Լուսինե Աղաբաբյան Featured

(0 votes)

Ուշադրությու՛ն. ինչու և ինչպես է առաջանում հեստացիոն /հղիության/ դիաբետը

Շաքարային դիաբետի մասին այնքան է խոսվել, որ անգամ տպավորություն է, թե մենք բոլորս տեղեկացված ենք և գրեթե ամեն բան գիտենք դիաբետի մասին: Սակայն որքան էլ այս հիվանդությունը «ծանոթ» կամ «պարզ» թվա, այնուամենայնիվ, այն ունի այնպիսի շերտեր, որոնք ոչ բոլորին են հայտնի, մինչդեռ հավելյալ գիտելիքները դեռ ոչ ոքի չեն խանգարել:

Այս հիվանդության տեսակներից մեկի՝ հղիների /հեստացիոն/ դիաբետի մասին http://bestgroup.am/ զրուցեց  էնդոկրինոլոգ Լուսինե Աղաբաբյանի հետ:

- Բժշկուհի՛, նշեք, խնդրեմ, թե որոնք են շաքարային դիաբետի տեսակները, և ի՛նչ է հեստացիոն դիաբետը:

- Շաքարային դիաբետն արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացումն է, որը իր հերթին առաջացնում է մի շարք բարդություններ: Այս հիվանդության հիմնական ձևերն են առաջին տիպը, երկրորդ տիպը և հեստացիոն դիաբետը:

Առաջին տիպն այն դիաբետի տեսակն է, որի ժամանակ առհասարակ ինսուլին չի արտադրվում ենթաստամոքսային գեղձի կողմից, այսինքն՝ առկա է բացարձակ անբավարարություն։ Հիմնականում այս տեսակը հանդիպում է երեխաների, դեռահասների մոտ։ Երկրորդ տիպը հարաբերական անբավարարությունն է, երբ ինսուլին արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կողմից, և կարող է նույնիսկ ավել արտադրվել, քան օրգանիզմը պահանջում է, սակայն պերիֆերիկ հյուսվածքները զգայուն չեն այդ ինսուլինի հանդեպ, այդ իսկ պատճառով կարող է առաջանալ ինսուլինի հարաբերական անբավարարություն և շաքարային դիաբետ:

Այս պահի դրությամբ աշխարհում կա շաքարային դիաբետով մոտ 425 մլն գրանցված հիվանդ։ Համարվում է, որ ամեն երկրորդը ախտորոշված չէ, այսինքն՝ իրական թիվը կարող է կրկնակի ավել լինել:

-Այս տվյալը ներառու՞մ է նշված երեք տեսակները:

-Այո: Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետի մոտ 90 տոկոսը կազմում է երկրորդ տիպը: Ըստ ԱՀԿ-ի՝ մեծահասակներից 10-ից մեկը ունի շաքարային դիաբետ, երկու մեծահասակներից մեկն էլ ոչ ախտորոշված  դիաբետիկ է, այսինքն՝ 200 միլիոնից ավելին ոչ դիագնոզված, լատենտ, թաքնված դիաբետ ունեցողներ են:

-Ինչու՞ և ինչպե՞ս է առաջանում հեստացիոն դիաբետը:

-Հեստացիոն դիաբետն առաջանում է այն կնոջ մոտ, որը մինչև հղիությունը չի ունեցել դիաբետ, հղիության ընթացքում է հայտնաբերվում, և հղիության ավարտից հետո մեծամասնության մոտ վերանում է: Որոշակի քանակի մոտ դիաբետը կարող է «շարունակվել» որպես երկրորդ տիպի դիաբետ:

Հեստացիոն դիաբետը կարող է բարդություններ առաջացնել ոչ միայն մոր, այլև՝ պտղի համար։

Ըստ IDF-ի տվյալների՝ մոտ 21 միլիոն կանայք ունեն հիպերգլիկեմիա հղիության ընթացքում, այսինքն՝ գլյուկոզայի բարձր ցուցանիշ:

-Իսկ կա՞ն ռիսկի գործոններ, թե հատկապես ո՛ր կանայք կարող են ունենալ հեստացիոն դիաբետ:

-Այո։ Ռիսկի գործոններից են 30 տարեկանից մեծ ծննդկանը, ժառանգականությունը։ Ռիսկի գործոն են համարվում նաև բազմապտուղ հղիությունը, ճարպակալումը և հավելյալ քաշը, նախորդ հղիության ժամանակ մեծ պտուղ ունենալը՝ 4.5 կգ և ավելի, ձվարանների պոլիկիստոզը անամնեզում։ Հեստացիոն դիաբետի առաջացմանը կարող է նպաստել նաև որոշակի պրեպարատների օգտագործումը, որոնք կարող են բարձրացնել գլյուկոզայի մակարդակը արյան մեջ՝ փսիխոտրոպ, հորմոնալ դեղամիջոցներ և այլն։ Այսպիսով՝ ռիսկի գործոններից գոնե երկուսն ունենալու դեպքում մենք արդեն ուշադրության կենտրոնում ենք պահում հղիին ամբողջ հղիության ընթացքում, որը թույլ է տալիս եթե ոչ կանխել, ապա գոնե ժամանակին հայտնաբերել և հետագայում խուսափել բարդություններից և՛ երեխայի, և՛ ծննդկանի համար:

Եթե գլյուկոզայի նորման արյան մեջ 3.5-5.5 մմոլ/լ է, ապա հղիների համար ամենաբարձր ցուցանիշը, որը թույլատրելի է քաղցած ժամանակ, 5.1 մմոլ/լ է։ Գլյուկոզայի մակարդակի բարձր լինելու դեպքում կատարվում են հավելյալ հետազոտություններ:

-Ի՞նչ հետազոտություն է արվում:

-Ամենակարևոր հետազոտությունը քաղցած ժամանակ գլյուկոզայի ստուգումն է, և անգամ եթե այն նորմայի սահմաններում է, բայց առկա են ռիսկի գործոններ, ըստ միջազգային ուղեցույցի՝ հղիության 24-28 շաբաթականում կատարվում է գլյուկոզոտոլերանտ թեստ, որի արդյունքից կախված՝ կարող ենք հայտնաբերել կամ ժխտել հեստացիոն դիաբետի առկայությունը։

Իհարկե, եթե անհրաժեշտությունը կա, ապա այս դեպքերում նաև առաջին եռամսյակում ենք թեստն անցկացնում:

-Դիաբետ ունեցող կինը կարո՞ղ է առողջ երեխա ունենալ:

-Այո, անկասկած։ Ժամանակին հայտնաբերել և բուժելը առողջ երեխա ունենալու գրավականն է:

-Իսկ ինչպե՞ս է բուժվում հեստացիոն դիաբետը:

-Հեստացիոն դիաբետը բուժելու համար առաջին հերթին պետք է սննդակարգին հետևել, ֆիզիկական համապատասպան ակտիվություն ունենալ, եթե կարիք է լինում, ժամանակավոր կատարվում է ինսուլինոթերապիա, որը հղիության ավարտից հետո դադարեցվում է, քանի որ գլյուկոզան կարգավորվում է։  Բայց կա դեպքերի որոշ տոկոս, երբ դիաբետը չի նահանջում հղիության ավարտից հետո և վերափոխվում է երկրորդ տիպի դիաբետի։

Ի դեպ՝ երկրորդ հղիության ժամանակ նույնպես հեստացիոն դիաբետ ունենալու ռիսկը արդեն ավելանում է մոտ 40 տոկոսով, երրորդ հղիության ժամանակ՝ 60 տոկոսով։ Հղիության ավարտից 5-10 տարի հետո կանանց մոտավորապես 30 տոկոսի մոտ, ըստ միջազգային տվյալների, կարող է հայտնաբերվել երկրորդ տիպի շաքարային դիաբետ: Հիմնականում նրանք հավելյալ քաշ կամ ճարպակալում ունեցող կանայք են, որովհետև ճարպակալման հիմքում ինսուլինոռեզիստենտականությունն է, որը բերում է ինսուլինի ցածր որակի և հետագայում՝ դիաբետի առաջացման:

Հետևելով ոսկե կանոնին, այն է՝ ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել՝ զրույցի ավարտին տիկին Աղաբաբյանը բոլորին խորհուրդ տվեց հետևել առողջությանը և ժամանակին դիմել բժշկի:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր