ՄԱՐԳԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ Featured

(0 votes)

Թունելի վերջում միշտ լույս կա

Հոգեկան առողջությունը լիարժեք ֆիզիկական, մտավոր եւ սոցիալական բարեկեցության վիճակ է,  դա պարզապես հիվանդության կամ թուլության բացակայություն չէ, եւ, եթե խանգարվում է, անհրաժեշտ է բուժում հոգեբույժի կողմից: Հոգեկան առողջության վերաբերյալ ավելի լավ գնահատական ​​ստանալու համար սովորությունը պահանջում է փորձագիտական ​​օգնություն: Հոգեբուժությունը բժշկության այն ոլորտն է, որը ներառում է հոգեկան, վարքային եւ հուզական խանգարումների ախտորոշում, բուժում եւ կանխարգելում: Հոգեբուժության ժամանակակից ուղղությունների մասին http://bestgroup.am/ զրուցեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ, Հայկական բժշկական ինստիտուտի հոգեբուժական ցիկլի ղեկավար, դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի, «Սթրես կենտրոն»-ի բժիշկ հոգեբույժ, «Magnus» արտահիվանդանոցային հոգեբուժական կենտրոնի տնօրեն ՄԱՐԳԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ հետ:

-Շատերը խուսափում են այցելել հոգեբույժի, ո՞րն է դրա պատճառը:

-Հետխորհրդային հանրապետություններում հոգեբույժի մասին ավելի շատ բացասական կարծիք կար, ըստ որի, նրա մոտ գնում էին միայն այն մարդիկ, ովքեր  ունեին հոգեկան խանգարում: Բացի այդ, հոգեբուժությունը ընկալվում էր որպես այլախոհներին պատժելու, ոչ թե բուժելու միջոց: Այդ է պատճառը, որ դարեր շարունակ հոգեբուժությունը համարվում էր «ստիգմա», «դրոշմ»: Հիշում եմ, երբ ես մանկական հոգեբույժ էի աշխատում, նկատում էի, որ իմ այցելուները, կարծես թե պատահական, նստում-սպասում են նյարդաբանի աշխատասենյակի դիմաց:  

Հետագայում սկսեցին հոգեբուժությունը կապել նյարդաբանության հետ՝ հիմնվելով այն տեսակետի վրա, որ մարդու ներքին աշխարհում բոլոր տեսակի փոփոխությունները կապված են նյարդային կամ հոգեկան համակարգերի խանգարման  հետ: Նույնիսկ մանկական դիսպանսերը, որտեղ աշխատում էի, կոչվում էր նյարդահոգեբուժական դիսպանսեր:

Արդի դարաշրջանում հոգեբուժությունում լայն տարածում է գտել, այսպես կոչված, փսիխոսոմատիկ ուղղությունը, համաձայն որի, մարմնական խանգարումները կարող են ուղեկցվել հոգեկան խանգարումներով, իսկ  հոգեկան խանգարումները, հակառակը, մարմնական խանգարումներով: Այլ կերպ ասած, դրանք հոգեծին ծագում ունեցող խանգարումներ են, որոնք արտահայտվում են հիմնականում մարմնական ախտանիշներով`ցավային զգացողություններով որովայնի, կրծքավանդակի շրջանում: Հիվանդները գանգատվում են շնչահեղձությունից, սրտի շրջանում` տհաճ զգացողություններից, միզասեռական, աղեստամոքսային տրակտին բնորոշ խնդիրներից: Նրանք բազում հետազոտությունների էին ենթարկվում, որոնք կա՛մ ոչինչ ցույց չէին տալիս, կա՛մ չէին համապատասխանում ներկայացված ախտանիշներին: Այս խանգարումներին բնորոշ են երկար ժամանակ գոյություն ունեցող մարմնական գանգատները, որոնց «իրական լինելը» ապացուցելու համար հիվանդները բազմիցս ենթարկվում են տարատեսակ հետազոտությունների, բազմիցս  ապարդյուն այցելում տարբեր մասնագետների, նույնիսկ հաճախակի են ինքնաբուժության դեպքերը: Կարելի է ասել, որ այս խանգարումները բավականին տարածված են հատկապես առողջապահության առաջնային օղակում: Հանդիպում են, օրինակ, ատիպիկ կամ դիմակավորված դեպրեսիաներ, երբ որեւէ բան չի վկայում տրամադրության, հետաքրքրությունների կորստի, անգեդոնիայի, հյուծվածության, էներգիայի պակասի կամ թուլության մասին: Հիվանդը գանգատվում է ճնշման տատանումից, կայուն գլխացավից, որի իսկական պատճառը կարող է լինել դեպրեսիան:

 Ներկայումս  հոգեբուժությունը զբաղվում է այնպիսի վիճակներով, որոնք յուրաքանչյուրի կյանքում կարող են հանդիպել տարբեր ապրումների ձեւով: Դա կարող է դրսեւորվել վախի, տագնապի, ընդհանուր թուլության, գլխացավերի, դեպրեսիվության, տրամադրության անկման, ինչպես նաեւ քնի խանգարումների ձեւով եւ այլն: 

-Ընտրել եք անչափ ռիսկային եւ պատասխանատու մասնագիտություն, այդ հարցում Ձեզ խորհուրդ տվողներ, ուղղորդողներ եղե՞լ են:

-Երբ ավարտում էինք բուհը, իմ ընկերուհիներից շատերը ցանկանում էին նեղ մասնագիտանալ ԼՕՌ ոլորտում, ու ես էլ որոշեցի միանալ նրանց: Բայց պարզվեց, որ մեր նախընտրած մասնագիտացում կարող են ընտրել միայն շրջաններից եկածները: Ինձ ասացին, որ միայն մեկ տեղ է մնացել՝ հոգեբույժի, համաձայնվեցի: Այդ ժամանակ հիշեցի, որ, երբ դեռ բավականին փոքր էի, մի դեպքից հետո ցանկություն էի հայտնել հոգեբույժ դառնալ: Կարող եմ ասել՝ ոչ մի րոպե չեմ զղջացել, որովհետեւ սիրում եմ իմ մասնագիտությունը:

-Բայց բավականին դժվար է մանավանդ ձեր ոլորտը:

-Հեշտ ոլորտ չկա… Ես, օրինակ, երբեք չէի դառնա վիրաբույժ. այնտեղ ձեռքի վայրկենական թրթիռը, աչք թարթելը, անտրամադիր լինելը կարող է ցավալի ավարտ ունենալ հիվանդի համար: Մեր մասնագիտության դեպքում էլ նրբություններ կան: Կարելի է ասել, որ մեր հետազոտման «գործիքները» մեծ մասամբ տեսողությունն ու լսողությունն են, ինչու չէ, նաեւ ինտուիցիան: Երբեմն  թվում է, թե քայլում ես մութ, խճճված ճանապարհով, միայն փոքրիկ լապտեր ունես եւ պիտի ճիշտ ուղղությունը գտնես: Իհարկե, լավ գիտակցում ես՝ պացիենտն ինչ խնդիր ունի, բայց այնպես պիտի անես, որ իր «խնդրի պատճառով» ոչ թե  ծանրություն, այլ, ընդհակառակը, հույս եւ թեթեւություն զգա: Այդ առումով ճիշտ, վստահելի փոխհարաբերություններ կառուցելը հաջողության գրավականներից մեկն է:

-Ձեր առաջին պացիենտին հիշո՞ւմ եք:

-Մի քիչ դժվար հարց է: Բայց կարող եմ հստակ ասել, որ առաջինի կամ վերջինի դեպքում ոչինչ չի փոխվել. միշտ եղել է կարեկցանք, ցավ, օգնելու ցանկություն: Լյարդի, լեղապարկի կամ այլ խնդրի ժամանակ առաջնայինը մարդու էմոցիոնալ ոլորտը չէ, իսկ մեր հիվանդների մոտ առաջնայինը հենց դա է: Մարդիկ գալիս են արդեն բարդույթավորված միայն այն բանից, որ այցելել են հոգեբույժի, ինչը նշանակում է՝ իրենց մոտ մի բան այն չէ: Նրանք նաեւ մտածում են, որ իրենց նման մեկը չկա աշխարհում, ոչ մեկն իրենց չի հասկանա, բոլորը «թարս կնայեն», իրենք այս կյանքում ապագա չունեն, ամուսնանալու, ընտանիք կազմելու, երեխա ունենալու հնարավորություն չունեն, որ... Այ, այսպիսի բեռով են գալիս, ու, եթե դու էլ իրենց փաթաթում ես քո կարծիքը, որ նրա հետ լավ բան չի լինելու, որ ապագա չունի, դա արդեն դառնում է դատավճիռ: Բժշկի ասածը կարեւորվում է, եւ նա պիտի մոտիվացնի հիվանդին, վարվի այնպես, որ վերջինս իր մոտից դուրս գա հույսի, ջերմության, ներգրավվածության փաթեթը ձեռքին… Նա պետք է համոզված լինի, որ թունելի վերջում լույս կա:

-2019 թվականին «Ազատամարտիկ» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից պարգեւատրվել եք «Ազատամարտիկ» մեդալով: Համոզված եմ, որ վերջին պատերազմի ժամանակ էլ մեծ օգնություն եք ցուցաբերել մեր զինվորներին, սպաներին:

-Մեր բաժանմունքը պատերազմի հետեւանքով շուրջ 140 զինվորի ու բարձրաստիճան սպայի է ընդունել, ամբողջ անձնակազմն է անձնուրաց աշխատել: Դեպքերը շատ էին, ծանր, եւ ամեն մի զինվորի, սպայի հետ գնացել ենք պատերազմ, ետ եկել... Տեսել ենք առաջնագծից եկած սարսափելի գունատ զինվորի, նրա ծնողների, հարազատների արցունքոտ աչքեր, մեզ ուղղված, օգնություն փնտրող հուսահատ հայացքներ, եւ, որքան էլ դժվար լինի, «հավաքել ենք» մեզ ու արել ամեն ինչ զինվորին բուժելու համար: Եվ կարծես զինվորը նորից  ծնվում է, վերականգնվում են դեմքի հանգստությունը, աչքերի պարզությունը, գեղեցկությունը, ժպիտը… Հիվանդ կար, որ ամիսներով չէր խոսել, սենյակից դուրս չէր եկել, ներս էիր մտնում, թաքնվում էր մահճակալի կամ վերմակի տակ, ոչ մեկին չէր ճանաչում, ոչ մեկի հետ չէր ուզում խոսել, միայն ժեստերով էր ուզում ինչ-որ բան բացատրել: Ու հանկարծ մի քանի ամիս անց մտնում է աշխատասենյակդ, եւ չես ճանաչում նրան, չես հասկանում, որ այն նույն տասնութ տարեկան տղան է: Դա անպատմելի նվեր է, աննկարագրելի զգացողություն, որը ոչ մի այլ զգացողության հետ չի համեմատվի:

-Ընդունված ավանդույթ է, որ երեխաներն ընտրում են ծնողների ուղին, ձեր դեպքում ինչպե՞ս է:

-Իմ երեխաներն ընտրեցին ոչ թե իմ, այլ հոր ճանապարհը: Ընդհանրապես հակված չեմ այն մտքին, որ երեխաները պարտադիր կրկնեն ծնողների ուղին, թող ընտրեն այն, ինչը հոգեհարազատ է, բայց իրենց գործն անեն գերազանց: Ես ուսանողներիս էլ եմ ասում՝ կապ չունի, թե ինչ ես անում, եթե դու դա լավ ես անում, սկզբնական շրջանում գործերդ «վատ կգնան», եթե շատ լավ ես անում, գործերդ էլի «վատ են գնալու», բայց որոշ ժամանակ անց փորձառություն ձեռք կբերես, որից հետո էլ՝ հեղինակություն: Ամենակարեւորը համբերատար դեպի նպատակ շարժվելն է: Ինքնաթիռը, օրինակ, պտտվում է նույն տեղում, պտտվում եւ «չի շտապում»,  իսկ դու, նստած այդտեղ, անհամբեր ես, ուզում ես հասնել այլ երկիր, նյարդերդ քայքայվում են: Բայց ինքնաթիռը ռեզերվ է հավաքում, իսկ երբ թռավ, իջեցնող չկա: Մտածում եմ, որ յուրաքանչյուր մասնագետ պիտի իր գործը լավ անի ու շուտ չսպասի արդյունքին, պիտի սերմը գցի, ջրի, պարարտացնի, ու սերմը ժամանակին «պտուղ կտա»:  

-Ի՞նչ կասեք երիտասարդների մասին:   

-Երկու տեղ դասավանդում եմ ու կարող եմ ասել, որ շատ լավ, խելացի երիտասարդներ կան, նրանց մտածելակերպը, էրուդիցիան, իրազեկությունը, պատասխանատվությունը, վերաբերմունքը  ուրիշ են: Շատ սիրում, հիանում եմ նրանցով ու, անկեղծ ասած, սովորում շատ բաներ: Եթե չես սովորում դիմացինից (դա երկու՝ իրար հետ փոխանցվող անոթների մասին ֆիզիկայի օրենքի նման է), չես վերցնում նրանից լավագույնը, կարող ես, մի քիչ կոպիտ կարող է հնչել, «ճահճանալ»: Եվ կապ չունի՝ դիմացինդ տարիքով փոքր է, թե մեծ: Իսկ այդ երիտասարդներն այս գիտատեխնիկական դարում մեզանից ավելի շատ բան գիտեն: Իհարկե, փորձառությունը շատ կարեւոր է: Այսպես ասած, «բանալին» քո ձեռքում է, բայց դուռ բացելու շատ լավ ձեւերն իրենք էլ կարող են հուշել: Մի խոսքով՝ պիտի պատրաստ լինես փոխփորձառության:

-Ո՞ւմ եք համարում ձեր ուսուցիչը:

-Իմ կյանքի տարբեր հատվածներում եղել են տարբեր ուսուցիչներ, ինձ հարազատ մարդիկ, ովքեր ինձ սովորեցրել են երբեք չհանձնվել, հաղթահարել ճանապահին հանդիպող խոչընդոտները, անընդհատ առաջ ընթանալ, չբավարարվել եղածով, ձգտել ավելիին: Եվ ես երախտապարտ եմ բոլորին:  

-Որպես վերջաբան ի՞նչ կմաղթեք, կհորդորեք հասարակությանը:

-Սիրե՛ք ու եղե՛ք սիրված, դրականը տարածեք ձեր շուրջը. այն բացում է մթնոլորտը, պոզիտիվը, բարին արարեք: Մի անգամ մեկն ասաց՝ չարն ավելացել է աշխարհում, որովհետեւ բարի մարդիկ բարին չեն գործում: Ես չեմ խոսում փափկամարմնության, գերբարության մասին (այն հիմարության հավասար է), այլ ասում եմ՝ եթե ունես ընտրության երկու տարբերակ, ընտրիր դրականը, որովհետեւ այն դուռ է, եւ դու չգիտես՝ որտեղ է այն բացվելու: Բայց հաստատ բացվելու է: Ու դրանով իսկ քեզ է հետ գալու քո արածը: Մի շատ հետաքրքիր ու կարեւոր օրենք կա, որը գործում է աշխարհում ու տիեզերքում, դա «Ինչ ցանես, այն էլ կհնձես» օրենքն է, ու նաեւ՝ «Ամեն ինչը բումերանգ է»: Երբեմն մարդիկ ասում են. «Այսքան բան արեցի, ինձ ինչ եկա՞վ որ»: Բայց դու ի՞նչ գիտես, որ, եթե չանեիր, քեզ էդքանը կգա՞ր: Հենց զգացիր, որ թուլանում ես, քեզ հավաքիր ու ասա՝ մի րոպե, ուրեմն հնձելու ժամանակն է: Ու շարունակիր բարին գործել:        

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր