որ առաջին փորձից հղիանալ չի հաջողվում, բայց չպետք է հիասթափվել, մեղավորներ փնտրել, պետք է շարունակել գործընթացը: Ծնող դառնալու բերկրանքը Աստծո կողմից տրված լավագույն պարգեւն է, եւ բոլորիս նպատակը մեկն է՝ պարգեւել զույգին առողջ բալիկ:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Դիմելիության կուլտուրան բավականին դրական փոփոխություններ է կրել, բժշկին այցելում է ամուսնական զույգը, ինչը շատ գրագետ մոտեցում է եւ կարեւոր հանգամանք: Եվ զույգերը հիմնականում լավ են տրամադրված, համերաշխ են: Աննկարագրելի հաճելի զգացողություն է, երբ նկատում ենք զույգերի շնորհակալական հայացքներն արդեն բալիկի հետ մեզ մոտ այցելության ժամանակ: Անբացատրելի ապրումներ եմ ունենում այդ պահերին, եւ դա բժիշկներիս ուժ է տալիս, քանի որ մեր աշխատանքը բավականին դժվար է, լարված, էմոցիոնալ:  

-Ո՞րն է Ձեր հաջողության գրավականը:

-Հաջողությանը բավականին օգնում են դրական մթնոլորտը, միջավայրը, լավատեսական վերաբեմունքը, իմ ու պացիենտների հավատը, հույսը: Ի վերջո, բժշկությունը մաթեմատիկա չէ, բժշկագիտության մեջ դեռ չպարզված, չբացահայտված շատ հարցեր կան:

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք մեր հանրությանը, ընթերցողներին:

-Շատ եմ ցանկանում, որ բոլորը լինեն երջանիկ, զգան ծնող դառնալու բերկրանքը: Ծնող դառնալը կյանքում առաջնային է, ուրեմն զույգը պիտի հույսով, հավատով եւ համբերությամբ լցվի, որ Աստծո կամոք հասնի իր նվիրական երազանքին: