ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆ

(0 votes)

                             Ուղիղ եւ առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է

Մենք  այսօր անընդմեջ պայքարի մեջ ենք շրջակա արհավիրքների հետ եւ հաճախ մոռանում ենք ամենակարեւորի` սեփական առողջության մասին։ Սակայն ինչ-որ պահի մեր օրգանիզմը սկսում է «ըմբոստանալ» նման անխնա վերաբերմունքից, օգնության կարիք ենք ունենում ու ստիպված դիմում ենք համապատասխան մասնագետի: Առողջության վերականգնումը պահանջում է նախ գտնել հիվանդության պատճառը,  ճշտել, թե որ ուղղություններով է այն ազդել, ինչպիսի վնասներ է հասցրել օրգանիզմին, եւ միայն դրանից հետո մշակել բուժման այնպիսի ծրագիր, որը թույլ կտա առանց վնաս հասցնելու առավելագույն օգուտ ստանալ: Չէ՞ որ բժշկության հիմնական կարգախոսն է` չվնասել:http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է  վնասվածքաբան-օրթոպեդ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարի ախտաբանության ծառայության ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՄՈՄՋՅԱՆԸ: Բժիշկն ունի երկար տարիների մասնագիտական փորձ, խղճի թելադրանքով առաջնորդվելու բարձր ու կարևոր հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Հոյակապ մարդ, որի շնորհիվ բազմաթիվ մարդկային կյանքեր են փրկվել, եւ որի դերն անգնահատելի է բժշկության զարգացման մեջ:

-Ի՞նչ է հեմանգիոման։

-Հեմանգիոման բավական հաճախ հանդիպող բարորակ նորագոյացություն է, որը կազմված է լայնացած մազանոթների խիտ կուտակումներից: Դրանք նորածինների մոտ առավել հաճախ հանդիպող նորագոյացություններ են: Կարող են լինել ինչպես մաշկում, այնպես էլ՝ ներքին օրգաններում, առավել հաճախ տեղակայվում են դեմքին, գլխին եւ կրծքավանդակի վերին հատվածներում, կարող են լինել նաեւ ծայրանդամներին: Հեմանգիոման ոսկրերում, հատկապես ողերում հանդիպող, դանդաղ աճող նորագոյացություն է, կարող է աճել եւ ներգարավել ողնաշարի կանալը եւ ողնուղեղը:

-Ի՞նչ կասեք նեյրոֆիբրոմատոզի մասին:    

-Նեյրոֆիբրոմատոզը նյարդային համակարգի բնածին ձեւախախտումներից է։ Հիվանդության պատճառը որոշ գեների մուտացիաներն են։ Դրանց կեսը ծնողներից ժառանգվող մուտացիաներ են, իսկ մնացած դեպքերում առաջանում են զարգացման վաղ ժամկետներում: Դա գենետիկ ուղղվածությամբ բնածին վիճակ է, երբ որ նյարդարմատերի նյարդերի մոտ առաջանում են նեյրոհանգույցներ: Դրանք լինֆատիկ հանգույցների նման գոյացություններ են, պայմանավորված տեղակայման տեղով՝ կարող են խանգարել կամ  չխանգարել։ Այն հատկապես վտանգավոր է, երբ աճում է նյարդի վրա եւ սեղմում այն: Իսկ ամենավտանգավորը այն դեպքն է, երբ ողնաշարի կանալում է առաջանում,  ողնաշարի ներսում, ստեղծում է աճի թերություն: Նման հիվանդների մոտ երբեմն լինում են ոսկորների դեֆեկտներ, երբեմն՝ բավականին կոպիտ ողնաշարի թեքումներ, որոնք իրենց ծռման օրենքներն ունեն, այսպես ասած, ագրեսիվ են, հաճախ՝ շատ ճկուն, երբեմն, հակառակը, շատ ամուր։ Ահա այն նշանները, որոնք կարող են վկայել այդ հիվանդության առկայության մասին. վեց եւ ավելի բաց շագանակագույն մաշկային կետեր (կաթնասրճագույն կետեր), առնվազն երկու նեյրոֆիբրոմաներ, առնվազն երկու աճակալումներ աչքի ծիածանաթաղանթի վրա, ողնաշարի ոչ նորմալ զարգացում (սկոլիոզ):

-Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Բեխտերեւի հիվանդությունը:

-Բեխտերեւի հիվանդությունը համակարգային հիվանդություն է, ինչն էլ բուժման համալիր մոտեցում է ենթադրում: Այն ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որն առաջացնում է հոդերի սերտաճում եւ շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումներ (անկիլոզ), երբեմն ներգրավում է մեծ, հատկապես՝ կոնքազդրային հոդերը: Բեխտերեւի հիվանդությունը կամ անշարժացնող սպոնդիլոարթրիտը ողնաշարի հոդերի քրոնիկական բորբոքային հիվանդություն է, որ առաջացնում է հոդերի սերտաճում եւ  շարժումների աստիճանաբար զարգացող սահմանափակումներ (անկիլոզ), հենաշարժական համակարգի բավականին տարածված հիվանդություններից մեկն է, որի ժամանակ առավելապես ախտահարվում է ողնաշարը (միջողնային հոդերը), իսկ բորբոքային գործընթացը հոդային հյուսվածքների հետ միասին ախտահարում է նաեւ ջլերը, կապանները, հոդերի ձուսպաթաղանթները, ոսկրային հյուսվածքները:

-Որո՞նք են ախտանիշները:

-Վաղ ախտանիշներից են մշտական բնույթի ցավերը ողնաշարի գոտկային հատվածում, գոտկատեղից դեպի նստատեղ եւ ոտքեր ճառագայթող ցավեր, որոնք ուժեղանում են վաղ առավոտյան, կաշկանդվածություն, դժվարաշարժություն եւ ողնաշարի ցավեր (կրծքավանդակի շրջանում), ցավեր գարշապարի հատվածում:  Ողնաշարային հոդերի ախտահարման դեպքում.զգացվում է կաշկանդվածություն,  ողնաշարի ցավեր, պրոգրեսիվ կուզիկություն մինչեւ ողնաշարի վերջնական կորացում (կիֆոզ), ցավային զգացումներ եւ ողնաշարի մկանների լարվածություն, ողնաշարի սահմանափակ շարժունակություն: Վերջույթների հոդերի ախտահարման դեպքում ի հայտ են գալիս ցավեր եւ կաշկանդվածություն հոդերում (կոնքազդրային, ուսային, արմունկային, սրունքաթաթային, ծնկային, փոքր հոդերի բորբոքում եւ ուռածություն (հազվադեպ): Իսկ ահա սրբոսկրային հոդերի բորբոքման դեպքում Բեխտերեւի հիվանդությունը դրսեւորվում է նստատեղի սուր ցավերով:Կարող են լինել նաեւ հնարավոր ուղեկցող ախտանիշներ՝ սրտի ռիթմի խանգարում, սրտի մկանների բորբոքում (միոկարդիտ), աչքերի բորբոքում, երիկամների գործունեության խանգարումներ եւ երիկամային անբավարարության զարգացում: Անչափ կարեւոր է ուշադրություն դարձնել հիվանդության արդեն առաջին նախանշաններին, որպեսզի հնարավոր լինի ժամանակին սկսել բուժումը եւ կանխարգելել բարդացումների առաջացումը:

-Միջողային ճողվածքների մասին ի՞նչ կասեք:

-Դա նյարդաթելին դիպչող ճողվածքն է, որը սեղմելով նյարդաթելերը՝ սկզբնական փուլում առաջացնում է ցավ, այնուհետեւ` թմրածություն եւ թուլություն։ Միջողնային սկավառակի ճողվածքի առաջացման պատճառ կարող են դառնալ նաեւ ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխությունները, ողնաշարի վնասվածքը, չափից ավելի շատ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը կամ տարիքային փոփոխությունները:Դրանք սկավառակի ճողվածքներ են, որոնց դեպքում թուլանում է արտաքին օղը, որը ֆիբրոզ թելավոր ամուր գոյացություն է, բայց որոշ թույլ տեղեր ունի, փոփոխության ենթարկման ժամանակ սկավառակի միջից դուրս է գալիս դոնդողային մասը՝ հիմնականում սեղմելով նյարդին եւ առաջացնելով ցավեր: Բուժումը ութսուն տոկոս դեպքերում կոնսերվատիվ է, դեղորայքային, մոտավորապես քսան տոկոսի դեպքում է վիրահատության կարիք զգացվում: Կախված չափից, ձեւից, տեղակայումից՝ այն իր ցուցումներն ունի, երբեմն դրա հեռացման դեպքում տեղադրվում են ամրակներ, որպեսզի չկրկնվի: Շատ քիչ դեպքերում լինում է ամրացում իմպլանտներով, որը այսօր նորարարական մեթոդ է համարվում եւ տեղադրվում է ճողվածքի հեռացումից հետո։

Ողնաշարի սպոնդիլոստեզի ժամանակ ողերից մեկը մյուս ողերի համեմատ տեղաշարժված է առաջ կամ հետ: Այս երեւույթի պատճառը ողնաշարային սյան դեգեներատիվ փոփոխություններն են, որոնք ուղեկցվում են ուժեղ ցավային համախտանիշով: Ավելի հաճախ նկատվում է գոտկային 5-րդ ողի տեղաշարժը սրբոսկրի նկատմամբ, թեեւ հիվանդությունը զարգանում է դանդաղ՝ մի քանի տարվա ընթացքում, այնուհանդերձ, կարող է առաջանալ նաեւ հանկարծակի՝ վնասվածքի դեպքում։ Արտահայտվում է ցավով, ողնաշարի համապատասխան հատվածի շարժումների սահմանափակմամբ: Դրա առաջացմանը նպաստում են ողնաշարի այլ հիվանդությունները, ֆիզիկական ծանր աշխատանքը, գիրանալը: Այն առաջացնում է ողնաշարի հոդերի բորբոքում, ինչի հետեւանքով կաշկանդվում է շարժումների ծավալը ողնաշարում, առաջ է գալիս մշտական լարվածություն, ցավի զգացում, միշտ ուղեկցվում է դեգեներատիվ փոփոխություններով: Այս հիվանդությամբ տառապողները նշում են, որ ցավը հիմնականում ուժեղանում է նստած ժամանակ կամ մի դիրքով երկար պառկելուց հետո: Ողնաշարի սպոնդիլոլիստեզի բարդացած բուժումը կատարվում է վիրահատական եղանակով: Հոդերի դեֆորմացիան ընգրկում է պարանոցային եւ գոտկային հատվածը: Պարանոցի շրջանում ախտահարումների ժամանակ հիվանդները նշում են մշտական լարվածություն եւ ցավի զգացում: Նման դեպքերում վիրահատարանում՝ ռենտգեն հսկողության տակ դեպի ախտահարված հոդագլխիկներ տեղադրվում են հատուկ էլեկտրական սարքեր, որոնց ճիշտ դիրքը որոշվում է ստիմուլյացիայի փորձով, ապա կատարվում է դեներվացիա, ինչի հետեւանքով վերանում է ցավի զգացումը: Որպես կանոն, միաժամանակ կատարվում է չորս հոդերի դեներվացիա: Հիմնական արդյունքը զգացվում առաջիկա ամիսների ընթացքում, որից հետո այն ամրապնդելու համար ցուցված են  բուժական ֆիզկուլտուրա եւ որոշ ֆիզիոթերապեւտիկ պրոցեդուրաներ: Պարանոցային հատվածում կատարվում է ողնաշարի սկավառակների հեռացում եւ փոխարինում արհեստական «քեյջով»: Այդ վիրահատությունն ունի իր հստակ ցուցումները,  ունի իր առավելությունը. պահպանվում է սկավառակի շարժունակությունը արհեստական հոդի միջոցով, կրկնման կարիք չի լինում, արագ վերականգնվում է հիվանդի շարժունակությունը, անհետանում են ցավերը, մինչեւ վերականգնվում են նյարդային վերջույթները:

-Ձեր կարծիքը ոլորտի երիտասարդ կադրերի մասին:

-Կարելի է տարանջատել երկու խումբ. երիտասարդներ, որոնք ձգտող են, պրպտող, եւ երիտասարդներ, որոնք գիտական ցածր մակարդակ ունեն: Ու, եթե առաջին խմբի երիտասարդները չբավարարվեն եղածով ու շարունակեն առաջընթաց ապրել, մեր բժշկության ապագան կգտնվի հուսալի ձեռքերում: Մենք էլ մշտապես հետեւում ենք նորարարություններին, մասնակցում կոնֆերանսների, որպեսզի տեղեկացված լինենք, փորձի փոխանակում կատարենք եւ ժամանակին համընթաց քայլենք: Ու նաեւ մեր գիտելիքներն ենք փոխանցում երիտասարդներին: Իրականում բուժման մեթոդիկան չի փոխվում, փոխվում են մոտեցման ձեւերը: Մեր աշխատանքի մեջ հիմնական սկզբունքային դրույթները նույնն են, պարզապես տեխնիկական հնարավորություններն են ավելի բարելավվել:

-Որպես վերջաբան, Ձեր մաղթանքը մեր ընթերցողներին:

-Թող մեր հասարակությունը տեղյակ լինի, որ մեր երկրում էլ հետազոտման, բուժվելու շատ հնարավորություններ կան: Ու պարտադիր չէ միայն բուժման նպատակով այցելել մեզ, թող գան նաեւ կանխարգելիչ ստուգումների: Ախտաբանական բոլոր տեսակի հիվանդությունների դեպքում մենք կարողանում ենք օգնել պացիենտին, մեր կլինիկայում ներդրված վիրահատական միջամտության ձեւերի մեջ ունենք մեր ուրույն ձեռագիրն ու մոտեցումները։ Եվ ճիշտ բուժական մեթոդներից է կախված, թե ինչպես հետագայում կզարգանա տվյալ հիվանդությունը. կշարունակի՞ արդյոք այն ավելի խորանալ, թե ժամանակին կկարողանանք կանխարգելել  ու վերադարձնել ողնաշարի առողջությունը: Ուղիղ եւ առողջ ողնաշարը մեր օրգանիզմի առողջության գրավականն է: Ամենայն բարիք, Աստված բոլորիս հետ, սիրեք ձեզ եւ ձեր մարմինը։

                                     

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր