ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

(0 votes)

Առողջապահական առաջնահերթ խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է

http://bestgroup.am/ կայքի  զրուցակիցն է  Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մանկական բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի դոցենտ ՌՈՒԶԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է, ով Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգում երկարատեւ ու անմնացորդ աշխատանքի, ինչպես նաեւ բժշկագիտության զարգացման գործում ներդրած զգալի ավանդի համար միշտ գնահատվել եւ գնահատվելու է հանրության կողմից: Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժշկուհին իր գործի գիտակն է, բազմաթիվ մարդկանց աչքերի լույս է վերադարձրել, մշտապես բարձր պահել եւ, վստահ ենք, բավականին երկար տարիներ կշարունակի բարձր պահել Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի բազմավաստակ անունն ու կոչումը:

-Բժշկուհի՛, ի՞նչ է իրենից ներկայացնոմ «ծույլ աչքի» համախտանիշը:

-«Ծույլ աչքի» համախտանիշը մեր մանկական ակնաբույժների առաջնային լրջագույն խնդիրներից է, քանի որ հետագայում նույնիսկ գիտական վերջին նորարակական մոտեցումները չեն ներգործի այդ աչքի վրա, եթե փոքր տարիքից աչքը չաշխատի: Այսինքն, մենք ամեն ինչ անում ենք, վաղաժամ ծնված երեխայից սկսած, որպեսզի «ծույլ աչքը» չզարգանալու համար լույսը աշխատեցնի երեխայի աչքի ցանցաթաղանթը: Հակառակ դեպքում, եթե պացիենտը 18-20 տարեկանում մեզ մոտ գա 2-5 տոկոս տեսողությամբ, հնարավոր չի լինի նրա տեսողությունը վերականգնել: Դրա պատճառն այն է, որ դադարում է գործել գլխուղեղի հետ կապը, ինչի շնորհիվ վերարտադրվում է պատկերը տեսանելի աչքի հատակում: Դա այդպես է, որովհետեւ աչքն արդեն չի ընկալում ինֆորմացիան: Իսկ, եթե աչքը աշխատեցնում են փոքր տարիքում, դրա վրա հետագայում կարելի է կատարել այն գործողությունները, որոնց շնորհիվ հնարավոր է լինում վերականգնել տեսողությունը: Այդ իսկ պատճառով բոլոր ակնաբույժներն աշխատում են գերծանրաբեռնվածությամբ, իսկ տեսողական խնդիր ունեցող երեխաներն էլ պետք է տարին առնվազն 2-3 անգամ ծնողների հետ այցելեն բժշկի: Մեզ մոտ բուժումն իրականացվում է թե՛ սարքավորումների միջոցով, թե՛ տնային պայմաններում, ու, եթե անհրաժեշտություն է զգացվում, վիրահատում ենք, որպեսզի ազատվենք այդ «ծույլ աչքի» խնդրից: Հակառակ դեպքում, ինչպիսի լազեր էլ լինի, հետագայում չի արթնացնի «քնած աչքը»:

-Ո՞րն է «ծույլ աչքի» զարգացման պատճառը:

-«Ծույլ աչքը» կարող է զարգանալ աչքի թեք դիրքից, տարբեր օպտիկական հնարավորություն ունեցող աչքերի դեպքում: Կարող է մեկ աչքում առկա լինել կատարակտա, մյուսում՝ ոչ, կամ բեկող միջավայրերում կարող է որեւէ այլ խնդիր լինել, որը կարող է խանգարել տեսողության զարգացմանը: Այդ իսկ պատճառով բոլոր բուժական մեթոդները պետք է կարգավորել փոքր տարիքից, անհրաժետության դեպքում, ինչպես նշեցի, վիրահատություն կամ կորեկցիա կատարել ու հասցնել երեխային այնպիսի տարիքի, երբ կարելի կլինի օգնել նրան օգտվելու գիտության վերջին սերնդի նորարարական մեթոդներից, հանել ակնոցը, կոնտակտային ոսպնյակը կամ այլ անհրաժեշտ մեթոդ կիրառել: «Ծույլ աչքի» տարբեր տեսակներ կան, եւ յուրաքանչյուր դեպքում, սկսած հետծննդյան 2-3 ամսականից, պայքարում ենք երեխայի տեսողության զարգացման համար:

-Ո՞ր տարիքային շեմում է հնարավոր վիրահատություն իրականցնել:

-Իհարկե, ընդունված է, որ աճման պրոցեսները կանգ են առնում 21 եւ ավելի բարձր տարիքից հետո, եւ պացիենտը զննվում է 20 տարեկանում, համեմատում ենք 1 տարվա ընթացքում, ու, եթե բոլոր օբյեկտիվ քննության տվյալների մեջ դեռեւս փոփոխություն չի հայտնաբերվում, պրոցեսը կայուն է, առաջարկում ենք համապատասխան մեթոդներ: Այսօրվա ինտերնետային դարում, ավելի վաղ սովորելու եւ ավարտելու պայմաններում կրճատվում է այդ տարիքային շեմը: Վիրահատական միջամտություն կարելի է կիրառել բնածին կատարակտայի, բնածին գլաուկոմայի, տարբեր տեսակի ախտահարումների, ցանցաթաղանթի վրա առկա տարբեր խնդիրների դեպքում: Մեր նպատակը մեկն է՝ խուսափել հիվանդության տարատեսակությունից, գիտության ցանկացած մեթոդ, այդ տարիքին հասանելի բոլոր կորեկցիաները կիրառել, որպեսզի պացիենտն ունենա լավ տեսողություն, քանի որ, հակառակ դեպքում, հետագայում լազերային գործողությունները երեխայի համար կդառնան անհասանելի:

-Ինչի՞ց կարող է առաջանալ ցանցաթաղանթի վնասում:

-Ընդհանրապես ցանցաթաղանթի առողջական վիճակը հետազոտվում է հենց երեխայի՝ մեզ դիմելու առաջին օրվանից, իսկ վաղաժամ ծնվածների (2 կիլոգրամից ցածր քաշ ունեցող եւ 30 շաբաթականից փոքր) ակնահատակը ծնվելուց 2-4 շաբաթ հետո պարտադիր զննում ենք: Դա մեզ համար արդեն սուրբ կանոն է: Նշեմ, որ վաղաժամ ծնվածները պարտադիր հետազոտվում են նեոնատոլոգների եւ մանկական ակնաբույժների կողմից, քանի որ նրանց ցանցենին լիարժեք անոթավորված չի լինում, եւ ստուգվում է, թե ինչպես է ավարտվում անոթավորումը, որը պետք է տեղի ունենար ներարգանդային կյանքում: Մենք հետեւում ենք, որպեսզի անոթավորումը ճիշտ զարգանալու պայմաններ ստեղծվեն եւ այդ ուսումնասիրությունների ժամանակ երբեմն տեսնում ենք, որ աչքի ակնահատակը կարող է առաջիկայում ենթարկվել նեկրոզի: Սա առիթ է դառնում նաեւ վիրուսոլոգիական հետազոտությունների համար: Արյան մեջ սուր պատկերի առկայության դեպքում պետք է տարվի հակավիրուսային բուժում, որպեսզի երեխան անդառնալիորեն չզրկվի մնացյալ ցանցաթաղանթի առողջ հյուսվածքներից, չզրկվի տեսողությունից: Եթե ամուսնական զույգի անամնեզում կրկնակի վիրուսային ախտահարում է ի հայտ եկել, մինչեւ հղիության պլանավորումը ցանկալի է մանրամասն հետազոտվել, ստանալ համապատասխան բուժում:

-Աչքի համար նախատեսված բուժական վարժություններն ո՞ւմ կողմից են մշակված:

-Դրանք բժիշկների՝ տասնյակ տարիների փորձից ելնելով են ընդունվել, որոնք, ի մի բերելով, ստեղծվել է մի կանոն, որի նպատակը մեկն է. հնարավորություն տալ, որպեսզի աչքը որպես օպտիկական համակարգ կարողանա հարմարվել ամենամոտ եւ ամենահեռու տարածություններին, այսինքն՝ զարգացնել մի ֆունկցիա, որ կոչվում է ակոմոդացիա, աչքի հարմարողականությունը զարգացնել, որպեսզի պացինտը տեսնի ե՛ւ շատ մոտիկը, ե՛ւ շատ հեռուն: Ընտրվել են հայտնի գիտնականների կողմից մշակված մատչելի վարժություններ՝ հիմնված ինքակառավարման յոգայի սկզբունքի վրա: Բայց այն բոլորին հասանելի չէ եւ կիրառելի չէ տան պայմաններում: Բացի այդ, ծնողներին հորդորում եմ, որ երեխաներին չզրկեն իրենց մանկությունից, խաղերից, քանի որ բակային խաղերի ժամանակ էլ նրանք բավականին մեծ տեսադաշտ եւ տեսահորիզոն են ունենում: Աշխարհում առողջապահական առաջնահերթ խնդիրը հիվանդությունների կանխարգելումն է, բայց ժամանակին բուժական ճիշտ քայլերի շնորհիվ էլ բազմաթիվ խնդիրներ կարող են գրեթե լիարժեք վերանալ:

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր