ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆ Featured

(0 votes)
There is no translation available.

Պետք է պայքարել մայրանալու նվիրական երազանքի համար

Մայրանալը աշխարհի ամենամեծ հրաշքն է, սակայն, ցավոք, ոչ բոլոր կանանց է վիճակված վայելել այդ երջանկությունը: Մեր օրերում հաճախ հանդիպող սթրեսները, նյարդային ապրումները, բազմաթիվ այլ գործոններ իրենց բացասական ազդեցությունն են ունենում կանանց վերարտադրողական համակարգի վրա եւ հաճախ անպտղության պատճառ են դառնում։ Ամուսնական զույգերի մեծ մասը, ունենալով պտղաբերության հետ կապված խնդիրներ, սեփական ուժերին վստահելով,  երկար ժամանակ չի դիմում  որակյալ  մասնագետի, ավելին,  օգտագործելով այլընտրանքային դեղամիջոցներ, ժողովրդական բժկության մեթոդներ,  ավելի է խորացնում արդեն իսկ առկա խնդիրները։ Կանանց անպտղությունն արդյունավետորեն հաղթահարելու համար հարկավոր է դիմել  որակյալ  մասնագիտացված  կլինիկա: «Աստղիկ» բժշկական կենտրոնն ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծնարան, հմուտ մանկաբարձ-գինեկոլոգներ եւ նեոնատոլոգներ։ http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության կլինիկայի ռեպրոդուկտոլոգիայի բաժանմունքի կլինիկական ղեկավար ՄԱՐԻՆԱ ՄԿՐՏՉՅԱՆՆ է, ով աշխատել է պրոֆեսոր Օրվիետոյի ղեկավարության ներքո, վերապապատրաստվել Մոսկվայում՝ ակադեմիկոս Վ.Կուլակովի անվան մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում, անցել վերապատրաստումներ Բարսելոնայում: Հաճելի կին ու հետաքրքիր զրուցակից է, ով իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու բացառիկ գիտելիքների շնորհիվ կանանց մայր դառնալու մեծագույն պարգեւը շնորհելու, կյանքը լիաթոք վայելելու շնորհակալ գործն է անում:

-Բժշկուհի, որքա՞ն ժամանակ հետո երեխա չունեցող ամուսնական զույգը պետք է դիմի բժշկի։ Ո՞րն է անպտղության տարիքային շեմը:

-Ըստ ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), եթե կինը մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կանոնավոր (ոչ թե ամիսը կամ մի քանի ամիսը մեկ) սեռական կյանք վարելու արդյունքում չի հղիանում, պետք է անպայման դիմի գինեկոլոգին։ Կնոջ վերարտադրողականության համար երիտասարդ է համարվում մինչեւ 35 տարեկան տարիքը: Իսկ ռեպրոդուկտիվ շրջան համարվում է մինչեւ 45 տարեկանը, որից հետո կինը կարող է հղիությունը կրել դոնորական ձվաբջիջով: Աղջիկ երեխան, լույս աշխարհ գալով, ունենում է ձվաբջիջների պաշար, որը տարիների ընթացքում սպառվում է, եւ 45 տարեկանից հետո մնում  է մի քանի բջիջ, իսկ մինչեւ դաշտանադադարը կարող է ընդամենը 1-2 հատ մնալ: Համաշխարհային վիճակագրության համաձայն, հղիանալու հավանականությունը 40-41 տարեկանում կազմում է 5-7, 42-43 տարեկանում՝ 1-5, 43-44 տարեկանում՝ 2-3, իսկ 45 տարեկանից հետո` ընդամենը  0.1 տոկոս: Նման դեպքերում խորհուրդ ենք տալիս անցնել դոնորական ձվաբջիջներով հղիության մեթոդին: Կինն անցնում է հետազոտությունները, որոնք կարող են տեւել 1-2 ամիս, եւ բուն խնդիրը գտնելուց հետո անցնում ենք, այսպես ասած, հստակ գործողությունների:

Անպտղության հանգեցնող հորմոնալ խանգարումերից ամենատարածվածը վահանագեղձի խնդիրն է, քանի որ Հայաստանը գտնվում է յոդ-նեգատիվ գոտում: Այդ գեղձի բարձր ցուցանիշի հետեւանքով կարող է ձվազատում չլինել, կամ էլ ձվաբջիջը նորմալ չզարգանա։ Վահանագեղձի խնդրի հետեւանքով հաճախ կինը գիրանում է, ճարպային հյուսվածքն սկսում է շատանալ, ճարպային բջիջները կանանց հորմոնը արյան միջից վերցնում, պահեստավորում են: Ճարպակալումն ազդում է ողնաշարի համակարգի վրա, եւ գեր կանայք հղիության ու ծննդաբերության ժամանակ բախվում են բավականին մեծ խնդիրների. կարող է առաջանալ երակների լայնացում եւ այլն, եւ այլն: Ճարպակալումից խուսափելու համար կինը պիտի հետեւի սննդակարգին, շատ հացաբուլկեղեն չօգտագործի, պարբերաբար կատարի ֆիզիկական վարժություններ, շատ քայլի, մարմնի զանգվածը նվազեցնելու եղանակներ գտնի, խուսափի սթրեսներից: Վերոնշյալ խնդիրների դեպքում մեր աշխատանքը պետք է համակցված լինի բժիշկ էնդոկրինոլոգի հետ, պետք է ստուգել նաեւ կրծքագեղձերը, ու, եթե կա  երակների, անոթների խնդիր, աշխատանքը պետք է համակցվի նաեւ անոթաբանի հետ: Այս համակցված խնդիրների լուծման դեպքում արդեն անցնում ենք հղիության պլանավորմանը: Հիշեցնեմ, որ կանանց կոնսուլտացիաների գործառույթի մեջ չի մտնում վահանագեղձի անալիզի պարտադիր հանձնումը, ուստի կանայք պետք է իրենց նախաձեռնությամբ դա անեն։ Եթե համապասխան բուժման դեպքում կրկին հղիություն չի գրանցվում, դիմում ենք արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) օգնությանը: Կնոջ մոտ պետք է լինի փողերի անցանելիություն, կատարվի ձվազատում, պետք է ստուգել տղամարդու սերմնահեղուկի որակը, տղամարդն էլ պետք է անցնի որոշ հետազոտություններ:

Եթե ԱՄԲ-ի  դեպքում էլ կնոջ հետ կապված խնդիրներ լինեն, ամուսնու համաձայնության դեպքում անցնում ենք դոնորական բեղմնավորման: Այդ ժամանակ օգտագործում ենք մինչեւ 35 տարեկան կանանց ձվաբջիջները, եւ այդ դոնոր կանայք պետք է առնվազն մեկ երեխա ծննդաբերած, լիարժեք առողջ լինեն, վատ սովորույթներ չունենան, մի խոսքով՝ ունենան այն ամենը, ինչ անհրաժեշտ է կնոջը լիարժեք առողջ բալիկ լույս աշխարհ բերելու համար: Եվ նրանք նույնպես անցնում են համապատասխան հետազոտություններ:

-Ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:

-Բարեբախտաբար, կան երիտասարդ զույգեր, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում ընտանիք կազմելու իրենց մտադրությանը, արդեն նախօրոք այցելում են մասնագետի։ Լինում են դեպքեր, երբ քաղաքացիական ամուսնությամբ ապրող զույգեր են գալիս մեզ մոտ, ասում, որ պատրաստվում են ամուսնանալ, բայց մինչ այդ ցանկանում են անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները։ Դրանք, իհարկե, ուրախացնող փաստեր են, սակայն, ընդհանուր առմամբ, մեզ ավելի շատ դիմում են բավականին ուշ: Ցավոք, շատ կան ամուսնական զույգեր, որ մեկ տարի, նույնիսկ ավելի երկար ժամանակ կանոնավոր սեռական կյանք վարելուց հետո երեխա չունենալու դեպքում էլ չեն դիմում մասնագետին։ Մինչդեռ, նույնիսկ վեց ամսվա ընթացքում չհղիանալու դեպքում անհրաժեշտ է գոնե նախնական հետազոտություն անցնել, եւ կարող է պարզվել, որ չհղիանալու լուրջ պատճառ չկա, ու բուժման միջոցով հնարավոր է հեշտությամբ խնդիրը լուծել:

-Կանայք գիտակցո՞ւմ են, որ ինքնուրույն չհղիանալու դեպքում կարելի է դիմել այլ եղանակի։

-Այո, նման գիտակցություն արդեն ձեւավորվել է, պարզապես արտամարմնային բեղմնավորումը բավականին թանկ հաճույք է, եւ շատ զույգեր տարիներ շարունակ երեխա չեն ունենում, սակայն ֆինանսական վիճակի պատճառով այդ քայլին չեն դիմում: ԱՄԲ-ն բեղմնավորման այն գործընթացն է, որի ժամանակ կատարվում է կնոջ ձվարաններում գտնվող ֆոլիկուլների խթանումը հատուկ դեղորայքներով, որից հետո կատարվում է ֆոլիկուլների պունկցիա եւ ձվաբջիջների հավաքում: Այնուհետեւ ստացված ձվաբջիջները ուղարկվում են սաղմնաբանական լաբորատորիա, որտեղ ձվաբջիջը մարմնից դուրս միացվում է սերմնաբջջին։ Սերմնաբջջին միացնելուց հետո ձեւավորվում է սաղմ, որը մի քանի օրվա ընթացքում շարունակում է զարգացումը, ապա պատրաստի սաղմը տեղադրվում է կնոջ արգանդում: Մնացածը կախված է կնոջ օրգանիզմից, ինչպես ասում են՝ կարեւորը Աստծո կամքն է. կա՛մ հղիանում, առողջ երեխա է լույս աշխարհ բերում, կա՛մ չի հղիանում, կա՛մ հետագայում վիժում է սկսվում։ Մեր ռեպրոդուկտոլոգիայի բաժնում հաջողությամբ իրականցված հղիությունները վարում ենք առաջին փուլից մինչեւ ծննդաբերության շրջան, իսկ կենտրոնն  ունի անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ծնարան, հմուտ մանկաբարձ գինեկոլոգներ եւ  նեոնատոլոգներ։

-Իսկ գենետիկ հետազոտություններ արվո՞ւմ են, որպեսզի ի սկզբանե բացառվեն շեղումները։

- Եթե պարզվում է, որ ծնողները գեների հետ կապված խնդիրներ ունեն, զույգերին ուղարկում ենք գենետիկայի կենտրոն, որտեղից համապատասխան տեղեկանք են բերում։ Կան կանայք, ովքեր մի քանի անգամ վիժել են, եւ այդ դեպքում եւս պատճառը պարզելու նպատակով գենետիկ հետազոտություն ենք նշանակում: Բացի այդ, կատարվում է սաղմի գենետիկ նախիմպլանտացիոն հետազոտություն (PGD):

-Ի՞նչ է փոխնակ մայրությունը:

-Փոխնակ մայրությունը կնոջ կողմից երեխայի կրումը եւ ծննդաբերումն է մեկ ուրիշ անձի կամ անձանց համար, որոնք երեխայի ծննդից հետո դառնալու են նրա ծնողները: Ծրագրին դիմելու ցուցումներն են՝ արգանդի բացակայությունը, արգանդի խոռոչի կամ վզիկի այն դեֆորմացիաները, որոնց դեպքում կարգավորումը կա՛մ անհնարին է, կա՛մ արդյունավետ չէ: Ցուցումներից են նաեւ էնդոմետրիումի ախտաբանությունները (սինեխիաներ, արգանդի խոռոչի աբլիտերացիա, էնդոմետրիումի ատրոֆիա), երբ էմբրիոնների տեղափոխման կրկնվող փորձերից հետո կինը չի հղիանում, երբ տեղի են ունենում գենետիկ ախտաբանությունների հետ կապ չունեցող սովորութային վիժումներ: Փոխնակ մայր կարող է դառնալ 20-35 տարեկան, հոգեպես եւ ֆիզիկապես լիովին առողջ կինը: Պարտադիր պայման է առնվազն մեկ սեփական երեխայի առկայությունը: Կարեւոր է նաեւ անամնեզում արգանդի վիրահատոթյունների բացակայությունը: Մինչեւ ծրագրի մեջ ընդգրկվելը փոխնակ մոր թեկնածուն պետք է անցնի հետազոտությունների պարտադիր կոմպլեքս: Նոտարի միջոցով իրակակացվում եւ հաստատվում են իրավական պահերը: Իրավական կարգավորման ուղղությամբ  Հայաստանում նոր նախագծեր կան: Նախկինում, եթե ե՛ւ կինը, ե՛ւ տղամարդը չէին կարող ծնող դառնալ, նրանք չէին կարող մասնակցել նաեւ պետության կողմից աջակցվող ծրագերին, պետք է զույգից գոնե մեկը պարտադիր ի վիճակի լիներ ծնող դառնալ: Բայց այսօր, փառք Աստծո, կա այդ հնարավորությունը, վերջերս էլ այդ նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ի կողմից: Այսօր շատ կրթված, իրենց տեղը կյանքում գտած կանայք միայն կարիերայում հաջողություն հասնելուց, իրենց ապահովելուց հետո են ցանկանում մայրանալ, բայց նախկինում չէին կարող երեխա որդեգրել, քանի որ ընտանիք չունեին: Մենք մինչեւ 37 տարեկան չամուսնացող կանանց ձվաբջիջները կարող ենք սառեցնել, ու, եթե, ասենք, նա 43-44 տարեկանում ամուսնանա, կարող ենք հղիանալու համար օգտագործել այդ սառեցված ձվաբջիջը: Օժանդակող ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաները մեր օգնությամբ այդ կանանց մայր դառնալու բերկրանքը վայելելու հնարավորություն են տալիս: Հայաստանում ընդունված է, որ մինչեւ 53 տարեկան կինը կարող է նման մեթոդի շնորհիվ մայրանալ, սակայն վերջերս մեր պացինետը 53 տարեկանում դարձավ զույգ երեխաների մայր:

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ զույգերին։

-Պետք է պայքարել մայրանալու նվիրական երազանքի համար, հույսները չկտրել, լինել լավատես, իսկ մենք կօգնենք: Ամեն դեպքում Բարձրյալի դերը մեծ է մարդու ստեղծման գործում, ուստի հավատով լցվեք առ Աստված, վստահեք ձեր բժշկին, եւ կիրականանա հրաշքը:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր