Արթուր Կիմի Շուքուրյան Featured

(1 Vote)
There is no translation available.

Առողջությունը ամենաթանկ  պարգևն է, որն ի վերուստ տրված է մարդուն, իսկ հավատը բժշկի հանդեպ` ամենաթանկարժեք դեղամիջոցը

Բժշկական կենտրոնները Հայաստանում մշտապես գտնվել և գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում: Մեր զրուցակիցն է ՀՀ վաստակավոր բժիշկ, քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքի ղեկավար, ՀՀ առողջապահության և Երևան քաղաքի քիթ-կոկորդ-ականջաբան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, ՀՀ վաստակավոր բժիշկ, պրոֆեսոր ԱՐԹՈՒՐ ՇՈՒՔՈՒՐՅԱՆԸ, ում հետ մեր զրույցը ծավալվեց քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

- Պարո՛ն Շուքուրյան, բժշկի մասնագիտություն ընտրելը բավականին համարձակ և ռիսկային քայլ է: Ինչպե՞ս որոշեցիք գնալ այդ պատասխանատու քայլին:

- Այստեղ մի քանի գործոն է ազդեցություն ունեցել: Անչափ կարևորում եմ այն հանգամանքը, որ ծնվել եմ բժիշկների ընտանիքում, և դեռ փոքր տարիքից, կարելի է ասել, շնչել եմ բժշկական մթնոլորտում: Այսինքն` թե՛ որպես մարդ, թե՛ որպես մասնագետ իմ ձևավորման ժամանակ ծնողներս կողքիս էին: Եվ երբ նրանք արդեն, ցավոք, կողքիս չէին, կարողացա ինքնուրույն առաջ շարժվել, որովհետև հիմքն արդեն ամուր էր դրված: Այդ առումով բախտս բերել է, և այսօր, եթե հնարավորություն տրվել կրկին մասնագիտություն ընտել, միանշանակ իմ մասնագիտությունը կըտրեի` քիթ-կոկորդ-ականջաբան:

- Մի փոքր պատմեք Ձեր անցած ճանապարհի մասին:

- Երբ սկսեցի դպրոց հաճախել, ավելի հրապուրվեցի բժշկի մասնագիտությամբ և ձգտեցի խորացնել իմ հետաքրքրությունները, գիտելիքները: Եվ հենց այդ ժամանակ էլ բժշկական ինստիուտ ընդունվելու վերջնական որոշում կայացրեցի, բայց դեռ չէի կողմնորոշվել, թե կոնկրետ որ մասնագիտությունը պետք է ընտրեմ բժշկության բնագավառից:

Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո մեկնեցի Մոսկվա, որտեղ հինգ տարի ուսումս շարունակեցի. երկու տարի մասնագիտացում` կլինիկական օրդինատուրա, երեք տարի` ասպիրանտուրա: Այնուհետև վերադարձա Հայաստան: Մասնագիտական փորձ ձեռք բերելու համար շատ եմ եղել տարբեր երկրներում, ամենաերկարատևը, թերևս, Գերմանիայի` Մյունխենի հայտնի կլինիկաներից մեկում՝ քիթ-կոկորդ-ականջաբանության հիվանդանոցում մասնագիտացումն էր, որի արդյունքում բավականաչափ մասնագիտական փորձ, տարբեր հմտություններ ձեռք բերեցի: Կարելի է առաձնացնել նաև Մոսկվայում ուսանած տարիները: Այդ ժամանակաշրջանը կյանքիս կարևորագույն էջերից է, որն իմ ձևավորման համար բավականին փորձ տվեց: Եվ հենց այնտեղից սկսվեց լսողության վերականգնողական վիրահատությունների ներդրումը Հայաստանում, որն առաջին անգամ մեզ մոտ իրականացվեց 1957 թվականին: Այդ վիրահատությունը Հայաստանում ներդրեց հայրս` հայտնի պրոֆեսոր Կիմ Շուքուրյանը, և հպարտությամբ կարող եմ ասել, որ հետագայում այդ ուղղությունն ավելի ու ավելի զարգացավ, և հիմա մենք կատարում ենք ամենաբարդ վիրահատություններից մեկը` խխունջային ներպատվաստումը, որն իրականացվում է միայն աշխարհի առաջատար կլինկաներում: Մենք շատ մեծ կապեր ունենք նաև Ֆրանսիայի հետ:

<Էրեբունի> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը հիմնադրվել է 1992թ.` մեր հայրենակից պրոֆեսոր Եղիա Կարապետյանի օգնությամբ: Նա շատ հայտնի է Ֆրանսիայում որպես առաջատար մասնագետ և առաջինն էր, որ այդ երկրում ներդրեց մանկական հասակում խխունջային ներպատվաստումը: Կնքվեց եռակողմ պայմանագիր, ստեղծվեց բաժանմունքը, ընտրվեցին մասնագետներ՝ բաժնի վարիչ, բժիշկներ, քույրեր, որոնք հետագայում ստացան հատուկ մասնագիտացում: Նախաձեռնությունն ամբողջությամբ <Էրեբունի> բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քուշկյանինն էր, ով ՀՀ Առողջապահության նախարարության հետ համատեղ ստեղծեց ՅՈՒՄԱՖ /UMAF/ կազմակերպությունը՝ ֆրանսահայ բժիշկների միությունը: Ծառայությունը հիմնադրման օրվանից առ այսօր աշխատում է բուժման և ախտորոշման ժամանակակից մեթոդներով: Վերջին տարիներին մեր ծառայության գործունեությունը ծավալվում է լսողությունը վերականգնող վիրահատությունների ուղղությամբ, որոնց իրականացումը ոլորտի մասնագիտական նվաճումներից է: Նորից ասեմ, որ խխունջային ներպատվաստման վիրահատություններ կատարվում են աշխարհի առաջատար կլինիկաներում, որոնց մեջ ներգրավված է նաև ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնը: Այս վիրահատությունները հնարավորություն են տալիս վերականգնել ծանրալսությունն ու խլությունը:

Խխունջային ներպատվաստումը (կոխլեար իմպլանտացիան) ՙԷրեբունի՚ բժշկական կենտրոնում ներդրվել է 2004 թվականից: Մեզ մոտ կատարվում է նաև նորածինների աուդիոլոգիական սկրինինգ, որի միջոցով կարողանում ենք նորածնային շրջանում բացահայտել լսողական խանգարումները: Խխունջային ներպատվաստման վիրահատությունները և նորածինների աուդիոլոգիական սկրինինգն իրականացվում են ԱՆ պետական ծրագրի շրջանակում: Մեր մասնագիտական և բժշկական սարքավորումների ժամանակակից հնարավորությունների շնորհիվ այսօր կարող ենք նորածնի ծննդյան առաջին իսկ օրերին ստուգել լսողությունն ու բացահայտել խնդիրները, ճիշտ ախտորոշում կատարել: Իսկ դա հնարավորություն է տալիս իրականացնել արդյունավետ բուժում: Սկրինինգի կարևորությունն այն է, որ թույլ չենք տալիս լսողական խնդիրը հատի քրոնիկական փուլի սահմանները, և հնարավորություն ենք ունենում բուժել այն հիվանդության սկզբնական փուլում կամ սուր վիճակում, որի պարագայում բուժումը նաև պակաս ծախսատար է: Ընդ որում, լսողական խնդիրների դեպքում ականջի մեջ խխունջային ներպատվաստումը նախատեսված է ամբողջ կյանքի համար, և համապատասխան սարքը տարիների ընթացքում երբեք չի փոխվում:

Այս տարի լռանում է մեր կլինկայի ստեղծման 25 տարին, և կարծում եմ`այդ տարիների ընթացքում բավականին արդյունավետ աշխատել ենք և շարունակում ենք աշխատել:

- Քիթ-կոկորդ-ականջաբանության ոլորտում ներկայումս ո՞ր խնդիրներն են գերակա:

- Նույն խնդիրներն են, որոնք հատուկ են նաև այլ երկրների կլինիկաներին. դրանք լսողությունը վերականգնող վիրահատություններն են, ծանր հիվանդների հաշվառումը, նրանց թե՛ բուժական, թե՛ սարքերի առումով օգնության տրամադրումը: Մյուս խնդիրը ներքթային էդոսկոպիկ վիրահատությունն է, որը վերջերս բավականին զարգացավ Հայաստանում: Կարելի է նշել նաև կոկորդի, այսպես կոչվող, ներդիտակային վիրահատությունը:

Եվ ամենակարևորը, իհարկե, ուսուցումն է ու փորձը, որը ցանկանում ենք սիրով փոխանցել մեզ հաջորդող սերնդին՝ ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և մասնագիտացողներին, ինչն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի բազայի հիման վրա: Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր կլինիկաներում` <Աստղիկ>, <Արմենիա>, <Նաիրի> և <Արաբկիր> բժշկական կենտրոններում, համալսարանի կլինիկական համալիրում: Սերտ կապեր ունենք նաև Հայաստանի տարբեր մարզերի հետ, փորձում ենք համախմբվել. ամեն ամսվա վերջին երկուշաբթին հանդիպումներ ենք կազմակերպում:

-Ըստ Ձեզ, ԼՕՌ վիրաբուժությունն այսօր զարգացա՞ծ է մեր երկրում, և բոլոր հիվանդները կարո՞ղ են բուժվել հենց մեր երկրում:

- Մենք, ամեն դեպքում, փորձում ենք ներդնել բոլոր առաջատար տեխնոլոգիաների վիրահատության ձևերը: Ես չեմ կարող բացառել նաև, որ մեր նման մասնագիտական բուժում չի անցկացվում արտերկրում: Կան դեպքեր, երբ բացակայում են տարբեր բուժսարքավորումներ, և մեր գերխնդիրն է հասնել նրան, որ ամբողջական բուժումը կատարվի մեր երկրում:

–Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:

- Կցանկանայի, որ մեր ազգը լիներ առողջ: Կոչ եմ անում, որ, ձևավորվան օրվանից սկսած, մտածեն իրենց առողջության մասին, առողջ ապրելակերպով ապրեն, սպորտով զբաղվեն, ունենան առողջ հայկական ընտանիք և հնարավորինս աջակցեն միմյանց: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատևման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր