Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը
Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաճախ բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուրը կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։ Ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող է պահպանել առողջությունը, փրկել կյանքեր։
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը Հայաստանում առաջատար բազմապրոֆիլային մասնագիտացված բուժհաստատություն է, որը մատուցում է ուռուցքաբանական կլինիկական ծառայությունների ողջ սպեկտրը` ներառյալ ախտորոշումը, քաղցկեղի բոլոր տեսակների համալիր բուժումը և հիվանդների հետագա հսկողությունը։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանաության բաժանմունքի բժիշկ-քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանը իր հաջողության գաղտնիքը վաղուց է հասկացել. դա սերն է իր հիվանդների հանդեպ: Կարող ես լինել լավագույն մասնագետ, սակայն եթե չի ձևավորվոմ բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, շատ ավելի դժվար է հաղթահարվում հիվանդությունը:
-Բժշկուհի, որո՞նք են քիմիաթերապիայի դրական և բացասական կողմերը։
- Քիմիաթերապիա անվանումն արդեն նշանակում է, որ այն բացասական կողմ միանշանակ կունենա, քանի որ դեղորայքի մեծ մասը ստեղծվում է քիմիական նյութերից։ Կողմնակի ազդեցություններ իհարկե կան, քանզի դրանք ոչ միայն ազդեցություն են ունենում ուռուցքային բջիջների վրա, այլ նաև առողջ բջիջների վրա։ Արդյունքում լինում է մազաթափություն, սրտխառնոց, թուլություն, լուծ և այլն։
-Ո՞րն է թիրախային թերապիան։
-Թիրախային թերապիա նշանակում է, որ առկա է բջջային մակարդակում մի թիրախ, որը կապվում է այս կամ այն դեղորայքի միջոցով։ Թիրախը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հեռացված հյուսվածքը ենթարկել հյուսվածքաբանական, այնուհետև իմունոհիստոքիմիական հետազոտության, որի ժամանակ նաև իրականացվում է մուտացիաների որոշում։ Դրանք հաճախ կիրառվում են որոշակի պաթոլոգիաների դեպքում` ինչպես թոքի, աղիքի, կրծքագեղձի, այսօր արդեն նաև կանանցի օրգանների ուռուցքների դեպքում։ Հիմնականում կատարվում են բոլոր օրգան համակարգերի թիրախային մուտացիաների որոշում, և երբ հայտնաբերվում է որևէ մուտացիա, համապատասխան դեղորայքային բուժում է իրականացվում: Դրանք դժվարամատչելի դեղորայքներ են։ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված է պետպատվերի շրջանակներում միայն կրծքագեղձի մինչև III փուլի ուռուցքների դեպքում թիրախային թերապիա, Her 2 new մուտացիան +3 հայտնաբերման դեպքում։ Նշանակվում է Հերցեպտին դեղամիջոցը, որը հիվանդները ստանում են անվճար։
-Հասարակություն մեջ ձևավորվել է մի թյուր կարծիք, որ առանց բացահայտելու բուն ուռուցքի առաջացման պատճառները, միանգամից նշանակում են քիմիաթերապիա։
-Բացառվում է նման բան, հստակ եմ դա ասում, մեր բժշկական կենտրոնում` առավել ևս։ Մինչև մանրակրկիտ չհետազոտվի հեռացված գոյացությունը կամ բիոպտատը, ոչ ոք քիմիոթերապիայի չի դիմի: Օրինակ բերելով թոքի ուռուցքը` ասեմ, որ լինում է երկու տեսակի. ինչպես կարող է բժիշկը նշանակել քիմիաթերապիա, եթե չգիտի, թե որ տեսակի է ուռուցքը։ Կրծքագեղձում էլ լինում է երեք տեսակի։ Հնարավոր է լինի այն փուլում, որ քիմիաթերապիա չնշանակվի, նշանակվում հակահորմոնալ բուժում։ Մենք երբեք չենք սկսում բուժումը, մինչև չհասկանանք, թե ինչ ուռուցքի հետ գործ ունենք։
Հիվանդին ուռուցքի մասին ասվում է։ Կան բուժառուներ, որոնք գիտակից են մոտենում իրենց խնդրին։ Եթե հարազատներն ու բարեկամները գիտեն, որ բուժառուն իր տեսակով գերզգայուն է և չի կարող հեշտ տանել ընթացքը, խնդրում են, որ ավելի լավ է չիմանա հիվանդության մասին։ Այսօր մենք էլ ենք այլ երկրների նման ընտրում այն տարբերակը, որ եթե հիվանդը մենակ է գալիս, ստիպված ենք լինում դեմառդեմ արդեն ներկայացնել խնդրի լրջությունը։
Վերջին տարիներին քաղցկեղը երիտասարդացում է ապրել, դրա պատճառը կարողը լինել ստրեսային իրավիճակները, սննդակարգը, ապրելակերպը։ Դրանք իրենց հետքը թողնում են նաև հիվանդության ընթացքի վրա. բուժված հիվանդի ստրես տանելուց հետո հիվանդությունը կարող է նորից գլուխ բարձրացնել։ Ստրեսը թուլացնում է օրգանիզմը, և սկսում են բոլոր խնդիրները գլուխ բարձրացնել:
Ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիան առաջին անգամ կատարել են ՌԴ-ում Ա.Ի. Հերցենի անվան գիտահետազոտական կենտրոնում, ստամոքսի ուռուցքային հիվանդությունների ժամանակ, որովայնամզի ախտահարման դեպքում։ Բուժումն իրականացվում է քիմիաթերապիայի մի քանի կուրսից հետո, հաջորդում է տվյալ թերապիան, այնուհետև շարունակվում է քիմիաթերապիան։ Սա պալիատիվ միջամտություն է , որը հնարավորություն է տալիս երկարացնել բուժառուի կյանքը։ Այսօր մեր հանրապետությունում հակաքաղցկեղային մեթոդները համալրվել են ևս մեկով: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կիրառվում է ներորովայնային աէրոզոլային քիմիաթերապիայի մեթոդը:
-Շատ հաճախ բուժառուները հրաժարվում են բուժօգնությունից։ Ձեր հետագա քայլերը որո՞նք են։
- Բուժառուին մանրամասն բացատրվում է հնարավոր բացասական երևույթների մասին հրաժարվելու դեպքում։ Երբ կոնկրետ քիմիաթերապիայից հրաժարվում է, և եթե ցուցված է բուժման ալտերնատիվ եղանակներ՝ ճառագայթային թերապիա, կամ վիրահատություն, կատարվում է տվյալ մասնագետների հետ խորհրդատվություն։ Իսկ եթե հրաժարվում են բիոպսիայից, առաջարկվում է էքստիզիոն բիոպսիա, ոչ թե պունկցիոն, այլ հեռացման եղանակով, հյուսվածք ստանալով, որից շատ չեն հրաժարվում, որքան ասեղային բիոպսիայի դեպքում է։ Ներկա պահին բոլոր հետազոտություններն իրականացվում են սոնոգրաֆիայի հսկողությամբ` անգամ դժվարամատչելի մասերում: Եթե մասնագետը գտնում է, որ ինքը չի վնասի մեկ այլ օրգան բիոպսիայի ժամանակ, գնում է դրան, որի արդյունքում բավականին հեշտացել է մեր աշխատանքը, երբ որովայնը չի հատվում, լապորասկոպիկ եղանակով կամ թեկուզ ասեղային եղանակով ստանում ենք նյութ, հիվանդներն էլ են շուտ վերականգնվում, մենք էլ մեր բուժումը կարողանում ենք շուտ սկսել։
-Ո՞ւմ եք համարում Ձեր ուսուցիչը:
- Բժշկագիտության մեջ իմ առաջին ուսուցիչը եղել է իմ հայրը` բ.գ.դ.,պրոֆեսոր Ն.Լ.Ասլանյանը, որը իմ մյուս դասախոսներից զատ, ուսանողական տարիներին շատ է օգնել ինձ հասկանալ` ինչ է բժշկագիտությունը, բուժառուների հետ շփվելու եղանակը, մասնագիտության մեջ նրբություններն ըմբռնելը։ Նեղ մասնագիտացման մեջ ինձ համար ուսուցիչ կարող եմ համարել ավագ սերնդի մեր ֆանարջյանական ողջ թիմին. այստեղ ես աշխատում եմ շուրջ 20 տարի, օրդիանտուրաս եմ այստեղ անցել, բոլոր բժիշկները, ում հետ աշխատել եմ, ինձ տվել են ավելին, քան պետք է մասնագետ դառնալու համար։ Շատ բան եմ սովորել պրոֆեսոր Հ.Մ. Գալստյանից, մեր բաժանմունքի վարիչից`պրոֆեսոր Գ.Խ. Բադալյանից, մեր բաժանմունքի բժիշկներից, անհատապես անուններ չեմ նշում, բոլորից էլ շատ բաներ եմ սովորել և շարունակում եմ սովորել, քանի որ բժշկությունը իր տեղում կանգնած չէ, և ամեն օր մի նոր բան կա սովորելու։
-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին:
-Երիտասարդ կադրերը պրպտող են, ձգտող իրենց համար հիմա ավելի հեշտ է, քան մեր ուսանելու տարիներին էին, հիմա ինտերնետային դարում ամեն ինչ հասանելի է, վերապատրաստումներին կարող են առցանց հետևել, այսօր ամեն ինչ հեշտացել է, դարձել հասանելի։ Երտասարդների մեջ կան շատ խոստումնալից կադրեր։
Իսկ ընդհանրապես ասելիքս սա է, որ բոլորը պարբերաբար հետազոտվեն . երբ հիվանդությունը վաղ փուլերում է հայտնաբերվում, ավելի հեշտ է բուժումը: Ուռուցքները փոխվել են իրենց բնույթով, հին դեղորայքն այդքան էֆեկտիվ չէ, և կանխարգելիչ բուժման համար ցանկալի է ունենալ տարեկան 1 կամ երկու ստուգում` թեկուզ սոնոգրաֆիա կամ ռենտգեն հետազոտություն, արյան անալիզ: Մեր հետևողական աշխատանքի շնորհիվ հիմա մարդիկ ավելի վաղ են դիմում։
-Բժշկուհի´, որպես վերջաբան` Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Կմաղթեմ, որ մեր հասարակությունը լինի ավելի ներողամիտ, բարեկիրթ, բժշկին դիմելու կուլտուրան բարձր մակարդակ ունենա, բժշկի հանդեպ հարգանքն ավելի մեծանա, որովհետև բժշկի ուսերին դրված է շատ մեծ պատասխանատվություն: Ճիշտ և գրագետ ախտորոշումից է կախված բուժման ճիշտ տակտիկան։ Բոլոր բժիշկներն էլ հասարակ մահկանացուներ են, ունեն անձնական խնդիրներ ու ներաշխարհ: Էական չէ, թե բժիշկը քանի կյանք է փրկում, բայց երբ մի փոքր բացթողում է լինում, դա, ցավոք, նրա համար դառնում է ճակատագրական: Բոլոր բնագավառներում հաղթանակը բոլորինն է, պարտությունը` մեկինը: Ու նաև շատ կարևոր է հասկանալ, որ կյանքի ճանապարհը երկար և բարդ է, երբեմն էլ՝ չհուսադրող, սակայն պետք է գիտակցել, որ երբեք և ոչ մի այլ երկրում չես գնահատվի այնպես, ինչպես քո հայրենիքում։ Եվ թող երբեք չմարի ձգտումն ու հավատը, և, հավատացեք, մշտապես հաջողությունը կժպտա: