Լիանա Մարկոսյան

(0 votes)
There is no translation available.

Ես իմ աշխատանքը արվեստ եմ համարում. բժիշկ-կոսմետոլոգ

Ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը: Հավելենք, սակայն, որ առանց առողջության՝ ոչինչ արժեք չունի, իսկ երբ համադրվում են գեղեցկությունն ու առողջությունը, ևս մեկ քայլով մոտենում ենք կատարելությանը:

Այսօր ոչ միայն կանայք, այլև տղամարդիկ են հետևում սեփական արտաքինին, ինչը, անշուշտ, չափազանց ուրախալի և ողջունելի է. միշտ էլ առաջին տպավորությունն այլոց վրա թողնում է մարդու արտաքինը: 

Թերևս շատերը կհամաձայնվեն, որ թե՛ կնոջ, թե՛ տղամարդու պարագայում մաքուր, հարթ ու գեղեցիկ մաշկը որոշիչ դեր ունի գեղեցիկ ու խնամված արտաքին ունենալու գործում:

Անձամբ լինելով իսկական գեղեցկուհի՝ բժիշկ-կոսմետոլոգ, «I Clinic» էսթետիկ կոսմետոլոգիայի կենտրոնի ղեկավար Լիանա Հրաչիկի Մարկոսյանն արդեն քանի՜ տարի է՝ բառի բուն իմաստով արարում է գեղեցկություն՝ հնարավորինս պահպանելով մարդուն ի վերուստ տրված բնական հմայքը:

Մեր ընթերցողներն արդեն կռահեցին՝  http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն  բժիշկ-կոսմետոլոգ Լիանա Մարկոսյանը, որի հետ զրուցեցինք ամենատարբեր թեմաների շուրջ՝ սկսած «I Clinic» կենտրոնի գործունեությունից, վերջացրած հայ կանանց ակումբ ստեղծելու հիանալի մտահղացմամբ:

-Պատմեք, խնդրեմ, թե ինչով է զբաղվում Ձեր կենտրոնը:

-Մենք զբաղվում ենք ինչպես մաշկի բուժմամբ, այնպես էլ՝ տարիքային և ոչ տարիքային էսթետիկ խնամքով: Այստեղ գալիս են մաշկի խնդիրներ ունեցող մարդիկ, երբ կա բուժման անհրաժեշտություն, կատարում ենք մաշկը գեղեցկացնելու, երիտասարդացնելու պրոցեսներ: Մեզ դիմում են տարբեր տարիքային խմբերի այցելուներ, ինչպես նաև՝ տարբեր սեռերի: Մեզ մոտ չկա տարանջատում, հուրախություն մեզ՝ տղամարդիկ ևս խնամվում են Հայաստանում և սիրում են գեղեցիկ երևալ, ժամանակակից տենդենցներին համապատասխան՝ շատ անգամ բոտոքսի են դիմում, շատ անգամ՝ ֆիլլերների միջամտության, սակայն այնպես չէ, որ դա նորաձևության պահանջն է, այսինքն՝ շուրթերի մեծացում չենք անում, բայց փոքր-ինչ բնականին մոտ շտկումներ արվում են դեմքի վրա:

-Երբվանի՞ց է հաճախակի դարձել տղամարդկանց դիմելիությունը: 

-Վերջին երկու տարիներին գրագետ մոտեցումը մեծացել է, տեղեկատվության պակաս չկա, և կարողանում են հասկանալ, որ դա իրենց ևս պետք է, ոչ միայն կանանց:

-Իսկ տղամարդկանց ո՞ր տարիքային խումբն է ավելի հաճախ դիմում:

-Շատ ավելի երիտասարդ տղաներ են գալիս՝ ակնեի խնդրով և պոստակնեի հետքերի բուժման համար, իսկ այլ դեպքերում հիմնականում շտկում ենք ավելորդ պապիլոմաների աճը, վերացնում ենք, այրում, դա արվում է լազերի օգնությամբ… Դիմում են նաև տարիքային փոփոխությունների համար, երբ արդեն կան միմիկայի թեթև կնճիռներ: Նշեմ, սակայն, որ այստեղ խնդիրն այլ է. մենք չենք փորձում շատ մեծ ծավալներով գործ անել, որպեսզի տեսքը լինի մաքսիմում տղամարդկային և չնմանվի կնոջ, բոտոքս էլ շատ չենք կիրառում, որ աչքերը շատ չբարձրանան, և դիմագիծը չփոխենք: Կանանց դեպքում մի քիչ այլ է, հեշտ է դիմագիծ փոխելը, տղամարդու դեպքում գեղեցիկ չի լինում:

-Ո՞ր տարիքային խմբի կանայք են ավելի հաճախ դիմում:

-Ունենք 20 տարեկանից սկսած, 16 տարեկան այցելուներ ևս, երբ դեռահասության շրջանում մաշկային խնդիրներ են առաջանում, և առհասարակ նրանք, ովքեր հիմնականում ուզում են խնամվել, մնացած դեպքերում տարվա մեջ չորս սեզոն պետք է խնամվել: Եթե երիտասարդ կին է, երիտասարդ աղջիկ է, չունի խնդիր, գոնե երեք ամիսը մեկ մաշկի վրա պիտի ինչ-որ շերտազատման պրոցես կատարվի, որպեսզի 25 տարեկանից հետո, երբ արդեն միմիկայի ծերացման նշանները երևում են, չդրսևորվեն: 

Ներարկումների համար ավելի հաճախ դիմում են 30-40 տարեկանները, 40-50 տարեկանները վերջին մեկ տարում է, որ արդեն գրեթե եկել են այն գիտակցության, որ անպայման պետք է ներարկումների համար դիմել, այսինքն՝ ոչ միայն ուղղակի տարիքային մեխանիկական պրոցեդուրաների, այլև ներարկումային: Նրանց շրջանում շատ մեծ է վախը, մտածում են, թե արդյոք ներարկումը չի՞ բերի հետագա վատացման:  Ո՛չ, հակառակը, նման պրոցեդուրաները չեն թողնում, որ պրոբլեմատիկ վիճակն ավելի խորանա, և անգամ այն վիճակը, որ կար, չի վերադառնում՝ նույնիսկ եթե չկրկնեն և ոչինչ չանեն հետագայում:

-Ո՞րն է լուծումը, մարդիկ ինչպե՞ս և ումի՞ց պիտի ճիշտ տեղեկություններ ստանան, որ չերկմտեն կոսմետոլոգի դիմելիս:

-Փորձում ենք գրագետ տեղեկություն տալ՝ թեկուզ մամուլի միջոցով, եթերների միջոցով, որ մարդիկ ավելի ճիշտ մոտեցում ցուցաբերեն:

Սակայն լինում է նաև հակառակը. մարդիկ երբեմն չափից ավելի հաճախ են դիմում: Նման դեպքերում մենք  խորհուրդ ենք տալիս մտածել՝ արդյոք կարիք կա՞ ավելիի,  որովհետև կան կանայք, որոնք չեն համբերում մեկ ամիս, անընդհատ նույն պրոցեդուրան ցանկանում են կրկնել: Այդ ուղղությամբ էլ փորձում ենք հոգեբանական աշխատանք տանել: Չափից դուրս տարվել արտաքինով և՛ սխալ է, և՛ վտանգավոր: 

-Բժշկուհի՛, հիմա շատ է խոսվում այն մասին, որ բնականը գեղեցիկ է: Ինչպե՞ս եք կարողանում չհատել այդ գիծը, պահպանել բնականությունը:

-Ամեն ինչ պիտի արվի շատ փոր դեղաչափով՝ և՛ ֆիլլերները, և՛ բոտեքսը: Քանակական և խտության առումով մենք աշխատում ենք չանցնել նորմաները: Բոտոքսի դեպքում եթե ես փորձում եմ անջատել միմիկան, ապա չեմ անջատում ամբողջությամբ, թողնում եմ, որ միմիկան աշխատի, մարդն ունենա շարժում, ժպիտ, զայրույթ, ուրախություն: Դրանք անջատում էին տասը տարի առաջ: Եթե նկատել եք, հին հոլիվուդյան՝ տիկնիկի նմանվող դերասանները չէին ժպտում, սառած տիկնիկի կերպար էին: Այսօր արդեն այլ մեթոդներ կան, որոնք կարող ենք օգտագործել, օրինակ՝ նոսրացված բոտեքս, բեյբի բոտեքս կամ մեզոբոտեքս: Դրանք բերում են կնճիռի վերացման, բայց ոչ՝ միմիկայի անջատման: Այդ տեխնիկաների միջոցով պահպանվում է բնական դեմքը: Մենք վերացնում, մաքրում ենք տարիքը, բայց թողնում ենք մարդու ինքնությունը, մարդու ժեստերը, միմիկաները, որոնք բնորոշ են հենց իրեն:

-Որևէ պրոցեդուրայից հետո խնամք պահանջվու՞մ է:

-Անշուշտ: Գործի մեծ մասը մերն է, բայց կիսով չափ էլ հաճախորդներինն է, որովհետև պրոցեդուրայից հետո հատուկ խնամք է պահանջվում. եթե գնացին տուն ու պիլինգ արած կամ սրսկված դեմքին արևապաշտպան կրեմ չքսեցին, դուրս եկան արևի տակ զբոսնելու, հնարավոր է՝ շատ ավելի լաքաներ լինեն, քան օգուտ՝ պոցեդուրայից:

-Հայաստանում քանի՞ տարի է, ինչ կիրառվում է բոտեքսը:

-Կարծում եմ՝ մինիմում 15 տարի կա, որ արդեն լայնորեն կիրառվում է, պարզապես մեզ մոտ քիչ էր պրոդուկցիան, դեղորայքային այս չափի մեծ հոսք վերջին մեկուկես տարում է: Մենք աշխատում ենք եվրոպական նյութերին ավելի մեծ նախընտրություն տալ, որովհետև այնտեղ առողջապահական ստանդարտներ կան, որոնք շատ բարձր որակ ունեն:

-Դուք նշեցիք, որ անգամ 16 տարեկանների խումբ կա, փաստորեն՝ եթե հաշվի առնենք, որ չափահասությունը 18 տարեկանից է, ենթադրելի է, որ կան այնպիսի գործողություններ, որոնք կատարելու համար ծնողի համաձայնությունը պարտադիր է:

-Անպայման: Ես 16 տարեկանին համարում եմ երեխա. ամեն դեպքում, երբ անգամ մազահեռացման կուրս ենք սկսում, հաշվի է առնվում տվյալ անձի առողջական վիճակը, և շատ հաճախ երեխան չգիտի իր առողջական վիճակի մասին: Անպայման պարտադրում ենք, որ մայրը կամ որևէ հասուն մեկն ընտանիքից լինի իր հետ, և անմիջապես չենք սկսում ոչ մի պրոցեդուրա: 18-ն արդեն չափահաս է, և ըստ օրենքի՝ մարդը կարող է որոշել անգամ ֆիլլեր կամ բոտեքս անել դեմքի վրա, ամեն դեպքում՝ դարձյալ խորհրդատուն մենք ենք լինում՝ արժե՞ արդյոք գնալ դրան, թե՞ ոչ: 

16 տարեկանից սկսվում են մազահեռացման ծրագրերը, մինչ այդ չի թույլատրվում, եթե լազերային ծրագրեր են, որպեսզի լիարժեք հասունացման պրոցեսներն անցած լինեն, և մենք տանք արդյունք: Այս դեպքում էլի վնաս չենք տալիս, բայց գոնե արդյունքի համար հաշվի ենք առնում օրգանիզմի գրեթե հասունացած էտապը:

սկ այլ բժիշկների հետ համագործակցու՞մ եք, Ձեր հաճախորդների մոտ որևէ խնդիր նկատելիս՝ նրանց ուղղորդու՞մ եք համապատասխան մասնագետի մոտ՝ հետազոտության: 

-Անպայման,  հիմնականում աշխատում եմ էնդոկրինոլոգների և գինեկոլոգների հետ զուգահեռ կոնսուլտացիայից հետո միայն սկսել պրոցեդուրան: Այդպես պատահում է հիմնականում այն դեպքերում, երբ աղջիկները գերմազոտ են լինում, նաև գիրացման խնդիր են ունենում, երբ լինում է ձվարանների պոլիկիստոզ, անդրոգենների խախտման խնդիր, այդ դեպքերում արդեն պարտադրում ենք բուժում, որովհետև մազահեռացման ծրագիր սկսելն անիմաստ է դառնում: Միայն բուժումից հետո՝ երրորդ ամսից սկսած, անգամ դեղերի ֆոնի վրա կարող ենք կատարել:

-Բժշկուհի՛, եթե մի բառով բնորոշեք Ձեր գործունեությունը, ի՞նչ կասեք, Դուք ինչո՞վ եք զբաղվում:

-Ես իրականում իմ աշխատանքը արվեստ եմ համարում, որովհետև ամեն մարդու հետ ուրախանում եմ, եթե իրենք գոհ ու երջանիկ են ստացված տեսքից, որովհետև ինչ-որ չափով ես եմ ստեղծում իրենց նոր կերպարն ու դիմագիծը, և մարդու դրական արձագանքը ամենամեծ գնահատականն է: 

-Ես աշխատում եմ իմ սիրած մասնագիտությամբ, օգնում եմ և կարծում եմ՝ նաև լուծում եմ շատ հոգեբանական հարցեր: Երբեմն կանայք ուղղակի ուզում են գալ ու զրուցել, շատ հաճախ ես մտածում եմ նաև ապագայում, երբ կորոնավիրուսային  չարիքն ավարտվի, ստեղծել կանանց ակումբ՝ ոչ միայն հենց էսթետիկ կենտրոն, այլև առանձին հենց կանանց ակումբ, որտեղ պարզապես կգան այն կանայք, որոնք ուզում են զրուցել իրար հետ, ու շատ է լինում, որ այստեղ գալիս, իրար հետ ընկերանում են, ցանկանում են միմյանց հետ շփվել: Սա նաև շատ հոգեբանական հարցեր է լուծում, երբ դու կարողանում ես ընկերանալ, օգնել և գեղեցկացնել:

-Ձեզ մոտ կա՞ հոգեբանի առանձին հաստիք:

-Այս պահին ոչ, բայց հուսով եմ՝ երբ նշածս կենտրոնը լինի, կլինեն նաև հոգեբաններ, մարդու ինքնագնահատականը բարձրացնող մասնագետներ, որովհետև կնոջը շատ անգամ իր ինքնագնահատականի անկումն է բերում նրան, որ ինքն ուզում է շատ բան փոխել, մինչդեռ առհասարակ փոխելու կարիք չկա. կարելի է գեղեցկանալ որոշակի  շտկումներով, լինել խնամված, բայց անընդհատ փոփոխությունների չդիմել: Դա շատ կարևոր գործոն է, ես մտածում եմ, որ ցանկացած միջամտություն, անգամ՝ ֆիլլերների կամ այլ միջոցների կիրառմանը երբ կինը դիմում է, անպայման հոգեբանի խորհրդատվություն էլ է պետք, որովհետև դիմագիծ փոխելը ներքին եսի փոփոխություն է. արդյոք ինքը պատրա՞ստ է կրել այդ փոփոխությունը:

-Խոսեցինք քովիդից. այս պայմաններում ինչպե՞ս եք աշխատում, դժվա՞ր չէ:

-Բավականին դժվար է, բայց քանի որ մարդն առանց ապրելու իր բնականոն ռեժիմով՝ ուղղակի կմահանա ավելի շուտ, քան քովիդը կսպանի, փորձում ենք մաքսիմում անվտանգության մեթոդներ կիրառելով աշխատել, դիմակայել, որովհետև երբ կարիքը կա գեղեցկանալու, ինչքան էլ մարդիկ վախենում են, կա նաև հոգեբանական այլ կողմ, որ մարդը սովոր է իր կյանքի ռիթմին և չի կարող իրեն այդքան կաղապարել:

-Բժշկուհի, ըստ Ձեզ՝ մեր կանանց ի՞նչն է պակասում:

-Հայաստանաբնակ հայ կանանց հատկապես սեր է պակասում, ես շփվում եմ նաև այլ երկրներում ապրող հայ կանանց հետ, որոնք շատ ինքնավստահ են և շատ կարևորում են իրենց բարձր ինքնագնահատականը։

-Ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր:

-Կարծում եմ՝ այդքան տղամարդիկ չէ, որքան հենց իրենք՝ կանայք, որովհետև իրենք նվիրում են իրենց ամբողջությամբ, նվիրում են երեխային, ամուսնուն, ընտանիքին և ամենավերջում՝ իրենք իրենց… 

-Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին:

-Առաջին հերթին կուզեմ, որ լինեն առողջ՝ մարմնով և հոգով, որովհետև ցանկացած դեպքում, երբ առողջ ես, և հոգիդ խաղաղ է, դու արդեն գեղեցիկ ես, իսկ մնացած դեպքերում՝ խնամվել,  տրամադրել ժամանակ ու միջոցներ՝ սեփական տեսքի համար:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր