Print this page
Անի Համբարձումյան

Անի Համբարձումյան

(0 votes)

«Կցանկանամ, որ բոլորն ունենան պայծառ տեսողություն՝ միաժամանակ ունենալով պայծառ ուղեղ»

 Բժշկությունը՝ որպես մասնագիտություն, կամային հատկանիշների բացառիկ եւ յուրօրինակ դրսեւորումներ է պահանջում: Բժշկի բնավորության առանցքային գծերից պետք է լինեն համբերատարությունն ու զսպվածությունը, նվիրվածությունն իր սիրելի գործին, միեւնույն ժամանակ, նա պետք է կարողանա լինել վճռական եւ հաստատակամ, ունենա անընդհատ կատարելագործվելու անսպառ ձգտում: Բժշկի մասնագիտության առանձնահատկություններից է նաեւ մարդկային ճիշտ հարաբերությունների ձեւավորումը: Նա գործ ունի հասարակության ամենազգայուն խմբի հետ, ուստի առաջին իսկ պահից պետք է հոգեբանական ճիշտ մոտեցում ցուցաբերի: Մնալով բժշկի համար սահմանված շրջանակներում` նա պետք է կարողանա ամենից վեր դասել վստահության եւ հոգատարության մթնոլորտը:

Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու,Աչքի բանկի տնօրեն ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ http://bestgroup.am/   կայքի հետ զրույցում նշեց.   

-Աչքի միստիկան անմեկնելի է: Չտեսնող մարդու հայացքը խամրած է, խիստ արտահայտված են վախի ու տագնապի զգացողությունները: Հաճախ ականատես եմ լինում՝ ինչպես է տեսողական խնդիրներ ունեցող մարդը վիրահատությունից կամ բուժման ընթացքից հետո լիովին փոխվում. հայացքը, շարժումները եւ նույնիսկ ձայնն այլեւս նախկինը չեն: Թերեւս սրանով է հաստատվում ու ապացուցվում աչքի՝ ներքին եւ արտաքին աշխարհների միջնորդ լինելը: Աշխարհի պատկերը ներդաշնակ է իր ամբողջության մեջ, եւ յուրաքանչյուր մասնիկի բացակայությունը խաթարում է իրական պատկերը:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվում բաժանմունքում:

-Բաժանմունքում հետազոտվում, վիրահատվում եւ բուժվում են արտաքին աչքի, եղջերաթաղանթի, անոթաթաղանթի, ցանցաթաղանթի զանազան բնույթի բորբոքումներով հիվանդներ։ Կատարվում են կատարակտայի եւ եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ, մսամոլի, խալազիոնի, եղջերաթաղանթի տատուաժի վիրահատություններ եւ այլն։

 Բաժանմունքում այժմ լայնորեն կիրառվում են նաեւ իմունոսուպրեսանտներ ուվեիտների բուժման համար, որը զգալիորեն բարձրացնում է բուժման արդյունավետությունը: 

Կուտակվել է զգալի փորձ այս դեղորայքները ստացող հիվանդների արյան հսկողության գործում (ոսկրածուծի, լյարդի, երիկամների ֆունկցիաների պարբերական քննություն): Բաժանմունքում կատարվում են նաեւ կորտիկոստերոիդների (կենալոգ, դիպրոսպան) հետին սուբտենոնյան եւ ինտրավիտրեալ ներարկումներ:

Այժմ ունենք գենետիկական լաբորատորիայի հետ համագործակցելու համաձայնություն արյան գենետիկ թեստերի կիրառման վերաբերյալ՝ ուվեիտների ախտորոշման մակարդակն առավելագույնս բարձրացնելու նպատակով (HLA-B27, HLA-B51 եւ այլն): Ներկայումս մեզ մոտ դիսպանսեր հսկողության տակ գտնվում է մոտ 1800 ուվեիտով (աչքի խոռոչի բորբոքումներ) հիվանդ։

Բաժանմունքում ներդրվել է նաեւ եղջերաթաղանթի քերուկի հետազոտությունը, եւ վերջինիս մանրադիտակային զննումն առավելագույնս բարձրացնում է ախտորոշման ճշգրտությունն ու ուղղորդված բուժման արդյունավետությունը եղջերաթաղանթի բորբոքային ախտահարումների ժամանակ: Բաժանմունքում ներդրվել է նաեւ վիրուսային կերատիտների ժամանակ պոլիմերազային շղթայական ռեակցիաների մեթոդի կիրառումը, չոր աչքի ախտորոշման թեստերը եւ արցունքատար կետիկների իմպլանտների տեղադրումը: 2013թ.-ից Հայաստանում առաջին անգամ կատարվել է խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկա (DALK) վիրահատությունը: Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում պահպանել եղջերաթաղանթի չվնասված հատվածները (շերտերը)։ Հիմնականում կատարվում է առաջնային եղջերաթաղանթի մակերեսային ախտահարումների, սպիների ժամանակ։ Այս վիրահատությունը մեր կենտրոնում բազմից իրականացվել է նաեւ ֆեմտովայրկյանային լազերի միջոցով: 1986թ.-ից սկսած՝ կենտրոնում տարեկան մոտ 150-200  հիվանդի մոտ թափանցող կերատոպլաստիկայի վիրահատություն է կատարվում, որպեսզի վերականգնվի եղջերաթաղանթի պղտորման պատճառով առաջացած կուրությունը (կեռատոկոնուս, քիմիական այրվածքներ, եղջրենու մակերեսային խոցեր եւ այլն): Սակայն խորը առաջային շերտավոր կերատոպլաստիկան մշտապես իրենից ներկայացրել եւ ներկայացնում է նորամուծություն: Սա մի վիրահատություն է, որի ժամանակ եղջերաթաղանթի միայն առաջային շերտերն են հեռացվում, փոխարինվում նոր հյուսվածքով, եւ հիվանդի եղջերաթաղանթի խորը կամ խորանիստ շերտերը պահպանվում են, դրանով իսկ մոտ 10 անգամ նվազում է նոր հյուսվածքի օտարման հավանականությունը: Այս վիրահատությունը ցուցված է այն դեպքերում, երբ հիվանդի եղջերաթաղանթի խորանիստ շերտերը դեռեւս թափանցիկ են (օրինակ՝ կեռատոկոնուս հիվանդության ոչ խիստ զարգացած ստադիաներում, եղջերաթաղանթի պղտորումների սպիերի դեպքում, երբ տուժած են միայն առաջային շերտերը):

-Իսկ ի՞նչ է կերատոպրոթեզը:

-Կերատոպրոթեզը արհեստական եղջերաթաղանթ է եւ ցուցված է այն դեպքերում, երբ մարդկային եղջերաթաղանթի փոխպատվաստումն արդյունավետ չէ, օրինակ, երբ առկա են քիմիական այրվածքներ, նախկինում եղջերենու տրանսպլանտատի բազմաթիվ օտարումներ, աչքի սպիական հիվանդություններ։ Կերատոպրոթեզավորման մեր արդյունքները տպագրվել են ԱՄՆ-ի արաջատար ամսագրերից մեկում, ավելին. պարզվում է, որ Հայաստանն աշխարհում իր փորձով զբաղեցնում է երրորդ տեղը։ Այս վիրահատությանը ենթարկվում են այն հիվանդները, որոնք տարիներ շարունակ կույր են եղել եւ կրկին տեսնելու հնարավորություն են ստանում։

-Իսկ գիտական գործունեություն ծավալվո՞ւմ է բաժանմունքում:

-Այո, զբաղվում ենք ոչ միայն բժշկական, այլեւ գիտական գործունեությամբ, որին ակտիվորեն մասնակցում են այնտեղ սովորող կլինիկական օրդինատորները' կոնֆերանսներում իրենց ելույթներով եւ տպագրված հոդվածներով:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:

 -Կան բավականին շատ բանիմաց, խելացի, պրպտող, ձգտող երիտասարդներ, որոնք ոչ միայն շատ են կարդում, այլեւ կլինիկորեն են ամեն ինչ տարբերակում: Ամեն մեկն իր յուրահատկությունն ունի, որն ավելի շատ մարդու էությունից է գալիս: Բոլորն էլ մտավախություն ունեն, որ ուղեղների արտահոսք կլինի, սակայն, օրինակ, իմ ընտանիքի անդամները երբեք այլ երկրում բնակվելու ցանկություն չեն հայտնել:

-Իսկ ինչպե՞ս եք ընտրել բժշկի անչափ բարդ աշխատանքը:

-Իմ բժիշկ դառնալուն նպաստել է, նախեւառաջ, բժիշկ ծնող ունենալու հանգամանքը: Մայրս ակնաբույժ է եղել եւ իր մասնագիտության մեջ ցուցաբերած նվիրվածությամբ մշտապես օրինակ է ծառայել ինձ համար: Հիմա երկու քույրերս էլ են բժիշկներ. մեկը սրտաբան է, մյուսը` ռադիոլոգ: Մասնագիտական բավական երկար ուղի եմ անցել, ու դեռեւս ուսանողական տարիներից ակնաբույժ դառնալու ցանկությունս շատ մեծ էր, եւ մասնագիտական գործունեությունս սկսեցի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի վնասվածքաբանական կետում: Այս աշխատանքային պրակտիկայի ընթացում մանրակրիտ ծանոթացա վնասվածքների տեսակներին, ներկա գտնվեցի վիրահատություններին:

-Բժշկուհի, աչքի հիվանդությունները երիտասարդացո՞ւմ են ապրում:

-Օրինակ, տարիքային կատարակտան եւ գլաուկոման, որոնք նախկինում կարող էին ի հայտ գալ հիմնականում ծերերի շրջանում, հիմա «երիտասարդացել» են եւ ի հայտ են գալիս միջին տարիքի՝ 40-50 տարեկան անձանց շրջանում: Սակայն, ամեն դեպքում, հստակ չեմ կարող ասել՝ դրանք իրականում երիատասարդացե՞լ են, թե դրանց բացահայտմանը նպաստում է նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը ակնաբուժության ոլորտում:  Գուցե շատ հիվանդություններ նախկինում չէին հայտնաբերվում, եւ միջին տարիքի հիվանդները դիմում էին բժշկի միայն ծայրահեղ բարդացած ՝ ոսպնյակի պղտորված վիճակում: Գուցե հիվանդների մոտեցումն է փոխվել, մեծացել է սեփական տեսողության հանդեպ ինքնագիտակցության բարձրացումը: Չմոռանանք, որ ակնաբուժությունն օրեցօր տեխնոլոգիապես զարգանում է: Կարող եմ վստահաբար ասել, որ համաշխարհային պրակտիկայում ակնաբուժական ոլորտում գործածվող բոլոր ախտորոշիչ սարքավորումները կիրառվում են նաեւ մեզանում:

-Դիմելիության կուլտուրայի մասին ի՞նչ կասեք:

-Այդ առումով փոփոխություններ նկատվում են: Ընդհանրապես տարբեր են պացիենտների մոտեցումները, քանի որ մարդիկ էլ տարբեր են իրենց էությամբ եւ մտածելակերպով: Բայց բժիշկներս երբեք չեն ընկճվում դրանից, քանի որ մենք ծառայում ենք մեր հասարակությանը՝ նրան պարգեւելով կարեւորագույնը` աչքի լույսը:

-Գո՞հ եք հայ ակնաբույժների ասոցիացիայի գործունեությունից:

-Մեր ակնաբույժների ասոցիացիայում կազմակերպչական հարցերը շատ լավ են լուծվում, կոնֆերանսներ են լինում, որոնց միջոցով տեղեկացված ենք լինում մեր ոլորտի  նորարարություններից: 2019թ.-ի աշնանը կայացավ շատ հետաքրքիր կոնֆերանս, որտեղ ներկայացված յուրաքանչյուր գործ, կարծես թե, մեզ համար հայտնագործություն լիներ: Տեղի է ունենում փորձի փոխանակություն, համագործակցություն, որպեսզի տարանջատվեն հիվանդությունները, որոշվեն առաջնահերթությունները:                                                                                                            

-Ի՞նչ կասեք սոցիալապես անապահով խավերին պետական աջակցության մասին:

-Նախկինում, երբ պետության կողմից ակնաբուժական աջակցություն էին ստանում եւ ամբողջովին անվճար վիրահատվում միայն առաջին կարգի հիվանդները՝ միայն որոշ ծախսերի համար փոքր գումար մուծելով, ապա այսօր պետպատվերի տեղերը շատացել են, եւ ամբողջությամբ ֆինանսավորվում է առաջին, երկրորդ եւ երրորդ կարգ ունեցող հիվանդների վիրահատությունը: Իսկ դա նաեւ բավականին հեշտացրել, ջերմացրել է բժիշկ-հիվանդ շփումները:                                                                                                                                   

-Որպես վերջաբան ի՞նչ կասեք։

-Որպես վերջաբան ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր երկրում բավականին դրական փոփոխություններ ենք նկատում, եւ աշխատելու շատ ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել: Կցանկանամ, որ բոլորն ունենան պայծառ տեսողություն՝ միաժամանակ ունենալով պայծառ ուղեղ: Երբ որ ուղեղը պայծառ է, բայց աչքերը չեն տեսնում, շատ ցավալի է: Իսկ երբ աչքերը տեսնում են, բայց ուղեղը չի ընկալում, դա շատ ավելի վատ է: