ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆ

(0 votes)
There is no translation available.

Ի սկզբանե որոշակի խելքի, մտածողության տեր մարդիկ են կարողանում ինտեգրվել բժշկության մեջ

Մանկական վիրաբուժությունն առողջապահության բնագավառի չափազանց կարեւոր ուղղություններից է, որը միավորում է մանկաբուժությունն ու վիրաբուժությունը: Ընդհանրապես բժիշկ դառնալու ամենակարեւոր պայմանը պետք է լինի մասնագիտությունը սիրելը, ինչպես նաեւ՝ ջանք ու ֆինանս չխնայելը մասնագիտական գիտելիքները եւ փորձը խորացնելու համար: Անընդհատ նորություններ կան, եւ անընդհատ պետք է սովորել, ամենօրյա համառ ու տքնաջան աշխատանք տանել: Սեփական անձից շատ պիտի սիրես բժշկությունը, որ գրանցվեն լավ արդյունքներ:

http://bestgroup.am/  կայքի զրուցակիցն է, մանկական վիրաբույժ, ուրոլոգ, «Արաբկիր» բժշկական համալիրի կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարման ծառայության ղեկավար ԱԼԲԵՐՏ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԸ հենց վերոնշյալ հատկանիշների կրող է։ Բժշկի խոսքերով՝ իրենց մոտ լապարասկոպիկ, ցիստոսկոպիկ, նեֆրոսկոպիկ, Էնդոսկոպիկ վիրահատություններ կատարվում են նորագույն մեթոդներով ու աշխարհի լավագույն կլինիկաներում ընդունված կանոններով, եւ դրանց արդյունքները բավականին տեսանելի են ու խոսուն: Բաժանմունքում վիրահատությունն արագ, պրոֆեսիոնալ իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, իսկ դա անչափ կարեւոր է, երբ խոսքը երեխայի կյանքի մասին է։ Բուժանձնակազմը օրվա ընթացքում շատ լարված է աշխատում, քանի որ իրենց հաճախ են դիմում անհետաձգելի՝ ուրգենտ վիրահատությունների խնդրով՝ տարբեր վնասվածքներով եւ  բարդացման դեպքերով: Ըստ նրա՝ բժշկի աշխատանքում շատ կարեւոր են աշխատասիրությունն ու նվիրվածությունը, ու, երբ երեխայի ու ծնողի հետ անցնում ես բազմափուլային բուժում, հետաքրքիր կապ է ստեղծվում բժշկի եւ պացիենտի միջեւ, որը պահպանվում է նաեւ հետագայում։

-Որո՞նք են մանկական շրջանում ամենաշատը հանդիպող վիրաբուժական հիվանդությունները։

-Զարգացման արատներից ամենահաճախ հանդիպողը բնածին աճուկային ճողվածքներն են, որոնք պլանային վիրահատություն են պահանջում: Շտապ վիրահատություն պահանջողներից ամենահաճախ հանդիպողը սուր ապենդիցիտն է: 

-Ձեր արմատներում կա՞ն բժիշկներ։

-Ինձնից առաջ միայն երջանկահիշատակ պապիկս է բժիշկ եղել: Վաստակավոր բժիշկ էր՝  ավելի քան 60 տարվա աշխատանքային փորձով, թոշակի անցավ 85 տարեկանում: Սկզբում եղել էր տեղամասային բժիշկ, հետո ռենտգենոլոգի մասնագիտացում էր ստացել, շատ ճանաչված եւ հարգված բժիշկ ու անձնավորություն էր: Իմ՝ բժիշկ դառնալուց հետո արդեն եղբայրս, քույրս են բժշկի մասնագիտությունն ընտրել:

-Իսկ ձեր երեխաները մասնագիտական ուղղվածություն ունե՞ն արդեն:

-Իմ երեխաները 13 եւ 10 տարեկան են եւ երբ հայտնեցին բժիշկ դառնալու իրենց  ցանկության մասին, ես փորձեցի իրենց բացատրել բժշկի մասնագիտության դժվարությունները։ Բժիշկը սովորում է շատ ավելի երկար, քան մնացած բոլոր, նույնիսկ ամենաբարդ ինժեներական մասնագետները, սովորում է նվազագույնը 7-8 տարի, չունի ազատ եւ հանգստյան օրեր, ընտանիքի, հարազատների եւ շրջապատի, ընկերների համար՝ ժամանակ: Բժիշկը պարտավոր է լինել հիվանդանոցում հաճախ շաբաթ, իսկ, եթե ծանր հիվանդ կա, նույնիսկ կիրակի օրը: Բժիշկը տոն, հանգիստ չունի, անընդհատ լարված է, 24 ժամ լսում է դժգոհություն, բողոք, գանգատ, դժբախտության է ականատես լինում: Եվ այդ ամենը խլում են նրա էներգիան, ուժերը… Սկզբնական շրջանում փորձում ես ապրել սովորական մարդկանց նման, շրջապատ, ընկերներ ունենալ եւ այլն, բայց տարիների ընթացքում այնպես է ստացվում, որ բոլորն արդեն սկսում են քեզ հիշել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը կամ լավ չի, մահանում է կամ արդեն մահացել է… Ու ոչ բոլորն են կարողանում երկար դիմանալ, եւ պաշտոնական վիճակագրությամբ բժիշկների կյանքի միջին տեւողությունը շատ ավելի կարճ է, քան մնացած բոլոր մասնագետներինը: Բացի այդ, բժշկի վարձատրությունը ոչ մի ձեւով չի տարբերվում մնացած բոլոր մասնագետների վարձատրությունից: Այսինքն՝ նա ավելի շատ է ուսմանը ժամանակ տրամադրում, ավելի բարդ ճանապարհ է անցնում մինչեւ մասնագետ դառնալը, ամբողջ կյանքում շարունակում է սովորել, բայց այդ հոգեբանական ու ֆիզիկական լարվածությունը ըստ արժանվույն չի փոխհատուցվում պետության, գործատուի, ապահովագրական ընկերության կողմից: Ես նրանց խորհուրդ եմ տալիս ընտրել ցանկացած այլ մասնագիտություն, լինել լավագույնների մեջ… Ու, եթե չլիներ սերը բժշկության հանդեպ, հավանաբար մեկ օր էլ չէի  դիմանա այս գերլարվածությանը: Բայց, եթե նորից մասնագիտություն ընտրելու հնարավորություն ունենամ, էլի կընտրեմ մանկական վիրաբույժի աշխատանքը:

-Ո՞ւմ  եք համարում Ձեր ուսուցիչը։

-Իմ ուսուցիչները շատ են՝ սկսած դպրոցական, ուսանողական տարիներից, ու ես կարողացել եմ տարբեր ժամանակների նրանց տվածը ընկալել եւ դասավորել, այսպես ասած, համապատասխան դարակների մեջ: Բժիշկը չպետք է դոփի տեղում, պետք է ձգտող, պրպտող լինի, եթե դադարեց զբաղվել իրենով, ուրեմն նա արդեն բժիշկ չէ: Մարդը ծնողներից, շրջապատից, բոլորից էլ սովորելու բան ունի: Նեղ մասնագիտացման մեջ ուսուցիչ եմ համարում «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար պրոֆեսոր Արա Բաբլոյանին, մանկական վիրաբույժ Սպարտակ Ղազարյանին, Սահակ Առաքելյանին, Կառլեն Ղուշչյանին, Կարապետ Շաքարյանին, ով եղել իմ ամբիոնի վարիչը, երբ կլինիկական օրդինատուրա էի անցնում: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր բարձր որակի մասնագետներ են եւ ջանք ու եռանդ չեն խնայել ինձ սովորեցնելու համար: Ընդհանրապես բժշկությունը չի դոփում տեղում, ու պետք է միշտ հետեւես նորարարությունների զարկերակին, ամենօրյա աշխատանքային պրակտիկայով նոր բան սովորես: Հնարավոր է՝ ուսանողն էլ մի նորություն ասի, որը քեզ համար կլինի ուսանելի:

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, մեր ապագա բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

-Ունենք լավ  ուսանողներ, ովքեր ուզում են սովորել, ձգտող են, պրպտող: Ընդհանրապես միջակություններն իրենց բժշկության մեջ չեն փնտրում, փորձում են ընտրել այլ ոլորտ: Ի սկզբանե որոշակի խելքի, մտածողության տեր մարդիկ են կարողանում ինտեգրվել բժշկության մեջ: Իսկ սովորելու հնարավորություններն այսօր բավականին մեծ են, ավելի հեշտ է սովորելը, քան մեր տարիներին էր: Միայն ցանկություւն է պետք։

-Վերապարաստումների հասցնո՞ւմ եք մասնակցել։

-Բժշկության մեջ վերապատրաստումներ անցնելը պարտադիր է, որովհետեւ լիցենզիայից կզրկվես, եթե առնվազն հինգ տարին մեկ չվերապատրաստվես: Մասնակցել եմ վերապատրաստումների Մոսկվայում, Մինսկում: Պարբերաբար արտերկրից գալիս են տարբեր նեղ մասնագիտացումներով բժիշկներ, ովքեր համատեղ ցուցաբերում են բուժօգնություն, տեղի է ունենում փորձի փոխանակում, եւ նրանց հետ մեր կապը հետագայում պահպանվում է: Որոշ վերապատրաստման ծրագրերի մասնակցելու համար վճարում է կենտրոնը, որոշ դեպքերում (իհարկե, շատ հազվադեպ)` հովանավորը կամ ինքներս ենք հոգում ծախսերը… Տարբեր տեսակի ինֆորմացիաների, դրանց իրարամերժության, ժամանակի ընթացքում ծավալների անմարսելիության հետեւանքով այսօր բոլորս ինֆորմացիոն սթրեսի մեջ ենք: Այլ կերպ ասած, ունես ինֆորմացիա, բայց այն տիրապետելու, յուրացնելու, ընկալելու ժամանակ չունես: Պահանջներն են շատացել, եւ ես ամեն օր աշխատանքից հետո հետեւում եմ նորարություններին, ու, հարկ եղած դեպքում, գործընկերներով դրանք քննարկում ենք։

-Ասոցիացիաների դերը Ձեր նեղ մասնագիտացման մեջ։

-Ասոցիացիաները շատ կարեւոր գործառույթ են իրականցնում, այն շարժիչ ուժն են, որ առաջ են տանում ամենաարագ զարգացող բժշկությունը, ուղեցույցներ են մշակում:

-Հիշո՞ւմ եք Ձեր կողմից իրականացված առաջին վիրահատությունն ու ապրումները։

-Առաջին վիրահատությունը ամբիոնի վարիչ Կարապետ Շաքարյանի ղեկավարությամբ իրականացրել եմ կլինիկական օրդինատորայում սովորելու առաջին տարին: Իհարկե, շատ էի ոգեւորվել, բայց դրանով երկար տարվելու ժամանակ չկար. մեր կենտրոնում աշխատանքը բավականին շատ է։

-Ըստ Ձեզ, պետությունն այսօր ըստ արժանվույն գնահատո՞ւմ է բժշկին: 

-Կցանկանայի, որ մեր պետությունը բժշկին ավելի ճիշտ գնահատի, եւ ամեն առիթով բժիշկը չհայտնվի քննադատությունների թիրախում: Բժիշկներն ու մանկավարժներն են հիմնականում մեր ազգի ապագան ստեղծում, բայց պատշաճ վերաբերմունքի չեն արժանանում: Նախկինում բժշկին շատ ավելի էին հարգում, քան հիմա, եւ ինտերնետ պորտալն այդ առումով բավականին վատ ազդեցություն է ունենում, ընդ որում, տղամարդկանց մոտ դա շատ ավելի ցայտուն է արտահայտվում: Ոչ ոք պատասխանատվություն չի կրում իր արածի եւ ասածի համար, բայց չպետք է մոռանալ, որ քո ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ դիմացինիդ արդեն վիրավորանք ես հասցնում: Մարդու ազատությունն իրականում անսահմանափակ չէ: 

-Իսկ որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը, գործընկերներին։

-Առաջինը. կցանկանամ, որ չհիվանդանան, հիվանդանալու դեպքում էլ ինքնաբուժությամբ չզբաղվեն, դեղատնային բուժում չանցնեն, դիմեն բժշկի: Իսկ բժիշկներին հորդորում եմ աշխատել խղճով, չանել անիմաստ հետազոտություններ, բուժումներ, վիրահատություներ, անիմաստ կոնսուլտացիաների չուղարկել, առաջնորդվել այս երեք ոսկե կանոնով. «Անել այն, ինչ պարտադիր է, փորձել անել այն, ինչ կարելի է, բայց ոչ պարտադիր, չանել այն, ինչ պետք չէ կամ չի կարելի»: Եվ միայն այդ դեպքում կարող եք քնելուց առաջ հանգիստ խղճով գլուխներդ դնել բարձին: Աշխատեք խելքով՝ գումարած ուղեցույցներով, ձգտեք ինչ-որ բանով օգտակար լինել ձեզ շրջապատողներին, ընտանիքին, պետությանը, որպեսզի կյանքը  անիմաստ չլինի: Առողջ եղեք, սիրեք ինքներդ ձեզ։

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր