Ամեն ոք իրենով է յուրահատուկ, պետք չէ ձգտել նմանվել որևէ մեկին
Դիմածնոտային վիրաբուժությունը բժշկության ամենապահանջված ուղղություններից մեկն է: Այս ոլորտը մշտապես կատարելագործվում է, ստեղծվում և բուժման մեջ կիրառություն են գտնում նոր մեթոդներ ու եղանակներ: Հայաստանում այսօր իրականացվում են դիմածնոտային վիրաբուժության ոլորտին վերաբերող շատ միջամտություններ` կյանքի որակի բարձրացման ուղղությամբ:
Հիվանդության բուժման գործում կարևորվում է նաև հիվանդի գիտակցական մոտեցումը խնդրին` ինքնաբուժումից խուսափելը: Ոլորտի բժիշկները ջանում են բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:
Մեր զրուցակիցն է դիմածնոտային վիրաբույժ Շուշանիկ Թովմասյանը: Հետևողական, իր գործում բարձր մասնագիտական մոտեցում ունեցող բժշկուհի, ով, չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն պաշարել է մասնագիտական գերազանց գիտելիքներ, հասցրել տվյալ ասպարեզում հստակ ու հաստատուն քայլերով առաջ ընթանալ` պատասխանատվություն վերցնելով մարդկային կյանքերի համար:
Բժշկուհին իր գործունեությամբ և նվիրումով կարծրատիպեր է կոտրել` համոզված լինելով, որ կանայք ի վերուստ որոշակի առաքելություն ունեն, պարզապես պետք է այն ճիշտ օգտագործեն:
-Բժշկուհի, խոսենք Ձեր նեղ մասնագիտացման մասին, հիմնականում ի՞նչ գործունեության եք ծավալում։
-Ես նեղ մասնագիտությամբ դիմածնոտային վիրաբույժ եմ, զբաղվում եմ դեմքի, պարանոցի, բերանի խոռոչի խնդիրների վիրաբուժական և շատ ոչ վիրաբուժական խնդիրների բուժմամբ, ինչպես օրինակ՝ վնասվածքներ և կոտրվածքներ, բորբոքային խնդիրներ, քթային շնչառության խանգարումներ և այլն, ինչպես նաև իրականացնում եմ պլաստիկ վիրահատություններ, օրինակ` բլեֆարոպլաստիկա, քթի, ականջների և ծնոտի պլաստիկա, այսինքն` ինչ կապված է դեմքի և պարանոցի հետ։
- Ձեր աշխատանքային գործունեության մեջ առավել շատ դիմածնոտային ի՞նչ խնդիրներ են հանդիպում։
- Պացիենտները հաճախ դիմում են տարբեր ֆունկցիաների շեղումների ժամանակ. քթային շնչառության խանգարում, քունք-ստործնոտային հոդի խնդիրներ, դեմքի ոսկրերի կոտրվածքներ, դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդություններ:
Շատ հաճախ պացիենտները դիմում են դեմքի էսթետիկ խնդիրների համար։ Դիմածնոտային շրջանում էսթետիկ խնդիրները շտկելու շատ վիրահատություններ կան։ Դրանցից է՝ օրինակ բլեֆարոպլաստիկան (կոպերի պլաստիկ վիրահատությունը)։ Այս վիրահատությունը շտկում թե՛ էսթետիկ, թե՛ ֆունկցիոնալ խնդիրները։
Բլեֆարոպլաստիկայի կարիք ունեցող պացիենտների մոտ տարիների ընթացքում կոպերի մաշկը կորցնում է էլաստիկությունը, առաջանում է կոպերի մաշկի կախվածություն, որը պացիենտին հաղորդում է հոգնած տեսք, ինչպես նաև՝ առաջացնում է աչքերի հոգնածություն։
Հաճախ դիմում են նաև պացիենտներ, որոնք դիմածնոտային շրջանի էսթետիկ ներարկումների կարիք ունեն:
Լայն տարածում ունի նաև բոտուլինային ներարկումը: Մեր հասարակության մեջ արդեն նկատվում է այն գիտակցումը, որ բոտուլինային ներարկումը էսթետիկ բժշկություն է, այլ ոչ թե` կոսմետոլոգիա, քանի որ այն պահանջում է դեմքի անատոմիայի և ֆունկցիոնալ ֆիզիոլոգիայի խորը գիտելիքներ։
-Ըստ Ձեզ` դիմածնոտային վիրաբուժությանը և պլաստիկ վիրաբուժությունը լրացնում և ամբողջացնո՞ւմ են միմյանց։
-Դիմածնոտային վիրաբուժությանը լրացնում է պլաստիկ վիրահատությունը, քանզի մեր պրակտիկայում հանդիպում են այնպիսի տրավմաներ, որոնց դեպքում անհրաժեշտ է կատարել թե՛ պլաստիկ, թե՛ ռեկոնստրուկտիվ վիրահատություն։
Այսօր առավել հաճախ պլաստիկ վիրաբույժները քթի պլաստիկայի դեպքում ավելի շատ շեշտադրումը դնում են արտաքին տեսքի վրա, իսկ դիմածնոտային և քիթ-կոկորդ-ականջաբանները` ավելի շատ շնչառության վրա, քանզի շատ դեպքերում այցելուները դիմում են քթի արտաքին գեղեցկության համար` չգիտակցելով հետագա շնչառական խնդիրներին բախվելու մասին։ Քանզի ամեն ոք իրենով է յուրահատուկ, պետք չէ ձգտել նմանվել որևէ մեկին, պետք է դեմքին համապատասխան քիթ ստանալ։ Եվ որպես խորհուրդ մեր ընթերցողներին կասեի, որ համացանցում լավ գովազդվողներին մի՛ շտապեք ընտրել, լավ ուսումնասիրեք այդ ոլորտը, մի՛ հիմնվեք գովազդով, քանզի միայն նկարներով և գեղեցիկ մոդելավորմամբ չես կարող պատկերացնել, թե ինչ վերջնական արդյունք կլինի պատկերում։ Ժամանակին դիմեք բժշկի, ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, և խուսափեք բարձիթողի վիճակներից։
- Բժշկուհի, կմանրամասնեք, թե ի՞նչ միջամտություն է արթրոցենտեզը:
- Մեր օրգանիզմում շատ կարևոր դեր ունեն քունք-ստործնոտային հոդերը․ դրանք երկու կողմից ստորին ծնոտը գլխի անշարժ ոսկրերին միացնող հոդերն են, որոնց շնորհիվ մենք կարող ենք բացել և փակել բերանը, շարժել ծնոտը աջ և ձախ, կամ օրինակ՝ ծնոտը առաջ բերել և միաժամանակ՝ պտտելով բացել։
Շարժումների այս բացառիկ ազատությունը հնարավոր է քունք-ստործնոտային հոդերի յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ․ այն ունի աճառային սկավառակ՝ ստորին ծնոտի հոդային գլխիկի և հոդային փոսիկի միջև։ Այդ աճառային սկավառակը կարողանում է ստորին ծնոտի շարժումներին համահունչ՝ սահել հոդային փոսի նկատմամբ՝ առաջ և հետ, մինչդեռ ստորին ծնոտի հոդային գլխիկը՝ այդ ընթացքում կարող է սկավառակի ստորին մակերեսի նկատմամբ՝ պտտվել։
Սակայն այս յուրահատուկ կառուցվածքը բերում է նաև յուրահատուկ խնդիրների, երբ որոշ բացասական գործոնների արդյունքում՝ աճառային սկավառակի սահումը հոդային փոսիկի նկատմամբ՝ դառնում է ոչ համահունչ, որը ի վերջո բերում է հաճախակի հանդիպող՝ հոդում կտտոցների և ճտտոցների առաջացմանը։ Այդ խնդիրը ավելի խորանալով՝ կարող է բերել աճառային սկավառակի դեֆորմացիայի և ի վերջո՝ ծնոտի շարժումների սահմանափակման։
Այդ պատճառով՝ շատ կարևոր է խնդիրների առաջացման վաղ փուլում միջոցներ ձեռք առնել՝ այս արատավոր օղակը վերացնելու համար։
Նման միջոցներից է՝ քունք-ստործնոտային հոդի քիչ ինվազիվ միջամտություն, որի ժամանակ՝ ներարկիչների օգնությամբ մուտք է գործվում հոդի աճառային սկավառակի և հոդային փոսիկի միջև գտնվող տարածություն և կատարվում է լվացում՝ ֆիզիոլոգիական լուծույթով: Այս միջամությունը կոչվում է արթրոցենտեզ։
-Ի՞նչ կասեք իմպլանտների մասին: Արդյո՞ք լինում են դեպքեր, երբ օրգանիզմը որպես օտար մարմին չի ընդունում իմպլանտը:
-Ատամների իմպլանտացիան ժամանակակից ստոմատոլոգիայում չափազանց կարևոր մասն է, նրա առավել կարևոր ուղղություններից մեկը։ Ատամնային իմպլանտը արմատի ձևը կրկնող կոնստրուկցիա է՝ պատրաստված բիոիներտ տիտանե համաձուլվածքից, որը լրիվ համատեղելի է մարդու օրգանիզմի հետ և չի առաջացնում ալերգիկ ռեակցիաներ: Այսօր գրեթե 90-99 տոկոս դեպքերում իմպլանտը բիոլոգիապես լիովին համապատասխանում է օրգանիզմին և բաղադրության և կառուցվածքի հաշվին այնպես է պատրաստված, որ ընկալվում է օրգանիզմի կողմից լիարժեքորեն, և հազվադեպ են լինում դեպքերը, երբ չի ընկալվում իմպլանտը։ Հայաստանում բավականին վերելք է ապրում այս ուղղությունը, և հանրությունը մեծ տեղ է արդեն տալիս իմպլանտներին, որոնք իրականում օրգանիզմին վնաս չեն հասցնում:
- Արդյո՞ք հասցնում եք անցնել մասնագիտական վերապատրաստումներ։
-Այո, իհարկե, վերջերս մասնակցեցինք Վրաստանում կազմակերպված կոնֆերանսի։ Բժիշկը պետք է միշտ լինի նորարարությունների զարկերակին, հակառակ դեպքում, եթե դոփես տեղում, ուրեմն այլևս որպես բժիշկ կայացած չես:
-Ամուսին բժիշկներ, իրականում արդո՞ք դժվարություններ լինում են, թե՞ լրացնում եք մեկդ մյուսին։
-Ասեմ ավելին, մեր ընտանիքում կա 4 բժիշկ, ամուսնուս ծնողներն էլ բժիշկներ են, ամուսնուս հայրը' ատամնաբույժ է, մայրը՝ մանկաբույժ։ Մեր ընտանիքում երբեք տարաձայնություններ չեն լինում, մենք մեկս մյուսիս լրացնում ենք, ցանկացած հարցում աջակցում միմյանց, և փառք Աստծո, կա ներդաշնակություն մեր ընտանիքում։
-Իսկ որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը առողջ լինի, հետևի իր առողջությանը, տարին գոնե մեկ անգամ այցելի բժշկի` կանխարգելիչ նկատառումներից ելնելով: Առողջություն և բարեկեցություն ամենքին:Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատևման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է: